Ղափանցեան.
Այժմ տեսնենք թէ որքան հասարակ եւ յատուկ անուններ ունեն հայերը, ժառանգած այդ շուբար-խուռիներից:
1. ašt «կին» (женщина-җена), ամենագործածական բառարմատ է զանազան բներով եւ ածանցեալ ձեւերով բոլոր խուռիական աղբիւրներում (բարբառներում), ինչպէս ašta, որից իգական անուններ՝ Aštahuta, Aštaqanza, Aštakina եւ այլն Նուզիում, aštu- կամ ašdu ածանցաւոր aštuh(h)i||ašduh(h)I «կանացի», իգական բառի մէջ, aštuzzi-հագուստի տեսակ է, կանանց յատուկ անունների մէջ, ինչպէս եւ կանանց անձնանունների մէջ-Ašte, Ašten, Ašdallia եւ այլն: Համեմատել հայոց աստ-ել «ամուսնութեան համար նշանած ընտրել, աղջիկ ուզել» (մէկ անգամ գործածուած Տիմոթէոս Կուզի «կնիք հաւատոց», էջ 168), որից աստող «աղջիկ ուզող, նշանած, փեսացու» (մէկ անգամ, անդ էջ 283), ինչպէս ռուսերէն ունենք җена բառից җениться (=աստել) եւ җених (աստող): Տիմոթէոս Կուզի հայ թարգմանիչը անշուշտ Հայաստանի հարաւից է եղել, որտեղ եւ պահպանուել է այդ թանկագին խուռիական ծագումով բառը: Այ բառը բերում է Հ. Աճառեանը (Արմ., բ., I, 566-567), որը սխալ կերպով տալիս է Առձ. Բառարանը «հաստիլ-նշանուիլ աղջկան»):
2. pap- կամ pab- «լեռ, սար», որից ածանցաւոր papni եւ papahhe «լեռնային» նաեւ «արեւելեան», որը եւ աշխարհագրական անուն է դարձել Papanhe (Babanhe), որպէս երկրանուն: Կան եւ արական անձնանուններ –Parante (Babante), Ar-baba «նուէր լեռան», Ari(p)-parni, Tatip-papni, Zilip-papni…, իգական անձնանուն Papaia: Յոհաննէս Ֆրիդրիխը այդ խուռիական pap «լեռ, սար» բառի հետ համեմատում է նրան ազգակից ուրարտական babani «լեռնային», որը ածանցական է պարզ bab(a) արմատից եւ որը տալիս է ի միջի այլոց Երեմիա Մեղրեցու բառարանը՝ բաբա «բլուր», խուռիական pap-ին ես կը կցէի նաեւ ափափա «դժուարամատչելի լեռնային ժայրեր», որը, ինչպէս տեսնում ենք իր վերջին «ա»-ով սիրիական տեսք ունի: Նմանապէս մենք ունենք Բիթլիսի կիրճի լանջի վրայ Փապշէն գիւղանունը, որը շեշտում է Փապ կամ փափ բառի նաեւ «զառիվայր» իմաստատարբերակը: Նոյն այդ արմատին են պատկանում Փամփ լեռնանունը (որից Փամբակի ձոր) եւ Փապակ անձնանունը: Թերեւս կապ ունենայ նաեւ փապ կամ փապար «ճեղք ժայռերի մէջ»: Տե'ս վերը մեգրելական p‘ap‘ala զառիվայր, обрыв բառի մասին:ս
3. Sarri կամ šarri «ծառայ», որը գրւում է երկու նշաններով՝ šar (sar) եւ ri, թէպետ կայ եւ պարզ sar (šar) ինչպէս եւ sar-ra (šar-ra) եւ sar-ru (šar-ru): Արտաքուստ հնչիւններով համընկնում է ակկադական šar-ru «թագաւոր» բառին, որի հետ եւ շփոթուել է: Ըստ իս խուռիական այդ sarri (||sarra) բառի «ծառայ» նշանակութիւնը արդարանում է ոչ միայն սումերա-խուռիական nam.gar. ra=sar-ri համեմատութեամբ, որ բերւում է Ռաս-Շամրայի վերոյիշեալ բառարանում (III, 31), եւ նշուել է նաեւ ուրիշների կողմից (A. Götze, Die Annalen des Muršiliš, Leipzig, 1933, էջ 228), այլեւ այդ բառի առկայութեամբ հայերի եւ վրացիների մօտ, թողած դեռ այլ հանգամաններ, մասնաւորապէս կրօնա-գաղափարական հին մտայնութիւնը: Նախ, իմաստի տեսակէտից պէտք է ասել, որ սում. nam.gar.ra բառը այլուր փոխարինուած է nam.ri կամ nam.ra ձեւով եւ համապատասխանում է ակկադ. šallatum «նուաճուած քաղաքներից տարուող բնակչութիւնը», թէպետ nam.ra թարգմանում են ոմանք նաեւ «գերի, ստրուկ, կոլոն» (տես Götze-ի մօտ նոյն տեղում): Յետոյ, ի զուր են ոմանք ցանկանում այդ խուռ. šar-ri (šarra) բառը համարել փոխառութիւն ակկ. šarru «թագաւոր» բառից: Յաճախ է բեւեռագիր արձանագրութիւններում պատահում այսպէս ասած «ռեբուսաձեւ» արտայայտութիւն, երբ օտար բառով այդ նոյն հնչումը արտայայտող գաղափարագրով են գրում տուեալ վանկը կամ բառը: Սխալւում են նաեւ խուռիտական այդ բառը փոխառութիւն չհամարողները (Վայդներ, Գուստավա), որոնք ուզում են կապակցել խուռ. šar-«պահանջել, խնդրել» բայի հետ: Տարօրինակ կը լինէր վերջապէս, որ ստրկատիրական այդ հին աշխարհում գոյութիւն չունենար «ստրուկ» բառը, երբ, օրինակ, այդ սովորական բառ էր ասսուրաբաբելացիների կամ կասսիտների մօտ: Համեմատել ակկ. Ward-u (>urd-u) «ստրուկ», wardutu «ստրկութիւն» եւ անձնանունները-Waradtašmetu, Waradteia (Waradtešup անուան կրճատումն է), Waradkenunni, Waradkubi, Waradduri («պատի ծառայ»), Urdidiglat («ծառայ Տիգրիսի») եւ այլն, որոնք գործ են ածել եւ Նուզիի խուռիները, կասսիտների մօտ նոյնպէս կար mele «ստրուկ» բառը, որ նոյնպէս մտնում է անձնանուններ կազմող բառերի մէջ, ինչպէս-Melešipak=Melemarduk, Melešibarru, Melesah, Melešugab եւ այլն, որտեղ šipak=marduk, šibarru աստուածանուններ են, նման արաբական Աբդուլլահ, Աբդուլմելիք, Աբդուլմեսիհ եւ նման կազմութիւններին abd-u «ստրուկ» բառով: Այդպէս պէտք է հասկանալ եւ խուռիական անձնանունները-Šartešup կամ Tešupšar «ստրուկ Տեշուպի», Šartilla կամ Tillašar «Տիլլա աստծոյ ծառան», Duršar=ուրարտ. Šardur «ծառայ (աստծոյ) պատի» (-տաճարի, ինչպէս ունենք ակկադ. այրանուն Dur-ili-šu «նրա աստծոյ պատը» wall of his god), Paišar «Պայ դեմոնի ծառան», Enšar «աստծոյ ծառայ», Ewrišarri «թագաւորի ծառայ», Ahlipšar «իմ (-ip) տան ծառան»1 եւ այլն: Բողազքոյի խուռիական բեւեռագրերում (KUB, XXVII, ii) յիշւում են «հայրական աստուածներ» (DINGIR meš-našuš [=ennašuš] attanibinašuš) այսինքն՝ այն աստուածները, որ մեր հայրերն են պաշտել (տող 9), բայց նաեւ «ծառայական (=ծառաների) եւ թագաւորական (=թագաւորների) Տեշուպ աստուածը» (տողեր 14-15-dU-aš šarraššihinibiniš ebriššihinibiniš), ինչպէս եւ ընդհանրապէս (տող 18) ծառաների եւ թագաւորների (=տէրերի) կողմից պաշտւող աստուածներ:
Տուշրատտաի նամակի zarra բառը (I կոլոննա, տող 89) պիտի հասկանալ կամ «ծառայ» կամ «ծառայի (zar-) հետ (-ra)»:2
Չաղար-Բազարում (Մարդինից հարաւ) պեղուած ակկադական արձանագրութիւնների խուռիական անունների մէջ եւս šarri բառի š (s) տառի փոխարէն գրուած է նոյնպէս z, ինչպէս Ուգարիտում գրուած ،Ewrzr=սովորական Ewrišarri, Zmg-n-d=սովորական Šimigi-nid «Շիմիգի աստծոյ համար»: Այսպիսով տեսնում ենք, որ բացի Նուզիից (Քերքուքից 15 մղոն հարաւ արեւմուտք, Յորղան-Թափա գիւղի մօտ) եւ Բողազքոյից, ուր գրուած է šarri (sarri), šarra (sarra) եւ šar (sar) այլ տեղերում, ինչպէս Չաղար-Բազարում, Միտաննիում եւ Ռաս-Շամրայում, այսինքն՝ Հայաստանից հարաւ ընկած խուռիական վայրերում գրուած է zarri, zarra եւ zar, որոնք հնչիւնաբանօրէն պիտի վերարտադրուէին հայոց ծառա բառով, թէպետ սպասելի է նաեւ *ճառա ձեւը, որը պահպանուել է մեգրելերէնում çori> çkori «ստրուկ» ձեւով, անցած է կամ հայերից (Փոքր Հայքի վրայով) եւ կամ այդտեղ եկած խաղտիների միջոցով: Համեմատել հայոց զաւակ եւ ճաւակեթ «աղջիկ զաւակ». Խարզիթ տեղանունը եւ հայոց խրճիթ, խեթերէն zavall-«հրէշ, դեւ» եւ հայոց ճիւաղ եւ այլն:
Հայոց «ծառա» (գաբարի ծառայ գրութեան վերջին յ տառը իրեն չի արդարացնում) գրութիւնն ու հնչումը կարող է բեւեռագիր ոչ միայն zarra, այլեւ şarra, ի նկատի ունենալով ուրարտ. şue=ծով, ուրարտ. şari (zari)=ծառ եւ այլն:
Ծանօթութիւն Ղափանցեանից.-
1- Կան եւ առանձին խուռ. ahli կամ ehli հասարակ բառ (տես KUB XXVII 46 I 19', 25', 26' ehliannaš, իսկ KUB VII 56 i 28' ehlita ուղեւորական հոլովաձեւով): Ըստ իս այդ բառը հաւանօրէն նշանակել է «տուն, վրան», յետոյ թերեւս նաեւ «տոհմ, ազգ», կամ «աղխ челядь եւ ազգակից պիտի լինի մեր աղխ ałx (որից աղախին), սվաներէն mo-axle «աղախին», վրաց. s-axli, մեգր. d-oxori «պալատ», հրէակ. ahl «վրան», արաբ. Ahl «ազգականները», родна բառերի մէջ:
2- Տուշրատտայի նամակի այդ տեղում ասւում է. «եւ քո եղբայր Նիմմուրիան, եգիպտական թագաւորը, արձան apli (?) շինեց եւ Իխիպենի քաղաքը, Շիմիդի աստծոյ քաղաքը, եկաւ եւ Շիմիդիի համար, իր աստծոյ, իր հօր համար, նա հասցրեց: Իսկ հայրական նուէրներից բոլոր այդ արձանիկները (taše), շատ եւ շատ գեղեցիկ, ծառան (կամ՝ ծառայի հետ) քո եղբօր իր երկիրը...այդ արձանիկը ուղարկեց...» (տողեր 84-90):



Մեջբերել