ԼՍՈՒՄ ԵՄ ՁԱՅՆԵՐ
Ես ինչպէ՞ս փակեմ իմ ականջները,
Որ էլ չլսեմ նրանց ձայները...
Գիշեր ու ցերեկ լսում եմ անվերջ
Օգնութիւն հայցող ճիչ-աղաղակներ.
Անմեղ մանուկներ «մայրի՜կ» են կանչում,
Ծերն անօգնական՝ որդուն աղերսում,
Առնական որդին բանտուած է անել՝
Բիրտ սալերի տակ մահն է դարանել...
Կառոյցը անխախտ լինելու համար,
Նրա որմերում մարդ էին շարում,
Այդպէս է եղել շատ հին օրերում,
Բայց միայն մէկ մարդ եւ ոչ հազարներ...
Աստուած, քո այդ ո՞ր կառոյցի համար,
Մեր հազարաւոր կեանքերը տարար...
ՀԵՂԻՆԷ ՄՈՒՐԱԴԵԱՆ
3 յունուար 89 թ.
Երեւան գիշեր



Մեջբերել