Յուրաքանչյուր քաղաքակրթության, ինչպես և մասնավոր հանրության կեցության կարևորագույն բաղադրիչը սեռն է, սեռի մշակույթը: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է ինքն իրեն համարում տվյալ հանրությունը, սեռը ու նրա մշակույթը եղել ու մնում են տվյալ հանրության գնահատականի, նրա հոգեբանության, գիտակցության տարբերակման կարևորագույն հատկանիշը: Ժամանակակից քաղաքակրթության զարգացումն իր բոլոր հայտնի փուլերով, ըստ էության, ուղեկցվել է սեռի մշակույթի զարգացմամբ և այդ փուլերը հաճախ եղել են արդյունք հենց սեռի մշակույթի փոփոխության: Սեռը երբեք չի եղել բացառապես սերնդաստեղծման գործիք, նույնիսկ մարդկության մանկության շրջանում: Սեռը միշտ եղել է և մնում է ծես, և կախված այն բանից, թե ինչպիսին է այդ ծեսը, որոշվում է նաև, թե ինչպիսին է տվյալ հանրությունը, որի սեռի ծեսն այդպիսին է: Առավել կոնկրետացնելով ասվածը հայ հանրության նկատմամբ, պետք է արձանագրել, որ հայ հանրությունը, գոնե այնպիսին, ինչպիսին այն այժմ է, չունի սեռի կայուն ձևավորված մշակույթ` բառի լայն իմաստով, այսինքն` սեռի ծեսի ամբողջական համակարգ: Սեռը հայ հանրության պարագայում ընտանեկան ավանդույթի ֆունկցիան է և նրա հատկանիշները որոշվում են հենց ընտանեկան ավանդույթի հատկանիշներով: Չանդրադառնալով ընտանեկան ավանդույթներին, որոնք առանձին թեմայի խնդիր են, այստեղ արձանագրենք միայն, որ հայ հանրության սեռի մշակույթը տեղավորվում է միջավայրի հետ կենդանական ադապտացիայի անհրաժեշտություններին` իր երկու բաղադրիչներով` որդեծնությունը` որպես գոյատևող հանրության ֆիզիկական գոյության երաշխիք, և ընտանիքը` որպես միջավայրի հետ ադապտացիայի միջոց: Այս երկու գործառույթներից դուրս հայ հանրության սեռի մշակույթը կա և մնում է մի պարականոն մշակույթ` առանց գիտելիքի, խորքային ձևավորվածության որևէ հատկանիշի: Ասել է` թե հայ հանրության սեռի ծեսը, ըստ էության, ազգային ինքնավերարտադրության սոսկական կցորդի պատմական շարունակականության ապահովումն է` առանց կոնկրոտ ձևավորված մշակույթի ու կանոնների համակարգի:


Մեջբերել

