Ասում են, "գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկնում": Կամ կարող էի կոչել "ինչից ինչ դուրս եկավ":
Երբ զանգահարեցին Հանրայինից և հաղորդման հրավիրեցին, անկասկած, մի պահ զարմացա, զգուշացա, ապա նույնիսկ մի-քանի միամիտ "հետախուզական" հարց տվեցի, պարզելու համար, թե որքան լուրջ է առաջարկը: Ստանալող որոշ հավաստումներ, որ մի լուրջ խոսակցութկուն է գնալու բուսակերության վերաբերյալ, որոշեցի իմ հարուստ ու նուրբ փորձը, որը հեռու է ստանդարտ ընկալումներից, օգտվելով առիթից, հասցնել մեր հեռուստադիտողին:
Եվ ահա, ամբողջ պատասխանատվությամբ, գիտելիքի և հոգեբանության նրբերանգով "խոսեցի", փորձելով հասցնել նաև միջազգային փաստաթղթերից բխող մոտեցումները:
Ի պատասխան հարցմանը տվեցի նաև իմ ամբողջ մասնագիտական անվանումը և գիտական կոչումը, որպեսզի հոգեբանական առումով ասածս "պատվական" լինի:
Ապա սկսեցինք սպասել հաղորդմանը, ընթացքում նորանոր փաստաթղթեր պահանջվեցին, որոնք մեծ ջանքով հայտնաբերեցինք մեր տասնյակ կիլոգրամներ կշռող թղթերի մեջ, էլեկտրոնային փոստով նորից ուղարկեցինք, մի- խոսքով, "լավ աշխատեցինք", ոչ մեկ անգամ զարմանալով, թե տես, երբեմն Հանրայինից էլ կարող է խեր լինել:
Սա դեռ ոչինչ, տղաս բանակում է սպասում հաղորդմանը` իր մայրիկին ընկերներին ցույց տալու համար, բազում հիվանդներս և կոլեգաներս էլ մի կողմից են խնդրել լուր տալ, ես էլ որպես պարտաճանաչ մարդ իրենց խնդրանքը կատարել եմ...
Եվ ահա սկսվում է չարաբաստիկ հաղորդումը: Բայց, կասեք, ինչ պիտի արած լինեն, որ այդքան վատ ստացվի... Դժվարանում եմ նկարագրել... որպեսզի միանգամից ասեմ, հաղորդումը կարելի է համեմատել հայտնի համբավ ունեցող " 32 ատամի" հետ` իր գռեհկության և անճաշակության առումով: Նույն տափակ մեկնաբանություններով, չգիտեմ ինչու այդ նյութը մտցնելով "արևմտյան բզիկներ" անհամ ու անտեղի անվան տակ, խցկելով երկու այլ նյութերի մեջ. էքստրիմի սիրահարների տգետ խոսքի և սատանիստների մասին պատմող նյութի միջև... Իմ բարեխիղճ 15-20 րոպեանոց խոսքից երկու նվաղ նախադասություն էր բերված միայն, այն էլ մեկը կեղծ` ես այդպիսի բան չէի ասել, մյուսն էլ `համատեքստից լրիվ կտրված և իմաստը կորցրած...
Մի-խոսքով`զայրույթից և ամոթից այտերս վառվում էին, հատկապես, երբ պատկերացնում էի ինձ հարգող մարդկանց ռեակցիան: Առանց այն էլ, մի շատ ավելի պատվաբեր հաղորդումից հետո մեր ընկերներից մեկը ակնարկեց, որ ինձ չի սազում այդպիսի հաղորդումներում հանդես գալը:
Միայն մի առումով բախտս բերեց. տղաս չէր տեսել, քանի-որ լույսը բարեբախտաբար հանգել էր, հիվանդներս և կոլեգաներիս մեծ մասը` ևս, տարբեր պատճառներով:
Խայտառակությունս մասնակի էր, Հանրայինին հաջողվեց միայն մասնակիորեն ստվերել իմ 30-ամյա բժշկական վաստակը:
Երբ անմիջապես զանգահարեցի լրագրողին` նրա ձայնը քաղցր էր, քան մեղր, կարծում էր, թե զանգահարել եմ, որ շնորհակալություն հայտնեմ, և խիստ զարմացավ իմ խիստ զայրացած մեղադրանքների վրա... Դեհ, տարիների փլուզված կրթությունն ու հակամշակույթը իրենց "պտուղներն" են տալիս, այդ խեղճ երեխաները կարծում են, թե լավ, որակյալ, "էքստրիմ"-ով հագեցած հաղորդում են արել, ինչ ասես...
Որոշումս միանշանակ էր` այլևս լրագրողների հետ գործ չունենալ:
Պատկերացնում եք բնության խաղը` հաջորդ իսկ օրը զանգահարում են մի ամսագրից...
Ընտանիքս ուշադիր ու լարված հետևում է իմ բանակցություններին, ես էլ քիչ է մնում..., բայց թե մի օգուտ պիտի ստացած լինեմ, թե ո՞չ... Որոշել եմ այդ ամսագրի առնվազն մի քանի համար նայել, և ապա միայն որոշել, կարելի է այնտեղ հարցազրույց տալ, թե ոչ:
Մեղքը մերն էր` եթե մի աղբյուր չես հարգում, օրական "խփում" ես` "Այսօրս"-ում, այլ թեմաներում /հենց ԴՆֆորումում/, ինչ տրամաբանությամբ ես նրանց հետ աշխատում, ինչ սպասելիքով ու ակնկալիքով... այնպես-որ, ինչպես ասում են, տեղն էր կերածս անպատվությունը: Ցանկանում եմ նման խայտառակության մեջ երբեք չընկնեք ` Աստված հեռու պահի:


Մեջբերել