Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: ՀԱՒԱՏԱՐԻՄ՝ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՍԵՐՈՒՆԴԻ ԱՆՄԱՀ ԿՏԱԿԻՆ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք ՀԱՒԱՏԱՐԻՄ՝ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՍԵՐՈՒՆԴԻ ԱՆՄԱՀ ԿՏԱԿԻՆ

    Հայրենի տաղանդաւոր բանաստեղծ եւ թարգմանիչ Յովհաննէս Գրիգորեանի խմբագրութեամբ շուրջ տարի մը առաջ լոյս տեսած «Վրացական ժամանակակից պոեզիա» խորագրեալ քերթողագիրքը լուրջ գնահատանքի արժանի շահեկան ծաղկաքաղ մըն է։ Շահեկան է նախ այն պատճառով, որ ո՛չ միայն ամբողջական պատկերացում մը կը փոխանցէ ընթերցողին՝ ներկայացնելով վրացական մերօրեայ բանաստեղծութեան պայծառ ու բազմագոյն համայնապատկերը, այլեւ անոր համար յատկապէս, որ հատորը պսակումն է բանաստեղծական տարբեր համոզումներու տէր հայրենի 17 բանաստեղծներու թարգմանչական միացեալ ճիգերուն։ Աւելի՛ն. բանաստեղծներ Մաղվալա Գոնաշվիլիի եւ Գագիկ Դաւթեանի կազմած այս անթոլոժին տակաւին շօշափելի արդիւնքն է այն հաւաքական աշխատանքին, որ հիմնուած է Կամիլա Քորինթելիի, Վլադիմիր Մարիշվիլիի, Դանիիլ Չկոնիայի, Անահիտ Բոստանջեանի, Մաղվալա Գէուրկովայի (Սահակեան) եւ Արթուր Յովհաննիսեանի տողացի թարգմանութիւններուն վրայ։ Պարզ ըսած՝ ընդօրինակութեան արժանի մտաւորական խմբական աշխատանք մը, որուն համար պէտք է գնահատել ե՛ւ հատորը կազմած զոյգ բանաստեղծները, ե՛ւ անոր խմբագիրը, ե՛ւ տողացիները պատրաստած վեցեակին իւրաքանչիւր անդամը, ե՛ւ տողացի հայացումներուն հայերէն կեանք պարգեւած հայրենի 17 բանաստեղծները։
    Կ՚արժէ յիշատակել անունները.- Անահիտ Պարսամեան, Գագիկ Դաւթեան, Համլետ Կարճիկեան, Մետաքսէ, Մկրտիչ Սարգսեան, Արտակ Ոսկանեան, Սամուէլ Կոսեան, Յովհաննէս Գրիգորեան, Արթուր Անդրանիկեան, Արմէն Մարտիրոսեան, Շանթ Մկրտչեան, Լիլիթ, Հրաչեայ Բէյլերեան, Լիպարիտ Սարգսեան, Յարութիւն Յովնաթան, Ֆրունզիկ Կիրակոսեան եւ Արա Արթեան։ Բանաստեղծական տարբեր ըմբռնողութիւններու տէր եւ իրերայաջորդ սերունդներ ներկայացնող 17 յարգելի անուններ, որոնցմէ իւրաքանչիւրը թարգմանած է իր գրական համոզումներու հաշտ եւ իրեն սրտամօտ վրացի գրչեղբօր մը (կամ մէկէ աւելի քերթողներու) փունջ մը բանաստեղծութիւններ։ Ընդհանուր գումար՝ 37 վրացի բանաստեղծ եւ 200 էջ հաշուող թանկարժէք հատոր մը, որ կ՚արդարացնէ Հայաստանի Գրողներու Միութեան հրատարակչութեան «Համաշխարհային պոեզիայի մատենաշար»ի թիւ 1 հատընտիր քերթողագիրքը ըլլալու իրաւունքն ու պատիւը։
    Անկասկած, գնահատելի են բոլորը, նոյնիսկ նուազագոյն թարգմանութիւններով իր մասնակցութիւնը բերած թարգմանիչը, բայց, կը կարծենք, ամէնէն աւելի գնահատելին են հատորին գաղափարը յղացած եւ զայն կազմած Մաղվալա Գոնաշվիլին եւ Գագիկ Դաւթեանը, որուն ամբողջական նուիրումին կը պարտինք 17 վրացի բանաստեղծներու քանի մը տասնեակ բանաստեղծութիւններու հնչեղ թարգմանութիւնները։
    Այս հատորը, որ կը բացուի վրացի հանրածանօթ գրականագէտ, բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսէօր Սոսօ Սիգուայի կուռ ու բովանդակալից կարճ ներածականով, գեղեցիկ զուգադիպութեամբ մը մենք ձեռք առինք Թարգմանչաց տօնի նախօրեակին։ Զայն սկսանք կարդալ յատուկ յուզումով՝ զուգահեռներ գծելով հայ թարգմանչական արուեստի անմահանուն հսկաներուն եւ անոնց հսկայ աւանդին հաւատարիմ ժառանգորդներուն միջեւ։ Էջ առ էջ ու բանաստեղծ առ բանաստեղծ կրկնապատկուեցաւ մեր յուզումը եւ, տակաւին հատորին ընթերցումը չաւարտած՝ մեր մէջ աւելի եւ աւելի արմատացաւ այն հաստատ համոզումը, որ ստեղծագործական անձնական սխրագործութիւններու վէմին վրայ բարձրացող «գրականութիւնը ստեղծւում է միասնական ջանքերով», գրական առողջ եւ ոգեշնչող մթնոլորտ ստեղծելու ազնիւ տեսլականով, քաղաքակիրթ պատասխանատու կեցուածքով ու որոշումով, Թարգմանչաց սերունդին հրաշալի օրինակով։
    Կ՚արժէ երկար մտածել այս մասին։
    Բայց նաեւ՝ գործել նո՛յն ոգիով, միեւնոյն հաւատքով ու տեսլականով։

    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=14746
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. ՀԱՒԱՏԱՐԻՄ՝ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՍԵՐՈՒՆԴԻ ԱՆՄԱՀ ԿՏԱԿԻՆ

    ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՍՏԵՂԾՒՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ

    Բոլոր ժամանակներում գրականութիւնը ստեղծւում է միասնական ջանքերով եւ ամէն մի սերունդ այդ հոսանքի մէջ բերում է իր աշխարհահայեացքը, իր ընկալումներն ու ապրումները։ Գրականութիւն կոչուող բազմաձայն նուագախմբում ամէն մէկն ունի իր տեղը, մէկը՝ առաւել աչքի ընկնող, միւսը՝ պակաս եւ այդպէս է, որ ստեղծւում է գրական ամբողջական համայնապատկերը։
    Այսօր էլ իրենց ստեղծագործական կեանքը շարունակում են մեր ականաւոր բանաստեղծները (Մուխրան Մաճավարիանի, Աննա Կալանդաձէ, Օթար Ճիլաձէ, Ջանսուղ Չարկվիանի), թէեւ նրանք վաղուց արդէն ասել են իրենց խօսքը։
    40-ական թուականներին Աննա Կալանդաձէն, 50-ականներին՝ Մուրխան Մաճավարիանին, 60-ականներին՝ Օթար Ճիլաձէն գրական սերունդների ուշադրութեան կենտրոնում էին եւ մեծ ազդեցութիւն ունեցան վրացական քնարերգութեան զարգացման վրայ։ Աւելի ուշ նոյն առաքելութիւնը կատարել են Մուրման Լեբանիձէն, Բեսիկ Խարանաուլին, Տարիել Ճանտուրիան։
    Խորհրդային հերմետիկօրէն փակ տարածութեան մէջ դա ինքնավար ազատութիւն ձեռք բերելու փորձ էր, այդպէս էր գրողը ձգտում ազատուել կոմունիստական գաղափարախօսութեան ամէն ինչ ոտնակոխ անող ուժից։
    Եթէ մէկը կարեւորում էր մտքի եւ զգացմունքի բացայայտ ու լաւատեսական դրսեւորումները (Իզա Օրջոնիկիձէ, Մուրման Ջուբուրիա), միւսին հետաքրքրում էր երեւոյթների խորքն ու բարդութիւնը (Լիա Ատուրուա), երրորդը նախընտրում էր գունագեղ խօսքը (Ռեզօ Ամաշուկելի), չորրորդը՝ խօսքի հակիրճութիւնը (Վախթանգ Ջաւախաձէ)։
    70-ական թուականներին վրացական գրականութեան մէջ սոցիալիստական ռէալիզմ ընդհանրապէս գոյութիւն չի ունեցել եւ այն վերակենդանացնել ձգտել են առանձին պրագմատիկ հեղինակներ իշխող շրջանների աջակցութեամբ ու խրախուսանքով։
    Վրաց բանաստեղծները եւրօ-ամերիկեան պոեզիային ծանօթանում էին ռուսերէն կամ վրացերէն թարգմանութիւնների միջոցով, բայց նրանք այդպէս էլ ռուսական պոեզիայի ազդեցութիւնը չկրեցին։ Դա չգիտակցուած անվստահութիւն էր նուաճողների նկատմամբ։ Բացի այդ, վրացական պոեզիայի գունագեղ ոճը, պաթետիկան ու հերոսականութիւնը չմերուեցին առօրեական թեմատիկային, հրապարակախօսական պաթոսին՝ նաեւ լեզուական առանձնայատկութիւնների պատճառով։
    70-80-ական թուականներին մեր պոեզիայում հաստատուեց վերլիբրը։ Մեր որոշ հեղինակներ ֆետիշացրին ազատ բանաստեղծութիւնը ոչ միայն ձեւի, այլեւ բովանդակութեան առումով, զգացմունքների եւ մտքերի արտայայտման գրեթէ միակ հնարաւորութիւնը տեսնելով նրա մէջ (Բեսիկ Խարանաուլի, Լիա Ստուրուա, Ջարջի Փխովելի, Ռենէ Կալանդիա, Մամուկա Ցիլաուրի)։ Դա ինչ-որ առումով Սիմոն Չիքովանու պոեզիայի աւանդների շարունակութիւն ու վերաիմաստաւորում էր նշանակում, որը ենթադրում էր ինտելեկտուալ բարդ զուգորդութիւնների գերակայութիւն, մեղեդայնութեան թուլացում։ Իսկ Սիմոն Չիքովանու ստեղծագործութիւնը, ինչպէս յայտնի է, գալիս է ֆուտուրիզմից, որը հակուած է հոգեբանութեան մեքենայական մոդելաւորման։
    Այս հրապուրանքը ժամանակաւոր էր, քանի որ բանաստեղծութեան դասական ձեւերի հետ մէկտեղ մերժւում էին նաեւ զգացմունքների ռոմանտիկան, յոյզերը, պաթետիկան, փոխարինելով դրանք աւելի եւ աւելի ուժեղացնող ռացիոնալիզմով։
    Դա նշանակում էր Ռուսթավելու, Վաժա Փշավելայի, Գալակտիոն Տաբիձէի, Տիցիան Տաբիձէի, Գէորգի Լեոնիձէի աւանդների վերագնահատութիւն, հայեցողականութեան, դատողականութեան, պատմողականութեան անվերապահ հաստատում՝ ի հեճուկս պառնասա-դասական արիստոկրատիկ ոճի, խորհրդապաշտական-երաժշտական-ռոմանտիկ ինտելեկտուալիզմի։
    Այդ մտայնութիւնը ուժեղացաւ Էլիոթի «հակառոմանտիկ» պոեզիայի հետ մեր բանաստեղծների ծանօթութեան շրջանում։
    Բնական է, որ իւրաքանչիւր դիրքորոշում արժէքաւոր ու վճռորոշ է դառնում այն դէպքում, երբ այն կեանքի կոչողը մեծ արուեստագէտ է, հակառակ պարագայում այդ դիրքորոշումը վերածւում է պարզապէս հետաքրքիր փորձարարութեան եւ չի արմատաւորւում։ Այդ ճանապարհին խօսքին եւ մտքին տիրապետելու ունակութիւնը քիչ է նշանակալի արդիւնքի հասնելու համար, բանաստեղծը պէտք է ունենայ ազգային հոգեբանութիւնն ու խառնուածքը նորովի մոդելաւորելու կարողութիւն։
    Այդպիսի մասշտաբի ռեֆորմ մեր պոեզիայում տեղի չունեցաւ եւ 80-90-ական թուականներից նոր սերունդը վերադարձաւ ազգային աւանդոյթներին, աշխարհի ռոմանտիկ ընկալմանը, հայրենասիրական ոգուն, այսպէս կոչուած կոնվենցիոն բանաստեղծութեանը (Վախթանգ Խարչիլավա, Մաղվալա Գոնաշվիլի, Ռենէ Կալանդիա, Բաթու Դանելիա, Դալիլա Բեդիանիձէ, Մանանա Չիտիշվիլի, Վաժա Օթարաշվիլի, Վախթանգ Ղլոնտի, Մզիա Խեթագուրի, Գուրամ Օդիշարիա, Բաղաթեր Արաբուլի, Միխէիլ Քուրդիանի...)։
    Ի հակադրութիւն չոր դատողականութեան, նրանք ստեղծեցին կեանքի պոեզիա, որի ուշադրութեան կենտրոնում մարդն է իր հոգեկան վայրիվերումներով, իր անձնական ապրումներով, բնական զգացողութիւնները՝ սէրը, բարութիւնը, գեղեցիկը։
    Բայց այսօր ամէն ինչ արագ է փոփոխւում։
    Մեր ազգային կառավարութեան պարտութիւնները, Սուխումիի եւ Ցխինվալիի կորուստները, ներքին դիմակայութիւնը, Ամերիկայի եւ Եւրոպայի հետ մերձեցման քայլերը յանգեցրել են հին գաղափարների գիտակցուած կամ չգիտակցուած վերագնահատումների, փոխուել են հիմնախնդիրների սրութեան որակները։
    Եկել է մի նոր սերունդ, որին հետաքրքրում են արդէն ոչ թէ վրացական ցաւերն ու հոգսերը, այլ ընդհանրական-աբստրակտ թեմաներն ու մոտիւները, ոչ թէ վրացական բանարուեստը, այլ ընդհանրապէս բանաստեղծութիւն կոչուող հակաբանաստեղծական բարբաջանքներն ու մոդելները։
    Այսօր վրացական պոեզիայում գոյութիւն ունեն միմեանց հակադիր երկու հոսանքներ՝ աւանդամէտ եւ դադաիզմին յարող կեղծ-աւանգարդիստական։ Առաջինը, ինչպէս ասացինք, հակուած է ազգային մտածողութեանը եւ նոր մի աշխարհզգացողութեամբ շարունակում է նախնիների ճանապարհը, երկրորդը կանգնած է վրացական ոգու այսպէս կոչուած ամերիկանացման, ցինիզմի, նիհիլիզմի, պոռնոգրաֆիայի եւ պաթոլոգիայի ճանապարհին, ինչը ոչ մի ընդհանուր եզր չունի ամերիկանացման կամ եւրոպականացման հետ։
    Առաջիններին խոչընդոտում ու անտեսում են իշխանական մակարդակով, երկրորդներին, նոյն մակարդակով, գովազդում-գովաբանում են։ Արդիւնքում գրականութիւնը կորցնում է ընթերցողին։
    Այսուհանդերձ այս դիմակայութիւնը ինքնին գրականութեան զարգացման իւրօրինակ զսպանակ է, քանի որ առաջինները ձգտում են առաւել խորութեամբ տիրապետել բանարուեստի ձեւական ու ոճական հնարանքներին, իսկ երկրորդները նոր ժամանակների պրոլետկուլտականները աշխատում են կեղծից քայլ անել դէպի ճշմարիտ աւանգարդիզմը։
    Տարերքը, ինչպէս ասում են, իրենն անում է, եւ ապագայում, երեւի, մենք կ՚ունենանք այս երկու հակադիր հոսանքների ցանկալի համադրութիւնը։
    Այսպէս է բացել 21-րդ դարի դռները վրացական պոեզիան։
    ՍՈՍՕ ՍԻԳՈՒԱ
    (Հատուած)
    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=14747
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. ՀԱՒԱՏԱՐԻՄ՝ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՍԵՐՈՒՆԴԻ ԱՆՄԱՀ ԿՏԱԿԻՆ

    ՊԱՐԶԱՊԷՍ ՔԱՆԻ ՄԸ ՆՄՈՒՇ

    ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ԾԱՌԸ
    Երբ շտապեցի գիւղն իմ մանկութեան,
    Ցանկացայ տեսնել ծառն հին ու գրկել,
    Որն, ինչպէս օրերն իմ պատանութեան,
    Շատ անգամներ էր տերեւից զրկուել։
    Այն եղեւնի չէ, կաղնի չէ մի նոր,
    Ոչ չինարի է, ոչ էլ կիպարիս,
    Ծառ է հասարակ, արմատնելով խոր,
    Թեք սարալանջին աննկատելի։
    Այն չի ունենում ծաղիկներ բուրող,
    Միայն ապրիլին կանաչում է քիչ,
    Աչքով չափում են, կտրել չեն կարող,
    Յանկարծ կը փլուի սարալանջը դինջ։
    Բոլոր տենչերս նա շատ լաւ գիտէր
    Զովացնում էր ինձ, հրճուանքով խայտում,
    Արթնացնում իմ մէջ երջանիկ մտքեր
    Ու թւում էր, թէ երկինքն է ճայթում։
    Ծառն այդ մինչ հիմա կապոյտ թախիծով
    Նայում է քարին, ջրվէժին, ձորին,
    Ձեռքերը պարզած, սեղմած մատներով
    Ճնճղուկի բոյնն է պահպանում լռին։
    ՓՐԻԴՈՆ ԽԱԼՎԱՇԻ
    (Թարգմ.՝ Համլետ Կարճիկեանի)

    ՎԱՌՈՒԱԾ ԹԵՒԵՐՈՎ ՋՈՒԹԱԿԻ ԵՐԳԸ
    Ալեքսանդր Թոփչեանին
    Զուգդիդիում (ի՜նչ երազ էր տարօրինակ)
    Ահա Չիլոն - նստած Բարում...
    Տիրոջ վերին կամքով էր նա
    Խմում, կռւում, լալիս, պարում...
    Եւ նա չկա՞յ։
    Եւ ո՞ւմ է պէտք այս կեանքը սուտ՝
    Երգն է միայն մայում անբառ...
    Եւ գնում է դէպի գինու մառանը սուրբ
    Երգը, որպէս մատաղի գառ...
    ՌԵՆԷ ԿԱԼԱՆԴԻԱ
    (Թարգմ.՝ Գագիկ Դաւթեանի)
    * * *
    Հին հրապոյրներն արդեօք ի՞նչ եղան,
    Այն ի՞նչ է պահում շերտը շերտի տակ,
    Ինձ մնաց միայն մաքրութեան մեղան
    Եւ բանաստեղծի պահուածքը շիտակ։
    Գուցէ ես ելնեմ, գնամ կորչելու,
    Լոյս որոնեցի ու խաւար գտայ,-
    Ո՞վ է ինձ նորէն կեանքի կոչելու,
    Ո՞վ պիտի կանչի, ո՞վ պիտի գթայ։
    Սառցի վրայ է ժամանակն ինքը,
    Ժամանակն ինքը՝ սահքի ընթացքում,-
    Ասես իջնում է հողին երկինքը,
    Եւ հողն էլ ասես երկինքն է ծածկում։
    Ցուրտ է, բայց կ՚ուզեմ, կ՚ուզեմ տաքանալ,
    Հիւանդ եմ, սակայն, կ՚ուզեմ բժշկուել,
    Քուն մտնել կ՚ուզեմ, բայց ոչ քնանալ,
    Խենթանալ կ՚ուզեմ, բայց ոչ թէ գժուել։
    Իմ երգն էլ թռաւ՝ նման թռչունի,
    Ո՞ւր թռաւ, կ՚ուզեմ այդքանն հասկանալ,
    Մի՞թէ այս կեանքը պատուհան չունի,
    Մի՞թէ չի տրուած մի պահ աստղանալ։
    Հին հրապոյրներն արդեօք ի՞նչ եղան,
    Այն ի՞նչ է պահում շերտը շերտի տակ,
    Ինձ մնաց միայն մաքրութեան մեղան
    Եւ բանաստեղծի պահուածքը շիտակ։
    ԴԱՒԻԹ ԹԵԴՈՐԱՁԷ
    (Թարգմ.՝ Յարութիւն Յովնաթանի)
    * * *
    Ե
    կ
    իրենց
    ղ
    խաչերով,
    ց
    ի
    ն
    ե
    ր
    ն
    ինչպէս տները
    անտենաներով՝ երաժշտութիւն՝
    լուսնի պաղ ֆոնին
    փնտռում են Աստծուն,
    երբ լեղապատառ մի արագութեամբ
    իրենց փայլփլուն
    խաչերով կարմիր
    նրանք ուշացած մեքենայի պէս շտապ օգնութեան
    թռչում են դէպի
    խորքերն անհունի,
    տանելով նաեւ
    ինչ-որ մի հիւանդ,
    թափանցիկ մարմին...
    ՄԻԽԷԻԼ ՔՈՒՐԴԻԱՆԻ
    (Թարգմ.՝ Գագիկ Դաւթեանի)
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •