ՀԱՅԵՐԸ ԹԱՒՐԻԶՈՒՄ ԵՒ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
ՆՐԱՆՔ ՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔԸ
Տէր Ներսէս քհնյ. Բասիլեանը մօրը կորցրել է մէկ տարեկանում: Հայրը նրան տուել է Լիբանանի ծովեզերեայ Ժիպէյլ քաղաքի «Թռչնոց Բոյն» հայկական մանկատուն, որտեղից էլ հետագայում նրան տեղափոխել են Երուսաղէմ, որտեղ հոգեւոր ծառայութեան է անցել հայոց պատրիարքարանում: Արդէն մի քանի տարի նա հոգեւոր ծառայութիւնը շարունակում է Թաւրիզի եւ շրջակայքի հայկական բնակավայրերի եկեղեցիներում:
«Եթէ անգամ մէկ հայ մնայ, ես կը շարունակեմ հոգեւոր ծառայութիւնը Թաւրիզում: Ես զգում եմ, որ մարդիկ այստեղ հոգեւորականի կարիք ունեն», ասում է Տէր Ներսէսը: Նա կնոջ եւ երկու երեխաների հետ բնակւում է Թաւրիզում եւ լաւ յարմարուել է, թէեւ մտքում միշտ ծննդավայրն է՝ միջերկրծովեան մարգարիտ Պէյրութը:
Ատրպատականում (Իրանում կայ երկու Ատրպատական՝ Արեւմտեան Ուրմիա եւ Հիւսիսային` Թաւրիզ կենտրոնով,) Հայ առաքելական եկեղեցու թեմը յիշատակւում է 12-րդ դարից, ինչը նշանակում է, որ հայերը այստեղ ներկայութիւն ունեն առնուազն ութ դար: Մինչեւ 1830-ական թթ. թեմի կենտրոնը եղել է Ս. Թադէի վանքը, այնուհետեւ թեմի առաջնորդ Նիկողայոս Կարբեցի եպիսկոպոսը այն տեղափոխել է Թաւրիզ:
Այսօր հայութեան թիւը Ատրպատականի թեմում շուրջ 5-6 հազար է, որից շուրջ երկու հազարը` Թաւրիզում: Հայկական համայնքներ կան նաեւ Ուրմիա եւ Սալմաստ քաղաքներում եւ շրջակայ մի շարք բնակավայրերում: Թաւրիզի հայերը կենտրոնացած են քաղաքի կենտրոնական Լիլաւա եւ Ղալա թաղամասերում:
Ատրպատականի թեմի բնակավայրերից հայութիւնը մի քանի գաղթ է ունեցել: Նախ 1828 թ. ռուս-պարսկական պատերազմից յետոյ աւելի քան 45 հազար հայեր եւ ասորիներ տեղափոխուեցին Արեւելահայաստան, բնակուեցին տեղացիների հետ կամ հիմնեցին նոր բնակավայրեր: Տասնեակ հազարաւոր պարսկահայեր գաղթեցին Խորհրդային Հայաստան, 20-րդ դարի 40-ական թթ. ի վեր: Ոչ զանգուածային, բայց նկատելի ներգաղթ եղաւ նաեւ անկախութեան այս վերջին երկու տասնամեակներում:
Տէր Ներսէս քհնյ. Պասիլեանը Ատրպատականից հեռացող հայերին միշտ խորհուրդ է տալիս՝ եթէ որոշել էք հեռանալ, ապա վերադարձէք պատմական հայրենիք, այլ ոչ՝ Միացեալ Նահանգներ, Եւրոպա կամ Աւստրալիա: «Իւրաքանչիւր հայի վերջնական վայրը Հայաստանն է, այլ ոչ՝ Կլենտէյլը», ասում է նա:
76-ամեայ Գրիգոր Մանուկեանը Թաւրիզ է տեղափոխուել Դարաշամբ գիւղից: 1952 թ. գիւղացիները ընդմիշտ տեղափոխւում են այլ վայրեր՝ մենակ թողնելով գիւղի եկեղեցիները, որոնցից Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանական համալիրը Ս. Թադէի եւ Ծոր Ծորի եկեղեցիների հետ վերջերս ներառուել է ԵՈՒՆԵՍՔՕ-ի մշակութային ժառանգութեան ցուցակում:
«Քոյրերս Երեւանում են բնակւում, 1946 թ. ներգաղթին են գնացել: Ես ընտանիքով մնացել եմ Թաւրիզում: Գնալով քչանում ենք, այստեղ ամուսնացողները շատ քիչ են, երիտասարդներ գրեթէ չկան, ամուսնացողները քիչ են, երեխայ ունեցող համարեա չկայ, մեռնողներն են շատ», ասաց Մանուկեանը, ափսոսանքով նկատելով, որ ինքն էլ կը ցանկանար ընտանիքով տեղափոխուել Հայաստան, սակայն հնարաւորութիւն չունի եւ տարիքն էլ զգացնել է տալիս:
Արա Տէր Ստեփանեանը Թաւրիզ է տեղափոխուել Թեհրանից: Նա համոզուած է, որ համայնքը թէեւ նօսրացել է, սակայն Ատրպատականում հայեր միշտ էլ կը մնան: Տէր Ստեփանեանը Թաւրիզում բնակւում է կնոջ՝ մանկաբարձուհի Քրիսթինէ Յակոբեանի հետ, իսկ որդիները տարիներ առաջ տեղափոխուել են «աւետեաց երկիր՝ Ամերիկա»:
«1928 թ., երբ Կրիպոյէտովը կազմակերպեց հայերի ներգաղթը Արեւելահայաստան, Թաւրիզում ընդամէնը 5-6 ընտանիք հայ մնաց: Հետագայում հայերի թիւը սկսեց նորից աւելանալ: Ղաճարիների հարստութեան շրջանում հայերը տուեցին մեծահարուստ վաճառական ընտանիքներ, ինչպիսիք Թումանեանները եւ Բուդաղեաններն էին: Հազարաւոր հայեր հեռացան խորհրդային տարիներին եւ հաստատուեցին Հայաստանում, բայց տեսնում ես՝ էլի հայեր մնացել են», ասում է Տէր Ստեփանեանը:
Թաւրիզում յարգուած հայեր շատ կան: Չնայած Թաւրիզը եւ շրջակայքը գերազանցապէս բնակեցուած են թուրքախօս ազերիներով, հայերը նրանց հետ պահպանում են պարզ մարդկային, դրացիական յարաբերութիւններ: Թեմական խորհրդի անդամներից Սոկրատ Աբգարեանը այսպէս ներկայացրեց երկու ժողովուրդների յարաբերութիւնը. «Այստեղ հայերն ու ազերիները ունեն նոյն յարաբերութիւնները, ինչպէս՝ Խորհրդային Միութեան ժամանակ Հայաստանի հայերն ու ազրպէյճանցիները: Տարբերութիւնն այն է, որ մենք իրար աղջիկ տալ-առնել չունենք»:
Հայերը մեծ յարգանք են վայելում նաեւ տեղի իշխանութիւնների կողմից: Թաւրիզի եւ շրջակայ բնակավայրերում բնակուող հայերը տուել են նշանաւոր արծաթագործներ, այլ արհեստի մարդիկ, բժիշկներ, դեղագործներ, ճարտարագէտներ, դրամատան տնօրէններ: Թաւրիզում շատերն են ճանաչում Խոյում ծնուած բժշկուհիներ Մարիամ եւ Յասմիկ Աղաջանեան քոյրերին: Յասմիկը յայտնի դեղագործ է, ունի իր դեղատունը, դասաւանդել է բժշկական համալսարանում, Մարիամը մայրերի եւ երեխաների բժշկուհի է, երեսուն տարի աշխատել է քաղաքի հիւանդանոցում:
«Մեր հայութիւնը այստեղ շատ յարգուած է, կառավարութիւնը մեզ պահում է իր ուշադրութեան կենտրոնում: Համայնքի ներսում մենք մեր իրաւունքներում ազատ ենք: Ցաւօք, հայերը գնալով պակասում են: Հեռացող հայերը մեզ մենութիւն, տխրութիւն են պատճառում», ասում է Յասմիկ Գասպարեանը:
Բայց որքան էլ հայութեան թիւը նուազի, միեւնոյնն է, Թաւրիզում մեր հայրենակիցները շարունակում են ստեղծագործել, պահպանել եկեղեցիները, կազմակերպել համայնքային բազմազան միջոցառումներ, Հայաստանից հրաւիրել յայտնի դերասանների, երգիչների, գրողների:
Նկարիչ եւ երաժիշտ Վարդան Վահրամեանը Թաւրիզի «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի ղեկավարն է: Նրա տունը աւելի շատ արուեստանոց է, որտեղ անդադար լսւում են երաժշտութեան հաճելի ելեւէջներ, պատերը զարդարուած են արուեստագէտի գերիրապաշտական նկարներով: Ընտանիքի մայրը՝ Մարուսիա Վահրամեանը, յիշելով մանկութեան տարիները, պատմում է, որ 1920-ական թթ. Թաւրիզը հայաշունչ էր, ունէր շուրջ 15 հազար հայութիւն:
«Առաջին հանրապետութեան անկումից յետոյ մօտ 10 հազար հայեր, այդ թւում յայտնի մտաւորականներ, գործիչներ եկան Թաւրիզ: Այստեղ հաստատուեցին ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանը, նկարիչ Գէորգ Բաշինջաղեանը, լեզուաբան Հրաչեայ Աճառեանը, այլ նշանաւոր հայեր: Այստեղ բեմի վրայ խաղացել են Պետրոս Ադամեանը, Վահրամ Փափազեանը, Սիրանուշը», յիշում է տիկին Մարուսիան:
Հայերը, որտեղ էլ հաստատուեն, նախեւառաջ երեք գործ են անում՝ դպրոց բացում, եկեղեցի կառուցում եւ թերթ հրապարակում: Թաւրիզն էլ, չնայած հայերի քանակի նուազմանը, շարունակում է հայապահպանութեան համար կարեւոր այս միջոցառումները: Այսօր քաղաքում գործում է չորս հայկական եկեղեցի, Ատրպատականի թեմը հրապարակում է «Արտազ» պարբերականը, իսկ տեղի միակ հայկական դպրոցը մեսրոպեան գրին ու հայ գրականութեանը, կրօնին ծանօթացնում է հայ աշակերտներին:
Արմինէ Յովսէփեան-Վահրամեանը Թաւրիզի հայկական դպրոցի տեսչուհի-տնօրէնն է: «Մեր ժամանակ, երբ ես աւարտել եմ այս նոյն դպրոցը, աշակերտների թիւը հասնում էր 600-700-ի: Այսօր դպրոց 100-120 աշակերտ է յաճախում», ասաց տիկին Արմինէն:
Թաւրիզը Հայաստանի սահմանին մօտ գտնուող հայկական համայնք ունեցող ամենամօտ քաղաքներից է: Սակայն ո՛չ թաւրիզահայութեան եւ ո՛չ էլ ընդհանրապէս Ատրպատականի հայութեան մասին հայկական մամուլում գրեթէ չի գրւում: Ատրպատականում բնակուող մեր հայրենակիցները ընկերային առումով ապահովուած են, բայց նրանք ունեն Հայաստանի լրատուական ուշադրութեան կարիքը:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Արմինիըն ռիփորթըր»ի մեկնաբան
Յատուկ «Ազդակ»ի համար
Թաւրիզ, Իրան
http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=15345



Մեջբերել
