Ձեր երիտասարդական խոսակցությանը ուզում եմ միջամտել իմ 30-ամյա ընտանեկան փորձով: Հիմա կասեք, թե ֆորումը երիտասարդների տեղ է, և ժամանակներն էլ փոխվել են, և այսօրվա սերունդը երեկվանը չէ և այլն: Նախ, մեզ հայտնի այս հասկացությունների մեծ մասը կեղծ է, մտացածին, ինչում կհամոզվեք տարիների ընթացքում:
Որպես բնագետ և առողջագետ, կարող եմ ասել, որ թեկուզ ձեր ասած բոլոր գործոններն էլ կան և միշտ եղել են, ամուսնանալու և ընտանիք կազմելու հիմնական մղումը և շարժառիթը բնազդն է` այսօր, ինչպես 30 տարի առաջ /իմ ժամանակներում/, ինչպես նաև 300 և 3000 տարի առաջ: Ընտանիք թե ազատ կապ` սա ձևի, մշակույթի, կրոնի և ավանդույթի խնդիր է, սակայն էությունը նույնն է` սիրելու, սիրված լինելու, մայրանալու /նաև հայրանալու, իհարկե/, բնազդն է, հավերժական բնազդը:
ԵՐԿՈՒ ԾՆՈՂ
Ես մի մարդ եմ սովորական
Եվ սիրում եմ իմ զավակին,
Ու ցնծում եմ ամեն անգամ
Երբ փարվում եմ գորովագին:
Ծիծեռնակն էլ գուցե այդպես
Իր ձագուկին է փայփայում,
Արդյոք տեսնես նա էլ ինձ պես
Երջանիկ է այս աշխարհում:
Ծիծեռնակին հանդիպեի,
Խոսեինք մեր ձագուկներից,
Ես իմ տնից կպատմեի,
Նա` իր կապույտ երկինքներից:
Մեր հոգսերից ամենօրյա,
Մեր հույսերից` պայծառ այնքան,
Չէ որ նույն մեծ սիրով լցված
Ծնողներ ենք սովորական:
Եվ գիտեմ` մեզ կզոհեինք,
Թե սպառնար մի օր խավար-
Նա` իր կապույտ երկինքների,
Ես` սիրելի իմ տան համար:
Ահա այսպես է գրել բանաստեղծը /Լևոն Դռնոյանը` իմ ամուսինը/ այդ բնազդի մասին: Ձևի մասին դեռ շատ կխոսենք, ձևերը փոփոխական են, տարբեր ժամանակներում և տարբեր ժողովուրդների մոտ տարբեր... Իսկ որ ասում են, թե բնազդն ու սերը հավերժական են, և դա այնքան ծեծված միտք է համարվում... սակայն դա հենց այդպես է... և ձեր բոլորի փնտրածն էլ հենց դա է, հավատացեք:
Մենք էլ այս ֆորումի միջոցով կփորձենք այնպես անել, որ ձեր սերը բնազդի մակարդակից բարձրանա ավելի ու ավելի բարձր: Իսկ այդ հրաշալի բարձունքները կան և ձեր և մեր առջև, սիրելիներս: