Ողջոյն,
Կատակ-քուարկութեան ոչ ոքի մասնակցելը ապացուցում է ԴՆ ֆորումի լրջութիւնը, որի լրջութեանը մի պահ կասկածել էի:
Ինչպէս գիտենք, ծառի արմատները հողի ամրապնդման է ծառայում: Անտառահատման որպէս հետեւանք, հողը պահող արմատները չորանում ու դադարում են իրենց պարտականութիւնը անելուց: Ժամանակի ընթացքին. անձրեւից, հողմից ու հեղեղից մակերեսի հողը սահում ու որպէս տիղմ անհետանում խորխորատում: Թանգարժէք տիղմ պարունակող գետը հասնում է մինչեւ ծով. ի սպառ սրբել տանելով դարերի ընթացքին գոյացած հողը:
Մտքիս հանելուկը լուծւում է, երբ եղելոյթը այսպէս եմ պատկերացնում, այլապէս ի'նչպէս անտառ պիտի լինէր ժլատ, ժայռոտ ու անհող լեռան վրայ:
Յաճախ լսում ենք սահանքի մասին, որը չի կատարուի, եթէ երբէք ծառերը անխնայ չկոտորուեն:
Ի՞նչպէս կարելի է լերկ լեռները վերստին անտառածածկել: Մենք գիտենք, որ կան որոշ ծառատեսակներ, որոնք հարմարւում են քարքարոտ գետնին, ու գտնում ժայռերի մէջ սեղմուած մի հողի փշրանք ու արմատ գցում այնտեղ: Կարեւորը կանոնաւոր լոյս ու օդ լինելն ու անխափան ջրի ապահովումն է. ու ծառը կաճի:
Միշտ էլ հիացել եմ ծառերի տեսքով: Վերջի ժամանակներս շատ եմ նայում նրանց ու աշխատում եմ զանազանել տեսակները միմիանցից, որպէսզի դիմեմ նրանց իրենց անուններով:
Ահա ծառերի հայերէն անուններ, որոնց արտասանման հնչիւնն իսկ խաղաղութիւն է պարգեւում..
Բարտի, Բոխի, Դափնի, Եղեւին, Թեղի (կնձնի), Թզենի, Թղքի, Լուծի, Խնձորենի, Ծիվաղենի, Կաղամախի, Կաղնի, Կեչի, Հաճարենի, Հացենի, Հունի, Ձիթենի, Մայրի, Մարխ, Նոճ, Նուենի, Ուռենի, Սալորենի, Սոճ, Սօս:
Հրապուրիչ է ոչ միայն ծառի անունները, այլեւ նրա մարմնի մասերի անունները.
Արմատ, բողբոջ, ընձիւղ, թերթ, ծաղիկ, ծիլ, կոկոն, կոճ, ճիւղ, մոլ,մող, յուրան, շիւղ, սածիլ, սաղարթ, տերեւ:
Կարելի է շարքը երկարի, դեռեւս ուսանում եմ: Որքա՜ն հաճելի է մի'շտ ուսանող լինելն ու այդպէս զգալը:
Իսկ խիտ տերեւների խշշիւնը, սաղարթների միջոցներից վայր սողոսկող Արեգակի շողքը, որ լոյս-լոյս պար է բռնում ճօճուող պայծառ մանկան դէմքին: Թռչնիկի խաղն ու երգը ծառի վրայ, անհամեմատ աւելի գեղեցիկ է: Բնութեան համանուագից (սիմֆոնիա) աւելի կատարեալն ու շքեղ հիւսուածը չկայ: