ԱՍՏՐԱԽԱՆ ՉԳՆԱԼՈՒ ԵՐԵՔ ՀԻՄՆԱՒՈՐ ՊԱՏՃԱՌ
ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆ,
ՀՈԿՏԵՄԲԵՐ 27
ԵՒ
ՀԱՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ
,,,Երբ այս գրութիւնը տպագրուած լինի «Ազդակ»-ում, Ռուսաստանի Աստրախան քաղաքում արդէն աւարտուած կը լինի նախագահ Դիմիտրի Մեդվեդեւի նախաձեռնութեամբ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբէջանի առաջնորդների միջեւ եռակողմ հանդիպումը: Հայաստանի նախագահի մամլոյ գրասենեակը հոկտեմբերի 27-ից միայն մի քանի օր առաջ տարածեց հանդիպման մասին այս լուրը՝ յաւելելով, որ «կողմերը կը շարունակեն բանակցութիւնները Արցախի հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ»: Նախագահ Սարգսեանի մամլոյ խօսնակը յաւելեց, որ Աստրախանի հանդիպումն անակնկալ չէր: «Սա սովորական ընթացքով կազմակերպուած հանդիպում է, ինչպէս՝ նախորդ բոլոր հանդիպումները», ընդգծել է խօսնակ Արմէն Արզումանեանը:
,,,Եւ միայն հոկտեմբերի 26-ին, երբ ադրբէջանական լրատուամիջոցները լուր տարածեցին, որ հոկտեմբերի 27-ին Աստրախան քաղաքում նախագահներ Դիմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի մասնակցութեամբ բացուելու է Հայդար Ալիեւի յուշարձանը, պարզ դարձաւ, թէ ինչո՛ւ է նախագահների եռակողմ հանդիպումը կայանում հէ՛նց Աստրախանում: Այսինքն, քանի որ Մեդվեդեւն ու Ալիեւը Աստրախանում են, ապա ինչո՞ւ չօգտագործել առիթն ու կազմակերպել ղարաբաղեան կարգաւորման հերթական բանակցութիւնները:
Երբ նայում ենք Հայաստանի եւ Ադրբէջանի նախագահների հանդիպումների ժամանակացոյցին, ապա ակնյայտ է դառնում, որ այդ հանդիպումների մեծ մասը տեղի է ունեցել միջազգային հանդիպումների շրջանակներում՝ ԱՊՀ գագաթաժողովներ, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի նստաշրջաններ, ՆԱՏՈ-ի, ԵԱՀԿ-ի, Եւրոպայի խորհրդի բարձր մակարդակի հանդիպումներ: Այդպէս էր Լեւոն Տէր Պետրոսեանի, այդպէս էր Ռոբերտ Քոչարեանի, այդպէս է նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան տարիներին: Ցաւօք, Աստրախանի հանդիպումը կայանում է Հայդար Ալիեւի արձանի բացման շրջանակներում: Եթէ անգամ այդպէս չէ, ապա այդպէս է լինելու ընկալումը:
,,,Հայկական կողմը (ցանկալի է՝ Լեռնային Ղարաբաղը, բայց սա խօսակցութեան այլ թեմա է), անշուշտ, պէտք է ամէն ինչ անի, որ մասնակցի ղարաբաղեան կարգաւորման բոլոր հանդիպումներին, որպէսզի միջազգային հանրութիւնը կասկած չունենայ, թէ Հայաստանը խոչընդոտում է, ձգձգում է, տապալում է բանակցային գործընթացը: Սակայն հոկտեմբերի 27-ի հանդիպմանը հայկական կողմը կարող էր ներկայացնել լուրջ հիմնաւորումներ, թէ ինչու հէ՛նց այդ օրը իր համար յարմար ժամանակ չէ:
,,,Նախ, ինքնին, հոկտեմբերի 27-ը արդէն մտել հայ քաղաքական պատմութեան օրացոյց՝ որպէս նախադէպը չունեցող ոճրագործութեան օր, երբ մի քանի վայրկեանների ընթացքում գլխատուեց Հայաստանի պետական ու քաղաքական ընտրանու մի մասը, ընդ որում՝ ամենաազդեցիկ մասը: ,,,Ամէն տարի այդ օրը Հայաստանի նախագահը կարող է մնալ երկրում, մանաւանդ որ 1999-ի հոկտեմբերի 27-ին նախագահ Սերժ Սարգսեանը եղել է Ազգային անվտանգութեան նախարարը, երկրի անվտանգութեան ապահովման թիւ մէկ պատասխանատուն:
,,,Երկրորդ պատճառը, որը կարող էր արդարացնել հայկական կողմի չմասնակցութիւնը Աստրախանի հանդիպմանը, նախօրէին՝ հոկտեմբերի 26-ին, ադրբէջանական դիպուկահարի կողմից զոհ դարձած հայ երիտասարդի ողբերգական մահուան առիթն է: Յիշեցնենք, որ Ադրբէջանը վերջին ամիսներին անդադար խախտում է հրադադարը, դիմում խափանարարական գործողութիւնների, որոնցից վերջինը տեղի ունեցաւ նախագահ Մեդվեդեւի միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ Սարգսեան-Ալիեւ Ս. Պետերսբուրգում այս տարուայ յունիսի 17-ի եռակողմ հանդիպումից անմիջապէս յետոյ: Հէնց այդ հանդիպման ընթացքում էր, որ Հայաստանը Ռուսաստանի օգնութեամբ հասկացնել տուեց, որ չի կարող բանակցել այն փաստաթղթի հիմքով, որը ստացել է Նորացուած մադրիդեան անունը: Ադրբէջանի հակազդեցութիւնը խիստ էր ու նեարդային. նախագահ Ալիեւը ուղղակիօրէն կիսատ թողեց Ս. Պետերսբուրգ իր այցը եւ զայրացած վերադարձաւ Բաքու: Անմիջապէս հետեւեց ադրբէջանական զինուած ուժերի իրականացրած խափանարարութիւնը ղարաբաղ-ադրբէջանական շփման գծի Մարտակերտի հիւսիսարեւելեան հատուածում: Արդիւնքում, հայկական կողմը տուեց մի քանի զոհ: Այս դէպքերից յետոյ հայ-ադրբէջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շատ լարուած է:
,,,Ադրբէջանական շնականութիւնը անցնում է սահմանները: Խափանարարութեան են դիմում Ռուսաստանի նախագահի միջնորդութեամբ յունիսին կայացած ղարաբաղեան բանակցութիւններից անմիջապէս յետոյ, ապա հայ զինուորականին են սպաննում Ռուսաստանի նախագահի միջնորդութեամբ կայանալիք հոկտեմբերեան հանդիպման նախօրէին:
,,,Եւ վերջապէս, երրորդ պատճառը, որը կարող էր հայկական կողմին հետ պահել Աստրախանի հանդիպումից, հէնց նոյն օրը նոյն վայրում Հայդար Ալիեւի յուշարձանի բացումն է:
,,,Կարելի է նշել նաեւ չորրորդ պատճառը, նշել ոչ թէ ռուսների առաջ «սեւերես» չլինելու, այլ խաղաղասէր կոչուող միջազգային հանրութեան համար: Նախագահ Սարգսեանն ինքը հոկտեմբերի կէսերին Գորիս քաղաքում, հանդիպելով սփիւռքից ժամանած, ինչպէս նաեւ Հայաստանի լրատուամիջոցների ներկայացուցիչներին, յայտարարեց. «Ադրբէջանում ակնյայտ է հակահայկական ֆաշականութեան ծաւալումը, որ իրականացւում է ծրագրուած կերպով եւ ամենաբարձր մակարդակով: Խօսքը ոչ թէ առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլութեամբ տառապող հիւանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ՝ պետական գաղափարախօսութեան, ըստ որի՝ «ներկայիս Հայաստանը ստեղծուել է պատմական ադրբէջանական հողերի վրայ»:
,,,Ադրբէջանի պատասխանը սպասեցնել չտուեց: Նախագահ Իլհամ Ալիեւը կառավարութեան նիստում յայտարարեց, թէ՝ «Լեռնային Ղարաբաղը ադրբէջանական հող է, եւ այդ հարցը պէտք է լուծուի Ադրբէջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում»: «Այդ սկզբունքից դուրս չի կարող լուծուել ոչ մի հարց: Մենք չենք կարող թոյլ տալ, որպէսզի Ադրբէջանի պատմական հողերում ստեղծուի երկրորդ հայկական պետութիւնը: Առաջին հայկական պետութիւնը ստեղծուել է 1918 թուի ադրբէջանական հողերում՝ Երեւանի խանութեան եւ Զանգեզուրի տարածքներում», ասել է Ալիեւը:
,,,Ահա այսպիսի սադրիչ յայտարարութիւնից յետոյ անիմաստ է ակնկալել բանակցութիւններում որեւէ առաջընթաց:



Մեջբերել