Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: ՔՐԴԵՐ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք ՔՐԴԵՐ

    ՔՐԴԵՐ

    ՔՐԴԵՐԻ ԼԵԶՈՒՆ
    Քրդերը խօսում են հնդեւրոպական լեզուաընտանիքի իրանական ճիւղի հիւսիս-արեւմտեան ենթաճիւղին պատկանող մի լեզուով: Այն բաժանւում է երեք բարբառային խմբերի՝ հիւսիսային, կենտրոնական ու հարաւային: Հիւսիսային խումբը տարածուած է Արեւելեան Թուրքիայում (Արեւմտեան Հայաստանում)՝ Հաքքարիում, Բահդիանիում, Բոհտանում, Դիարբեքիրում եւ Սինջարում: Կենտրոնական խումբը ընդգրկում է մուկրի բարբառը, որով խօսում են Իրանում եւ սորանին՝ Իրաքի Էրբիլ նահանգում: Հարաւային խմբի մէջ են մտնում Քերմանշահի եւ Արդալանի բարբառները: Քուրդ հեղինակները, քաղաքական մղուﬓերից դրդուած, քրդական բարբառների համակարգի մէջ են առնում նաեւ զազան, գուրանին եւ լուրին, որոնք առանձին իրանական ժողովուրդների լեզուներ են եւ կապ չունեն քրդերէնի հետ:

    Քրդերէնի հիւսիսային բարբառները հանդէս են գալիս ընդհանուր կուրմանջի անուան տակ, որը նաեւ հիւսիսում բնակուող քրդերի ազգային ինքնանուանուﬓ է (նաեւ՝ հարաւային քրդաբնակ շրջաններում, ինչպէս վերեւում նշուեց, ոչ ցեղախմբային քրդերին տրուող քամահրական մակդիրներից մեկը), իսկ կենտրոնական եւ հարաւային բարբառները կոչւում են սորանի: Կուրմանջիի եւ սորանիի միջեւ տարբերութիւնը չափազանց մեծ է՝ ընդհուպ մինչեւ անհասկանալիութեան աստիճան. Թուրքիայի քուրդը Իրանի կամ Իրաքի քրդի հետ խօսելիս, ստիպուած է դիմել երրորդ լեզուի օգնութեանը՝ թուրքերէնի, պարսկերէնի, արաբերէնի կամ որեւէ եւրոպական լեզուի (եթէ գտնւում է Արեւմուտքում): Քրդական բարբառների միջեւ եղած տարբերութիւնները հիմք են տալիս որոշ գիտնականների (Օ. Լ. Վիլշեւսկի)՝ դրանց համարելու նոյնիսկ առանձին լեզուներ: Եւ իրաւ էլ, կենտրոնական եւ հարաւային բարբառները եթէ ելնենք զուտ լեզուաբանական չափանիշներից, մի քանի առուﬓերով աւելի մօտ են պարսկերէնին, քան քուրմանջիին, որն ուրոյն կառուցուածքով եւ ինքնատիպ բառապաշարի տէր մի լեզու է: Վերջինիս վրայ յատկապէս զգալի է հայերէնի ազդեցութիւնը՝ ինչպէս բառապաշարում, այնպէս էլ հնչիւնական համակարգում:
    ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
    Քրդերէն լեզուով հին գրական յուշարձաններ չկան. մեզ հասած ամենավաղ գրական նմոյշները՝ հիﬓականում չափածոյ, վերաբերում են, որպէս օրէնք, 16էն 17րդ դարերին: Քրդերէնով վկայուած թերեւս ամենահին պատառիկը «Սուրբ Աստուած» քրիստոնէական աղօթքի մի հատուածն է, որ գրուած է մեսրոպեան տառերով եւ մեզ է հասել Մատենադարանի թիւ 7117 ձեռագրում: Այն թուագրւում է 1430ի եւ 1446 թթ. միջեւ ընկած ժամանակահատուածում:
    Քուրդ գրականութիւնը սկզբնաւորուել է կուրմանջիի հիման վրայ, նրա ակունքներում կանգնած են այնպիսի բանաստեղծներ, ինչպիսին՝ Մալայէ Ջզիրին (մօտ. 1570-1640), Ֆակիէ Տայրանը (մօտ. 1590-1660), Ալի Տերեմախին (16րդ դար-17րդ դարի սկիզբը), ինչպէս նաեւ «Մամ ու Զին» յայտնի պոէմի հեղինակ Ահմադէ Խանին (1650-1707):
    Հարաւային բարբառներով քրդական գրականութիւնը սկսում է ձեւաւորուել հիﬓականում 19րդ դարից եւ բուռն զարգացում է ապրում 20րդ դարում: Այժմ այդ լեզուով գոյութիւն ունի հարուստ եւ բազմաժանր գրականութիւն, որի գլխաւոր կենտրոնն է իրաքեան Քուրդիստանը:

    ՔՐԴԱԿԱՆ ՍՓԻՒՌՔԸ
    Մեր (20րդ) դարի 60ական թթ.ից սկիզբ է առնում քրդերի արտագաղթը դէպի արեւմտեան երկրներ, հիմնականում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա, Շվեդիա եւ Նորվեգիա: Դա հետեւանք էր քրդաբնակ տարածքներում հետապնդումների եւ ազգային ճնշման ուժեղացման: Այժմ Արեւմուտքում գոյութիւն ունեն իրենց ուրոյն ազգային կեանքով քրդական հոծ համայնքներ: Այստեղ գործում են մի քանի տասնեակ քաղաքական կուսակցութիւններ, կազմակերպութիւններ, միութիւններ՝ յաճախ միմիանց տրամագծօրէն հակադիր աշխարհայեացքով ու գործելակերպով: Դրանցից ոմանք քուրդ ժողովրդի ազատագրութեան գաղափարը կապում են լոկ զինուած պայքարի հետ, սակայն քիչ չեն նաեւ այն խմբակցութիւններն ու գործիչները, ովքեր կողմնակից են պայքարի խաղաղ եղանակներին, մասնաւորապէս՝ քրդական շրջաններում ինքնավար կազմաւորումներ ստեղծելուն: Զգալի տոկոս են կազմում յատկապէս ծայրայեղ ազգայնական կազմակերպութիւնները, որոնք ապագայ Քուրդիստանի սահմանները արեւելքից հասցնում են մինչեւ Երեւան, իսկ հարաւից՝ Պարսից ծոց:
    ......
    Ընդհանուր առմամբ արեւմտեան երկրներում լոյս են տեսնում եօթ տասնեակի հասնող քրդական պարբերականներ: Ի միջի այլոց, հարկ է նշել, որ, ցաւօք քրդական հասարակական-քաղաքական մտքի, ազգային նկրտումների եւ ծրագրերի առարկայական հայելին հանդիսացող գրաւոր փաստաթղթերի այս հսկայածաւալ նիւթը յաւուր պատշաճի նոյնիսկ չի էլ դասակարգւում: Քրդական մամուլի համակողմանի հետազօտումը մեր ազգային քրդագիտութեան ամենահրատապ ու անյետաձգելի խնդիրներից է:
    Արդ, մի քանի խօսք այն մասին, թէ ինչ վերաբերմունք ունի քրդական սփիւռքը, որպէս ազգային գաղափարախօսութեան մշակման հիմնական կենտրոն, հայերի նկատմամբ: Վերջերս, յատկապէս այս մի ամսում, կապուած Լաչինի ազատագրման հետ, փորձեր են արւում ցոյց տալու, որ քրդերը էութեամբ ի սկզբանէ հայամէտ են եւ, բնականաբար, թուրքատեաց: Այս առասպելը առաջ էլ էր, ի հարկ է, մերթ ընդ մերթ մատուցւում, մանաւանդ որ լաւագոյնս տեղաւորւում էր պաշտօնապէս խրախուսուող կեղծ միջազգայնութեան հունի մէջ: Իրական պատուէրը, սակայն, միանգամայն այլ է: Քրդերի հայամէտութիւնը, մեղմ ասած, չափազանցուած է. ընդհակառակը, հետեւելով քրդական մամուլին եւ քաղաքական գործիչների ելոյթներին, կարելի է վստահութեամբ ասել, որ քրդական իրականութեան մէջ գոյութիւն ունի որոշակի, եթէ չասենք անբարեացակամ, ապա գոնէ սառը վերաբերմունք հայերի ու հայկականի նկատմամբ: Եւ դա, ըստ իս, միանգամայն բնական է. չէ՞ որ ամբողջ Արեւմտեան Հայաստանի տարածքը վաղուց ի վեր քրդական ազգայնական շրջանակներում ընդունուած է համարել «Թուրքական Քուրդիստան» եւ, հետեւաբար, նաեւ քրդերի բնօրրան: Այդ տարածքում ժամանակին գոյութիւն ունեցած պետական կազմաւորումներն էլ, հասկանալի է, սկսած Ուրարտուից, նոյնպէս դիտւում են որպէս քրդական: Անգամ Արարատն ու Սիփանը հրամցւում են որպէս քրդական սուրբ լեռներ: Ուստի բնաւ էլ պատահական չէ, որ այդ անունները սկսել են զգալի տեղ գրաւել քրդական ժամանակակից անուանակոչութեան մէջ: Եթէ որեւէ արեւմտեան երկրում երբեւէ հանդիպէք «Արարատ» կամ «Սիփան» ցուցանակը կրող որեւէ խորտկարանի կամ մանրածախ մի խանութի, ապա չշտապէք նետուել այնտեղ, քանզի հաւանականութիւնը, որ դա պատկանում է արտագաղթեալ մի քրդի, համարեա նոյնքան է, որքան հայի: Յատկանշական է, որ ՔԱԿի «Բարխվաթան» թերթում «ճանաչենք մեր հայրենիքը» ընդհանուր խորագրի տակ պարբերաբար հրատարակւում են պատմական Հայաստանի նահանգներին ու քաղաքներին նուիրուած նիւթեր (Վան, Բիթլիս, եւայլն): Քուրդ հրապարակներում՝ մամուլում թէ առանձին գրքերում, կայուն միտում է նկատւում խուսափելու Հայաստան, հայեր բառերն օգտագործելուց, նոյնիսկ եթէ դրա անհրաժեշտութիւնը կայ: Հայերին ու Հայկական Հարցին նուիրուած հատ ու կենտ հրապարակումներն էլ կրում են հիմնականում, այսպէս ասած, «պատմական» բնոյթ, կոչուած են աւելի շուտ տպաւորութիւն ստեղծելու եւ բնաւ պայմանաւորուած չեն հայամէտական մղումներով: Նոյնիսկ Արցախեան հարցին այս չորս տարիների ընթացքում քրդական մամուլը անդրադարձել է ընդամէնը մի քանի գունատ հրապարակումներով՝ այն էլ ոչ միանշանակ մեկնութիւններով:
    ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐԵԱՆ
    (Շար.1)
    «Ազդակ» օրաթերթ, 29 Յուլիս 1992
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք ՀԱՅ ՔՐԴԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՒ ԱՐՁԱԳԱՆՔ

    Ստորեւ՝ մէջբերուած յօդուածը, ՀՀ քրդերին է վերաբերում: Հաւանաբար, հեղինակը, «քուրդ» անունի ներքոյ նկատի ունի եզդի ժողովուրդը: œ
    ՀԱՅ ՔՐԴԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՒ ԱՐՁԱԳԱՆՔ
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
    Հայ-քրդական մշակութային կապերը գալիս են դարերի խորքից: «Հայերս եւ Քրդերս»,- գրել է Դերենիկ Դեմիրճեանը,- եղբայր ժողովուրդներ ենք: Մենք միասին ենք ապրել ոչ միայն հարիւր, երկու հարիւր տարի, ապրել ենք հազարաւոր տարիներ: Ճիշտ է, հայերիս ու Քրդերիս մէջտեղը թշնամի է եղել նստած, որը դառնացրել է մեր երկուսի կեանքը, բայց Հայ եւ Քուրդ ժողովուրդների սրտի մէջ թշնամութիւն չի եղել: Մեր մէջ ամէն վատ բան թշնամու ձեռքով է եղել, իսկ բարեկամութիւնը եւ եղբայրութիւնը՝ մեր երկուսի ձեռքով: Կայ հայ-քրդական երաժշտութիւն, հայ-քրդական ֆոլկլոր, հայ-քրդական կենցաղ»:

    Հայ մտաւորականութեան ներկայացուցիչները մեծ աւանդ ունեն քրդական մշակոյթի պահպանման ու զարգացման գործում: Այս բնագաւառում ակնառու է հայ այն մտաւորականների վաստակը, որոնք ուշադրութիւն են դարձրել քրդական բանահիւսութեան նմոյշներին, գրի են առել, ժողովել ու թարգմանել դրանք: Նրանց շնորհիւ այդ նմոյշները կորստից փրկուել եւ հասել են մեր օրերը: Այս շնորհակալ գործը սկսուել է դեռ եւս միջին դարերից: Քրդական ժողովրդական բանահիւսութեան առաջին նմոյշները, որ հայ մտաւորականութեան ներկայացուցիչները գրի են առել 1711 թուականին, քրդական առածներն ու ասացուածքներն են: Դրանք այժմ պահպանւում են Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանում: Քրդական ժողովրդական բանահիւսութեան նմոյշների հաւաքման եւ գրառման գործում մեծ վաստակ ունեն հայ նոր գրականութեան հիմնադիր Խաչատուր Աբովեանը, բանահաւաքներ Գարեգին Սրուանձտեանցը, Սարգիս Հայունին, Սահակ Մովսիսեանը, Լազոն (Յակոբ Ղազարեան), Երուանդ Շահազիզը եւ ուրիշները:
    Նրանցից ոմանք քրդական բանահիւսութեան նմոյշները ոչ միայն գրառել ու փրկել են կորստից, այլեւ թարգմանել ռուսերէն եւ եւրոպական լեզուներով:
    Շնորհիւ Խաչատուր Աբովեանի, գերմանացիները առաջին անգամ հնարաւորութիւն ունեցան ծանօթանալու քրդական սիրոյ եւ հերոսական մի քանի երգերի: Մեր բանահիւսութեան նմոյշները ռուսերէն թարգմանելու գործում մեծ է Կիեվի համալսարանի պրոփեսոր Սողոմոն Եղիազարեանի վաստակը:

    Դարերից եկող աւանդութիւնները աւելի զարգացան եւ հարստացան, երբ Հայաստանում Քուրդ ժողովրդի այս հատուածի համար (եզդինե՞ր-Տ.) ստեղծուեցին բոլոր պայմանները՝ իր նոր մշակոյթն ու գրականութիւնը զարգացնելու համար: Կարող ենք համարձակօրէն ասել, որ Հայաստանում չկայ քրդական մշակոյթի մի այնպիսի բնագաւառ, որտեղ չլինի եղբայրական Հայ ժողովրդի ներկայացուցիչների վաստակը:

    Դեռ եւս 1921 թուականին, Աշտարակի շրջանում բացւում են քրդերէն լեզուի ուսուցիչների պատրաստման դասընթացքներ: Այդ դասընթացքների ղեկավարն է քրդական մշակոյթի անուանի երախտաւորներից մեկը՝ հայորդի Լազոն (Յակոբ Ղազարեանը): Հենց նա էլ այդ տարի հայատառ այբուբենով Էջմիածնում հրատարակեց քրդերէնի դասագիրք՝ «Շամս» խորագրով: Հայաստանի քրդերի կեանքում նման գրքի լուսընծայումը մշակութային ակնառու երեւոյթ էր: 1921 թուականից մինչեւ 1929 թուականը, Հայաստանի մի շարք գիւղերում բացուեցին դպրոցներ, որոնցում դասաւանդումը տարւում էր քրդերէն: Արժէ ասել, որ քրդական դպրոցների առաջին ուսուցիչները հայ մտաւորականութեան ներկայացուցիչներն էին, որոնք հիանալի գիտէին քրդերէն:
    Պրոփեսոր Հաջիէ Ջնդին գրել է. «Քրդական գրականութեան զարգացման ընթացքը սերտօրէն առնչւում է այն կադրերի հետ, որոնք կրթութիւն են ստացել հայկական կրթարաններում՝ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում, միջնակարգ դպրոցներում: Ուսման տարիներին արդէն ծանօթանում էին հայ հին եւ նոր գրականութեան, ինչպէս նաեւ հայերէնի միջոցով՝ ռուսական եւ եւրոպական գրականութիւններին: Դա նշանակում է, որ նրանք արդէն գրական որոշակի պատրաստութիւն էին ձեռք բերում, հետեւապէս այս նոր քրդական գրականութեան ասպարէզում կարող էին իրենց խօսքն ասել»: Հայերէնի դերի մասին լաւ է ասել քուրդ բանաստեղծ Միքայէլէ Ռաշիդը՝ Մեսրոպ Մաշտոցին նուիրուած իր բանստեղծութեան մէջ.
    Քո տառերով եմ առաջին անգամ
    Դասերս սերտել, անունս գրել,
    Գրել անունս, որ ապրում եմ, կամ,
    Որ հայ դպրութեան հետքերն եմ կրել:
    Խորհրդային շրջանի քրդական գրականութիւնը սկզբնաւորուել է Հայաստանում եւ այնտեղից էլ տարածուել է նախկին Միութեան այն վայրերը, որտեղ քրդեր են ապրում: Եւ իսկապէս հայ գրականութիւնն ու հայերէնը հիմնական կամուրջ են եղել, որոնց շնորհիւ պայմաններ են ստեղծուել, որպէսզի մեր Հանրապետութեան քրդերը հաղորդակից լինեն ռուս եւ համաշխարհային դասական գրականութեանը եւ մշակոյթին:
    Հայաստանի քրդական նոր գրականութեան սկզբնաւորման եւ գրական կադրերի պատրաստման գործում մեծ աւանդ ունեն Արեւմտեան Հայաստանի այն մտաւորականները, որոնք մանկութիւնից ապրելով քրդական շրջապատում, շատ լաւ տիրապետում էին քրդերէն լեզուին: Այդպիսի հայ երախտաւորներից մեկն էր տարօնցի բանասէր եւ մանկավարժ Սահակ Մովսիսեանը՝ Սողոմոն Տարօնցու հայրը: Ս. Մովսիսեանը 1934 թուականին գրեց քրդերէնի քերականութեան դպրոցական դասագիրքը: Մինչ այդ (1932) պրոփեսոր Ա. Խաչատրեանը գրել եւ հրատարակել էր քրդերէն լեզուի մեկ այլ քերականութիւն: Գրողներ Յարութիւն Մկրտիչեանը եւ Հրաչեայ Քոչարը եղել են «Ռիա Թազա» թերթի խմբագիրներ: Հրաչեայ Քոչարը շատ մօտ էր կանգնած քուրդ ժողովուրդի մշակոյթին եւ պատահական չէր, որ նրա առաջին ստեղծագործութիւնները եղել են քրդական թեմաներով: Նա հիանալի գիտեր քրդերին: Դեռ 30ական թուականներին «Ռիա Թազա» թերթի էջերում մենք հանդիպում ենք նրա յօդուածներին, ակնարկներին, պատմուածքներին: Նա քրդերէն է թարգմանել նաեւ հայ գրողների գործեր, մասնաւորապէս Յովհաննէս Թումանեանի «Գութանի Երգը», որը առաջին անգամ տպագրուել է «Ռիա Թազա» թերթում:
    Երկար տարիներ «Ռիա Թազա» թերթի խմբագրութիւնում իբրեւ թարգմանիչ աշխատել է Ռուբէն Դրամփեանը: Նրա թարգմանութեամբ քրդերէն լոյս է տեսել հայ եւ ռուս գրականութեան դասական ստեղծագործութիւններ: Յովակիմ Մարգարեանը, որ քրդերի շրջանում յայտնի էր Նուրի կամ Նուրի Հիզանի անունով, մեծ վաստակ ունի քրդական գրականութեան զարգացման գործում: Նա շատ էր կապուած «Ռիա Թազա» թերթի հետ, դասաւանդում էր քրդական մանկավարժական ուսումնարանում, դպրոցական մի քանի դասագրքեր էր թարգմանել: Թերեւս 30ական թուականներին, լոյս է տեսնում նրա «Առաւօտուայ Լոյսը» պատմուածքների, իսկ 1962 թուականին՝ «Սէր եւ Աշխատանք» բանաստեղծութիւնների ժողովածուները:
    Բանաստեղծ, Սողոմոն Տարօնցու առաջին ստեղծագործութիւններից մեկը քրդական հանրայայտ «Սիաբանդ եւ Խաչէ» վիպերգի մշակումն էր: Տարօնցին «Մամ ու Զինէ» քրդական ժողովրդական նշանաւոր վիպերգի հիման վրայ գրել է համանուն խորագրով դրամա, որը երկար ժամանակ բեմադրուել է Արագածի քրդական թատրոնում: Սողոմոն Տարօնցին մեծ հետաքրքրութեամբ հետեւում էր քրդական ժամանակակից գրականութեան զարգացմանը: Յատկապէս «Գրական Թերթ»ում տպագրուած իր յօդուածներում, նա յաճախ էր անդրադառնում այդ գրականութեանը յուզող հարցերին: Նա հայ առաջին բանաստեղծներից մեկն էր, որ քրդական գրականութիւնից բազմաթիւ թարգմանութիւններ կատարեց:
    Մենք՝ Հայաստանի քրդերս այսօր երախտագիտութեան մեծ զգացումով ենք յիշում նաեւ Սարմէնի կատարած բեղմնաւոր աշխատանքը քուրդ գրականութեան զարգացման գործում: Նա եւս խմբագրել է քրդերէն գրքեր, թարգմանութիւններ է արել քրդերէնից:
    Նայիրի Զարեանը, Վեսպերը, Միքայէլ Յարութիւնեանը, Մկրտիչ խերանեանը, Սուրէն Քոչարեանը, Վահագն Կարենցը, Վահան Գրիգորեանը եւ միւսները մեծ վաստակ ունեն քրդական գրականութեան նմոյշները թարգմանելու գործում:
    Մեծ է հայ գրականութեան դերը նաեւ քրդերէն թարգմանած գրականութեան մէջ: Հայ գրականութիւնը շատ մօտ է քուրդ գրողի սրտին: Քուրդ գրող-թարգմանիչը դաստիարակուած է հայ գրականութեան աւանդոյթներով եւ իր մայրենի լեզուին հաւասար տիրապետում է հայերէնին: Եւ սրանով պէտք է բացատրել, որ նա հանգիստ թարգմանում է քրդերէն ոչ միայն հայ գրականութեան, այլեւ հայերէնի միջոցով միւս գրականութիւնների նմոյշները եւ հարստացնում իր գրականութիւնը:
    Անհնար է չյիշել հայ մտաւորականութեան այնպիսի երախտաւորներին, որոնց անուան հետ է կապուած Արագածի քրդական պետական թատրոնի ստեղծման փաստը: Քուրդ ժողովուրդը երբէք չի մոռանայ քրդական թատրոնի առաջին ռեժիսոր Ցոլակ Նիկողոսեանի, առաջին գեղարուեստական ղեկավար Մկրտիչ Ջանանի, ռեժիսոր Զ. Ժամհարեանի անունները: Թատրոնի հետ սերտ կապերի մէջ էին քրդական մշակոյթին ծառայութիւններ մատուցած արուեստի վաստակաւոր գործիչ Սամսոն Գասպարեանը, դրամատուրգներ Սուրէն Գինոսեանը, Յարութիւն Շալջեանը, Աշոտ Շայբոնը, Վարդգէս Շողերեանը, Վաչէ Յարութիւնեանը եւ ուրիշներ:
    Հայրենական Մեծ Պատերազմի ահեղ օրերին, թատրոնում բեմադրութիւն է ունեցել հայ բեմի ականաւոր վարպետ, ռեժիսոր Գուրգէն Գաաբրիէլեանը: «Գ. Գաբրիէլեանը մեծ մանկավարժ-ռեժիսոր է, քուրդ դերասանները նրանից շատ բան սովորեցին».- գրել է ժամանակին շրջանային թերթը: Թատրոնին մեծ օգնութիւն են ցոյց տուել Վարդան Աճեմեանը, Վաղարշ Վաղարշեանը եւ ոււրիշներ:
    Նման գործիչները իրենց բեղմնաւոր գործունէութեամբ կամուրջ են դառնում իրենց հարազատ ժողովրդի եւ դրացի ժողովուրդների մշակոյթի միջեւ, նպաստում գրական եւ մշակութային կապերի ամրապնդմանը: Եւ բարեկամութեան ու փոխ հարստացման այդ գործընթացը վախճան չունի...
    Ամարիկէ Սարդար
    «Ռիա Թազա» թերթի խմբագիր

    «Ազդակ» 8 Յուլիս 1994
    ³³³
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. ՔՐԴԵՐ


    ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԱՄ ՏԻԳՐԱՆԻՑ ՍԱՐՍԱՓԵՑ ՅԱՒԵՐԺ




    Հայ եւ քուրդ ժողովուրդների բարեկամութեան կամուրջ, քուրդ ժողովրդի հայ զաւակ: Այսպէս էին անուանում երգիչ-երգահան, երաժիշտ Արամ Տիգրանի Մելիքեանին կամ Արամ Տիգրանին, ում ճակատագիրն էր այդ կամրջի դերը վերապահել: 1934 թուականին ծնուելով Արեւմտեան Հայաստանում, նա իր ստեղծագործական կայացման փուլն ապրել էր Սուրիայի Կամիշլի գիւղաքաղաքում: Քրդախօս այս բնակավայրի հայ համայնքը նախորդ դարի 30-ականներից յետոյ ապրեց հայ ոգու զարթօնքի շրջանը: Ցեղասպանութիւնը վերապրած եւ Կամիշլի գաղթած հայ ընտանիքի զաւակն արդէն 20 տարեկանում երգում էր հայերէն, քրդերէն եւ արաբերէն:
    «Արամ Տիգրան մարդը, երաժիշտը, երգահանը, երգիչը մի եզակի երեւոյթ էր ինչպէս հայ, այնպէս էլ քուրդ իրականութեան մէջ: Արամ Տիգրանը մի կամուրջ էր հայ եւ քուրդ ժողովուրդների բարեկամութեան միջեւ»՝ գնահատում է նրան Հայաստանում քուրտ համայնքի ղեկավար Կնիազ Հասանովը։ Արմաւիրի դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Սուրէն Սարգսեանը նրան յիշում է մանկուց. «Ես Արամ Մելիքեանին, երբեմն ասում են՝ Արամ Տիգրան, ճանաչել եմ պատանեկան տարիներից: Սփիւռքում 1950-ական թուականներից, երբ պատանի էի, մտերմացայ նրա հետ, ապա յետոյ, երբ հայրենադարձուեցինք, Արամ Մելիքեանը դարձաւ բոլորիս ուրախութիւնների, հաւաքոյթների ամենասիրելի երաժիշտը»: Արամ Մելիքեանն ընտանիքով 1966 թուականին տեղափոխուել էր Խորհրդային Հայաստան եւ բնակութիւն հաստատել Աբովեան քաղաքում: Այստեղ էլ դարձաւ Հայաստանի Քրդական ազգային խորհրդի ներկայ նախագահ Կնիազ Հասանովի հարեւանը: Հայաստանում ապրելու տարիներին Արամ Տիգրանն աշխատել է Հայկական ռադիոյի քրդական ծրագրում:
    Կնիազ Հասանով. «Նրա առաջին երգերը սկսեցին ձայնագրուել Հայաստանի քրդական ռադիոյում եւ այստեղ նա երգում էր կարօտի երգեր՝ դէպի Հայաստան: Քրդերէն երգում էր ......., այսինքն՝ «Եկայ-եկայ Երեւան, Հայաստանի կարօտով, ինչ շքեղ է, ինչ հրաշք է Հայաստանը»:
    Հայկական ռադիոյի քրդերէն հաղորդումները լսում էին նաեւ արտասահմանում եւ Արամ Տիգրանի համբաւն աճում էր:
    «Թուրքիայում 20 միլիոն քիւրդ ժողովրդի լեզուն այնտեղ արգելուած էր, չկար քրդական ռադիո, հեռուստատեսութիւն եւ Թուրքիայի քրդերը մեծ սիրով էին լցուած դէպի Երեւանը եւ յատկապէս՝ Արամ Տիգրանը: Եւ ոչ միայն Թուրքիայի քրդերը, այլեւ՝ Իրանի 9 միլիոնանոց քրտական համայնքը, Իրաքի միլիոնաւոր քրդերը եւ, վերջապէս, Սուրիայի քրդերը՝ բոլորը լսում էին Հայաստանի քրդերէն ռադիոն ու մեծ համբաւ էր ստացել նաեւ Արամ Տիգրանի անունը», շարունակում է Կ. Հասանովը։
    Սուրէն Սարգսեանը բնութագրում է նրան. «Արամը նախ աշուղ էր՝ բառի բուն իմաստով: Աշուղ բառն արաբերէն նշանակում է սիրահար: Եւ սիրահար լինելով նա նուիրուած էր, ընդհանրապէս ուրախութիւններում եւ հաւաքոյթներում երգում էր տարբեր լեզուներով: Շատ լաւ գիտէր հայերէն՝ արեւելահայերէն եւ արեւմտահայերէն, երգում էր քրդերէն, արաբերէն, յունարէն, անգամ թուրքերէն, վերջում էլ արդէն սկսել էր թուրքերէն երգել»: Սուրէն Սարգսեանն Արամ Տիգրանին փոքրիկ Սարոյեան է անուանում, որն իր ամէն ստեղծագործութեան մէջ հայկական ոգի էր դնում: 80-ականներին Եւրոպայի քրդերը նրան հրաւիրեցին մասնակցել Նովրուզի՝ քրդերի ամենակարեւոր տօներից մէկի տօնակատարութիւններին: Մշակոյթի նախարարութիւնը թոյլ չէր տուել մեկնել: Մնացեալը պատմում է Կնիազ Հասանովը. «Մտայ մշակոյթ նախարարի մօտ, խնդրեցի, ասեցի` Արամը հայ եւ քուրդ ժողովուրդների բարեկամութեան մի խորհրդանիշ է, իր երգերով ժողովրդին գրաւել է, ինձ թւում է, պէտք է թոյլատրել, որ գնայ: Չմերժեց, Արամը գնաց եւրոպական երկրներում քրդերի մէջ Նովրուզի տօնակատարութիւններին մասնակցեց»: Դրանից յետոյ յաճախ էր Եւրոպա գնում եւ ջերմ ընդունելութեան արժանանում տեղի քրդերի շրջանում: Ի վերջոյ, 90-ականներին վերջնականապէս տեղափոխուեց Եւրոպա: Արամ Տիգրանի Մելիքեանը, ով քրդերի շրջանում յայտնի դարձաւ որպէս Արամ Տիգրան, մահկանացուն կնքեց Յունաստանում` օգոստոսի 8-ին: Մահից առաջ նա ցանկութիւն էր յայտնել՝ թաղուելու իր նախնիների քաղաք Ամիդի հայկական գերեզմանատանը: Նրա ընտանիքը դիմել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեանը` թոյլտուութեան համար: Դիարբեքիրի (Ամիդ) բնակիչներն արդէն պատրաստուել էին սիրելի երգչի յուղարկաւորութեանը: Սակայն օգոստոսի 12-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Ատալայը յայտարարեց, որ Արամ Տիգրանի հարազատների խնդրանքը մերժուել է: Նման մերժում մի քանի ամիս առաջ Արամ Տիգրանը ստացել էր նաեւ կենդանութեան օրօք՝ Պոլսում համերգ կազմակերպելու հարցով։ Այս ագամ եւս Անկարան վախեցաւ Ազատութեան ու հայրենիքի մասին երգող Արամ Տիգրանից, անգամ մահացած Արամ Տիգրանից։ Արդէն աւանդոյթ, որ շատերն են մատնանշում, ճշմարտութիւնը եւ պատմութիւնը սարսափեցնում է Թուրքիային։
    «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»
    «Ազդակ»

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. ՔՐԴԵՐ

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրդերը խօսում են հնդեւրոպական լեզուաընտանիքի իրանական ճիւղի հիւսիս-արեւմտեան ենթաճիւղին պատկանող մի լեզուով: Այն բաժանւում է երեք բարբառային խմբերի՝ հիւսիսային, կենտրոնական ու հարաւային: Հիւսիսային խումբը տարածուած է Արեւելեան Թուրքիայում (Արեւմտեան Հայաստանում)՝ Հաքքարիում, Բահդիանիում, Բոհտանում, Դիարբեքիրում եւ Սինջարում: Կենտրոնական խումբը ընդգրկում է մուկրի բարբառը, որով խօսում են Իրանում եւ սորանին՝ Իրաքի Էրբիլ նահանգում: Հարաւային խմբի մէջ են մտնում Քերմանշահի եւ Արդալանի բարբառները: Քուրդ հեղինակները, քաղաքական մղուﬓերից դրդուած, քրդական բարբառների համակարգի մէջ են առնում նաեւ զազան, գուրանին եւ լուրին, որոնք առանձին իրանական ժողովուրդների լեզուներ են եւ կապ չունեն քրդերէնի հետ:[/COLOR]

    Քրդերէնի հիւսիսային բարբառները հանդէս են գալիս ընդհանուր կուրմանջի անուան տակ, որը նաեւ հիւսիսում բնակուող քրդերի ազգային ինքնանուանուﬓ է (նաեւ՝ հարաւային քրդաբնակ շրջաններում, ինչպէս վերեւում նշուեց, ոչ ցեղախմբային քրդերին տրուող քամահրական մակդիրներից մեկը), իսկ կենտրոնական եւ հարաւային բարբառները կոչւում են սորանի: Կուրմանջիի եւ սորանիի միջեւ տարբերութիւնը չափազանց մեծ է՝ ընդհուպ մինչեւ անհասկանալիութեան աստիճան. Թուրքիայի քուրդը Իրանի կամ Իրաքի քրդի հետ խօսելիս, ստիպուած է դիմել երրորդ լեզուի օգնութեանը՝ թուրքերէնի, պարսկերէնի, արաբերէնի կամ որեւէ եւրոպական լեզուի
    Յաճախ եմ մտածում քրդերէնի քրդերէն անուանումի՝ քրմանչիի եւ Իրանի Կրման (Քերման) քաղաքի ու պատմական Կարման երկրամասի կապի մասին: Գուցէ նրանցից արեւմուտք եղող Քերմանշահը...

    Ինձ թւում է –չի մասը քրմանչի բառում ածանց է: Ինչո՞ւ քրդերէնի անունը, այդ լեզուով, Քուրդի կամ Քուրդչի չէ, եւ քրմանչի է:
    Մենք գիտենք, որ քրմանչի լեզուն քրդերի լոկ մի մասի լեզուն է՝ առաւելաբար Պատմական Հայաստանում բնակողներինը:
    Ի դէպ Օսմանեան երկրներում, պարսկերէն -չի ածանցը դառնում է -ջի, քանի որ արաբական գրերը չունեն չ տառը: Պարսիկները գտել են ձեւը, մի ձեւափոխում, ու ստացել արաբատառ չ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •