Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3
Ցույց են տրվում 21 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Տեղանուն

  1. #21
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Տեղանուն

    http://www.dnforum.am/showpost.php?p=15146&postcount=20

    -Ձոր վերջաւորութեամբ (տեղանուանակերտ վերջածանց) շատ տեղանուններ ունենք: Օր՝ Հալիձոր: Այս պահին, միտքս եկաւ արաբ պատմիչ Բալազորին, որի ազգանունը հայկական կազմութիւն ունի՝ Բալաձոր: Ողջ Պատմական Հայաստանի տարածքին, –ձոր-ով վերջացող տեղանուններ կան, եղել են: Սասնոյ Իշխնձորը (Իշխանաձոր), Լոռուայ Վանաձորը, եւայլն:

    Բնիկ Հայկական տեղանուններ, յաճախ նաեւ առարկաների բարբառային անուններ, նուաճող ժողովուրդների, եկուորների, բռնագրաւողների լեզուով ճիշտ չի արտասանուել, նրանց լեզւում հայկական հնչիւնների բացակայութեան պատճառով, աղաւաղուել են բառերը ու ետ դարձել են մեր լեզուին:

    Ձ (dz) հնչիւնը չկայ թիւրքական լեզուների եւ պարսկերէնի մէջ. թուրքերի եւ պարսիկների օգտագործած արաբական այբուբենի մէջ: Բնական է, որ ամէնամօտ հնչիւնը պիտի օգտագործուէր, ձ հնչիւնը պարունակող բառի մէջ: Այդ հնչիւնը Զ-ն է: Տեղանուան ձոր բաղադրիչի ո ձայնաւորն էլ ու է դառնում, յաճախ, ինչպէս վերեւ ասի, արաբական այբուբենում նման հնչոյթի բացակայութեան պատճառով (այս թեզս ուժեղ չէ՝ հմմտ. օսման):
    Իսկ որտեղի՞ց յայտնուել է ն ձայնաւորը, Ձագեձոր տեղանուան մէջ: Սա էլ երեւի, նմանեցրել են պարսկերէն zang բառին, որի հայերէնն է (նաեւ հին պարսկերէն) ժանգ: Հայերէն զանգ բառի պարսկերէնն էլ է զանգ زنك, ժանգ-ի պարսկերէնի նման, իսկ թուրքերէնը՝ չան(ղ): Մեմլուք զօրավար Նուրադդին Ալ-Զանգին յիշենք:

    Զանգիզօր (ուժեղ զանգ)ստուգաբանումը շատ հաւանական չի թւում:

    Tigris
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #22
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԸ` ՈՐՊԷՍ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

    ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԸ`
    ՈՐՊԷՍ ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ


    Յօդուածում անդրադարձ է կատարւում Թուրքիայում պետական քաղաքականութեան հիմնական տարրերից մէկին՝ տեղանունների փոփոխմանը: Առկայ փաստերը թոյլ են տալիս պնդել, որ ոչ թուրքական տեղանունների փոփոխութիւնը եղել է համատարած թուրքացման քաղաքականութեան կարեւոր բաղկացուցիչներից մէկը եւ իրականացուել համակարգուած, որի պատճառով այսօրուայ Թուրքիան ներկայանում է որպէս գերազանցապէս թուրքական տեղանուններով պետութիւն: Այս ամէնում քողարկուած եւ բացայայտ քաղաքական նպատակներ կան, այն է՝ հնարաւոր բոլոր մեթոտներով ժխտել բնիկ ոչ թուրք ժողովուրդների ներկայութիւնը եւ պատկանելութիւնն այս տարածաշրջանին:
    Վերլուծելով Թուրքիայի Հանրապետութեան ներքին քաղաքականութեան որոշակի դրսեւորումները՝ կարող ենք նշել, որ դրանք, մեծ մասամբ, կրում են համատարած թուրքացման բնոյթ: 1920-ականներին դեռեւս նորաստեղծ Թուրքիայում տեղի էին ունենում գործընթացներ, որոնք միտուած էին միատարր թուրքական պետութեան ստեղծմանը: Ահա հէնց այս նպատակով համատարած թուրքացման քաղաքականութիւնը սկսեց կիրառուել լայն թափով եւ տարբեր ոլորտներում: Գործընթացն անխուսափելիօրէն պէտք է անդրադառնար նաեւ տեղանուններին, քանի որ Օսմանեան կայսրութեան տարածքում բազմաթիւ էին բնիկ ժողովուրդների լեզուներով անուանակոչուած վայրերը, որոնք ուղղակի ապացոյցն էին նրանց ներկայութեան: Տեղանունները, միեւնոյն ժամանակ, ցոյց են տալիս պատմական անցեալը, այդտեղ բնակուած ժողովրդի պատմութեան, մտածելակերպի մի շարք մանրամասներ: Այդ է պատճառը, որ միատարր Թուրքիայի Հանրապետութեան կայացման գործընթացում տեղանունների թուրքացմանը վերապահուել էր կարեւոր գործառոյթ:
    Ինչպէս իրաւացիօրէն նշում է թուրքագէտ Լուսինէ Սահակեանը. «Տեղանունները, լեզուական համեմատաբար կայուն փաստ լինելուց բացի, ունեն պատմագիտական եւ քաղաքական արժէք» [1]: Տեղանունների թուրքացման իրական նպատակների լաւագոյն բացատրութիւնը ներկայացնում է թուրք զինուորական Հուսեյին Աւնի բեյը. «Եթէ մենք ուզում ենք մեր երկրի տէրը դառնալ, ապա ամենափոքր գիւղի անունն անգամ պէտք է թուրքերէն դարձնենք, այլ ոչ թէ թողնենք հայերէն, յունարէն, արաբերէն: Այսպիսով մեր երկիրը կը ներկենք մեր գոյներով» [1]:
    Ինչպէս ընդհանրապէս թուրքացման քաղաքականութիւնը, այնպէս էլ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տեղանունների թուրքացումը նոր երեւոյթ չեն եւ սկսուել են օտար, այն է՝ թուրքական, տարրի տարածաշրջան ներթափանցմանը զուգահեռ, սակայն այդ քաղաքականութիւնն աւելի ընդգծուած եւ համակարգուած բնոյթ է ստացել 19-րդ դարի կէսերից, որն աւելի է խորացել Երիտթուրքերի տիրապետութեան ժամանակ, իսկ հանրապետական Թուրքիայում գտել վերջնական լուծում: Այս ուղղութեամբ օսմանեան պետութեան ձեռնարկած որոշակի իրաւական քայլերից արժէ յիշատակել 1915թ. յունուարի 5-ին ռազմական նախարար Էնվէր փաշայի հրամանը, որը թարգմանաբար տեղ է գտել Լ. Սահակեանի վերոյիշեալ յօդուածում: Հրամանագրի առաջին կէտում յստակ նշւում է. «Անհրաժեշտ է թուրքերէնի վերածել Օսմանեան երկրում հայկական, յունական, բուլգարական եւ այլ ոչ մուսուլման ժողովուրդներին պատկանող նահանգի, գաւառի, գիւղաքաղաքի, գիւղի, սարի, գետի...եւ այլ բոլոր անունները» [1; 2, s. 21-22]:
    Անշուշտ, տեղանունների թուրքացումը հարկ է տեղաւորել թուրքական ազգայնամոլութեան դրսեւորումների շրջանակում, որոնց աճին զուգահեռ՝ նկատուել են նաեւ զարգացումներ այդ ուղղութեամբ եւս: Թուրքիայի Հանրապետութեան առաջին իսկ տարիներից ոչ թուրքական տեղանունները սկսեցին անուանափոխուել։ Այս քաղաքականութիւնը տարբեր ուժգնութեամբ շարունակուեց տարբեր քաղաքական վարչակարգերի ժամանակ: Հանրապետական Թուրքիայում տեղանունների թուրքացման քաղաքականութեան մանրակրկիտ ուսումնասիրութիւն է անցկացրել թուրք հետազօտող, «Եփրատ» համալսարանի աշխարհագրութեան ամպիոնի դասախօս Հարուն Թունչելը, ըստ որի՝ Թուրքիայի Հանրապետութիւնում տեղանունների փոփոխութեան հետ կապուած առաջին պաշտօնական արձանագրութիւնը կատարուել է 1925թ., երբ Արդուինի նահանգային խորհրդարանի որոշմամբ անուանափոխուել են հիմնականում վրացերէն որոշ տեղանուններ [3, s. 27]: Սակայն տեղանունների փոփոխութեան առաջարկներ արուել են դեռեւս 20-ականների սկզբներին, իսկ 1922թ. անուանափոխուել են որոշ հայկական տեղանուններ, որոնք մինչ այդ էլ աղաւաղուել էին, մասնաւորապէս՝ Մուքիւս անուանակոչուած պատմական Մոկսը վերանուանուել եւ այսօր կոչւում է Բահչեսարայ, Պոլսի Սան Ստեֆանօ թաղամասն անուանակոչուել է Յեշիլքեոյ եւ այլն: 1928թ. անուանափոխուել, թուրքացուել են Եգէական աւազանի յունական եւ հարաւարեւելեան շրջանների որոշ հայկական ու քրդական տեղանուններ, իսկ 1934-36թթ. Թուրքիայում փոխուել է 834 գիւղերի անուանում [4]: Թուրք հեղինակ Մուստաֆա Արմաղանը նշում է, որ հանրապետական Թուրքիայի արխիւներում աշխատելիս հանդիպել է 1930-ականներին գրուած մի շարք դիմումներ, որոնցով պահանջւում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի եւ Իսմեթ Ինեոնիւի անուամբ մեկական նահանգ, քաղաք անուանակոչել։ Ըստ այդ դիմումներից մէկի՝ առաջարկւում էր Անկարան անուանափոխուել Աթաթուրքքենթիի [5]:
    Սակայն անուանափոխութեան գործընթացն աւելի խորացաւ 1940թ. սկսած. Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնը հրապարակեց թիւ 8589 շրջաբերականը, որտեղ յստակ նշւում էր «օտար լեզուներից ու արմատներից ծագող եւ գործածման մէջ թիւրընկալումների պատճառ հանդիսացող բնակավայրերը եւ տեղանունները» թուրքերէն անուանումներով փոփոխելու անհրաժեշտութեան մասին [3, s. 27]: Դրանից յետոյ նահանգապետարանների կողմից պատրաստուել եւ նախարարութիւն են ուղարկուել «օտարալեզու» տեղանունները: Ուշագրաւ է նաեւ այս գործընթացի ժամանակաշրջանը, երբ Թուրքիայում պետական մակարդակով վերելք էին ապրում համաթուրքական տրամադրութիւնները, տեղի էր ունենում թուրքացման լայնածաւալ եւ բազմոլորտ գործընթաց, ոչ թուրք բնակչութեան հանդէպ մեծ խտրականութիւն էր կիրառւում:
    Տեղանունների փոփոխութիւնը որոշակի կիրառութիւն է ստանում 1957թ., երբ յատուկ դրա համար ստեղծւում է «Տեղանունների փոփոխութեան մասնագիտական յանձնաժողով», որտեղ ընդգրկւում են գլխաւոր սպայակոյտի, ներքին գործերի, պաշտպանութեան, կրթութեան նախարարութիւնների, Անկարայի համալսարանի լեզուական, պատմաաշխարհագրական բաժանմունքների եւ Թուրքական լեզուական ընկերութեան ներկայացուցիչներ: Այստեղ եւս մի ուշագրաւ նրբութիւն կայ. չնայած Թուրքիայում փոխուել էր իշխանութիւնը եւ ղեկավարութիւնն ստանձնել էր այլ քաղաքական ուժ, սակայն թուրքացման քաղաքականութիւնը չէր փոխուել, ընդհակառակը, այն աւելի էր խորացել: Յիշեալ յանձնաժողովն աշխատել է մինչեւ 1978թ., որի ընթացքում ուսումնասիրուել է շուրջ 75 հազար տեղանուն, անուանափոխուել է 28 հազարը [3, s. 27]: Կարծիքներ կան, որ տեղանունների թուրքացումը յատկապէս մեծ թափ է ստացել 1960թ. մայիսի 27-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական յեղաշրջումից յետոյ [6]: Թուրք հետազօտող Հարուն Թունչելը պնդում է, որ յանձնաժողովի գործունէութեան ընթացքում անուանափոխուել է աւելի քան 12 հազար գիւղանուն՝ Թուրքիայի գիւղերի շուրջ 35 առ հարիւրը: Թունչելը պատրաստել է նաեւ անուանափոխուած գիւղերի ցուցակը եւ դրանց քանակական բաշխումն ըստ նահանգների, որը ներկայացնում ենք ստորեւ [3, s. 28].
    Նահանգի անունը Գիւղերի թիւը
    Ադանա 169
    Իզմիր (Զմիւռնիա) 68
    Ադըյաման 224
    Կարս 398
    Աֆիոն 88
    Կաստամոնու 295
    Աղրը (Արարատ) 374
    Կեսարիա 86
    Ամասիա 99
    Քըրըքլարէլի 35
    Անկարա 193
    Քըրշեհիր 39
    Անթալիա 168
    Քոջաէլի 26
    Արդուին 101
    Կոնիա 236
    Այդըն 69
    Քիւթահիա (Կուտինա) 93
    Բալըքեսիր 110
    Մալաթիա 217
    Բիլեջիկ 32
    Մանիսա 83
    Բինգեոլ (Ճապաղջուր) 247
    Մարաշ 105
    Բիթլիս 236
    Մարդին 647
    Բոլու 182
    Մուղլա 70
    Բուրդուր 49
    Մուշ 297
    Պուրսա 136
    Նեւշեհիր 24
    Չանաքքալէ 53
    Նիղդէ 48
    Չանքըրը 76
    Օրդու 134
    Չորում 103
    Ռիզէ 105
    Դենիզլի
    Սաքարիա 117
    Դիարբեքիր (Ամիդ) 555
    Սամսուն 185
    Էդիրնէ (Ադրիանուպոլիս) 20
    Սիիրթ(Սղերդ) 392
    Էլազըղ (Խարբերդ) 383
    Սինոպ 59
    Էրզինջան (Երզնկա) 366
    Սեբաստիա 406
    Էրզրում (Կարին) 653
    Թեքիրդաղ 19
    Էսքիշեհիր 70
    Թոքաթ (Եւդոկիա) 245
    Գազիանթեփ (Այնթապ) 279
    Տրապիզոն 390
    Գիրասուն (Կիրասոն) 167
    Թունջելի (Դերսիմ) 273
    Գիւմուշհանէ 343
    Ուրֆա 389
    Հաքքարի (Ագարակ) 128
    Ուշաք 47
    Հաթայ (Ալեքսանդրէտ) 117
    Վան 415
    Սպարտա 46
    Յոզղաթ 90
    Իչել 112
    Զոնգուլդաք 156
    Պոլիս 21
    Ընդամէնը՝ 12211
    Ներկայացուած ցուցակից ակնյայտ է դառնում, որ ամէնից շատ տեղանուններ փոխուել են Թուրքիայի արեւելեան, հարաւարեւելեան եւ Սեւծովեան շրջաններում, այսինքն` հիմնականում պատմական Հայաստանում, ինչպէս նաեւ յունական տարածքներում: Նշենք նաեւ, որ Սեւ ծովի հարաւարեւելեան շրջաններում բաւական թիւ են կազմում նաեւ հայկական տեղանունները, քանի որ հիմնականում հէնց այնտեղ են գտնւում համշէնահայ բնակավայրերը: Թունչելի գնահատմամբ՝ յանձնաժողովն ուշադրութիւն է դարձրել, որ պարտադիր փոփոխուեն այն տեղանունները, որոնց բաղադրիչներից մեկը կարմիր, զանգ, եկեղեցի բառերն են եղել, որոնք բացայայտ ցոյց են տալիս դրանց ոչ թուրքական կամ ոչ մուսուլմանական ծագումը, իսկ կարմիր բառն ունէր նաեւ Համայնավարական երանգ [3, s. 28]: Ի դէպ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը նոյնպէս ծնունդով Ռիզէի նահանգից է, նրա ծննդավայրը ներկայումս անուանափոխուած է Գիւնեյսու, սակայն մինչեւ այժմ էլ ժողովրդի մէջ կիրառւում է դրա նախկին ակնյայտ ոչ թուրքական անունը` Պոտոմիա [7]:
    Ներկայումս Թուրքիայում ընթանում է մի գործընթաց, որը, որոշ վերապահումներով, կարելի է անուանել թաբուների ճեղքում: Եւ այդ ամէնի պարունակում սկսում են քննարկուել այնպիսի թեմաներ, որոնք մինչ այդ փակ էին կամ արգելուած: Այդ թեմաների շարքում, կարելի է ասել, վերջերս բաւական աշխուժօրէն քննարկւում է տեղանունների փոփոխման գործընթացը։ Քննարկումներին մասնակցում են Թուրքիայի բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցիչները եւս, ի հարկէ՝ փորձելով այս ամէնի մէջ տեսնել իրենց քաղաքական հաշուարկներն ու շահերը: Այսպէս, բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Գիւլը արեւելեան շրջաններից մեկում, մի հանդիպման ժամանակ յայտարարել է, որ ներկայումս Գիւրոյմաք անուանուած գաւառի անունը իրականում Նորշէն է1: Յետ չի մնացել նաեւ վարչապետ Էրդողանը՝ նշելով, որ Մանազկերտը հայերէն բառ է: Այս ամէնը դարձել է նաեւ ներքաղաքական խնդիր եւ ընդդիմութեանը իշխանութիւններին քննադատելու առիթ տուել: Այս հարցում, ինչպէս միշտ, աշխուժ է ազգայնամոլական կողմնորոշում ունեցող Ազգայնական շարժում կուսակցութիւնը, որի նախագահ Դեւլեթ Բահչելիի եւ վարչապետ Էրդողանի միջեւ սկիզբ է առել հեռակայ բանավէճ: Մասնաւորապէս, մեղադրելով իշխանութիւններին` Դեւլեթ Բահչելին հեգնել է, թէ միգուցէ փոխեն նաեւ Ստամպուլի անունը եւ այն կոչեն Կուստանդնուպոլիս: Ի պատասխան այս յայտարարութեան Էրդողանը նշել է. «1071թ. Ալփարսլանը Մանազկերտը գրաւելուց յետոյ դրա անուանը չկպաւ, այնինչ Մանազկերտը հայկական անուն է, ի՞նչ է՝ դուք Ալփարսլանից աւելի ազգայնակա՞ն էք» [8]:
    Հարկ է նշել, որ տեղանունների թուրքացման քաղաքականութիւնն անդրադարձել է նաեւ Պոլսում հայկական եւ յունական փողոցներին, թաղամասերին: Պոլսում փողոցների անուանումների թուրքացումը սկսուել է 1927 թուականից [4]։ Հիմնական թիրախներն են եղել յունական, հայկական թաղամասերը: Նշենք, որ ներկայումս աշխատանքներ են տարւում նաեւ փողոցների անուանափոխութեան ուսումնասիրման ուղղութեամբ։ Օրինակ, թուրքական TESEV հիմնադրամը վերջերս նախաձեռնել է մի հետազօտութիւն, որի նպատակն է պարզել Պոլսի հայաբնակ եւ յունաբնակ թաղամասերի, պողոտաների եւ փողոցների անունների փոփոխութիւնները: Ուսումնասիրութիւնն ընդգրկում է Բաքըրքեոյ, Շիշլի, Ֆաթիհ, Բեյօղլու եւ Քադըքեոյ թաղամասերը: Արդէն ի յայտ են եկել առաջին արդիւնքները, համաձայն որոնց՝ Պոլսում մինչեւ 1954թ. անուանափոխուել է 100-ից աւելի փողոցի, թաղամասի անուն [9]: Պէտք է ասել, որ յատկապէս Պոլսում տեղի ունեցած անուանափոխութիւնների մէջ որոշակի միտումներ առաւել ցայտուն են. մասնաւորապէս այն թաղամասերում, որտեղ աւելի հոծ ապրում են հայեր, յոյներ, նոր անուանումների մէջ գերիշխում են ազգայնամոլական կամ, այսպէս կոչուած, «խորհրդանշական սպառնալիք» պարունակող անուանումներ: Մէջբերենք մի պոլսահայի պատմածը. «Ես ապրում եմ Քուրթուլուշում, տունս Էրգենեքոն թաղամասում է, Թուրքբեյ փողոցում: Քուէարկելու համար գնում եմ Թալեաթ փաշայի անուան դպրոց» [10]: Ժամանակին յունաբնակ Թաթաւլա թաղամասն անուանափոխուել է Քուրթուլուշ, որը թարգմանաբար նշանակում է ազատագրում: Այս անունը եւս խորհրդանշական բնոյթ է կրում, քանի որ, ըստ թուրքական պետական քարոզչութեան, քեմալական շարժման տարիներին Թուրքիան ազատագրուել է «բռնագրաւիչներից», այդ թւում եւ յոյներից: Կարծում ենք, որ պատահականութիւն պէտք է համարել յատկապէս փոքրամասնութիւններով բնակեցուած թաղամասերի եւ փողոցների ակնյայտ «խորհրդանշական սպառնալիք» պարունակող անուանումները:
    Նկատելի է նաեւ, որ անուանափոխումների ժամանակ յատուկ ուշադրութիւն է դարձուել, որպէսզի տեղանունների ոչ թրքական ծագման որեւէ յիշողութիւն կամ ակնարկ չպահպանուի: Օրինակ` Ստամպուլում կատարուած մի քանի անուանափոխումներում դա յստակ երեւում է. Ֆերիքեոյ թաղամասի Էրմենի Քիլիսէ (հայկական եկեղեցի) կոչուած փողոցը անուանափոխուել է Ֆըրըն Սոքաղը (փռի փողոց) Քեշիշ (քահանայ) փողոցը` Էֆէ (աւազակ) փողոցի, Փափազ Քեոփրուսու-ն (քահանայի կամուրջ) անուանափոխուել է Յայա Քեոփրուսու (հետիոտնի կամուրջ) [4]:
    Հարկ է նշել սակայն, որ չնայած պետութեան գործադրած ջանքերին, մինչեւ օրս էլ որոշ հայկական տեղանուններ տեղի բնակչութեան կողմից շարունակում են գործածուել՝ թէկուզ եւ աղճատուած ձեւերով: Սա ցոյց է տալիս, որ հասարակ ժողովուրդը դեռեւս լիովին չի իւրացրել նոր տեղանունները: Օրինակ, Մուշի Ցրօնք գիւղն անուանափոխուած է Քըրքեոյի, սակայն մինչեւ հիմա էլ ժողովուրդն այն կոչում է Սրոնք, Հացեկացը՝ Հասիկ եւ այլն: Թուրքիայում բնակուող համշէնահայ մանկավարժ Մահիր Օզքանը նշում է, որ այդ փոփոխութիւնները պատճառ են դարձել նաեւ շփոթմունքների։ Օրինակ՝ ինքը սովորել ու տիրապետել է իրենց շրջապատի տեղանունների մի քանի տարբերակ` պաշտօնականը եւ ժողովրդի մէջ գործածուողը [11]: Հին հայկական տեղանունների գործածութիւնը հասարակ ժողովրդի կողմից, միեւնոյն ժամանակ, վկայում է այդ ամէնի մէջ պատմական յիշողութեան տարրերի մասին:
    Տարբեր ոլորտներում հանդիպող ոչ թուրքական կամ ոչ մուսուլմանական անուանումներն անհանգստութիւն են պատճառում թուրք որոշ ղեկավարների, եւ ամէն ինչ թուրքացնելու մղումը յաճախ յանգեցնում է ծիծաղելի վիճակների: Օրինակ` 2005թ. Թուրքիայի շրջակայ միջավայրի նախարարութիւնը Թուրքիայի միատարր կառուցուածքին իբր վնաս լինելու պատրուակով թուրքացրել է անգամ որոշ կենդանիների անուններ, որոնք համաշխարհային գրականութեան մէջ յիշատակւում են այլ կերպ: Օրինակ` «Օvis armeniana», «Vulpes vulpes kurdistanica» անուանումներով կենդանիների անուանումները փոխուել են, դրանցից հանուել են armeniana ու kurdistanica «վտանգաւոր» բառերը: Ուշագրաւ է նաեւ այդ նախարարութեան բնութեան պաշտպանութեան եւ ազգային այգիների տնօրէն, դոկտոր, պրոֆեսոր Մուստաֆա Քեմալ Յալընքըլըչի մեկնաբանութիւնն այս առիթով. «Թուրքիայի գլխին տարատեսակ խաղեր են խաղում, եւ այս անուանումները յատկապէս գործածւում են, որպէսզի կարծիք ստեղծեն, թէ այստեղ հայեր կամ քրդեր են եղել» [10]: Անգամ անասունները Թուրքիայում դասակարգւում են «բնական»-ի եւ «անջատողական»-ի, որոնց դէմ պէտք է պայքարել:
    Այսպիսով` կարող ենք նշել, որ տարբեր ժամանակաշրջաններում թուրքացման քաղաքականութիւնը կրել է համատարած բնոյթ եւ անդրադարձել տարբեր ոլորտների: Որոշ տեղանունների թուրքացումը եղել է թուրքացման քաղաքականութեան կարեւոր տարրերից մէկը, որը նպատակ է ունեցել ստեղծել զուտ թուրքական կամ մուսուլմանական բնոյթ ունեցող աշխարհագրութիւն:
    1 Ի դէպ, արձագանգելով նախագահ Գիւլի յայտարարութեանը` հոկտեմբերի սկզբին Բիթլիսի նահանգի Գիւրոյմաք գաւառի աւագանիների խորհուրդը միաձայն որոշում է ընդունել գաւառը կրկին կոչել Նորշին:

    Աղբիւրներ եւ գրականութիւն
    1.- Սահակեան Լ., Հայկական տեղանունների եղեռնը Թուրքիայում, Երկիր, 29.09.2009:
    2.- Ա. Յիւքսել, «Դողու Կարադենիզ Արաշտըրմալարը», Պոլիս, 2005:
    3.- Թ. Հարուն, «Թիւրքիյէդէ իսմի դեյիշտիրիլեն քեոյլեր», Ֆըրատ Իւնիվերսիթեսի Սոսիալ Բիլիմլեր Դերգիսի, Էլազըղ, 2000, հատոր 10, թիւ 2:
    4.- Ա. Հիւր, «Փանկալթը վէ քուրթուլուշթա միլլիյէթջի սոքաք իսիմլերի», «Ակօս», 22 մայիս, 2009:
    5.- Մ. Արմաղան, «Անկարանըն ադը «Աթաթիւրք Քենթ» օլաջաքմըշ», «Զաման», 23 օգոստոս, 2009:
    6.- Օ. Չալըշլար, «Քեոյ ադլարընըն ուլուսալլաշթըրըլմասը», «Ակօս», 22 մայիս 2009:
    7.- «12 բին 211 քեոյիւն ադը դեյիշթիրիլմիշ», «Ռադիքալ», 13 մայիս, 2009:
    8.- «Անկարանըն նեսի թիւրքջէ», «Թարաֆ», 18 օգոստոս, 2009:
    9.- «ԹԵՍԵՎՏԵՆ սոքաք ա՛չըլըմը», «Սաբահ», 28 սեպտեմբեր, 2009:
    10.- Ա. Յումուլ, «Ադլանդըրմայան Թիւրքիյէ», «Ստար», 23 օգոստոս, 2009:
    11.- Մ. Էոզքան, «Մոմիլերիմիզին բիլդիղի իսիմլեր ռեսմեն քաբուլ գեորմելի»,
    «Ակօս», 22 մայիս, 2009:
    ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ
    «Ազդակ»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #23
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Re. Տեղանուն

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեբրովթ, Նեմրութ.-Բարձր գագաթ, որ գտնւում է Վանայ լճի հիւսիսարեւմտեան մասում: Հանգած հրաբուխ է: Այդպէս է կոչւում Նեբրովթ-Բել առասպելական հսկայի անունով, որը կամենալով իրեն ենթարկել հայոց նախահայր Հայկին՝ արձակուեց նրա երկրի վրայ, բայց սպանուեց Հայկի ձեռքով: Նեբրովթին կամ Բելին թաղում են լեռան կատարին: Նրա անունով էլ կոչւում է լեռը:
    ,,, ,,, ,,, ,,, ,,, ,,, ,,, ,,,ԸՆԴՀԱՆՈՒՐԻՑ ՄԱՍՆԱՒՈՐԻՆ ՏԵՂԱՆՈՒԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
    ,,,
    ,,,Այսօր գրում էի Վանի մասին, միտս ընկաւ նրա հին անունը, որ է Տոսպ՝ հին ձեւով Տուշպա: Վանը երկրի անունն է եղել (Բիայնա): Յետոյ իրանախօսները այդ երկիրը անուանել են Վասպուրական: Վան անունը մնացել է յիշողութեան մէջ` տարածուելով սոսկ Վան երկրի հիմնական քաղաք Տոսպի վրայ: Երկրորդ դարի աշխարհագէտ Կղաւդիոս Պտղոմէոսի «Աշխարհագրութեան» մէջ տեղի է ունեցել նաեւ Տոսպ քաղաքի անուան տարածումը երկրի («նահանգի») վրայ՝ Տոսպիտիս (Տոսպք) ձեւով:
    ,,,
    ,,, Այսպէս են եղել բազմաթիւ երկրներում քաղաք-երկիր անուանումների նոյնացումները, օրինակ՝ Եգիպտոսում: Եգիպտացիք երկիրը անուանում են Մըսըր, ի դէպ սա աւելի հին անուն է, քան յոյների տուած Եգիպտոս անունը. միաժամանակ մայրաքաղաք Կահիրէի մասին խօսելիս, եգիպտացիք ասում են Մըսըր: «Մըսըր եմ գնում» նախադասութիւնը կարելի հասկանալ նաեւ՝ «Կահիրէ եմ գնում»: Նոյնն է Դամասկոսի պարագան, սիրիացիք Դամասկոսը աշխարհաբար արաբերէնով անուանում են Շամ, որը ողջ աշխարհագրական Սիրիային տրուած անուանում է՝ բնիկ արաբներից: Շամ նշանակում է թէ՛ Սիրիա եւ թէ՛ Դամասկոս: Սա նոյն Սամն է, Սեմը՝ Ս/Շ բաղաձայնային փոխանցմամբ: Իհարկէ՝ պաշտօնապէս մայրաքաղաքի անունն է Դամասկոս/Դիմաշկ:
    ,,,
    Նմանապէս Արարատ երկրի անունը տրուել է այդ երկրի նշանաւոր լեռան՝ Մասիսին, որ խորհրդանշում է ողջ երկիրը: Յատկանշական է, որ թէ՛ Մասիս եւ թէ՛ Արարատ տեղանունների նման տեղանուններ գտնում ենք Հայկական Լեռնաշխարհի հարաւում՝ Արարադ եւ Մասիուս կամ Մասիոն ձեւերով: Արարադը Կորդուք նահանգում լեռան անուն է, Մասիոն կամ Մասիուսը՝ Հայոց Միջագետքում լեռների անուն: Ունինք նաեւ Սիփան լեռան հին անունը՝ Նեխ Մասիք:
    ,,,
    ,,,Հայկական լեռնաշխարհում կայ երկու լեռ, որ կոչւում են Հայկի հակառակորդ Բելի անունով՝ Նեբրովթ-Նեմրութ : Առաջինը՝ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գաւառում է: Արդի ժամանակներում այդ շրջանը համապատասխանում է Ախլաթ գաւառին: Սա Սերոբ Աղբիւրի բարձրացած լեռն է, որի գագաթում լիճեր եւ ջերմուկներ կան: Լեռը կոչւում է նաեւ Սարակն: Միւս Նեմրութը Մալաթիայի մօտակայքում է. Անտիոքոս Երուանդունիի թագաւորութեան յայտնի հեթանոսական պանթէոնի եղած վայրը:
    Բել դիցի անուան եբրայական ձեւն է Նեբրովդ (այդպէս է վկայուել նաեւ հայկական առասպելներում):
    Հայկական քարտէսներում, Նեմրութ լեռանուան տակ փակագծերում նշւում է «Նեբրովթ», որպէս տարբերակ:
    Հիւսիսային Իրաքում կայ ասորեստանեան հնավայր՝ Նիմրոդ: Ինձ մնում է ենթադրել, որ եթէ Նեբրովթ ձեւը Նեմրութից աւելի հին է, ապա պահլաւերէնին կամ պարսկերէնին են նմանեցրել այն՝ դարձնելով Նեմրութ կամ Նիմրոդ, քանի որ հին պարսկերէնում առկայ է տեղանուան –ռոտ վերջածանցը, կամ բառը, որ գործածւում է տեղանուններում:
    ,,,
    ,,,Մենք գիտենք, որ լեռների գագաթներին տուել են դիցերի անուններ, կամ դրանց են վերագրել դիցերի բնակավայրերը: Ունենք Աժդահակ, Արա: Ունենք նաեւ Նեմրութ: Ես չգիտեմ, եթէ երբէք նոր ժամանակներին է յատուկ Սարակնի Նեմրութ-Նեբրովթ անուանումը, սակայն փաստը մնում է փաստ, որ Հայկի թշնամին պաշտուել է Հայաստանում, գուցէ որպէս Չարը խորհրդանշող աստուածութիւն:
    ,,Արաբերէնի Սիրիական խօսակցականում «նամրուդ» նշանակում է նենգ:




    ,,,Վերոյիշեալը գիտական լուրջ ուսումնասիրութիւն չի կարելի համարել: Գրեցի, որպէսզի գիտունները ուսումնասիրեն այս խնդիրները, եթէ մինչ օրս չեն արել, ինչից վստահ չէ, այլեւ անտեղեակ է ներքոստորագրեալս:
    Կարծում եմ ամէնահամապարփակ ուսումնասիրութիւնները կատարուել եւ հրատարակուել են «Հայկական Լեռնաշխարհի տեղանունները» անունով, եւ մի քանի հատորով հրատարակուած հսկայ աշխատութիւնում:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #24
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Re. Տեղանուն

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    պարսկերէնում առկայ է տեղանուան –ռոտ վերջածանցը, կամ բառը, որ գործածւում է տեղանուններում:
    -Rot -- գետ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #25
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Տեղանուն

    «Երկիր-մեդիա» հեռուստաընկերութեան մի հաղորդման ընթացքում, ուր ներկայացուեց Եղիպատրուշ աւանը, ասուեց որ այդ տեղանունը սխալ է ստուգաբանել հայերէնով, գուցէ թուրքերէնով կարելի է ստուգաբանել (այսպէս լսեցի):



    Այդ լեզուն լաւ իմանալով, Եղիպատրուշ տեղանուան թրքերէն լինելը բացառում եմ: Տեղանուան մէջ առկայ է հին հայերէնի ղ հնչիւնը, որ արտասանւում էր լ-ի նման:

    Այս նիւթով զբաղել է ակադեմիկոս Ղափանցեանը, որի «Հայոց Լեզուի Պատմութիւն» գրքից մէջբերել եմ մի այլ տեղ ներքեւի մէջբերումը: Գիրքը այժմ մօտս չէ, բայց յիշում եմ, որ նա իր գրքում, եզրայանգումները չի մանրամասնել ու չի հիմնաւորել`յատկապէս «եղի» եւ «պատրուշ» արմատների վերաբերեալ: Այնումենայնիւ խիստ անհաւանական է «Եղիպատրուշ»ի թրքերէն լինելը:

    «Խեթական watar-ը հայերէնով պիտի տար vard ձեւը, իսկ wetar-ից կ'սպասէինք verd-ը ձեւը: Յետագայում այդ verd-ը կ'դառնար urd (հայերէն ուրդ կը նշանակէ, պարտէզները ջրելու համար փոքրիկ առու): Խեթերէն watar, հայոց վարդ (ջուր) ես տեսնում եմ «վարդ-աւ-առ» բառի մէջ, որ տառացի նշանակում է «ջրալուայ», այսինքն ջրով լուանալը, ցնցղելը: Այդ վարդ (ջուր) իմաստն են կրում մեր մի քանի տեղանունները.-Եղիվարդ (վերին ջուր), Եղիպատրուշ (վերին քաղաքիկ), Եղիվանք (վերին վանք), Թաղավարդ (ներքին ջուր): Բայց կայ եւ վերդ (ջուր<wetar-ից) բառը.-Շաշվերդ (մեծ ջուր, Օշականի եւ Ոսկեվազի միջեւ գետակ), Օլավերդ (=՞), Լաստիվերդ (=՞):»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #26
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Տեղանուն

    Սպասման սրահում, մի արաբերէն պարբերականի մէջ լուրջ գրութիւն տեսայ: Գրողը խօսում է անցեալի ու ներկայի մասին: Ձանձրալի սպասմանը խառնւեց հետաքրքիր յայտնաբերում:
    Գրութեան մէջ անդրադարձածներից պիտի նշեմ հետեւեալը.
    Կարտ Հադաշտ
    Փիւնիկեցիների հիմնած քաղաքի անունն է, որին աշխարհը ճանաչում է հռովմէական անուամբ՝ Կարթագեն: Ակնյայտօրէն՝ տ+հ հնչիւնների յաջորդականութեամբ հ հնչիւնը կորել է եւ միանալով նախորդին, դարձել է թ:

    Cart Hadasht>Carth a dasht
    adasht-ը ինչպէ՞ս է դարձել –agen, չգիտեմ:

    Այսպէս, շատ տեղանուններ նոր նուաճողների, կամ գիր ու գրականութիւն տարածողների լեզւով եւ հասկացողութեամբ եղափոխւում ու աղաւաաղւում էր: Աշխարհը անգլերէնով ճանաչողներն հիմա, օրինակի համար, տեղանունների անգլիական ձեւն են հնչեցնում ու տառադարձում իրենց լեզուներին:

    Վերադառնալով աղուանք անուան, որին անդրադարձել ենք բազմիցս, կասկածով ենք վերաբերում այդ անուան օտար ձեւին՝ albania, եւ ենթադրում ենք, որ դա էլ ձեւափոխուած կարող է լինել եւ յարմարեցուածը՝ լատիներէի «քմահաճոյքին»:

    Գրութեան հեղինակը մեկնում է քաղաքի անուան իմաստը. ստուգեցի Հայկական Ս. Հանրագիտարանից՝ նոյնն է գրել՝ Նոր քաղաք: Ես կասէի՝ ՆՈՐԱԿԵՐՏ:

    Հեղինակն ասում է, թէ երկու ժողովուրդները՝ լիբանանցիք եւ թունիսցիք, չգիտեն իրենց հասարակաց նախնիների մշակոյթի մասին, բաւարար չափով. թէեւ հպարտանում են նրանցով:

    Եւ՝ Phoinix (Phoenix) բառը կապ չունի թռչունի հետ. այդ բառը նշանակում է կարմիր, մուգ կարմիր, գինեգոյն նաեւ մանուշակագոյն (արաբերէն (հնդկերէն) անունը՝ ուրջուանի) :
    Ուրջուանի թարգմանւում է purple, որ հռովմէացիների եւ կաթողիկէ եկեղեցու թագաւորական գոյնն է: Սխալմամբ թարգմանել են ծիրանի, որ հայոց թագաւորական թոյրն է՝ նոյնանալով արեւելեան ասիականի հետ:
    Ծովախոյզ այս ժողովրդին է պատկանում մանուշակագոյն ներկն արտադրելու պատիւը, murex կոչւող խեցի տեսակից, եւ որ արծաթի քաշով վաճառում էին:
    Փիւնիկեցիները քանանացիների ծովագնաց մասն են: Քանանացիները ժողովուրդներ են սեմական՝ հազարամեակներ առաջ գաղթած Արաբական թերակղզուց, ոմանց կարծիքով՝ Պարսից ծոցի արաբական ափերից եւ Օմանից:

    Դառնալով Կարտ Հադաշտ տեղանուան: Արաբերէն իմացողը շուտով պիտի նկատէ արաբերէն հադիթա (ħadītha) բառի հետ նմանութեան, որ սիրիական-լիբանանեան բարբառներում հադիսա(թ) ձեւն ունի եւ նշանակում է նոր, ինչպէս փիւնիկեան հադաշտ բառը: Լիբանանում մի տեղանուն կայ, Հադշիդ, չգիտեմ եթէ սա էլ արամերէն նշանակում է նոր, կամ նորշէն:
    Գրութեան հեղինակը ոչինչ է ասում Կարտհադաշտ-ի Կարտ բաղադրիչի մասին, բացի քաղաք իմաստ ունենալը ասելուց: Արաբերէն Կարիա(թ) قرية նշանակում է գիւղ, բնակավայր: Բայց Կարտ բառը մեզ յիշեցնում է հայերէն կերտ բառը: Քանի-քանի տեղանուններ ունենք կերտ բառով ածանցուած:

    Կարտ հադաշտ, Հադաշտակերտ
    Բայց մենք քաջ գիտենք կերտ բառի հայկական ծագում չունենալը: Գնանք Արմատական:

    Կերտ «գործ, գործուածք, շինութիւն»
    = պահլաւերէն kert, հին պարսկերէն krta-. զենդերէն kәrәta-,սանսկրիտ kŗta- «արարեալ, գործեալ, կերտեալ». բոլորն էլ kar, kŗ «անել, շինել» արմատից անցեալ դերբայ. հմմտ. նաեւ պրս. gird «կերտ», kardan «անել, շինել», karda «գործեալ»: Աստեղ են պատկանում նաեւ հայերէն –կեար, -կեր, -կար մասնիկները. (հմմտ. աղօթկեար, , վնասակար, խոհակեր եւն): Հիւբշման:

    Աճառեանը վերոյիշեալը համարում է ճիշտ ստուգաբանումը, առանց նշելու հնդեւրոպականի եւրոպական հատուածի՝ իտալական, գերմանական, սլաւոնական, կելտական ազգակից բառերը:
    Աճառեանը յիշատակում է նաեւ բառի սեմական qeret, qiryā «քաղաք» արմատից առաջացած լինելու հաւանականութեան մասին Lassen ZKM աւանդածը:
    Տէրվիշեանն ասում է Հ. նախալեզուի kar «շինել» արմատից է կերտ բառը, կցելով հին լատիներէն cerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»:

    Ուրիշների կարծիքների մասին է շատ կայ գրած: Բացակայ օղակն այստեղ, ըստ իս, Սեմական լեզուների ընդհանուր արմատական բառարանն է, որ եթէ կայ իսկ, չունեմ, որ հասկանամ, բառը բնիկ սեմակա՞ն է, թէ ոչ, եւ ի՛նչ է նշանակել սկզբնապէս, քանի որ հնդեւրոպական լեզուներով թէ՛ շինուած եւ թէ՛ քաղաք իմաստներն է տալիս նոյն արմատից ածանցուածները:
    Դարաբգիրդ եւ Սիավուշգիրդ՝ Դարաբի եւ Սիավուշի քաղաքներն են նշանակում (պարսկերէն): Girdidan նշանակում է դառնալ. համեմատել յունարէն պոլիս («քաղաք») եւ պոլեո («դառնալ»): Անգլերէն pulley՝ անիւ, ոլորան:

    Կարծում եմ այստեղ իմաստի զարգացում կայ՝ բայականը թեքել, դարձնել, շինել, եւ գոյականը՝ շինուածք, կերտուածք, քաղաք:

    Ծանօթ.
    Նկատեցէ՛ք ուրջուանի գոյնի անուան եւ Աճառեանի նշած արոյդ (կամ արուրդ) անուան ծագումնաբանական կապի մասին.
    Ակնյայտօրէն ուրջուանի բառում –անի ածանց է, իսկ ուրջու՝ հաւանաբար հնդեւրոպական նախալեզուից ժառանգուած կարմիր գոյնը նշող բառ է, որի հայերէն ազգակիցը չի աւանդուել գրականութեամբ: Ասածս ճիշտ է, եթէ հնդկերէնում rd-rj փոխանցումը օրիաչափ է: կամ՝ rd-rdz-rj: Իրանականում՝ գանձակ-գանջա:
    Տիգրիս

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #27
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Լիբիա

    Լիբիա.– Պետութիւն Հիւսիսային Ափրիկէում: Այս անունը անցել է յոյներից: Հին յոյները Լիբու էին կոչում հարաւից փչող քամին: Իսկ այն երկիրը (Հիւսիսային Ափրիկէն), որտեղից փչում էր այդ քամին, անուանեցին Լիբիա, որ նշանակում է «հարաւ», նկատի ունենալով երկրի դիրքը Յունաստանի նկատմամբ: Յոյների համար Լիբիա անունը համապատասխանում էր Ափրիկէին եւ առհասարակ այն ժամանակ յայտնի երկրներին, որոնք իրենցից հարաւ էին: Հետագայում այդ անունը մոռացութեան տրուեց: Վերականգնուեց միայն 1912 թւականին իտալացիներից, որոնք այդ թւականին Թուրքիայից գրաւեցին Տրիպոլիտանիան, Կիրենաիկան եւ, միացնելով իրար, ստեղծեցին Լիբիա անունով գաղութը: Հայկական «Աշխարհացոյցում» Լիբիա է կոչւում Ափրիկէն:
    «Աշխարհագրական անունների բացատրական բառարան»
    Կամսար Աւետիսեան

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #28
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Տեղանուն

    ՔԱՆԱՔԵՌ

    Քանաքեր անունով գիւղ կայ Դամասկոսի մօտ:

    Խաչատուր Աբովեանի ծննդավայրը նոյն անունն ունի, Քանաքեռ, որ Երեւանի թաղամասերէն մեկն է հիմա:


    Փորձեմ սկիզբը ստուգաբանել հայերէնի օրէնքներով՝ քանաքեռը, քանի որ արաբերէնի քերականութեամբ քանաքեր բառը կրնայ քանքար բառի հոգնակին համարուիլ:
    Հայերէն արմատական բառարանին մէջ.
    + Քան հնդեւրոպական նախալեզուէն ժառանգուած բառ. «չափ, որչափ լինելը»:

    *Քան «հանք». գործածական է յետին հայերէնի մէջ: = Պարսկերէն كان kān «հանք»:

    *Քան «սահմա՞ն». Հարցման նշանով ներկայացուցած է Աճառեանը:

    Հիմա գանք բառի երկրորդ բաղադրիչի ստուգաբանութեան:

    + Քեր հնդեւրոպական նախալեզուէն ժառանգուած բառ. «քերած կամ գրած բան»: = Հնխ. sqer- կամ qer «կտրել, ճեղքել» արմատից:
    Հայկական գիւղը Քանաքեռ ձեւով գրուած է, սակայն կարելի է անուան ծագումը քեր-ով համարել, միայն եթէ տրամաբանութիւն գտնէինք «չափ քերող, չափ գրող», հանք քերող, «հանք գրող», «սահման քերող, սահման գրող» բառակապակցութիւններու տեղանուն դառնալու մէջ:

    Աւելի հեռուն երթալով մտածենք հետեւեալ արմատներու մասին, որպէս Քանաքեռի երկրորդ բաղադրիչի մաս.

    Կար «չուան, լար»:
    Դժուար թէ չափի, հանքի կամ սահմանի հետ չուան ըսուի եւ տեշանուն ըլլայ:

    *Կար «ուժ, կարողութիւն»:
    Հանքի ո՞ւժ, սահմանի կարողութի՞ւն, չափի ո՞ւժ.... դարձեալ դժուար հաւանական են:

    Կար «պէտք, հարկաւորութիւն»:
    Սահմանի կարի՞ք, հանքի կարի՞ք, չափի հարկաւորութի՞ւն... չեմ կարծեր:


    Ունինք պարսկերէն քեար–գործ, որից սովդաքեար, ղալամքեար, քեարխանա եւայլն:

    Արաբերէնի օրէնքով փորձեմ ստուգաբանել:

    Նկատի առած՝ արաբերէն բառ չկայ քանքար եւ քանաքեր ձեւերով, դարձեալ օգտուիմ Հայերէնի արմատական բառարանէն.

    Արմատական բառարան
    *Քանքար «մօտ 138 լիտր՝ կշիռ ծանրութեան- 45 կիլո»: = Ասորերէն Kakkәrā «տաղանդ»:

    Եթէ ենթադրենք ասորերէնէ արաբերէն անցնիլը, որ քաքքարա ձեւով է, ապա շատ դժուար է, անկարելի հաւանականութիւն, յոգնակի քանաքեր դառնալը, քանի որ քաքքարայի քանքար դառնալը հայերէնին յատուկ է. անոր օրէնքներով է:

    «Տեղանունների բացատրական բառարան»ին ձեռքս գնաց, սակայն ափսոս չգնեցի: Պիտի ունենալ այն, իմանալ եւ պարսկերէնը, որպէսզի հաստատ ասուի Քանաքեր բառի ստուգաբանումը: Այնումենայնիւ՝ ըստ իս՝ հանքագործ, Քանըքեար, որու -քեար բաղադրիչը ժամանակի ընթացքին «քաղաքային» դառնալով հաւանաբար դարձեր է –քեր:

    Քեար-ի քեր դառնալու օրինակն մըն է արեւմտահայերու գործածած գալեմքեր մականունը, որ ծագած է Ղալամքեար ձեւէն, քանի որ բոլորը աշխատասէր էին, քիչերը` բեքեար (Պեքերեան)- անգործ:

    Պէտք է մեկը ստուգէ երեւանեան Քանաքեռի եւ դամասկեան Քանաքերի մէջ հանքավայրերու գոյութիւնը, որոնց հաստատման պարագային աւելի ապահով կը դառնայ ստուգաբանութիւնը:

    Դամասկոսի մօտ տրամաբանական է քանաքեար անուն ունենալ, նկատի առած արաբ-պարսկական եւ արաբերէն-պարսկերէն սերտ կապերը: Թէեւ հայերն ալ շատ առնչութիւն ունեցած են Շամի, Շամն ալ Արարատեան երկրի հետ:

    Ի դէպ այն տեղանքը, որտեղ դամասկեան Քանաքերը կը գտնուի, կը կոչուի Ուադի Աջամ, այսինքն՝ պարսիկներու հովիտ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •