Ռուսաստանը` առողջ ապրելակերպի ներդրման համար 2009 թվականից ահռելի ներդրումներ է նախատեսում: Սրա մասին մի-քանի անգամ լսեցինք Վլադիմիր Պուտինից: Դրանք իհարկե, նախևառաջ կվերաբերվեն ծխախոտին և ալկոհոլին... Սակայն, հետաքրքիր է թե ալկոհոլիզմից ռուս ժողովրդին ազատելու կամքը բավարար կլինի՞ հեռուստատեսությունից հաճախակի հնչող գարեջրի և օղու գովազդը հանելու համար. զարմանալ կարելի է միայն, թե որքան անհետևողական է մարդկային և պետական միտքը: Նայում ես որևէ խորիմաստ, խորզգա հաղորդում մարդկային դժբախտությունների մասին, որ ծնել է հենց այդ արատը` վաղ հղիություններ, մանկահաս մայրերի ողբերգություն, ընտանիքի քայքայում, հանցագործություն և այլն... և դեռ այդ տպավորությոն տակ սկսվում է գարեջրի և հայտնի օղիների գովազդը... Մնում է միայն զարմանալ, միթե անուժ են երկրներն ու իշխանությունները այն մարդկանց խմբերի առջև, որ իրենց բիզնեսը հիմնում են մարդկային այդ ցածր բնազդների վրա:
Երբ առողջագետի հայացքով նայում եմ մոլորակային կյանքին, միայն մեկ եզրակացություն եմ անում. ամեն ինչ արված է, որ մարդը առողջ և երջանիկ չլինի, ամեն ինչ ուղղված է կյանքի դեմ, իր բնույթով ունի ինքնասպանության հատկանիշներ` սկսած ռազմական ուժերից մինչև սնունդը:
Սակայն նպատակս լավ բանի մասին գրելն էր. դպրոցական սննդի կարգավորման մասին, որ ձեռնարկել է Ռուսաստանի իշխանությունը այս ուսումնական տարուց: Ափսոս, մենք դա կարող էինք անել դեռ տաս տարի առաջ, և արել էինք, մոդելը ստեղծել էինք... Ինչպես միշտ այդ դեպքերում լինում է` պարգև և խրախուսանքի փոխարեն... հյուծիչ դատական պրոցեսների արժանացանք, գազազած ամբոխի դավաճանությունների և հարձակումների... մինչև հոգնեցինք, հյուծվեցինք...
Ոչինչ, մի տաս տարի հետո այնքան կլսենք Ռուսաստանի փորձի մասին, նախարարները այնքան կգնան, կտեսնեն, միչպետական պայմանագրեր կկնքեն, խորհրդատուներ կկանչեն, մեծ գումարներ կվճարեն... որպեսզի ստանան այն, ինչ իրենց զավակները սիրով ու անվճար խնդրում էին վերցնել և կիրառել տաս-քսան տարի առաջ:
Կարելի է միայն ցավել այս անհեթեթության համար... սակայն եկեք խոսենք Ռուսաստանի այդ նախաձեռնության մասին, ինչը, ի դեպ, այս կամ այն կերպով արդեն անում են շատ երկրներում:
/շարունակելի/
...



Մեջբերել