ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԻ ԾՆՆԴԵԱՆ 125-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ
Վերջերս մի բարեկամ բողոքում էր, որ հայկական դպրոց աւարտած իր զարմիկներին Մեծարենց էր կարդացել, իսկ նրանք արհամարհանքով հեռացել էին` ասելով, որ չեն հասկանում, ինչո՞ւ ժամանակ վատնել: Պիտի ընդունենք, որ սփիւռքի իրական պատկերն այս է` հայկական դպրոց աւարտածներին դժուար ընկալելի է հայ լեզուն, իսկ մեր հարուստ գրականութիւնը անհետաքրքիր` օտարի աղքատ թափթփուկներով սնուող իրենց հոգիների համար: Բայց արդեօ՞ք դա մեզ իրաւունք է տալիս ձեռնածալ նստել ու դիտել մեր լեզուի, մեր հոգեւոր սնունդի կորուստը:
Ոչ մէկս կարող ենք գուշակել թէ ի՞նչ են բերելու հետագայ ժամանակները, ինչո՞վ են սնուելու մեր սերունդները, ի՞նչ ճանապարհ է անցնելու մեր լեզուն, ի՞նչ նժարի վրայ են դրուելու մեր ունեցած հարստութիւնները:
Մեր` ստեղծագործողներիս, պարտքն է հրամցնել մեր հարստութիւնները, յատկապէս երբ դրանք հարիւրամեակի խորքից են գալիս, յատկապէս դրանց ստեղծողը ոչ թէ այսօրուայ հայ լեզուն ոտնատակ անող երիտասարդ է, այլ իր տառապանքի գնով մեր լեզուն ու զգացումները մի այլ ոլորտով հարստացրած պատանի: Այս ամէնի մղումով է, որ իմ պարտքը համարեցի յատուկ յօդուածով մէկ անգամ եւս յիշեցնելու, որ սփիւռքահայ նոր սերունդին ամէն գնով, առանց զիջումների պարտադրուելու է մեր լեզուն ու նրանից եկող հարստութիւնները, քանի դեռ մեր եզակի տաղանդները հարիւրամեայ երթի մէջ են:
ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱԽՕՍԸ
«Աշխարհից հեռու մի գիւղում, եղէգնեայ մի սրինգ կտրած,
Արեւ է երգել ու գարուն այս հիւանդ, հանճարեղ պատանին»:
ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ
Այսպէս է մեծարել արեւելահայ մեծ բանաստեղծ Ե. Չարենցը արեւմտահայ իր մեծ գրչակից ընկերոջը` Միսաք Մեծարենցին:
Չարենցի բնորոշմամբ, «արեւ ու գարուն» երգած այս պատանին մեր գրականութեան մէջ իր մնայուն տեղն է գրաւել որպէս սիրոյ եւ բնութեան իւրայատուկ երգիչ, ստեղծելով իր` մեծարենցեան աշխարհը:
125 տարի է անցել նրա ծննդեան օրից եւ իւրաքանչիւր տարի սիրոյ եւ բնութեան իմաստն ու գեղեցկութիւնը, մարդկային հոգու նրբութիւնն ու խորութիւնը գնահատողները հրճուանքով են ընդունում նրա ծննդեան յիշատակումը, քանի որ այդ ծնունդով հարստացաւ ոչ միայն մեր բանաստեղծութեան պատմութիւնը, այլ` այն ըմբոշխնող սերունդների մի անհաշուելի թիւ:
Թէեւ նրա կեանքը ամենեւին էլ արեւով ու գարնան բոյրերով ողողուած չի եղել, թէեւ շատ կարճ, մահուան հալածանքով լեցուած կեանք է ունեցել, թէեւ իր բարձրարուեստ մուտքը գրականութեան մէջ ծնծղաներով ու շեփորներով չի ընդառաջուել, բայց նա հաստատ հաւատով թղթին է յանձնել իր աներեւակայելիօրէն հարուստ, խորը մտածումների ու զգացումների աշխարհը:
Սքանչելիօրէն հարուստ արեւմտահայ քնարերգութեան տաղանդաւոր փաղանգի իւրաքանչիւր անուն` Պ. Դուրեան, Դ. Վարուժան, Ռ. Սեւակ, Սիամանթօ, Զարիֆեան, ովքեր իրենց դրոշմը թողեցին մեր գրականութեան մէջ, միշտ էլ ապրել են երկու հրէշաւոր ճնշումի տակ` թուրքի եւ թոքախտի: Երկուսն էլ հաւասարապէս իրենց աւերն են գործել մեր երիտասարդ տաղանդների կեանքում: Մեծարենցից առաջ մէկ այլ տաղանդ` Պետրոս Դուրեան անունով, իր դրոշմը թողել ու հազիւ 21 տարին բոլորած` թոքախտից տառապելով հեռացել էր կեանքից: Մեծարենցից ութ տարի յետոյ ծնուած մէկ այլ գողտրիկ բանաստեղծ` Մ. Զարիֆեանը, թուրքի նոյն հարուածով հիւանդացած, իր հոգին աւանդել է թոքախտով` 30 տարին նոր բոլորած:
Նրանից երկու տարով մեծ Վարուժանի եւ նրանից մէկ տարով փոքր Սիամանթոյի եւ Ռ. Սեւակի կեանքը ընդհատուել է թուրքի բարբարոս սպանդով: Կեանքի անարդար հարուածով` բոլորն էլ կարճ ապրած, ստեղծագործական թափով ու տաղանդով` բոլորն էլ հսկայ, իւրայատուկ, եկան յղկելու, լոյսով ու սիրով լեցնելու, հարստացնելու մեր լեզուն, մեր միտքն ու հոգիները, մեր ներաշխարհը:
Մեծարենցի կեանքը, թէեւ ճակատագրով կապուած է նրանց, բայց իր տաղանդի փայլատակումով բոլորովին տարբեր է նրանցից:
Եփրատի ձախ ափին փռուած Ակնի Բինկեան գիւղում 1886թ. յունուարին ծնւում է Մեծատուրեան ընտանիքի չորրորդ զաւակը` Միսաքը: Մեծատուրեան զոյգն արդէն երջանկացած էր երեք զաւակով, ունէին մէկ աղջիկ, երկու տղայ եւ անշուշտ սիրով են ընդունում ընտանիքի նորածին մանչուկին, անտեղեակ, որ ծնունդ են տուել մի բացառիկ տաղանդի:
Արածանիի ժայռերի վրայ ծուարած նրա ծննդավայրը` Բինկեան, այնքան գեղեցիկ բնութիւն է ունեցել, հարուստ ծառաստաններով ու ժայռոտ կիրճերով, որ կարծես մօր կաթի հետ իր էութեան մէջ ներծծել է նաեւ այդ ամբողջ գեղեցկութիւնը, նրա գոյներով լեցուած աչք բացել, դրանով սնուել ու մեծացել եւ այդ գեղեցկութեամբ էլ մանկութիւնից ընկալել է շրջապատը, աշխարհը, մարդկային զգացումները:
Այդ փարթամ բնութեան նրբահիւս աւիշով էլ ձեւաւորուել է մանուկ Մեծարենցի հոգին ու միտքը: Թէեւ նա միայն ինը տարի է ապրել այդ գիւղում, դեռ գիտակցական կեանքին նոր ոտք դրած` հեռացել է այնտեղից, բայց մանկութեան ամենաջինջ զգացումներով վայելել է նրա անկրկնելի գեղեցկութիւնն ու խորհուրդը, որին կապուած է եղել տենդօրէն, եւ որն անջնջելիօրէն դրոշմուել է իր հոգու մէջ, դարձել իր արեան բաղադրիչ մասը: Մի քանի տարի անց, հեռաւոր Պոլսում իր բանաստեղծութիւնները նա շաղախելու է իր յիշողութեան մէջ բոյն դրած այդ բնապատկերի գոյներով:
«Ու կ՛երկարի՜, կ՛երկարի՜
Խմբանկարը տուներուն
Տարտամօրէն փաթթըւած
Մէջն ապրշում մըշուշին»:
Բնութիւնից իր մէջ դրոշմուածը նա դարձրել է ոչ միայն իր բանաստեղծութիւնների հենքը, այլ այդ գեղեցկութեան վրայ է կառուցել իր ստեղծագործութիւնների փիլիսոփայութիւնը.
«Ամէն ծաղիկ խամրում մ՛ունի իրեն մօտ,
Ու ամէն կեանք` մութ ստուեր մը իր ետին.
Ծաղիկներու բուրումին պէս խնկահոտ`
Ամէն յոյսեր դեռ չըծըլած կ՛անհետին»:
Իր նախնական կրթութիւնը նա սկսում է իր ծննդավայրում, վեց տարեկանին, բայց միայն երկու տարի է յաճախում տեղի Մեսրոպեան վարժարանը, ուր առանձնապէս աչքի չի ընկնում իր ընդունակութիւններով:
Ինը տարեկանին ընտանիքը տեղափոխւում է Սվազ եւ պատանի Միսաքը իր ուսումը շարունակում է Սվազի (Սեբաստիա) Արամեան վարժարանում, ուր եւ ի յայտ է գալիս բնածին կարողութիւնը շարադրութեան մէջ:
Սկսւում են 1896 թուականի հայկական ջարդերը, որի աւարտից յետոյ, հինգ տարի նրան ուղարկում են Մարզուանի գիշերօթիկ «Անատոլիա» կոլեջը: 1901թ. ամառային արձակուրդին նա Մարզուանից վերադառնում է Սվազ եւ այլեւս ետ` գիշերօթիկ չի մեկնում: Սկսում է ինքնակրթութեամբ լրացնել գիտելիքների պակասը եւ ընդամէնը մէկ տարում միայնակ սովորում, հրաշալի տիրապետում է ֆրանսերէնին, հարստացնում իր հայերէնը եւ միաժամանակ իր առաջին գրական փորձերն սկսում:
Այդ նոյն տարի Սվազում Մարզուանի գիշերօթիկից նոր վերադարձած այս նուրբ, չափից դուրս կիրթ, փխրուն, շրջապատին դեռ անծանօթ պատանու կեանքում մի ճակատագրական դէպք է պատահում: Իր կենսագիրներից Թորոս Ազատեանի մեզ տուած տեղեկութիւնից հետեւեալն ենք կարդում. «Մեծարենցի ազգականներէն Վահան Մեծատուրեան կռիւ մը կ՛ունենայ թուրք մսագործներու տղոց հետ: Ասոնք ոխ կը պահեն ու նմանութէամբ կը յարձակին Միսաքի վրայ, զայն սաստիկ կը ծեծեն ու կը վիրաւորեն թեւը զմելիով» (Թ. Ազատեան, Մ. Մեծարենց, էջ 13):
Պատկերացրէք, թէ ի՛նչ մեծ հարուած է եղել 15-ամեայ քնքուշ, նուրբ հոգու եւ մարմնի տէր անհատականութեան համար, այդ գազանային յարձակումը, ստորացնող ծեծը: Արդեօք վախի՞ց, ապրած հոգեկան ցնցումի՞ց, թեւի ստացած վարակուած ածելիի վէրքի՞ց նրա մէջ բոյն է դնում թոքախտը:
Այդ պատահարից յետոյ նա անկողին է ընկնում եւ որոշ ժամանակ անց սկսում է արիւն թքել:
Դէպքից մէկ տարի անց ընտանիքը տեղափոխւում է Պոլիս, եւ Միսաքը իր ուսումը շարունակում է տեղի Կեդրոնական վարժարանում` աշակերտելով Հրանդ Ասատուրին, որը նկատելով պատանի Միսաքի գրական իւրայատուկ ձիրքը` յատուկ ուշադրութիւն ու հոգատարութիւն է ցուցաբերում նրա հանդէպ: Հետագայում` Մեծարենցը, իբրեւ երախտագիտութիւն իր ուսուցչի ցուցաբերած ուշադրութեան, իր բանաստեղծութիւնների «Բաբախումներ» շարքը նուիրում է նրան:
Հիւանդութեան սրութեան պատճառով երրորդ դասարանը չաւարտած` նա հեռանում է դպրոցից:
Նրա առողջութեամբ մտահոգ բժիշկների խորհրդով Պոլսում ընտանիքը հաստատւում է Թոփ-Գափուում, ուր եւ սկսում է իր գրական առաջին փորձերը:
Նուրբ մարմնով ու հոգով նա փորձում է յաղթահարել իրեն մաշող, արագօրէն իր մէջ աճող մահացու հիւանդութիւնը` թոքախտը: Հակառակ իր հերոսական մաքառումին եւ բժիշկների հոգատար բոլոր ջանքերին` հիւանդութիւնը արագօրէն զարգանում է:
Եօթ տարի այդ անբուժելի հիւանդութեան դէմ յամառ պայքարից, երկար ու ծանր տառապանքից յետոյ, 22 տարին նոր բոլորած այս զարմանահրաշ տաղանդը կեանքից հեռանում է 1908թ., իր ուժերի ամենածաղկուն շրջանում, թուրքի հարուածից ստացած թոքախտից:
Յաճախ կեանքը իր բաշխած շռայլ տաղանդներին դաժանօրէն պատժում է մի անարդար հարուածով: Կեանքի նախանձի զոհերն են դառնում նրանք: Սակայն այդ հարուածը կրողները, երբեմն անբացատրելի խորհրդով, ելք են գտնում չէզոքացնելու, կամ աւելի ճիշդ, իրենց մէջ կրում են արտասովոր ուժ այդ պատժի դէմ պայքարելու, յաղթահարելու, աւելի յաճախ էլ այդ պատիժը լուսաւոր յաւիտենութեամբ են փոխարինում:
Շրջապատի համար անյայտ ու անտեսանելի կեանքի սահմանը, որը տրուած է ամէնքին, սովորական մահկանացուներս ապրում ենք ծուլօրէն ու դանդաղ, մինչդեռ նրանք` այդ բացառիկ տաղանդները, այդ «պատժուածները» ապրում են հազարապատիկ արագ ու յագեցած կեանքով, ժամանակից առաջ տեսնելով, զգալով ու ապրելով կեանքը: Իրենց ապրած կարճ կեանքը տենդագին արագութեամբ նրանք հարստացնում, լեցնում, իմաստաւորում են ի վերուստ իրենց տրուածով` այդ ձեւով յաղթելով կեանքի իրենց դէմ գործած անարդարութեանը:
Մեծարենցի կեանքը դրա փայլուն օրինակն է: Իր կեանքի իւրաքանչիւր վայրկեանը, իր երիտասարդ հոգու անասելի տառապանքը նա վերածել է սիրոյ ու գեղեցկութեան հնչիւնների մի զարմանահրաշ աշխարհի, որին շփուողը, այդ աշխարհը մուտք գործողը բաժանւում է լիացած, հարստացած, բարիացած: