Այսօր մեր տան զանգը տվեցին... Քարոզիչներ էին: Կրոնականությունը շատ հաճախ վեր է ածվում կրոնախևության, խլում հավատացյալ կոչվող մարդու հոգեկան ուժերը...Սիրել Կյանքը, Գեղեցկությունը, արարչական Ստեղծագործությունը և ...ապրել: Գուցե սա՞ է լավագույն կրոնականությունը: Բերում եմ մի զրույց "Արշալույս" ձեռնարկից, այն իր մեջ ունի մի բանալի` թեմայի հարցին պատասխանելու համար... Իսկ ձեր սիրտն ի՞նչ է ասում...
ՀԵՔԻԱԹ ԱՐԵՎԻ ՈՒ ՆՐԱ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հազար-հազար տարիներ առաջ Արևը երեք տղա ունեցավ, ամեն մեկը` մի փոքրիկ արև, արևի նման լուսավոր ու գեղեցիկ: Իսկ երկիր մոլորակը նրանց մայրը եղավ:
Տղաները մեծացան և շատ սիրեցին իրենց Հայր-Արևին: Եվ մի օր Արևն ասաց.
– Զավակներս, գիտեմ, որ ինձ շատ եք սիրում: Տիեզերքում չկա ավելի թանկ բան, քան ձեր սերը: Ես էլ մի ցանկություն ունեմ, որ պետք է ձեզ հայտնեմ: Թե սիրում եք ինձ, սիրեք այնպես, որ երկիր մոլորակի վրա սերն ավելանա, և մարդիկ ապրեն սիրո ու խաղաղության մեջ:
Ասաց Հայր-Արևն իր խոսքը, և երեք որդիները մտածմունքի մեջ ընկան. ի՞նչ անեն, ինչպե՞ս սիրեն իրենց հորը, որ նրա ցանկությունը կատարվի:
Ավագ որդին շատ մտածեց, որոշեց Արևի պատկերը հանել, դնել ոսկյա շրջանակի մեջ, կախել իր ապարանքի ոսկյա դահլիճում ու ամեն օր նրան պաշտել ու սիրել: Այդպես էլ վարվեց, ու նրա հետ Արևին սկսեցին նման կերպ սիրել նրա կինը, երեխաները ու նրանց հետ հազարավոր մարդիկ:
Միջնեկ որդին շատ մտածեց, քիչ մտածեց, որոշեց լեռներ բարձրանալ, Արևին ավելի մոտ լինել, պաշտել ու սիրել նրան: Եվ միջնեկ եղբայրն առավոտից երեկո ապրեց ու խոսեց Արևի հետ և այդպես կատարեց իր որդիական պարտքը: Ու շատ շատերը նրա նման թողեցին իրենց ընտանիքները, լեռներ բարձրացան ու ամբողջ կյանքն Արևի հետ եղան:
Հասանք Արևի երրորդ որդուն, որ ամենագեղեցիկն էր եղբայրների մեջ: Նա չհանեց իր հոր պատկերը, քանի որ կենդանի Արևն այնքա˜ն գեղեցիկ էր: Նա չբարձրացավ լեռներ, քանի որ Արևին ուզում էր նայել իր ընտանիքի, բոլոր մարդկանց հետ: Նա մնաց իր տանը, ողջ կյանքն ուրախ ու թեթև իր գործն արեց և իր մի կտոր հացն ուրախությամբ կերավ: Ու նա մի օր լսեց, որ Հայր–Արևը երգում է, նրա հետ երգում են բոլոր քարերն ու էակները Երկիր մոլորակի վրա: Եվ նա գրի առավ այդ երգերն ու նվիրեց մարդկանց: Երրորդ որդին բանաստեղծ դարձավ:
Ու մինչև այսօր էլ Երկիր մոլորակի վրա ապրում են Արևի երեք որդիները, և ամեն մեկն իր ձևով սիրում են Արևին:
Եվ ամեն մեկն կարծում է, թե ի՜նքն է ամենաշատը սիրում իր Հորը, ու օգնում է, որ մարդիկ ապրեն սիրո ու խաղաղության մեջ:


Մեջբերել