,,,, 1922թ. մարտի 4-ին Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ (դեկրետ), հայերէնի ուղղագրութեան մէջ արմատական փոփոխութիւններ կատարուեցին: Սփիւռքահայութիւնը չընդունեց դա, շարունակեց գրել դասական ուղղագրութեամբ, շատերը բողոքեցին: 1940թ. մասնակիօրէն շտկուեցին աղաւաղումները (օրինակ՝ վերականգնուեցին այբուբենից արտաքսուած Է եւ Օ տառերը): 1993թ. ապրիլի 17-ին ընդունուած «Լեզուի մասին ՀՀ օրէնքը» նախատեսում էր հայերէնի ուղղագրութեան միասնականացում: Ցաւօք, հայաստանեան լեզուաբանների վերնախաւի դիմադրութեան պատճառով խնդիրը չյաջողուեց լուծել:
,,,,Տարօրինակ է, որ ուղղագրական «նորամուծութեան» հեղինակները չեն հոգացել ուղղախօսական հետեւանքների մասին: Սա իսկապէս անհասկանալի է, քանի որ իրենց ծրագիրը հիմնաւորել են յատկապէս արտասանութեան դիրքերից: Այսպէս՝ Մանուկ Աբեղեանը 1922թ. մարտի 4-ի դեկրետի մէջ ուղղագրական փոփոխութիւնների իրականացման երեք հիմնաւորում է բերում. ա) տեղի է ունեցել արտասանական փոփոխութիւն, մի շարք բառեր «այլեւս չեն արտասանւում, ինչպէս հնում», ուստի պիտի գրուի ակոս, այլ ոչ ակօս, լույս (լոյս), հանդես (հանդէս), հատակ (յատակ), սենյակ (սենեակ) եւ այլն, բ) որոշ տառեր «այլեւս չեն արտասանւում», ուստի պիտի գրել ոչ թէ գայ, այլ գա, գ) որոշ բառերի արտասանութեան մէջ «աւելացել են նոր հնչիւններ», ուստի այդ բառերի գրութեան մէջ էլ պիտի համապատասխանտառեր աւելացուեն, այսինքն՝ պէտք է գրել վոտ (եւ ոչ թէ ոտ), գրեյի (գրէի), դու յես (դու ես), յեկ (եկ) եւ այլն1:
,,,,Այդուհանդերձ, ձեռնարկելով համակարգային արմատական փոփոխութիւն՝ «բարեփոխիչները» լիովին անտեսել են կանխատեսման կարեւորութիւնը. մի խնդիր, որ պարտադիր պայմանն է ամէն մի գիտափորձի լիարժէք իրականացման: Իսկ 1940թ. մասնակի բարեփոխումը, ցաւօք, չվերանայեց թոյլ տրուած հիմնական սխալները: Իրար յաջորդած այդ «բարեփոխումները», տարիների հեռուից, միայն ու միայն չարիք են ամէնից առաջ հէնց ուղղախօսութեան առումով:
Համատարած քմայնացում
,,,,«-Ութիւն» վերջածանցը հայաստանցիներս այլեւս չենք արտասանում մեր նախնիների, ինչպէս նաեւ գրագէտ սփիւռքահայերի պէս: «Թ» հնչիւնի քմայնացած արտասանութիւնը արդէն իսկ «ց»-ի է վերածուել՝ [անհրաժեշտուցյուն], [բարցրուցյուն], [գիտուցյուն], [համփէրուցյուն], [միյուցյուն], [շնօրակալուցյուն], [հիշողուցյուն] եւ այլն: Սրա պատճառը «-ութիւն»-ի աւանդական գրութեան կամայական վերափոխումն էր «-ություն» ձեւի:
,,,,Ահա այս պատճառը ուղղակի մատնանշելու, ուստի՝ դրանով 1922-ի հեղինակների սխալն ընդունելու փոխարէն, հայաստանեան լեզուաբանները գերադասում են խօսել «պատմական հնչիւնափոխութեան» մասին: Փոխանակ արձանագրելու արտասանական համատարած աղաւաղումը՝ եզրակացնում են. «Այդ ածանցի թ հնչիւնը ոչ քմայնացած արտասանելը այժմ դիտւում է որպէս կոպիտ կամ արհեստական (գրքային) արտասանութիւն»2:
,,,,Գիտական մօտեցումը (ինչպէս մնացած գիտաճիւղերում, այնպէս էլ լեզուաբանութեան մէջ) չի կարող բաւարարել լոկ արձանագրմամբ. գիտութեան բուն անելիքը բացատրելն է, «ինչո՞ւ» հարցին պատասխան տալը (եւ բացատրութիւնն է նաեւ ճշտում, թէ որքա՛ն էր գիտականօրէն հիմնաւոր նախորդ գործառոյթը՝ նկարագրութիւնը): Բարեխիղճ պատասխանը պահանջում էր խոստովանել լեզուական համակարգում երկու «բարեփոխմամբ» իրականացուած (մեղմ ասած՝ վատ հիմնաւորուած) միջամտութեան անմիջական ներազդեցութիւնը որոշ հնչիւնների փոփոխութեանը:
,,,,Մի՞թէ սպառիչ-գիտական է այն բացատրութիւնը, թէ սա բնականոն օրինաչափութիւն է, հնչիւնական օրէնք: Իբր առնմանութեամբ եւ համաբանութեամբ է, որ թ-ն քմայնացել է, ապա ց-ին մօտեցել. նախ՝ «ց» հնչիւն պարունակող բառերը, ապա՝ միւսները. երեւոյթը դառնում է ընդհանուր, գործում որպէս «ընդհանուր օրինաչափութիւն»: Իհարկէ, մասամբ այդպէս է բացատրւում, ասենք՝ «վեցերորդ» թուականի ազդեցութեամբ [յօցէրօրթ], [ուցէրօրթ], [ուցսուն] սխալ արտասանութիւնը: Այդուհանդերձ, բանը հասնում է անհեթեթութեան, երբ լեզուաբանն ասում է՝ «անկարելի է դարձել նաեւ այդ քմայնացած թ-ի արտասանութիւնը ց ունեցող բառերում (խօսակցութիւն, մրցութիւն եւ այլն)»3: Մի՞թէ չափանիշն այն է, որ մեր շրջապատում ոմանք արդէն դժուարութեամբ են ճիշտ արտասանում մի շարք բառեր, այդ թւում, իսկապէս, նաեւ «թիւրիմացութիւն», «բացատրութիւն», «հասկացութիւն», «ներկայացուցչութիւն», «սրտաբացութիւն» եւ այլն: Իսկ ի՞նչ անեն ճիշտ արտասանողները, սկսեն յարմարուե՞լ սխալ արտասանութեանը: Այլ կերպ ասած՝ մասնագէտ լեզուաբանը սխալը հռչակում է ճիշտ, ուստի եւ՝ արդարացնում է որպէս «լեզուի զարգացման տուեալ փուլում ստեղծուած անհրաժեշտութիւն»4:
,,,,Եթէ լեզուաբանի համար էականը այս կամ այն երեւոյթի արձանագրումն է, իսկ հնչիւնական օրինաչափութիւնն արձանագրելիս էլ վճռորոշ յայտանիշը տարածուած լինելն է, ապա ո՞րն է չափանիշը աղաւաղումը եւ կանոնականը տարբերակելու:
,,,,Այսպէս՝ ընդհանրական դառնալու միտում ունի դ հնչիւնի անցումը ձ-ի եւ ց-ի՝ [ակաձէմիա], [ձյուցազն], [արցյունք], [արցյօք], [ռաձիօ], [ձյուրահաւատ], [նալբանձյան], [հախվէրձյան], [ձիպլօմ], [ձիանա], [ձիրեկցիա], [արցյունաբերուցյուն] եւ այլն:
,,,,Նմանապէս՝ տ-ի վերածումը ծ-ի՝ [ծէխնիկա], [առավօծյան], [կարապէծյան], [ծիգրան], [ռէյծինգ], [դասծիյարակ], [ածյան], [մածյան], [մածէմածիկա], [արարածյան], [արյէվմծյան], [հավիծյան] եւ այլն:
,,,,Իսկ ի՞նչ երաշխիք կայ, որ մի քանի տասնամեակ անց, այդօրինակ կրաւորական-պարտուողական աշխարհայեացքի տէր լեզուաբանների յաջորդ սերունդը յանձնարարելի (կամ՝ «ազատ արտասանական տարբերակ») չի հռչակի առայժմ կարծէք իրենց իսկ կողմից սխալ ճանաչուող արտասանական խաթարումները՝ «շնավոր» («շնորհաւոր»-ի փոխարէն), «յարկե» («իհարկէ»), «որտեւ» («որովհետեւ»), «եփոր» («երբ որ»), «խորդարան» («խորհրդարան»), «գործնեություն» («գործունէութիւն»), «համպատասխան» («համապատասխան»), «գնհատել» («գնահատել»), «բախշել» («բաշխել»), «նախագա» («նախագահ»), «հաղթարել» («յաղթահարել»), «ընտանյական» («ընտանեկան»), «կըլնի» («կլինի»), «հարուր» («հարիւր») եւ այլն:
,,,,Միով բանիւ՝ արտասանական որոշ աղաւաղումներ գրեթէ համատարած երեւոյթ են: Նոյնիսկ դասական ուղղագրութեան հայաստանցի կողմնակիցներից ոմանք են այդ ազդեցութիւնը կրում: Սակայն մի՞թէ տուեալ հանգամանքը ինքնին փոփոխում է սխալի ու ճշտի յարաբերակցութիւնը: Ամէն փոփոխութիւն (այդ թւում՝ լեզուական) կամ տեղաշարժ դեռեւս զարգացում չէ: Շատ յաճախ՝ փոփոխութիւնները խաթարում են երեւոյթի էութիւնը:
,,,,Բխո՞ւմ են արդեօք արձանագրուող, նկարագրուող փոփոխութիւնները հայոց լեզուի ներքին զարգացումից, ուստի եւ՝ հիմք ունե՞նք դրանք ամրագրելու որպէս ընդհանուր օրինաչափութիւն, լեզուական նորմ, կանոն, թէ՞ պիտի համարենք անցանկալի երեւոյթ: Լեզուաբանի խնդիրն է հէնց ազդել այդօրինակ լեզուախաթարումների վրայ, ոչ թէ պարտուողաբար արձանագրել իրողութիւնը եւ հերթական «օրինաչափութիւնը»:
,,,,Օրինակ՝ եթէ ինքնին նախորդող ց հնչիւնն է պատճառը թ-ի քմայնացման, ապա ինչո՞ւ «անցաթուղթ»-ը չի վերածւում «անցացուղթ»-ի: Մինչդեռ իրական պատճառը «թյ» հնչիւնազուգորդումն է՝ որպէս փոփոխուած ուղղագրութեան անմիջական հետեւանք: Հէնց այս հանգամանքը, այլ ոչ թէ «վեցերորդ»-ի ց հնչիւնն է անմիջապէս յանգեցնում «յոցերորդ», «ուցերորդ» սխալ արտասանութիւններին:
,,,,Հնչիւնաբանութեան հարցերով զբաղուող մասնագէտները արդի արեւելահայերէնում բ, գ, դ, թ, լ, կ, ս, տ հնչիւնների՝ քմայնացմամբ պայմանաւորուած աղաւաղումները՝ «փափուկ արտասանութիւնը», այսպէս ասած՝ «դիրքային տարբերակների» գոյացումը բացատրում են յաջորդող «յ» կիսաձայնի ազդեցութեամբ5: Ցաւօք, նրանք չեն անում յաջորդ քայլը, չեն ընդունում գործող ուղղագրութեան անկատարութիւնը ընդհանրապէս «յ» կիսաձայնի այսպիսի առատութեան մէջ: Այնպէս որ՝ արժանին մատուցենք նուրբ հեգնանքով արուած հետեւեալ դիտողութեանը. «Մ. Աբեղեանը կարծես զղջալով անձայն Յ-երը վերցնելուն, փոխարէնը ուրիշ բառեր Յ-ով կ’օժտէ անհարկօրէն»6:
,,,,Ընդհակառակը՝ դժուար է համաձայնել հայաստանցի լեզուաբանների հետ, երբ նրանք քմայնացման երեւոյթի մէջ գերագնահատում են ռուսերէնի ազդեցութիւնը: Անշուշտ, ռուսերէնը մեծապէս խաթարել է հայերէնի արտասանութիւնը, հայ մարդկանց լեզուամտածողութիւնը (սա առանձին թեմա է7), սակայն դրանով չի կարելի քօղարկել-արդարացնել մեր ներկայ ուղղագրութեան սեփական, ներքնածին վնասապարտութիւնը:
,,,,Բաղաձայնից յետոյ անհարկի «յ»-ն արդէն զգալիօրէն ազդել է հայաստանցիների արտասանութեան վրայ: Դիւրին է, կարծում ենք, համոզուել, թէ ինչպէս է «բաղաձայն+ յ» զուգորդութիւնը յանգեցնում «ը» գաղտնավանկի հնչեցմանը հետեւեալ օրինակներում՝ [սըյուն] (մի աղաւաղում, որն անպատկերացնելի է «սիւն» գրութեան դէպքում), [թըյուր], [հըյուր], [հըյութ], [բըյուր], [մըյուս], [ախպըյուր], [բըյուրէղ], [գըյուղ], [հնչըյուն], [գըյուտ], [հըյուսիս] եւ այլն: Կարելի է ենթադրել, որ այս ապօրինածին երեւոյթը, համատարած դառնալով, ոչ հեռաւոր ապագայում մասնագիտական վաւերացման է ենթարկուելու՝ որպէս հնչիւնական օրինաչափութիւն (եթէ, իհարկէ, չյաջողուի վերադառնալ դասական գրութեան վերահաստատմանը):
Երկբարբառներ կա՞ն, թէ՞ չկան
,,,,Փոփոխուած ուղղագրութիւնը պարտադրում է հայոց լեզուից արտաքսել երկբարբառները (երկու ձայնաւորի միաժամանակ հնչումը)՝ յընթացս ստեղծելով «երկբարբառ» ու «երկհնչիւն» հասկացութիւնների մի շփոթ:
,,,,Ուստի՝ մասնագէտները յանձնարարում են «էութիւն» բառը դասական գրութեան փոխարէն գրել «էություն» եւ արտասանել [էյություն], իմա՝ [էյուցյուն]: Համապատասխանաբար, յանձնարարւում է արտասանել՝ [էյակ], [անէյանալ], [առօրյական], [հրյա], [արդյական], [հէքյաթ], [օրյօրթ], [մարգարէյական], [այժմէյական], [հասցէյատէր], [թէյական], [իդյալ], [խափէյուցյուն] եւ այլն, այդուհանդերձ, իրենց իսկ հակասելով, առաջարկում են [հրէական], [օլիմպիական], [բացէիբաց], [օրէօր], [քվէարկել] (ոչ թէ՝ [քվյարկել]) եւ այլն:
,,,,Ածանցման եւ բառաբարդման ընթացքում արտաքսուած-աղաւաղուած երկբարբառները վերականգնւում են: Այսպէս՝ գործող ուղղագրութեամբ՝ «առաքյալ», սակայն՝ «առաքելություն», ինչն էլ յուշում է ճիշտ ձեւը՝ «առաքեալ»: Ուրեմն՝ աւանդական գրութիւնը յառնում է: Որքան էլ «բարեփոխուած» ուղղագրութիւնը մասամբ բթացրել է հայ մարդկանց լեզուազգացողութիւնը, խորթացրել է արմատներից, միեւնոյն է, առայժմ բարդ բառերում ճիշտ արտասանութիւնը պահպանուած է՝ շնորհիւ ճիշտ գրութեան:
,,,,Նոյն կերպ՝ «կյանք» - «կենսական» (ուրեմն՝ «կեանք»), «մատյան» - «մատենագիր» («մատեան»), «վայրկյան» - «վայրկենական» («վայրկեան»), «ատյան» - «ատենական» («ատեան»), «հայացք» - «հայեցակարգ» («հայեացք») եւ այլն:
,,,,Հետաքրքրական է, որ բեմական խօսքի որոշ մասնագէտներ ակամայ հակադրւում են աբեղեանական ուղղագրութեան դրոյթներին: Այսպէս՝ երկբարբառ պարունակող մի շարք բառերի համար պահանջւում է «գրութեանը համապատասխան» արտասանութիւն՝ [միամյակ], [արիանալ], [թէական], [դրացիական], [դիակ], [ լիահույս], [խափէական], [լիօվին], [հղիանալ], [լիաթոք], [արիություն], [ծիածան] եւ այլն: Աւելին, սխալ է համարւում «դեռեւս» բառի [դէռյէւս] հնչեցումը, ճիշտը [դէռէւս]-ն է. նախապատւութիւնը նմանապէս տրւում է [երբէւէ], [թէրէւս], [վօրէւէ], [ինչէւէ] արտասանական ձեւերին8:
,,,,Իսկ ինչո՞ւ է այս դէպքում տրւում աւելի ստոյգ յանձնարարական: Հաւանաբար՝ բացատրութիւնն այն է, որ հնչող խօսքի մասնագէտը ելնում է արտասանական աւանդոյթից, ձգտում պահպանել աւանդոյթը: Մինչդեռ՝ լեզուաբանների մեծ մասըկառչած է մնում գրաւոր խօսքին, ընդսմին՝ դրա աղաւաղուած գրութեամբ (եւ անժխտելի է, որ նրանցից քչերն են կատարելապէս տիրապետում հնչող խօսքին):
,,,,Դասական ուղղագրութեան միջոցով մենք հնարաւորութիւն ենք ստանում ճշգրտելու ուղղախօսութիւնը: Այնինչ՝ հայերէնի ուսուցման մեթոդիկայի ասպարէզում կայ հետեւեալ կարծիքը. «Աւանդական ուղղագրությունը յուրացնելու և հմտություն ձեռք բերելու համար, ինչպես ասում են, աշակերտի ականջը խուլ պիտի լինի, տեսողությունը սուր»9:
,,,,Նախ՝ ասուածը կիրառելի է նաեւ գործող ուղղագրութեան համար. արդէն թուարկուած արտասանական աղաւաղումները դրա ապացոյցն են: Այնուհետեւ՝ այդպէս ասել, նշանակում է գերագնահատել հայերէնի ուղղագրութեան հնչիւնական սկզբունքը եւ, ընդհակառակը՝ լիովին անտեսել աւանդական-ստուգաբանական եւ ձեւաբանական սկզբունքների կարեւորութիւնը: Աւանդական գրապատկերը վճռորոշ դեր է կատարում շատ լեզուներում, իսկ հայերէնի առումով չի կարելի անտեսել բացառիկ նշանակութեան մեկ այլ հանգամանք՝ գրական լեզուի երկու ճիւղերի առկայութիւնը:
,,,,Յիշեցնենք՝ ոչ միայն գիտական, այլեւ ազգային-պետական կարեւորութեան լուծումը, որ անխափան գործում էր մինչեւ 1922-ի զեղծումը: «Մեր գրական լեզուն սկզբնավորվելիս հայ մտավորականության արեւելահայ եւ արեւմտահայ հատվածները ազգային լեզվի միասնությունը պահպանելու նպատակով ընդունեցին գրաբարի ուղղագրական նորմաները որպես մեր ազգային գրական լեզվի երկու տարբերակների ընդհանուր նորմաներ: Այդ պատճառով էլ նախահեղափոխական շրջանի ազգային գրական լեզուները գրական արտասանության շատ հարցերում նույնպես կողմնորոշվում էին գրաբարի բառերի գրապատկերներով»10:
,,,,Վերջապէս՝ «տեսողութիւնը սուր» պիտի լինի, հարկաւ, երկու դէպքում էլ սուր, լեզուն իմացողը պիտի յիշի բառերի պատկերը, հասկանայ բառի իմաստը. կիրթն ու անկիրթը ինչո՞վ են տարբերւում:
,,,,Էականն այն է, որ գործող ուղղագրութեանը յարմարեցուող (արհեստականօրէն) ուղղախօսութիւնը ոչ միայն չի օգնում, այլեւ խանգարում է, վնասում է գրագիտութեանը, մինչդեռ դասական ուղղագրութիւնը թոյլ է տալիս շտկելու ուղղախօսական սխալները, ապահովում է լեզուական-ազգային միասնականութիւն:
Արմատների մթագնում
,,,,«Բարեփոխումները» արմատախիլ են արել հայոց լեզուի բառակազմը: Սա բոլորովին էլ փոխաբերութիւն չէ: Վերացաւ, ըստ որոշ հաշուարկների, աւելի հան երեք հարիւր յիսուն արմատ՝ «գէտ», «սէր», «տէր» եւ այլն: Այդօրինակ արմատահատումից յետոյ բան չէր մնում անելու, քան երկարացնել «հնչիւնական օրէնքների» շարքը:
,,,,Գիտական ուսումնասիրութիւններն ու դասագրքերը հեղեղուած են «ե» > «ի»հնչիւնափոխութեան հիմնաւորումներով: Խելամիտ աշակերտը, սակայն, հարց պիտի տայ մեծարգոյ ուսուցչին՝ ինչո՞ւ «գետ»-ը (մեծ առու) բառաբարդուելիս չի հնչիւնափոխւում («գետափ», «գետահեղձ», «գետաբերան»), իսկ միւս «գետ»-ը (իմացող, ծանօթ)՝ հնչիւնափոխւում է («գիտակ», «գիտակից», «գիտնական»): Նոյն հարցը պիտի ծագի «գեր» (պարարտ) եւ «գեր» (առաւել) բառերի կապակցութեամբ. ասում ենք՝ «գիրուկ», «գիրանալ», բայց՝ «գերադաս», «գերազանց»: Դարձեալ՝ ինչո՞ւ զգացում նշանակող «սեր»-ը հոլովւում եւ բառաբարդւում է հնչիւնափոխութեամբ («սիրոյ մէջ», «սիրել», «սիրահար»), իսկ կաթի պարարտութիւնը (նաեւ՝ զաւակ, ծնունդ) նշող «սերը»՝ ոչ («սերի մէջ», «սերել», «սերունդ»): Հարցերի անվերջանալի շարքից եւս մեկը՝ «պետ» (կարիք) բառը հնչիւնափոխւում է («պիտ-անի»), միւս «պետ»-ը (գլխաւոր)՝ ոչ («պետութիւն»):
,,,,Այսօրինակ հարցերն ունեն մեկ ճիշտ պատասխան (որը, ցաւօք, չի լսի աշակերտը), այն է՝ այդ զոյգ բառերը իրականում տարբեր արմատներ են, եւ հնչիւնափոխւում են «է» գրութիւն ունեցողները:
,,,,Այս երեւոյթները, իհարկէ, յայտնի են լեզուաբաններին, ոմանք նոյնիսկ ուղղակի արձանագրել են, թէ «այս դէպքում ուղղագրութեան փոփոխութիւնը ստեղծում է մի խառնակ վիճակ»11: Միաժամանակ, նոյն հեղինակներն արդարացնում են խառնակութիւնը՝ մեկնաբանելով, թէ գրաբարի արտասանութեանն էլ էր դա բնորոշ: Սակայն՝ եթէ ձեռնարկում ենք «բարեփոխում», ապա հէնց այդ անմիօրինակութիւնը պիտի յաղթահարուէր, մանաւանդ՝ բարեփոխիչներն իրենք նման նպատակ ունէին: Մի խառնակութեան յիշատակումը չի կարող արդարացնել միւսի՝ յատկապէս յաւելեալ, արհեստածին խառնակութեան գոյութիւնը:
,,,,Ուղղագրական փոփոխութեանը հետեւած արմատների կորուստն արդարացնելու միջոցներից մեկն էլ «համանունութիւն» կոչուող երեւոյթն է (նոյնական հնչումով, սակայն իմաստով տարբեր բառերը): Մեզ յայտնի է լեզուաբանների վաստակը, թէպէտ բուն «համանունաբանութիւնը», որպէս գիտաճիւղ, բառագիտութեան ենթաբաժին, այնքան խախուտ է տեսականօրէն մեկնաբանուած, որ դա չեն կարող հերքել հէնց իրենք: Այդուհանդերձ, մի՞թէ արմատաջնջումը համարժէք է համանունների կասկածելի հարստութեանը:
Յամրը բարբառում է
,,,,Բառավերջում չարտասանուող «յ» հնչիւնի նշանակութիւնը (քահանայ, ապագայ, վրայ, սատանայ, յետոյ, ներկայ) արտաքուստ այնքան մթագնած է, որ երբեմն դասականի կողմնակիցներն էլ են համարում աւելորդ դրա վերականգնումը: «Բարեփոխումների» «դատավճռով» «յ»-ի վերացումն արդարացնող հեղինակները, որպէս կանոն, փաստարկում են, թէ դա «վաղուց ի վեր չեր արտասանվում, փաստորեն ավելորդ տեղ էր գրավում, ծանրաբեռնում շարվածքը եւ ստեղծում ուղղագրական դժվարություններ»12, թէ առհասարակ դրա վերականգնումը «մեծագոյն անմտութիւն է»13: Ոմանք աւելի առաջ են անցնում, յայտարարում, թէ «ոչ մի վատ բան չի լինի», եթէ չգրենք չարտասանուող «հ» տառը (իմա՝ «աշխար», «ճանապար», «խոնար», «խորուրդ», «արհամարել»), «ինչպես բառավերջի համար յ-ն չենք գրում»14:
,,,,Մինչդեռ «յ» հնչիւնը («յամր», «անձայն», «կիսաձայն», «ձայնորդ») ուղղախօսական կարեւոր դերակատարում ունի: Հարցը միայն այն չէ, որ անտեսուած «յ»-ն վերականգնւում է («ապագայում», «վրայից»)՝ հարկադրելով քերականներին յօրինել հերթական արհեստածին (բնականը՝ դասականը մերժուել է) «օրինաչափութիւնը»:
,,,,Չի կարելի հնչիւնաբանութիւնը կտրել ուղղագրութիւնից. եթէ ընթերցողը տեսնում է փակ վանկ (իսկ «յ» կիսաձայնը բաղաձայնի գործառոյթ է կատարում), նա, որպէս կանոն, ճիշտ է շեշտադրում. «շուկա՛յ»-ը երբէք չէր յանգեցնի «շո՛ւկա» սխալ արտասանութեանը: Չէ՞ որ սխալը չի կրկնւում հոլովաձեւերի, ածանցման եւ բառաբարդման դէպքում («շուկայո՛ւմ», «շուկանե՛ր», «շուկայակա՛ն» «շուկայավարութի՛ւն»):
,,,,Նոյն կերպ, արդէն աղաւաղուած են հնչում նախկինում «յ»-ով գրուող մի շարք բառեր՝ «կաթսայ», «մանանայ», «գաթայ», «թաւայ», «լաւայ» եւ այլն: Համեմատենք՝ «շուկայ» - «շաքար», «գաթայ» - «գաւաթ», «թաւայ» - «թափառ», «լաւայ» - «լաւաշ», «բացակայ» - «բանական», «պարագայ» - «պատասխան». երկրորդների մէջ սխալ շեշտադրումը բացառւում է:
,,,,Դասական ուղղագրութեամբ «յ»-ն բաղաձայնից առաջ ձայնաւորւում է՝ «խարոյկ», «ողջոյն», «մրցոյթ», «կոյր», «զրոյց», «մշակոյթ», «արժոյթ», «լոյս», «ծոյլ», «գոյն», «բարդոյթ» եւ այլն: Գործող ուղղագրութեամբ «ույ» է դարձել: Մի՞թէ դրա հետեւանքը չէ, որ այժմ յաճախադէպ են սխալ գրութիւնն ու արտասանութիւնը՝ «մշակույթային» [մշակույթային], «արժույթային» [արժույթային], «գույնավոր» [գույնավօր], «լույսավորել» [լույսավօրէլ], «կույրանալ» [կույրանալ], «համբույրել» [համբույրէլ]: Դասականին բնորոշ «ոյ» > «ու» անցումը, թէ՛ արտասանական եւ թէ՛ պատկերային առումով, նման աղաւաղման հիմք չի տալիս:
,,,,Վերջապէս՝ մի շարք բառերում «յ» ձայնորդը լիարժէք տառ է, քանի որ արմատի անքակտելի մաս է կազմում, ուստի՝ պիտի գրառուի: Օրինակ՝ «հսկայ» - «հսկայացում» (ոչ թէ սոսկ «հսկայից», այսինքն՝ ոչ որպէս պարզ ձայնակապ երկու ձայնաւորների միջեւ), «հաճոյ» - «հաճոյք» (ոչ թէ սոսկ «հաճոյանալ»), «ընծայ» - «ընծայել» (ոչ թէ սոսկ «ընծայից»), «կայ» - «կայք» (ոչ թէ սոսկ «կային») եւ այլն: