Սիրելի Քանդակագործ, ազնիւ եղբայր,
Դու կարող ես խոժոռատես ժայռին տալ. հիասքանչ հրեշտակի տեսք, քանզի քարը կենթարկուի սղոցիդ ու տաշոցիդ, մինչ մարդկանց ուղղել՝ դէպի բարին ու իդէալականը...հազիւ թէ: Դրան են փորձել հասնել, ու հասցնել մարդկային պատմութեան մեծագոյն մարգարէները, վարդապետները, գաղափարախօսները. սկսած յոյն իմաստասէրներից, Կոնփուկիոսից, մինչեւ՝ Մարկս ու Ենգելս:
Մարդս իր եսապաշտութիւնն ու իշխանատենչութիւնը կարողանում է ծարիրել, ու շպարել, մարդկային կամ ազգային, վեհ գաղափարներով. հասնելու համար տիրակալութեան: Գուցէ նա, ինքն էլ է խաբւում, իր արդարամտութեանը եւ իր պայքարի ու գործի ճշմարտացիութեանը: Երբ սուտը տեւական է լինում. մարդիկ սկսում են հաւատալ այլ եւս:
Դու կարող ես քարի կտորին տալ որոշակի ձեւ, սակայն կարո՞ղ ես (?) երկիր մոլորակի 7 միլիառ բնակիչների հոգիներին տալ. խիղճ չծախելու եւ չծախուելու արարչապահուածք:
Մարդիկ որոշ չափով ազատ են. ազատ չլինելու, կաշառքով քուէ վաճառելու իրենց ընտրանքի մէջ, նաեւ ազատ են. յիմար լինելու եւ իրենց յիմարութիւնը արդար եւ անարդար պատճառաբանումներով չքմեղելու մէջ:
Իշխանութեան հասնում են քաղաքականութիւն խաղալով, իսկ քաղաքականութեան խաղը պահանջում է. ստել, խաբել, երկերես ու անխիղճ լինել: Ո՞ր ազնիւ անձը կարող է այդ խաղը խաղալ, եւ չապականուել:
Իշխանութիւնն ու հարստութիւնը մի տեղ հանդիպում են անտարակոյս:
Ես կը հաւատամ, ա'յն իշխանաւորի հաւանական ազնուամտութեան, երբ նա պատահմամբ հասնի իշխանութեան գագաթին:
Խրտչել եմ մի շարք երեւանցիներից, քանզի չեն վարանում, սուրբ զոհերի, Մեծ Եղեռնի անմեղ զոհերի յիշատակը շահագործելուց, իրենց արդար կամ անարդար իշխանատենչական ջրաղացին ջուր լցնելու համար: Ինչպէս նաեւ տեսնում ենք, ոմանց՝ պարտեալների, մէկ օրից միւսը. Արցախի ճանաչում պահանջելու հապճէպ եւ քաղաքականապէս այժմ չարդարացուած խնդրի բարձրացումը, շահելու համար այս անգամ. ազգայնական ընտրողների համակրանքը:
Ուրեմն, քաղաքական գործիչներն, ըստ ընտրազանգուածի քաղաքական տրամադրութեան, կարողանում են գոյն փոխել, նման այն գորտին, որ փոխում է իր գոյնը, ըստ նստած գետնին:
Դու խօսում ես պայքարի մասին, իսկ ի՞նչ ասել այն միլիոնաւորների հակապատերազմ երթի մասին, Նիւ Յորկից մինչ Դելհի եւ այլուր, որ դոյզն իսկ խիղճը չցնցեց, դեմոկրատիայի առաքեալի շապիկ հագած այդ խենթերին, չէ՞ որ նրանք կարողանում եմ արդարացնել իրենց ոճիրները, այնպէս որ երիտ թուրքերը սկզբից խմբագրեցին եւ ի լուր աշխարհին «արդարացրին». Հայ ժողովուրդի Ցեղասպանումը:
Դու խօսում ես մարդկութեան մասին, բայց չէ՞ որ աշխարհի գեր տէրութեանց, կայսերական ազգերի սուլթանների ու ցարերի համար, թոյլ ազգերի արիւնը կարմիր չէ եւ ոսկորը՝ կապոյտ:
Խաբում են մեզ մանկապարտէզներում ու նախակրթարաններում, խաբում են նաեւ մեզ իսկապէս սիրող ծնողները, եւ տաճարում ճարտասանող թէ ճամարտակող կղերականները. հաւատացնելով բարու արդարի յաղթանակին, եւ խրատելով լինել բարի ու արդար:
Գայլերի միջեւ պիտի լինել գիշատիչ գայլ, այլապէս՝ լացող ու ճչացող երեխայիդ կաթ չես կարող ապահովել: