+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ

  1. #1
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Թեմա Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ

    Այստեղ տեղադրեմ ազգային խնդիրների վերաբերեալ տարբեր վերլուծաբանների յօդուածները:
    ---

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՈՒՆԻ՞
    ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՅԱՆՁՆՈ՞ՒՄ ԵՆՔ

    Ես ուզում եմ մի քանի հարց տալ: Բայց նախքան այդ հարցերը, պէտք է յիշեցնեմ ընդամէնը 10-15 տարուայ մի քանի իրադարձութիւններ: Յիշո՞ւմ էք՝ երբ նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը անընդհատ խօսում էր Թուրքիայի հետ յարաբերութիւններ կարգաւորելու, հարեւանութիւն անելու մասին, ինչպիսի ընդվզում կար: Գոնէ ընդվզում կար Հայաստանի քաղաքական ու մտաւորական մի լայն շրջանակի մօտ: Այսօր Հայաստանի առաջին նախագահը իշխանութիւն չէ, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսեանը, ով Տէր Պետրոսեանի տարիներին եղել է նրա հաւատարիմ զինակիցը, ամէն յարմար առիթով յայտարարում է, որ Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից, իսկ հայ քաղաքական եւ մտաւորական միտքը չի ալեկոծւում ու չի ընդվզում:
    Կարելի է ասել, որ Սերժ Սարգսեանի թուրքական քաղաքականութիւնը գրեթէ չի տարբերւում Լեւոն Տէր Պետրոսեանի թուրքական քաղաքականութիւնից: Ընթերցողը կարող է ինձ հետ վիճաբանութեան մէջ մտնել, բայց ես՝ հայ-թուրքական յարաբերութիւններին անցնող տարիներին ուշադրութեամբ հետեւած լրագրողս, համարձակւում եմ պնդել. ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ 1990-1998 թթ. հայ պետականութիւնը, քաղաքական միտքը այդքան ոչ անարժանապատուօրէն իրեն պահէր Թուրքիայի հետ յարաբերութիւններում:
    Օրինակ, չեմ պատկերացնում, որ ոեւէ մէկը այնքան կորցնէր ինքնասիրութիւնն ու արժանապատուութիւնը, որ ֆութպոլի հաւաքականի զինանշանի վրայից ջնջէր Արարատ սարը: Հիմա արդէն ուշ է եւ անիմաստ է մեղայ գալ: Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ ՀՀՇ-ական իշխանութեան տարիներին հայկական մամուլը այդքան ճկուէր եւ Թուրքիայի նախագահին ասէր. «Բարով ես եկել, պարոն Ապտիւլլա Կիւլ»: Բացի «Երկիր»ը, մնացած թերթերը, ընդ որում նաեւ այն թերթերը, որոնք տարիներ շարունակ քննադատել են հայ-թուրքական յարաբերութիւնների ջատագով անգամ երկրորդական գործիչներին, սեպտեմբերի 6-ին 500 տոլար գումարի դիմաց մի ամբողջ էջ էին տրամադրել Ապտիւլլա Կիւլին ողջունելու համար:
    Ես դեռ կը շարունակեմ իմ հարցերը, բայց մի պահ փոխում եմ դրանց բնոյթը եւ կրկին հարցնում. իսկ եթէ մեր օրաթերթերին որպէս մի էջի գովազդ առաջարկեն ոչ թէ 500, այլ 5.000 տոլար, նրանք կարո՞ղ են տպագրել այսպիսի բովանդակութեամբ գովազդ. «Մենք սգում ենք 1915 թ. սպաննուած բոլոր անմեղ հայերի եւ թուրքերի համար»: Իսկ եթէ առաջարկեն 50.000 տոլար մէկ էջ գովազդի համար եւ այսպիսի բովանդակութեամբ պատուէր տան. «Ցաւօք, ցարական զօրքերի կողմից հրահրուած 1915 թ. հայ-թուրքական բախումների հետեւանքով հարիւր հազարաւոր անմեղ հայեր եւ թուրքեր սպաննուեցին»:
    Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Տէր Պետրոսեանի օրօք անջատուէին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրի լոյսերը: «Երկիր մետիա»ն նկարահանել է եւ պնդում է, որ 2008 թ. սեպտեմբերի 6-ին, երբ Սերժ Սարգսեանն ու Ապտիւլլա Կիւլը ֆութպոլ էին դիտում, յուշահամալիրի լոյսերը անջատուած էին:
    Այսօր, երբ արդէն պարզւում է, որ հայ-թուրքական յարաբերութիւններում առաջընթաց դժուար թէ գրանցուի, Հայաստանի իշխանութիւնները Թուրքիայի նկատմամբ փոքր-ինչ կոշտացնում են արտայայտութիւնների երանգը: Կիւլին բարի գալուստ մաղթող օրաթերթերը նորից սկսել են կոշտ արտայայտուել, Ֆութպոլի ֆետերասիոնի ղեկավարութիւնը երդւում է, թէ յետին նպատակով չեն Արարատը ջնջել ու նրա փոխարէն գնդակ նկարել, Հայոց ցեղասպանութեան հիմնարկ-թանգարանի տնօրէնութիւնը անհասկանալի յոխորտանքներ է հնչեցնում:
    Ի հարկէ, դժուար է պնդել, որ Հայաստանի ղեկավարութիւնը՝ նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը կամ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանն են պատուէր իջեցրել, որ Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրի լոյսերը անջատուեն, Արարատը ջնջեն եւ միւս թուրքահաճոյ ու Հայաստանին պատիւ չբերող քայլերը արուեն: Միւս կողմից, սակայն, պէտք է նկատել, որ անցնող մի քանի ամիսներին Հայաստանի իշխանութիւնները Թուրքիայի հետ յարաբերութիւնների հարցում այնպիսի մթնոլորտ էին ձեւաւորել, որ իշխանութեան աւելի ցածր օղակներից սպասելի էր ցանկացած ստորագոյն քայլ:
    Անկախութիւնից յետոյ Հայաստանն ունեցել է երեք նախագահ: Լեւոն Տէր Պետրոսեանի օրօք Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը չէր դրուել արտաքին քաղաքականութեան օրակարգում, իսկ Հայաստանը չէր յայտարարում, որ Թուրքիայից ունի տարածքային պահանջներ: Այդ մասին ուղղակի նախընտրում էին լռել: Նախագահ Ռոպերթ Քոչարեանի օրօք Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը բերուեց արտաքին քաղաքականութեան օրակարգ: Ինչ վերաբերում է Թուրքիայից տարածքային պահանջներին, ապա երկրորդ նախագահը եւ արտաքին քաղաքականութիւն իրականացնող նրա խմբակը, Վարդան Օսկանեանի ղեկավարութեամբ, ճիշդ է, եւս չէր ներկայացնում տարածքային պահանջներ, սակայն բացայայտ չէր ասում, որ Հայաստանը չունի պահանջներ:
    Իսկ ահա Սերժ Սարգսեանը բացայայտօրէն, ընդ որում՝ ամէն պատեհ առիթով, լինի դա թուրք լրագրողի հետ զրոյց, թէ սփիւռքահայ համայնքի հետ հանդիպում, հարկ է համարում ընդգծել, որ Հայաստանը տարածքային պահանջ չունի Թուրքիայից, որ Հայաստանը պատրաստ է ձեւաւորել հայ եւ թուրք պատմաբաններից կազմուած յանձնաժողով եւ ընդհանրապէս Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել ցանկացած հարց:
    Մտահոգիչ է նաեւ Հայաստանի գործող իշխանութիւնների ղարաբաղեան քաղաքականութիւնը: Վերջերս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներից Մեթիու Պրայզան «Պի. Պի. Սի.» ռատիոկայանի հետ զրոյցում յայտարարեց. «Ղարաբաղեան հակամարտութեան լուծումը պէտք է սկսել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան սկզբունքից, իսկ հետագայում ներգրաւել այլ լրացուցիչ սկզբունքներ, որպէսզի բանակցութիւնները հասցուեն մինչեւ փոխզիջում, մինչեւ շրջանակային պայմանագիր»:
    Ամերիկացի համանախագահը նաեւ ասաց. «Մենք պիտի ասենք՝ այո, իրաւաբանական տեսանկիւնից, օրէնքով Լեռնային Ղարաբաղը Ազրպէյճանի մասն է: Բայց, վերջիվերջոյ, որպէսզի բանակցութիւնները յանգեցնեն համաձայնագրի, Հայաստանը եւս պիտի համաձայնուի դրա հետ: Մենք գիտենք, որ Հայաստանն այլ դիրքորոշում ունի, եւ մենք պիտի օգտագործենք շատ ստեղծագործական, կառուցողական մօտեցումներ, որպէսզի Հայաստանն ու Ազրպէյճանը ընդհանուր լեզու գտնեն: Դա հնարաւոր է, որովհետեւ մինչեւ ինչ-որ աստիճան այդ մօտեցումները համընկնում են»:
    Պրայզան այս յայտարարութիւնն արել է արդէն աւելի քան մէկ շաբաթ առաջ, սակայն Հայաստանի իշխանութիւնները խնամքով անուշադրութեան են մատնում ամերիկացի դիւանագէտի մեկնաբանութիւնները:
    Հոկտեմբերի 7-ին մոսկովեան «Ռոսսիյսքայա կազեթա» պաշտօնաթերթում տպագրուեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի հարցազրոյցը, որում, ըստ էութեան, ռուս թիւ մէկ դիւանագէտը հասկացնել էր տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնուող շրջանները, բացի Լաչինի միջանցքից (ուշադրութիւն դարձրէք՝ ոչ թէ Լաչինի շրջանից, այլ միջանցքից), պէտք է վերադարձուեն Ազրպէյճանին:
    Լաւրովի խօսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորումը միանգամայն իրական է: «Դեռ մինչեւ կովկասեան ճգնաժամը (օգոստոսեան պատերազմը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ - Թ. Յ.) ի յայտ եկաւ շատ լաւ հնարաւորութիւն՝ առաջ շարժուելու ղարաբաղեան կարգաւորման գործընթացում միջնորդների, այսպէս կոչուած ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսայի եւ Միացեալ Նահանգների աջակցութեամբ Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների ուղղակի հանդիպումների միջոցով: Մշակուեց բովանդակային փաստաթուղթ, որը նկարագրում է կարգաւորման գործնականում բոլոր սկզբունքները եւ մեքանիզմները: Չլուծուած է մնում երկու-երեք հարց, որոնք ենթակայ են համաձայնեցման Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հերթական հանդիպումների ժամանակ: Նախ եւ առաջ, խօսքը Լաչինի միջանցքի մասին է: Եւ մեր զգացողութիւնը՝ որպէս երեք միջնորդներից մէկի, այնպիսին է, որ հանգուցալուծումը միանգամայն իրական է: Այն, անշուշտ, ուղղակի բանակցութիւնների միջոցով լուծելու են Հայաստանը եւ Ազրպէյճանը, սակայն միջնորդները, որոնք հրաշալի հասկանում են այդ գործընթացի ամբողջ նրբութիւնը, տեսնում են հանգուցալուծման հնարաւորութիւնը», ասել էր Լաւրովը:
    Եւ ահա նմանօրինակ մտահոգիչ յայտարարութիւնների խորապատկերին հայ պաշտօնեաները կա՛մ լռում են, կա՛մ տալիս ոչ այնքան դիւանագիտական եւ անհասկանալի մեկնաբանութիւններ: Պիշքեքում հոկտեմբերի 10-ին կայացած Էդուարդ Նալբանդեան-Էլմար Մամետեարով-Սերգէյ Լաւրով հանդիպումից յետոյ հայ լրագրողների հետ զրոյցում Հայաստանի արտաքին գործերի նախարարը «հիւանդ երեւակայութիւններ» է որակել վերլուծաբանների այն կարծիքները, թէ ղարաբաղեան հարցում հայկական դիրքերը անբարենպաստ են: Փոխարէն իր ռուս գործընկեր Լաւրովի կամ ամերիկացի Պրայզայի մտահոգիչ յայտարարութիւններին անդրադառնալու՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վիրաւորական պատասխաններ է տալիս վերլուծաբաններին:
    Ի դէպ, հոկտեմբերի 13-ին Մեթիու Պրայզան մէկ անգամ եւս յայտարարել է. «Մենք յուսով ենք, որ Պիշքեքում կայացած Մամետեարով-Նալբանդեան հանդիպումից յետոյ յաջորդ քայլը կը լինի Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպումը առաջիկայ մի քանի շաբաթուայ ընթացքում: Ես կարող եմ կրկնել Միացեալ Նահանգների փոխնախագահ Տիք Չէյնիի խօսքերն այն մասին, որ մենք փնտռում ենք խնդրի լուծման փոխըմբռնելի սկզբունքներ, որոնք սկսւում են Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան սկզբունքից եւ ներառում են յաւելեալ սկզբունքներ»:
    Ինչպէս Պրայզան, այնպէս էլ Լաւրովը ասել են, որ ղարաբաղեան կարգաւորման գործընթացը կ՚աշխուժանայ Ազրպէյճանի նախագահական ընտրութիւններից յետոյ: Դրանք, ինչպէս յայտնի է, կայացել են հոկտեմբերի 15-ին եւ աւարտուել առանց անակնկալների. Իլհամ Ալիեւը վերընտրուել է քուէների մօտ 90 տոկոսով:
    Ընտրութիւններից մի քանի օր առաջ Ալիեւը յայտարարել էր. «Քանի դեռ Հայաստանը չի ազատել մեր տարածքները, Ազրպէյճանը կը շարունակի Հայաստանի ամբողջական մեկուսացման քաղաքականութիւնը: Մենք կը շարունակենք մեր ճնշումը դիւանագիտական, փոխադրամիջոցների, ռազմական, տեղեկատուական եւ այլ ոլորտներում: Միանշանակ է, որ մինչեւ խնդրի կարգաւորումը հնարաւոր չէ Հայաստանի հետ համագործակցութիւնը որեւէ տարածաշրջանային ծրագրում»: Ազրպէյճանի նախագահը եւս մէկ անգամ ընդգծել է, թէ ղարաբաղեան խնդրի կարգաւորումը հնարաւոր է միայն իր երկրի տարածքային ամբողջականութեան սկզբունքի համաձայն:
    Վերոնշեալ յայտարարութիւնները Հայաստանում անուշադրութեան են մատնւում: Անհանգստացնող է, երբ անուշադրութեան են մատնւում ռուս եւ ամերիկացի բարձրաստիճան դիւանագէտների յայտարարութիւնները: Իսկ միգուցէ իրօք Հայաստանի ղեկավարութիւնը դէմ չէ՞ Լեռնային Ղարաբաղի յարակից շրջանները, բացի Լաչինի միջանցքի, վերադարձնել Ազրպէյճանին: Նախագահ Սերժ Սարգսեանը մի քանի անգամ հրապարակաւ յայտարարել է, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», ինչպէս նաեւ հայ ազատամարտիկների անունից պնդել, որ երբ ղարաբաղեան ուժերը տարածքներ էին վերահսկողութեան տակ առնում, դա արւում էր ետ վերադարձնելու նպատակով:
    Դուք պատկերացնո՞ւմ էք՝ հայ ազատամարտիկը կռուով առաջ է գնում՝ իմանալով, որ այդ հողերը յետ են տալու: Ես չեմ պատկերացնում:
    ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
    «Արմինիըն ռիփորթըր»ի մեկնաբան
    Յատուկ «Ազդակ»ի համար
    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=14786
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ

    ՏԵՍԱԿԷՏ
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ԿԸ ՓԼԻ՞Ն

    Հայաստանի դիմադրողականութեան կարելիութիւնները հետզհետէ կը նուազին շրջանի մէջ պատահած նոր իրադարձութիւններու լոյսին տակ։ Արդեօք ոեւէ մէկը կը մտածէ՞, թէ ինչպէս կարելի է անխոցելի դարձնել անոր պարիսպները։
    Թուրքը արդէն ներս մտաւ՝ իր առջեւ գլորելով ֆութպոլի գնդակ մը, փլելով պարիսպ մը։ «Բնականոն յարաբերութիւններ ստեղծենք «բարի դրացիի» մը հետ» ըսելը դիւրին բան է, սակայն...։ Ասոր պիտի հետեւին Ցեղասպանութեան ճանաչման հարցը պատմաբաններու յանձնելը, որպէսզի հանդարտօրէն եւ պատմական տուեալներու վրայ հիմնուելով (անշուշտ ոչ թէ ըսի-ըսաւ) քննարկեն՝ տեսնելու, թէ Ցեղասպանութիւն պատահա՞ծ է, թէ՞ ոչ, մինչ հայերու աչքերուն պիտի սրսկուի տնտեսական փոշի՝ կուրցնելու համար անոնց յիշողութիւնը։ Պարիսպ մը եւս կը փլի։
    Վրաստանի սահմանը եւ մեր միակ ջրային ելքի նաւահանգիստները՝ Պաթումը կամ Փոթին, այլեւս այդքան ալ վստահելի ու ապահով հեռանկարներով չեն դիտուիր, ամրան վերջը Ռուսիոյ եւ Վրաստանի միջեւ պատահած արիւնալի դէպքերէն եւ տրամաթիք փոփոխութիւններէն ետք, բան մը, որ կարելի է բախում նկատել Ռուսիոյ եւ Միացեալ Նահանգներու միջեւ։ Մեր հիւսիսը վտանգաւոր գօտի դարձաւ։ Խախուտ պարիսպ մը եւս։
    Իսկ Ղարաբաղի հարցի առնչութեամբ ցարդ ոչ մէկ լուծում գտնուեցաւ՝ մեղմացնելու լարուածութիւնը այդ սահմանի վրայ։
    Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ տիրող լարուածութիւնը եւս անհանգիստ աչքերով կը դիտուի։ Այս պարիսպն ալ զօրաւոր չէ կարծես։ Որեւէ անակնկալ զարգացում Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ՝ վատ վիճակ կրնայ ստեղծել մեր հարաւային սահմաններուն վրայ։ Թէեւ նախագահ Սարգսեան իր հռչակաւոր ֆութպոլի դիւանագիտական քայլէն ետք, անդրադառնալով իր ձախող նախաձեռնութեան, շեշտեց երկաթուղիի շուտափոյթ կառուցումը դէպի Իրան, սակայն այդ սահմանին ապահովութիւնը երաշխաւորուա՞ծ է։
    Իսկ ներքին քաղաքական վիճակը երբեք չի քաջալերեր մեզ, որ հանգիստ մտքով եւ աչքերով դիտենք իշխանութիւնը, որ երկիրը կը վերածէ քաղաքական բանտարկեալներ ունեցող երկիրներէն մէկուն։ Ներքին պարիսպն է ամէնէն կարեւորը, որ եթէ փլի, միւս բոլոր պարիսպները փլուզման կ՚ենթարկուին անմիջապէս։ Իշխանութիւնը չի կրնար բանտերու մէջ կամ մաֆիայի հոգեբանութեամբ եւ սպառնալիքներով չէզոքացնել ընդդիմութիւնը։ Այդ միջնադարեան ձեւերէն անմիջապէս դուրս պէտք է գայ եւ լեզու գտնէ ընդդիմութեան հետ, որպէսզի երկիրը ղեկավարուի քոալիսիոն կերպով։
    Իսկ Թուրքիոյ դեռ ինչե՞ր պիտի յանձնենք։ Անոր կրնա՞նք իրաւարարի դերակատարութիւն յանձնել Ազրպէյճանի հետ մեր ղարաբաղեան հարցին մէջ։ Չենք կարծեր, թէ յաջող դիւանագիտութեան արդիւնք կ՚ըլլայ, եթէ Թուրքիա, որ Ազրպէյճանի շահերը կը պաշտպանէ, մաս կազմէ Ղարաբաղի տագնապի լուծման։
    Հայաստան ժամանակին ալ պարիսպներ չունէր զինք պաշտպանող։ Բիւզանդիոնը մէկ կողմէ, իսկ պարսիկը միւս կողմէ՝ բաժան-բաժան ըրին Մեծն Հայաստանը։ Օսմանցիները վրայ եկան ու «մաքրեցին» մնացեալը։ Հիմա Մեծն Հայաստանի փոխարէն, կայ փոքր Հայաստանը, բայց կ՚ապրի նոյն պաշարուած իրավիճակը։ Սակայն այս անգամ մեզի կը թուի, թէ մեր ձեռքերով յանձնուելու ենք, մեր ձեռքերով փլելու ենք մեր ֆիզիքական եւ հոգեբարոյական բոլոր պարիսպները եւ մերկանանք մեր ձեռքը ունեցած բոլոր աթուներէն։
    Տակաւին մենք շրջափակուած կը մնանք՝ առանց երկաթուղիի գիծ մը իսկ բացուելու մեր դիմաց։ Ըստ երեւոյթին, սահմանները գոց վիճակի մէջ նախ կը պահանջուի մեզմէ գոհացնել ազերին՝ վերադարձնելով անոր «գրաւուած հողերը» եւ գոհացնել թուրքը՝ գիծ մը քաշելով Ցեղասպանութեան վրայ։
    Ո՞վ շահեցաւ այս սիրաբանութենէն։ Կիւլ զիջո՞ւմ ըրաւ ֆութպոլի իր խումբին յաղթանակը դիտելով։ Եթէ քաղաքական հարցերը ֆութպոլի գնդակով լուծուէր, այն ժամանակ հիմա աշխարհի մէջ որեւէ հարց պէտք չէր մնար։
    Իսկ բարի դրացի ո՞վ չ՚ուզեր ունենալ։ Սակայն բարի դրացին ո՞րն ա, մէկ ու կէս միլիոն հայ մորթո՞ղը եւ ետքը այդ Ցեղասպանութիւնը ուրացո՞ղը։ Իսկ այն առաջարկը՝ «Եկէք պատմաբաններու յանձնախումբ մը կազմենք եւ տեսնենք, թէ ո՛վ որո՞ւն տեղահան ըրեր եւ սպաններ է». այս միայն խեղկատակութիւն է եւ ապտակ՝ բոլոր անոնց, որոնք ցարդ պաշտօնապէս ճանչցած են Ցեղասպանութեան իրողութիւնը։
    Տակաւին անպատասխան հարցումներ շատ կան։ Տակաւին իսկական պազարը չսկսաւ կարծես, այլ Հայաստանի կողմէ սրահին դուռը բացուեցաւ, որպէսզի ոչխարը գայլին հետ ժողով ընէ։ Փոխզիջումներ պէտք է ընենք։ Դեռ ի՞նչ զիջում մնաց, որ չըրինք։ Ծովու մէկ մեթր ափ իսկ չթողուցին մեզի, երկինքն ալ բռնաբարուած է։ Իսկ Արարատին միայն դիտում ենք հեռուից, այդ նշանակալից լեռը երկու կողմերով էլ մերը չի։
    Ժամանակին Միացեալ Նահանգներու սահմանը Արարատ լեռն էր։ Ներկայիս ան չի բաւականանար Արարատով, այլ աւելի անդին կ՚ուզէ երթալ, Կասպից, Թուրքմենիստան, Ղազախստան եւ այլն. Հայաստանը միակ պարիսպն է անոր դիմաց եւ Թուրքիան՝ միակ ճանապարհը։
    Արդէն Վրաստան նախանձելի վիճակ չ՚ապրիր։ Ազրպէյճան զգուշ է։ Ուքրանիոյ տակ հրաբուխը եռալու սկսաւ։
    Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համար ի՞նչ զիջումներ պիտի ընենք, որպէսզի Անգարա ընդունի Երեւանի հետ բնականոն դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել։
    Ռուսը զբաղ է իր պարիսպները զօրացնելով՝ հիւլէական զէնքերու իր միջոցները բարելաւելով։ Իսկ Հայաստանի պարիսպները փուլ գալո՞ւ սկսան։ Դեռ ի՞նչ ունինք զիջելիք։ Ցեղասպանութեան ճանաչո՞ւմը մնաց միայն։ Անկէ՞ ալ զիջինք։
    ՍԵՄ ՐԱԳՈՒՊԵԱՆ

    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=15025
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՄԱԴՐԻԴԵԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄՔՈՎ
    ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ-ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ
    Մոսկուան առաջիկայում նախապատրաստում է Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպում, հոկտեմբերի 21-ին Երեւանում յայտարարեց Ռուսաստանի նախագահ Տմիթրի Մետվետեւը, ով առաջին պաշտօնական այցով Հայաստանում էր: Նախագահի աթոռը զբաղեցնելուց յետոյ Մետվետեւը իր հայ գործընկերոջ հետ հանդիպել է եւս չորս անգամ` մարտի 24-ին եւ յուլիսի 24-ին՝ Մոսկուայում, յունիսի 6-ին՝ Ս. Փեթերսպուրկում սեպտեմբերի 2-ին՝ Սոչիում: Պաշտօնական այցի շրջանակներում Տմիթրի Մետվետեւը Երեւանում մասնակցեց Ռուսաստանի հրապարակի բացման արարողութեանը, իսկ Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրին: Սերժ Սարգսեան-Տմիթրի Մետվետեւ առանձնազրոյցում, ինչպէս եւ ակնկալւում էր, առանձնակի ուշադրութիւն է դարձուել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հեռանկարին:
    «Ես յոյս ունեմ, որ գտնւում ենք առաջընթացի փուլում, յամենայն դէպս երկու կողմերն էլ պատրաստ են լուծումներ որոնել: Ես չեմ մեկնաբանի բանակցութիւնների նրբութիւնները, քանի որ դրանք բանակցային նրբութիւններ են, ինչով եւ դրանք արժէքաւոր են: Յուսով եմ, որ մօտ ժամանակներս տեղի կ՚ունենայ երեք նախագահների հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում», ասաց Տմիթրի Մետվետեւը իր հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում:
    Սերժ Սարգսեանը իր հերթին ասաց. «Հայաստանը պատրաստ է բանակցութիւնները շարունակել մատրիտեան սկզբունքների հիմքով: Իսկ թէ ինչ է դա նշանակում, ձեզանից իւրաքանչիւրը կարող է համացանցում կարդալ այդ փաստաթուղթը, քանի որ դա միջնորդների կողմից գրանցուած է յստակօրէն կազմակերպութեան պահոցներում, եւ այդտեղ որեւէ գաղտնիք չկայ: Սրանք հիմքեր են, որոնք թոյլ են տալիս ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը եւ մեզ համար սկզբունքային որոշ այլ մօտեցումներ»:
    Մոսկուա վերադառնալու յաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 22-ին, հեռախօսազրոյց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ազրպէյճանի առաջնորդների միջեւ, Տմիթրի Մետվետեւն ու Իլհամ Ալիեւը, ըստ «Ինթըրֆաքս» գործակալութեան, քննարկել են երեք երկրների նախագահների հանդիպման նախապատրաստական ընթացքը: Յիշեցնենք, որ յուլիսի 3-ին Պաքու էր այցելել Մետվետեւը: Ալիեւի հետ կայացած հանդիպման արդիւնքներով ստորագրած «Բարեկամութեան եւ ռազմավարական գործընկերութեան մասին» հռչակագրում բառացիօրէն ասւում էր, որ Մոսկուան եւ Պաքուն ընդգծում են «միջազգային իրաւունքի լայնօրէն ընդունուած նորմերի ու սկզբունքների, եւ առաջին հերթին` պետութիւնների ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտութեան պահպանման եւ ապահովման հիման վրայ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուտափոյթ կարգաւորման կարեւորութիւնը»:
    Համանախագահող պետութիւնները` Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսան, միշտ էլ հրապարակաւ յայտարարել են, որ ճանաչում են Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, սակայն միւս կողմից ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշուի բանակցութիւնների արդիւնքում: Վերջին ամիսներին, սակայն, ռուսներն ու ամերիկացիները աւելի շատ են կարեւորութիւն տալիս Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեանը: Եւ սա այն դէպքում, երբ նոյն ամերիկացիները փետրուարի 18-ին միակողմանիօրէն ճանաչեցին Քոսովոյի անկախութիւնը, իսկ օգոստոսի 26-ին ռուսները միակողմանիօրէն, անտեսելով ՄԱԿ-ը, ճանաչեցին Աբխազիան եւ Հարաւային Օսեթիան:
    Նախագահ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը, թէ մատրիտեան սկզբունքների մասին կարելի է կարդալ համացանցում, ուղղակի ճիշդ չէ: Հաւանաբար Հայաստանի նախագահը նկատի ունի այն բնագիրը, որ համանախագահները հրապարակեցին 2006 թ. յունիսին: Կարգաւորման այդ առաջարկները, որոնք ստացել էին փրակեան անունը, նախատեսում էր հիմնարար մի շարք սկզբունքներ:
    «Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զօրքերը Ազրպէյճանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայուած են: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ազրպէյճանի տնտեսական ու դիւանագիտական կապերի բնականոնացում: Կան նաեւ այլ դրոյթներ, ինչպէս, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակութիւն Ղարաբաղի տարածաշրջանի համար եւ տնտեսական զարգացում: Եւ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսուած է նաեւ քուէարկութիւն՝ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակի հարցով», ասել էր ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկեան համանախագահ Մեթիու Պրայզան:
    Անմիջապէս հետեւեց պաշտօնական Երեւանի արձագանգը. համանախագահները, մասնաւորապէս` Պրայզան, գաղտնազերծել են շրջանակային համաձայնագրի ընդամէնը մի մասը, որը չի արտայայտում ողջ փաստաթղթի էութիւնը: Հայաստանի պաշտօնեաները սպառնացին, որ հարկ եղած դէպքում կը հրապարակեն այդ բնագիրը, ինչը սակայն չեն արել առ այսօր:
    2007 թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսքի խումբը, աւելի որոշակի՝ եռանախագահութիւնը ներկայացնող Միացեալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսայի աւագ դիւանագէտներ Նիքոլաս Պըրնզը, Սերկէյ Լաւրովը եւ Պեռնար Քուշները Մատրիտում Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանեանին եւ Էլմար Մամետեարովին գրաւոր ներկայացրել էին կարգաւորման առաջարկներ:
    «Նոյն փաստաթուղթն է, ինչ երկու տարի է մօտաւորապէս արդէն սեղանի վրայ է: Պարզապէս փաստաթղթում այն հարցերի շուրջ, որ դեռեւս չկայ համաձայնութիւն, համանախագահողները ներկայացրել են իրենց տարբերակը կողմերին` նրանց քննարկման համար: Սա է միակ նորութիւնը այդ փաստաթղթում: Դրա համար էլ պէտք է զգուշ լինել գնահատականների մէջ, որովհետեւ մակարդակը բարձր էր, եւ կարող է ակնկալութիւնները մեծ լինեն», ասել էր նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը մատրիտեան հանդիպումից յետոյ:
    Հետագայ բանակցութիւններում համանախագահները Երեւանի եւ Պաքուի միջեւ խնդրայարոյց կէտերը յաղթահարելու նպատակով ներկայացրին իրենց տարբերակը: Մասնաւորապէս, վիճելի էին համարւում հանրաքուէի, Լաչինի միջանցքի եւ Քելբաջարը ազրպէյճանցիներին հետ տալու հարցերը: Այսպէս ծնուեց մատրիտեան փաստաթուղթը: Քանի որ փրակեան փաստաթուղթը մերժել էր Պաքուն, ենթադրւում է, որ մատրիտեան փաստաթուղթը աւելի ազրպէյճանանպաստ պիտի լինի:
    Յամենայն դէպս, ակնյայտ է, որ Հայաստանի գործող իշխանութիւնները դէմ չեն Ազրպէյճանին վերադարձնել ղարաբաղեան ուժերի վերահսկողութեան տակ գտնուող վեց շրջանները, բացի Լաչինից: Դրա դիմաց Պաքուն հաւանաբար խոստանում է ընդունել ապագայում անցկացուելիք հանրաքուէի արդիւնքները:
    Մի բարձրաստիճան նախկին հայ դիւանագէտ, ով մօտիկից հետեւել է բանակցութիւններին, մեզ հետ զրոյցում ասաց, որ հանրաքուէի գաղափարը փաստաթուղթ է մտցուել կողմերի երեսները փրկելու նպատակով եւ քիչ հաւանական է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար երբեւիցէ կ՚անցկացուի հանրաքուէ:
    Նկատենք, որ այսօր բանակցութիւնների սեղանին դրուած փաստաթուղթը այնքան էլ չի տարբերւում այն փաստաթղթից, որը 1997 թ. վերջերին ընդունելի էր համարում Հայաստանի առաջին նախագահը, ինչն էլ դարձաւ նրա ստիպողական հրաժարականի պատճառներից մէկը կամ առիթը: 1997 թուականին էլ միջազգային միջնորդները առաջարկում էին հայկական ուժերի դուրս բերումը վեց շրջաններից, բացի Լաչինը: Միակ էական տարբերութիւնը 1997-ի եւ այսօրուայ փաստաթղթի մէջ այն է, որ եթէ տասնմէկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնւում էր բաց, «փուլային» կոչուող փաստաթղթում կարգավիճակի մասին խօսք անգամ չկար, այսօր միջազգային հանրութիւնը փորձում է ինչ-որ կերպ ներդաշնակեցնել կամ հաշտեցնել միջազգային իրաւունքի երկու հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականութիւնը եւ ազգերի ինքնորոշումը:
    Եւ այստեղ հարց է ծագում. Լեւոն Տէր Պետրոսեանը, ով 1997-ին փորձում էր համոզել, որ անհրաժեշտ է ընդունել «փուլային» տարբերակը, ինչո՞ւ է այսօր քննադատում գործող իշխանութիւնների ղարաբաղեան քաղաքականութիւնը: Անշուշտ, ժամանակի գործօնը կարեւոր է. այն ինչ ընդունելի էր տասնմէկ տարի առաջ, այսօր կարող է լինել անընդունելի: Սակայն, մեր կարծիքով, հիմնական պատճառը, որ Լեւոն Տէր Պետրոսեանը քննադատում է Սերժ Սարգսեանին, ներքաղաքական է, աւելի յստակ՝ հերթական անգամ ներքաղաքական պայքարում շահարկւում է ղարաբաղեան խաղաքարտը:
    Իր վերջին հանրահաւաքային ելոյթում՝ հոկտեմբերի 17-ին, Տէր Պետրոսեանը ներկայացրեց մատրիտեան փաստաթղթի առանցքային կէտերը: Կրկնենք, որ այդ փաստաթուղթը չի հրապարակուել, ինչպէս պնդում է Սերժ Սարգսեանը, սակայն չի կարելի նաեւ գաղտնի համարել, քանի որ հայկական, ազրպէյճանական եւ միջազգային մամուլում բազմիցս տպագրուել են այդ փաստաթղթի առանցքային կէտերը: Ըստ Տէր Պետրոսեանի՝ մատրիտեան փաստաթղթում առանցքային են հետեւեալ սկզբունքները. հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղին յարակից ազրպէյճանական շրջաններից, այդ շրջանների վերաբնակեցում ազրպէյճանցի փախստականներով, ազրպէյճանցի փախստականների վերադարձ բուն Լեռնային Ղարաբաղի տարածք, Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովում, Լեռնային Ղարաբաղի սահմանների շրջագծով միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում, Ազրպէյճանին վերադարձուած տարածքների ապառազմականացում, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի արտաքին հաղորդակցութեան ճանապարհների ապաշրջափակում, հայ-թուրքական սահմանի բացում, Լեռնային Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակի սահմանում, անորոշ ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերեալ հանրաքուէի կամ ժողովրդական հարցման` պլեբեսցիտի անցկացում, հակամարտութեան գօտու վերականգնման համար միջազգային ֆինանսական օգնութեան յատկացում:
    Ամենաառանցքայինը, անկասկած հանրաքուէի անցկացման մանրամասներին է վերաբերում: Մասնաւորապէս` ո՞վ է կազմակերպելու հանրաքուէն` ՄԱ՞Կ-ը, ԵԱ՞ՀԿ-ն, Ազրպէյճա՞նը, Լեռնային Ղարաբա՞ղը: Ե՞րբ է տեղի ունենալու այդ հանրաքուէն, ո՞ր տարածքում է անցկացուելու` նախկին Խորհրդային Ազրպէյճա՞նի, նախկին ԼՂԻ՞Մ-ի, թէ՞ այսօրուայ ԼՂՀ-ի: Ովքե՞ր են մասնակցելու այդ հանրաքուէին, ինչպէ՞ս է ձեւակերպուելու հանրաքուէի դրուած հարցը, ինչպիսի՞ իրաւական հետեւանքեր է ունենալու այն:
    Վարդան Օսկանեանը սիրում էր կրկնել՝ «սատանան մանրամասների մէջ է»:
    Վերջերս Պրայզան «Պի. Պի. Սի.» ռատիոկայանի հետ զրոյցում յայտարարեց. «Ղարաբաղեան հակամարտութեան լուծումը պէտք է սկսել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան սկզբունքից, իսկ հետագայում ներգրաւել այլ լրացուցիչ սկզբունքներ, որպէսզի բանակցութիւնները հասցուեն մինչեւ փոխզիջում, մինչեւ շրջանակային պայմանագիր»:
    Ամերիկացի համանախագահը նաեւ ասել էր. «Մենք պիտի ասենք՝ այո, իրաւաբանական տեսանկիւնից, օրէնքով Լեռնային Ղարաբաղը Ազրպէյճանի մասն է: Բայց, վերջիվերջոյ, որպէսզի բանակցութիւնները յանգեցնեն համաձայնագրի, Հայաստանը եւս պիտի համաձայնուի դրա հետ: Մենք գիտենք, որ Հայաստանն այլ դիրքորոշում ունի, եւ մենք պիտի օգտագործենք շատ ստեղծագործական, կառուցողական մօտեցումներ, որպէսզի Հայաստանն ու Ազրպէյճանը ընդհանուր լեզու գտնեն»:
    Հոկտեմբերի 7-ին մոսկովեան «Ռոսսիյսքայա Կազեթա» պաշտօնաթերթում տպագրուեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովի հարցազրոյցը, որում, ըստ էութեան, ռուս թիւ մէկ դիւանագէտը հասկացնել էր տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնուող շրջանները, բացի Լաչինի միջանցքից (ուշադրութիւն դարձրէք՝ ոչ թէ Լաչինի շրջանից, այլ միջանցքից), պէտք է վերադարձուեն Ազրպէյճանին:
    Լաւրովի խօսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորումը միանգամայն իրական է. «Չլուծուած է մնում երկու-երեք հարց, որոնք ենթակայ են համաձայնեցման՝ Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հերթական հանդիպումների ժամանակ: Նախ եւ առաջ, խօսքը Լաչինի միջանցքի մասին է»:
    ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
    «Արմինիըն ռիփորթըր»ի մեկնաբան
    Յատուկ «Ազդակ»ի համար

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ

    ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԲՆԱԿԵՑՆԵԼՈՎ Է ՀՆԱՐԱՒՈՐ ՊԱՀԵԼ
    ԹԻՒՖԵՆԿԵԱՆԻ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԸ ԱՐԴԷՆ ԲԵՐՔ ԵՆ ՏԱԼԻՍ

    Լեռնային Ղարաբաղին յարակից ազատագրուած տարածքները Ազրպէյճանին վերադարձնելու խօսակցութիւնները ամենալուրջ արգելքն է, որը խոչընդոտում է այդ տարածքների վերականգնումը եւ վերաբնակեցումը: Եթէ որոշ հայ բարձրաստիճան պաշտօնեաների համար Քելբաջարը, Լաչինը եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ գտնուող շրջանները հայկական չեն, ապա դրա պատճառը առաջին հերթին նրանց անգրագիտութիւնն է հայոց պատմութիւնից: Սիւնիքի եւ Արցախի միջեւ ընկած տարածքները՝ Աղաւնոյ, Հակարի եւ Որոտան գետերի բարեբեր հովիտները միայն վերջին 200 տարիներին են դատարկուել բնիկ հայկական բնակիչներից, իսկ մի քանի գիւղեր, ինչպէս՝ Հակը, Ալղուլին, հայաբնակ էին մինչեւ 1918 թուականը:
    Այգեհովիտը Հակարիի հովտի մասամբ վերականգնուած եւ վերաբնակեցուած գիւղերից է: Գիւղապետ Զորիկ Յովհաննիսեանի համար այս հովիտն ու Այգեհովիտը աշխարհի ամենագեղեցիկ տեղն է, թէեւ նա ծնուել է Ստեփանաւան քաղաքում, երկար տարիներ ապրել, աշխատել է Արթիկում: Գիւղապետն ասում է, որ հողերը յետ տալու մասին խօսակցութիւնները շատ են ազդում այստեղ բնակուողների հոգեբանութեան վրայ:
    «Վեց տարի անլոյս ապրելուց յետոյ վերջապէս այստեղ ելեկտրականութիւն է հասցուել: Թիւֆենկեան հիմնադրամը սկսել է բարեգործական որոշ ծրագրեր իրականացնել, Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը գիւղացիներին փոքր գումար անտոկոս վարկ է տրամադրում: Բայց սա շատ քիչ է այս տարածքները վերականգնելու եւ վերաբնակեցնելու համար», ասում է Յովհաննիսեանը:
    Գիւղապետը համոզուած է. պէտք է այնպէս անել, որ մարդը այս հողի վրայ իրեն մարդ զգայ, ոչ թէ օգնութիւն խնդրող արարած: «Այսինքն պէտք է հնարաւորութիւն ստեղծել, որ մարդը արժանապատիւ աշխատի, ապրի ու իմանայ, որ այս հողն իրենն է: Ուրիշ բան պէտք չէ, մնացած ամէն բան մարդը իր ձեռով կը ստեղծի», ասում է նա:
    Թիւֆենկեան հիմնադրամի Լեռնային Ղարաբաղի գրասենեակի տնօրէն Անդրանիկ Գասպարեանը համաձայն է՝ ազատագրուած տարածքներում առաջին հերթին պէտք է լուծել աշխատատեղի խնդիրը, քանի որ նոյնիսկ լաւ տներ կառուցելով հնարաւոր չէ մարդկանց պահել այդ հողերի վրայ:
    «Հիմնական պատճառը աշխատանք չլինելն էր, որ մարդիկ 2000-ից մինչեւ 2007 թթ. արտագաղթում էին Քաշաթաղի շրջանից: Մեր հիմնադրամը Այգեհովիտ եւ Ուրեկան գիւղերում մօտ 40 հեկտար այգիներ է վերցրել եւ վերականգնում է խաղաղի այգիները», ասաց Գասպարեանը:
    Այգեհովիտը հիմնադրուել է 1997 թուականին, այսօր ունի 160 բնակիչ: Գիւղապետ Յովհաննիսեանը ընդունում է, որ 2002-ից գիւղի բնակիչների մի մասը հեռացել է: Մարդը չի զգում, որ անհրաժեշտ է այս հողին կամ այս հողն անհրաժեշտ է:
    «Բայց ես գնացողների մասին շատ չեմ մտածում, միգուցէ մարդիկ չեն կարողացել այստեղ ապրել-յարմարուել, միգուցէ իրենց նախկին բնակավայրում վիճակը լաւացել է, այստեղից թողել-գնացել են: Ամենակարեւորն այն է, որը գիւղում նոր ընտանիքներ են ստեղծւում, տեղի երիտասարդները ամուսնանում են, երեխաներ ունենում: Սրա հետ մէկտեղ անընդհատ հարցնում են՝ այսպէս ապրելով ի՞նչ ապագայ կ՚ունենայ իմ երեխան: Գերխնդիրը այս հողերի բնակեցումը պիտի լինի: Կիսատ-պռատ չի կարելի բնակեցում անել: Հակառակորդն էլ մտածում է՝ ինչո՞ւ հայերը չեն բնակեցնում այդ տարածքները, որովհետեւ իրենցը չէ», նկատում է Յովհաննիսեանը:
    Գիւղապետն ասում է, որ եթէ այստեղ հաստատուի կայուն եւ մշտական բնակչութիւն, այլեւս դժուար, անհնար կը լինի Ազրպէյճանին հող յետ տալ: Ազատագրուած այս տարածքներում մարդիկ այլեւս օգնութիւն չեն խնդրում, այլ պահանջում են արժանապատիւ ապրելու, աշխատելու հնարաւորութիւն տալ:
    Մօտ կէս տարի առաջ ամերիկահայ բարերար Ճէյմս Թիւֆենկեանը Բերձորում (Լաչին) կազմակերպեց խորհրդաժողով, որի նպատակն էր մէկ անգամ եւս հայկական աշխարհի ուշադրութիւնը հրաւիրել ազատագրուած տարածքների վրայ եւ փորձել այդ տարածքները վերականգնելու եւ վերաբնակեցնելու համար ներգրաւել սփիւռքահայ ներդրումներ:
    Անդրանիկ Գասպարեանի ասելով՝ արդէն կան որոշ ներդրումների խոստումներ: Առաջնային է գինու գործարանի հիմնադրումը, որը կ՚աշխատի տեղական հումքի վրայ:
    Այս տարի, թէեւ եղանակային պայմանները նպաստաւոր չէին, սակայն Թիւֆենկեան այգիներից մօտ 80 թոն խաղողի բերք է ստացուել: Խաղող մշակում են նաեւ Այգեհովիտի բնակիչները: Նրանք բողոքում են, որ Հադրութի կամ Կարմիր Շուկայի գինու գործարանները իրենց խաղողը ընդունել են ընդամէնը 110 դրամով: Բացի այդ, Այգեհովիտից խաղողը այնտեղ հասցնելը եւս մեծ ծախսերի հետ է կապուած, արդիւնքում՝ խաղողի մշակութիւնը չի արդարացնում:
    Այգեհովիտում կամ շրջակայ որեւէ բնակավայրում գինու գործարանի հիմնադրումը ոչ միայն կը հեշտացնի գիւղացիների հոգսը, այլ կարող է նպաստել նաեւ խաղողի նոր այգիների վերականգնմանը: Երբ Թիւֆենկեան հիմնադրամը 2005 թուականին Այգեհովիտում կառուցեց ալրաղաց, շրջակայ տարածքի բոլոր գիւղերի բնակիչները հեշտութեամբ սկսեցին վաճառել իրենց ցորենը կամ ցորենը ալրաղացում պարզապէս վերածել հացի: Երբ հիմնադրամը հարեւան Իշխանաձոր գիւղում բուժկէտ կառուցեց, դա փրկութիւն էր շրջակայ տարածքի բոլոր գիւղերի համար, քանի որ մօտակայ բուժկէտը մինչ այդ Բերձորն էր, Գորիսը կամ Կապանը՝ իւրաքանչիւրը մօտ 40 մղոն հեռու Իշխանաձորից:
    Հակարի գետի հովիտը առատ բերք ու բարիք կարող է տալ: Պարզապէս պէտք է այդ հողերի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցոյց տալ եւ այդ հողերին վերաբերուել ոչ միայն որպէս անվտանգութեան գօտի կամ ազատագրուած տարածք, այլեւ՝ հայրենիք, որը պատկանում է հային:
    Թիւֆենկեան հիմնադրամի աշխատողներից վարորդ Միխայէլը, ում «Նիւա» ինքնաշարժով մէկ օր շրջեցինք Հակարի գետի բարեբեր հովտում, յետդարձին առաջարկեց համտեսել Հակարիի ձուկը: Այս կողմերում ամենալաւ ձկնորսներից է Ռոմիկը, ով չորս տարի առաջ Այգեհովիտ է տեղափոխուել Աշտարակից:
    Նա ոչ միայն լաւ ձկնորս է, այլ՝ աշխատասէր հայ, հոգատար ծնող, ով հասցրել է աւելի քան երկու հեկտար հողի վրայ պտղատու ծառեր տնկել: Իրապէս Հակարիի ձուկը անկրկնելի համ ունէր: Գետերի, հոսող ջրերի ձուկը համեղ է, մանաւանդ երբ այդ ջրերը հաւաքւում են հայկական լեռների սառնորակ աղբիւրներից:
    ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
    «Արմինիըն ռիփորթըր»ի մեկնաբան
    Յատուկ «Ազդակ»ի համար
    Քաշաթաղի շրջան
    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=15484
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ

    ԹՈՒՐՔ ԴԱՏԱՒՈՐ ՄԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՒ ԿԸ ՔՆՆԱԴԱՏԷ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

    Վերջին ամիսներուն թրքական մամուլին մէջ Հայոց ցեղասպանութեան մեծապէս ցաւակցող բազմաթիւ յօդուածներ լոյս տեսան՝ հակառակ այս արգիլուած նիւթին քննարկումը քրէական յանցանք նկատող Թուրքիոյ ճնշիչ օրէնքներուն։
    Այդպիսի յօդուածներէն մէկը լոյս տեսաւ ազատական «Թարաֆ» օրաթերթի 30 հոկտեմբերի թիւին մէջ։ Անոր հեղինակը անհաւանական գրող մըն էր՝ Իզմիրի մօտ գտնուող Օտեմիշիէն դատաւոր Ֆարուք Օզսուն։ Այս մէկը թերեւս առաջին անգամն է, որ պաշտօնի վրայ գտնուող թուրք դատաւոր մը հրապարակաւ այսպիսի համարձակ մտածումներ կ՚արտայայտէ՝ անտեսելով քրէական օրէնսգիրքի թիւ 301 յօդուածը։ Ան կը քննադատէ եւ կը ձաղկէ տասնամեակներէ ի վեր հասարակութեան մէջ ներարկուած թրքական կառավարութեան՝ Հայոց ցեղասպանութեան աղաւաղուած տարբերակը։
    Դատաւոր Օզսու կը հաստատէ, որ թուրք մերժողականները իրենք զիրենք կը հակասեն՝ առաջին հերթին մերժելով 1915-ին պատահածը, ապա յայտնելով, որ այդ սպանութիւնները կատարուած են «ի պաշտպանութիւն հայրենիքին»։
    Անդրադառնալով վերջերս Հայոց ցեղասպանութիւնը մերժելնուն համար զուիցերիական դատարանի մը կողմէ դատապարտուած երեք թուրքերուն՝ դատաւոր Օզսու կը գրէ, որ ի տարբերութիւն թրքական համատարած սխալ ներկայացման, Զուիցերիա խօսքի ազատութիւնը չսահմանափակեց, այլ իրողութեան մէջ մարդկային արժանապատուութիւնը պաշտպանեց։ Աւելի՛ն. ան կը ձաղկէ բոլոր անոնք, որոնք կը յայտնեն, որ՝ «խօսքի ազատութեան տեսանկիւնէն դիտուած՝ Թուրքիա Զուիցերիայէն աւելի յառաջադէմ է», յայտարարութիւն մը, որ ան ծիծաղելի կը նկատէ։ Ըստ իր դատողութեան, անոնք, որոնք Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ թրքական պաշտօնական գիծին կը հետեւին, «կոյր հայրենասէրներ» են, որոնք դաւաճանութեամբ կ՚ամբաստանեն բոլոր անոնք, որոնք այս նիւթին վերաբերեալ նուազագոյն մարդկային զգացումը ցոյց կու տան։
    Դատաւոր Օզսու ինքզինք կը ներկայացնէ իբրեւ «պարզ մարդ մը, որ իր խղճմտանքը չէ կորսնցուցած՝ հակառակ ազգայնական կրթութեան»։ Ան կը բացատրէ, որ քանի Զուիցերիա 1915-ը իբրեւ ցեղասպանութիւն ճանչցած է, այդ երկրին մէջ գտնուողները ստիպուած են յարգելու տեղւոյն օրէնքը։ Ան կը մէջբերէ Էլի Վայզըրլը, որ կ՚ըսէ, թէ ցեղասպանութեան մերժումը ցեղասպանութեան շարունակութիւնն է։ Ահա թէ ինչո՛ւ դատաւորը կը գրէ. «Պարտաւորիչ է հերքումը քրէական յանցանք նկատել»։
    Մեծայարգ դատաւորը նաեւ կ՚առարկէ, որ ցեղասպանութեան մերժումը իրողութեանց մասնագիտական հետաքննութեան առնչակից չէ։ Ան ֆրանսացի պատմաբան Ժիլ Ուայնշթայնն ու թուրք փրոֆեսէօր Պաշքըն Օրանը կը դատապարտէ յայտարարելնուն համար, թէ՝ «փաստաթուղթեր գոյութիւն չունին, որոնք կը փաստեն, թէ սպանութիւնները կատարուած են պետական ծրագիրի մը համաձայն, ուստի այս դէպքերը ցեղասպանութիւն կարելի չէ նկատել»։ Դատաւորին կարծիքով, այսպիսի յայտարարութիւններ կատարողները պարզապէս «թիւ 301 յօդուածի ճիրաններէն» իրենց վիզը ազատել կը փորձեն։
    Անցեալ տարի Հայոց ցեղասպանութիւնը մերժելուն համար Զուիցերիոյ գերագոյն դատարանին կողմէ դատապարտուած Տողու Փերինչեքի ուղղակի ակնարկ մը կատարելով՝ դատաւոր Օզսու հետեւեալ դիտողութիւնները կատարեց։ «Փերինչեքի ընկերակցութիւնը կը կրէ Թալէաթ փաշայի անունը, որ «թուրք Հիթլեր» մը կը նկատուի»։
    «Անոնք, որոնք կը յայտարարեն, թէ Հայոց ցեղասպանութիւնը «կայսերապաշտական սուտ մըն է» հարիւր հազարաւոր անձերու մահուան հանդէպ ցոյց չի տար, սակայն կը յայտարարեն. «Կեցցէն Իթթիհատականները, ճիշդ ըրինք հայերը սպաննելով եւ նոյնը ներկայիս ալ կրնանք ընել», ապա միակ անձը, որ իրենց ուշադրութիւն պիտի դարձնէ, զուիցերիացի դատաւոր մըն է»։
    «Հայոց ցեղասպանութիւնը վիճարկելը, ցեղապաշտական արտայայտութիւններ ունենալը եւ ոճիրի մը գործադրումը գովաբանելը Զուիցերիոյ մէջ ներկայիս արդարադատական հարց մըն է եւ ոչ թէ՝ գիտական հետաքննութեան մը միջոցով ճշմարտութեան ձգտելու փորձ մը»։
    Դատաւորը ժխտական կերպով կը գնահատէ իր երկրին կրթական համակարգը, որ թուրքերը 1915-ին վերաբերեալ անտեղեակ կը պահէ, մինչ Թուրքիայէն դուրս գտնուող անձեր, որոնք «թրքական կրթութիւն» չեն ստացած, հարցերը տարբեր ձեւով կը դիտեն։ Բացատրելով, որ ցեղասպանութիւն եզրը հնարուած էր 1933-ին Ռաֆայէլ Լեմքին անունով լեհ-հրեայ փաստաբանի մը կողմէ, Հայոց ցեղասպանութենէն ետք եւ հրէական Ողջակիզումէն առաջ, ինչ որ կը նշանակէ, թէ «Թուրքիոյ կողմէ ստորագրուած Ցեղասպանութեան ուխտը ներշնչուած էր Հայոց ցեղասպանութենէն»։
    Դատաւորը մասնաւորաբար զայրացած է հայերու զանգուածային սպանութեան հանդէպ թրքական կառավարութեան անզգամութենէն։ Ան կը նշէ. «Թրքական պաշտօնական դիրքորոշումը այն է, թէ կարգ մը շրջաններէ հայեր ժամանակաւորապէս հարաւային շրջան ղրկուեցան եւ այդ ժամանակաշրջանին շուրջ 300 հազար հայեր մահացան տարբեր պատճառներով։ Ոեւէ թուրք, որ «թրքական կրթութեան» չէ ենթարկուած եւ իր խղճմտանքը անխախտ պահած է, լսելէ ետք 300 հազար թիւը, պիտի ըսէր. «Աստուա՛ծ իմ» եւ պիտի սկսէր մտածել այդ թիւին մասին»։
    Ապա դատաւորը կ՚առաջարկէ, որ թուրքերու առաջին ընելիքը պէտք է ըլլայ «յայտարարել, որ այդ դէպքերուն վերաբերեալ շատ վատ կը զգանք։ …Անոնք, որոնք այդ ժամանակ մահացան, մեր թշնամիները չէին, այլ՝ մեր քաղաքացիները։ Մահացողներուն մէկ մասը մանուկներ էին։ Ոչ ոք կրնայ մանուկները թշնամիներ նկատել»։
    Դատաւոր Օզսու կ՚եզրակացնէ. «Զուիցերիական դատարանին վճիռը ո՛չ ժողովրդավարութեան դէմ է, ո՛չ ալ՝ խօսքի ազատութեան։ Զուիցերիա պարզապէս չ՚արտօներ, որ հարիւր հազարաւոր անձերու մահուան մարդոց արժանապատուութիւնը վիրաւորող ցեղապաշտական եւ անզգամ բառերով նկարագրուին։ Զուիցերիա պարզապէս չ՚արտօներ, որ զոհը դարձեալ զոհի վերածուի»։
    Նկատի ունենալով թրքական կառավարութեան Հայոց ցեղասպանութեան փաստացի բոլոր ակնարկները պատժելու հաստատ ընթացքը՝ այն մտավախութիւնն ունինք, որ այս արդարամիտ դատաւորը պարզապէս ճշմարտութիւնը ըսելուն համար կրնայ իր պաշտօնէն վտարուիլ եւ նոյնիսկ բանտարկութեան ենթարկուիլ։
    ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
    «Տը Քալիֆորնիա Քուրիըր»

    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=15521
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ

    ԹՈՒՐՔԻՈՅ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԸ ՅԱՆԴԻՄԱՆԷ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ
    Թուրք պաշտօնատարները հետզհետէ աւելի մեծ վախով կը լեցուին հայկական հարցերու վերաբերեալ Օպամա վարչակազմին բացայայտ կեցուածքին հանդէպ։ Հետեւաբար անոնք կը ջանան սիրաշահիլ նորընտիր նախագահ Պարաք Օպաման եւ անոր մտերիմ շրջանակը օգտագործելով, սուղ գին գանձող լոպիինկի ընկերութիւններ, բարձրաստիճան դիւանագէտներու պատուիրակութիւններ ուղարկելով, վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի Ուաշինկթընի մէջ Օպամայի ներկայացուցիչներուն հետ հանդիպումով եւ նախագահ Ապտիւլլա Կիւլի հեռաձայնով անոր հետ խօսելով։
    Մինչեւ իսկ հանգստեան կոչուած թուրք դիւանագէտներ գործի կը լծուին։ Ուաշինկթընի մէջ Թուրքիոյ նախկին դեսպան Ֆարուք Լոկողլու վերջերս նորընտիր նախագահ Օպամայի գրեց երկարաշունչ «բաց նամակ» մը, որ կը բաղկանար 23 կէտերէ եւ կ՚արծարծէր Միացեալ Նահանգներ-Թուրքիա յարաբերութեանց տարբեր երեսները։ Նամակը հրապարակուեցաւ Թրքական ճարտարարուեստագէտներու եւ գործարարներու ընկերակցութեան (ԹՈՒՍԻԱՏ) «Փրայվեթ Վիու»ի 2008-ի աշնան թիւին մէջ։
    Դեսպան Լոկողլու ծառայած է իբրեւ միջազգային հարցերու մէջ մասնագիտացած թրքական ազդեցիկ Եւրոասիական ռազմավարական ուսումնասիրութեանց կեդրոնի (ԱՍԱՄ) նախագահ։ Աւելի՛ն, ան անդամ է Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան Ռազմավարական ուսումնասիրութեանց կեդրոնի վարչութեան։ Նախագահ Օպամայի ուղղուած «Թուրքիան շահէ՛ իբրեւ կարեւոր գործընկեր» խորագիրը կրող իր նամակը Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան մտածելակերպին եւ օրակարգին մասին իւրայատուկ տեղեկութիւններ կը ներկայացնէ։
    Թուրք դեսպանը իր նամակը կը սկսի Միացեալ Նահանգներու եւ Թուրքիոյ միջեւ նմանութիւններ գտնելու սին փորձով մը։ Ան սխալ կերպով կը յայտնէ, թէ երկու երկիրները «հասարակաց արժէքներ եւ համապատասխան ազգային շահեր» կը բաժնեկցին, ինչպէս՝ «ժողովրդավարութիւն, օրէնքի իշխանութիւն, մարդկային իրաւունքներ, հիմնական ազատութիւններ եւ շուկայական տնտեսութիւն»։ Դեսպան Լոկողլու կ՚եզրակացնէ, որ Միացեալ Նահանգներու եւ Թուրքիոյ օրակարգերը, առաջնահերթութիւնները եւ կարիքները իրարու կը համապատասխանեն։
    Զարմանալի չէ, որ դեսպանը հայկական հարցերու շարք մը ակնարկութիւններ կը կատարէ։ Նամակին թիւ 2 կէտին մէջ, ան կը յայտնէ, թէ Միացեալ Նահանգներ-Թուրքիա յարաբերութիւնները «նախորդ տարի՝ Քոնկրեսին մէջ Հայոց ցեղասպանութեան որոշումի կասեցումէն ետք» բարելաւուած են։
    Թեւարկու ոճով գրուած դեսպան Լոկողլուի նամակը նախագահ Օպամայի շարունակ կը թելադրէ իր պաշտօնավարութեան ընթացքին ինչ ընել։ Իր նամակին 6-րդ կէտին մէջ դեսպանը կը պահանջէ, որ նախագահ Օպամա, իբրեւ իր վարչակազմին առաջին պարտականութիւններէն մէկը, ի տես այն իրողութեան, որ «հարցախոյզները կանոնաւոր կերպով ցոյց կու տան, որ Թուրքիոյ մէջ Միացեալ Նահանգներու վերաբերեալ շատ ժխտական տեսակէտ գոյութիւն ունի, թրքական հասարակութիւնը սիրաշահելու համար հասարակական դիւանագիտութեան համապարփակ ռազմավարութիւն մը կիրարկէ»։
    Իր նամակին 7-րդ կէտին մէջ, դեսպան Լոկողլու նախագահ Օպամայի հետ իբրեւ իր կրտսեր նամակագիրը վարուելով, անոր կը հրամայէ «վնասազերծել… հայկական եւ այլ հակաթուրք լոպիներու մեր յարաբերութիւնը պատանդ բռնելու ջանքերը… հարկ է թրքական հասարակութիւնը համոզէք, որ դուք արդար կը գտնուիք եւ մասնաւոր շահերու ներկայացուցիչ խմբակներու պահանջներուն դիմաց չէք ընկրկիր, մանաւանդ երբ այդ պահանջները առնուազն հարցականի տակ են»։
    8-րդ կէտին մէջ դեսպան Լոկողլու կը նշէ, որ Հայոց ցեղասպանութեան որոշումը եւ քրտական ՔԱԿ-ին դէմ պայքարը երկու շօշափելի հարցեր են, որոնք իր նախագահութեան առաջին օրերուն Օպամայի ուշադրութեան կը կարօտին։ Դեսպանը կը զգուշացնէ, որ այդ հարցերը «մեր յարաբերութեանց ղեկավարման սեղանին վրայ բառացիօրէն կարմիր կոճակներ կը ներկայացնեն։ Քոնկրեսին մէջ հայկական վարկածներուն զօրակցող որեւէ որոշում կրնայ եթէ ոչ անդարմանելի առնուազն նկատառելի կերպով վնասէ Թուրքիոյ մէջ ձեր վարկին եւ խանգարէ մեր յարաբերութեան ամբողջ էութիւնը։ Աւելի՛ն. ան հարցի լուծման պիտի չնպաստէ եւ պիտի շրջէ ներկայիս Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ կազմաւորուող դրական ընթացքը։ Ասոր տեղ պէտք է քաջալերէք երկու դրացի պետութիւններուն միջեւ երկխօսութեան եւ հաշտութեան ուղղութեամբ վերջին դրական ընթացքները»։
    12-րդ կէտին մէջ դեսպան Լոկողլու կը հաստատէ, որ Թուրքիա «այդ մարզին մէջ ռուսական գերակայութիւնը հաւասարակշռելու համար եւ արտադրիչ երկիրներուն այլընտրանքային ելքեր տրամադրելու» համար կ՚ուզէ «ուժանիւթի կեդրոն» դառնալ։ Այս յայտարարութիւնը կը բացայայտէ թրքական կառավարութեան Ռուսիոյ հետ բարեկամութեան արտայայտութեանց կեղծ ըլլալը։ Աւելի՛ն. ասիկա ինքզինք երկուքին բարեկամը ներկայացնելով, մեծ ուժեր իրարու դէմ լարելու եւ երկու երկիրներն ալ իր շահերուն համար չարաշահելու հնամենի օսմանեան քաղաքականութեան մը շարունակութիւնն է։
    22-րդ կէտին մէջ թուրք դեսպանը ինքնիրեն կը հակասէ, երբ նախագահ Օպամային կոչ կ՚ուղղէ՝ «Թուրքիոյ յատուկ դիրքը» ի մտի ունենալ Ռուսիոյ հետ յարաբերութեան մէջ, նկատի ունենալով, որ Թուրքիա Մոսկուայի հետ «առեւտուրի, ներդրումի, զբօսաշրջութեան եւ ուժանիւթի մարզին մէջ գործառնութիւններ ունի։ Մեր ազգային շահը կը պարտաւորէ, որ մենք Ռուսիոյ հետ դրական յարաբերութիւններ ունենանք»։
    Վերջապէս, դեսպան Լոկողլու նախագահ Օպաման կը հրաւիրէ «առաջին առիթով» Թուրքիա այցելելու, որպէսզի զրոյցը կարելի ըլլայ աւելի ջերմ մթնոլորտի մէջ շարունակել։
    Շատ հաւանաբար ո՛չ նախագահ Օպաման, ո՛չ ալ իր օգնականներէն մէկը ժամանակը պիտի ունենան այս երկարաշունչ վիճաբանական նամակը կարդալու։ Բայց եւ այնպէս, դեսպանին բառերը պատուհան մը կը բանան հասկնալու թրքական մտածելակերպը եւ ցոյց կու տայ, թէ Անգարա որքա՛ն ահազանգի մատնուած է Օպամայի ընտրական խոստումներէն եւ անոնց գործադրութեան հաւանականութենէն։
    ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
    «Տը Քալիֆորնիա Քուրիըր»

    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=16274
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ

    ԱՐԱ ՊԱՊԵԱՆ. «ԱՆԿԱՐԱ ԿԸ ԶԲԱՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴՈՎ, ԻՍԿ ԵՐԵՒԱՆԸ ԱՇԽՈՒԺՕՐԷՆ Կ՚ՕԳՆԷ ԱՆՈՐ»

    «Հայաստանին անհրաժեշտ են Թուրքիոյ հետ դիւանագիտական յարաբերութիւնները, բայց անոնք Թուրքիոյ կրկնակի պէտք են, ուստի ես չեմ հասկնար Հայաստանի մէջ Թուրքիոյ դեսպանի նշանակման շուրջ ծաւալած այս աղմուկը», «Պանարմինըն.նէթ»ի թղթակիցին հետ զրոյցի մը ընթացքին յայտնեց պատմաբան եւ դիւանագէտ Արա Պապեան։ Ըստ անոր, Անկարա կը զբաղի քաղաքական գովազդով, իսկ Երեւանը այդ գործին մէջ աշխուժօրէն կ՚օգնէ անոր։ «Դիւանագիտական կանոնադրութիւնը կ՚ենթադրէ պետութեան ղեկավարին տուեալ երկրի դեսպանի հաւատարմագրերու պարտադիր յանձնում։ Եթէ այդ չկայ, ապա դեսպանը՝ տուեալ պարագային Թուրքիոյ, պարզապէս յատուկ յանձնարարութիւններու գծով դեսպան կ՚ըլլայ, որը բոլորովին չի կրնար նշանակել երկու երկիրներու միջեւ բնականոն դիւանագիտական յարաբերութիւններու հաստատում։ Մենք Պոլսոյ մէջ Հայաստանի ներկայացուցիչ ունինք Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՍՏՀԿ) մէջ, այնպէս, որ զայն նոյնպէս կրնանք համարել յատուկ յանձնարարութիւններու գծով դեսպան», նշեց Պապեան։
    Ան նաեւ նկատեց, որ պետութիւններու համար դիւանագիտական յարաբերութիւններու հաստատումը հաղորդակցութեան միջոց է, եւ ոչ թէ՝ նպատակ։ «Ընդ որում, հայկական կողմը, չես գիտեր թէ ինչո՛ւ, այդ առաջնային կը համարէ՝ «կանաչ լոյս» տալով թրքական նկրտումներուն տարածաշրջանի եւ Եւրոպայի մէջ», ընդգծեց հայ պատմաբանը։
    Արա Պապեանի խօսքերով, Ոսմանեան կայսրութեան մէջ իրագործուած Հայոց ցեղասպանութիւնը ուսումնասիրելու համար պատմաբաններու յանձնախումբ ստեղծելու Թուրքիոյ պահանջը նախապայման կը հանդիսանայ, որուն Հայաստանը չի կրնար համաձայնիլ։ «Նման յանձնախումբի համաձայնիլը հաւասարազօր է անոր, որ Երեւանը կասկածի տակ դնէ Հայոց ցեղասպանութիւնը, ինչը անթոյլատրելի է որեւէ պարագայի։ Այո՛, լաւ կ՚ըլլայ, եթէ հայ-թրքական սահմանը բացուի, բայց բոլորը, չես գիտեր ինչո՛ւ, կը մոռնան, որ սահմանը Անկարան փակած է եւ ան ալ պիտի բանայ. Երեւանը այստեղ ընելիք չունի», ըսաւ Պապեան։
    Նախօրէին Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ալի Բաբաջան Հայաստանի արտաքին գործոց նախարար Եդուարդ Նալբանդեանին հետ հանդիպման ժամանակ Պոլսոյ մէջ առաջարկեց առանց դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման Հայաստանի մէջ Թուրքիոյ դեսպան ուղարկել Երեւան։
    Ի պատասխան՝ Հայաստանը պէտք է համաձայնի 1915 թ. իրադարձութիւններու ուսումնասիրման համար պատմաբաններու միացեալ յանձնախումբի ստեղծման։
    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=16527
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #8
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ազգային խնդիրների վերաբերյալ վերլուծություններ

    ՀՐԷԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՄԵԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐ ԿՐՆԱՅ ԸԼԼԱԼ ՀՐԱԺԱՐԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄԷՋ ԹՈՒՐՔԻՈՅ ՆԵՑՈՒԿ ԿԱՆԳՆԵԼԷ
    Կան լուրջ ցուցանիշներ այն մասին, թէ Իսրայէլ եւ Միացեալ Նահանգներու հրէական կազմակերպութիւնները արդէն նուազ պատրաստակամ են նեցուկ կանգնելու Քոնկրեսի մէջ Հայոց ցեղասպանութեան ճանաչման օրինագիծը արգիլելու նպատակով Թուրքիոյ կողմէ կազմակերպուած լոպիինկի աշխատանքներուն։
    Այդ երկու ռազմավարական դաշնակիցներուն միջեւ անհաշտութիւնը սկսաւ, երբ Թուրքիոյ վարչապետ Ռեճեփ Թայիպ Էրտողան կոշտ կերպով դատապարտեց Իսրայէլի կողմէ Կազայի վրայ կատարուած յարձակումը եւ հրէական պետութիւնը ամբաստանեց մարդկութեան դէմ ոճիր գործելով։ Ան առաջարկեց, որ Իսրայէլին արգիլուի ՄԱԿ-ի անդամակցութիւնը, իսկ այդ միջոցին ամբողջ Թուրքիոյ մէջ բողոքի ցոյցեր կը կազմակերպուէին. ցուցադրուած պաստառներուն վրայ կը կարդացուէր. «Կազան Իսրայէլի գերեզմանը պիտի ըլլայ» եւ «Դատավարութեան ենթարկեցէ՛ք Իսրայէլը՝ պատերազմի ոճիր գործած ըլլալուն համար»։
    Պոլսոյ մէջ Իսրայէլի գլխաւոր հիւպատոս Մորտեխայ Ամիհայ «Միլլիյէթ»ին յայտնեց, թէ Կազայի պատերազմի բոլոր օրերուն հիւպատոսարան կը հասնէին հակասեմական պարունակութեամբ հարիւրաւոր ե-նամակներ։
    Սկիզբը իսրայէլացի պաշտօնատարներ իրենց դժգոհութիւնը կը յայտնէին դիւանագիտական խողովակներով։ Բայց մինչ հակաիսրայէլ մթնոլորտը սաստկացաւ, Իսրայէլի արտաքին գործոց փոխնախարարը հրապարակաւ զգուշացուց Թուրքիան, թէ Թել Աւիւը կրնար հակադարձել՝ Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալով։ Անցեալ շաբաթ Իսրայէլի վարչապետ Օլմերթ Ֆրանսայի, Բրիտանիոյ, Գերմանիոյ, Իտալիոյ, Սպանիոյ եւ Չեխական Հանրապետութեան ղեկավարները Երուսաղէմի մէջ ընթրիքի հրաւիրեց, դրացի Եգիպտոսի մէջ իրենց ունեցած գագաթաժողովէն ետք։ Նկատելի էր, թէ Թուրքիոյ նախագահ Ապտիւլլա Կիւլ, որ իր կարգին ներկայ էր գագաթաժողովին, դուրս ձգուած էր այդ հրաւէրէն։
    Միացեալ Նահանգներու հրէական կազմակերպութիւնները, որոնք տարիներ շարունակ ամերիկեան Քոնկրեսին մէջ նեցուկ կանգնած էին Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Թուրքիոյ ուրացողական քաղաքականութեան, մեծապէս զայրացած էին Իսրայէլի դէմ թրքական դատապարտութիւններէն։ 8 յունուարին Ամերիկեան հրէական յանձնախումբը նամակ մը ուղարկեց Էրտողանին, արտայայտելու համար իր «լուրջ մտահոգութիւնը՝ վերջին պաշտօնական յայտարարութիւններուն շուրջ» Թուրքիոյ վարչապետին եւ արտաքին գործոց նախարարին կողմէ։ 21 յունուարին երկրորդ նամակ մը ուղարկուեցաւ Էրտողանին եւ այս անգամ անիկա ստորագրուած էր ամերիկեան հրէական հինգ առաջատար կազմակերպութիւններու կողմէ, արտայայտելու համար իրենց «խոր մտահոգութիւնը՝ Թուրքիոյ մէջ դրսեւորուող հակասեմական ներկայի ալիքին նկատմամբ»։
    Իրենց միացեալ նամակին մէջ Ամերիկեան հրէական կազմակերպութիւնը, Ընդդէմ վարկաբեկման դաշինքը, «Պնայ Պրիթ Ինթըրնեշընըլ»ը, Ամերիկեան հրէական գլխաւոր կազմակերպութիւններու նախագահներու համաժողովը եւ Ազգային ապահովական հարցերու հրէական հիմնարկը բողոքեցին «լրջօրէն անհանգստացնող» վերջին դէպքերուն գծով. «Պոլսոյ մէջ Իսրայէլի հիւպատոսարանը շրջապատած ցուցարարները արտայայտած են հրեաներուն նկատմամբ իրենց ատելութիւնը։ Ամբողջ Պոլսոյ տարածքին ծանուցումի պաստառները լեցուն են հակահրէական քարոզարշաւի որմնանկարներով։ Պոլսոյ համալսարանին մօտիկ հրեայ սեփականատիրոջ մը խանութին դրան վրայ փակցուած էր որմնանկար մը, որուն վրայ կը կարդացուէր. «Այստեղէն գնում մի՛ ընէք, որովհետեւ այս խանութը կը պատկանի հրեայի մը»։ Իզմիրի հրէական ժողովարաններէն մէկուն աւերման պատճառով քաղաքի բոլոր ժողովարանները ժամանակաւորապէս փակուած են, բացի՝ մէկէն»։
    Ամերիկեան հրէական խումբերը նաեւ դիտել կու տան, թէ Թուրքիոյ մէջ հրեայ համայնքը ինքզինք «պաշարուած եւ սպառնալիքի տակ կը զգայ։ Յստակ կապ մը կը նկատուի թուրք պաշտօնատարներու կողմէ Իսրայէլի դէմ հռչակուած բորբոքալի դատապարտումներուն եւ հակասեմականութեան ալիքի բարձրացման միջեւ»։
    Երգիծականօրէն Ընդդէմ վարկաբեկման դաշինքի տնօրէն Ապրահամ Ֆոքսման, որ ներկայիս կը գանգատի վարչապետ Էրտողանի հակասեմական արտայայտութիւններէն, համբաւաւոր մրցանակ մը յանձնած է իրեն 2005-ին։ Օրին Ֆոքսմանին յարմար էր անտեսել այն իրականութիւնը, որ մրցանակատուչութենէն չորս օր առաջ, Միջին Արեւելքի մամլոյ ուսումնասիրութեան հիմնարկը՝ «Հիւրրիյէթ»ի կողմէ հրապարակուած տեղեկագրութեան մը վրայ հիմնուելով, յայտնաբերած էր, թէ Էրտողան 1974-ին գրած, բեմադրած եւ գլխաւոր դերակատարութիւնը վերցուցած էր «Մասքոմիա» վերնագիրով թատերախաղի մը մէջ, որուն այդ անունը կրճատումն էր «մասոն», «քոմիւնիսթ» եւ «եահուտի» (հրեայ) երեք «չարիքներու» անուններուն։
    Ընդդէմ վարկաբեկման դաշինքի ամէնէն բարձր մրցանակներէն մէկը յանձնած ըլլալով Էրտողանին, Ֆոքսման պէտք է ցնցուած ըլլայ Իսրայէլի դէմ թուրք վարչապետի վերջին քննադատութիւններէն։ Անցեալ շաբաթ Ֆոքսման «Միլլիյէթ»ին ըսած էր, թէ՝ «Թուրքիան մեր բարեկամն էր։ Մենք բարեկամներ էինք։ Ես տակաւին չեմ հաւատար պատահածին։ Ես շատ տխուր եւ շփոթի մէջ եմ։ Թուրքիոյ մէջ հրեաները սպառնալիքի տակ են… Անոնք շրջափակման տակ կը զգան իրենք զիրենք… Վարչապետը շատ կոպիտ ձեւով խօսեցաւ։ Մենք բարեկամներ էինք։ Ինչպէ՞ս հասանք այս իրավիճակին»։
    Ամերիկեան հրէական յանձնախումբի պաշտօնատարներէն Ճէյքըպ Այզըքսընը եւս դժգոհ էր թրքական հակազդեցութենէն։ «Երբ սկսիս թունաւորել ջրհորը, չես գիտնար մինչեւ ուր կը հասնի», դիտել տուաւ ան։ Առաւել, հրեայ ամերիկացի անանուն ղեկավար մը նշած է. «Այս անգամ մենք մեծ դժուարութեան դէմ յանդիման պիտի գտնուինք։ Անցեալին մենք կը պաշտպանէինք թրքական կեցուածքը, ո՛չ միայն անոր համար, որ Թուրքիան ճիշդ էր, այլեւ՝ որովհետեւ մենք բարեկամներ էինք»։
    Տակաւին այլ հրեայ ամերիկացի պաշտօնատար մը, Հայոց ցեղասպանութեան ճանաչման ջանքերուն մէջ թրքական կողմին համար լոպիինկի աշխատանքներուն առնչութենէն հրաժարած ըլլալով, «Միլլիյէթ»ին ըսաւ. «Մեզ բոլորովին դուրս նկատեցէք այդ խնդիրէն։ Մենք չենք հաւատար, որ Քոնկրեսը պէտք է զբաղի անով։ Թող Հայաստանն ու Թուրքիան իրենց միջեւ լուծեն հարցը»։
    Հրէական շրջանակներու մէջ Թուրքիոյ նեցուկի նուազեցման մէկ ուրիշ ցուցանիշ ըլլալով՝ փրոֆ. Պենճամին Եաֆեթ դիտել տուաւ ստորագրեալիս, որ ունէր «շատ վստահելի տեղեկութիւն, թէ ամերիկեան հրէական բոլոր գլխաւոր կազմակերպութիւնները արդէն զզուած են Թուրքիայէն եւ պատրաստ են նեցուկ կանգնելու Հայոց ցեղասպանութեան օրինագիծին»։
    Այնպէս կը թուի, որ այս անգամ Իսրայէլն ու ամերիկեան հրէական կազմակերպութիւնները նոյնքան ներող պիտի չըլլան ինչպէս անցեալին էին, Թուրքիայէն եկող յարատեւ եւ թշնամական հակասեմական յարձակումներուն դիմաց։ Հրեայ ամերիկացիներուն կողմէ լոպիինկի նեցուկը կորսնցնելէ, նախագահ Օպամայի ընտրութենէն եւ Քոնկրեսի երկու բաժիններուն մէջ ժողովրդավարական մեծամասնութեան առկայութենէն ետք, կ՚ակնկալուի, որ յառաջիկայ ամիսներուն Թուրքիան մեծ դժուարութիւն ունենայ արգիլելու Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ քոնկրեսական օրինագիծ մը վաւերացնելու նորոգուած փորձը։
    Ուաշինկթընի մէջ Թուրքիոյ նախկին դեսպան Ֆարուք Լոկօղլու պէտք է քաջատեղեակ ըլլայ… Ան «Միլլիյէթ»ին ըսած էր. «Հրէական լոպին հզօրագոյնն է Միացեալ Նահանգներուն մէջ եւ միակն է, որ նեցուկ կը կանգնի Թուրքիոյ։ Հետեւաբար (հինգ հրէական խումբերու ստորագրութեամբ) Էրտողանին ուղղուած յուսախաբութիւն արտայայտող նամակը մեծ կարեւորութիւն ունի»։

    ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
    «Քալիֆորնիա Քուրիըր»ի խմբագիր
    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=18219
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #9
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք ՍԱՐԳՍԵԱՆ-ԵՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՆԱՑ ՍՏՈՒԵՐՈՒՄ

    ԱՐԴԵՕՔ ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻ՞Ր Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԷՊ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ

    Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հանդիպումը, որը ըստ «Սի. Էն. Էն. Թիւրք» հեռուստակայանի տեւել է ընդամէնը 20 րոպէ, լայն արձագանգ չգտաւ ոչ միայն միջազգային, այլեւ՝ հայկական եւ թուրքական լրատուամիջոցների թողարկումներում: Անշուշտ հիմնական պատճառն այն էր, որ Էրտողանը Սարգսեանին հանդիպելուց անմիջապէս առաջ յայտնուել էր խոշոր գայթակղութեան կենտրոնում` Իսրայէլի նախագահին հասցնելով լուրջ մեղադրանքներ: Երկրորդ, նախագահ Ապտիւլլա Կիւլի Երեւան այցից յետոյ այլեւս աննախադէպ չի կարող դիտուել Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպումը, մանաւանդ որ նրանք խօսել են ընդամէնը 20 րոպէ, այն էլ` թարգմանիչների միջոցով, հետեւաբար կարելի է ասել, որ հանդիպումը տեւել է 10-15 րոպէ:
    «Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների 2008 թ. սեպտեմբերի 6-ի հանդիպումով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում տեղի ունեցած բեկումը, որն իր շարունակութիւնն ունեցաւ երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջեւ կայացած հետագայ հանդիպումներով: Սերժ Սարգսեանը եւ Ռեճեփ Թայիփ Էրտողանը դրական են գնահատել իրենց առաջին հանդիպման արդիւնքները եւ յանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին լրացուցիչ ջանքեր գործադրել յարաբերութիւնների կարգաւորման համար», տեղեկացրեց Հայաստանի նախագահի մամլոյ գրասենեակը:
    Ամերիկեան «Էսոշիէյթըտ փրես» գործակալութիւնը մէջբերում է նախագահ Սարգսեանի խօսքերը, ով գոհունակութեամբ է խօսել Թուրքիայի վարչապետին հանդիպելու իրողութեան մասին, սակայն մանրամասներ չի յայտնել: «Այո, ես կարեւոր եմ համարում այս հանդիպումը: Այն շատ արդիւնաւէտ էր: Ես տեսնում եմ, որ վարչապետը կողմ է մեր հարցերի կարգաւորմանը: Կարծում եմ, սա դրական ազդակ է», ասել է Հայաստանի նախագահը:
    Էրտողանը «Սի. Էն. Էն. Թիւրք»ին ասել է, որ Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ շփումներին, սակայն կարեւորել է մէկ այլ հանդիպում. «Նախքան Հայաստանի նախագահին հանդիպելը, ես հանդիպել եմ իմ եղբօրը` Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւին: Դա շատ լաւ, կարեւոր հանդիպում էր: Ամենասկզբից դա այդպէս էր եւ միշտ այդպէս է լինելու: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք երբեք Ազրպէյճանին միայնակ չենք թողնի: Այսինքն մեր խնդիրները ինչ-որ տեղ կապակցուած են Ազրպէյճանին: Կարծում եմ, Հայաստանի նախագահն ըմբռնումով է գնահատում այդ հանգամանքը»:
    Ի դէպ, Զուիցերիայում կայացել է նաեւ արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Ալի Պապաճանի հերթական հանդիպումը, որի մասին հաղորդել են թուրքական լրատուամիջոցները, սակայն հայկական կողմը հաստատելով, որ նման հանդիպում կայացել է, որեւէ մամլոյ հաղորդագրութիւն չի տարածել: Տաւոսի համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում, որի օրակարգում Կովկասում ստեղծուած կացութիւնն էր: Բանախօսների թւում են եղել Թուրքիայի վարչապետ Էրտողանը, Ազրպէյճանի նախագահ Ալիեւը, Իրանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Մանուշեհր Մոթթաքին եւ Էդուարդ Նալբանդեանը:
    Թուրքական հեռուստաընկերութեան երկրորդ ալիքը ուղիղ եթերում ցուցադրում էր մէկժամնոց այդ քննարկումը: Զարմանալի է, թէ ինչո՛ւ հայկական կողմը այդ քննարկմանը ներկայացաւ արտաքին գործերի նախարարների մակարդակով, երբ Տաւոսում էր նաեւ երկրի նախագահը: (Նախապէս խօսւում էր, որ Սերժ Սարգսեանն է մասնակցելու քննարկմանը: Եթէ Հայաստանի նախագահի` քննարկմանը չմասնակցելը պայմանաւորուած էր նրանով, որ նա անգլերէնին չի տիրապետում, ապա անգլերէնին չտիրապետող Էրտողանը մասնակցեց եւ թարգմանչի օգնութեամբ խօսում էր թուրքերէն):
    Իրանը քննարկմանը մասնակցեց արտաքին գործերի նախարարների մակարդակով, քանի որ Մոթթաքին ամենաբարձրաստիճան պաշտօնեան էր իրանական կողմից:
    Էդուարդ Նալբանդեանը քննարկման ընթացքում ասել է. «Ինչո՞ւ չօգտագործել Տաւոսի համաժողովը` Թուրքիայի հետ յարաբերութիւնները զարգացնելու համար: Տեղեակ էք, որ անցած սեպտեմբերին Հայաստանի նախագահը իր թուրք պաշտօնակցին Երեւան հրաւիրեց, եւ կարող եմ ասել, որ իրօք շատ իմաստուն քայլ էր թուրքական կողմի որոշումը` ընդունել նախագահ Կիւլին ուղղուած այդ հրաւէրը: Սա հնարաւորութիւն տուեց յարաբերութիւնների բարելաւմանն ուղղուած գործընթաց սկսել: Վերջին ամիսներին մենք հանդիպումներ ենք ունեցել արտաքին գործերի նախարարների մակարդակով, կայացել են նաեւ թեքնիք բնոյթի բանակցութիւններ: Մենք գտնւում ենք ճիշդ ուղու վրայ եւ լաւատես ենք այս հարցում: Կարծում եմ, որ կը կարողանանք բարելաւել մեր յարաբերութիւնները, ինչը կը համապատասխանի թէ՛ Հայաստանի, թէ՛ Թուրքիայի, թէ՛ ողջ տարածաշրջանի շահերին»:
    Ռեճեփ Թայիփ Էրտողանը քննարկման ժամանակ, որը նախորդել է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, ասել է. «Այսօր երեկոյեան մենք հանդիպում ենք նախագահ Սարգսեանի հետ եւ այդ բանակցութիւնների աւարտին կարող են որոշակի յայտարարութիւններ հնչել: Կարող եմ նաեւ ասել, որ այն աշխատանքը, որ կատարել են արտաքին գործերի նախարարները, իրօք շատ դրական եմ գնահատում: Շատ ափսոս կը լինի, եթէ հայկական Սփիւռքի գործողութիւնների արդիւնքում այդ բոլոր ջանքերը զրոյացուեն: Միանշանակօրէն կարող եմ ասել, որ մեր թիւ մէկ նպատակը տարածաշրջանային խաղաղութեան հաստատումն է: Դա վերաբերում է թէ՛ հայ-թուրքական եւ թէ՛ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններին»:
    Քննարկումը վարողի այն հարցին, թէ արդեօք Թուրքիայի վերջնական նպատակը Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատո՞ւմն է, Էրտողանը պատասխանել է. «Մենք աշխատում ենք դրա հիմքերը ստեղծելու ուղղութեամբ»:
    Այս հարցը, որ վարչապետին ուղղել է քննարկումը վարողը, չափազանց կարեւոր է: Հայաստանում առկայ է այն կարծիքը, որ Թուրքիայի նպատակը ոչ թէ Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատումն է եւ շրջափակմանը վերջ տալը, այլ պարզապէս՝ պատրանք ստեղծելը: Հաշուի առնելով Եւրոպական Միութեան անդամակցութեան հարցերը եւ բոլոր հարեւանների` ներառեալ Հայաստանի հետ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու իր կարողութիւնը ցուցադրելու անհրաժեշտութիւնը, հայ-թուրքական երկխօսութեան ցանկացած նշան հաւանաբար բաւարարում է Թուրքիային: Շարունակուող գործընթացը վկայակոչելը Թուրքիայի առաջնորդներին հնարաւորութիւն է տալիս ասել, ինչպէս դա արեց նոյն Էրտողանը, որ հայ-թուրքական հարցերում երրորդ կողմի ներգրաւման կարիք չկայ, որովհետեւ Հայաստանը եւ Թուրքիան արդէն իսկ բանակցում են: Դա նաեւ Թուրքիային Հայոց ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման ջանքերի փաստացի ընթացքը փոխելու, թուլացնելու, աւելի՛ն, կասեցնելու փորձերի հնարաւորութիւն կը տայ:
    Աւելի վաղ Պոլսում, նախքան Տաւոս մեկնելը, Էրտողանը յստակ ասել էր, որ թէեւ հայկական Սփիւռքը շարունակում է գործել Թուրքիայի դէմ, «Հայաստանի ներկայիս կառավարութիւնը չի կիսում Սփիւռքի այդ քայլերը»: Ինչպէս տեսնում ենք, Էրտողանը յստակ տարանջատում է կատարում հայկական Սփիւռքի եւ Հայաստանի գործող իշխանութիւնների միջեւ: Եւ սա պատահական չէ, որովհետեւ եթէ Հայաստանի երկրորդ նախագահը Հայոց ցեղասպանութեան հարցը բարձրացրել էր պետական մակարդակի, ապա այսօր գործող իշխանութիւնները, որքան էլ պնդեն, որ հետամուտ են Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, փաստ է, որ նրանք գրեթէ չեն օգտւում միջազգային ամպիոնների հնարաւորութիւններից: Լայն իմաստով, այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման առաջնահերթութիւնը սառեցուած է:
    Այստեղ արժէ մէջբերել արտաքին գործերի նախարար Նալբանդեանի խօսքերը, որ նա արտաբերեց իր վերջին ասուլիսում, Երեւանում. «Բազմիցս ասուել է, որ մենք միասին պէտք է շրջենք պատմութեան այդ դառը էջը, ոչ թէ մոռացութեան տալով, այլ՝ ճանաչելով դա: Հայաստանը երբեւէ չի ասել, չի ասի եւ չի ասելու մեր Սփիւռքի կառոյցներին կամ մի օտար երկրի, որ կանգնեցնել է պէտք Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Այդպիսի բան երբեւէ չի պատահի»:
    Հայկական եւ թուրքական կողմերը անընդհատ նշում են, որ 2009 թուականը կարող է շրջադարձային լինել հայ-թուրքական յարաբերութիւններում: Խօսակցութիւններ կան, որ առաջիկայում Հայաստանը եւ Թուրքիան կարող են համապատասխանաբար Անգարայում եւ Երեւանում նշանակել իրենց դեսպաններին կամ դիւանագիտական ներկայացուցիչներին` առանց դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու: Արտաքին գործերի նախարար Ալի Պապաճանը Տաւոսում ասել է. «Եթէ Թուրքիայի եւ Հայաստանի յարաբերութիւններում եղած խնդիրները լուծուեն 2009-ին, դա ինձ համար անակնկալ չի լինի»:
    Այս լաւատեսական յայտարարութիւնների համապատկերում սակայն պարզ չէ, թէ արդեօք Անգարան կը գնա՞յ մինչեւ վերջ եւ մի կողմ դնելով Ազրպէյճանի հետ ունեցած իր բարեկամական յարաբերութիւնները՝ վերջ կը տայ Հայաստանի շրջափակմանը կամ գոնէ կ՚ապաշրջափակի Կարս-Գիւմրի երկաթգիծը: Մի կողմից թուրք պաշտօնեաները խօսում են Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի առկայութեան մասին, միւս կողմից` շարունակում են իրենց միակողմանի աջակցութեան խոստումները Ազրպէյճանին:
    «Մենք չենք կարող Ազրպէյճանին միայնակ թողնել Ղարաբաղի խնդրում: Հայ-թուրքական հետագայ բանակցութիւնների յստակ ծրագիր կարող է կազմուել այն դէպքում, երբ մենք զգանք, որ հայկական կողմից յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած անկեղծ ձգտում կայ», թուրք լրագրողների հետ զրոյցում Տաւոսում ասել է Էրտողանը:
    Հայ-թուրքական յարաբերութիւնների հեռանկարների եւ տարածաշրջանային զարգացումների մասին հարցին ի պատասխան` Իլհամ Ալիեւը Տաւոսում ասել է. «Այսօր մենք որեւէ յարաբերութիւն Հայաստանի հետ չունենք: Պատճառը ազրպէյճանական տարածքների շարունակուող բռնագրաւումն է հայկական զինուած ուժերի կողմից: Երբ նայում էք քարտէսին, ապա ակնյայտ է դառնում, որ ուժանիւթի խողովակաշարերը դէպի Արեւմուտք առաքելու ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով: Բայց սա՝ միայն քարտէսի վրայ: Իրականում սա մեր նաւթի համար ամենաերկար ճանապարհն է: Պատճառը մէկն է` մենք չենք կարող համագործակցել Հայաստանի հետ, քանի դեռ այն չի ընդունել Ազրպէյճանի միջազգայնօրէն ճանաչուած սահմանների գոյութիւնը եւ զօրքերը դուրս չի բերել մեր երկրի տարածքից»:
    Ինչպէս յայտնի է` Թուրքիան Հայաստանը շրջափակման ենթարկեց 1993 թ. ապրիլին, անմիջապէս այն բանից յետոյ, երբ ղարաբաղեան ուժերը մտան Քելբաջար: Այդպիսով, Անգարան Երեւանի հետ յարաբերութիւնների ապագան կապեց ղարաբաղեան հարցի հետ: Մինչեւ 1993 թուականը եւս Թուրքիան թշնամական քաղաքականութիւն էր վարում Հայաստանի նկատմամբ` հրաժարուելով իր արեւելեան հարեւանի հետ հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ, պատճառաբանելով 1990 թ. օգոստոսին ընդունուած Հայաստանի անկախութեան հռչակագիրը, որի կէտերից մէկը վերաբերում էր Հայոց ցեղասպանութեանը: Այսպիսով, Անգարան առաջադրում է երկու հիմնական նախապայման. հրաժարուել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումից եւ հայկական ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի տարածքից:
    Աւելի հաւանական է թւում, որ այսօր Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու հաւաստիացումներ է անում, որպէսզի իր համար բարեյաջող անցկացնի ապրիլ 24-ը: Այդ օրը հերթական անգամ հայութիւնը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Միացեալ Նահանգների նախագահ Պարաք Օպաման նախընտրական շրջանում մի քանի անգամ խոստացել է իր ապրիլքսանչորսեան ուղերձում օգտագործել «Հայոց ցեղասպանութիւն» եզրը, հետեւաբար Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու միջազգային հաւաստիացումներով Թուրքիան ձգտում է հասնել նրան, որ ամերիկեան նոր վարչակազմը խուսափի իրերն իրենց անուններով անուանելու խոստումից:
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Պապաճանը վերջերս նամակով զգուշացրել է Միացեալ Նահանգների նոր վարչակազմին, թէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը կարող է վտանգել հայ-թուրքական հաշտեցման ջանքերը: «Շատ խելամիտ չէր լինի, որպէսզի որեւէ երրորդ երկիր դիրքորոշում որդեգրէր այս հարցում: Միացեալ Նահանգների կողմից որեւէ սխալ քայլ վնաս կը հասցնի գործընթացին», ասել է Պապաճանը, յաւելելով, թէ Թուրքիան երբեք Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը «աւելի մօտ չի եղել», եւ 2009 թուականին կարող է ճեղքում լինել այդ հարցում:

    ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=18297
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #10
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,118
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹԻՒՆ Է

    ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒԱԾ ՄԱՐԴԻԿ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ ԵՆ ՄԱՏՆՈՒԱԾ


    Լիբանանահայ Մելքոն Յակոբեանը եւ Բենիամին Պչաքճեանը մի քանի անգամ եղել են Լեռնային Ղարաբաղի ազատագրուած շրջաններում: Նրանք անցել են Օմարի լեռներից մինչեւ Արաքսի ափեր ընկած տարածքներով, հիացել չնաշխարհիկ բնութեամբ, հանդիպել իշխանութիւնների կողմից անտարբերութեան մատնուած մարդկանց եւ եկել են այն եզրակացութեան, որ ազատագրուած տարածքներում ապրելն իսկ արդէն հերոսութիւն է: Վերջին անգամ նրանք Արցախ էին մեկնել գարնանը՝ մասնակցելու Ջեյմս Թուֆենկեանի կազմակերպած կոնֆերանսին, որը նպատակ ունէր ազատագրուած տարածքները վերականգնելու եւ վերաբնակեցնելու համար ներդրումներ ապահովել:
    Յակոբեանը զարմանում է, որ ազատագրումից այսքան տարիներ անց ենթակառուցուածքները կարգի չեն բերւում, ճանապարհները ամբողջութեամբ փոսեր են եւ կարծես յատուկ է այդպիսի բարձիթողի վիճակում թողնւում, որպէսզի մարդիկ չապրեն այդ տարածքներում, մարդիկ յուսահատուեն եւ հեռանան:
    «Արցախի համար ինչ էլ անենք, բան արած չենք լինի: Ի գին ամէն զոհողութեան՝ մենք պէտք է օգնենք Արցախին: Մենք կռուեցինք մեր հողերը ազատագրելու համար, այլ ոչ թէ դիմացինի հողերը յափշտակելու: Մեր պատկերացմամբ՝ Արցախի հզօրութիւնը գալիս է նրա բնակչութեան թուից: Ամէն ինչ պէտք է անել, խրախուսել, որ բնակչութեան թիւը աւելանայ», ասում է Յակոբեանը:
    Յակոբեանը եւ Պչաքճեանը Լիբանանի «Արցախի վերաշինութեան եւ վերաբնակեցման մարմնի» պատասխանատուներից են: Այդ կառոյցն ունի «Արցախ» անունով ֆոնդ, որը ֆինանսական օգնութիւն է տրամադրում Արցախի վերաբնակեցման եւ վերակառուցման համար: Արդէն երկու տարի ֆոնդը ազատագրուած տարածքներում՝ հիմնականում Շահումեանի եւ Քաշաթաղի շրջաններում, մեկական կով է տրամադրում այն ընտանիքներին, որտեղ ծնւում է երրորդ երեխան:
    Անցեալ տարի Յակոբեանը եւ Պչաքճեանը անձամբ են եղել այդ տարածքներում եւ իրենք են կատարել կովերի բաշխումը: Այս տարի կովերը ընտանիքներին բաշխել են լիբանանահայ երեք երիտասարդներ: Մինչեւ այսօր «Արցախ» ֆոնդին դիմել է 86 ընտանիք եւ բոլորն էլ ստացել են հասանելիք օգնութիւնը:
    «Դիմող ընտանիքը փող ստանալու փոխարէն պէտք է առք ու վաճառքի պայմանագիր կնքի նրա հետ ումից գնելու է կովը: Անասունը գնելու ընթացքում օգնութիւն ստացողը նկարւում է: Նկարւում եւ կնքւում է նաեւ կովը: Ստացողները իրաւունք չունեն կովը ծախել, որպէսզի անընդհատ եկամուտ ստանան: Մենք բաժանել ենք 123 կով հորթերի հետ միասին, մէկ կովը մօտ 600 դոլար է», ասում է Պչաքճեանը:
    1988 թուականից ի վեր լիբանանահայութիւնը տարբեր տեսակի օգնութիւններ է տրամադրել Արցախում հակառակորդին դիմագրաւող իր հայրենակիցներին: 90-ականներին ստեղծուեց «Արցախի օժանդակութեան մարմինը», որը հագուստ, դեղօրայք եւ այլ օգնութիւններ էր տրամադրում արցախահայերին: Ժամանակի ընթացքում, երբ փոխուեցին պահանջները, այդ կառոյցը նոր անուանում ստացաւ՝ «Արցախի վերաշինութեան եւ վերաբնակեցման մարմին»: Արցախահայութեանը օգնում են անգամ լիբանանահայ դպրոցականները: Վերջերս նրանք գնել են Արցախի մասին պատմող «Արդէն իսկ ուշ է» Դի. Վի. Դի-ն, ստացուած գումարով վերանորոգուել է Նոր Մարաղա, Նոր Գետաշէն եւ Պօղոսագոմեր գիւղերի դպրոցների կահոյքը:
    «Արցախ» ֆոնդը ամիսներ առաջ կազմակերպեց ռազմական լրագրող Վարդան Յովհաննիսեանի «Մարդկային պատմութիւն պատերազմի եւ խաղաղութեան օրերին» վաւերագրական ֆիլմի ցուցադրումը Լիբանանում: Այդ ժապաւէնը
    2007-ին արժանացել է «Ոսկէ ծիրան» փառատօնի առաջին մրցանակի: Վաւերագրական ժապաւէնի մեկ շաբաթեայ ցուցադրման ամբողջ հասոյթը եւս տրամադրուեց Արցախի վերաշինութեան եւ վերաբնակեցման ծրագրին:
    Պչաքճեանն ասում է, որ հսկայական գործ կայ անելու ազատագրուած տարածքում եւ իրենց արածը ընդամէնը մէկ կաթիլ է ծովում:
    «Այդ տարածքներում՝ Քարվաճառից մինչեւ Արաքս, մօտ 200 հազար թուրք է բնակուել: Այսօր այդ տարածքներում ընդամէնը 8500 մարդ է բնակում», ասում է նա:
    Յակոբեանը եւ Պչաքճեանը նշում են, որ հոգեկան առումով իրենց մեծ բաւականութիւն է պատճառում այդ օգնութիւնը, սակայն միւս կողմից՝ ցաւ պատճառում ժողովրդի չարչարանքն ու պաշտօնեաների անտարբերութիւնը նրանց նկատմամբ:
    «Հետաքրքիր էր Քարվաճառի շրջանը, կիլոմետրերով գնում ես եւ մարդ արարած չես հանդիպում ու յանկարծ տեսնում ես ճամբեզրին նստած մի երիտասարդ աղջիկ: Եւս մի քանի կիլոմեթր գնում ես եւ տեսնում ճանապարհին մի կով: Այդ ամայութեան, դժուարութեան մէջ մարդիկ են ապրում: Նրանք շատ դժուար պայմաններում են ապրում, սակայն ակնկալիքներ չունեն: Այդ տարածքներում ապրելը արդէն իսկ հերոսութիւն է: Ո՛չ գանգատ, ո՛չ տրտունջ, ո՛չ ակնկալութիւն՝ հակառակ իրենց նեղ վիճակին: Դա իմ վրայ շատ լաւ տպաւորութիւն թողեց: Բայց պետական հոգատարութեան իմաստով այդ տարածքները անուշադրութեան են մատնուած: Յատուկ ճիգ չկայ, որ այդ ընտանիքները տէր ունեն, որ նրանք լքուած չեն, որ իրենց զոհողութիւնները գնահատւում են», Բեյրութում իր տպաւորութիւններն էր պատմում Պչաքճեանը:
    Մելքոն Յակոբեանին եւս տպաւորել են ազատագրուած տարածքներում բնակող մարդկանց արժանապատուութիւնը: Նրանք, անշուշտ, մեծ ուրախութիւն եւ հրճուանք են ապրում, երբ ստանում են օգնութիւնը, սակայն չտեսի տպաւորութիւն չեն թողնում: «Հակառակը, այդ մարդիկ մեզ հիւրասիրում էին իրենց չունեցածից», ասում է նա:
    Գրեթէ իւրաքանչիւր հայ ապրում է կորուսեալ Հայրենիքը ետ ստանալու յոյսով: Երբ Թուրքիայի նախագահը ժամանել էր Հայաստան՝ հարիւրաւոր հայեր նրան Երեւանի փողոցներում դիմաւորում էին «Ես Արտահանից եմ», «Ես Կարսից եմ», «Ես Իգդիրից եմ», «Ես Վանից եմ» մակագրութիւններով պաստառներով: Ես իրաւունքը չունեմ եւ ոչ էլ մտադրութիւն որեւէ կերպ կասկածի տակ առնել այն մարդկանց հայրենասիրութիւնը, ովքեր պատրաստակամութիւն են յայտնում Արեւմտեան Հայաստանը ետ ստանալու դէպքում մեկնել-ապրել Կարսում, Իգդիրում, Արտահանում, Վանում: Բայց, միւս կողմից, հարց է ծագում. ինչո՞ւ հայերը չեն բնակում արդէն իսկ ազատագրուած Քարվաճառում, Բերձորում ու միւս բնակավայրերում: Կամ՝ ինչո՞ւ իշխանութիւնները ջանք չեն գործադրում այդ տարածքները բնակեցնելու եւ հայրենիք դարձնելու ուղղութեամբ:
    ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
    «Արմինիըն ռիպորտըր»-ի մեկնաբան
    Յատուկ «Ազդակ»ի համար
    Շնորհակալութիւն Ազդակին-Տիգրիս


    http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=18558
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Հոդված. Վերլուծումների նոր շարան, ազգի օրակարգային խնդիրների վերաբերյալ:
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 03.11.2011, 22:54
  2. Լուր. Ազգային, օրակարգ
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 28.10.2010, 20:51
  3. Ազգային հոգեբանութիւն
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, տեղեկություններ, հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.04.2010, 20:36
  4. Տեքստ. Աղօթք Ազգային
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Հայ գրականության բնագրեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.06.2009, 12:43
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 16.12.2007, 12:19

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները