Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հայերէն

  1. #11
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Խոտոր ուղղախօսութիւն 2

    Լեզուատրամաբանական աղաւաղումներ
    ,,,,Արտասանական աղաւաղումները զուգորդւում են իմաստային, լեզուատրամաբանական սխալներով: Իհարկէ, դրանք ժամանակակից ուղղախօսութեան խնդիրներից դուրս են դիտւում, սակայն, նախ՝ «ուղղախօսութիւն» եզրը (պատահական չէ, որ հնում անուանուել է «ճշմարտախօսութիւն») թոյլ է տալիս աւելի լայն ըմբռնում, բացի այդ՝ իմաստային շատ խաթարումներ անմիջաբար հետեւանք են 1922-ի եւ 1940-ի ուղղագրական փոփոխութիւնների:
    ,,,,Օրինակ՝«տնօրենություն» («դիրեկցիա» իմաստով) եւ «տնօրինություն» (կարգաւորում) բառերի շփոթը դիւրին վերանում է դասական ուղղագրութեամբ, պարզ երեւում է «օրէն» արմատը, ուստի՝ գոյականը տարբերւում է բայից (է-ի հնչիւնափոխութեան տրամաբանութիւնն էլ՝ իր հերթին):
    ,,,,Գարեգին Նժդեհն աներկբայ ասում է. «Ապրել ցեղօրէն», այսինքն՝ ցեղը իբրեւ գերագոյն օրէնք ընդունելով: Համեմատենք գործող ուղղագրութեան աղաւաղման հետ՝ «Ապրել ցեղորեն». մի՞թէ այս սովորական, չէզոք մակբայը արտայայտում է նժդեհեան մտքի ողջ հզօրութիւնն ու իմաստը: Հէնց միայն Նժդեհին համարժէք հասկանալու համար հարկաւոր է օր առաջ վերադառնալ դասական ուղղագրութեանը, էլ չենք խօսում 1600-ամեայ գրաւոր ժառանգութեան, արեւմտահայ եւ Սփիւռքի արդի գրականութիւնը համարժէք իւրացնելու մասին:
    ,,,,Մեկ այլ, նրբօրէն արձանագրուած, յոբելեանական օրինակ15. «Օրհնյալ է Հարութիւնն Քրիստոսի» գործող ուղղագրութեամբ մաղթանքը դասական ուղղագրութեամբ է միայն վերականգնում իր բուն իմաստը՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Գրութեան փոփոխութեամբ վերստին աղճատուել է բառի արմատը, եւ «յար»-ի փոխարէն («յ» նախդիր + «ար» արմատ), որ այստեղ նշանակում է «կենդանանալ», փաստացի կարդացւում է «հար»՝ «խփել», «վնասել» իմաստով («ոտնահարել», «դանակահարել» եւ այլն):
    ,,,,Եւս մեկ օրինակ՝ այս անգամ բարբառային խօսքին առնչուող16. «Ծերացանք՝ ծերը տեսանք» ասացուածքը գործող ուղղագրութեամբ աղճատուած է (ո՞ւմ տեսանք, ո՞ր ծերին, ծերուկին), մինչդեռ դասականով նշանակում է «ծէրը», այսինքն՝ կեանքի վերջը, աւարտը, ծայրը (այ > է հնչիւնափոխութեամբ):
    ,,,,Նոյնը վերաբերում է «վեր ընկնել» դարձուածքին, որի կողքին անհասկանալի է «վերելակ» բառը (եթէ նոյն բառն է՝ ինչպէ՞ս է նշանակում երկու հակադիր ուղղութիւն). դասականի ուղղագրութեամբ է ճշտւում, որ առաջին դէպքում գործ ունենք «վէր»-ի՝ վայր ընկնելու հետ
    («վայր» > «վէր»):
    ,,,,Թող ուսուցիչը աշակերտներին (նաեւ՝ դասախօսը՝ ուսանողներին) հետեւեալ վարժութիւնն անել տայ՝ գործող ուղղագրութեամբ գրառել ու մեկնաբանել «գյուղապետ», «քաղաքապետ», «թաղապետ», «գնդապետ», «սակավապետ», «անտառապետ», «բռնապետ», «վարչապետ», «պահակապետ» բառերը: Դիւրին կհամոզուենք, որ սովորողների մեծագոյն մասը շփոթւում է, չի հասկանում, թէ ի՞նչ է «սակավապետը», ինչի՞ «պետն» է դա: Բառը ստուգաբանւում է միայն դասական գրութեամբ՝ «սակաւապէտ», այսինքն՝ երկրորդ բաղադրիչը ոչ թէ «գլուխ», «ղեկավար» արմատն է, այլ՝ «պէտք», ուստի եւ՝ «ժուժկալ», «քչով բաւարարուող» իմաստն ունի:

    Եզրակացութիւն
    ,,,,1922 թուականի հրամանագիրը, հիմք ընդունելով կատարուած հնչիւնական փոփոխութիւնների եւ գրառման համակարգի համապատասխանեցման անհրաժեշտութիւնը, բնաւ հաշուի չի առել հնարաւոր հնչիւնական փոփոխութիւնները, որ անխուսափելիօրէն պիտի հետեւէին (եւ հետեւեցին) գրութեան «բարեփոխմանը»: Հայերէնի ոչ միայն ուղղագրութեանը, այլեւ բովանդակ ուղղախօսութեանը հասցուել է կործանարար հարուած:
    ,,,,Կատարուածն ունեցել է իր քաղաքական դրդապատճառները, խնդրի լուծման ընտրած ռազմավարութեան քաղաքական հիմքերը: Մասնաւորապէս՝ «բարեփոխիչները» չէին կարող չգիտակցել, որ իրենք առաւել խորացնում են հայութեան երկու հատուածների միջեւ արդէն այլ հիմքերով առաջացած վիհը, մի նոր հիմք են տալիս լեզուական, հոգեւոր, մշակութային փոխադարձ խորթացման: Դժուար չէր, իսկապէս, հասկանալ, որ միասնական ուղղագրութեան պարտադիր պահպանումն է նոյն լեզուի երկու տարբերակների հիմքը, բովանդակ ազգային միասնութեան հիմքը:
    ,,,,Նորից ու նորից յիշեցնենք, որ յատկապէս այդ հրամայականի, այդ յիրաւի «իմաստուն սկզբունքի» շնորհիւ «արտասանական այն խոշոր տարբերությունները, որոնք անջատում էին մեր երկու գրական լեզուները, գրավորի մեջ քիչ էին զգալ տալիս, իսկ բանավորի մեջ թեեւ շատ, բայց այնքան, որ միմյանց հասկանալու անհաղթահարելի դժվարություններ չէին ստեղծվում: Եվ սիրով հնչվում էր արեւելահայի բերանում արեւմտահայերենը եւ ընդհակառակն»17:
    ,,,,Մինչդեռ կատարուեց այն, ինչն արդէն իսկ կանխատեսելի էր, աւելին՝ յստակ կանխատեսել էին 19-րդ դարի վերջին – 20-րդի սկզբին մի շարք մտաւորականներ, ովքեր մտահոգ էին ուղղագրութեան անհարկի փոփոխութեան վտանգից: Յիշատակենք թէկուզ «տգիտական ուղղագրութեան» (այսօրուայ հեռուից՝ տգիտացնող ուղղագրութեան) սպառնալիքի մասին տակաւին 1910 թուականին արուած նախազգուշացումներից մեկը. «Ուղղագրութիւնը դիւրացնելու պատրուակին տակ՝ աւերել, եղծանել բառերը, գրերու արտասանութեան նրբութիւնները, հայերէն այբուբենքին վրայ այնպիսի՛ անդամահատութիւններ ընել, որոնք ստուգիւ վիրաբուժական չեն, այլ սպաննիչ ու խաթարող... Այս միջոցիս ամէն քիչ շատ գրիչ շարժողը՝ ինկած է հայերէն այբուբենքին վրայ, մեկը՝ այս գիրը կը հալածէ, միւսը՝ այն գիրը կը վտարէ»18:
    ,,,,Կատարուածի հակազգային ուղղուածութիւնը, ճակատագրական վնասակարութիւնը ժամանակին արդարացիօրէն արձանագրել է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան յատուկ յանձնաժողովը. «Աշխարհիս վրայ մեզմէ զատ չկայ ազգ՝ որ երկու տեսակ ուղղագրութիւն ունենայ: Եւ շատ անտեղի է մեր ազգին արդի վիճակը՝ իրարու գրածներէն խորշելու եւ կամ իսկապէս չհասկնալու զիրար, ինչպէս կը պատահի շատերուն»19:
    ,,,,«Երեւանեան ուղղագրութիւնը», իրօք, ոչ թէ սոսկ «պղծութիւն», «հրէշային խառնակութիւն», «այբուբենական բռնաւորութիւն», արդարութեան ու գիտութեան դէմ մեղանչում եղաւ, այլեւ՝ «գերեզմանաքար» հայոց անցեալի վրայ, չինական պարսպով անջրպետեց հայաստանցիներին թէ՛ իրենց նախնիներից եւ թէ՛ սփիւռքի ազգակիցներից20:
    ,,,,Տասնամեակներ առաջ ասուածը հարկադրուած ենք ահաւասիկ առաւել դառնութեամբ ու տագնապով կրկնելու այսօր: Ամօթալի փաստ է իսկապէս. հայաստանեան լեզուաբանների մեծ մասը այսօր անսքօղ թշնամութիւն է տածում դասական ուղղագրութեան վերականգնման հանդէպ, որից էլ ածանցւում է արեւմտահայ գրականութեան հանդէպ համապատասխան վերաբերմունքը: Բանը հասել է անգամ արտառոց յորդորի. «Եվ որքան Սփյուռքը շուտ թոթափի հին ուղղագրության անցանկալի բեռը, այնքան ավելի լավ սփյուռքահայության համար»21:
    ,,,,Սփիւռքը ժամանակին չընդունեց ուղղագրական բռնութիւնը, հակադրուեց, ահազանգեց, թէպէտ՝ ապարդիւն: Այդուհանդերձ, եթէ այսօր կենդանի է դասական ուղղագրութիւնը (իսկ, գաղտնիք չէ, որ դասականի որոշ հակառակորդներ ամէն կերպ ճգնում են դա բնութագրել սոսկ որպէս «գրաբարի ուղղագրութիւն»), ապա պարտական ենք Սփիւռքի մեր ազգակիցներին: Եւ մի՞թէ առնուազն տարօրինակ չէ, որ օտար լեզուական միջավայրում հնարաւոր է իւրացնել դասական ուղղագրութիւնը, այնինչ հայաստանեան հակառակորդները տրտնջում են դժուարութիւններից, ծուլանում մի քանի նոր կանոն իւրացնել եւ դեռ մոլորեցնում են հանրութեանը: Նշենք, ի դէպ, որ կայ լիարժէք գիտական եւ ուսումնական գրականութիւն, աւելին՝ Հայաստանում արդէն ստեղծուել ու հանրութեանը ցուցադրուել է գործող ուղղագրութիւնը դասականի փոխարկող համակարգչային ծրագիր:
    ,,,,Վերադառնալով 80 տարի առաջ կատարուածին՝ մեզ տուեալ պարագայում հետաքրքրողը լեզուագիտական հիմքն է, այն աշխարհայեացքային-մեթոդաբանական դիրքորոշումը, որը հայերէնի գործող ուղղագրութեան մէջ բացարձակացնում է հնչիւնական սկզբունքը, իսկ աւանդական-ստուգաբանական ու ձեւաբանական սկզբունքները՝ անտեսում:
    ,,,,Նախ՝ իրենք իսկ՝ 1922 եւ 1940 թուականների «բարեփոխիչները», հետեւողականօրէն չեն պահպանել «մեկ հնչիւն – մեկ տառ» սկզբունքը, ընդ որում՝ ո՛չ փոփոխուած ձայնաւորների, ո՛չ էլ անփոփոխ բաղաձայների գրութեան առումով: Սխալ հիմնադրոյթի տուրք գրութիւնը մեծապէս աղճատել է հայ բառերի պատկերը, դարձրել նոր սերունդների համար անճանաչելի, պայմանական բան: Իսկ աւանդական բառապատկերի աղաւաղումը անհետք չէր կարող մնալ բառի հնչեցման, բառիմաստը ճիշտ ընկալելու, ինչպէս նաեւ բառը մտապահելու եւ ճիշտ գրառելու մէջ:
    ,,,,Երկրորդ՝ հնարաւոր էլ չէր անշեղօրէն հետեւել «մեկ հնչիւն՝ մեկ տառ» կանոնին, քանի որ դարաւոր պատմութիւն ունեցող լեզուն (ինչպէս հայերէնը, այնպէս էլ անգլերէնը, ֆրանսերէնը, ռուսերէնը եւ այլն) անխուսափելիօրէն հեռացած պիտի լինէր բառի հնչեցման սկզբնական ձեւից, կուտակէր գրութեան ու արտասանութեան անհամապատասխանութիւններ, այդ թւում՝ «յամր», չգրառուող հնչիւններ: Եթէ, դիցուք՝ հայերէնը լինէր անգիր լեզու, գուցէ հիմնաւոր լինէր հնչիւնական սկզբունքի գերադասումը:
    ,,,,Երրորդ՝ ուղղագրութիւնն ինքնին մշակութապահպան դեր ունի. հնչոյթի գրութիւնը չէ՞ որ նաեւ պատմական յիշողութիւն է, ազգային ինքնութեան հիմքերից մեկը, ազգի միասնութիւնը ժամանակի (հերթափոխուող սերունդների) եւ տարածութեան (ժողովրդի տարբեր հատուածների) մէջ ապահովող հզօր գործօն: Պատմութիւն ունեցող, գրականութիւն ունեցող, հոգեւոր ժառանգութիւն ունեցող ժողովրդի համար տառն աւելին է, քան սոսկ հնչոյթի գծագրական պատկերը, բառն աւելին է, քան սոսկ հնչոյթների համակցութիւն, ուղղագրութիւնն աւելին է, քան տառագրութիւնը, իսկ ազգի միասնականութեան ապահովումն աւելի կարեւոր է, քան ուղղագրութեան միւս բոլոր չափանիշները:
    ,,,,Չորրորդ՝ անցած տարիների արտասանական աղաւաղումները (սոսկ հնչիւնական սկզբունքին կառչած մնալու հետեւանքով) թոյլ են տալիս եզրակացնելու, որ հայերէնի ուղղագրութեան (նաեւ՝ ուղղախօսութեան) խնդրում պակաս կարեւոր չէ աւանդական-ստուգաբանական մօտեցումը: Արդ՝ հարկաւոր է, նախ՝ խորապէս գիտակցել այդ հանգամանքը, ապա՝ համապատասխանաբար փոխել հայերէնի ուսուցման յարացոյցը:
    ,,,,Վերադարձը դասական ուղղագրութեանը հիմք կստեղծի նաեւ ուղղախօսութեան աստիճանական շտկման:


    1 Տե՛ս Մ. Աբեղյան, Առաջնորդ հայոց լեզվի նոր ուղղագրության, Յերեվան, Պետհրատ, 1922, էջ 3-4:
    2 Էդ. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Եր., ԵՊՀ հրատ., 1987, էջ 121:
    3 Անդ, էջ 280:
    4 Անդ:
    5 Տե՛ս Թ. Ղարագյուլյան, Ժամանակակից հայերէնի ուղղախօսութիւնը, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1974, էջ 215-216:
    6 Խ. Պ. Քարտաշեան, Խորհրդային Հայաստանի նոր ուղղագրութիւնը, Պէյրութ, «Հրազդան», 1926, էջ 21:
    7 Տե՛ս Վ. Միրզոյան, Հայերէնը՝ անաղարտ, Եր., «Գրիգոր Տաթեւացի», 2005:
    8 Տե՛ս Է. Գյուլեսերյան, Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը, Եր., ՀՍՍՀ մշակույթի նախարարության մեթոդկենտրոն, 1987, էջ 29-39:
    9 Ս.Վ. Գյուլբուդաղյան, Հայոց լեզվի մեթոդիկա, Եր., ԵՊՀ հրատ., 1978, էջ 156:
    10 Ա. Ղարիբյան, Հայ մանկավարժական լեզվաբանության հարցեր: Գիրք 1. Ներածություն, Եր., Լույս, 1969, էջ 94:
    11Վ. Առաքելեան, Ժամանակակից հայերէնի հնչիւնաբանութիւն, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, էջ 67:
    12 Գ. Ջահուկյան, Հարկ կա՞ արդյոք փոխել մեր ուղղագրությունը, Եր., 1996, էջ 19:
    13 Վ. Առաքելյան, Կգա նաեւ ուղղագրությամբ զբաղվելու ժամանակը //«Երեկոյան Երեւան», 19 Մարտի 1997, էջ 4:
    14 Լ. Ավդալյան, Ուղղագրության խնդիրը // «Հայաստան», 5 Ապրիլի 1991, էջ 2:
    15 Տե՛ս Լ. Միրիջանեան, Ազգայինը Մեսրոպեան ուղղագրութիւնն է // «Ավանգարդ» (շաբաթաթերթ), 15-21 Օգոստոսի 2001թ., էջ 2:
    16 Տե՛ս Գ. Պասմաճեան, Միասնական ուղղագրութիւն յօգուտ միասնականութեան // «Գիտութիւն եւ տեխնիկա», 1996, թ. 7-9, էջ 41:
    17 Ա. Ղարիբյան, նշուած աշխ., էջ 94:
    18 Գ. Մէնէվիշեան, Հայերէն լեզուի ուղղագրութեան խնդիրը, Վիեննա, 1910, էջ 8:
    19 «Վենետկոյ Մխիթարեանց յանձնաժողովին կարծիքը հայերէնի ուղղագրութեան մասին», Վենետիկ, Սուրբ Ղազար, 1927, էջ 10:
    20 Տե՛ս «Երեւանեան ուղղագրութիւնը» (խմբագրական) // «Հայաստանի կոչնակ», Նիւ Եորք, Նոյեմբեր 20, 1926, թ. 47, Հ. Ա. Ղազիկեան, Ի՞նչ են անում Երեւանում // «Հայրենիք» (ամսագիր), 1927, հ. 6, էջ 70, Կոստան Զարեան, Ուղղագրութեան խնդրի առթիւ // «Հայրենիք» (օրաթերթ), Սեպտեմբերի 30 – Հոկտեմբերի 1, 1927թ.:
    ,,,,Լեզուական բարբարոսութիւնը ինքնին մերժելի էր թուում. «Ես վստահ եմ, որ ոչ մեկ հայ պիտի չգործէ այդ ոճիրը, եւ պիտի չգրէ տեր, սեր, աղետ, նուեր» (Հ. Ա. Ղազիկեան, նշուած աշխ., էջ 68)
    21 «Հայաստանի Հանրապետություն» (օրաթերթ), 13 Ապրիլի 2002թ., էջ 5: Տիտղոսաւոր հեղինակներին բնաւ պատիւ չբերող սոյն փաստաթուղթը, որ անուանւած է «Հայերենի արդի ուղղագրությունը փոխելու փորձերի առթիվ», աւարտւում է դասականի կողմնակիցների ջանքերի պիտակումներով՝ «որպես հայ մշակույթի քայքայմանն ուղղված միտումնավոր քայլեր՝ թելադրված հայատյաց կենտրոններից»:
    ՎԱԼԵՐԻ ՄԻՐԶՈՅԵԱՆ
    «ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ»
    Երեւան, 2006
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #12
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայերէն

    ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ, ԱՅԼ ՈՉ ԹԷ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ



    Միացեալ Նահանգների պետական կառոյցին մաս կազմող նախարարութիւնները ներկայացւում են անգլերէն Department, իսկ նախարարները՝ Secretary արտայայտութեամբ (*)։ Պաշտպանութեան նախարարութիւնը ներկայացւում է Department of Defence, պաշտպանութեան նախարարը՝ Secretary of Defence, աշխատանքի նախարարութիւնը՝ Department of Labour եւ աշխատանքի նախարարը՝ Secretary of Labour արտայայտութիւններով։ Իսկ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան եւ արտաքին գործերի նախարարի համար գործածուող Department of State եւ Secretary of State արտայայտութիւններում առկայ State բառը ակնյայտօրէն պատճառ է դարձել, որ հայաստանեան մամուլում այն բառացիօրէն թարգմանուի «պետական», իսկ Department եւ Secretary բառերը «քարտուղարութիւն» եւ «քարտուղար» բառերով, որտեղից էլ առաջացել են «պետական քարտուղարութիւն» եւ «պետական քարտուղար» կամ յապաւմամբ՝ «պետքարտուղարութիւն» եւ «պետքարտուղար» սխալ եզրերը, թէեւ Department-ը բառացիօրէն քարտուղարութիւն չի նշանակում։
    Սփիւռքահայ թերթերում չկայ այդ շփոթը, քանի որ Միացեալ Նահանգների պետական կառոյցում յիշեալ բոլոր պաշտօնները ներկայացւում են «նախարար» եզրով։ Մէկը պաշտպանութեան նախարար է, միւսը՝ աշխատանքի, իսկ Հիլըրի Քլինթընն էլ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարն է, որը ղեկավարում է Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութիւնը։ Այդպէս են գրում Թեհրանում լոյս տեսնող «Ալիք», Բեյրութում հրատարակուող «Ազդակ», Աթէնքում հրատարակուող «Ազատ Օր», Պոլսում լոյս տեսնող «Մարմարա», Լոս Անջելէսում հրատարակուող «Ասպարէզ», «Նոր Օր», «Մասիս» թերթերը եւ սփիւռքահայ այլ լրատուամիջոցներ։ Ակներեւաբար միայն հայաստանեան թերթերն ու լրատուամիջոցներն են, որ գործածում են պետքարտուղարութիւն (Հայաստանում պետքարտուղարութեան փոխարէն երբեմն գործածւում է պետդեպարտամենտ արտայայտութիւնը) եւ պետքարտուղար սխալ արտայայտչաձեւերը՝ արտգործնախարարութեան եւ արտգործնախարարի փոխարէն։ Ասում ենք սխալ, քանի որ պատճառը շատ յստակ ու որոշակի է։
    Փաստօրէն, հիմնուելով այն պարզ իրողութեան վրայ, որ մեր մամուլն ու զանգուածային լրատուամիջոցները Secretary of Labour-ը կամ Secretary of Defence-ը չեն թարգմանում «Աշխատանքի քարտուղար» կամ «պաշտպանութեան քարտուղար» անհեթեթ բառերով, ապա նոյն կերպով էլ Secretary of State-ը պէտք չէ թարգմանեն պետական քարտուղար (նոյնպէս անհեթեթ) արտայայտութեամբ։ Այլ, ինչպէս ասւում ու գրւում է «Միացեալ Նահանգների պաշտպանութեան նախարար», «Միացեալ Նահանգների աշխատանքի նախարար» ճշգրիտ եզրերը, այնպէս էլ Secretary of State եւ Department of State արտայայտութիւնները պէտք է թարգմանուեն եւ գրուեն «Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար» (արտգործնախարար) եւ «Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութիւն» եզրերով։
    Մի այլ հարց եւս։ Միացեալ Նահանգների պետական կառոյցում արդարադատութեան նախարարութիւնը ներկայացւում է Department of Justice, իսկ արդարադատութեան նախարարը՝ Attorney General արտայայտութեամբ։ Պատկերացրէք, թէ որքա՜ն զաւեշտական կը լինէր, եթէ, ելնելով այսպէս ասած «քարտուղարութեան» արտայայտչաձեւից, Department of Justice-ը գրէինք «արդարադատութեան քարտուղարութիւն», իսկ Միացեալ Նահանգների արդարադատութեան նախարարին անուանէիք «արդարադատութեան քարտուղար»։ Բայց, երբեմն նկատւում է, որ Attorney General-ը ներկայացւում է գլխաւոր դատախազ արտայայտութեամբ, որը ոչ թէ սխալ, այլ թիւրիմացութիւն առաջացնող թարգմանութիւն է, քանի որ դրանք երկու տարբեր պաշտօններ են երկրի դատաիրաւական համակարգում։
    Ուրեմն, ո՛չ թէ Միացեալ Նահանգների պետական քարտուղար կամ պետքարտուղար, այլ՝ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար կամ արտգործնախարար։ Ո՛չ թէ Միացեալ Նահանգների գլխաւոր դատախազ, այլ՝ Միացեալ Նահանգների արդարադատութեան նախարար։
    ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
    Գլենդեյլ
    24 յուլիսի, 2009 թ.

    (*) Նախարար իմաստով Secretary բառի գործածութիւնը կապւում է այն օրերի հետ, երբ Ամերիկայում տիրում էր բրիտանական գաղութատիրութիւնը։ Բրիտանիայում նախարարներին ասում են Secretary of State. օրինակ, պաշտպանութեան նախարարին ասում են Secretary of State for Defence, իսկ արտաքին գործերի նախարարին՝ Secretary of State for Foreign and Commonwealth Affairs։ Զաւեշտականն այն է, որ մեր մամուլում Բրիտանիայի արտգործնախարարի համար չի գործածւում «Բրիտանիայի պետքարտուղար» բառը, մինչդեռ այն գործածւում է Միացեալ Նահանգների արտգործնախարարի համար։ 2003 թուականին Երեւանում հրատարակուեց «Քաղաքագիտութեան եւ քաղաքականութեան Օքսֆորդի բացատրական բառարան»ի հայերէն թարգմանութիւնը, որում յստակօրէն յիշուած է, թէ Secretary of State (պետական քարտուղար) բառը Բրիտանիայում բոլոր կարեւոր նախարարութիւնների ղեկավարների պաշտօնի անունն է։ Միացեալ Նահանգներում այն համապատասխանում է արտաքին գործերի նախարար բառին։ («Քաղաքագիտութեան եւ քաղաքականութեան Օքսֆորդի բացատրական բառարան», էջ 475)։
    ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
    «Ազդակ»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #13
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հայերէն

    «ԱՂՔԱՏ» ԼԵԶՈՒՆ
    - Այս առտու մեր հայերէն լեզուն պիտի բամբասեմ, չփրփրիս:
    - Եթէ շիտակ բաներ ըսեմ, չեմ փրփրիր, բայց, եթէ ելլես անհիմն ամբաստանութիւններ ընես, ձեռքէս քաշելիք ունիս...
    - Զիս վախցուցիր, չեմ ըսեր: Մնաս բարով...
    - Կատակ էր ըրածս... Սկսէ նայիմ...
    - Լա՛ւ... Մեր հայերէն լեզուն աղքատ լեզու է, չե՞ս կարծեր...
    - Ես այդ տեսակ կարծիք չունիմ մեր արեւափայլ լեզուին մասին, բայց եթէ դուն ունիս, խնդրեմ ապացուցանէ՛...
    - Օրինակ, շատ մը բոյսերու հայերէնները չունինք... Ծառերու, ծաղիկներու, թուփերու, բանջարեղէններու, պտուղներու:
    - Վստա՞հ ես, որ չունինք...
    - Վստահ եմ... Եթէ չես հաւատար, ես քեզի քանի մը անուններ տամ. դուն գնա, փնտռէ, գտիր անոնց հայերէնները եւ եկող շաբթու ինծի իմաց տուր: Չկա՛ն:
    - Երթալ փնտռելու պէտք չունիմ... Դուն տուր քու զատած անուններդ, ես հիմա, այս վայրկեանիս քեզի տամ իւրաքանչիւրին հայերէնը...
    - Ինչո՞ւ այդ ինքնավստահութիւնը... Բուսաբա՞ն ես...
    - Ո՛չ, բայց մարգարէաբար գիտեմ, թէ ի՜նչ սովորական անուններ պիտի տաս...
    - Լա՛ւ, ես հիմա քեզ ծուղակը ձգեմ, որ երթաս՝ դասդ առնես...
    - Հրաշալի՜... Ծուղակդ լարէ, բայց նայէ, որ դուն մէջը չիյնաս:
    - Շա՛տ աղէկ... Հիմա ինծի տուր նայիմ հետեւեալ պտուղներուն անունները. ես քեզի պիտի տամ անգլերէնները՝ սթրոպերի, ռազպերի, պլեք չերի, տակպերի, մետըլըր, կուսպերի, թենճըրին, տէյթ, քեշու նաթ...
    - Տամ՝ նոյն շարքով. ելակ, արքայամոր, բալ, զողալ կամ հոյն, զղեար, հաղարջ, նումա, արմաւ, բալատուր...
    - Իմացած անուններս չէին... Մի՛ խնդար... Վերջէն խնդացողը լաւ կը խնդայ: Հիմա, ինծի տուր նայիմ հետեւեալ բանջարեղէններուն հայերէնները, եթէ կան...
    - Անպատճառ կան...
    - Մեծխօսիկութիւն չեմ ուզեր.- փարսլի, լեթիս, փարոլիփ, էսփերեկըս, արտիչոք, սելըրի, տենտիլայըն, պի՜թ, էնտիւ, սփինիչ, քոլի ֆլաուըր...
    - Ատոնք ալ տամ՝ դարձեալ նոյն շարքով. ազատքեղ, աղցան, գազար, ծնեբեկ, կանկառ, կարոս, կռաբանջար կամ խտուտ, ճակնդեղ, ճարնբուկ, շոմին, ընդակաղամբ կամ ծաղկակաղամբ:
    - Յոյս ունիմ՝ մտքէդ սուտումուտ անուններ չես շիներ քթիս խնդալու համար...:
    - Ո՛չ... Այս անունները մեր գերապայծառ մայրենի լեզուին յօրինած բառերն են... Միջանկեալ յիշեցնեմ, որ քանի մը հատն ալ Աստուածաշունչ մատեանին մէջ կան, բայց այդ մասին ալ ուրիշ օր մը... Շարունակէ...
    - Հիմա գանք ծաղիկներուն. լիլի, փափի, պլուպաթըլ, ուոթըր-լիլի, այրիս, լեվենտըր, ֆըրկեթ մի-նաթ տեֆըտիլ, քրիսենթհիմըմ, պել ֆլաուըր, միմոզա...
    - Բարեկա՛մ, դուն հետս խաղի ելեր ես, կարծեմ... Այդ անուններուն հայերէնները քու մեծ մայրիկդ անգամ գիտէ, անոր հարցնէիր. շուշան, հարսնուկ, ծծմոր, հարսնմատ կամ նունուֆար, հիրիկ կամ թրաշուշան, լուացուկ, անմոռուկ, նարկիս, ոսկեծաղիկ, զանգակածաղիկ կամ յակինթ, պատկառուկ...
    - Ասոնց մէջէն ալ ելար... Հիմա խառնիխուռն՝ ծառեր եւ ուրիշ բաներ. ֆըր, փափլըր, աքասիա, պըրչ, օրք, սիտըր, սիփրես, մաշրում, ռուպարպ, փայն էփըլ, ուոթըր քրես, փի՜զ, էշթրի:
    - Գրէ. եղեւին, բարտի կամ կաղամախի, մրտենի, ցարասի, կաղնի, մայտի, նոճի, սունկ, խաւարծիլ, արքայախնձոր, ջրկոտեմ, ոլոռն կամ մաշ, հացի...
    - Ես քեզ մեղա՜յ, բարեկամ... Ես խօսքս ետ առի... եւ ներողութիւն կը խնդրեմ քեզմէ...
    - Ինձմէ՝ ո՛չ... Աստուածառաք հայերէն լեզուէն...
    ԵՒՐՈՊԱՑԻ
    Բոստոն
    «Ազդակ»
    22 Մարտ 1960
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #14
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Հայերէն

    ԽՈՀԵՐ «Է»-Ի ՄԱՍԻՆ

    ,,,Հայոց լեզուին պատուհասած աղէտներից նորագոյնին` համընդհանուր դարձած եւ լեզուի աւանդականութիւնը հիմքից խարխլող «ա»ախօսութեանը մենք անդրադարձել ենք քանիցս` իւրաքանչիւր յաջորդ հրապարակմամբ աւելի տխուր, աւելի ահագնացող եւ տագնապալից վիճակ արձանագրելով:
    ,,,«Ա»ախօսութեան չարիքը մեր լեզւում սկսեց տարածուել, երբ մի քանի վայ-արուեստագէտների եւ կինոբեմադրիչների` հերոսներին «ա»ախօս դարձնելով իբրեւ թէ խօսքի առաւելագոյն հաւաստիութեան ու բնականութեան հասնելու մտասեւեռումը սկսեց իրականութիւն դառնալ, եւ դա այն դեպքում, երբ եկել էին լեզուի հանդէպ քամահրական վերաբերմունքի ու բարձիթողիութեան աննախադէպ ժամանակներ: Եւ եթէ այն օրերին ընդամէնը մտայնութիւն էր, հիմա արդէն ձեւաւորուել է համոզմունք, որ «է»-ի փոխարեն «ա» օժանդակ բայ գործածելով` մեկընդմիշտ լուծւում են խօսքի բնականութեան խնդիրները: Այս համոզումն սկսեց իշխել առաւելապէս հեռուստաեթերում, հետեւաբար հենց այդտեղից էլ սկսեց հնչել, ապա անկասելի յորդել «ա»ախոսությունը` իր համընդհանուր ու նաեւ պաշտօնական գործառնումով յանգեցնելով այն բանին, որ ի վերջոյ սկսեց այլեւս չգիտակցուել իբրեւ լեզուի աղաւաղում:
    ,,,Բայց դա չարեաց փոքրագոյնն էր, քանզի յետոյ կատարուեց աղէտալին` «ա»ախօսութիւնն անտեսելն ու չգիտակցելը ոչ թէ որպէս սովորական աղաւաղում, սովորական սխալ, այլ որպէս մեծագոյն սպառնալիք ու մարտահրաւէր: Եւ հիմա արդէն ո՛ւմ ասես կլսէք «ա»ախօս` պատգամաւորին ու նախարարին, պաշտօնեային ու գիտնականին: «Ա»ախօս են նոյնիսկ նրանք, ովքեր կարծես աւելի նախանձախնդրօրէն պիտի հետեւէին այս չարիքից մեր լեզուն պաշտպանելուն. հայ հոգեւորականն է «ա»ախօս, հայ գրողն է «ա»ախօս: «Մեր լեզուն, մեր խօսքը» հաղորդաշարին հիւր գնացած եւ մայրենիի գովքն անող Հայաստանի գրողների միութեան նախագահն է «ա»խօս, ով ի լուր հայութեան հնչեցնում է` «տանում ա», «խոսում ա», «մտածում ա», «ինքն ա» («Արմենիա» հ/ը, 24 հոկտեմբեր 2010): «Ա»ախօս է Ռուբէն Յովսէփեանը, ով իրեն նուիրուած հեռուստաակնարկում («Երկիր Մեդիա», 27 նոյեմբեր 2010) խօսում է «ա»-ով, եւ որքան էլ նրա խօսքը խորիմաստ է ու խոհուն, միեւնոյն է, դա ծանրակշիռ խօսք չէ, քանզի գրողն իր բառապաշարից, աւաղ, աւաղ, աւաղ, անփութօրէն վտարել է «է»-ն:
    ,,,Ահա այսպէս` իբրեւ թէ բնական խօսք հնչեցնելու, իրականում յանուն մի կեղծ նպատակի մոռացութեան վիհն ենք նետում հայոց նախաբառ «է»-ն, որ Մաշտոցի ձեռքով նոյնիսկ սրբացուել է` դառնալով մեր այբուբենի եօթերորդ տառը: Չմոռանանք նաեւ, որ «Է»-ն Աստծո ստորոգելիներից է, հետեւաբար` վերստին սուրբ ու անջնջելի: Ուրեմն որտեղի՞ց մեզ ամենայն սրբութիւն ջնջելու եւ մոռացութեան տալու այս անմիտ ջանադրութիւնը, ինքնաոչնչացման այս անմեկնելի նկրտումը:
    ,,,«Ա»խօսութեան համընդհանուր ծաւալումը, անշուշտ, ուղղակի կապ ունի բարբառներից յարատեւ օգտուելու եւ նրանց կենսականութեամբ նաեւ գրական լեզուն կենդանի պահելու այն մտահոգութիւնների հետ, որոնք բնաւ էլ նոր չեն: Սակայն, ցաւօք, նոյնիսկ լեզուաբանական շրջանակներում բարբառներից օգտվելու խնդիրը սկսել է շեշտադրուել սոսկ արտաքին երեւոյթի առումով. կարեւորն ու կարելին դարձել է ամենադիւրինըՙ բարբառներից ժողովրդական ոճի բառ ու դարձուածքը գրական խօսք արհեստականօրէն տեղափոխելու հանգամանքը, մինչդեռ բարբառներից օգտուելն աւելի շատ պիտի ենթադրէր բարբառի այնպիսի իւրացում, որը կնպաստէր բնական դարձնել լեզուամտածողութիւնը: Բայց մենք, ինչպէս ասացինք, առայսօր գնում ենք բարբառներից գրական լեզու որոշակի բառամթերք ուղղակի տեղափոխելու ճանապարհով, ինչը ոչ միայն աւելի բնական, աւելի անբռնազբօս չի դարձնում մեր լեզուամտածողութիւնը, ոչ միայն չի հարստացնում գրական լեզուի շտեմարանը, այլեւ խօսքը դարձնում է գռեհիկ, աղքատ ու գետնաքարշ: Այս են վկայում մեր բազմաթիւ հեռուստաընկերութիւնների անթիւ սերիալները, փողոցի լեզուով ու ժարգոնով խօսող, համարեա առանց բացառութեան «ա»ախօսող նրանց անհամար հերոսները: Եւ մայրենին առաւելագոյն չափով նսեմացնելու առաջատարներից մեկը Հայաստանի հանրային հեռուստատեսութիւնն է, որ հանապազօր գեղեցիկ խօսք հնչեցնելու փոխարէն` աւերում է մեր լեզուն հենց միայն համատարած «ա»ախօսութեամբ:
    ,,,Անշուշտ, ոչ ոք չի ժխտում բարբառներից նաեւ այդՙ բառ ու դարձուածք ուղղակի իւրացնելու ճանապարհով գրական խօսքը հարստացնելու եւ աւելի կենդանի դարձնելու անհրաժեշտութիւնը, բայց գրական լեզուն բարբառներով սնող հունը պէտք էր բացել ոչ թէ յախուռն ու անվերահսկելի կերպով, այլ խելամտօրէն, զգուշօրէն, նախանձախնդրօրէն: Ցաւօք, մենք չեղանք ո՛չ խելամիտ, ո՛չ զգուշաւոր, ո՛չ էլ, առաւել եւս, նախանձախնդիր: Եւ մեր լեզուն սնուցող կենարար հունը չդիմացաւ այն անզուսպ հեղեղին, որ մեր գլխին թափեցին «նորարարները». նախՙ հեղեղն իր հետ սրբեց-տարաւ հենց իրենՙ հունը, ինչի հետեւանքով կորսուեց լեզուի զարգացման ուղղութիւնը, ապաՙ հեղեղը տարաւ այն արգելակ-փականները, որոնք կանոնաւորում եւ անհրաժեշտ չափի մէջ էին պահում բարբառ-գրական լեզու փոխթափանցումները:
    ,,,Այդ կարեւորագոյն փականներից մեկն էր «է»-ն, որը նոյնպէս եւ կարծես անդարձ իր հետ տանում է հեղեղը...
    ,,,Բարբառներից անհրաժեշտ չափով օգտուելու խորհուրդ ժամանակին տալիս էր Յովհ. Թումանեանը, եւ ինքն էլ տալիս էր դրա օրինակը: Բայց «էս» ու «էն»-ի համար կռիւ տուող գրողի մտքով երբէք չանցաւ յանուն խօսքի բնականութեան զոհել «է»-ն: Բարբառի համով-հոտով բառապաշարով խօսեցնելով իր գեղջուկ հերոսներին` գրողն այնուամենայնիւ նրանց խօսքից գրեթէ բացառել է «ա»ախօսութիւնը: Ահաւասիկ երկու հատուած «Արջաորս» պատմուածքից` համոզուելու, թէ հերոսի գեղջկական լեզւում որպիսի բնականութեամբ է հնչում այսօր համընդհանուր կերպով մերժուող «է»-ն:
    ,,,«Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն Աստծու ոտներն էրում է: Մի լուսնեակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Աւագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են:
    ,,,Մին էլ Աւագը թէ` «Ա՜յ տղայ, էն ո՞վ է, հրէ մի մարդ է գալի վերի կռնիցը»:
    ,,,Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ` մի մարդ է գալի վերեւիցը:
    ,,,«Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի: Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծէրը վրէն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն ածեմ: Բայց անտէրը գլխի է ընկել, թողնում չի»: («Արջաորս», 1899)
    ,,,Բարբառային բազմաթիւ բառերի, դարձուածքների (աշունքվա, նիստ, դափ, էրել, պկու, ածել, բայաթի, լուլա, օլորել, հենց (այնպէս), ծէր (ծայր), վրէն, հուպ տալ, փորն ածել) այս շարքում տեսէք որքա՛ն արժանապատիւ տեղ եւ մաքուր կեցուածք է վերապահուած հնօրեայ «է»-ին, եւ որքա՛ն բան կխաթարուէր հերոսի խօսքում, որքա՛ն պարզունակ կդառնար նրա լեզուն, եթէ նա «ա»ախօսէր:
    ,,,«Ա»ախօսութեամբ իր գեղջուկ հերոսներին ներկայացնելու հակում ունէր Ակսել Բակունցը: ,,,«Մթնաձոր» ժողովածուի նրա գրեթէ բոլոր հերոսները «ա»խօսում են: Հետաքրքրականը, սակայն, այն է, որ Բակունցը հետզհետէ հեռանում է «ա»ախօսութեամբ իր հերոսների խօսքը բնական դարձնելու մտայնութիւնից, եւ աւելի ուշ շրջանի նրա պատմուածքներում, «Կյորես» վիպակում ու «Կարմրաքարում» հերոսները այլեւս «է»ախօս են: Անշուշտ, դժուար է պնդել, թէ Բակունցն «ա»խօսութիւնից «է»ախօսութեան անցումն արել է նախածրագրուած. կարծում ենք` անցումը տեղի է ունեցել անզգալաբար, եւ բակունցեան «է»ախօս հերոսները հնօրեա «է»-ին հեղինակի միանգամայն բնական վերադարձի արտահայտութիւններն են:
    ,,,Չեն «ա»ախօսում լոռեցի միւս մեծի` Հրանտ Մաթեւոսեանի հերոսները: Վերստին կարդանք` համոզուելու, թէ Լոռու ի՛նչ հրաշալի բարբառ է հնչում նրա պատմուածքներում ու վիպակներում, եւ չնայած դրան` հերոսների խօսքը վերստին հնչում է զարմանալի մաքուր, զարմանալի գրական: Եւ նորից անփոխարինելի դերակատարութիւն ունի «է»-ն, որը հնամենի բնականութեամբ եւ իր սոսկական գոյութեամբ արդէն ապահովում է խօսքի կանոնականութիւնը: ,,,«-Ես քո թշնամին չեմ,- ասաց պառաւը:- Մի գլուխ սխտորի էի եկել, չգիտեմ մերը պրծե՞լ է, թէ երեխէքն են կորցրել:- Եւ Աղունի հետ գնալով սխտորի եւ հիանալով մառանի առատութեամբ ու կարգուկանոնով, պառաւն ասում էր պատմելու պէս.- Որդին հարսինն է, աղջիկը` փեսայինը. շաղ են գալիս` տանը մնում ես մենակ. լաւ է թէ վատն է` մարդն է քոնը. ամէն մեկը իրենը գտնում է` քոնը քո մարդն է. քառասուն տարեկան կորցրիր թէ ութանասուն` ամենամեծ կորուստդ է. զաւակները հայր են կորցնում, հարսները սկեսրայր են կորցնում, թոռները` պապ, իսկ դու քեզ ես կորցնում, քանզի ոչնչի պէտք չի լծի կենտ եզը: Քանզի դու նրա հետ եզ էիր ու գութան էիր քաշում»: («Աշնան արեւ»): Ուշադրութիւն դարձնենք, թէ պառաւ կնոջ բերանում ի՛նչ բնական հնչողութիւն ունի «քանզի» բառը, թէեւ մեր յայտնի լեզուաբաններից մեկը նոյն այդ «քանզի»-ն համարում է խիստ գրական` վերամբարձ ոճի բառ: Բայց առաւել ուշագրաւը «է» օժանդակ բառի գործածութիւնն է, որն իր գոյութեամբ իսկ պառաւ կնոջ խոսքը պահում է գեղեցիկ գրական խօսքի սահմաններում:
    ,,,Այսպիսով` «է»-ի ոճական նշանակութիւնը վիթխարի է: Յայտնուելով գրաւոր եւ բանաւոր խօսքում` նա միայնակ էլ, ինչպէս վերը բերուած օրինակներում, կարողանում է խօսքը պահել գրական լեզուի տիրոյթներում` անկախ նոյնիսկ այն բանից, թէ խօսքը որքան է յագեցած բարբառային եւ օտար բառերով: Մինչդեռ ահա զուտ գրական բառերով կառուցուած գրաւոր կամ բանաւոր խօսքում «է»-ի փոխարինումը «ա»-ով միանգամից ամբողջ լեզուական կառոյցը դարձնում է բարբառային: Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան սերիալներից մեկի հերոսն ասում է. «Երբէք չէի կարող մտածել, թէ իմ ուզածը սա (յ)ա, երբէք չեմ կարծել, թէ գալու (յ)ա մի օր, երբ իմն ա լինելու այս ամբողջ հարստութիւնը»: Նկատենք, որ բերուած նախադասութեան մէջ բարբառային ոչ մի բառ չկա, եւ ամէն ինչ կարծես գրական խօսքի սահմաններում է, սակայն հերոսի «ա»ախօսութիւնը կտրուկ փոխում է այդ տպաւորութիւնը` ամբողջ խօսքը դարձնելով բարբառային եւ նսեմաոճ:
    ,,,Հսկայական է «է»-ի պատմամշակութային նշանակութիւնը նոյնպես: «Է»-ն ոչ միայն կարեւոր կամուրջ է աշխարհաբարի եւ գրաբարի միջեւ, այլեւ իւրատեսակ ծածկագիր է, որը պահպանում է այդ երկու լեզուների ժառանգորդութիւնը:
    ,,,«Է»-ն միմեանց աղերսում եւ միմեանց հարազատ է պահում նաեւ արեւելահայերէնն ու արեւմտահայերէնը, իսկ համընդհանուր դարձող «ա»խօսութիւնն, ահա, հանելու փոխարէն մի սեպ էլ է խրում վերջիններիս միջեւ: Արդ, տեղին է յիշել, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն արեւմտահայերէնը գրանցել է իբրեւ աշխարհի վտանգուած լեզուներից մեկը, եւ արեւելահայերէնից «է»-ի անփոյթ վտարմամբ ե՛ւս մի սպառնալիք է յայտնվում արեւմտահայերէնի համար, քանի որ այդ վտանգուած լեզուի գոյութիւնը յետայսու շատ բաներով պայմանաւոր է լինելու նաեւ արեւելահայերէնի հետ ունեցած ընդհանրութիւններով: «Է»-ն այդ ընդհանրութիւնը ստեպ-ստեպ մատնացուցող, երկու լեզուներում էլ առաւել յաճախ հնչող, քան որեւէ այլ լեզուական միաւոր, բառերից է:
    ,,,Վերջապէս, «է»-ն հայոց լեզուով երբեւէ եղած սեղմ ու ամենաիմաստալից բառն է, քանզի մեր լեզուն չի ունեցել եւ չունի երկրորդ միահնչիւն իմաստակիր արմատ-բառ, որպիսին է «է»-ն: ,,,Եւ որովհետեւ իւրաքանչիւր լեզու իր նախնական վիճակի մէջ յատկանշուել է ամենից առաջ բառի սեղմութեամբ, ուստի կարծում ենք, որ «է»-ն նաեւ մեր լեզուի ամենահին բառերից մեկն է` վաղնջաբառը: Աւելին` կարծում ենք, որ «է»-ն իր արարչական էականութեամբ թերեւս նոյնիսկ հայերէնի առաջին բառն է:
    ,,,Ուրեմն մի՞թէ մեզ տրուած է արարումից հազարաւոր տարիներ անց կորցնել «է»-ն` հայոց լեզուի մեծագոյն արժէքներից մեկը:
    ,,,Դժբախտաբար, վտանգը չափազանց իրական է. մենք այն կորցնում ենք:
    Լեւոն Սարգսեան
    «ԱԶԳ»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Black Orchid (22.12.2010)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերէն-Ածանցում
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 07.07.2011, 19:18
  2. Հայերէն-շումերերէն
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Գիտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.09.2008, 18:52

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •