Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ե՞րբ ես առողջանալու, Դոգվիլ-Հայաստան

  1. #1
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Ե՞րբ ես առողջանալու, Դոգվիլ-Հայաստան

    Սիրելի Ֆորում, այսօր Նորընտիր նախագահի երդմնակալության օրն է: Ի՞նչ ուղիով է գնալու մեր երկիրը, ինչպիսի՞ն է լինելու նրա ապագան...
    Չունեմ ավելի լավ մի նվեր` մեր ազգ-համայնքին մատուցելու, քան նրա առջև դնելու ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅԵԼԻ` "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին" աշխատությունը: Ինչու՞ Դոգվիլ-Հայաստան`ընթերցողը կհասկանա նայելով Լարս Ֆոն Թրիերի "ԴՈԳՎԻԼ" հանճարեղ ֆիլմը:

    Մեր երկրի վերնախավին և մտավորականությանը ժամանակին ուղարկել ենք մեր աշխատությունները...Այս աշխատությունն էլ ուղարկում ենք այս ձևով: Այո~, բոլորիս անհրաժեշտ է ինքնաճանաչում և երկրաճանաչում, սա է այս պատասխանատու ժամին մեր օգնությունը...Քանզի մեր բարեմասնությունները և ախտերը բոլորիս են պատկանում...

    Հարգելի ընթերցող, ծանր է մի հեղինակի համար` իր պաշտելի Հայրենիքը այս անգամ... "Շների երկիր" կոչել, բայց առանց ցավի անհնար է արթնանալ...





    Աշխատությունը «Դռնոյան Նալյան ընտանիք» հեղինակային խմբի հերթական
    հրապարակումն է, որը տալիս է հայկական քաղաքակրթական ճահիճի գրոտեսկային նկարագրությունը և նախանշում ելքի այն ուղիները, որոնք դեռևս անծանոթ են երկրի քաղաքական դաշտին և վերնախավին: Գրոտեսկի ձևի տակ` աշխատությունը գիտա-կրթական է և լույս է տեսնում «Համայնքի առողջության դպրոց» ծրագրի շրջանակներում:








    Հարգելի ընթերցող

    Քեզ եմ ուղղում « Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու » էսսեն։ Այս գործը գրվել է այն օրերին , երբ Հայաստանի ժողովուրդը ընտրությունների միջոցով իր համար ճանապարհ էր փնտրում։ Հարյուրավոր հավակնորդներ և ավելի քան երկու տասնյակ կուսակցություններ ասում էին

    Հայաստանին. «Մենք տեսնում ենք քո ճանապարհը, արի՛ մեզ հետ»։

    Իսկ ես՝ մեկ հատիկ հայս, ասում եմ Հայաստանին՝«Քո աչքերը կապած են, քո ականջները խուլ են, քո գիտակցությունը մթագնած է.– արթնացի՛ր, և այն ժամանակ միայն կարող ես ընտրություն կատարել … »

    Հարգելի ընթերցող, աշխատության ամեն տողը ծնվել է կենսափորձից ու սիրուց։ Եթե այն քեզ շատ կոշտ կթվա, ապա իմացի՛ր. բժիշկ–ապաքինողս լավ եմ ճանաչում իմ այս հիվանդին՝ հայ ժողովրդին. – երկրպագության հասնող սիրով ասված՝ մի քանի հատոր խոսքս նրան չի հասել, ստիպված եմ Մշո դաշտի շինականի պես՝ մի յոթհարկանի «հիշոցքով» նրա քնած էթիկան արթնացնել։

    Այսքանը՝ որպես նախաբան։ Վստահում եմ քե՛զ, ընթերցո՛ղ, բայց հոգով ծույլը թող չկարդա այս աշխատությունը։

    Լևոն Դռնոյան
    Աշխատությունը գրվել է 2007թ(փետրվար-ապրիլ)







    Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ…
    ձեր տգիտության աչքը հանելու

    Քեզ եմ ձոնում` Դոգվիլ- Հայաստան


    Եվ այսպես, ահա ես -25 տարի ստեղծագործական
    աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան
    հերկելուց հետո` ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը
    - մենա՜կ ու հալածական` պոետ աքսորյալ սեփական
    հայրենիքում` հերկի եզերքին հայրենական երգի`
    ամայացած դաժանագույն եռանդով սեփական
    նախարարների ու պետերի` հայրենի երգակիցների
    դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո
    Եղիշե Չարենց
    «Զվարթ Գիտություն» 1937, 28.03 գիշեր

    Ներկա Հայաստանի էթիկական անկման նմանությունը
    տեսա Լարս Ֆոն Թրիերի «Դոգվիլ» հանճարեղ ֆիլմում,
    և այսուհետ, Հայաստան, մինչև քո արթնացումը և
    ինքնամաքրումը՝ դու ինձ համար կմնաս որպես
    Դոգվիլ –Հայաստան
    Հեղինակ


    Եվ ահա ես էլ` աշխատավորս Հայաստան կոչվող երկրի, այդ երկրին պատած գիշերվա մեջ, տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը – 30 տարվա ճանապարհն ընտանիքիս` կաթնահոտ բարուրների հրճվանքի տարիներից մինչև մի ծանր, եղերական հոգնություն և 15 տարվա ոգորումն ընտանիքիս – հայրենի փլուզվող աշխարհում կերտելու գիտության ու կրթության բարձունք` հանուն մարդու, ազգի և պետականության առողջության –չստացած դրա դիմաց որևէ պտուղ ու քաղցրություն, այլ միայն լեղի ու դառնություն վաստակած:
    1991-ին` այն ժամանակ, երբ Հայաստան էր մտնում միջազգային բարեփոխիչը` մասնավորեցնելու մեր ամբողջական տնտեսությունը, ալգորիթմացնելու մեր գիտությունն ու մտածելակերպը, թեսթավորելու մեր կրթությունն ու գիտելիքը,– ահա այդ նույն ժամին ճակատագիրը բժիշկ-մարդաբաններիս առջև դրեց ուղիղ հակառակ մի նպատակ – ֆիզիկական մարմնի ճանաչողությունից գնալ դեպի միասնական մարդու` մարմին-հոգի-ոգի եռամիասնության ճանաչողություն, քիմիական դեղորայքից` դեպի Բնության ապաքինող արվեստը, մասի գիտությունից` դեպի Ամբողջի գիտությունը, մաս-առարկաների կրթությունից` դեպի Ամբողջի ու Կյանքի կրթությունը:


    I
    Ընտանիքով, ոգեշնչված մեր հայրենիքի անկախությամբ ու ապագայով, Ազատության հրապարակից գնացինք աշխատասենյակներ` այդ ապագան կերտելու: Մեր թիկունքին էին հայ կյանքը և մշակույթը, մեզ առաջնորդում էին մարդկության իմաստության աղբյուրները, մեզ հետ էր հավատը Հայաստանի այն ժամանակվա առաջնորդների հանդեպ:
    1991-ից արդեն աշխատանքի երեք ուղղություն վերցրեցինք.
    - Ստեղծել ազգային առողջ ապրելակերպի կրթական համակարգ, կրթել երեխային և ընտանիքը, առողջացնել հայ մանուկ սերունդը, ֆիզիկապես և մշակութապես առողջ պահել նրան: Եվ ստեղծեցինք այդ կրթության գործող մանրակերտը. կանցնեն տարիներ, 2006-ին մեր գործը կհամեմատենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ամերիկյան աղբյուրների հետ և կփաստենք, որ առնվազն տասը տարի կանխել ենք Եվրոպային և ԱՄՆ-ին և որ Հայաստանը ծանրակշիռ հարստության տեր է:

    - Ստեղծել նոր բժշկության գործող մանրակերտը, որը կսինթեզի Արևելքի և Արևմուտքի բժշկությունները, առողջարարական դպրոցները և ներկա բժշկագիտությունը, ինչը հնարավորություն կտա մի նոր, արդյունավետ առողջապահություն հիմնել Հայաստանում: Այդ մանրակերտը ստեղծվեց, այն կարող էր այսօր ներդրված լինել և երկրի անկախության հզոր գործոն դառնալ:

    - Պետականությունն էլ մարմին է ու հոգի, կարիք ունի խնամքի, օգնության, առողջաց ման, - տաս տարվա ընթացքում մշակեցինք նոր որակի պետականության ստեղծման տեսությունն ու գործելակերպը, հիմնեցինք գիտության նոր ճյուղ` պետականության էկոլոգիա և միջազգային ասպարեզ հանեցինք։

    Մենք տեր էինք դառնում մի Զվարթ Գիտության. միթե պոեզիա չէ այն գիտությունը, որն իր մեջ միաձուլում է նյութն ու ոգին, հողն ու հուրը, տեսանելին ու վերանցականը, գիտությունն ու արվեստը...

    Այս գործն անում էինք մի անվերջ միամիտ-մանկական հավատով, որ հայրենիք ունենք` իմաստուն ու անձնազոհ առաջնորդներով, Շարժման սերունդ ունենք, ադամանդյա-անբեկ մշակույթ, գյուղական ու քաղաքային առողջ համայնքներ և վերջապես` անկախ պետականություն ունենք - հազարամյա մեր իղձը: 1993-ին տեղափոխվեցինք կրթական համակարգ. հրաշալի կլինիկական դպրոց անցած բժիշկ-սրտաբաններս թողեցինք մեր սրտին սիրելի սրտաբանությունը և իջևանեցինք Երևանի ծայրամասի` կտուրը ծակ մանկապարտեզ-դպրոցում, տաս տարի ոգորեցինք ու պայքարեցինք, դատարանների դռներ գնացինք` հայ մանկան երեսը տեսնելու, նրան առողջ սնունդ և առողջ մշակույթ հասցնելու, ապագա հայ ընտանիքի հորն ու մորը` այսօրվա տղեկին ու աղջկան կրթելու համար: Եվ թե դժվարություն էր պատահում ճանապարհին` կապում էինք ժամանակի, սոցիումի, այս կամ այն մարդու հետ, բայց ոչ երբեք քեզ հետ` մեզ ծնած ու սնած ժողովուրդ:

    Եվ միշտ կարծում էինք, թե դու` հայ ժողովուրդ, մի պայծառ, անթերի, անբիծ ամբողջություն ես, որ դու անստվեր ես, և ստվեր ունեն միայն քո զավակները: Որ դու անդավաճան ես, և դավաճան կարող են լինել քո առանձին զավակները: Որ դու բարձր ես ու անեղծելի, և ընտանիքով քեզ պետք է ծառայենք: Սիրելի կնոջս` հավատարիմ զինակցիս և փայլուն բժիշկ-սրտաբանի ու առողջագետի ձեռքը բռնած` մտանք հայոց կրթության, առողջապահության ու մշակույթի դաշտ` ստեղծելու և ծառայելու համար:

    Եվ միշտ սպասում էինք, հայ ժողովուրդ, որ եթե քո այսինչ զավակը մերժեց նոր ստեղծված կյանքի ծիլը` մի օր դու կուղղես նրա սխալը: Եթե քո այսինչ զավակն էլ ապիկար եղավ և չորացրեց մեր խնամած ծաղիկը` դավաճանելով իր պարտականությանը, ապա մի օր նրան պատիժ կտաս և մեզ կմեկնես քո ձեռքը: Սպասում էինք քո ծնողական խնամքին ու անմռունչ շարունակում էինք մեր դժվարին ուղին: Մեր աշխատանքի պայմանները դառնում էին դժոխային, ընտանիքի ողջ նյութական և հոգեկան ուժերը ծախսվում էին խութերը հաղթահարելու համար, ստեղծագործական հազվադեպ ժամերին ծնվում էին նոր կրթության ու նոր բժշկության ձեռնարկներն ու ծրագրերը, առողջ պետականագիտության էջերը և վերածնության մանրակերտերը: Հայրենի նախարարությունները գրավված տեսանք օտար փորձագետների և վարկեր ու դրամաշնորհներ սպասարկող հայ պաշտոնյաների կողմից, Հայաստանում ստեղծված ոչ մի գործ ու գաղափար չէր կարողանում իր համար ճանապարհ բացել: Բայց մենք անվհատ էինք, աշխատանքի իրավունքը, Մարդու էկոլոգիայի դպրոցի կարգավիճակը, Առողջագիտության ինստիտուտի ֆիզիկական տարածքը պահում էինք խրամատ մտած զինվորների պես, իսկ երբ մեկը հարց էր հնչեցնում՝ «Իսկ ո՞վ է ձեր աշխատանքների պատվիրատուն», պատասխանում էինք. «Այո՜, մենք պատվիրատու ունենք, նա մի վսեմ ու պայծառ հոգի է, որին դուք չեք ճանաչում»։ Այդպես էինք ասում և քեզ նկատի ունեինք, հայ ժողովու՛րդ և քեզ` հայոց հայրենիք` Հայաստան:

    Եվ մի եկավ մի օր, մի ծանր ու ողբերգական օր, երբ սպառվեցին մեր ուժերը, սկսեց չորանալ մեր ընտանիքի այգին, մեր կյանքի ու գործի Մայրը` տասնհինգամյա պայքարից ու արթնությունից հետո` հոգնած ու հյուծված, այլևս չէր կարող ամեն օր նույն ճանպարհը ելնել: Իսկ վերջին պետական ապիկար պաշտոնյան փակեց այն դուռը, որով Հայաստանին փառք բերող մեր գործը դուրս պետք է գար համաեվրոպական ասպարեզ: Առաջին անգամ թերևս 15 տարում Հայաստանը` որպես գիտության երկիր, պետք է ուղղեր մեջքը և մի եվրոպական նախարարական խորհրդակցությունում ասեր. «Այն, ինչի համար հավաքվել եք՝ իմ զավակները տաս տարի առաջ են արել և ձեր փնտրածին տվել են փայլուն կրթական լուծում - ահա Հայաստանի ուղերձը, ահա տպագրված մատենաշարը, ձեռնարկ-դասագիրքը, ահա կրթական հայեցակարգ-ծրագրերը և ձեր փնտրած բանալիները»: Պաշտոնյան թույլ տվեց պետական դավաճանություն, այն վավերացված է. նա հանրային սեղանից նրբերշիկ լափելու մենաշնորհ իրավունքը գերադասեց Հայաստանի առաջնայնությունից ու փառքից: Մենք լուռ լքեցինք դավաճանության այդ նստավայրը:

    Հետևեցին տվայտանքի ամիսները. ինչու այդպես եղավ: Ինչո՞ւ դու` հայ ժողովուրդ, ինչո՞ւ դու` հայոց պետականություն, մեզ ձեռք չմեկնեցիք: Մեր աչքի առջևով անցնում է ապիկար զավակներիդ շարքը – մեկը-մեկից շահատենչ, մեկը-մեկից քինախնդիր, մեկը- մեկից անպատասխանատու: Բայց դեռ մտածում էինք` չէ՜, դու բարձր ես, հայ ժողովո'ւրդ, դու անմասնակից ես այդ դավաճանությանը: Բայց եղավ մի օր, զարմանալիորեն պարզ ու դաժան մի օր, երբ մեր մեջ ծնված կասկածը մեծացավ, բառ ու միտք ստացավ. կասկածն առ այն, որ դու` հայ ժողովուրդ, ընդամենը գումար ես ապիկարացված զավակների, որպես հավաքականություն՝ դու ես քո էության հանդեպ պետական- տիեզերական դավաճանը, որ դու մի զառամյալ ու բարոյազուրկ հոտ ես` ընկած պատմության քառուղիներին: Այս մտքից շանթահար` ձեռքս առա այն գրքերը, բանաստեղծության հատորը, որտեղ վավերացրել եմ սերս ու պաշտամունքս առ քո ծուռ ու մանկական հոգին, քո մշակույթը, որտեղ դաջել եմ հավատս քո պայծառ ապագայի նկատմամբ.- միթե ստում է այս գրականությունը: Եվ տիեզերածին պատասխանը կայծակեց սրտիս մեջ. «Դու սիրել ես քո իդեալը, աշխատավոր, ու սնվել ես քո իդեալից, որ եղել է քո խարիսխը: Կարո՞ղ ես տեսնել իրականությունը, կարո՞ղ ես ախտորոշել այս ծանր հիվանդին և ապաքինման ճանապարհ ցույց տալ նրան»: Կույրս եվ երազողս փշրվեցի այս պատասխանի ծանրությու նից:


    II
    Եվ արդ, հայ ժողովուրդ, որոշեցի սեփական անկորնչելի փորձով և կարեկից հայացքով, որպես բժիշկ-ապաքինող, ընդգրկել քո կենսական տարածքը, ախտորոշել քո ախտերը, վավերացնել քո երկհազարամյա անգիտությունը, քո անընդմեջ ինքնադավությունը, քո դավաճան տիրադավությունը, քո ստրկածին օտարապաշտությունը, քո մոլեռանդ խաչապաշտությունը, քո հուդայածին օգտապաշտությունը և վերջապես ու ամենակարևորը` քո հազարամյա եղերապաշտությունը: Այո, այո`, ճիշտ լսեցիր` քո եղերապաշտությունը, քանզի քո մեջ են քո անընդմեջ ու կրկնվող եղեռնների պատճառները:

    Մի՜ ծածկիր ականջներդ, մի՜ փախցրու աչքերդ, մի՛ սքողիր երեսդ, չես կարող խուսափել ախտորոշումից, ողբերգական հիվանդ, քանզի իրավունքը քեզանից եմ առել, քո մեծատառ Ես-ից, որի գոյությանն անտեղյակ ես: Զվարթ Գիտությամբ չեմ եկել քեզ նվաստացնելու կամ սպանելու, այլ միայն նշտարով բացելու դարավոր թարախակույտերդ, որոնց գոյությանը սովորել և կյանքիդ մասն ես դարձրել: Դիմացի՛ր, վիրավոր հոգի՛,– այն պահին, երբ անկախ պետականությունը պարգև ես ստացել,- ահա հենց այդ ժամին առավել մոտ ես ինքնաոչնչացմանը: Քեզ համար ոչ արցունք ունեմ պահած, ոչ նույնիսկ ափսոսանք և ոչ խղճահարություն.- սրանք կարող են դավել ապաքինողին և վթարել նրա գործը: Իսկ այն, ինչ ունեմ սրտիս մեջ` այսօր դեռևս չես հասկանա, քանզի զառամության պատճառով մանկացել ես և հասու չես ճշմարտության:

    Եվ ահա, ինքնաճանաչման հայելի եմ դնում քո առջև` քո տգետ ու դավաճան զավակների շարքը, որոնց պատկերների մեջ կտեսնես քո սեփական պատկերն ու քո անկումը: Եվ ով է լինելու քո անգետ զավակների մեջ այն մեկը, որն իմ ցուցակի առաջին համարի պատվին պիտի արժանանա, ով է եղել Հայաստանի Երրորդ հանրապետությունում առաջին կույրն ու տգետը, որին հանդիպել եմ: Շատ փնտրելու կարիք չկար. այդ մեկը ես էի, բերում եմ ինքնաճանաչման տառապալի աշխատանքով ծնված իմ ինքնախոստովանանքը: Եվ ասում եմ ինքս ինձ. «Դո՞ւ չէիր, որ Երկրորդ հանրապետությունը քանդելիս՝ մտքի ծայրով անգամ չէիր մտածում, թե երկիրը դրանից հետո ինչպես եք կառուցելու: Դո՞ւ չէիր, որ քո լորձոտ հայրենասիրությամբ կարծում էիր, թե հանճարաշատ ազգդ հենց այնպես` ձեռքի հետ, ազգային պետականություն է ստեղծելու: Դո՞ւ չէիր, որ գլխիդ մեջ «գոլոսների» լցրած ազատական խառնաշփոթը գաղափարախոսություն էիր համարելու: Դո՞ւ չէիր, որ Առաջին նախագահիդ միտքը, թե ինքը «ծրագիր չունի»` ընդունեցիր հիացմունքով – իբրև մեր Նախագահը ամեն ինչ կսեփականաշնորհի և նորին մեծություն Մասնավոր-Սեփականը կծաղկեցնի մեր երկիրը: Դու` ողորմելի ազգի ողորմելի մտավորական (որ Առաջին նախագահի տարեկիցն ես և այդքան տարի օդ ես շնչել ու հաց ես կերել)` չգիտեի՞ր, որ անգամ լուցկու հատիկը առանց ԾՐԱԳՐԻ չի ստեղծվում: Դո՞ւ չէիր, որ տհասի երջանկությամբ իշխանության բերեցիր ճիշտ քո նմաններին` գրագետ-մաքուր-լղոզված հայերենի ասպետներին, լեզվով աշխարհ քանդող և ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ: Դո՛ւ էիր, և քեզ հետ` հանճարաշատ ազգդ. էլ չասե՜ք, թե այսինչները եկան՝ երկիրը քանդեցին ու թալանեցին, քանզի այսինչները հենց դո՛ւ ես և դու՛ք եք,– նույն արմատից են սերում այսօրվա տերերն ու ճորտերը:

    Բայց իմ մեծագույն տգիտությունը դեռ առջևում էր: Ես այնքան տգետ եղա, հայ ժողովուրդ, որ քեզ ավելի բարձր համարեցի, քան իմ ընտանիքը, որ քո շուշփա գործող գեղջկուհուն ավելի իմաստուն տեսա, քան մարդկանց սիրտը լուսավորող թագուհի- կինս, որ քո լքյալ համայնքի մանուկների ապագան ավելի թանկ երևաց իմ աչքին, քան իմ զավակների ապագան: Եվ ընտանիքիս նյութական- ոգեկան ավյունը քո զառամ մարմնին զոհաբերեցի, և աչքերիդ մեջ – խավար ու անտարբեր աչքերիդ մեջ, մի պատասխան կայծ անգամ չտեսա:

    Եվ ես քեզ հանցակից եղա. իմ և քո դաժան եռանդով ու անտարբերությամբ մարեց մայր-կնոջ դեմքի ժպիտը, քեզ հետ հյուծեցի սիրելուս կյանքը,– այն կյանքը, որ հազարավոր երեխաների, մարդկանց կարեկցանք ու օգնություն էր պարգևել: Շատ ուշ հասկացա, հայ ժողովուրդ, որ սիրելի կնոջ երջանիկ ժպիտը քո պետականության տված տաս «Ս.Մեսրոպ Մաշտոց» շքանշանն արժե (ինչը չե՛ս էլ տվել), ուշ հասկացա, որ մեր գոյության ու երջանկության գիրը, այբուբենը կնոջ սրտի մեջ են թաքնված: Հազար ափսոս այն ցերեկ- գիշերները, երբ լքում էի սերս ու ընտանիքս` քո զառամ շնչառությունը լսելու, քո կյանքի տրոփյունը զգալու համար: Եվ ահա, ձե՛զ եմ ասում, ձե՛զ` ապագայի «հայրենասերներ», որ գալու եք՝ իբրև հայրենիքին օգնության. հայրենիքի սկիզբն ու վերջը կինն է ու մայրը - թե նրանք եղան երջանիկ, սիրված ու պտղաբեր` կծաղկի ձեր երկիրը, անբեկ կմնան ձեր սահմանները, կծաղկի ձեր լեզուն ու ոգին: Նայի՛ր, թշվառ ժողովուրդ, թե ի՜նչ օրի է այսօր կին- մայրը Հայաստանում և գուցե սկսես հասկանալ ասածս:

    Բայց իմ մեծագույն սխալը դեռ առջևում էր. ես համարում էի, որ համայնքին պետք է լույս ու գիտելիք տալ, շարժել տեղից, նոր շունչ տալ նրա կրթությանն ու առողջապահությանը, բայց չէի հարցնում ինքս ինձ` իսկ համայնքն ունի՞ քո և քո բերածի կարիքը: Եվ մինչ ես նրա դպրոցի նորոգման գումարն էի հայթայթում և մանկապարտեզի համար բանջարեղեն էի առնում` նա բաց լուսամուտներից ոռնում էր իմ անունը` զրպարտության մեջ թաթախելով այն: Չէ՜, համայնքը չէր մեղավոր, այլ ես, որ տգիտորեն` որպես մի նսեմ բռնակալ, ձգտում էի հակառակ նրա ազատ կամքի` նրան պարտադրել ապագայի սերմը: Երբ ճանաչեցի իմ տգիտությունը` հասկացա, որ Երրորդ հանրապետության ծնած բռնատերերից մեկն եմ, թող որ ոչ նյութի, այլ ոգու ասպարեզում, ուրեմն` ավելի վտանգավոր աշխարհի համար: Եվ հիմա արդեն հավաքում եմ ապագայի սերմը` ապագայի համար: Եվ դու` համայնք, որ չճանաչեցիր քեզ արված որևէ ծառայություն` ոչինչ չունես այլևս ինձանից ստանալու. քեզ թողնում եմ անցյալի ու ներկայի փոշիների մեջ և շարունակում եմ ճանապարհը:

    Եվ մի սխալ ևս, մի ծանր սխալ, որի մեջ հայտնվեցի ես և հայտնվում են այն վայ- մտավորականները, որոնք հայտնաբերում են, թե Աստված կա։ Եվ ամեն քայլ անելիս, ամեն օր ճանապարհ դուրս գալիս՝ մտածում են՝ եթե Աստված կա, ապա ամեն ինչ արդար ու ճիշտ է լինելու։ Ու չեն հասկանում այդ անգետները, և չէի հասկանում ես՝ բոլորից անգետը, որ այդ արդարն ու ճիշտը մարդն է կերտում. մարդու ճիշտ ընտրությամբ, նրա աշխատանքով ու ջանքնով է ստեղծվում առողջ կյանքը։ Քե՛զ, քե՛զ եմ ասում, Աստծո փեշից կախված հավատացյալ և քե՛զ, քարոզի'չ, որ կնոջ կյանքի նպատակը հավիտենական կյանքն ես համարում և ոչ սիրելը, սիրվելը, հղիությունը և զավակ ունենալը, և քեզ՝ յոգաների և ուսմունքների մեջ գլուխդ թաղած մտավորական, – ձեզ համար Աստված չկա, – ելե՜ք աղանդավորական խորշերից, դրսում շողում է Արևը, պատանին ու աղջիկը իրար սեր են խոստովանում, – Կյանքի կենսալի թրթիռի մեջ է Ստեղծողը։ Եվ ես՝ անգետս, ափսոսում եմ, որ տարիներ շարունակ այս կամ այն ուսմունքը, գաղափարը, գործը դարձրել էի կիրք, և ես դրանք ավելի բարձր էի գնահատում, քան սիրելի կնոջ ժպիտն ու խնդությունը,– ի՞նչ իմանայի, որ կնոջ սրտի մեջ են բոլոր ազգերի աստվածները, ուսմունքներն ու կրոնները, և ամենայն իմաստություն ցոլանում է նրա խնդության ու սիրո մեկ վայրկյանի մեջ...

    Եվ այս կենսափորձով քե՛զ եմ ասում՝ Աստծո վրա հույս դրած ազգ, որ Ստեղծողը երեսպաշտներին, ճորտերին, հաղթվողներին, խնդրողներին, ծույլերին, ոտքի տակ ընկնողներին, հառաչողներին ու դժբախտներին, եղեռն ապրածներին երբեք ավելի չի սիրում, քան գիտակիցներին, արիներին, հաղթողներին, երջանիկներին, վսեմներին,տգիտությունը մերժողներին, լուսապաշտներին, բան-ստեղծողներին։


    III

    Ահա անցնում եմ առաջ, ուզում եմ մյուս ապիկար զավակներիդ պատկերները տեսնելուց առաջ՝ գոնե մի վսեմ պատկեր հիշել և օգնություն ստանալ: Եվ Քեզ եմ հիշում, կոշտ ու ցուրտ խորշոմներդ` ուշ աշնան հերկ հիշեցնող.- սիրում եմ գեղջկական հանճարդ, սիրում եմ հայկական տիեզերքը բառ ու կերպ հագցնող լեզուդ:
    Երբ քեզ բերեցի հայոց նոր պետականության ստեղծման գիրը` Տիեզերքի և Բնության օրենքներից բխող` մի նոր մարդկային ջանքի ու ստեղծագործության իրական, պինդ, շոշափելի հեռանկարով` առար ձեռքդ ու երկար լռեցիր: Դեմքիդ ցրտահերկի մեջ սառույցներ կային, դու այլևս չէիր հավատում գեղջուկ-աստվածների գոյությանը և հայկական սֆինքսի պես լռում էիր` անտեղյակ երկրիդ ապագային և Բարձր Օրենքին: Մինչև արտաբերեցիր.«Ժողովրդի էթիկան կարող է չհերիքել» - այո՜, խորաթափանց հանճարդ մի քանի րոպեում ճանաչեց իր առջև դրած գիրը, որն առաջ էր անցել ժամանակից, և ակնթարթային էր ախտորոշումդ.«Ժողովրդի էթիկան կարող է չհերիքել»։ Եվ նորից լռեցիր, դա քո առաջին և վերջին խոսքն էր՝ ուղղված ինձ: Հեռացա և այսօր` յոթ տարիների հեռվից ասում եմ Քեզ.
    «Դո՛ւ էիր այդ ժամին ժողովրդիդ էթիկայի պատասխանատուն, Դու էիր նրա Տերը, ինչո՞ւ տիրություն չարեցիր, ինչո՞ւ ստեղծագործական միությանդ նախագահությունը չհավաքեցիր, նրա մարմրող ինտելեկտի վերջին մարխերը նոր խոսքով ու նոր գիտելիքով ինչո՞ւ չվառեցիր: Ինչո՞ւ։» Պատասխան չես տալիս, քո էթիկան բավարարեց միայն հեռացածներին իշխանության կոչելու, իբրև թե` նրանք ավելի լավ, իսկ հետնորդները ավելի վատ էին կառավարում։ Գեղջկական հանճար, ողբում եմ քո անլույս ավարտը, քո պատմական շփոթությունը. դու ինձ օգնել չես կարող, որովհետև ինքդ քեզ չօգնեցիր…

    Ահա Քեզ եմ դառնում, հայ կանացիության երգիչ, գուցե Դու ինձ օգնես այս ժամին: Փառքի ու բարձր բարոյական իշխանության գագաթին եմ տեսել Քեզ, և բարձր դիրքիդ խոնարհեցրեցի այն երկու գիրք-ձեռնարկները, որոնք դուրս էին քո ճանապարհի փորձից ու գիտելիքից և պահանջում էին նոր աշխատանք ու նոր ճանաչողություն: Ականջիս մեջ նախ հնչում է հարցդ՝ « Աստված կա՞», ապա ցանկությունդ` «Մենք սովորեինք ձեր դպրոցում…», իսկ երկու տարի անց`արդեն գանգատդ.«Ութանասունն անց եմ, հիվանդ կին եմ…»: Բայց դու հիվանդանալու իրավունք չունեիր, բանաստեղծ, Ոգին չի հիվանդանում, իսկ դու Ոգի էիր: Եվ Քեզ կոչում էի, խնդրում ու պահանջում` ճանաչել, ճանապարհ բացել նոր խոսքի ու նոր առաջնորդության համար: Բայց չարեցիր, քո էթիկան սեփական կյանքի ավարտին էր ծառայում.- ահա հնչեցնում ես բողոքի հրապարակախոսությունը, ահա ընդոստ շարժումով կողքի շինության կողմն ես շպրտում պետական պարգևդ, ահա գծում ես հպարտ ու անձնազոհ կերպարիդ վերջին նրբագծերը… Ոչ ոք Քեզ չէր ասել, և այսօր ես եմ Քեզ ասում և Քեզ հետ` Հայոց Սինկլիտին. հայ մտավորականի և հայ մարդու ավանդական բարձր հատկանիշները` հայրենասիրություն, ազգասիրություն, անձնազոհություն և այլն – արդեն ցա՛ծր են, ցա՛ծր են, շա՜տ ցածր են Հայաստանի Ուղին տեսնելու և նրան առաջնորդելու համար: Հայ մտավորականին ժամանակը կոչում է` կշտամբանքդ ուղղիր դեպի սեփական անգիտությունդ և արթնացրու քո՛ ինքնաճանաչումը և քո՛ աշխարհաճանաչումը: Հայ բանաստեղծ, Քեզ անծանոթ մնացին Բարձրագույն Էթիկան և Բարձրագույն Գիտելիքը, և Դու այս ժամին ինձ օգնել չես կարող, և ես հրաժեշտ եմ տալիս Քեզ։

  2. #2
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Ե՞րբ ես առողջանալու, Դոգվիլ-Հայաստան

    IV
    Հայացքս հածում եմ հայոց տարածքների վրա և քեզ եմ տեսնում, հայ գյուղացի՛ և քեզ` հայ գյուղական համա՛յնք. Ժամանակին տեսել եմ ծանր ու գեղեցիկ գովնդներիդ շրջանը` տղամարդ-կին ճկույթ մատների՝ իրար ագուցած անհուն քաղցրությամբ, խմել եմ բարբառներիդ պայթող աղբյուրներց, լսել եմ Արարչին հողին իջեցնող և պարեցնող տոհմիկ երգերդ։ Եվ տարիներ համարում էի, որ դու ես հայոց էթիկայի սնողը, և քանի դու կաս` անվթար է մեր կյանքի ակունքը։ Բայց երբ բաց աչքերով նայեցի քեզ – լսեցի նոր հարսանիքներիդ շաչյուն-ոռնոցները, ծեսերիդ անոգի նյութապաշտությունը, տեսա շահատենչ ու խորամանկ հայացքդ, ամեն շքեղ ավտոյով եկածի հանդեպ ճորտական ժպիտդ, ամեն կուսակցությունից մի բան թռցնելու գնչուական ավյունդ…. այնժամ հասկացա, որ կործանման ես գնում; Հիշու՞մ ես հարցդ, հայ գյուղացի, երբ նայեցիր վնասված ակնոցիս ու մոռացած բնածին դիվանագիտությունդ`ասացիր. «պատգամավորության թեկնածուն 300- դոլարանոց ակնոց պետք է դնի, ամեն երեկո իր մարդկանց Սևանա ափին հաց ու ջուր պետք է տա՜»: Այսպե՛ս ծորացրեցիր, ողորմելի՜ գեղջուկ, մոռացար երկրիդ տարեգրի հանդեպ հազարամյակների պատկառանքդ, գրի հանդեպ ժառանգական պաշտամունքդ և չտեսար գիրը: Իսկ ես «վնասված» ակնոցով տեսա, որ դու և համայնքդ օղու մի տիկ եք դառնում՝ ընկած պատմության խաչմերուկներին։ Մերժու՛մ եմ քեզ, հայ գյուղական համայնք, քո ծեր, հարբեցող ու ծույլ ամբոխը, որն այլևս անընդունակ է սնելու հայ կյանքն ու մշակույթը: Եվ եթե մեկ-երկու առողջ կղզյակ դեռևս ունես, Սասնո սարից և Մշո դաշտից բերած մի պտղունց էթիկա ունես՝ դա էլ միայն ապացուցում է այս ախտորոշման ճշտությունը: Քեզ թողնում եմ ընկած պատմության փոշոտ խաչմերուկին և առանց ափսոսանքի շարունակում եմ ճանապարհը։

    Քեզ եմ դառնում, հայ քաղաքային համայնք,- տաս տարի ամեն օր քեզ հետ եմ եղել – քո մի մանրակերտը` իր դպրոցով ու մանկապարտեզով, ծնողով ու երեխայով և մանավանդ՝ իր անասնակերպ զոռբաներով, եղել է աչքիս առջև: Տեսա, թե ինչպես կաթիլ առ կաթիլ կորցրեցիր Երկրորդ հանրապետությունից ստացած արժանապատվությունդ, ինչպես դատարկվեցին ընտանեկան գրադարաններդ, և գիրքը ոտքի տակ գցեցիր, լսեցի քո պատուհաններից սփռվող ծորուն ու մեղկ մեղեդիները: Իհարկե, վերջին հարյուր տարում երբեք էլ մշակութապես առողջ չես եղել. մեկ այն կայսրության լեզուն ես սերտել և նրա գորոդովոյի առջև խեղճացել, մեկ հաջորդի «պարտիականի» առջև ես դողացել, բայց թե ի՛նչ եղավ քեզ հետ այս վերջին համաշխարհային կայսրություն մտելուց հետո` վեր է անկմանդ տարեգրի երևակայությունից: Բաց սահմաններ – և դրանց մեջ առաջինը` բաց մշակութային սահմաններ. նախորդ հանրապետության թողած ապրելակերպ- մշակույթի` առանց այդ էլ ոչ առողջ կառույցը ցրիվ էր գալիս կեղծ մշակույթի – եղծ-երգի, եղծ-պարի, եղծ-հումորի, եղծ հացուջրի, եղծ-հարսանիքի, եղծ-բանաստեղծության … առջև: Աչքիս առջև ելնում է լերկ գլխով կարճամիտ այն արարածը.– քե՛զ, քե՛զ եմ ասում, ինչ-որ պետականի գեղղեկավար, որ քանի՜ տարի զբաղված ես մի ժողովրդի տոհմիկ մշակույթը նրա հոգու միջից քերելով ու դեն գցելով: Եվ ինչ ես տալիս նրան. հարբուխի արտադրության նման ծորում են քո «երգերը», փորլուծի նման պայթում, ցրվում են անիմաստ բառերը, և մշակութապես անմեղսունակ մի ամբոխ դա «արվեստ» է համարում: Մերժում եմ քեզ, քո «արվեստը», քո ողորմելի «աստղերը» և այն համայնքը, որ լսում է քեզ: Ապա ձե՛զ եմ դառնում, ձե՛զ` մեր նոր քաղաքային «հումորի» ասպետներ, որ իբրև հումոր եք ծնում, կուչ ու ձիգ եք լինում, կեղծ հղիություն ունեցող կնոջ նման չոր ցավ եք քաշում, ի վերջո տափակ ու քառակուսի ծիծաղ եք ծնում,և ինքներդ էլ ծիծաղից մեռնում եք, այո՛, մեռնում եք մեր աչքի առջև։ Ձե'զ, ձե'զ եմ ասում, «պահմտոցի»-ի խեղկատակներ, ինչպես գետինը չեք մտնում, երբ ծաղրում եք հայ հասարակ մարդկանց ... Արևմուտքներից մի լավ բան չկարողացա՞ք սովորել: Ե՞րբ եք կանգնելու հանրային դատարանի առջև` Մարդուն ծաղրելու և նսեմացնելու համար:
    Հայ քաղաքային համա՛յնք, դեգրադացվո՛ղ համայնք, զոռբաների նստավա՛յր, դու այլևս չես կարող սնել վերածնության մեր իղձը, քո էթիկան սպառված է, քո մշակույթը հիվանդ է, և ի՛նչ ցնցում կարող է քեզ արթնացնել:

    V
    Աչքերս քեզ են փնտրում, հայ մտավորական, կենդանի՞ ես, մեռա՞ծ ես, ի՞նչ ես մտածում երկրիդ համար այս ծանր ժամին:
    Եվ առաջինը քե՛զ եմ տեսնում, քե՛զ` ստեղծագործական միության չորկոկորդ նախագահ, որ բառերը մի քիչ հղկում ես, իրար վրա դարսում, աստիճանիդ արժանի կույտ սարքում, - բայց անպետք է կույտդ, որովհետև ուղի չես տեսնում և հասու չես կյանքի գիտելիքին. խռպոտ բողոքում ես, դժգոհում, այս կամ այն արտաքին ու ներքին ոսոխին ակնարկում, թուրքի միրուքից մազ ես փետում, մեր կրթության վիճակից խոսելիս` Համաշխարհային բանկի անունն ես տալիս. - այստեղ կանգ եմ առնում և ասում` Համաշխարհային բանկը աչքդ է հանում. այդ երբ հավաքեցիր միությանդ նախագահությունը, հայ կրթության ու դասագրքի վիճակին ե՛րբ խորամուխ եղար, ե՛րբ ձգտեցիր հասկանալ համաշխարհային գործընթացը և քաղաքակրթական ճգնաժամը, երկրիդ ընթացքը այդ ընթացքի մեջ և ք՛ո, քո՛, քո՛ դերը այդ վճռական ժամին: Հրապարակում խոսել` ահա քո պաշտոնը, - բայց դրանից առաջ ինքդ քեզ խոսք պետք է ասես, ինքդ` քեզ և աշխարհը ճանաչես, որ գիտելիք ունենաս աշխարհին բան ասելու: Քեզ ձեռնարկ էի բերել, որ ապաքինվես անգիտությունից, բայց երբ հաջորդ անգամ ինձ տեսար` ծլկեցիր տանդ կարմիր պատի տակով, որ չհարցնեի` դասագիրքը կարդացի՞ր, հասկացա՞ր…Մերժո՛ւմ եմ քո հրապարակախոսությունը, քո ոգեկան ծուլությունն ու մտավոր թուլությունը և ասում եմ քեզ. մեծ շնորհ չէ՝ տեսնել Լույսի պակասը և փնովել խավարը, ինչն անում է բողոքի հրապարակախոսությունը, որն արդեն սպառել է իրեն. հայ կյանքին այժմ պետք է Ուղու հրապարակախոսություն, որն ստեղծելու համար հեղինակը պետք է անցնի աշխարհաճանաչման գիտական ճանապարհ, ձեռք բերի Բարձրագույն Գիտելիք, որով կարող է ուսուցչություն անել մի ժողովրդի…

    Թողնում եմ այս մեկին և ահա քե՛զ եմ դառում, քե՛զ` լայն ճակատիդ տակ և ցանցառ միրուքից վեր` միամիտ աչքերդ թառեցրած հրապարակում խոսողին: Լսում եմ գեղեցկագեղմ- մանվածապատ լեզուդ, որով խելք ու խրատ ես տալիս ամենքին, ժողովրդին, պետականությանը: Այսօր լսիր ճշմարտությունը քո մասին. Ժողովրդին խելք ու խրատ տալու համար պետք է բարձրանալ նրանից ու նրա բնազդներից, գերազանցել ամբոխին և չսնել նրա ատելության զգացումները: Ժողովրդին խրատ տվողը պետք է ունենա այնպիսի ՍԵՐ, ԳԻՏԵԼԻՔ ՈՒ ՆՊԱՏԱԿ, որով կբարձրացնի ամբոխը, ողբալի անհանդուրժողականության փոսից կհանի նրան և ազգ կդարձնի: Երբ բողոքում ես պետականությունից ու նրա կառավարիչներց` լավ ես անում, բայց հասու չես, որ պետությունդ տասնհինգ տարեկան անչափահաս է, նրան խելք սովորեցնողը նախ ինքը պետք է խելք հավաքի, պետության ստեղծման գաղտնիքներին հասնի, մեծ Օծյալների` Պլատոնի և Պյութագորասի պետականագիտական հանճարին շփվի, երկրի ու երկնքի գիտություններն իր մեջ առնի, այս ամենը իր ազգի կերտվածքի հետ ներդաշնակի, որ իրավունք ունենա նրան ու պետականությանը մի բան ասելու: Պետք է գիտենաս, որ տոհմիդ հանճարը բավական չեղավ, որ ուսուցիչ դառնայիք պետականության. ուրեմն` հոդվածն ու էսսեն քթիդ տակ` քեզ համար դնդնա և մի ավելացրու ատելության քանակը երկրում: Իսկ եթե ուզում ես պետականության նորոգման գործին իսկապես շփվել` գնա վարժարան ու նստիր կրթության, ձեռնարկները քեզ կտրվեն, իսկ ամենակարևոր ձեռնարկը կլինի ինքնաճանաչման և ինքնագնահատականի քո ճշմարիտ փորձը: Հաջողություն եմ ցանկանում քո ուշ, բայց երբեք չուշացած կրթությանը:

    Ով կա Հայաստանում հոգս քաշող, ով կա, որ քնելուց առաջ մեկ րոպե մտածում է այս երկրի մասին: Եվ դու ես ելնում աչքիս առջև, ազնվասիրտ հոգի, դու, որ նախնյաց անվան ու փառքի, ցեղի գաղտնի ավյունի ու արյան մեջ ես փնտրում փրկության բանալիները: Այո՜, կա մի միջուկ ազգի մեջ, որ անկորնչելի է, բայց այն հազարամյակներ հագել է աղտոտված հագուստներ, փոշի և մուր է նստել նրա վրա, և շնչահեղձ է արդեն: Իսկ դու ի՞նչ ես անում միջուկին հասնելու համար.– և ապա կրկնում եմ հարցս, որ տվել եմ քեզ տարիներ առաջ. ի՞նչ ես անելու պետությանդ հետ, եթե երբևէ նրա նախագահը դառնաս. ինչպիսին է լինելու ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ապրելակերպը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը …, ինչ ես հանձնարարելու նախարարներիդ: Եվ պատասխան չես ունեցել և այսօր էլ չունես: Որովհետև հայկական Հայաստանի, ազգային պետականության գաղափարը քեզ համար միայն դրոշ է, հասարակական դիրք, քաղաքական զբաղմունք, աշխարհի հանդեպ` հպարտորեն հոխորտալու միջոց, բայց ոչ երբեք գիտություն, աշխատանք, աշխարհաճանաչում… Ի~նչ համառ աշխատանք, գիտական մեթոդաբանության ի'նչ լայնություն, հետազոտական մտքի ի'նչ համբերություն, գիտակից սիրո ի'նչ բևեռացում է անհրաժեշտ` նոր որակի ազգային պետականության տեսությունը և գործելակերպը ստեղծելու համար. դու', ազնվասիրտ հոգի և քո շրջապատը, այդպիսի աշխատանքի ընդունակ չեղաք...

    Ձե՛զ, ձե՛զ եմ ասում, «ազգային» կամ «ազգայնական» բառերով պսակվածներ` մտավորական ես, կուսակցություն ես, թերթ ես, խմբակ ես… մերժում եմ ձեր ծուլությունը, անպտղությունը, աշխարհի ու տիեզերքի օրենքներին ձեր անտեղյակությունը, ձեր մեծափրփուր ալեկոծությունը, կենդանի գործ ու համակարգ ծնել-ստեղծելու ձեր անկարողությունը և ի հետևանք այս ամենի` ամենայն ուժեղի, միջազգայինի, վերազգայինի, ապազգայինի հանդեպ ձեր խեղճ ու ծախու խոնարհությունը: Եթե երբևէ իշխանություն էլ եք ստանում, ո՜վ «ազգայիններ», ծռած շլինքներով միջազգային «չափանիշների» դեմ եք կանգնում, ուշադրություն ու վարկ ակնկալում, ձեր «ազգային» ծագումն ու անձը մոռանում: Քե՛զ, քե՛զ եմ ասում, հարթաճակատ իշխանավոր. մեր ինչը՞, ո՞ր ոլորտը պետք է ազգային լինի, ի՞նչ ես գրել օրենքիդ մեջ և ինչո՞վ ես զբաղված հիմա... Մերժում եմ ձեզ ու ասում, որ այսօր Հայաստանի քաղաքական տարածքում չկա մի այնպիսի «ազգային» ուժ, որ կարող է այդ բառը հանել չակերտների միջից և Հայաստանը առաջնորդել հիրավի Ազգային և Տիեզերական օրենքներով: Մերժում եմ ձեր անգիտությունը և փակում ինքնախաբեության ձեր ճանապարհները:

    VI
    Ով կա Հայաստանում ճշմարտությունը հնչեցնող, ումից լուր առնենք Կյանքի մասին, Ապագայի մասին… Եվ ահա խլրտալով, իրար հրմշտելով ասպարեզ են ելնում մեր թանկագին ԶԼՄ-ները, ու ամեն մեկը ձեռքին մի ցուցանակ ունի`«անկախ-ազատ լրատվամիջոց», որով թզի տերևի նման ծածկում են իրենց տերերի անունները: Այս միջազգային բառակապակցությունը` «ազատ, անկախ…», հնչում է եվրոպաներից, ամերիկաներից, միջազգային ատյաններից և հասնում է մեզ՝ որպես բարձր արժեք և անհասանելի իղձ: Իսկ հիմա լսե՛ք. ձե՛զ եմ ասում՝ քաղաքական գործիչներ, ձե՛զ` կուսակցություններ, ձե՛զ՝ լրատվամիջոցների ղեկավարներ և քե՛զ` ականջներդ կախ «Ժողովրդավարական» ամբոխ.- «ազատ, անկախ լրատվամիջոց» բառակապակցությունը ինչ-որ ժամանակ մի չար հանճար հղացել է մեր նման ապուշների համար. հետազոտե~ք, թե ովքեր են ձեր իմացած «ազատ մեդիա-գիգանտների տերերը կամ ովքեր են կանգնած շատերի թիկունքին, ի'նչ և ինչպե'ս են ասում նրանք, ինչպե'ս են մշակում ձեր գորշ ուղեղանյութի բջիջները և գուցե հասկանաք, որ նրանք ներկա համաշխարհային կարգի պահապան շներն են – դրսից` բազմակարծ, հանդուրժող, լոյալ, բաց, թափանցիկ, իսկ ներսից` փառատենչ, նյութատենչ, անհանդուրժող, ագրեսիվ, ագահ, ինչպես իրենց ծնած համաշխարհային կարգը։ Քե՛զ, քե՛զ եմ ասում, հայ լրագրության ճաշակի օրենսդիր,- մեծատիրաժ, սիրված, ուղղախոս, բոլորին ամբիոն տրամադրող, որ մեկ-մեկ էլ հոդված ես տպագրում աշխարհի ամենահին մասնագիտության մասին. մի լավ քեզ նայի'ր և տե՛ս,թե տարիների մեջ ինչպե'ս ես նրբորեն վաճառվել: Եվ լավ իմացիր ամենակարևորը. որևէ լրատվամիջոց կամ լրատվություն չեն կարող երկրին ու ազգին լուր տալ նրա ապագայի և ելքի ուղիների մասին։ Հոծ լրատվությունը – աղետների, պատերազմների, ահաբեկչությունների, մահերի, սկանդալների մասին` թմրամոլություն է ծնում, լուրը դառնում է թմրանյութ, միլիոնավոր մարդիկ խմում են այդ մահացու կոկտեյլը և դա «խոսքի ազատություն» են կոչում: «Խոսքի ազատության» մունետիկ, արհամարում եմ քո էջերի անպտուղ բազմակարծությունը, որովհետև այնտեղ չեմ գտնում ոչ մի լուր ապագայից, ոչ մի ելք երկրի համար, ոչ մի պայծառ գիտելիք, ոչ մի ճշմարտություն, այլ միայն ճշմարտանման նյութերի ճահիճ` նախատեսված ամբոխի համար:

    Բայց ահա լսում եմ ձայնդ, հայ ազատական լրատվության տաղանդավոր ու սրամիտ որդի. թե ճիշտ չէ՞ արածդ, երբ ամեն օր տեսնում ես հայ կյանքը պատած խավարը. և ի՜նչ հպարտ ու գոռոզ ես քո ճշգրիտ հարվածներով, երբ ամեն անգամ քեզ թվում է, թե ցրեցիր խավարը և լուսավորեցիր մեր դժբախտ կյանքը: Այստեղ կասեցնում եմ ազատական եռանդդ ու հարցնում` այդ որտեղի՞ց ես բերել մոմերը, այդ ի՞նչ նյութից են սարքված, որտեղի՞ց ես առել լուցկին… Մոմերն Արևմուտքի՞ց ես բերել. բայց գիտես, որ ճոխ հացուջրի, կարգուկանոնի, օրենքի ու օրինականության փայլուն ծածկի տակ դեգրադացվում է արևմտյան քաղաքակրթությունը, սպառվում է էթիկան և չորանում են մշակույթի աղբյուրները: Չէ՜, այս գիտելիքի աղբյուրները քեզ չեմ ասի, ճակատի քրտինքով ու տառապանքով պետք է գտնես դրանք, եթե օգտապաշտությունդ երբև քեզ թույլ տա դա անել: Երբ կարևորում ես մեկ մարդու վսեմ դերը` ճիշտ ես անում, բայց ազատական մտավորականիդ վազքը մինչև նյութական ու լերկ երկոտանին է – նրա «իրավունքները», «խոսքի ազատությունը»… «ժողովրդավարությունը» և այլն: Բայց հասու չես, թե ո՛վ է տիեզերածին մարդը, ի'նչ ծագում ունի, որ'ն է նրա կյանքի նպատակը, որ'ն է մարդկության ուղին, ի'նչ ճգնաժամ է պատել նրան, ինչպիսի'ն պիտի լինեն ՄԱՐԴՈՒ կրթությունը, առողջապահությունը, ապրելակերպը…, որպեսզի պետությունդ կառուցես այս բարձր գիտելիքի հիմքի վրա: Այս գիտելիքից անտեղյակ ես, և ինչքան անտեղյակ` նույնքան էլ ամբարտավան ու ինքնագոհ ես դու: Մերժում եմ քո խիստ հասկանալի արևմտասիրությունը, քո ճշմարտանման «Ճշմարտությունը», քո սաղրիկ իմաստասիրությունը և մանավանդ՝ քո հիշողության ողբերգական «կորուստը», որ մոռացել ես հոգևոր հայրերիդ անծրագիր- քանդիչ կենսագրությունը:

    Ձե՛զ, ձե՛զ եմ ասում, զանգվածային լրատավության միջոցներ, մանավանդ ձեզ՝ հայրենի հեռուստատեսություններ,– դուք անտեղյակ եք ազգային մշակույթի միջուկին ու նրա կրողների գոյությանը կամ ձևանում եք,թե անտեղյակ եք – և ասացեք՝ քանի մեծատուն պաշտոնյա պետք է մեռնի, որ սգո օրերին հասու լինենք, թե մշակույթ ունենք, սիրտ ու զգացմունք, կյանք ու արև ունենք։ Մնացյալ օրերին դուք թանձր ու սև քողով փակում եք արևի երեսը, որ չլինի, թե մի օր ինքներս մեզ ու մեր արվեստը տեսնենք։ Երբ կլինի՝ նշանավոր մեռելներ թաղող հեռուստատեսություններ, որ ձեր էկրաններից հորդի հայ մշակույթը, զվարթությամբ ու հանդիսավորությամբ լցնի մեր կյանքը, և մենք ելնենք մեր էթիկական սպառման ու մահվան մահիճներից... Եվ ապա` հայրենի՛ հեռուստատեսություններ, այդ ի՜նչ նրբությամբ ստիպում եք մի գեղեցիկ երիտասարդության – մեր երգեցիկ եղեգը` բերանի մեջ անգլոսաքսոնական կարտոֆիլ առնել, լեզվով կլոր կարտոֆիլը փայփայել, վրան նեգրական սոուս լցնել, հայկական թքով շաղախել և ստացված ձայնային խառնուրդը շպրտել մեր մանուկ սերնդին, ձայնագրել գեների մեջ, քանդել նրանց բնական կառույցը, ապամոնտաժել ոգու գաղտնագիրը... Ձե՛զ, ձե՛զ եմ ասում, անգետ երաժշտաբաններ, որ հորթային ժպիտներով ծառայում եք մշակութային ագրեսիային,- չէ՜, անգլոսաքսն ու նեգրն այստեղ գործ չունեն, նրանք իրենց գործն են անում, իրենց արվեստով համատեղ կայսրության սահմանները լայնացնում,- այս գործը դու՛ք եք անում: Իսկ դուք այստեղ ի՞նչ եք անում, հայ երգիչ-երգչուհիներ, դու՛ք, որ ըմպել եք հայրենի եղեգի մաքուր հնչյունները և գիտեք նաև օտարի բնածին քաղցրությունը,- ահա դուք ինչ ունեք այս մշակութային խառնակչության մեջ. հա՞ց չունեք, ջու՞ր չունեք, պատի՞վ չունեք…

    VII
    Բայց ո՛վ այս խառնակ ժամանակներում կարող է ոգեկան նեցուկ լինել մեզ, որտե'ղ է պահպանված Տիեզերական Էթիկան, որտեղի'ց մի ժողովուրդ կարող է գիտելիք և հույս քաղել: Այս հարց տվողը դեպի քեզ է դառնում, Հայ Եկեղեցի, ես էլ դեպի քեզ եմ դառնում. երջանիկ ժամին երգել եմ քո ճարտարապետությունը, քո նեղլիկ լուսամուտներից բխող անսահման լույսը, փարել եմ ոսկեղենիկ դարերիդ… Բայց ի՜նչ դառն է այսօր իմ պարտականությունը – պատռել ճշմարտությունը ծածկող մութ շղարշը, բացել սեփական նյութական ինքնագոյությանը ծառայող քո անտարբեր վարքը: Եվ որպեսզի ազատ լինեմ ասածիս մեջ` քեզ հանգիստ եմ թողնում, Հայ Եկեղեցի և քեզ՝ հայոց Քահանայապետ և դառնում եմ քո ա'յն մասին, որ կկոչեմ ոչ հայ եկեղեցի և ասում եմ նրան.

    Ոչ հայ եկեղեցի, չեմ եկել քահանայիդ փափլիկ աջը համբուրելու, քանի որ այս ահեղ ժամանկաներում չենք տեսնում այդ աջի գործողությունը: Մի ժողովուրդ սահում է դեպի ինքնանսեմացում և ինքնաոչնչացում, մշակութային և բարոյական ճահիճ, և դու էլ սահում ես նրա հետ՝ մի անտարբեր ու կուշտ ժպիտով: Այդ ի՞նչ հարաբերություն ես զարգացնում մի համաշխարհային եկեղեցու հետ, որը տարին մեկ միլիարդ դոլլար տուգանք է վճարում իր եպիսկոպոսների մանկապիղծ վարքի համար: Այդ ի՞նչ էկումենիկ շարժման ես մասնակցում, քույր եկեղեցիների հետ` այդ ի՞նչ ջուր ես առել բերանդ, երբ մոլորակի վրա մարդն ու մարդկությունը ահեղ տառապանքի ու ճգնաժամի մեջ են: Որտե՞ղ է քո լույսը, գիտելիքը, առաջնորդությունը, կարկեցանքը։

    Քե՛զ, քե՛զ եմ ասում, մթնահայաց քահանա, մի վայրկյան թող դոգմայի քարե տողերը և դուրս արի.- ահա բողբոջում է տերևը, ահա բացվում է ծաղիկը, մանուկը վազում է կանաչների վրա, մայրը թևաբաց գրկում է արևը և իր մանկանը.- ահա Ստեղծողի գոյության ապացույցը, ահա Ստեղծողն ինքը՝ տերևի ու ծաղկի, մոր և մանկան կերպն առած. ուրեմն՝ այլևս մեզ չվախեցնես Աստծո զայրույթով և պատիժներով: Մերժում եմ դժոխքիդ սարսափները և դրախտիդ պարգևները, մեռելների ֆիզիկական հարության մասին քո անգետ իղձը, Տիեզերքի և Ստեղծողի մասին գիտելիքի բռնազավթման քո խեղճ փորձը: Ով քահանա, թե կորով ու ավյուն ունես, թե գիտելիք ու սեր ունես` այդ ինչպես ես հանդուրժում մի ազգի մշակութային եղեռնը,– կեղծ մշակույթը հեղեղել է համայնքիդ կյանքը, աչքիդ առջև քանդվում են քո ծխերը, ինչ ես բերանդ ջուր առել, ինչու մեկ անգամ գոնե խոսքով ու քարոզով չես ապստամբում այս անկման դեմ. ուժդ չի՞ պատում, պետության ձեռից գարի՞ ես ուտում, վախենում ես՝ հացդ կտրվի՞: Որտե՞ղ ես կորցրել Հայրիկի թողած մշակութային արորը, որով միշտ պետք է թարմ պահեիր մեր հերկը: Եվ ուր ես ձեռք գցում Հայ Կրթությանը, ովքե՛ր են հոգևորը և աշխարհիկը, համամարդկայինը և ազգայինը իր մեջ ներդաշնորեն կրող քո գիտնականները,որ կարողանաս կրթության գործին մասնակից լինել։

    Ոչ հայ եկեղեցի, կամ վավերացրու քո լուռ, շահատենչ ընթացքը և մասնակցությունը` մի ժողովրդի էթիկական ինքնաոչնչացմանը, ինքնալուծարվիր և վերագրանցվիր որպես շահույթ հետապնդող`ազգի հանդեպ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կամ էլ ընդոստ շարժումով վրայիցդ թափիր աղտոտված հանդերձներդ, գումարիր ազգային-եկեղեցական ժողով, նորոգիր կառավարչությունդ, վերանայիր դոգմայի չորացնող, անկենդան դրույթները, ապստամբիր և դուրս արի գզվռտվող և իրար աչք հանող “քույրերի” շարքից, մշակիր հայեցակետ` ազգային մշակութային համակարգի առողջացմանը քո մասնակցության, հնչեցրու զվարթ Շարակնոցդ, գնա Տիեզերակառույցի գիտական պայծառ ճանաչողության ճանապարհով, որ այդպե՛ս օգնես ճահիճում գտնվող այս ժողովրդին: Իսկ մինչև այդ` առանց ափսոսանքի հրաժեշտ եմ տալիս քեզ …

  3. #3
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Ե՞րբ ես առողջանալու, Դոգվիլ-Հայաստան

    IX

    Թողնում եմ քեզ, հայոց գիտություն և քեզ եմ դառնում, հայոց կրթություն.– հնչում են ազգային համայնքից եկող դժգոհ ձայները, թե մեր կրթությունը փչանում է, երեխաներն՝ անգրագիտանում, թե այսպես ուր ենք գնում … Եվ չկա մի ձայն, որ ասի՝ ինչու՞ է փչանում և ո՞րն է ելքը։ Այսպե՛ս, ա՛յս հարցերով հանդիպել ու իրար դեմ կանգնած են կրթության գործին առնչվող մեր կույրերը – ծնողն ու մանկավարժը, գիտնականն ու նախարարը, կուսակցություններն ու կառավարությունը, բոլորն իբրև կարծիք ու ծրագիր ունեն, կրթությունից բան են հասկանում, իրար խելք են սովորեցնում… և այդ նույն ժամին հայոց կրթությունը, նրա մեթոդաբնությունը, ուրեմն և հայոց ապագան՝ մի գահավեժ ընթացքի մեջ՝ ձորն են գլորվում։ Հիմա լսե՛ք, կրթության կույրեր, սրե՜ք ձեր կիսախուլ ականջները, որ ընկալեք ասվածը։ Առաջինը՝ ձեզ եմ դառնում հայոց կըռտու–թյան և ան–գիտության նախ–չարարներ, որ իրար հետևից գալիս ու նույն համաշխարհային սուտն եք կրկնում, թե «կրթության նպատակը երեխային գիտելիքներ հաղորդելն է», որով իբրև թե նպաստում եք նրա արագ սոցիալականացմանը՝ գտնելու իր տեղը կյանքում, արժանի տեղ գրավելու սոցիալական սանդուղքի վրա։ Իրականում` Կրթության նպատակը երեխայի ոգուն ու անձին մշակույթ ու ոգի հաղորդելն է, նրան Մարդ դարձնելն է, աշխարհի ու կյանքի Գեղեցկության հանդեպ նրա աչքն ու սիրտը բացելն է,– թե նրան տվեցիք այդպիսի կրթություն, թե նա Մարդ դարձավ, անսխալորեն կգտնի իր կյանքի ծրագիրը, կհավաքի այն ամենը, ինչ դուք գիտելիք եք կոչում, և կգտնի իր տեղը։
    Իսկ դուք ԿՅԱՆՔԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ փշրում եք, մաս-մաս անում, տխմար հարցերի վերածում և այդպես՝ մաս–մաս փորձում եք խցկել խեղճ երեխայի ուղեղի մեջ,– և խցկում եք, և այդ անկենդան «գիտելիք»–ասեղները խրվում են երեխայի ուղեղի,ապա և կենսաէներգետիկ համակարգի՝ հոգու մեջ, ախտահարում, հիվանդացնում, ապուշացնում են նրան։ Դուք այդպես կռտում եք երեխայի հոգին, սեռազրկում նրա ազգային- մշակութային պատկանելությունը, ցրում–խամրեցնում ԱԶԳԱՅԻՆ և ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՅԾԱՌ ԴԱՇՏԸ, առանց որի երեխան չի կարող Մարդ լինել, սիրել, ներել, ստեղծագործել…Եվ ինչ եք ասում. միջազգային կրթական տարածքին պետք է ինտեգրվե~նք, Բոլոնիայի գործընթացի պահանջները պետք է կատարե~նք,– իսկ հասո՞ւ եք, որ եվրոպաներում երեխայի կրթությունը և դաստիարակությունը փակուղի են մտել, որ աշխարհը մաս–մաս անելով և երեխայի, պատանու ուղեղի մեջ խցկելով՝ անհնար է մոլորակային էթիկական և էկոլոգիական ճգնաժամը հաղթահարել, անհնար է կանխել պատերազմները, երկրաշարժերը, ցունամիները… Գրում եմ և տեսնում թերահավատ– մեծամիտ ձեր ժպիտը, թե ի՞նչ կապ ունի երեխայի կրթությունը պատերազմների կամ երկրաշարժերի հետ … Եվ իհարկե տեղյակ չեք, որ այժմ նույն Արևմուտքում հսկա շարժում կա` ներկա կրթական համակարգը վերափոխելու, նրան մշակույթ ու իմաստություն հաղորդելու համար: Եվ իհարկե, գաղութացված երկրի պաշտոնյայի հոգեբանությամբ` չեք էլ կարող ենթադրել, որ Հայաստանը /ոչ ձեր իմացած Հայաստանը/ այդ կրթական Շարժման առաջատարը լինելու հայտ է ներկայացրել …

    Ձե՛զ, ձե՛զ եմ ասում, կրթության հինգ նախ–չարարներ, որ հանդիպել եք մեր ճանապարհին. այս քաղաքակրթության ճորտերն եք դուք, որ խոնարհված մնացիք ձեռքերին վարկ ու դրամաշնորհ պահած կրթական գաղութարարների առջև և չուզեցաք տեսնել Հայաստանում ստեղծվող Նոր Կրթության ամբողջական հայեցակարգն ու ձևավորվող մանրակերտերը,– սպասեցե՜ք, կգա մի օր, երբ Հանրապետության հրապարակի գորգին կլցնենք բոլոր ողորմելի թեսթերը և հարցարանները, վրան էլ կգցենք Բոլոնիայի հռչակագիրը, Հայ Մշակույթի Արևից կայծ կառնենք և կայրենք այդ անպետք կույտը, իսկ ձեզ կբերենք՝ կըռտու-թյան նախ–չարարներ, և ձեր ճակատներին կքսենք թեսթերից մնացած մուրն ու ամոթը։ Այնժամ Նոր Կրթությունը՝ Մշակույթի և Գեղեցկության, Սիրո և Իմաստության լույսով կսկսի ապաքինել մեր մանուկ սերունդը, այնժամ Հայաստանը, իր հարևան ու հեռավոր երկրների հետ՝ Ռուսաստանի հետ, նույն Եվրոպայի և Ամերիկայի հետ կստեղծի մի նոր, նորոգ, կենդանի կրթական միասնական տարածք, որի վրա կշողա ազգային և համամարդկային մշակույթների արևը… Այո, այդպես կլինի, եթե դո՛ւ՝ հայ ժողովուրդ, կարողանաս թոթափել քո դարավոր ճորտությունը և նրա մեջ ու առաջին հերթին՝ քո ներկա կրթական ճորտությունը…

    X
    Օ~, ոչ, հայոց գիտությանը չեմ կարողանում հրաժեշտ տալ, նրա մի ճյուղը` հայոց տնտեսագիտությունը՝ համաշխարհային տնտեսագիտության աղքատ ազգականը ելնում է իմ դեմ: Եվ քե՛զ եմ հիշում` հայ տնտեսագետ – քե՛զ, որ պետ եղար նույնիսկ հայոց մի վարչության և տարաշխարհիկ մի կենտրոնի կողմից նույնիսկ … “ տարվա մարդ” հռչակվեցիր… Երբ առավոտյան դուրս ես գալիս և դեմքիդ զարկում է արևի շողը - չե՞ս ամաչում շողից քո գոյության համար: Երբ վայրենի ու շահատենչ կրքով Երկրի հարստությունը տալիս էիր նորին ոչնչություն` քո հասկացած մասնավոր-սեփականին, չգիտի՞ր, որ նա էթիկայից զուրկ, ունեցածը միայն շտապ կուլ տալու ընդունակ հայ բորենի է,- շուն չէ նույնիսկ, և նա մի քանի օրում կվաճառի տարածքը, հիմնական միջոցները, թանկ տեխնոլոգիաները` որպես ջարդոն, որպեսզի իր գարշահոտ բնի մեջ լինի կուշտ ու ապահով: Չէի՞ր մտածում / քո արևմտյան խորհրդականների հետ/, որ սեփականաշնորհումը պետք է իրականցնել այնպիսի իրավական մեխանիզմներով, որոնք թույլ չէին տա բորենուն` կուլ տալ սեփականաշնորհածը , – այնպե՛ս, որ կուլ տալու փորձն անելիս` իրավական փշերը պատառոտեին ագահ ըմպանը, որ ապահովվեր հիմնական միջոցների անձեռնմխելիությունը և տնտեսական մեխանիզմի պահպանումը` երկրի ապագայի համար: Ողորմելի՛ տնտեսագետ, չասես, թե տնտեսական բլոկադայի, պատերազմի և այլ պայմաններում հնարավոր չէր, իմաստ չուներ պահպանել տնտեսության հին ինֆրակառուցվածքները,- հնարավո՛ր էր, անհրաժե՛շտ էր, միա՛կ ելքն էր՝ երկրի հարստությունը չտալ հայածին բորենիներին և այդ հսկա ներուժը պահպանել` աստիճանական ծախսման և նոր տնտեսության ստեղծման համար: Բայց քեզ թեթևություն եմ բերում, տնտեսագետ, քանզի դու չես մեղավորը, այլ այն ամբոխը, որ քեզ իշխանության բերեց: Այդ ամբոխը՝ մեր բազմահազարանոց ցու՛յցը, դո՛ւ, ե՛ս - չունեցանք սլավոն կոլխոզ-նախագահի էթիկան, որ պահպանեց իր երկրի տնտեսական ներուժը: Եվ այսօր՝ կանգնած հայկական ավերակների վրա՝ ինչպես չըղձանք, որ տարիները ետ դառնային, սլավոն կոլխոզ –նախագահը մի օր գար, կանգներ օպերայի քիվին, մոգություն աներ` իր աղի հեղուկը ցրիվ տար մեր բազմահազարանոց ցույցի, մեր Շարժման առաջանորդների, մեր բոլորի գլխին, որ իմաստնանայինք և աչքի լույսի պես պահեինք ժողովրդյան հարստությունը:

    Քեզ թողնում եմ քո բնի մեջ / նրա գարշահոտությունը չի մեղմում նույնիսկ կոնյակի ազնվական հոտը/ և դառնում եմ քո այսօրվա ժառանգներին: Նրա՛նց, որ կառավարության մեջ են, - կառավարությու՛ն են, իշխանությու՛ն են։ Ի՞նչ գործի պետք է լինի այսօր հայ տնտեսագետը: Նա այն երկրի տնտեսն է, որի պետական բյուջեն ավելի փոքր է, քան բացասական առևտրային հաշվեկշռի գումարը – 1-1,5 միլիարդ,- այդպիսի ողբալի երևույթ չկա համայն աշխարհում, եթե փնտրեք էլ` չեք գտնի: Մինչդեռ, հայ գործող տնտեսագետ, եթե մարդ լինես և տեր` նվազագույն էթիկայի, աապա քո գործը պետք է լինի՛, պետք է լինի՛, պետք է լինի՛ մեկը - ինչպե՛ս, ի՛նչ միջոցներով, ի՛նչ հնարներով ավելի շատ վաճառել դրսում և ավելի քիչ ներկրել, որպեսզի մաքրվի մեր ճակատի ամոթը՝ միլիարդանոց բացասական առևտրային հաշվեկշիռը: Այս խնդիրը լուծելիս դու ունես մի օգնական – տեղական ձեռներեցը, որը պետական-իրավական, մարդկային օգնության, օդի կարիք ունի, բայց որին դու խեղդել ես`յուրայիններիդ ոհմակի հետ, և սոված աչքերդ հառել ես հեշտ ու հանգիստ տրվող եկամուտին` էժան առնել դրսում, թանկ վաճառել այստեղ և գրպանել միլիոնավոր դժբախտ պանդուխտների վաստակած գումարները: Եվ ի՜նչ լուռ, դիվային դաշինք ես կնքել առևտրային համաշխարհային քոչվորախմբի, մահերի ու ահերի հետ, որպեսզի ճզմեք սեփական երկրում գոնե մի թել ու ասեղ արտադրելու մարդկային իրավունքը։ Ի՜նչ լկտիությամբ անգործ մնացած զանգվածին և նրա առաջատար ուժերին շպրտել եք մի ցինիկ լեգենդ, թե` դու ստեղծագործ ազգ ես, զբաղվիր բարձր տեխնոլոգիաներով, իսկ քո սանրը, ասեղն ու թելը, քո ներքնաշորը, զգեստն ու կոշիկը կարտադրեն վերազգային կոնցեռն-շնաձկերը: Այդ ի՛նչ ջանքով հանգցրեցիր վառվող հայկական լամպերի վերածնված արտադրությունը, այդ ո՞ր պետական դավաճանը օգնեց քեզ: Հայ տնտեսագետ և առևտրային դրամատեր, ողբում եմ ձեր էթիկական անկումը, քանի որ դուք գրեթե ոչինչ չեք ստեղծում, այլ միայն խմում եք թշվառ ամբոխի բաց երակից ծորացող կապտասև, հիվանդ արյունը: Պնակալեզ տնտեսագետ, դեմքիդ եմ շպրտում քո տնտեսագիտությունը և քո անպետական բյուջեն, արհամարում եմ քո գոյությունը, քո մեծամիտ ինքնախաբեությունը և պատմության առջև հաստատում եմ քո պետական - ազգային դավաճանությունը: Իսկ դու` անգործ մնացած ամբոխ, մի՜ դժգոհիր, դու՜ էլ ես երազում զավակիդ իրավաբանական կամ տնտեսագիտական կրթության տալ, և միայն այն բանի համար, որ նա վաղը լրացնի քո մաշկը քերթողների շարքը.- այնպես որ դու և տնտեսագետդ արժանի եք իրար, և ես արգահատանքով հրաժեշտ եմ տալիս ձեզ:

    Բայց այնտեղ, որտեղ հայոց տնտեսությունն է և տնտեսագիտությունը, մի խորշ կա, որ կարծես խնդրում է լուսավորել իր ընդերքը, լույս գցել իր խավարի մեջ: Այդ խորշը ”թուրքական” կոչենք և այդ կողմն ուղղենք մեր ճառագայթը: Բայց նախ նայենք Եղեռնի ճանաչման խնդրով համաշխարհային օդը դղրդացնող այս մանրիկ պաշտոնյային և հարցնենք՝ ո՞ր երկրում է արտադրված կնոջդ կրծկալը, իսկ գորշ կոստյու՞մդ, իսկ լոգարանում շարված լվացքի փոշինե՞րը,- կարդացի՞ր երկրի անունը, իսկ հիմա մտիր տոնավաճառներ և փնտրիր նույն երկրի անունը, և այն կտեսնես հարյուրավոր ապրանքատեսակների պիտակների վրա: Եղեռնագետ պաշտոնյա, մինչև դու աշխարհին բարի լուր ես տալիս, թե մենք պատրաստ ենք թուրք հարևանի հետ սահմանը բացելու առանց նախապայմանների և ստանում ես վերջինիս դիվանագիտական աքացին քո հայկական նստուկին` քո երկրի տնտեսությունն այսօ'ր, ա'յս ժամին, եղեռնի է ենթարկվում այդ հարևանի կողմից: Ինչո՞ւ սահմանը բացել, եթե սահմանն արդեն միակողմանիորեն բաց է. թուրքական պետական հանճարը նորի՛ց, ո՛րերորդ անգամ գերազանցում է այս անպետական ժողովրդին ու նրա պետականությանը,– նա արգելել է իր երկրում՝ “Արտադրված է Հայաստանում” ամենայն ինչի վաճառքը և Հայաստանին վաճառում է մեկ -քառորդ միլիարդի և ավելի ապրանքներ` այս երկրի արտադրողին ու բանվորին, նրանց ընտանիքներին զրկելով կյանքից ու ապագայից: Սրանով Թուրքիան գրավել է Հայաստանի տնտեսական տարածքի մեկ քառորդը և այս գրավված երկրից տանում է միայն էժան կանացի աշխատուժ և էժան կանացիություն… Եվ դու գետինը չե՛ս մտնում, անպետական ու անպետք հա՛յ, որ երկիրդ ու նրա կանացիությունը հանձնել ես էթնիկ հակառակորդիդ և երեկոները հաշվում ես քո եղերական առևտրից ստացված եկամուտները: Եվ երբ թուքն ի բերան ճամարտակում ես սահմանի բացման անհրաժեշտության մասին, հաշվե՞լ ես, թե դրանից հետո թուրքական տնտեսական ագրեսիան ի՛նչ չափերի է հասնելու։ Չէ՜, ողորմելի ՛տնտեսագետ, դու միայն հաշվել ես, որ ներկրվող ապրանքների ճանապարհը կկարճանա և հյուսիսային հարևանի լափած տարանցիկ փողերը կմնան քեզ լափելու … Արհամարհում եմ քեզ, անպետակա՛ն հայ, և քո՛, քո՛, քո՛ փոխարեն խոնարհեցնում եմ գլուխս պետական թուրքի առջև` գեթ նրանից, ոչ քեզանից` սովորելու պետականության կառուցման և սեփական ժողովրդի շահը խնամելու գաղտնիքները:
    Հայ տնտեսագետ, քո ապիկարության գլխավոր նշանն այն է, թե դու ինչպես ես հասկացել «համաշխարհային ազատ շուկա» ասվածը.- այդ «ազատ շուկան» մի ժողովրդի պարանոցից կապված քար է, որ սուզում ու խեղդում է նրան` ոչնչացնելով տեղական ձեռներեցի ջանքը: Մինչդեռ քո խնդիրն էր` ուսումնասիրել միջազգային տնտեսական - իրավական դաշտը, տեսնել այն թաքնված դրույթները, որով գաղութացվում են փոքր երկրները և քայքայվում են նրանց տնտեսական համակարգերը, ապա հստակ պետական կամքով և հայրենի օրենսդրությամբ ստեղծել հակաքայլեր` տեղական ձեռներեցին պաշտպանելու, տնտեսական սահմանները կարգավորելու, գլոբալացման ձնահյուսի տակ չմնալու և չթաղվելու համար... Բայց նայիր, թե ի~նչ ստրկությամբ ես խոնարհվել «ազատ շուկայի» առջև, ինչ դավաճանորեն ես «մոռացել», թե անհրաժեշտ է պաշտպանվել նրա հարձակումից, քանզի այդ մոռացությունը քեզ շահ է բերում` ի հաշիվ մի գաղութացված և աշխատանքից զրկված ժողովրդի...

    XI
    Բայց չեմ կարողանում քեզ հրաժեշտ տալ, անպետակա՛ն հայ, քանզի քո հյուսած մի լեգենդ կա, որ պետք է պսակազերծել, այդ լեգենդով ես դու զարդարում ճակատդ ու անպտուղ միտքդ, դրանով ես դու աշխարհի առջև որպես ազգ ներկայանում: Լայն բաց արա կիսախուլ ականջդ, թող չդողան եվրոպաների առջև գետնին զարկվող ծնկներդ, պրկիր հուզական հեղուկներով թրջված պատմական փորձառությունդ, որ հասկանաս ասածս: Խոսքը գնում է «Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչում» լեգենդի մասին, որն այժմ անպետական կյանքիդ պետական նպատակն ես հռչակել, որով լցրել ես քո ցերեկն ու գիշերը, քո գարունն ու ձմեռը, որով խցկել ես քո՛, մե՛ր, ո՛ղջ ժողովրդի, նաև մարդկության ականջները: Եվ հիմա լսիր ճշմարտությունը այդ խեղճ լեգենդի մասին և նորից ու նորից` ճշմարտությունը քո մասին: Քեզ չի՞ զարմացնում այն հեշտությունը, որով “Մեծ եղեռնի ճանաչում” լեգենդը իր համար ճանապարհ է հարթում ողջ աշխարհում: Այդ ինչպե՞ս եղավ, որ մի երեսպաշտ ու բարոյազրկվող մարդկություն որոշել է ճանաչել քեզ պատուհասած չարիքը: Ուշադիր նայի՛ր և ամենուր կտեսնես Նորին Մեծություն Շահը, որը դրդում է այսինչ կամ այնինչ երկրին՝ ճանաչելու Հայոց Եղեռնը: Այդ շահի մեջ, որն ունի բազում` քաղաքական, տնտեսական, դիվանագիտական… բաղադրիչներ, կա ևս մի գաղտնի բաղադրիչ. մարդկությունը կամ որևէ կոնկրետ մի երկիր, կամ նույնիսկ նահանգ ու քաղաք` ճանաչելով Եղեռնը և հարյուրամյա ուշացումով մի երկու կաթիլ արցունք թափելով` իրեն մարդ է զգում, բարի ու կարեկցող երևակայում, իր մարդասիրությունը փառաբանող շոու բեմադրելու հնարավորություն ստանում: Բայց սա դեռ ոչինչ. Եղեռնի ճանաչման համաշխարհային ներկայացումը ունի ևս մի գաղտնի նպատակ` անպետական հայության ու նրա անչափահաս պետականության ամբողջ էներգիան ուղղել կեղծ ուղղությամբ, բթացնել նրանց զգոնությունը, և այսօ՛ր, ա՛յս ժամին, ա'յլ միջոցներով շարունակել Հայաստանը պատմության ասպարեզից դուրս վտարելու գործը: Ապացույցնե՞ր ես ուզում այս ծանր ախտորոշման հաստատման, դրանք ակնհայտ են: Նախ` մարդկությունը էթիկապես չի հասունացել իր մեջ կատարվող եղերական երևույթների ամբողջական ճանաչման, դրանց պատճառների գնահատման և կանխման համար. նայի՛ր մարդկության տարածքին՝ քանի՜ ժողովուրդ և երկիր այս ժամին ակնհայտ ու գաղտնի եղեռնի են ենթարկվում: Ահա` ներկա մարդկությունը ոսկրոտ ու անկարեկից ձեռքով պոկում է մի հպարտ ժողովրդի մշակութային սիրտը և նետում շներին, որովհետև այդ ժողովուրդը չի ենթարկվում նրա երեսպաշտ վարքին և կեղծ մարդասիրության կանոններին: Ահա նայի՛ր ու տե՛ս մշակութապես, տնտեսապես ու բարոյապես հյուծվող ժողովուրդների շարքը, նրանց մայրերի և մանուկների արցունքները… Եվ դու` հայ ժողովուրդ, այսպիսի մարդկությունից և մանավանդ` նրա ստեղծած աշխարհակարգից, ուզում ես ստանալ քո Եղեռնի ճանաչումը, որպեսզի դրա հետ կապված ինչ-որ բարիք կամ փոխհատուցում ստանա՞ս: Իզո՜ւր է հույսդ. մարդկությունը կարող է որևէ ազգի վերք խնամել ու առողջացնել, եթե ինքը ճանաչի իր անկյալ էթիկական վիճակը, գնա ինքնաճանաչման և ինքնաապաքինման ուղիով: Հայ ժողովուրդ, եթե քո տաս-միլիոնանոց զանգվածով աղաչում ես այս մարդկությանը, որ նա ճանաչի քո Եղեռնը, ես` մի հատիկ հայս, մերժում եմ մարդկության իրավունքը և ասում նրան. գնա, քո մոլորակային ինքնաեղեռնը ճանաչիր, Հիմալայների ձյուներով մաքրիր արյունոտ ձեռքերդ, աստեղային լույսով ցողիր անկարեկից ու դաժան դեմքդ, արևի շողով ջերմացրու սառույց կտրած սիրտդ, այնժամ միայն կարող ես այդ իրավունքը ստանալ:

    Դրանից հետո դառնում եմ քեզ` զգայական անգիտության մեջ հայտնված անպետական ժողովուրդ, քո գիտակցության մեջ դաջելու այն հրե ճշմարտությունը, որ դեռևս հայտնի չէ քեզ: Ձե՛զ, ձե՛զ եմ ասում` Եղեռնի ճանաչման գործին կպած և ամեն օր թուրքի անունը ցեխի մեջ զարկող հազարավոր հայեր. եթե մի մարդ կամ ժողովուրդ իր ճանապարհին փորձանքի է գալիս, ապա դրա պատճառը նա պետք է փնտրի նախ իր մեջ և ցեխի մեջ ամեն օր զարկի իր անունը, որպեսզի փորձ ու իմաստություն հավաքի, և իմացած եղեք՝ այս քայլը չի պակասեցնի եղեռնագործի պատասխանատվության աստիճանը։ Եթե փորձանքը Եղեռն է եղել, Արարատ-վիշտ ու արցունքն է եղել, նույնչա՛փ մեծ ու բարձր, նունքա՛ն երկնահաս պետք է լինի ինքնաճանաչումը, սեփական էության մեջ սողոսկած ցածրի՛, արատի՛, հիվանդությա՛ն մերժումը: Եթե “եղեռն” ասելիս, հայ մա՛րդ, քո աչքին անմիջապես արյունարբու թուրքն է պատկերանում, ապա հեռացրու այդ պատկերը և աչքդ ուղղիր դեպի քո խորքը, դեպի այնտեղ թաքնված “թուրքը” / այդ բառի զուտ հայկական ստուգաբանությամբ/, ով էթնիկ թուրքի հետ դաշնակցած` կազմակերպել էր քո Եղեռնը։ Եվ այնժամ դու կտեսնես քո մեջ նստած այդ բազմադեմ “թուրքի” կերպարները. Կյանք-կենսասիրության փոխարեն` տառապանք-խաչասիրություն, Տիեզերքի ճանաչողության փոխարեն՝ մոլեռանդ կրոնախևություն, աշխարհաճանաչման փոխարեն` դարերի հավկուրություն, մարդ-արարիչ լինելու փոխարեն` ճորտական խոնարհամտություն, ինքնահաստատման փոխարեն` դաժան ինքնամերժում, ստեղծարար անհատականության փոխարեն` մանրիկ անհատապաշտություն, առողջ այլասիրության փոխարեն` տկարի այլասերություն, պետականագիտության փոխարեն` սեփական-փարախագիտություն, դիվանագիտության փոխարեն` ջայլամի ինքնացուցադրություն: Ահա՝ այս արատների համատեղ էներգետիկան կարող էր ցանկացած ժողովրդի ոտնատակ անել...

    Եվ այս արատներով դու ցանկանում էիր, որ թուրքը խնայե՞ր քեզ։ Ինքդ քեզ չես ճանաչում, բայց թուրքը տեսել էր քո խորքը, և իրեն թույլ տվեց, իրեն վայրագորեն թո՛ւյլ տվեց` չճանաչել բնիկ հայրենիքում ապրելու քո իրավունքը: Քանզի այդ իրավունքը դո՛ւ էիր կորցրել, իսկ թուրքը պետական սառնասրտությամբ վավերացրեց քո կորուստը: Հայ ժողովուրդ, զգում եմ նշտարիս տված ցավը, բայց դիմացի՛ր. ինքնափրկման այլ ելք չունես, քան ինքնաճանաչումը, և դեռևս առջևում են նշտարի կարոտ քո թարախակույտերը: Եվ ահա քեզ եմ դառնում, եղեռնի ճանաչաման գործին կպած հայկական ամբոխ, քեզ դառն արթնացում է սպասում: Ընկալում եմ պատմականորեն հասկանալի հուզական ձգտումդ, նոր եղեռնների կանխման ենթագիտակցական շարժառիթդ, “հայրենասիրություն “ կոչվող պարզունակ էներգիայի պարպման ֆիզիոլոգիական անհրաժեշտությունդ: Սակայն դրսից որքան էթիկապես անթերի է թվում արածդ գործը, նույնքան ներսից հիվանդ ու թարախածին է այն: Այո՛, ինքդ լավ գիտես քո՛, մե՛ր, ո՛ղջ հայ էթնոսի գաղտնի իղձը` ետ վերադարձնել կորուսյալ հայրենիքը, բայց ավաղ` խեղճ ու եղերական է քո բռնած ճանապարհը:Հիշում ես` ժամանակին քեզ մի գիտական ուղերձ էի հղել, որն ասում էր. կորուսյալ հայրենիքի հիշողության նյութն ու պահպանողը այնտեղ ստեղծված մշակույթն է, և եթե ուզում ես վերադարձնել հայրենիքը` պետք է վերակերտել ու կենդանացնել նրա մշակութային համակարգերը, ներարկել Հայաստանի ու Սփյուռքի դպրոցին ու հանրային կյանքին, ամբողջացնել Միացյալ Հայրենիքի Մշակութային Էներգիան, որը շարժման մեջ կդնի ազգի ուժերը և ճանապարհ կբացի դեպի Միացյալ Հայաստան: Հողը վերադարձնելու ճանապարհը այդ հողի վրա ծնված մշակույթի պահպանումն է. Ահա սա է Եղեռնի պատճառների ու հետևանքների վերացման գլխավոր և առաջին քայլը: Բայց նայիր քո արածին ու քո ներկային, եղեռնաճանաչության ամբոխ, մանավանդ դու` այդ ամբոխի հայկական փաղանգը. ի՜նչ կորուսյալ հայրենիքի մշակույթի վերակերտում, երբ այսօրվա Հայաստանն է մշակութաթափ լինում, այսօրվա Հայաստանն է կորցնում գոյության պատվարները: Նրա հեռացած՝ աշխարհի եփրատ-տիգրիսների բերանն ընկած և նրա չծնվա՛ծ, չծնվա՛ծ, չծնվա՛ծ մանուկների թիվը միայն` հարյուր հազարների է հասնում. նրա հեռացած՝ աշխարհի գետերի մեջ իրենց գցած, թուրքի ու արաբի հյուրանոցներում լլկված աղջիկների թիվը հազարների է հասնում: Զավակների երեսը տարիներ չտեսած, մի փշուր սիրո ու խնամքի կարոտ՝ նրա որբ ծերերի թիվը հազարների է հասնում… Նրա չերգված երգերի, նրա չպարած պարերի, երջանիկ ժպիտների, չապրած սերերի, անսեր գիշերների, անարև առավոտների թիվը հազար-հազարների է հասնում: Եվ այս եղեռնը իրականցրել է ոչ թե էթնիկ թուրքը, այլ դու՝ անպետական հայ, դու` եղեռնապաշտ ամբոխ և դու՝ հայի ստեղծած պետականություն։ Եթե նունիսկ չլինեին այս հազար- հազար կորուստները, այլ միայն լիներ մի չծնված մանուկ, որը պետք է հերոս ու բանաստեղծ լիներ, մի ոտքի տակ տված պատանի հանճար, որ աշխարհի ճակատը պետք է պսակեր, մի լուսեղեն աղջնակ, որ մայրության սխրանքի պետք է գնար,- ահա այս երեք կյանքերի պահպանության համար արժեր մարդկության երեսին շպրտել եղեռնի ճանաչման բոլոր հրովարտակները և զբաղվել այս երեքի խնամքով ու պահպանությամբ։

    «Իսկ եղեռնի ճանաչաման գո՞րծը» – կհարցնես դու` շփոթված հայություն: Այն ժամանակ, երբ դու կդադարեցնես քո այժմյան ինքնաեղեռնը, երբ քո կյանքի նպատակը կդառնա պահպանված գենիդ, քո հոգու և մշակույթի, քո մանուկի, մոր ու ծերի ամենօրյա՛, ամենօրյա՛, ամենօրյա՛ խնամքը, երբ Հայաստանի և Սփյուռքի տարածքների վրա կշարժվի կենդանի կյանքի և կենդանի մշակույթի շունչը, երբ կելնի, կխլրտա մի նոր, ազատ, հայրերի ստրկությունը թոթափած հայկական սերունդ և կստեղծվի նոր, առողջ հայկական պետականություն,- ահա այնժամ դու Եղեռնի հետևանքների վերացման իրական ճանապարհին կլինես, այնժամ միայն Եղեռնի ճանաչումը կարող է իրական արդյունքներ տալ: Եվ վերջապես. Եղեռնի ճանաչումը առավելապես մարդկության գործն է և թուրքի գործը, թող նրա՛նք հոգան իրենց ինքնամաքրման ու ապագայի մասին:

  4. #4
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Ե՞րբ ես առողջանալու, Դոգվիլ-Հայաստան

    XII
    Շփոթված հայություն, քո Սփյուռքն է առավել շփոթության մեջ.
    Մնձուրու ու Համաստեղի երգած սերունդները անցել են արդեն. որտեղ են նրանց ժառանգները, ինչքանով է պահպանվել բնաշխարհիկ արյունը, ինչ է բերել արտագաղթի այս նոր ալիքը, ինչ է լինելու Սփյուռքի և ողջ հայության ապագան: Այսօր քեզ համար չունեմ ոչ պատասխան, ոչ որդիական արցունք և ոչ հիացում` ոգորումիդ տեսիլքի առջև, քանզի մի հիվանդ ազգի սփյուռքն ես դու` անգիտակից սեփական հիվանդությանը, և միայն կտրուկ ախտորոշումը կարող է արթնացնել քեզ: Օ՜, ո՛չ, օրգանիզմիդ ամբողջությունը անծանոթ է ինձ, միայն արմենչիկյան քեֆապարի պղտոր ալիքներում ծալծլվող մեղկ մարմինդ է խոսում ծանր մշակութային հիվանդության և էթիկական դեգրադացիայի մասին: Եվ ինչպե՛ս չհիվանդանալ, երբ հիվանդ մորից` Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռք է հոսում կեղծ մշակույթի մուգ արյունը – և նրա մեջ՝ մեր ողորմելի “աստղերը”, որ կայծոռիկի լույս անգամ չունեն, նրանց անիմաստ երգերի բառակույտերը, որ թափվում են չքնաղ արևմտահայրենի վիրավոր դաշտերի վրա, Հայաստանի էթիկական դեգրադացիայի թունավոր նյութերը` կյանքի բոլո՜ր, բոլո՜ր ասպարեզներից: Ժամանակն է ճանաչելու, որ Հայաստանի Երրորդ հանրապետություն է դարձել Սփյուռքի էթիկական քայքայման հիմնական գործոնը:

    Սփյուռքն էլ «պարտք» չի մնում և ի՜նչ “մշակութային” ուղերձ է հղում հայրենիքին: Քե՛զ, քե՛զ եմ ասում, հայ մեծահարուստ, որ եկել ես քո ներկայությամբ նախնյաց երկիրդ երջանկացնելու, և ի՜նչ “նվեր” ես բերել - արևմտյան մշակութային դեկադանսի ծնած սև կատուն,- ճոխ բազմեցրել ես Ճարտարապետի թիկունքին, որ ամեն գիշեր թռիչք անի, մագիլները խրի մեր կյանքի՛, ճակատագրի՛, մշակույթի՛, հոգո՛ւ կենդանի հյուսվածքների մեջ, ոչնչացնի ժառանգական առողջությունը և մեզ մի կատու դարձնի` Արևելքի ու Արևմուտքի այս խաչմերուկին: Եվ ապա բերել ես այդ ճարպոտ ֆիգուրները,- զինվո՞ր են, խեղկատա՞կ են, ի՞նչ են,– ինչո՞ւ ես բերել, անմշակութային հայ, ի՞նչ են դրանք տալիս հայ երիտասարդությանը: Երբ կլինի՝ հավաքես «ներդրումներդ» և դուրս գաս Հայաստանից, գնաս և Սփյուռքին տանես այս խոսքերը. «Սփյուռքահայ, այն երկիրը որտեղ ապրում ես` ունի և ազնիվ, բնիկ մշակույթ և «մշակութային» աղբ, որ հավաքել է դարերի ընթացքում։ Եթե Հայաստան ես գալիս, բեր այդ ժողովրդի սիրտը, մաքուր մշակույթը և այնժամ կդառնաս սիրելի և նոր, և հին հայրենիքներիդ համար: Չիմանաս` մի երկու գրոշ փող ունես` ուրեմն իրավունք ունես ամենայն աղբ բերելու Հայաստան»:
    Հարկ է համասփյուռյան մի ժողովով ճանաչել վտանգը, հայության մայր օրգանիզմի` Հայաստանի առողջացման անհրաժեշտությունը, հսկողության տակ առնել Հայաստան -Սփյուռք մշակութային կամուրջը` ստեղծելով համասփյուռյան մշակութային հսկող խորհուրդ: Դադարեցնել կեղծ հայկական մշակույթի ելքը Հայաստանից, զորաշարժել Հայաստանի ու Սփյուռքի ճնշված գաղտնի մշակութային ուժերը և գնալ դեպի համահայկական առողջացում, Հայաստանում նոր որակի պետականության ստեղծում… Իսկ միչև այդ, առանց այս աշխատանքի` Սփյուռքը մի հիվանդ ժողովրդի հատվածն է` դատապարտված ինքնաոչնչացման:

    XIII
    Դառնանք Հայաստան: Այստեղ`հայկական կյանքի բեմի վրա մի ներկայացում է դրված այժմ, որին հետևում են երիտասարդ ու ծեր, մայր ու մանուկ, ամբողջ ազգը.– իշխանություն-ընդդիմություն կռիվ կոչվող թատրոնն է դա: Տասնյակ հարյուրավոր պատկերներ հաջորդում են իրար, այդ բեմադությամբ են լցված հեռուստատեսությունները, թերթերը, հասարակական կյանքը… Եվ ի՜նչ ռեժիսուրա է, ի՜նչ դերասաններ, ի՜նչ կրքեր… Մի ժողովուրդ սպասում է, թե այդ կրքերից պտուղ կծնվի, ճանապարհ կբացվի, օգնություն կգա իր դժվարին կյանքին … Բավակա՛ն է, իշխանություն-ընդդիմություն զույգ, իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր զուգերգը ընդհատելու, ձեր կեղծ կռվի վրայից թանձր վարագույրը պոկելու... Դրսից ի՛նչ էլ ազնիվ ու անկաշառ հակառակորդներ եք թվում՝ սկզբունքային, ճշմարտության համար պատրաստ` իրար աչք հանելու,- բայց ներսից` գիտելիքից ու էթիկայից զուրկ, ագահ, իշխանատենչ, իրար հետ մի եղծ ու պինդ դաշինքով կապված: Երբևէ լսե՞լ եք, թե ինչի՛ մասին եք վիճում, մի անգամ գոնե – գիտական, անկողմնակալ, առողջ դատողությամբ լսել եք ինքներդ ձեզ: Չէ՛, չե՜ք լսել, ինքներդ ձեզ չեք ճանաչում ու տեսնում, պատրաստ եք միայն բառային շատրվանով ժայթքելու ձեր ներքին քաոսը, գրավելու լսարանն ու մարդուն: Մինչդեռ այդ քաոսը ձեր ներսում պտտվում է մեկ ու միակ առանցքի շուրջը – նորին մեծություն շահը: Բայց կհարցնես դո՛ւ` իշխանություն և դո՛ւ՝ ընդդիմություն, թե չկա՞ արդյոք ձեր մեջ մեկը, որի սրտում քաոս չկա, այլ կա ներդաշնակություն, սեր ու գիտելիք: Եթե այդ մեկը լինի էլ, ապա դուք անվրեպ տեսնում եք նրան և միացյալ ջանքով հեռացնում, օտարում եք ձեզանից. իշխանության և ընդդիմության միամիտ զոհերն են նրանք, որ տեղ չունեն այդ թատրոնի բեմին:
    Իշխանություն և ընդդիմություն, դուք գիտե՞ք, թե ինչո՛ւ է ծլարձակում հատիկը, ինչո՛ւ է բացվում ծաղիկը, մարդկային պտուղը ի՛նչ պար է պարում արգանդի մեջ, մանուկն ու ծառը ի՛նչ ջուր են ուզում, արևն ինչո՛ւ է շողում, ի՛նչ է ասում մարդուն աստղալի երկինքը: Չէ՛, չգիտե՜ք:
    ԻՆՉ Է ԿՅԱՆՔԸ, ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ԱՅՆ, ԻՆՉ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ – այս խորունկ գաղտնիքի և այն բացող խորունկ գիտելիքի հետ ի՞նչ առնչություն ունի ձեր գործը, ձեր քաղաքական պայքարը:
    Չէ՛, առնչություն չունի: Եվ եթե չունի, ինչպիսի՞ն է լինելու ձեր ստեղծած Կրթության օրենքը, Մշակույթի օրենքը, Առողջության օրենքը և այլն: Այդ դեպքում՝ ինչ արժեք կարող է ունենալ ձեր օրենսդրությունը և ձեր կառավարչությունը: Չէ, ձեր “պայքարը” առնչություն չունի կյանքի հետ, դուք ամուլ եզ եք, դուք սերմ չունեք ապագայի համար: Եվ որպես զուտ հայկական ծագման ամուլ եզ, մի բնազդ ունեք միայն, որ ձեզ ձգում է դեպի եվրոպական ախոռի լիքը մսուրը - այնտե'ղ է ձեզ սպասող քաղաքակիրթ, գենետիկորեն զտված, առատ անասնակերը: Ձե՛զ, ձե՛զ եմ ասում, եվրաինտեգրացման իշխանական և ընդդիմական մունետիկներ, ձեզ` “ժողովրդավարության” երգիչներ, ձեզ` “եվրոպական արժեքների” առջև փորսող տվողներ - եվրոպական հանճարը վաղուց նահանջում է արդեն, օգտապաշտությունը գրավել ծեր մայրցամաքի հոգին, երեսպաշտ ու քաղաքավար ժպիտը թեկուզ ծաղկում է նրա դեմքին, բայց հոգու խորանը գրավել է շահը, անհատապաշտությունը, խուլ անհանդուժողականությունը, նահանջում են եվրոպական մշակույթը, կրթությունը, էթիկան, այս ծեր ու հիվանդ աշխարհամասը ոգու պոռթկման, թարմ արյան, սրտի հեղափոխության կարիք ունի: Արարչի ստեղծած հաց- բարիքը նա ուտում է ագահորեն, ճարպակալում ու դեգրադացվում է նրա մանուկ սերունդը, ամենայն առողջություն ու առողջ վարք, առողջ ու միամիտ արյուն տեսնելիս` գաղտնի նախանձը մաշում է ծեր հոգին, և նա ձգտում է արդարության, մարդու իրավունքների ու ազատ ընտրության քողի տակ՝ իր հիվանդությունները արտահանել և տալ մյուս ժողովուրդներին:
    Եթե մոտենալ Եվրոպային, ապա միայն որպես նույն արմատից սերած, մշակութորեն հարազատ ազգեր` համատեղ մոլորակային ճգնաժամից դուրս գալու, ապրելակերպը առողջացնելու և մշակութային վերազարթոնք կազմակերպելու համար: Եվ այն ժամանակ` դեռ հարց է, թե ո՛վ ու՛մ օգնության կարիքը կունենա, ո՛ր երկիրն ու ազգը կլինեն վերածնության առաջին շարքերում:

    Հայկական իշխանություն և ընդդիմություն, մերժում եմ ձեր կույր եվրոպասիրությունը, ձեր աշխարհայացքային անգիտությունը, ձեր երկուսի գաղտնի դաշինքը և ողորմելի զուգերգը.- այդ երգի մեջ չկա ո՛չ գիտելիք, ո՛չ էթիկա, ո՛չ ելք Հայաստանի համար: :

    Բայց դուք չեք կորչում, ծանր ու մեծ է ձեր զանգվածը, ագահ են ձեր ձեռքերը, որով բռնել եք այս անկյալ ժողովրդի կոկորդը, և դժվար թե ճանաչեք ինքներդ ձեզ, եթե ձեր աչքի առջև չդրվեն ձեր իսկ պատկերները: Ձե՛զ, ձե՛զ եմ ասում, հայոց վարչությունների պետեր, ձե՛զ` մեր կյանքի տարբեր ոլորտները “խնամող” նախ-չարարներ և փոխնախ-չարարներ, այդ ի~նչ է լինում ձեզ հետ, երբ ձեր աշխատասենյակ ներս են մտնում՝ քանոնով գծած ուղիղ ատամնաշարերով և բլենդամեդ-ժպիտներով օտար փորձագետները, որ եկել են մեր աբորիգեն ազգին սովորեցնելու կրթության, առողջապահության, մշակույթի, տնտեսության գաղտնիքները … Այդ ի՜նչ անպատիվ ձևով, այդ ի՜նչ անպատմելի պատկառանքով ու ստորաքարշությամբ եք դիմավորում նրանց ,- որովհետև ձեռքներին վարկ ու դրամաշնորհ են բերել` ձեր անպատիվ ու անժամակետ խնջույքը սնելու համար: Բայց ինչ չարագույժ, մերժող ու անպատկառ եք դառնում, երբ ձեր դուռը մի հայրենի գիտնական է թակում, որը միամտորեն կարծում է, թե իր պետականության դուռն է բացել և հիմա՛, այսօ՛ր կստանա դրվատանք ու օժանդակություն: Հիշեցե՜ք, ողորմելի պետե՛ր, թե ձեր աշխատասենյակներում քանի սիրտ եք պատառոտել, որքան լուսավոր մտքեր եք մարել, որքան ձգտումներ եք ոչնչացրել, իղձեր ու մտահաղացումներ փչացրել.- մերժում եմ ձեզ ու ձեզ մոտ ելումուտ անող տարաշխարհիկ հյուրերին, մերժում եմ ձեր կնքած զազրելի դաշինքը` հոգեկան ստրկության նոր ցանցի մեջ առնել առանց այդ էլ ճորտացած ու անկյալ այս ժողովրդին, նրան դարձնել մշտական օգնություն հայցող անպատիվ զանգված և փշրել նրա ինքնության վերջին բյուրեղները: Կլինի մի օր` գզրոցներից հանելու ձեր իրականացրած անհեթեթ ծրագրերը` հաստատելու ձեր պետական անգիտությունը և ձեզ վարժարան ուղարկելու` տարրական պետական էթիկան ուսումնասիրելու համար:

    Դառնում ու քե՛զ, քե՛զ եմ ասում, ժողովրդավարություն բառը լսելիս խնդությունից ուշաթափվող ընդդիմության։ Միթե՞ հայ հետազոտական–քաղաքական միտքը այսքան գետնահար պետք է մնա, որ փարի այդ բառի ծնած համաշխարհային անկենդան կարծրատիպին… Դառնում եմ քեզ ու հարցնում՝ թեկուզև ժողովրդավարությունը հրաշալի միջոց է ազատ ընտրության՝ ի՞նչ է ընտրում այսօրվա զարգացած երկրների «ազատ» ընտրողը և իր «ընտրածը» մեծամտաբար պարտադրում մնացյալ աշխարհին.–ահա նրա ընտրած քաղաքակրթության բնութագիրը. մոլորակային էկոլոգիական ու էներգետիկ պահուստի խժռում, հիվանդ կենցաղ՝ կենդանական սպիտակուցի և ճարպի գերօգտագործումով և մանուկ սերնդի ճարպակալումով, սննդի գենետիկ այլասերում, հանրային կյանքի և մանավանդ ՝ դպրոցական կրթության ապամշակութացում, ԶԼՄ–ներից հորդող և ամբողջ կյանքը գրավող հակամշակույթի հեղեղ, ԿՅԱՆՔԻ արժեքի նկատմամբ ցինիկ վերաբերմունք և կարկցանքի բացակայություն, մոլորակի էթիկական և էկոլոգիական ճգնաժամի խորացում։ Արևմտյան կենսակերպը՝ իր գովական ժողովրդավարության թևերով որտե՛ղ էլ թափանցի՝ այս «բարիքներ տանում է իր հետ .– և այլևս փաստ է՝ Բարձրագույն Էթիկան լքել է ներկա քաղաքակրթությանը։ Այնպես որ՝ Հայաստանի և հայության անվտանգ, առաջընթաց գոյությունը իր հեռանկարում չի կարող լինել ոչ ներկա արևմտյան ժողովրդավարության, ոչ էլ նրա արժեքային համակարգերի տիրույթում. այն կարող է կերտվել մոլորակային կյանքի վերակերտման, քաղաքակրթական նորոգման, ազգային և համամարդկային մշակութային համակարգերի առողջացման և նոր որակի ազգային պետականության ստեղծման համատեքստում ։

    Եվ այսպես, իշխանություն և ընդդիմություն, ժամն է ցրելու այն գլխավոր պատրանքը, որ համատեղ փայփայում եք այսքան տարիներ։ Ներկա աշխարհակարգը, նրա հզորները և միջազգային կառույցները ձեզ մի մշտական խրատ են տալիս ու խելք սովորեցնում, իբր թե՝ եթե ժողովրդավարություն հաստատեք ձեր երկրում, ապա ձեր գործը աջ կգնա և ձեր երկիրը կծաղկի։ Եվ դու՛, իշխանությո՛ւն-ընդդիմությո՛ւն, և ամբողջ քաղաքականացված ամբոխը՝ իր բոլոր խավերով, կրկնում եք այս միտքը՝ որպես փրկության հանգրվան։ Այսօր ձեր «ժողովրդավարացված», տաք գլուխներին սառ ջուր եմ լցնում, որ այլևս չկրկնեք այդ համաշխարհային սուտը։ Նորից կրկնենք` ազատ ընտրության հնարավորությունը մեծ բարիք է, որ կարող է ունենալ մի ժողովուրդ՝ իր ազատ կամքը իրականցնելու համար։ Սակայն որևէ ժողովրդի կյանքի և ապագայի խնդիրը որոշվում է ոչ թե նրանով, թե նա ինչքան ազատ է իր ընտրության մեջ, այլ նրանով, թե այդ ազատության միջոցով նա ինչ ընտրում՝ ինչ աշխարհայացք, ինչ քաղաքակրթություն, ինչ մշակույթ, ինչ ապրելակերպ … Որևէ մարդու, նաև ազգի ու երկրի ազատ կամքը և ազատ ընտրությունը ոչ միշտ են համապատասխանում նրանց կյանքի բարձրագույն շահին. մարդն ու երկիրն էլ կարող են սխալվել և սխալ ճանապարհ ընտրել։ Ինչքան էլ հայ ընտրողը ազատ նշում անի, ճիշտ ծալի և քվեատուփի մեջ գցի քվեն, մեր ազնվագույն հանձնաժողովն էլ ինչքան ճիշտ հաշվի քվեները՝ միևնույն է՝ դա չի ազդի այն դպրոցի կրթության վրա, որտեղ տեղավորված է ընտրական հանձնաժողովը։ Այդ կրթությունը ինչպես դեգրադացվում է, այնպես էլ կշարունակի իր ողբալի ընթացքը, որովհետև ժողովրդի քվեն անգետների մի խմբի կարող է հեռացնել իշխանությունից և այն հանձնել անգետների մի այլ խմբի, որը հասու չէ նոր կրթության ստեղծման խնդիրներին։ Աշխարհը և նրա հզորները շատ լավ գիտեն դա, նրանք արհամարանքով նայում են մեր հայկական գզվռտոցներին, մի քիչ ուղղորդում են դրանք և հանգիստ սպասում են, թե ով է վերցնելու Հայաստանի ձևական իշխանությունը… Քանզի փաստացի իշխանությունը միջազգային կառույցները արդեն վերցրել են. ինչ ուղիով պետք է գնա Հայաստանը, ինչպիսին պետք է լինի նրա կրթությունը, առողջապահությունը, տնտեսությունը, մշակույթը, և այլն,– ահա այս հարցերի լուծումը այլևս դուրս են մնացել հայ պետականության որոշումների տիրույթից։ Մի' ծուլացիր, իշխանություն-ընդդիմություն զույգ, կարդա մեր համեստ աշխատությունները, որտեղ ապացուցել ենք, որ ձեր հասկացած «ժողովրդավարություն», «խոսքի ազատություն», «մարդու իրավունքներ»… և այլնը երկրորդային արժեքներ են և կարող են ծառայել երկրի առաջադիմությանը, եթե ստորակայվեն ավելի բարձր արժեքների…

  5. #5
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք

    XIV
    Սակայն ով է ծնել իշխանություն-ընդդիմություն զույգը և մեզ հանձնել նրա միասնական իշխանությանը: Այդ ծնողի անունն է Վերնախավ` հայոց քաղաքական-պետական- ֆինանսական վերնախավը… Իսկ դո՞ւ ինչպես ես ծնվել, Վերնախավ, որտեղի՞ց ես գալիս … Դրված է քո ինքնաճանաչման խնդիրը, առանց որի անհնար է հայ ժողովրդի էթիկական ինքնանորոգումը: Դու սկիզբ առար 60-70-ականների «միջանցիկ քամիների» մեջ, ըմբոշխնեցիր էժանագին գինու և սուրճի մրուրի տված վայելքը, պարեցիր ազատականության պարգևած առաջին պարերը, քնեցիր-արթնացար ռադիոձայների զգլխիչ ազատության մեջ և պատրաստվեցիր … գալու իշխանության: Հետո, շա՜տ հետո կպարզվի, որ քո ծննդյան ժամին դու չէիր սնվել ոչ մի լուրջ ակունքից – համաշխարհային փիլիսոփայություն և ուսմունքներ, պետականագիտություն, ազգային մշակութային համակարգ, էպոս.– քո հիմնադիրները այս բոլորի վրայով անցել էին հայկական թռի-վռի ոստոստյունով՝ զարմանալով իրենց ազատ թռիչքների ճանճային ուղեծրերով, որոնք ավարտվում էին սուրճի անմաքուր ափսեների եզրերին: Ահա այդպես ստեղծվեց այն խավը, որը սպասում էր իր ժամին, և Շարժումը նրանց վեր հանեց. – գիտական կամ գրողական աշխատանքի փորձով նրբացած մտածելակերպը, այդ օրերի հերոսականությունը կերտեցին վերնախավի առաջին դիմապատկերը: Սակայն քիչ անց, ընդամենը մեկ- երկու տարում իշխանության առաջին շունչը, փարիզյան իջևանատների ճոխ միջանցքները, չհրկիզվող պահարանների կանաչավուն պարունակությունը այլասերեցին դիմապատկերը, և ձևավորվող վերնախավը սկսեց վրեժ լուծել իր անցյալի նվաստացումների, չվճարված պարտքերի, էժանագին գինով ու սուրճի մրուրով ապրած տարիների համար:
    Քե՛զ, քե՛զ եմ ասում՝ հայ ներկա վերնախավի օրենսդիրներից մեկին. ժողովրդաճանաչ հայացքդ ո՛չ ժողովրդի մեջ և ո՛չ էլ հենց քո մեջ չորսաց, չտեսավ այն արարչական կիզակետը, այն խարիսխը, որն անբեկ էթիկայի կրողն է և որը մարդուն Մարդ է դարձնում և ժողովրդին՝ Ժողովուրդ: Այդ կիզակետը դու չտեսար, մեկ- մեկ միայն քեզ հասան նրա ցոլանքները, երբ գրասեղանի մոտ էիր և ինքդ քեզանից բարձր էիր,- և չտեսնելով՝ կորցրեցիր ինքդ քեզ կերտելու հնարավորությունը: Եվ հիմա, երբ արաբստաններում նարգիլե ես ծխում և կարճում ես տարիներդ` արդեն իզուր են հնչում տարաշխարհիկ ուղերձներդ առ այն, թե կյանքի՛ց, երկրի՛ց, աշխարհի՛ց բան ես հասկանում.- բան էլ չես հասկանում, ողբերգական հոգի՛, ափսոսում եմ քո կորուսյալ գրականությունը, մերժում եմ քո գեղջկական-թավադական ցինիզմը, քո գիտակցության մեծամիտ սաղրիկությունը, ինքնաճանաչման քո անկարողությունը.- քեզ միայն մի պատիժ է հասնում` անվերապահ ներում և վերադարձ հայրենիք, որ ամեն երեխա ճանապարհին կանգնեցնի ու հարցնի քեզ` այս ի՞նչ երկիր ես ստեղծել։ Ոչ դու, ոչ էլ ձևավորվող վերնախավը չարեց ոչ մի ջանք իրեն կերտելու` ինքնակրթության համար, ափսոսանքի և զղջման ոչ մի հնչյուն չլսվեց նրա բերանից... Ընդհակառակը, Երրորդ Հանրապետության վերնախավը՝ իր առաջնորդի բերանով հայտարարեց, թե չի ափսոսում կատարած որևէ քայլի համար…,և սա եղավ մի ժողովրդի ու նրա վերնախավի անկման ցածրակետը։

    Հայոց վերնախավ, քո մեջ և քո շուրջը, այո՜, կային բնածին ազնվականներ, միամիտ մանուկներ, արվեստի նորածիլ զավակներ, որ Շարժման մեջ և պատերազմի ժամանակ քո ճակատի լույսն էին, բայց ի՜նչ դաժան նրբությամբ, մեծամասնության ի՜նչ անխոս որոշումով դու ոչնչացրեցիր նրանց ֆիզիկական ու բարոյական ներկայությունը քո մեջ: Եվ այժմ, Վերնախավ, լայն ու գոհ ժպիտով, հպարտ սեփական անմրցելի գոյությամբ՝ կառավարում ես երկիրը:

    Ամեն վերնախավ ունի իր մեջ մի շերտ, մի գլխավոր առանցք, որն իր շուրջն է հավաքում մյուս ենթախավերը, ձևավորում նրանց էությունն ու պատկերը և նրանց պարտադրում իր էթիկան,- քո մեջ այդ առանցքը առևտրային դրամատերն է. Երկրի վերին իշխանությունը, օրենսդիրն ու գործադիրը նրա ճարպոտ ձեռքերին են նայում, նրան հավասարվում, նրա գործին ու որակին ինքնաձուլվում, որ բաժին ունենան նրա ասպարեզից: Բայց առևտրային դրամատերը/ խոսքը անձանց մասին չէ/ էթիկայի աղբյուր չունի,- ամեն ժամն ու ամեն օրը մաշում են գենի, ընտանիքի, համայնքի միջոցով ստացած նրա էթիկան, և չկա ավելի ոգեթափ մի էություն հայոց աշխարհում, քան նա,- առևտրային դրամատերն է երկրի հյուծողը, նա՛ է և քո հյուծողը, Վերնախավ: Եվ ինչ դաժան բախտ մի ժողովրդի համար` նրա Վերնախավը զուրկ է էթիկայից (միայն գուցե պետականության սրտում, զինյալ ուժերի և անվտանգության համակարգերում, թշնամի աշխարհի դեմ արթուն կանգնած` պահպանվում է էթիկայի կորիզը): Եթե դրսից նրա պատկերը տպավորիչ է – հարստություն, բիրտ ուժ, գոմշաճակատ մեքենաների նախիր, ապա ներքին` ոգու տարածքում – ծեր, անուժ, անկյալ մարմիններ` ագահ երախներով, իրար վրա թափված,- չի երևում ոչ մի լույս, ոչ մի առողջ ուժ, ոչ մի իղձ ու երևակայություն.– ով հայոց Վերնախավ, կա՞արդյոք քո մեջ արթուն մի հոգի` թող բարձրանա և մաքրի ճակատիդ նստած ամոթն ու խավարը:

    Վերնախավ, քո մեջ քանի՞ մարդ կա այսօր, որ իրեն քո գաղտնի գագաթն է համարում, ամենատեր ու ամենազոր զգում – մեկ, երկու… հինգ հոգի …Քանիսն էլ լինեն` ես քե՛զ, քե՛զ եմ ասում` ամենատերիդ և ամենազորիդ. հասկանում եմ, որ վտանգավոր է գրգռել ավատատիրական արյունդ` թե այդ ո՞վ է քո տարածքներում ձայն հնչեցնում: Բայց չկա այս ժողովրդի, Վերնախավի, քո կյանքի նորոգման, գուցե և փրկության այլ ճանապարհ, քան ՔՈ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ: Այս ուղերձը ստանում ես այն պահին, երբ պատրաստվում եք այս ողբալի տարածքը 41 մաս անել, իրարից քաշելով` անջատել ու պատառոտել՝ իբրև թե այս երկրի ու նրա բնակչության բարօրության համար: Իզուր է ջանքը, պետականությունը հիմքից էթիկապես սխալ է կառուցված, և ոչ մի “ժողովրդավարություն” չի կարող փոխել նրա որակը.- դու որ լա՜վ գիտես, դու որ ամե՜ն ինչ գիտես … Այսօր ցրում եմ պատրանքն առ այն, որ այսպե'ս, ա'յս աշխարհայացքով, ա'յս քաղաքական տեխնոլոգիաներվ, ա'յս վերնախավով կարող ենք ապագա ունենալ: Եվ այս միտքն ուղղում եմ ոչ սոցիալական անձիդ, ոչ ամենազոր-ամենատեր կամքիդ, ոչ ծանրումեծ քսակիդ, այլ այն արարչակերտ կենտրոնին, որը Մարդ ու Մարդկային Գիտակցություն է կոչվում, ուղղում եմ առանց թշնամության ու նորից ասում. հայոց վերնախավը էթիկա չունի և սպառված է, նրան ծնող ժողովուրդը սպառված է, և միայն մեկ մարդու, մեկ հատիկ մարդու գիտակցության փոփոխությունը և արթնացումը կարող են սկիզբ դնել վերնախավի և ժողովրդի ինքնաճանաչման, ինքնամաքրման և նոր որակի պետականության ստեղծման: Եվ այդ մեկ հատիկ մարդը գուցե դու ես. այն վայրկյանին, երբ այս միտքը հասնի քեզ` կսկսի գործել պատճառի ու հետևանքի օրենքը, և' քո, և' վերնախավի համար այլևս նահանջի տեղ չի լինելու...

    Հայոց վերնախավ, ավարտում եմ քեզ ուղղված իմ ձոնը և ավարտում եմ մի գիտելիք – առաջարկով, որն արդեն ուղղել եմ քո առաջնորդներից ու կուսակցություններից մեկին. դու' և առաջնորդնե'րդ սեփական ապագայի քաղաքական անվտանգության ծանր հոգսն եք կրում, հարյուրավոր իրարամերժ շարժառիթների մեջ` պատեպատ զարկվում, աշխարհի զորեղների հետ հոգեմաշ պահմտոցի խաղում, որ պետության նավը անվթար պահեք և շարունակեք ճանապարհը,- ահա` դուք մեկ լուծում ունեք քաղաքական անվտանգության ստեղծման – վեր բարձրանալ ձեր իսկ ստեղծած քաոսից, ամենօրյա ճղճիմ առուծախից ու հաշվարկներից և հասկանալ ամենակարևորը. այս պետականության հիմքում մի ժողովրդի ազգային- պետական ինքնադավաճանությունն է` բոլոր Բարձր Օրենքների ոտնահարումով, և դուք` այդ ինքնադավաճան ժողովրդի վերնախավը և նրա առաջնորդները մի նպատակ կարող եք ունենալ միայն՝ արթնանալ, ստեղծել նոր որակի պետականություն, սահմանադրորեն կերտել նոր երկիր` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ… Այն ժամանակ, երբ կդնեք այս նպատակը, մի ակնթարթում կբարձրանաք ինքներդ ձեզանից, նույնիսկ աշխարհի հզորներից և նոր չափումների մեջ և նոր գիտելիքով՝ նոր ճանապարհ կսկսեք…Իսկ մինչև այդ, հայոց վերնախավ, մինչև քո արթնացումը՝ դու այս ժողովրդի ծանր բեռն ես, ճակատի ամոթը, ապագայի բացակայությունը, և քեզ թողնում եմ պատմության այս խաչմերուկին` կատարելու քո ընտրությունը…

    Ձե՛զ, ձե՛զ եմ դառնում, միամիտ հոգիներ, որ վերնախավի դեմ եք ծառանում, բորբոքվում, նրան պատիժներով սպառնում և ի վերջո… անդուռ պատերի մեջ եք հայտնվում.- ձեզ եմ դառնում ու ասում` կասեցրե՜ք ձեր ապստամբական խաղը: Դուք նույն անգիտության մեջ եք, ինչ վերնախավը, ըստ էության՝ դուք էլ նրա մի մասն եք.- այն ժամին, երբ կպայծառանա ձեր գիտակցությունը` կտեսնեք, որ մի թիրախ կա, մի սրբազան կենտրոն, որի արթնացումով էլ հնարավոր է առողջացնել մեր հիվանդ աշխարհը: Եթե երբևէ ստանայիք իշխանություն` ին՞չ էիք անելու նրա հետ, ի՞նչ երկիր էիք կառուցելու… Իրական հաղթանակը այս անգամ գիտակցության ճակատամարտում է կոփվելու, և ամեն մարդու հակառակորդը առաջինն ինքն է լինելու. նախ պետք է հաղթեք ինքներդ ձեզ, ձեր աշխարհայացքային սահմանափակությունը, այնժամ էլ կկարողանաք ձեռնոց նետել վերնախավին:

    Ահա աչքիս դեմ ելնում է մի կերպար, որն իբրև մոռացության է մատնված, բայց չի մոռացվում: Կհասնե՞ն արդյոք այս տողերը քեզ`հայ ահաբեկիչ, քո տունն այժմ դուռ չունի և միակ ելքդ քո իսկ էության ճանաչումն է։ Դու էլ ելար վերնախավի դեմ` քո ֆիզիկական զարկով, հայկական ահաբեկչությանը հատուկ գոռոզ նեղմտությամբ, թե մի զարկով ապաքինելու ես մեր հիվանդ հայոց աշխարհը: Հասկանալի էր քեզ պատած անհուսությունը, բայց առավել քան ողբալի էր քո զարկի արդյունքը. մի երկիր ու նրա դատարանը չկարողացան պատասխանել իրենց առջև դրված հարցին` սովորական մի քրեական հանցագործություն էր սա, թե մի ժողովրդի էթիկական դեգրադացիայից սնված՝ նրա մի քանի անգործ զավակների անիմաստ ապստամբությունը իրենց ճակատագրի՛, հայրենիքի՛, աշխարհի՛ դեմ: Այդ պատասխանը չեղավ, բայց ինքդ քո աչքին, իմ աչքին, շատերի աչքին մի պահ գուցե ճակատագրի սուրը թվացիր, որ զարկեց էթիկան կորցնող վերնախավին: Այսօր պարզ է արդեն, որ մի “պրիմիտիվ ազգի“ զավակն ես դու, այդ ազգի սպառվող- անդամալույծ էթիկայի վերջին կայծակը`ինքն իրեն խայտառակությունից փրկելու և ինքն իրեն պատժելու համար: Անհույս էր քո գործը, վրիպած էր քո զարկը, հայ գրագետ-ահաբեկիչ, քո իրական հակառակորդը քո՛, ի՛մ, վերնախա՛վի տգիտությունն էր, որ չէինք ճանաչել Կյանքի Բարձրագույն Օրենքները և կարծում էինք, թե առանց այդ ճանաչողության հնարավոր է երկիր կառուցել: Ճիշտ էր քո ստացած պատիժը, յուրայինին զարկող` հայկական նեղմիտ ահաբեկչության վերջին մոհիկանի տեղում ես դու, բայց քեզ առավել ծանր պատիժ է սպասում՝ անվերապահ ներում և ազատություն, որ պսկակզերծ տեսնես ինքդ քեզ և երեկվա, այսօրվա ու վաղվա` բոլոր տեսակի ահաբեկիչների անսահման անգիտությունը:

    XV
    Աչքերս հույսի և նորոգման աղբյուր են փնտրում, կենդանի մի հոգի, որ կարող է մեր հայկական ճահճում արթուն մնացած լիներ և նոր ապագա ցանկանալ: Եվ քե՛զ եմ տեսնում, հայ երիտասարդությու՛ն. վրադ թափվում է երեսպաշտ հայրերի, քայքայվող համայնքի, մոլորյալ պետականության, հիվանդ քաղաքակրթության կեղծ-մշակութային աղբը,– առավոտից իրիկուն զանգվածային լրատվությունը չի հնչեցնում` գոնե մեկ-երկու րոպե չի հնչեցնում մի ազնիվ միտք, մի անեղծ մեղեդի, մի տող հանդիսավորություն… Եվ զարմանալի է, որ այս տոտալ շրջափակման մեջ քո հոգին չի կորցնում կապը Գեղեցկության հետ, և դու ուզում ես ապրել, փնտրել ու գտնել: Քե՛զ, քե՛զ եմ ասում, հայ երիտասարդ հետազոտող.- սուր միտքդ ու նույնքան սուր գրիչդ պատռում են նախապաշարումները, անկյանք ավանդույթների խաբկանքները, հայ մտավոր ծուլության ստեղծած սխեմաները, և դու գիտե՛ս, որ հայրենական քաոսից կարող է ծնվել մի նոր ներդաշնակություն և նոր Հայաստան… Սիրտդ ձգտում է գիտելիքի և ազատության, սակայն այսօրվա ազատական հանգրվանդ չի կարող հրթիռային թռիչքի հրապարակ լինել, քանզի ազատականությունը ճանաչում է միայն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ կեղևը, անցողիկ ձևերը, ձևերի խաղն ու օգուտ-վնասը, բայց ոչ երբեք ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ: Եվ ճիշտ ես, երբ ասում ես` ազատությունը պատասխանատվություն է, բայց դրանից առաջ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է,և եթե բախտ ունենաս ու կոչված լինես, մի կտոր հացի հանգրվանում երկար չհապաղես` մի օր կգտնես Ազատության Դպրոցը, որը ցույց կտա Ուղին, այնժամ արժանի կլինես Ուղու Աշակերտության, և կսկսվի Ինքնաճանաչումդ` որպես մի նոր սկիզբ: Հայ երիտասարադություն, կլինի՞ մի օր՝ տեսնել քեզ առողջ ու երջանիկ, արարչածին պատանեկան էներգիան դեպի սիրտդ ու գիտակցությունդ ուղղված, երբ երիտասարդ զույգը` ֆիզիկական աստվածատուր պարգևով արբեցած ու երջանկացած, նրա թևերի վրա թռչում է դեպի կյանքի` արվեստի և աշխատանքի բարձունքները: Հայ երիտասարդությո՛ւն, հայրերի փլուզվող ավանդույթների և սովորույթների ավերակների վրա ե՞րբ ես կերտելու Նոր Առասպելներ և Նոր Մշակույթ:


  6. #6
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Ե՞րբ ես առողջանալու, Դոգվիլ-Հայաստան

    Հայ ժողովուրդ, քո սպառված կերպարին հրաժեշտ տալուց առաջ՝ նորից քեզ եմ դառնում` քո պատմության այս ժամին, և աչքիս դեմ են ելնում քո պատրանքները, կարծրացած ինքնագնահատականները, որ քարաղի նման նստել են քո թևերին և բացառում են որևէ թռիչք ու խիզախում: Ահա իմ դեմ է ելնում քո ընտանիքը` հազարամյակների քո հպարտությունը, քո գաղտնի պետականությունը, արարչական աստիճանակարգի քո մանրակերտը,- և քո վստահությունը, թե այսպիսի ընտանիք ունեցողը կդիմանա ժամանակի հարվածներին: Ավաղ, տարեգրիս դառը պարտականությունն է՝ բացելու քո աչքերը – քո ընտանիքը դեգրադացիայի է ենթարկվում, և փլուզվում է քո ինքնագոհության վերջին պատվարը, քո վերջին առասպելը: Քո ընտանիքը բարձր է եղել կնոջ բարձր դիրքով, Մեծ Մոր իմաստությամբ, կանացի սկզբի խնամքով, տղամարդ ու կին պարող զույգի տիեզերական հավասարությամբ: Սակայն այս լույսը շատ հեռվից է գալիս, արիական ցեղի արմատից և թուլացել ու հյուծվել է` Հին Ուխտի ու եկեղեցու պղտոր կնատյացության մեջ, և մեղսավոր Եվայի խեղճ, անհպարտ, ողորմելի կերպարն է առել հայ թագուհի - կինը: Եվ այսօր, այս թվացյալ ազատ ժամանակներում, հայ կնոջ նվաստացումը, ստորացումը, նրա մարմնի ու հոգու շահագործումը, նրա արարչական կանացիության և ճանաչողության, կյանք ստեղծելու նրա քնքուշ հանճարի անտեսումը հասել է մի ողբերգական ցածրակետի …

    Հավերժ կանացիության տիեզերածին էներգիան, որ իր ստեղծող արգանդից արևներ ու մոլորակներ է ծնում, Բնության թագավորություններ արարում` այս մոլորակի վրա, նաև Հայաստան երկրում, մեղքի ու անկման խորհրդանիշ է դարձել: Քե՛զ, քե՛զ եմ ասում, հայ ընտանիքի մեծապատիվ հայր, որ մեկ-երկու կանաչ թղթադրամով 18-ամյա գեղեցկուհուն ճարպոտ ու հարբած մարմնիդ տակ ես առնում և բռնադատում, բայց երբ տուն ես դառնում` քո 18-ամյա դստեր բարոյականության ցերբեր-պահապանն ես դառնում, նրա սիրելու ու սիրվելու իրավունքը ոտնահարում, երիտասարդությանը քո պապերի ու նրանց պապերի երեսպաշտ բարոյականությունը պարտադրում: Եվ կարծում ես, թե ամուր ընտանիք ունես. իսկ գիտե՞ս, թե այդ «ամրությունը» ի՛նչ կանացի արցունքով ու տառապանքով է տրվում, ինչքա՜ն թախիծ և կյանքի մերժում կա նրա մեջ: Հայ ժողովուրդ, մերժում եմ քո բարոյական երկդիմությունն ու երեսպաշտությունը, հանուն սոցիալական ավանդույթի` մատաղ կանացի սկիզբը ճզմելու քո մոլեռանդությունը, երեսնամյա աղջիկների չորացող, անսեր մնացած արգանդների հանդեպ քո անտարբերությունը, ամենայն էթիկականը վաճառած` ծեր երեսիդ իբրև լույս գցող` քո կարմիր խնձոր-կուսապաշտությունը: Բավական է, ընտանիքի ստեղծման ու սեռերի հարաբերության քո ավանդույթը սպառված է արդեն, քեզ սպասում է դաժան արթնացում, Ադամ-Եվա թշվառ զույգի էթիկական պաշտոնաթողություն, տղամարդ- կին տիեզերական հարաբերության նոր, առողջ ընկալում և նրանց կյանքի Նոր Առասպելի և Նոր Մշակույթի ստեղծում:

    Հայ ժողովուրդ, դառնում եմ նորից դեպի քո մշակույթը – քո արվեստն ու գրականությունը, քո գիտությունը և կրոնը,– և ի՛նչն է դրանց նշանակությունը որևէ ժողովրդի համար՝ օգնել այսօրվա առողջ, երջանիկ կյանքի ստեղծմանը, պայծառ աշխարհաճանաչմանը, մարդ–արարածի ինքնակերտմանը։ Բայց ծերացող ժողովուրդները իրենց մշակույթի օրինակները կախում են իրենց պարանոցից, պաշտում դրանք ու փայփայում, մի օր էլ նրանց ծանրությունից խոնարհվում են ու ջարդվում, իսկ ավելի երիտասարդ ազգերը՝ ազատ ու թեթև, իրենց կենդանի մշակույթի անկշիռ ոգին առած՝ սլանում են դեպի ապագա։ Հայ ժողովուրդ, քո պաշտելի մեծերը կարող են դառնալ ու դառնում են այդպիսի ծանրություն, իսկ նրանց հոգևոր համակարգերը՝ մի պրոկրուստյան մահիճ, որի մեջ դու ուզում ես տեղավորել քո մտավորականի աշխարհայացքը և ճանաչողությունը՝ որպես վկայութուն նրա կրթության ու հայրենասիրության։ Եվ դու ուզում ես, որ քո մի Մեծի տիեզերահառաչ Ողբը, նրա երգած մարդկային մեղքի լալահառաչ օվկիանոսը դառնան կենսական ակունքներ՝ քո նոր երիտասարդության համա՞ր, դու ուզում ես, որ մյուս Մեծի կրոնական կուսակցությունը դառնա օրինակ մեր կրոնախև հավատացյալ ամբոխի համա՞ր, դու ուզում ես, որ բանաստեղծներիդ մազոխիստական գանգատները դառնան օրինակ հուսազրկված մի սոցիումի համա՞ր։ Հայ ժողովուրդ, մերժում եմ քո մշակութային ծերությունը, մտավոր խավիդ գավառական ծուլությունը, հերոսական էպոսիդ, տոհմիկ երգիդ ու պարիդ, կենդանի բարբառներիդ հանդեպ քո անընդմեջ դավաճանությունը, քո ներկա լեզվի ու մտածողության աղքատ-ամլությունը, ապագայի հանդեպ քո վախ-անտարբերությունը, նոր առասպելների ու նոր մշակույթի ստեղծման քո անկարողությունը։

    Հայ մշակույթի ներկա ամբողջությունը մի անցնող, ծերացած քաղաքակրթության ժամկետանց անձնագրերից մեկն է, եկել է նոր անձնագիր ստանալու, անցյալի գաղջ զգեստներից ազատվելու, տիեզերական-մարդկային, արարչական -հայկական մշակութային միջուկը գերությունից ազատագրելու և նրա հիման վրա՝ ինքնանորոգ Նոր Մշակութային Ամբողջություն կերտելու ժամանակը։

    Անցնում եմ առաջ, հայ ժողովուրդ, և այս ամենից հետո ուզում եմ տեսնել քեզ՝ որպես սոցիալական էակ ու ամբողջություն, որսալ ու հասկանալ քո սոցիալական բնությունը։ Եվ ի՜նչ եմ տեսնում. ահա քո հայաստանյան տարածքի վրա ելնում են քո այսօրվա տերերը, ցուցադրում են իշխանական կամ ֆինանսական մկանները, գրավում են քո հայացքը, և քո դեմքին ծաղկում է հլու ժպիտը՝ իր լայնությամբ ու հոժարությամբ խիստ համապատասխան տիրոջդ ֆինանսներին ու ուժին։ Միթե քո արգանդում է մեծացել այն սաղմը, որ հետո Զորավար դարձավ, և մեզ թողեց Ոգու Ուսմունքը։ Միթե քո արգանդում են մեծացել մշակույթիդ այսօրվա Զորավարները, որ ուզում են նահանջիդ դեմն առնել։ Ամաչում եմ քո ներկայի համար, քո անկման համար, և բացի այս զգաստացնող ցավից՝ այլևս ուրիշ օգնություն չեմ կարող քեզ հասցնել։
    Հայ ժողովուրդ, քո էթիկան սպառվում է, քո մշակույթը հիվանդ է, քո մարմինը բզկտված է, և միայն սեփական անկման ճանաչումը – բոլորի կողմից՝ սկսած հողի վարձու մշակից մինչև պետական-քաղաքական վերնախավը, այդ ճանաչումից ծնված այրող ամոթը, այդ ամոթից ծնված ոգու ինքնաճանաչումը և գիտակցության ընդլայնումը, դրանցից ծնված` նոր որակի ազգային պետականության ստեղծման Ծրագիրը և այն իրականցնելու հավաքական կամքը,- ահա այսպիսի նորոգումը միայն կարող են քեզ համար ճանապարհ բացել։
    Էպիլոգ

    Այս դառը ձոնն ավարտելուց առաջ պետք է հիշեմ մի քանի պայծառ անուն, որոնց այն չի հասցեագրված:

    Սիրտս խոնարհեցնում եմ քո առջև, բնիկ մշակույթի հավատարիմ կրող, Միայնակ Զորավա՛ր, որ պայքարի ես տանում տառի ու բառի, հնչյունի և գույնի զորագնդերը՝ ընդդեմ ամբոխի ստեղծած քաոսի: Միայնակ Զորավարնե՛ր, դուք եք Հայաստանի Գաղտնի Կառավարությունը։

    Սիրտս խոնարհեցնում եմ քո առջև, Հայ Աշխատավո՛ր, որ միշտ և այսօր քո գործն ես անում՝ Ստեղծողի միամտությամբ, սիրով ու նրբակերտ արվեստով, և քեզ չի հասնում ոչ մի եղծություն։ Հայ Աշխատավորնե՛ր, դուք եք հայության Գաղտնի Զորքը։

    Եվ քո առջև, Մայր –կի՛ն, որ զավակ ծնելիս Մայր–Աստվածուհու նման ինքնազոհ ես ու կատարյալ ։ Մայր -Կի՛ն, դու ես գործելու մեր ապագայի գաղտնի հյուսվածքը։

    Եվ քո առջև, Պարմանի՛, և քո առջև, Պարմանուհի՛, որ առաջին անգամ զգում եք Սերը, որպես անբիծ աստվածներ։ Պարմանի՛ և Պարմանուհի՛, դուք եք կերտելու մեր գոյության Նոր Առասպելը։

    Ահա ձեզ համար, ձեր ապագայի համար, մի նոր հայ ժողովրդի – ազատ, արի հերոսական մի նոր ազգի ծննդյան համար գրեցի այս ձոնը, որպեսզի այն դառնա սկիզբ մի նո՜ր, անհու՜ն, դեռևս չգտնվա'ծ ապագայի..
    Վերջ

  7. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (20.12.2008), Այգ (06.05.2008)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատմական Հայաստան
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 1 շաբաթ առաջ, 20:55
  2. Պաղեստին-Հայաստան-Գողգոթայ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, տեղեկություններ, հոդվածներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.08.2010, 21:36
  3. Գևորգ Էմին. Խոսիր, Հայաստան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.12.2007, 18:30
  4. Ե՞րբ, ո՞ր տարիքում և ինչպե՞ս է պետք սկսել սեռական կյանքը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Սեռը և կյանքը
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.10.2007, 12:22

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •