Դիւանագիտութեան մէջ կայ չգրուած մի օրէնք. այն, ինչ կտրականապէս մերժում ես այսօր, կարող է նոյնը վաղը արդէն դու խնդրես թախանձագին, բայց այլեւս չստանաս: Հայոց պատմութեան մէջ նման դէպքեր եղել են: Օրինակ, 1918-ի փետրուարին հայերին յորդորում էին համակերպուել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հետ: Հայերը լսել անգամ չէին ուզում Բրեստ-լիտովսքի մասին: Թուրքական զօրքերը շարունակեցին ներխուժումը, այս անգամ հայերն էին խնդրում-աղաչում, որ յարգուի Բրեստ-Լիտովսքի պայմանագիրը, իսկ թուրքերը կտրականապէս մերժում էին:
1991-ի ամրանը, երբ խորհրդային կայսրութիւնը իր հոգեվարքն էր ապրում, իսկ նրա զինուած ուժերը մի վերջին փորձով ձգտում էին ջարդել-ջախջախել արցախեան ազատատենչ ձգտումները, Լեռնային Ղարաբաղի հայկական պատուիրակութիւնը` ունենալով այն ժամանակ Հայաստանի խորհրդարանի եւ նրա նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հաւանութիւնը՝ Լէոնարդ Պետրոսեանի գլխաւորութեամբ պատուիրակութիւն էր ուղարկել Բաքու` նախագահ Այազ Մութալիբովի մօտ, եւ պատրաստ էր հաշտուել այնպիսի ստորացուցիչ պայմանների հետ, որ անգամ չենք կարող այսօր պատկերացնել մղձաւանջային երազում:
Ո՛չ 1988-ին, երբ սկսուեց արցախեան շարժման նոր փուլը, ո՛չ 1990-1991-ին, երբ Կրեմլի բացայայտ հաւանութեամբ եւ խորհրդային ներքին զօրքերի ու ադրբեջանական զինուած խմբաւորումների համատեղ ջանքերով իրականացուող «Օղակ» գործողութեան ժամանակ, հայերը դժուար թէ պատկերացնէին, որ 1994-ին փառայեղ յաղթանակ են տանելու ադրբեջանցիների կողմից պարտադրուած պատերազմում եւ ստիպելու են հակառակորդին նոյն տարուայ մայիսի 12-ին կնքել անժամկէտ զինադադար, որը պահպանւում է արդէն 15 տարի, եւ որը հայկական կողմի ամենամեծ ձեռքբերումն է:
1997-ի աշնանը Լեւոն Տէր Պետրոսեանը պատրաստ էր գնալ մի համաձայնագրի, որով յետ էին տրուելու Լեռնային Ղարաբաղին յարակից տարածքներ, բացառութեամբ Լաչինի շրջանի (միգուցէ եւ Քելբաջարի), իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնւում էր ապագային: Կարգաւորման այս տարբերակը հայկական նորօրեայ պատմութեան մէջ մտաւ «պարտուողական, դաւաճանական» անուններով: Անշուշտ, Տէր Պետրոսեանի հաւանութիւնը արժանացած «փուլային» լուծումը վատն էր, բայց դա չի նշանակում, որ նախագահ Սերժ Սարգսեանի տարբերակը չի կարող լինել աւելի վատը:
Այսօր հակամարտութեան երեք կողմերից երկուսը՝ Երեւանն ու Բաքուն, բանակցում են մադրիդեան անունը կրող փաստաթղթի շուրջ, որը Տէր Պետրոսեանի «փուլային» տարբերակից տարբերւում է հիմնականում նրանով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի թողնւում բաց, այլ առաջարկւում է հանրաքուէ՝ անորոշ ապագայում: Այսինքն Բաքուն համաձայնւում է (եթէ համաձայնւում է), որ Լեռնային Ղարաբաղը կարող է անցկացնել ինքնորոշման հանրաքուէ: Սա անշուշտ, կարելի է համարել հայկական կողմի ձեռքբերում, սակայն բոլորի համար գրեթէ պարզ է, որ հանրաքուէի գաղափարը մէջտեղ է բերուել երեսը փրկելու նպատակով:
Հայաստանի մի նախկին շատ բարձրաստիճան դիւանագէտ, ով տարիներ ի վեր ներգրաւուած է եղել բանակցային գործընթացում, իմ հետ զրոյցում խոստովանեց, որ այո, հանրաքուէի գաղափարը երեսը փրկելու նպատակ է հետապնդել, բայց, միւս կողմից, չհամաձայնուեց, որ Մադրիդեան առաջարկները աւելի վատն են, քան՝ 1997-ի «փուլայինը»: Միւս կողմից, մադրիդեան փաստաթուղթը ունի լուրջ խոցելի տեղեր:
Օրինակ, եթէ 1997-ին խօսք էր հնչում Լաչինի ամբողջ շրջանը պահելու, այլ ոչ թէ 25-ից 40 կմ-անոց միջանցքի մասին, ինչպէս այսօր: Աւելի՛ն, հայկական կողմը այն ժամանակ միանշանակ չէր ընդունում, որ Քելբաջարն էլ յետ տրուի:
2004-ին, երբ արդէն նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանին հարցրեցի՝ հնարաւոր է՞ գայ ժամանակ, երբ մենք երանի տանք 1997-ի փուլային տարբերակին, նա ուղղակիօրէն ասաց. «Կարող էք հարց տալ՝ կը ստանա՞նք, թէ՞ ոչ: Չգիտեմ, կարող է հինգ տարի անցնի եւ նորից այս երկխօսութեան մէջ մտնենք ու ասենք, որ 1997-ին միգուցէ այդ տարբերակը պէտք է ընդունէինք: Բայց որ այսօր սեղանի վրայ կան այնպիսի հարցեր, որ մեզ ուղղակի յուշում են, թէ աւելին կարող ենք ստանալ, քան 1997-ին, միանշանակ է»:
Եթէ 1997-ի գարնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկուած «փաթեթային», իսկ նոյն տարուայ վերջերին ներկայացուած «փուլային» տարբերակը մերժեց արցախեան (հայկական) կողմը, ապա դրանից յետոյ եկաւ ադրբեջանցիների մերժելու տարիները՝ 1998-ի «ընդհանուր պետութիւնը», 2001-ի Քի Ուեստի, իսկ 2006-ին Ռամբուեյի առաջարկները:
Ինչպէս տեսնում ենք, ներկայացուած տարբերակները մերժել են այս կամ միւս կողմերը: Կարող ե՞ն մերժել յաւերժ: Բնականաբար՝ ոչ, որովհետեւ մերժման համար պիտի ունենաս համապատասխան միջոցներ, ինչ գրեթէ չունի ո՛չ Երեւանը, առաւել եւս՝ ոչ Բաքուն, իսկ Ստեփանակերտը պարզապէս անտեսուած է: Բայց շատ աւելի կարեւոր է, թէ միջազգային հանրութիւնը ինչքան կարող է հանդուրժել կողմերից մէկի կամ միւսի մերժումը:
Թւում է, այսօր միջազգային հանրութիւնը, աւելի յստակ ղարաբաղեան կարգաւորման մէջ ներգրաւուած ուժային կենդրոնները՝ Մոսկուան, Ուաշինգտոնը եւ Բրիւսելը, աւելի վճռական են, քան նախկինում: Թւում է նաեւ, թէ կովկասեան տարածաշրջանում ստեղծուած վիճակը բարենպաստ է լուծման համար: Իսկ եթէ գայ այն պահը, երբ բոլոր գործօնները նպաստաւոր կը լինեն, իսկ միջազգային ուժերի շահերը կը համընկնեն, ապա հակամարտութեան կողմերի ընդվզումը կարելի է ուղղակի անտեսել: Այդպէս են կնքուել միջազգային շատ ու շատ պայմանագրեր, այդ թւում նաեւ 1990-ական թթ. Դեյտոնը, երբ սերբերի կողմից հայրենասէր եւ ազգային շահերի պաշտպան ընկալուող Միլոշեվիչը ստիպուած ստորագրեց ստորացուցիչ համարուող փաստաթուղթ:
Հայաստանի նախագահների վերջին՝
մայիսի 7-ի պրագեան հանդիպումից յետոյ ե՛ւ համանախագահները, ե՛ւ հակամարտութեան կողմերը տարաբնոյթ, հակասական յայտարարութիւններ են արել: Բայց կարեւորը ոչ միայն այն է, թէ ինչ է ասւում կամ հերքւում, այլ ինչպիսի տրամաբանութիւն է ստանում գործընթացը: Օրինակ, ինչ իմաստ ունի հերքել ամերիկացի միջնորդ Մեթիւ Բրայզայի խօսքերը՝ տարածքներ յետ տալու մասին, երբ արդէն 15 տարի հայկական կողմը բանակցութիւնների սեղանի շուրջ պատրաստակամութիւն է յայտնում հեռանալ վեց կամ վեցուկէս (նուազ Լաչինի միջանցք) շրջաններից:
Հայկական կողմը այսօր բանակցում է Մադրիդեան փաստաթուղթը, որը ժառանգել է Քոչարեան-Օսկանեան զոյգից: Բայց Սարգսեան-Նալբանդեան զոյգը պատրաստ է զիջել աւելին: Նման տպաւորութիւն է ստեղծւում նրանց յայտարարութիւններից: Այսօրուայ նախագահն ու արտաքին գործերի նախարարը նշում են, աւելի ճիշդ կրկնում են ամերիկացիների սկզբունքները` ղարաբաղեան կարգաւորման համար պէտք է կիրառել պետութիւնների տարածքային ամբողջականութեան, ազգերի ինքնորոշման եւ ուժի չգործադրման սկզբունքները: Քոչարեան-Օսկանեան զոյգը գոնէ հրապարակաւ շատ յստակ մերժում էր Ղարաբաղի՝ որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում մնալը:
Կարգաւորման, աւելի ճիշդ` կարգաւորումը մարսել տալու համար կարեւոր է ոչ միայն այն, թէ ինչպիսին է դրա էութիւնը, այլ թէ՝ ինչպէս ես այն ներկայացնում հասարակութիւններին: Եթէ քո վերահսկողութեան տակ են քարոզչութեան գրեթէ բոլոր միջոցները, իսկ այսօր Հայաստանում, ԼՂՀ-ում եւ Ադրբեջանում հէնց այդպէս է, ապա դու կարող ես կարգաւորման ամենավատ տարբերակը ներկայացնել որպէս դիւանագիտական փառայեղ յաղթանակ: Ղարաբաղեան խնդիրն այնքան զգայուն է հայ ժողովրդի համար, որ ամենալաւ տարբերակը կարող է մատուցուել որպէս ազգային դաւաճանութիւն ու ամօթ:
Այսօր միջազգայնօրէն Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեվը խոցելի առաջնորդներ են: Յատկապէս Ալիեվը, որին միջազգային հանրութիւնը թոյլատրել է լինել յաւերժ առաջնորդ: Երբ գայ պահը, նոյն միջազգային հանրութիւնը կարող է պայծառ խոստումներ տալ նաեւ Սարգսեանին, ինչպէս, օրինակ, տեսնում ենք հայ-թուրքական շփումների դէպքում:
Սերժ Սարգսեանի՝ ծնունդով Արցախից լինելու հանգամանքը եւս կարեւոր է, որովհետեւ նրա համար աւելի հեշտ կը լինի արցախցիներին համոզել, թէ՝ «ինչու Աղդամը մեր հայրենիքը չէ», քան օրինակ Տէր Պետրոսեանի համար էր, որովհետեւ արցախահայերը մտածում էին, որ նա ծախում է Արցախը` յանուն իր իշխանութեան պահպանման: Բայց եթէ իրօք հնարաւոր է Արցախը ծախելով պահել նախագահի թանկ աթոռը, ապա Արցախ ծախող նախագահներ հաւանաբար կը գտնուէին ինչպէս, Հայաստանում, այնպէս էլ՝ Ադրբեջանում:
Կարգաւորման համար վերոշարադրեալ գործօնները իրաւամբ կարող են նպաստաւոր պայմաններ ապահովել, որ առաջիկայ ամիսներին կնքուի ղարաբաղեան հարցի եթէ ոչ անգամ ամբողջական, ապա միջանկեալ լուծում: Օրինակ, այսպիսին՝ հայկական ուժերը դուրս են գալիս մի քանի շրջաններից եւ դրա դիմաց Թուրքիան բացում է Հայաստանի հետ սահմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի համար հնարւում է մի իրաւական կարգավիճակ, որը աւելին է քան ինքնավարութիւնը, բայց պակաս է, քան անկախութիւնը: Սեւի ու սպիտակի (տարածքային ամբողջականութեան եւ ինքնորոշման իրաւունքի) միջեւ կան այլ գոյներ եւս: Անշուշտ, պարտադիր չէ յատկապէս միջազգային հանրութեան համար, որ այդ գոյնը (լուծումը) լինի հայանպաստ: Առաւել եւս պարտադիր չէ, որ այդ լուծումը լինի աւելի լաւը, քան կարող էր լինել, օրինակ, 1997-ի տարեմուտին կամ 1998-ին:
Բայց այս ամէնի մէջ կայ նաեւ հոգեբանական գործօնը կամ դառը իրականութիւնը: Եթէ Հայաստանը հող զիջի կամ զիջի չափից աւելի, ապա նա ընկնելու է պատմական, հոգեբանական այն նոյն բարդոյթների մէջ, ինչպէս եղել է Արեւմտահայաստանը ամբողջականութեամբ եւ Արեւելահայաստանի կէսը (Կարսի մարզն ու Սուրմալուն) կորցնելուց յետոյ: Հայ ժողովուրդը վերապրելու հայրենակորստութեան ցաւը եւ նրա երազանքը յաւերժ բախուելու Արարատին՝ անկախ բաց թէ փակ հայ-թուրքական սահմանի դէպքում: