ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ,ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆե ԳԻՆԸ
ԿԱՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԷ ԻՆՉՈ՛Ւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԵՑ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Հայ եւ օտար փորձագէտներն ու քաղաքագէտները, ովքեր ժամանակին գովեստներ էին շռայլում հայ-թուրքական «ֆուտբոլային դիւանագիտութեան» հասցէին, ժամանակին իրենց հարցազրոյցներով ու հրապարակումներով քաջալերում էին նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնողական արտաքին քաղաքականութիւնը, այսօր Հայաստանի գործող իշխանութիւններին քննադատում են այն բանի համար, որ նրանք համաձայնուեցին Գիւմրիում տեղակայուած ռուսական ռազմահանգրուանի տեղակայման ժամկէտը երկարաձգել մինչեւ 2044 թուականը, կամ ինչպէս հեգնանքով գրում էին ռուսական լրատուամիջոցները՝ մինչեւ 21-րդ դարի կէսերը:
Հիմա կը հարցնէք՝ ի՞նչ կապ ունեն հայ-թուրքական յարաբերութիւնները, աւելի ճիշդ՝ դրանց ձախողումը, հայ-ռուսական ռազմական պայմանագրում անցնող օգոստոսին կատարուած փոփոխութիւնների հետ: Այդ կապը, որն իր մէջ ներառում է նաեւ ղարաբաղեան կարգաւորման հարցում վերջին ամիսների փակուղին, աւելի ստոյգ` յունիսի 17-ին Ս. Պետերսբուրգից նախագահ Իլհամ Ալիեւի ջղային ու զայրացած վերադարձը Բաքու, ուղղակի է: Բայց նախքան այդ շղթան բացելը` հայ-թուրքական «ֆուտբոլային դիւանագիտութիւն», նախագահներ Սարգսեանի ու Ալիեւի պետերսբուրգեան հանդիպում եւ Գիւմրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկէտի երկարաձգում, եկէք հակիրճ անդրադառնանք հայ-ռուսական յարաբերութիւններին:
Հայաստանի առաջին նախագահը ճի՞շդ է արել, երբ 1992 թուականին համաձայնուել է, որ մեր անկախ ու ինքնիշխան երկրի տարածքում տեղակայուեն ռուսական ռազմական ուժեր, իսկ Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Իրան սահմանի երկայնքով հայերի հետ հսկողութիւն իրականացնեն ռուս սահմանապահները: Հայաստանում եւ սփիւռքում գերիշխող է այն տեսակէտը, որ շրջապատուած լինելով ոչ բարեկամ մի քանի երկրներով, Հայաստանը միայնակ չի կարող ոտք ձգել թուրք-ադրբէջանական դաշնութեանը, հետեւաբար ռուսական ռազմական գործօնը զսպող ուժ է թուրք-ադրբէջանական ախորժակը չափաւորելու հարցում: Ընդհանուր առմամբ, հաւանաբար արդարացուած է ռուսական ռազմական ներկայութիւնը Հայաստանում, գուցէ արդարացուած չէ ժամկէտների առումով: Աւելի յստակ` գուցէ չարժէր 1995 թուականի մարտի 16-ին, երբ ստորագրւում էր Գիւմրիի ռուսական ռազմակայանի մասին հայ-ռուսական պայմանագիրը, որպէս ժամկէտ նշել 25 տարին: Այսօր էլ նախագահ Սարգսեանին քննադատողները նշում են ոչ թէ այն, թէ ինչո՞ւ ռուսական զօրքեր կան Հայաստանի տարածքում, այլ թէ ինչո՞ւ է պայմանագիրը երկարաձգւում եւս 24 տարով, երբ նախորդ 25-ամեայ ժամկէտին դեռ 10 տարի ժամանակ կար: Եւ այստեղ տրամաբանական հարց է ծագում` ի՞նչ է ստացել Հայաստանը պայմանագիրը եւս 24 տարի երկարաձգելու դիմաց:
Ահա այստեղ է, որ շատ վերլուծաբաններ ու քաղաքագէտներ, չտիրապետելով ողջ տեղեկութեանը, գրում են, թէ Հայաստանը ոչինչ չի ստացել: Իրականում Հայաստանը հէնց այնպէս չէ, որ երկարաձգել է այդ պայմանագիրը: Հայաստանը լաւ օրից չէ, որ շատերի, անգամ ռուսների համար անսպասելի, դիմեց նման քայլի: Այստեղ մենք կը տանք որոշ մանրամասներ, որոնք հաւանաբար առաջին անգամ են հրապարակւում մամուլում:
Այս տարուայ յունիսի 17-ին Ս. Պետերսբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ կայացած Հայաստանի ու Ադրբէջանի նախագահների հանդիպումից Իլհամ Ալիեւը խիստ դժգոհ էր վերադարձել Բաքու: Պատճառն այն է, որ Ռուսաստանի օգնութեամբ, փաստօրէն, բանակցութիւնների սեղանից մի կողմ դրուեց ղարաբաղեան կարգաւորման այն փաթեթը, որին տրուել էր «Նորացուած մադրիդեան» անունը, որը, որպէս բանակցութիւնների հիմք, ընդհանուր առմամբ ընդունելի էր Ադրբէջանի համար: Հաւանաբար յիշում էք` նախագահների յունուարի 25-ին Սոչիի հանդիպումից յետոյ, որի կազմակերպիչը կրկին Դիմիտրի Մեդվեդեվն էր, Բաքուն նախագահ Ալիեւի ու արտաքին գործոց նախարար Էլմար Մամեդեարովի շուրթերով բազմիցս յայտարարեց, որ հայկական կողմը յետ է քաշւում ձեռք բերուած նախնական պայմանաւորուածութիւններից եւ փորձում է ձգձգել ու ժամանակ շահել:
Սոչիում տեղի էր ունեցել հետեւեալը. ԵԱՀԿ Մինսքի խմբի միջնորդները ներկայացրել էին կարգաւորման նորացուած մի փաթեթ, որը անակնկալի էր բերել նախագահ Սարգսեանին: Այդ փաթեթը անընդունելի էր եղել Հայաստանի համար: Եւ ահա այդ օրուանից սկսած Հայաստանի ղեկավարութիւնը սկսեց տարբեր ճանապարհներով փորձել չէզոքացնել այդ փաստաթուղթը: Այդ նպատակով Մոսկուայում տեղի ունեցան բարձր մակարդակի հայ-ռուսական խորհրդապահական երկու կարեւոր հանդիպումներ, որոնց մամուլը տեղեակ չէ: Ռուսները խոստացան եւ օգնեցին հայերին` ղարաբաղեան բանակցութիւններում ստեղծուած վիճակից նուազ կորուստներով դուրս գալու: Ահա հէնց ռուսների ձեռնարկած քայլերի պատճառով էր, որ Ս. Պետերսբուրգից Ալիեւը հեռացաւ` իր յետեւից շրխկացնելով դուռը: Ահա հէնց այս օգնութեան համար էր, որ Հայաստանը երկարաձգեց հայ-ռուսական պայմանագիրը` հասցնելով 49 տարուայ: Միւս կողմից, սակայն, ռուսների համար էլ է անակնկալ եղել այն, որ հայերը, առանց երկար-բարակ սակարկութիւնների, համաձայնուեցին այդքան երկար ժամկէտին: Եթէ հայերը լաւ բանակցէին, ապա ռուսները թերեւս աւելի կարճ ժամկէտի եւս համաձայնուէին: Այսպիսով` ղարաբաղեան բանակցութիւններից նուազ կորուստներով դուրս գալու գինը հայ-ռուսական ռազմական պայմանագրի ժամկէտի երկարացումն էր: Ռուսները հայերին օգնեցին արցախեան կարգաւորման այս հանգրուանում, որի դիմաց ստացան եւս 24 տարի ժամկէտ՝ Հայաստանում ռազմական ներկայութիւն ունենալու համար:
Իսկ ինչո՞ւ ղարաբաղեան կարգաւորման գործընթացում Հայաստանը յայտնուեց նման ծանր վիճակում: Կարելի է նշել մի քանի պատճառներ, սակայն գլխաւորը հայ-թուրքական երկխօսութեան տապալումն էր: Եթէ յիշում էք, Հայաստանը ամենաբարձր մակարդակով պնդում էր, թէ հայ-թուրքական եւ ղարաբաղեան գործընթացները միմեանց հետ կապ չունեն: Իր հերթին Թուրքիան պնդում էր, որ դրանց կապն ուղղակի է, իսկ միջազգային հանրութիւնը բացատրում էր, թէ մէկ գործընթացում առաջընթացը կ'օգնի միւսին: Իրականում Թուրքիան Հայաստանի հետ երկխօսութեան մէջ էր մտել ոչ թէ նրա համար, որ հաւատում ու վստահում էր Հայաստանի գործող իշխանութիւններին (ինչպէս 2009թ. ապրիլեան մամուլի ասուլիսում ասաց Սերժ Սարգսեանը) կամ որոշել էր վերջ տալ իր հակահայ քաղաքականութեանը կամ էլ «ազատուել» Ադրբէջանի պատանդութիւնից, այլ որովհետեւ Թուրքիան հաւատում էր, որ Հայաստանը ղարաբաղեան հարցում կը գնայ տարածքային զիջումների, ինչը արդէն հնարաւոր կը դարձնէր թուրք-հայկական առաջընթացը: «Ֆուտբոլային դիւանագիտութեան» ընթացքում Հայաստանը նշաններ էր ցոյց տալիս, որ ղարաբաղեան հարցում կը գնայ իրական փոխզիջումների հայ-թուրքական առաջընթացի հետ միաժամանակ: Սակայն երբ հայ-թուրքական երկխօսութիւնը փլուզուեց ու Թուրքիան հեռացաւ գործընթացից, Հայաստանը կորցնողի վիճակում յայտնուեց ղարաբաղեան հարցում: Եւ այս վիճակում ո՞վ պիտի օգնէր Հայաստանին: Օգնեց Ռուսաստանը: Բայց ամէն օգնութիւն, յատկապէս դիւանագիտութեան ոլորտում, անվճար չէ: Հայաստանը դրա դիմաց վճարեց Ռուսաստանին: Թանկ կամ էժան` այլ հարց է:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի
փորձագէտ
«
Ազդակ»
Ծանօթ Տիգրիսի.
Թւում է հակասութիւն կայ թուրք-հայկական արձանագրութիւնների սառեցման եւ այդ սառեցումով պայմանաւոր Արցախում զիջելու դրութեան միջեւ: Մինչեւ այսօր հաւատում էինք, որ հայ-թուրք յարաբերութիւնը վնասում է Արցախին, իսկ Թ. Յ. ասում է, որ այդ յարաբերութեան կասեցումը վնասեց Արցախի գծով բանակցութեան հայանպաստ ընթացքին: Ինչեւէ, հակաճառել չեմ կարող:
Յոյս ունեմ, յաջորդ յօդուածի մէջ փորձագէտը աւելի մանրամասնելով մեզ հասու կը դարձնի իր մտքերին: Յոյս ունեմ նաեւ, որ ասուածը ճիշտ է, այսինքն ռուսները օգնել են մեզ «Նոր Մադրիդ» ը շրջանցելու գործում: Բայց չէ՞ որ «Նոր Մադրիդ», «Հին Մադրիդ» եւ բոլորի մէջ էլ ռուսները կան, յանձինս իրենց համանախագահութեան, հետեւաբար ինչո՞ւ «Նոր Մադրիդ» շինեն, յետոյ այն տապալեն: Մի՞թէ պարզունակ չեն վերլուծութիւները: Ինչո՞ւ հովանաւորեն հայ-թուրք ֆուտբոլայինը, Ցիւրիխում, յետոյ Հայաստանը փրկեն նրա ձախողման հետեւանք «Նոր Մադրիդ»ից:
Ինչո՞ւ ազերաթուրքը հասնի մինչեւ խրամատ: Ինչո՞ւ ռուսերը անվերապահ չեն օգնում հայերին, ինչո՞ւ միշտ ուզում են ցոյց տալ, որ վերջին պահին հասան օգնութեան, փրկեցին վերջին հայը կոտորածից: Ինչո՞ւ: Չէ՞ որ այս ամէնը, ֆուտբոլ-մուտբոլ, սկսեց Ամերիկայի հովանաւորութեամբ եւ Ռուսիայի օրհնութեամբ՝ յայտարարուելով Մոսկուայում: Չեմ հասկանում: