Չգիտեմ, թէ ո՞ւր
Անյայտ, հեռաւոր
Մի սիրտ կայ տխուր,
Մենակ, մենաւոր.
Նա է՝ ուշ գիշեր
Իմ դուռը ծեծում,
Նա է՝ միշտ անտես,
Կրծքիս հեծեծում...
1910, Թիֆլիս
Քոյր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրաւոր, աւեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նուիրական ինձ քո գիրկը բաց
Եւ գուրգուրիր ինձ, ես շատ եմ լացել...
Քնքուշ ձեռներով աչերս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու-ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եւ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
1904 Հոկտեմբեր 16, Թիֆլիս
Իմ այրող վշտիս սիրտըս է մաշուել,
Կեանքըս է մաշուել, էլ ի՞նչս մնաց,
Լամ ու արցունքըս աղի-ծով դառնայ,-
Միայն թէ մայրըս վիշտըս չիմանայ:
Ա՜խ, գլուխս առնիմ, ընկնիմ սարերը,
Զարկե՜մ քարէ-քար, զարկեմ քարէ-քար.
Սիրտս գայլերին թող բաժին դառնայ,
Միայն թէ մայրըս մահըս չիմանայ:
1900 Նոյեմբեր, Ցիւրիխ
Ասում են, թէ՝ դու այնպէս
Մոռացել ես ինձ, այնպէս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիւ միտքդ եմ գալիս:
Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բոյրի մէջ
Քեզ գրկեցի սիրատենչ:
Ու գրկիս մէջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառւել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արիւն է լալիս:
Ա՜խ, իրա՞ւ է՝ դու այնպէս
Մոռացել ես ինձ, այնպէս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիւ միտքդ եմ գալիս...
1923, Վենետիկ
Աչերդ՝ սեւ-հուր,
Հոգիս են կիզում,
Մազերդ՝ սեւ-սուր,
Սիրտս են թրատում:
Վիշտս է ծփում
Սիրուս պէս վարար,
Քո ուղին ծածկում՝
Դաւաճան ու չար,-
Ուղիդ արիւնոտ,
Որ տանում է քեզ
Ուրիշների մօտ,
Ուրիշների մօտ...
1927, Երեւան
Աշնան ծաղիկնե՜ր,
Դալո'ւկ ու տխո'ւր,
Դողդոջում էք հեզ
Դաշտերում թափուր:
Ձեր աչքերի մէջ
Արցունք կայ տրտում,
Ուշացած երազ
Ձեր քնքուշ սրտում:
Շուտով կը շաչէ
Հողմը բքաբեր,
Կըթոշնէք չապրած,
Աշնան ծաղիկնե՜ր...
1921 մարտի 4, Ժընեւ
Ես հովիկ լինէի,
Դու՝ նազուկ ցարասի.
Գգւէի կարօտով
Վարսերդ սնդուսի:
Ես եղնիկ լինէի,
Դու՝ աղբիւր պաղպաջուն.
Խմէի համբոյրդ
Շրթերով տոչորուն:
Ես թիթեռ լինէի,
Դու՝ կարմիր բոց-կրակ,
Կիզւէի գրկիդ մէջ,
Մեռնէի ոտքիդ տակ:
1919 Յունիսի 9, Ժընեւ
Ես աշխարհի մէջ երազն եմ սիրել-
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ,
Եւ չեմ տենչացել երբէք քեզ տիրել-
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ:
Աղբիւրի նման արցունք եմ ցողում՝
Քո ճամփու վրայ վարդեր վառելով,
Անձնազոհ մօր պէս սրտագին դողում՝
Քո բախտի համար լուռ այրւելով:
Երբ գիշեր կուգայ, դու կըմտնիս քուն,
Քո շէմքն է, քուրի՛կ, իմ բարձը քնքուշ,
Իմ սուրբ երազն է-շքե՛ղ, շողշողո՛ւն,
Աչերդ՝ պայծա՜ռ, աչերդ՝ անո՛ւշ:
1909
Գերեզմանս անյայտ լինի,
Վերաս քամին շառաչէ.
Վերաս խա՜չ, քա՛ր թող չըլինի,
Մենակ ուռին հառաչէ:
Ա՜խ աշխարհում մարդկանց ձեռէն
Խաչեր շա՜տ եմ, շատ տարել.
Ու վաղո՜ւց էլ սրտիս վրէն
Կան շա՜տ ծանըր, սեւ քարեր...
1899
Մայրիկիս
Հայրենիքէս հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մօրէս բաժանուել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարէն կուգաք, նխշուն հաւքե՜ր,
Ա՜խ, իմ մօրըս տեսել չէ՞ք.
Ծովէն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարեւ բերել չէ՞ք:
Հաւք ու հովեր եկան կշտիս,
Անձէն դիպան ու անցան.
Պապակ-սըրտիս, փափագ-սըրտիս
Անխօս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անոյշ լեզուին
Կարօտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնէ՜կ, երնէ՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մօտըդ, մայրի՛կ ջան:
Երբ քունդ գայ, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբոյր տամ.
Սըրտիդ կպնիմ վառ կարօտով.
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՛կ ջան...
1893 սեպտեմբերի 8, Դրեզդեն
Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր՝
Աչերիդ մէջ շող ցայեմ.
Լուռ գիշերուայ անոյշ հովեր՝
Փունջ մազերդ փայփայեմ:
Կուզե՞ս լինիմ վարդ-նազելի՝
Կրծքիդ վրայ վառվռիմ.
Արշալոյսի շողեր ոսկի
Դէմքիդ վրայ փայլփլիմ:
Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ՝
Քեզ գրկումս նինջ սփռեմ.
Թալուկ ստուեր, թովիչ թռչնիկ,
Օրօր ասեմ, օրօրեմ:
Ինչ որ ցանկաս՝ կուզե՞ս լինիմ,
Լինիմ երկինք ու երկիր,
Լինիմ ծով, ժայռ, արեւ, լուսին,
Միա՛յն, միա՛յն ինձ սիրի՛ր...
1892 Յուլիսի 21, Հառիճ
Դառն ու տրտում
Օր ու գիշեր,
Իմ հէգ սրտում
Անյոյս վշտեր:
Հայրենի տուն՝
Աւար, աւեր,
Արի՛ւն, արի՛ւն.
Անհուն ցաւեր:
Սուրբ մանկիկնե՛ր,
Մեր մայր ու քոյր
Հրին, ջրին
Ու սրին կուր:
Կսկի՛ծ, կսկի՛ծ,
Այսքան կսկի՛ծ,
Ի՜նչպէս տանիմ
Այսքան կսկի՜ծ...
1916 Յուլիսի 3, Ռոզոն
Մեծ Յաղթանակի Օրը
Մեր սուրը փառքով դրեցինք պատեան,-
Մեծ յաղթանակի օրն է ցնծալից.
Պարտուեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են յորդում զուարթ սրտերից:
Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ,
Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով,
Մի մարդ սեղան է բացել տան առաջ,
Լցրել թասերը ոսկեփայլ գինով:
Եւ անցորդներին կանչում է, խնդրում,-
Եղբայրնե՜ր, որդուս կենացը խմե՛նք.
Հերոս է որդիս, յաղթեց թշնամուն,
Ձեր որդիների կենացն էլ խմենք:
Խմում են խինդով, ցնծում երջանիկ,
Եւ զարկում նորից գաւաթներն իրար:
Նրանց մէջ մի հայր ասում է մեղմիկ,-
Է՛ս էլ իմ որդուս հանգստեան համար:
Գլխարկներն իսկոյն հանում են նրանք,
Խոր ակնածանքով լռում են մի պահ.
Խմում են անձայն զոհուածի համար
Եւ հեղում գինին սուրբ հացի վրայ:
1945, Երեւան
Սալնոյ ձորերում, կըռուի ձորերում
Հայդուկն է ընկել խոր վէրքը սըրտին,-
Վէրքը վարդի պէս բացուած, կարմըրուն,
Ու ձեռքն է գըցել կոտրած հրացանին:
Արնոտ դաշտերում ծըղրիդն է ծըղրում,
Հայդուկն է ընկել մահուան խոր քընով.
Հայդուկը հոգում երազ է տեսնում,-
Հայրենի աշխարհն ազա՛տ, ապահո՛վ...
Տեսնում է...արտում հովն է շընկշընկում,
Փայլուն գերանդին զընգում է անո՛յշ.
Ու փոցխ են քաշում սիրուն աղջըկունք՝
Հայդուկի վըրայ երգելով անո՜յշ...
Սալնոյ ձորերում ամպեր են անցնում,
Հայդուկի վըրայ արծիւն է գալիս.
Ա՜խ, սեւ աչերը արծիւն է հանում.
Հայդուկի վըրայ ամպերն են լալիս...
1900 սեպտեմբերի 19, Քիւսնախտ
ԱՌԱԿ
Հաւաքւած մի օր ծառ ու ծիլ բոլոր,
Որ իրենց համար ընտրեն լագաւոր,
Խորհուրդ արեցին եւ դառան ապա
Ասին ձիթենուն.
«Եղի'ր թագաւոր, իշխի'ր մեր վրայ»:
-Իմ ինչի՞ն է պէտք, ասաւ ձիթենին,
Ես իմ գործն ունիմ, չէ՞ որ ամէնքին
Սնունդ եմ բաշխում իմ պտուղներով.
Ես ի՞նչպէս իշխեմ իմ բնութիւնով...»:
Նորից խորհեցին եւ դառան ապա
Ասին թզենուն.
«Եղի'ր թագաւոր, իշխի'ր մեր վրայ»:
-Ո'չ, ինձ յարմար չէ, ասաւ թզենին,
Ես հաճելի եմ չէ՞ որ ամէնքին
Քաղցր ու անուշ իմ պտուղներով:
Ես ի՞նչպէս իշխեմ իմ քաղցրութիւնով»:
Խորհուրդ արեցին եւ խաղողենուն
Եկան դիմեցին:
-Ի՞նչեր էք ասում,
Թողնե՞մ իմ գինին ոսկի ու պայծառ,
Որ ուրախութեամբ լցնում է աշխարհ,
Զուարթ երգերով թնդում սար ու ձոր.
Ո'չ, իմ բանը չէ լինել թագաւոր...»
Երկար խորհեցին ծառ ու ծիլ բոլոր,
Որ չոր տատասկին անեն թագաւոր.
Ծառ ու ծիլ բոլոր հաւաքւած, եկան
Եւ հեզ ու խոնարհ խնդրեցին նրան.
«Եղի'ր թագաւոր, իշխի'ր մեր վրայ»:
Եւ սէգ ու հպարտ պատասխանեց նա.
-«Կ'ըլնիմ թագաւոր եւ դրա համար
Իմ սուր փուշերով եւ շա՜տ եմ յարմար,
Կը խայթեմ նրան, կը խոցեմ խորին,
Ով չհնազանդի իմ օրէնքներին.
Իմ թփերի տակ մտէք ապաստան»:
Ասաւ եւ սրեց փշերը դաժան...:
Կ. Պոլիս, 1911 Հոկտ. 4 Աւետիք Իսահակեան



Մեջբերել