Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Նախահայերէն լեզուն եւ նախահայերի քաղաքակրթութեան ուրուագիծը

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Նախահայերէն լեզուն եւ նախահայերի քաղաքակրթութեան ուրուագիծը

    Ստորեւ մէջբերելիքս հատուածը, առնուած է, Հ. Աճառեանի 1940ին հրատարակուած «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ», I ՄԱՍ, գրքից:
    Հատուածի մէջբերումը անաւարտ: Տիգրիս

    Նախահայերէն լեզուն եւ նախահայերի քաղաքակրթութեան ուրուագիծը
    Լեզուական այն վիճակը՝ որ ներկայացնում էր հայերէնը հնդեւրոպական նախահայրենիքից հեռանալու միջոցին, կոչւում է նախահայերէն: Ապագայում այդ լեզուն պիտի կրեր երկու կարգի փոփոխում. ա) Լեզուական ձեւերը ենթարկուելով բարեշրջութեան (evolution) հրամայական օրէնքներին, դարէ դար պիտի ստանային նոր կերպարանք, մինչեւ հասնէին այն ձեւին, ուր գտնում ենք այսօր: բ) Շփուելով օտար ժողովուրդների եւ լեզուների հետ կամ ենթարկուելով նրանց քաղաքական կամ քաղաքակրթական ազդեցութեանը, հայերէնը պիտի ընդունէր նրանցից նորանոր տարրեր:

    Այն ձեւերը՝ որոնք կրելով առաջին կարգի փոփոխումները, կազմում են այսօր նախահայերէնի անընդհատ շարունակութիւնը, կոչւում են բնիկ ձեւեր: Իսկ այն ձեւերը՝ որոնք իբրեւ նոր տարրեր աւելացել են մեր լեզուի մէջ, կոչւում են օտար կամ փոխառեալ ձեւեր: Արդի հայերէնը, ինչպէս եւ որեւիցէ դարի հայերէնը, ներկայացնում է այդ երկու կարգի ձեւերի (բնիկ եւ փոխառեալ) գումարը:

    Հայերէն լեզուի պատմութեան եւ նրա հետ զուգընթացաբար հայ կեանքի ուսման համար կարեւոր է երեւան հանել նախահայերէնի վիճակը:

    Ի՞նչ միջոց ունինք դրա համար:

    Հայերէնը աւանդուած է մեզ շատ ուշ ժամանակ. դժբախտաբար որեւէ օտար աղբիւր էլ չէ գտնուած մինչեւ այժմ, որ հայերէնի հնագոյն վիճակի մասին որեւէ լուսաբանում ընդձեռեր մեզ: Ուստի ﬓում է մեզ դիմել գիտական միջոցների:

    Վերեւում տրուած սահմանից հետեւում է, որ եթէ հայերէնի գանձարանից դուրս հանենք զանազան ժամանակ փոխառեալ ձեւերը օտար լեզուներից, կունենանք նախահայերէնի պատկերը: Մինչեւ Ե դարը, երբ հայերէնը առաջին անգամ գրի առնուեց, մեր լեզուն փոխառումներ էր կնքել պարսկերէնից, ասորերէնից, յունարէնից, լատիներէնից, մասամբ նաեւ ասուրերէնից, վրաց լեզուից, խալդերէնից եւ Փոքր-Ասիական զանազան ծանօթ ու անծանօթ լեզուներից: Երբ փոխատու լեզուն յայտնի է, բնականաբար դիւրին է նրանից եղած փոխառումները գտնել եւ հաստատել: Ըստ այսմ շատ լաւ ուսուած են պարսկերէնից, ասորերէնից, յունարէնից, լատիներէնից, ինչպէս նաեւ ասուրերէնից եւ վրաց լեզուից փոխառեալ բառերը հայերէնի մէջ: Սակայն ոչ մի միջոց չկայ խալդերէնից եւ Փոքր-Ասիական լեզուներից եղած փոխառումները որոշելու եւ հաստատելու, որովհետեւ այդ լեզուները կորած ու անհետացած են: Բարեբախտաբար այստեղ օգնութեան է հասնում մեզ հնդեւրոպ լեզուների համեմատական լեզուաբանութիւնը, որ որոշում է թէ այս ինչ բառը հնդեւրոպակա՞ն է թէ ոչ, որով բնիկ հայերէն բառերը ըստ կարելւոյն ճշտւում եւ հաստատւում են: Ասացինք ըստ կարելւոյն, որովհետեւ հնդեւրոպ նախալեզուի եւ հայերէնի ձայնաբանութեան բոլոր գաղտնիքները դեռ երեւան հանուած չեն, եւ անշուշտ կարող են գտնուել զանազան անծանօթ կէտեր: Կարեւոր է նկատել եւ այն՝ որ որոշ հնդեւրոպ բառեր կարող են բոլոր միւս լեզուների մէջ ջնջուած եւ միայն հայերէնի մէջ պահուած լինել: Այդ բառերը ճանաչել եւ իբրեւ բնիկ հայերէն երեւան հանել անկարելի է: Վերջապէս կան անշուշտ բազմաթիւ հնդեւրոպ բառեր, որոնք գոյացել են նախահայերէնի մէջ, բայց յետոյ օտար ազդեցութեանց առաջ տեղի տալով ջնջուել են: Այսպէս, օրինակ՝ նախահայերէնի մէջ գոյն ցոյց տուող բառերից ծանօթ են միայն դեղին եւ դեղձան. ﬓացեալներից կարմիր, կապոյտ, սեաւ, սպիտակ պարսկերէն են. կանաչ, թուխ, գորշ անծանօթ են:

    Արդ՝ անկարելի է որ յիշեալ գոյները անծանօթ լինէին նախահայերէնին, քանի որ հնդեւրոպ լեզուների մէջ ընդհանուր են: Այսպէս, օրինակ՝ հնխ. reudh, rudhrós «կարմիր»> լտ. ruber, յունարէն erythrós, հսլ. rŭdrŭ, սանս. rudhirás, զնդ. raodita, քուչ. ratrem, լիթ. ra~das, գոթ. rauθs, իռլ. rúad, գերմ. rot, որ պիտի տար հայերէն արոյդ կամ արուրդ: Հնագոյն հայերէնի մէջ (նախ քան Ե դար) անշուշտ եղել է արոյդ կամ արուրդ «կարմիր» բառը, բայց յետոյ ջնջուել է՝ փոխանակուելով պարսկերէն կարմիր բառով, որ անշուշտ կարմիր գոյնի պատրաստութեան մի նոր եղանակի հետ ներմուծուել է Հայաստան:

    Այս բոլորից հետեւում է այն, որ բնիկ հայերէն բառերի գումարը՝ որ համեմատական լեզուաբանութիւնը կարողացել է երեւան հանել մինչեւ այժմ՝ իր ունեցած միջոցներով, կազմում է նախահայերէն բառագանձի միայն փոքրագոյնը: Այդ բառերի թիւը 713 (909) է: Մնացեալը անյայտ է:

    Բայց բնիկ հայերէն բառերը ճշտել եւ երեւան հանել՝ դեռ չի նշանակում նախահայերէնի պատկերը երեւան հանել, ինչպէս որ Ե դարի հայերէն լեզուի քերականութեան հնդեւրոպական գծերը որոշել՝ չի նշանակում նախահայերէնի քերականութիւնը երեւան հանել: Որովհետեւ բնիկ հայերէն բառերը թէեւ նախահայերէն բառերի հետ էապէս նոյն են եւ կազմում են նրանց շարունակութիւնը, բայց ձեւով նոյնը չեն: Այսպէս, օրինակ՝ գիտենք որ հայր բառը հնդեւրոպական նախալեզւում pә՛r ձեւն ունէր. եւ այն բարբառի մէջ՝ որին պատկանում է հայերէնը, յունարէնը, իտալական, կելտական եւ գերմանական լեզուները, արդէն դարձել է patē՛r: Այս ձեւը ղատ ուշ, այն է արդէն Ե դարում եղել է հայր. եւ կարելի չէ ասել թէ հենց որ հայերը բաժանուեցին հնդեւրոպական խմբից, իսկոյն patē՛r դարձաւ հայր: Փոփոխութիւնը եղել է շատ դանդաղ: Այս բառի մէջ մենք ներկայ ենք չորս ձայնական փոփոխութեան. p դարձել է հ, t դարձել է յ, ē ջնջուել է, շեշտը փոխադրուել է նախորդ վանկի վրայ: Ենթադրելով թէ ազգերի բաժանումը 25-րդ դարում եղած լինի, ուրեմն պէտք է եղել 3000 տարի, որպէսզի patē՛r դառնար հայր: Սակայն մենք չգիտենք թէ այդ 3000 տարուայ շրջանի որ կէտում եւ ինչ հերթով են տեղի ունեցել յիշեալ չորս ձեւափոխումները, որովհետեւ մենք չգիտենք ձայնական փոփոխութեանց ժամանակագրութիւնը: Առանց այդ ժամանակագրութեան՝ կարող էր մէկը առաջարկել մի այսպիսի ընթացք.
    -2500 թ. patē՛r
    -2000 թ. փայի'ր
    -1000 թ. հայի'ր
    -500 թ. հա'յիր
    +200 թ. հայր
    Մի ուրիշը կարող էր առաջարկել մի ուրիշ ընթացք. բայց դրանից ոչ մէկը ստուգել եւ ճշտել կարելի չէ:
    Առնենք աւելի բարդ մի օրինակ. հայերէն գիշեր բառը հնդեւրոպ ծագում ունի եւ կցւում է յուն. hésperos, լտ. vesper. հիռլ. fescor, կիմր. ucher, լիթ. văkaras, հսլ. večerŭ, թոխար. wșe ձեւերին: Այս բոլորի նախաձեւը դրւում է vesperos կամ veqeros: Հայկական ճիւղի բարբառը ունէր անշուշտ veqéros ձեւը, որ Ե դարում արդէն եղել էր գիշեր: Հայերէնի մէջ նախաշեշտ ի առաջանում է է ձայնից. ուստի գիշեր բառը նախապէս գէշեր ձեւն ունէր: Զանազան քննութիւններ ցոյց են տալիս, որ այս է>ի ձայնափոխութիւնը տեղի է ունեցել 2-րդ դարում. ուստի այդ ժամանակ յիշեալ բառը արդէն գէշեր ձեւը ունեցած պիտի լինէր: Հայերէն նախաձայն գ առաջանում է հնխ. v ձայնից, ինչպէս օրինակ՝ գինի<գէնի<հնխ. voinio: Այս բառը փոխառութեամբ անցնելով վրաց լեզուին՝ տուել է ղվինի. ուստի այն ժամանակ, երբ հայերը վրաց հետ յարաբերութիւն սկսած էին, հնխ. v ձայնը դեռ գ դարձած չէր հայերէնի մէջ, այլ տատանւում էր gwմիջին աստիճանի վրայ: Այդ շրջանն է Զ դար: Կա նաեւ հնխ. q, որ անցնելով միջին qyեւ այլ ձեւերից, պիտի դառնար վերջապէս շ:
    Որոշել այս բոլոր միջին ձեւերը, մանաւանդ նրանց ժամանակը, հասնելու համար մինչեւ հնագոյն վիճակը, ուրիշ խօսքով վերականգնել նախահայերէնի ճիշտ ձեւը, գիտութեան արդի միջոցներով անկարելի է:

    Այս պարագային մենք պիտի բաւականանանք ուրեմն ներկայացնելով այստեղ հայերէնի 713 (909) բնիկ բառերի ցուցակը: Մենք դասաւորում ենք այդ բառերը երկու տախտակով: Առաջին տախտակը ունի 10 սիւնակ. առաջինում այբուբենական կարգով շարուած են հայերէն բառերը. երկրորդ սիւնակում դնում ենք համապատասխան հնդեւրոպական նախալեզուեան այն ձեւը, որից առաջացել է նոյն հայերէն բառը: Յաջորդ սիւնակներով գալիս են հնդիկ, իրանական, յունական, լատինական, բալթիկ, սլավական, գերմանական եւ կելտական ձեւերը, եթէ կան: Եթէ որեւէ լեզուի մէջ որեւէ բառ պակասում է, դնում ենք ــــ նշանը: Յաջորդ տախտակը մի աւելի պարզ ցուցակ է, որի մէջ բառերը դասաւորուած են ըստ նշանակութեան եւ ըստ տեսակի՝ 22 բաժանմունքով:

    1) Բնութեան ու նրա զօրութեանց մասին.
    Արեւ, արեգ, արեգակն, լուսին, աստղ, լոյս, ամպ, ամպրոպ, բուք, մրրիկ, կարկուտ, ձիւն, սառն, մէգ, բալ, թօն, հեղեղ, գետ, առու, ողողել, մօր, լիկ «ճահիճ», տիղմ, աղբիւր, ալիք, անդունդ, հուն, ջեր, հողմ, հով, օդ, սար, բլուր, պաղանձաւ, սոր:

    2) Կրօնական բառեր.
    Դիք, ձօն, մաղթել, մեղք, սուրբ, տօն, երդումն, անէծք, թովել, ստեղծել, քաւել:

    3) Մարդ եւ մարմնի մասեր.
    Ակն, աչք, ականջ, ունկն, ռունգն, այտ, բերան, քիմք, լինդ, լեզու, ատաﬓ, ծնօտ, երես, ալիք, մօրուք, կոկորդ, որկոր ?, ուլն, ուս, արմուկն, ձեռն, ափ, աջ, մատն, եղունգն, թեկն, լանջ, ստինք, սիրտ, լեարդ, կող, մէջք, ողն, քամակ, որովայն, փայծաղն, ընդերք, արգանդ, երաստան, ազդր, ծունգ, ծունր, ամորձիք, փամփուշտ, պ... ոռ, հետք, ոտն, ոլոք, սրունք,-մարմին, անձն, միս, մուկն (մկան), ոսկր, յօդ, նեարդ, ջիլ, գեղձ, միտք, հոգի, տեռ (կաշի), արիւն.-արտօսր, արտասուք, թուք, մէզ, փին, քաք, տող (տողուք), քիրտն:

    4) Հիւանդութիւններ եւ նմաններ.
    Այտնուլ, արած, դալուկն, ելունդն, երկունք, ջերմ, կեղ, պալար, պուտ (բշտիկ), խիթ, խօթ, թարախ, լորցք, թանչ, լուսն, շիլ, խեղ, ործալ, հեւալ, հինինալ, խոյլ, յղի, դեղ, թոթով:

    5) Կենդանիներ.
    ա) Ընտանի կենդանիներ.- ամիկ, այծ, աքաղաղ, բուծ, գառն, եզն, էշ, կով, հաւ, ձի, մաքի, մարի, մեղու, մոզի, շուն, որթ, ուլ, սագ, սկունդ, ցուլ, տուար, - ձագ, ձուկն, թռչուն:
    բ) Վայրի կենդանիներ.-աղուէս, առիւծ, առն, արծուի, արջ, բորենի, գայլ, եղն, ինձ, լուսան, ծիծառն, կռունկ, ոզնի, ուրուր, ցին:
    գ) Սողուններ, միջատներ եւ այլ ﬖասակար կենդանիներ.- անիծ, բոռ, բրէտ, գորտ, թիթեռն, իժ, լու, թրթուռ, մլուկ, մուկն, մուն, մրջիւն, սարդ, տիզ, քարբ, օձ:

    6) Ընտանիք.-
    Ամուսին, այր, կին, հայր, մայր, հօրու, յօրայ, մօրու, հաւ, հանի, եղբայր, թոռն, քոյր, որդի, ուստր, դուստր, մանուկ, սան, հարսն, նու, սկեսուր, տայգր, տալ, քենի, ներ?, որբ, ընտանիք, գերդաստան, մարդ, արբանեակ, ընկեր, մանչ, երեց:

    7) Երկրագործական.-
    ա) Տունկեր.- բող, բողիկ, բոյս, բողկ, գաղձն, գարի, գեղձ, գինձ, դաղձ, դեղձ, եղեւին, խստոր, կաղին, հացի, թեղի, մայրի, մորենի, որթ, սիսեռն, տատասկ, ցախ:
    բ) Տունկի մասեր.- ած, արմ, արմատ, բողբոջ, թերթ, ծառ, կիւ, կողր, ձող, մոլ, ոզոր, ոստ, պպլուկ «ծիլ», պտուկ «ծիլ», ջով «ծիլ», սերﬓ, ստեղն.
    գ) Գործիքներ.- արօր, բահ, բիր, եղան, թի, լուծ, սամի, սամետի.
    դ) Երկրագործութիւն.- ածու, աճել, առոգանել, բրել, բուսանիլ, դիզել, հերկել, պեղել, քաղել,-այգի, արտ, արօտ, բերք, բերրի, ոստին, դալար, դեղ (խոտ), դէզ, բոյս, թուփ, արդիւնք, անդ, հող.

    8) Խաշնարածութիւն եւ գիւղատնտեսութիւն.
    Աղալ, արածել, արօտ, բուծանել, բուտ, բտել, գեղմն, գոմ, դիել, երի, երբուծ, թառ, թառիլ, թրիք, լակ, լափ, լափել, խաչ, խեչ, խոչ, ծանծ, կոյ, հովիւ, հօտս, հօրան, ձետ, մալել, մածնուլ, յղի, որձ, որոճալ, ստերջ, ստեւ, ստինք, տի (կապ), տիկ, տաւար, տուտն, քակոր:

    9) Արհեստի եւ արուեստի վերաբերեալ.
    Արծնել, ասեղն, աղալ, դակու, դարբին, դուրգն, երկան, թակ, թարփ, թեքել, թիթեղն, լաստել, լար, կարթ, հերիւն, հէնք, հինել, հնոց, ձաղկ, ձեւ, ձուլել, մամուլ, մլաղաց, մխել, յօդել, նիգ, յեռուլ, սալ, սարել, սարք, ստորի, որս, տորգ, փեղկ, քերել, քերթել, քերծել, օղ.-գիրս, երգ, երգել, գեղգեղել, ընթեռնուլ, թիւ, ուսանիլ:

    10) Գոյներ.- դեղին, դեղբ, դեղձան:

    11) Վաճառականութիւն.- գին, գնել:

    12) Շինարարական.- անդ (դրանդի), անդաստակ, անկիւն, առագաստ, առաստաղ, ատաղձ, գերան, (դոն), դուռն, թումբ, խուղ (հիւղ), կամուրջ, հոյակապ, մոյթ, սանդուղք, սիւն, տուն, ցանկ, ցիւ, քիւ:

    13) Հագուստ եւ զարդ.- ագանիլ, անկողին, բարձ, մերկ, բոկ, գինդ, արդ, զարդ, զգենուլ, զգեստ, օդ «կօշիկ», օթ «հագնիլ», օթոց, օծանել:

    14) Ուտելիք եւ ըմպելիք.- աղանձ, բոկեղ, դալ, կաթն, կոգի, կորկոտ, կեր, կուր, կերակուր, արբ, ուտել, ալիւր, թան, մածուն, մեղր, չիր, դոն (հաց), ջուր.- սխալակիլ «հարբիլ»:

    15) Առտնին տնտեսութիւն.
    Աղօրիկ, աղալ, աճիւն, ասր, աւել, ամալ, աման, այրել, արծարծել, աւն (ինչք), բովել, բուրդ, բոց, բորբոքել, գեղմն, եռալ, եփել, թանալ, թաթաւել, լեսուլ, լոգանալ, լուանալ, լուցանել, խայծաղ, խանձել, խարել, խարշել, խորովել, կայծ, հալել, հեղուլ, զեղուլ, հինել, հնոց, հում, հուր, մուխ, մուլ «ծուխ», մրուր, մուրկ, մրկել, մուր, կամ մուրճ, նայ, շաղել, շաղաղել, նքոյր «մաղ», ունկունք, պղպջակ, ջեռուցանել, սարիք «շղթայ», տարգալ, տոռն «սանդի», քամել, քերել:

    16) Թիւ եւ չափ.
    Մի, երկու, երեք...իննսուն եւ ինն, ամբողջ, ամենայն, աւելի, թիւ, կրկին, հաղ (հեղ), մէն, միայն, յոլով, ուղուկ, ստէպ, քան(ակ), երկայն, երկար:

    17) Մետաղներ եւ հանքեր.
    Աղ կամ աղտ, աղծ, արծաթ, աւազ, պալ, պղպղաքար, քար:

    18) Ճամբի վերաբերեալ.
    Արահետ, կածան, լաստ, նաւ, առագաստ, թի, գալ, երթալ, չոգայ, չուել, ուղի, յածիլ, սլանալ, ագանիլ «գիշերել», օթ «գիշերել»:

    19) Ժամանակ եւ տեղ.
    Ամ, ամառն, ամիս, արդ, արտ (դուրս), գարուն, գեր (վեր), գիշեր, դեռ, երեկոյ, երէկ, առընթեր, հանուր, հեռի, հերու, հուպ, ձմեռն, մերձ, մէջ, մօտ, մինչ, յետ, յետոյ, յատակ, ներ, ներքս, ներքոյ, ի վեր, ի վերայ, տեւել, տեղի, տի, տիք, տիւ, ցերեկ, օր:

    20) Երկիր եւ պետութիւն, զէնքեր.-
    Ատեան, մարտ, աղմուկ «կռիւ», թուր, նետ, սլաք, կումբ, գերի:

    21) Սովորական կեանքի բառեր.
    Ազազիլ, ածել, աղտ (աղծ), այլ, անձուկ, անուն, աղաւաղել, աղքատ, աղկաղկ, արգահատիլ, արթուն, առնել, առած, առակ, առասպել, առնուլ, ատել, արի, արու, արդար, անուրջ, արգել, ասել, արծարծել, այց, անկանել, արմանալ, բալ (ասել), բան, բառ, բամբասել, բառնալ, բարձր, բեկանել, բեռն, բերել, բերձ, բոլոր, բութ, բրդել, գալ, գալարել, գաղել, գաղտ, գաղջ, գարշ, գեղեցիկ, գեղգեղել, գերծել, գերփել, գող, գան, գելուլ, գլորել, գեղձեալ (փափագիլ), գէջ, գլել, գիտեմ, գտանել, գոգ (գոգցես), գոյ, գործել, գուն, դարել, դադարել, դամբան, դամբարան, դառնալ, դեդեւիլ, դի, դիակ, դնել, դուլ, եզր, եկ, երգել, երգիծանել, երերալ, երիւրել, ելանել, ելուզակ, եղանիլ, եղուկ, երեւիլ, երէց, երթալ, երկնչել, զայրանալ, զանգիտել, զարկ, զարմ, զգալ, զեղուլ, զերծ, զմրիլ, ընթանալ, ընծայ, ընկենուլ, ընկեր, ընտանի, ընկլնուլ, ընկղմել, ընտիր, թաթաւել, թակել, թաքչիլ, թառամ, թարշամ, թանձր, թարմ, թաւ, թմրիլ, թեթուք, թեր, թերի, թռչել, թոպել, թնդալ, իր, իրաւ, իսկ, լալ, լայն, լաւ, լերկ, լիզել, լի, լնուլ, լիրբ, լլկել, լկիլ, լողալ, լուծանել, լքանել, լուտալ, լուռ, լպիրծ, լպիրշ, լսել, խածանել, խայթել, խայծ, խայտ, խանդ, խուն, խնդալ, խնծիղ, ծաղր, ծիծաղ, ծամել, ծեծել, ծեր, ծնանել, ծուռ, կալ, (կալուլ), կաղաղ «որջ», կաղաւել «օձի սառիլը», կարդալ «կանչել», կարծր, կռնչիլ «կուչ գալ», կատակ, կեալ, կենդանի, կողﬓ, կլանել, կրծել, հայցել, հասանել, հաստ, հաստատ, հաւ, յաւ «ծայր», հարկ, հարկանել, հարթնուլ, հարցանել, հեծանել, հեղգ, հեռ, հին, հիւթ (նիւթ), հոգ, հոլանի, հուպ «սեղմել», հոլովել, հոտ, հոտոտել, ձաղել, ձառ «տգեղ, ծուռ», ձիր, ձրի, ճանաչել, մանր, մաշիլ, մատչիլ, մատաղ, մատղաշ, մեծ, մեղծ, մեղկ, մեղմ, մեռանիլ, մղեղ, մնալ, մոլի, մոլար, մոլոր, մոյն, մոռանալ, մունջ, մուռ «լուռ», յագենալ, յանգ, յառնել, յարիլ, յարմար, յաւելուլ, յեղուլ, ներգեւ, նստիլ, նոր, նուրբ, նսեմ, շեղ, ողբալ, ողողել (1. թափել, 2. լալ), ողորկ, ողորմիլ, ողոքել, ողջ, ոռնալ, ունիլ, ուտել, ուրանալ, ուծանալ, ունայն, ուսանիլ, չոր, պապանձիլ, պինդ, պոլոկել, ջանալ, ջերմ, ջին, ջնել, ջինջ, ջնջել, սաստ, սաստիկ, սեռ, սերիլ, սերունդ, սէգ, սիրել, սխալ, սին, սնանիլ, սուտ, սուր, սպառնալ, ստէպ, ստիպել, սուրբ, ստանալ, ստոյգ, սփռել, տալ, տամուկ, տատանիլ, տարտամ, տղել, տնտղել, տոկալ, տոփել, տտիպ, տրամ «պինդ», տրուպ, տրտում, տրտունջ, տեսանել, տեւել, ցեղ, ցելուլ, ցտել, ցրել, ցուցանել, ցայտել, փանաք, փայլ, փողփողել, փարիլ, փեռեկել, փերթ, փինատ, փորձել, փութալ, փլանիլ, փչել, փուք, փոքր, փրփուր, քաղց, քորել, քէն, քուն, քուքալ, քքուիլ, քրքանք «ծիծաղ», օգնել, օգուտ:

    22) Դերանուններ, շաղկապ եւ նմաններ.
    Այս, այդ, այն, աւասիկ, աւադիկ, աւանիկ, այլ, աստ, անդ, առ (մօտ), արդ, արդեօք, դա, դոյն, դու, եւ, եթէ, ես, եւս, եմ, զ, ի, իք, չիք, ինչ, իﬓ, իւր, զի, թէ, ընդ, ենթ, ըստ, հի՞, մեք, մի', միւս, միայն, միմեանք, նա«մանաւանդ», միթէ, նա, նոյն, ո, ով, որ, ոմն, ոչ, ու, ուր, ուրեմն, ուրեք, ոք, սա, սոյն, ց, քան:
    լեզուի տեսակէտով մի մեծ պակասութիւն ունի.- դա է բարդ եւ ածանց բառերի հարցը: Թէ բարդ եւ թէ ածանց բառերը զարմանալի կերպով փոփոխական բախր ունին ամեն լեզուի մէջ էլ: Առձեռն բառարանում 300-ից աւելի բարդ եւ ածանց բառեր ունինք քաջ արմատից. այդ բոլորից հազիւ 25 հատը կեանք ունի այսօրուայ գրական լեզուի մէջ: Ընդհակառակը, ոսկեդարեան հայերէնում ամեն բառով կազմուած բարդերը շատ խոշոր թիւ չեն կազմում, իսկ այսօրուայ գրական լեզուի մէջ ամեն ածական ազատօրէն կարող բարդուիլ ամեն բառով: Սրանից հետեւում է թէ նախահայերէնն էլ կարող էր ունենալ վերոյիշեալ 713 բառերից կազմուած բազմաթիւ բարդեր ու ածանցներ, որոնք գործածական չէին ոսկեդարեան հայերէնում եւ ընդհակառակը, կան անշուշտ շատ ու շատ բարդեր ու ածանցներ, որոնք թէեւ սովորական են գրաբարի մէջ, բայց գործածական չէին նախահայերէնում: Այսպէս, օրինակ՝ տեռատես, հետեւակ, մեղուանոց եւ այլն ոսկեդարեան բառերը այնպիսի բառեր են, որ կազմուած լինելով բնիկ, այն է նախահայերէն արմատներից, ազատօրէն կարող էին գոյութիւն ունեցած լինել նախահայերէնում. սակայն ոչ մի միջոց չունինք այս բանը հաստատելու. աւելի եւս այն բառերը՝ որոնք ոսկեդարեան հայերէնումն էլ գործածական չեն եւ աւանդուած են միայն յետնագոյն ժամանակի հայերէնում. ինչպէս. ջրաղաց, ձիաբոյծ, ծնեբեկ, կամ միայն գաւառական բարբառներում. ինչ. Աղուէսաքուն եւ այլն: Ի նկատի ունենալով այս հանգամանքը, մենք անհնար համարեցինք ոսկեդարեան բնիկ հայերէն բարդ ու ածանց ձեւերը մտցնել յիշեալ ցուցակի մէջ, թէեւ սրանով նախահայերէնի հարստութեան նուազագոյնը աւելի եւս նուազեցրինք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Նախահայերէն լեզուն եւ նախահայերի քաղաքակրթութեան ուրուագիծը

    Բնիկ հայերէն բառերի շարքում չդրինք նաեւ բնաձայն բառերը, որոնց թիւը Արմատական բառարանում 152 է: Այս բառերից ոմանք իրենց նմաններն ունին հնդեւրոպական ուրիշ լեզուներում. դրա համար էլ զանազան լեզուաբաններ համարել են դրանք հնդեւրոպական ծագումից: Բայց ըստ որում բնաձայն բառերը յաճախ ընդհանուր են բոլոր լեզուներին (ինչ. կկու, բու, ագռաւ, յոպոպ եւլն.) եւ չեն կապւում այս ու այն լեզուաբնին, մենք էլ չդրինք հայերէնի բնիկ բառերի ցուցակում, մանաւանդ որ նրանց ամենամեծ մասը ոչ մի արժէք չի ներկայացնում քաղաքակրթութեան պատմութեան համար: Իմ կարծիքն այն է, որ հայերէնի բնաձայն բառերը կազմուած են հենց իրենց առաջին բաղաձայնից, որ նրանց արմատն է՝ աճած ն, չ, նչ, ռ մասնիկներով եւ կրկնութեամբ. հմմտ. օրինակ՝ շաչել, շչել, շառաչել, շառանչել, շշուկ, շշունջ շռինչ, շրշիւն, շրշնջել: Այս կարծիքս յայտնել եւ լուսաբանել եմ իմ մանրամասն մի յօդուածում, որ հրատարակուած է հանդէսի մէջ, 1899 թ. Էջ 202-207 եւ 232-236: Հիւբշման հայագէտը բերանացի յայտնեց ինձ իր համաձայնութիւնը՝ 1898 թուին, Ստրազբուրգում, ուր աշակերտում էի իրեն:
    Բաւականանք ուրեմն տալով այստեղ նոյն 152 բնաձայն բառերի պարզ ցանկը (այբբենական կարգով):
    Բնաձայն բառեր
    Ագրաւ, ահա, աղաղակ, այո, բաբէ, բաղբաջել (նաեւ բաղբաջանք), բաչիւն, բաջաղիլ, բառանջել, բառաչ, բարբանջել, բարբաջել, բբել, բբչալ, բզզալ, բնչել, բոմբիւն (նաեւ բմբիւն), բու, բչել, բջել, գանգաչ, գանգիւն, գանչել, գարգաչանք,, գլգլալ, գնչել, գոչել, գոռոչ, գուրգուռ (թռչուն է), գռգռալ, գրգտել, գրգրալ, գրդալ, դդիւն, դդնչել, դդչել, դոփել, դռնչել, դրդնջիւն, դրնգել, զռալ, թանչել, թաչել, թառանչել, թառաչել, թափթափիլ, թմբիւն, թրունդ, ժժմակ, ժիժի, խախանջել, խախանք, խախաչ, խանչել, խառնչել, խարխնճել, խխնջել, խնչել, խոխոջ, խռալ, խռկալ, խռնչել, խռնտալ, խռչակ, խրխինջ, խօշիւն, ծափ, ծղրիդ, կական, կակաչել, կանչել, կառանչել, կառաչել, կարկաչել, կթղ (ալ ?), կիւկիւ, կլկլեցնել, կկու, կնչել, կնտկնտոց, կոչել, կոռոչ(ել), կուկլուլել, կռնչել, կռչել, կրաս, կրկջալ, կրճել, հա, հայ հուչ, հայհոյել, հաչել (ախ քաշել), հաջել (շան), հառաչել, հունչ, հնչել, հռնչել, հռչակ, ճթոց, ճիկ, ճիճռունք, ճիչ, ճիւ, ճղել «ճվճուալ», ճճուել, ճնճղուկ, ճնճուել, ճողփիւն, ճռղել, ճռճուել, ճռնչել, ճռուել, ճռուողել, ճռչել, ճռռալ, ճռվռել, մայել, մլաւել, մունչ (նաեւ մնչել), մռմռալ, մռնչել, մրմնջել, յայ յու, յոպոպ, նուալ, շաչել, շառանչել, շառաչել, շարշափ, շշուկ, շշունջ, շչել, շռինդ, շռինչ, շրշիւն, շրշնջել, պապաչել, պոչիւն, պոռոչել, սռինչ, վճիռն, վնկել, վու վու, վռչալ, վրնջել, տատ, տզզալ, տքալ, փնչել, փռնչել, փստ-ա-ծաղիկ, քեքրտալ
    Կայ նաեւ մի ուրիշ կարեւոր հանգամանք:
    Ամեն մի մեռեալ լեզուի համար մեր աղբիւրը հնից մնացած գրականութիւնն է: Բայց աշխարհում ոչ մի հին գրականութիւն ամբողջովին հասած չէ մեզ: Ոչ Եգիպտական մեհենագիր արձանագրութիւնների, ոչ ասորեստանեան բեւեռագիր արձանագրութիւնները, ոչ հին թագաւորների կտրած դրամները կամ մեդալները, ոչ մի բան ամբողջապէս ու անվթար հասած է մեզ: Սրան ապացոյց է այն, որ շարունակ պեղումներ երեւան են հանում նորանոր արձանագրութիւններ ու յիշատակարաններ: Քսան եւ հինգ տարի առաջ Փոքր-Ասիայում երեւան հանուեց 13 հազար կտոր արձանագրութիւն, մի ազգի մասին եւ մի այնպիսի լեզուով, որոնց մասին 1914 թուից առաջ ո'չ մի գաղափար չունէինք: Չորս տարի առաջ գտնուեցին պարսից Աքեմենեան թագաւորների նորանոր արձանագրութիւնները, եւ այլն, եւ այլն: Այսպիսի գիւտեր կրկրնւում են շարունակ, աշխարհի զանազան անկիւններում, երբեմն աւելի մեծ, յաճախ աւելի փոքր չափերով:

    Եթէ այսպէս են քարերի ու մետաղների վրայ քանդակուած յիշատակարանները, ի՞նչ պիտի լինէր թղթի վրայ գրուած գրականութիւնը, որ ենթակայ է էլ աւելի արագ կորստի: Հնութիւնը տալիս է մեզ բազմաթիւ հեղինակների անուններ, որոնց գործերը չեն հասել մեզ: Այսպէս՝ Զրադաշտի անուան վերագրուած Ավեստայի մեծ մասը, Աբիւդենոսի, Բարդածանի, նոյն իսկ Թ դարու հեղինակ Շապուհ Բագրատունու գործերը կորստեան են մատնուած: Առհասարակ Ե դարից մինչեւ Թ դար հայերէն ոչ մի ձեռագիր յիշատակարան հասած չէ մեզ:

    Եթէ գրականութիւնը պակասում է մեզ, ուրեմն պակասում է նաեւ այն բառերը, որոնք գործածուած են եղել գրականութեան մէջ:

    Բայց եթէ նոյնիսկ ենթադրենք մի րոպէ, որ եղած գրականութիւնը ամբողջովին հասած է մեզ, դարձեալ դա բաւական չէ մի կորած գնացածի լեզուի ամբողջ բառագանձը երեւան հանելու: Միայն կենդանի լեզուների լաւ աշխատասիրուած բառարաններն են, որ կարող են ներկայացնել լեզուի ամբողջական բառագանձը: Ասում եմ կարող են, որովհետեւ կա՞յ ազգ, որ կարողանայ պարծենալ, թէ իր ժողովրդի գործածած բոլոր բառերը, գրական թէ բարբառային, վերաբերեալ ամէն մի արհեստի եւ մասնագիտութեան, լիովին հաւաքել է: Եթէ այսպէս անկատար են նոյն իսկ բառարանները, ո՞ւր մնաց գրականութիւնը, մանաւանդ մի աղքատ գրականութիւն, որ աւանդուած է հնից: Գրականութիւնը կարող է աղքատ լինել գրական արտադրութեանց թուի տեսակէտից, ինչպէս, օրինակ՝ եբրայական, գոթական, հին սլավական կամ զենդական գրականութիւնները, որոնք ընդամենը մի մի գրքով են մեզ յայտնի: Բայց գրականութիւնը կարող է աղքատ լինել նաեւ որակի տեսակէտից, երբ նա միակողմանի է, այսինքն հեղինակները գրում են մի կամ երկու նիւթի շուրջը: Այսպիսի գրականութիւնները, նոյն իսկ քանակով հարստութեան դէպքում աղքատ են. իսկ ի՞նչ ասել, եթէ նա միաժամանակ թէ' քանակով եւ թէ որակով աղքատ է: Այսպէս, օրինակ, հին յունական գրականութիւնը հարուստ է ոչ միայն քանակով, այլ եւ որակով. այնտեղ կարող ենք գտնել գիտութեան բոլոր ճիւղերի մասին զանազան գրուածքներ, բազմատեսակ բարբառներով: Այնտեղ կը գտնենք ոչ միայն կրոն, բանաստեղծութիւն, իմաստասիրութիւն, պատմութիւն եւ աշխարհագրութիւն, այլ եւ բնագիտութիւն, բուսաբանութիւն, բժշկութիւն, ձիադարմանութիւն, ռազմագիտութիւն, որսորդութեան գիտութիւն եւ այլն: Քսենեփոնը իր «Որսորդութիւն» անուն ձեռնարկի մէջ տուել է նոյն իսկ 47 շան անուն: Ո՞ր գրականութիւնն է հասել այսպիսի մանրամասնութեանց: Մինչդեռ զենդական գականութիւնը, օրինակ, կրօնականից կամ կրօնական բանաստեղծութիւնից այն կողմ չի անցնում:
    Հայոց հին գրականութիւնը այս տեսակէտից, համեմատելով յատկապէս յոյն գրականութեան հետ, շատ անբաւարար է: Արդարեւ Ե դարու առաջին կէսից հասել է մեզ միայն 41 կտոր աշխատութիւն, որոնց մէջ գտնում ենք կրօն, բանաստեղծութիւն, պատմութիւն, մի քիչ փիլիսոփայութիւն, բայց գիտութեան այլ ճիւղերի մասին...ակնարկներ միայն: Այս բոլորը բաւական չէ, որպէսզի կարենանք Ե դարու հայ ժողովուրդի լեզուն եւ նրա կեանքը երեւան հանել: Ո՞ւր են Հայաստանի բազմատեսակ կենդանիների ձկների, թռչունների, բոյսերի, խոտերի եւ այլն, եւ այլն անունները: Ո՞ւր են երկրագործական, գիւղատնտեսական, ձիթահանքի եւ ուրիշ զանազան արհեստների վերաբերեալ բառերը: Ո՞ւր են նոյնիսկ գիւղացիների ու քաղաքացիների, մարդկանց եւ մանաւանդ կանանց յատուկ անունները...: Այս բոլորից պարզ է հետեւցնել, որ Ե դարից եւ դեռ յետոյ էլ մեզ աւանդուած գրականութիւնը չի տալիս մեզ հայ լեզուի ամբողջ բառապաշարը: Այս էլ ուրեմն մի մեծ թերոյթ է՝ նախահայերէնի պատկերը երեւան հանելու համար:

    Հին հայ գրականութեան թողած պակասը կարելի էր լրացնել արդի բարբառների միջոցով, որոնք շատ հարուստ են իւրայատուկ բազմաթիւ գաւառական բառերով:

    Գաւառական բառերի մանր մունր ժողովածուներ շատ կան: Ամենամեծ ժողովածուն իմ Գաւառական բառարանը (տպ. Թիֆլիս 1913), որ ունի 30000 բառ ու ոճ: Մեր պետական համալսարանի գրադարանում գտնւում են 30 ձեռագիր գաւառական բառարան, մեծ մասամբ լուրջ եւ ընդարձակ աշխատութիւններ, որոնց իւրաքանչիւրը պարունակում է մի առանձին բարբառի գաւառական բառերը: 1935 թուին ես ձեռնարկեցի կազմելու մի ընդհանուր գաւառական բառարան, որի մէջ պիտի հաւաքէի տպուած եւ անտիպ այդ բոլոր աշխատութիւնների գաւառական բառերը: 100 էջ պատրաստեցի այդ աշխատութիւնից, բայց աւելին կարելի չեղաւ:

    Գաւառական բառերի ամենամեծ մասը հայերէնից կազմուած սովորական բարդութիւններ եւ ածանցներ են, որոնք թէեւ շատ կարեւոր են նոր հայերէնի բառագանձը ճոխացնելու համար, բայց լեզուաբանութեան համար ոչ մի նոր բան չեն տալիս: Սակայն գաւառական բառերի մէջ կան նաեւ այնպիսի ձեւեր, որոնք բոլորովին նոր արմատներ են ներկայացնում եւ չափազանց կարեւոր են հայ լեզուաբանութեան համար՝ մի քանի տեսակէտով:

    Այստեղ մենք նկատի ունենք այն հանգամանքը, թէ ի'նչ չափով այդ բառերը կապւում են հնդեւրոպական լեզուների հետ, ի՛նչ չափով կարող են նրանք լրացնել հին հայ գրականութեան թերոյթները, ուրիշ խօսքով ինչքան կարող են երեւան հանել այնպիսի բնիկ հայ բառեր, որոնք պատահմամբ չեն մտել հին գրականութեան մէջ, յետոյ մոռացումի մատնուել ընդհանուր հայ լեզուի կողմից եւ պահուել միայն մի գաւառի անկիւնում:

    Տալիս եմ այստեղ մի փոքրիկ ցանկ գաւառական բառերի՝ համեմատած հնդեւրոպական այլ լեզուների հետ, հետեւաբար եւ բնիկ հայերէն:


    • Ա'ռռէ ղրբ. «յոյժ, շատ». հին ձեւը պիտի լինի ա'ռռի, ուր անշուշտ ռ կրկնուած է սաստկութեան համար. պարզ ձեւն է առի. հմմտ. յուն. ari, eri, վեդ. ari, բոլորն էլ սաստկութիւն ցոյց տուող նախամասնիկներ՝ հայերէնի հետ միեւնոյն նշանակութեամբ (Boisacq, Dict. etym. 77, 279):
    • Ափու «հայր». հնխ. apa, հմմտ. յուն. apfá, appyn «հայր», գոթ. aba եւ հիսլ. afi «մարդ, այր». բոլորն էլ մանկական բառեր (Pokórny 1, 47)
    • Բոթել «հրել, մշտել». տե'ս Pokórny 2, 125 հնխ. bhaut, bhut «զարնել, հրել» արմատի տակ յիշուած ձեւերը:
    • Բոռալ (եթէ բնաձայն չէ). հմմտ. հնխ. bhuro «կատաղած ցուլի գոռալը», որից հիռլ. būriud «գոռալ, բոռալ», būra «կատաղութիւն, բարկութիւն», նորվ. būra եւ լեթթ. bauruôt «բոռալ», հսլ. burja «փոթորիկ» ելն (Pokórny 2, 191, Trautmann 28 ):
    • Բուլ «խմորի գունդ» (Ագլ. բիւլ, Ջղ. բուլ, Ղրբ. Շմ. պիւլ)<հնխ. bhōl արմատից, որի մասին աւելի ընդարձակ տե'ս Արմատ. բառ. հտ. 7, էջ 106:
    • Բուքի (Ղրբ. պի'ւքի) «մի տեսակ վայրի ծառ». հմմտ. հնխ. bhāgos, bhūgos> յուն. phāgós, phēgós «կաղնի», հբգ. buohha, գերմ. buche, ռուս. бук եւլն. (Pokórny 2, 128, Boisacq 1023):
    • Թոնթորալ, որի հետ ձեւով եւ իմաստով ճիշտ նոյնն է յուն. tonthory՛zō «անորոշ մի ձայն հանել, հանդիմանել, մրմռթալ» (Boisacq 975):
    • Թործ, իմաստով գրեթէ նոյնն է յուն. tórmos «պտուտակը մէջը մտցնելու փոսը». արմատն է հնխ. ter, tor «ծակել, որից հյ. ունինք թուր (tōr).-հյ. թործ եւ յուն. tórmos աճական են՝ մին ծ եւ միւսը m-ով աճած (Boisacq 976):
    • Լակ, «թոյլ՝ փճացած ձու» <հնխ. sleg, slәg կամ leg, lәg «թոյլ լինել, կակղիլ» արմատից. հմմտ. յուն. lagarós «կակուղ, թոյլ, տկար», lē'gō դադրիլ, յոգնիլ, լտ. laxus թոյլ, հիռլ. lacc թոյլ, կակուղ, տկար, հիսլ. lākr վատ, անարժէք, անգսք. sleac, հրգ. slah. կակուղ, լեթթ. legéns «թոյլ, մեղկ, կակուղ» նաեւ ռնգականով՝ յուն. langázō, լտ. langueo «թուլանալ, լքուիլ» եւլն (Pokórny 2, 712, Boisacq 548, 1094, Berneker 684):
    • Լիժ, «1. հիղկ, ողորկ, 2. անամօթ, աներես». հմմտ. հսլ. Ѕlьzŭkŭ, ռուս. сли՛зу, սլով. slizek, հբգ. slîchan, որոնց նախաձեւն է sližu «սահուն, լպրծուն», եւ հպրուս. līse «սողալ», լեթթ. lēžât «սահնակով սահիլ», որոնց նախաձեւն է lēžō, ըստ Trautmann, էջ 161 եւ 270 (Trautmann երկուսի կապը չէ նշանակած):
    • Լկիլ, «սառոյցի հալուիլ սկսիլը»<հնխ. leg «ծորիլ» արմատից. հմմտ. հիռլ. legaim «լուծուիլ, հալուիլ». մանրամասն տե'ս արմատ. բառ. հտ. 7, էջ 140:
    • Լոք տակ «ցատկել» <հնխ. lok «ցատկել». հմմտ. յուն. lēkân ցատկել, լտ. locusta մորեխ, լիթ. lekiù թռչիլ, laksty'ti թռչկոտել, ցատկել, լեթթ. lékát ցատկել եւլն (Boisacq 555, 577, Ernout-Meillet 531, Berneker 706, 718, Pokórny 2, 420)
    • Կուլ «կոկորդ» < հնխ. gul արմատից. հմմտ. լտ. gula կոկորդ, սանս. gala վիզ եւ կոկորդ: Աւելին տես Արմատական բառ. Գ. Էջ 1393 եւ MSL 15, 244:
    • Կուլայ «ջրի փարչ»=սանս. gōla «կուլա», յուն. gaulós «կաթ կթելու աման, ջրի դոյլ» (Boisacq 141), տես իմ յօդուածը՝ MSL 20, 162):
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 17.12.2007, 13:30
  2. PHP ծրագրավորման լեզուն սկսնակների համար
    Հեղինակ՝ Universe, բաժին` Ծրագրավորման լեզուներ, տեխնոլոգիաներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.10.2007, 22:48

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •