Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: ԳԷՈՐԳ ԷՄԻՆ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք ԳԷՈՐԳ ԷՄԻՆ

    Կեանքում յաճա՜խ է այդպէս պատահում.-
    Ինչքա՜ն կանայք կան այս լայն աշխարհում,
    Որ քո կողքի՜ն են,
    ձեր նո՛յն քաղաքում.
    Յաճախ նո՛յն մայթում
    Կամ նո՛յն տան բակում,
    Բայց...
    Այնքա՜ն գիտես դու նրանց մասին,
    Ինչքան որ Սի՛սը... Մասիսի՛ մասին...

    Այո՛, յաճա՜խ է այդպէս պատահում.-
    Բայց մի գիշեր է լինում աշխարհում,
    Որ, երբ նայում ես մէկի աչքերին,
    Սիրոյ կարօտից ճաքաց շուրթերին,
    Բռնում ես մէկի ձեռքը տագնապով,
    Շոյո՜ւմ այդ ձեռքը մատներիդ տապով,
    Մի վայրկեանի մէջ,
    կամ ակընթարթում,
    Նրա ողջ կեա՜նքն ես գրքի պէս կարդում...

    Եւ հեռո՜ւ-հեռո՜ւ մի գիւղ, կամ քաղաք,
    Լեռնային գետի մի խե՜նթ աղաղակ,
    Մի տուն՝ մոլորուա՜ծ օտար քաղաքում.
    Մի ծառ՝ խոնարհուած անծանօթ մայթում,
    Այնպէ՜ս են յանկարծ հարազատ դառնում,
    Որ... զարմանո՜ւմ ես
    ու չե՜ս հասկանում,
    Թէ մինչեւ այսօր
    Դու առանց դրա
    Ինչպէ՜ս ես ապրել այս փուչ աշխարհում...

    ... Ափսո՜ս, որ... քի՜չ է այդպէս պատահում:
    Գ. ԷՄԻՆ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. ԳԷՈՐԳ ԷՄԻՆ

    Գէորգ Էմին

    (1919-1998)

    Ծննդեան 90-ամեակին առթիւ

    Աւազանի անունով Կարլեն Մուրատեան, ծնած է Աշտարակ։ Խորհրդահայ տաղանդաւոր բանաստեղծ եւ գրական հանրային գործիչ, միջնակարգ կրթութիւնը ստացած է ծնընդավայրին մէջ, իսկ բարձրագոյն ուսումը Երեւանի ճարտարապետական հաստատութենէն ներս։ Բնատուր տաղանդը եւ գրական գիտելիքները կատարելագործած է հետեւելով Մոսկուայի հայ արուեստի տան եւ գրական բարձրագոյն դասընթացքներուն։ Եղած է գրական հանդէսներու թղթակից եւ խմբագիր։ Մոսկուայի համալսարանէն ներս դասախօսած է հայ գրականութիւն։ Զոյգ առիթներով արժանացած է Խորհրդային Միութեան եւ Չարենցի անուան մրցանակներուն։

    Գէորգ Էմինի առաջին ժողովածուի «Նախաշաւիղ» բանաստեղծութիւնները կեանքի եւ սիրոյ վերաբերեալ քնարական խոհեր են, բանաստեղծական ինքնութեան որոշումներ։ Սակայն հանրաճանաչ կը դառնայ յետպատերազմեան տարիներուն հրատարակուած իր գրքերով՝ «Նորք», «Որոնումներ», «Երկու Ճանապարհ», «Մինչեւ Այսօր», «Այս տարիքում», «Քսաներորդ Դար», բոլորն ալ չափածոյ, եւ «Եօթ Երգ Հայաստանի Մասին» հրապարակախօսական գիրքը։

    Մտերմիկ զգացումներ եւ յոյզեր չեն պակսիր Էմինի տողերուն մէջ, սակայն զինք առաւել չափով համակողը քաղաքացիական հայրենասիրական նիւթերն են, հայերգութիւնը, հայրեներգութիւնը, մարդերգութիւնը…։ Ստորեւ՝ մեր օրերուն աշխարհի տարբեր կողմերը ապրող հայերուն բանաստեղծական հաւաքական պատկերը.-

    Կոթողները իրար չե՜ն նմանում՝
    Ինչքան հայ՝ այնքան էլ Հայաստան.-
    Եղեռնով ցրուած ողջ աշխարհում,
    Հայրենի կարօտով միաբա՜ն։ («Գեղարդի Վանքը»)։

    Էմինը գիւտերու բանաստեղծն է. գիտէ տողը, քերթուածը անսպասելի խօսուն եւ զօրաւոր պատկերով մը եզրափակել։ Կը խօսի օրինակով, երգը՝ բանաստեղծական խօսքը զգոյշ գործածելու մասին եւ իր միտքը կ՛եզրափակէ փամփուշտին ու տառին նմանութեան անկակնկալ պատկերով.-

    Երգը զէնքի պէս զգո՜յշ գործածիր,
    Երբ խա՜ռն է դարը.
    Նոյն արճիճից են ձուլում իմացի՛ր,
    Գնդակն ու…, տա՛ռը։

    Գիտէ արտաքուստ աննշան, անակնկալ պատկերի մը մէջ մուծել վիթխարի ոյժ ունեցող յոյզ եւ գաղափար, կատարել խոշոր ընդհանրացում։

    Ես այնպէ՜ս եմ ելնում իմ տնից,
    Կարծես թէ մտնում եմ… իմ տո՜ւնը…։ («Իմ Գործը»)։

    Կարծէք թէ բանաստեղծին եւ իր միջավայրի մարդոց եղբայրութեան գաղափարը անկարելի է աւելի զօրաւոր կերպով արտայայտել, քան այս մէկ հատիկ տողով. «Կարծես թէ մտնում եմ… իմ տո՜ւնը»։ Հարազատ օջախի խորհրդանիշ տան պատկերը այստեղ ունի մեծ խորհուրդ. ամբողջ երկիրը բանաստեղծին կ՛երեւի իբր սրտի մօտ՝ սիրելի տուն։

    «Արաքսի Ափին» քերթուածին մէջ՝ Թուրքիայէն «առանց վիզայի» այս ափը թեւած ճնճղուկները «թառեցնելով», «մի նոր ոստանի, մի նոր շէնքի ու արձանի ուսին» այս երեք սեղմ պատկերներուն միջոցով, Գ. Էմին կը յաջողի ստեղծել նոր Հայաստանի գունագեղ համայնապատկերը։ Ոստանը երկիրն է, առօրեայ կեանքը, շէնքը՝ տուն, բոյն, իսկ արձանը՝ ծաղկուն գեղարուեստը։

    Գ. Էմին ունի նաեւ արձակ էջեր՝ «Եօթ երգ Հայաստանի մասին», զոր ինք կը կոչէ «Գիրք Հայրենաշունչ»։ Այն՝ քնարաշունչ ասք մըն է Հայաստանի քարին, ջուրին, երգին, ժողովուրդի ապրած դարուն մասին։ Գիրքին էջերէն կենդանի գոյներով ընթերցողին կը ներկայանան ամբողջ հայոց պատմութիւնը, ազգային մեր հպարտութիւնը, ամէնէն աւելի շեշտուած սակայն՝ մեր պանծալի ներկան, ժողովուրդին հրաշալի յարութիւնը։

    Էմինի ստեղծագործութիւններով ստեղծուած են փաստավաւերագրական ժապաւէններ, որոնցմէ «Եօթը Երգ Հայաստանի մասին» ֆիլմը արժանացած է անդրկովկասեան եւ ուկրանական ժապաւէններու երեւանեան փառատօնի գլխաւոր՝ «Պրոմէթէոս» լինինգրադեան համամիութենական փառատօնի երկրորդ մրցանակներուն։

    Էմին ունի մեծ թուով թարգմանութիւններ օտար հեղինակներէ եւ հրատարակած է զանոնք խորիմաստ եւ խօսուն վերնագրի մը տակ՝ «Այն, ինչ ե՜ս պիտի գրէի…»։ Ինչ որ կը նշանակէ, որ իր թարգմանած գործերը իր սըրտին մօտիկ ու ներդաշնակ ստեղծագործութիւններ են։

    «Եօթ Երգ Հայաստանի Մասին» իր ստեղծագործութեան մէջ Գ. Էմին Ծաղկաձորի մէջ ականջալուր կը դառնայ բանակավայրի տեղացի եւ սփիւռքահայ պատանիներու ողջերթի առթիւ փոխանակուած խօսքերուն, յատկապէս, երբ վերջինները անպայմանօրէն կ՛ուզեն հո՛ն մնալ, հայրենիք։ Եւ կը յիշէ Եղեռնի առիթով բաժնուած, զիրար կորսնցնող, զիրար փնտռող տան անդամները, որոնք կ՛ապրին ցիր ու ցան, նետուած դէս ու դէն…

    Երկար տարիներ աշխարհի զանազան կողմերը լոյս տեսնող թերթերու մեծ մասը լեցուն էին «Կը Փնտռե՜ն» տխուր յայտարարութիւններով։

    Սակայն հարիւր հազարաւոր հայերու համար անոնք տակաւին բաներ են, եւ զուրկ՝ ուրիշ ազգի մարդոց համար սովորական, մարդկային այդ շնորհքէն անգամ…

    Մարդը ծնած է Արեւմտեան Հայաստան,իր հայրենիքը Հայաստանն է, իսկ բնակութեան վայրը՝ Բեյրութ կամ Նիւ-Յորք…։

    Դեռ արիւնոտ յաթաղանի հարուածով, ժողովուրդն ու հողը հատուա՜ծ ու զատուա՜ծ են իրարից, դեռ ան ժողովո՜ւրդ է մեր հայրենի հողի մեծ մասը, իսկ մեր ժողովուրդի կէսը՝ անհո՜ղ ու անհայրենի՜ք…։

    Դեռ կան ամէնէ՝ն մեծ փնտռողները, որոնց պահանջ-աղաղակը կը թնդայ աշխարհով մէկ. «Ես հո՜ղն եմ, ես կը փնտռեմ իմ ժողովուրդը…Ես ժողովուրդն եմ, ես իմ հո՜ղը կը փնտռեմ եւ կը պահանջեմ…»։

    Դեռ հայը որպէս զբօսաշրջիկ կու գայ իր հայրենիքը, որպէս հիւր կը մտնէ իր հարազատ տունը եւ,- Օ՜, բախտի չար կատակ, իր հարազատ օջախէն կը վերադառնայ ո՞ւր…տո՜ւն», որ Ֆրեզնօ է, Դամասկոս կամ Նիցցա։

    Դեռ…բայց կը շարունակուի կեանքը, կը շարունակուի՜ պատմութիւնը ու աշխարհի բոլոր կողմերէն հայրենիք կը վերադառնան տարագիր հայերը՝ առանձին կամ ընտանիքներով, գնացքով ու ինքնաթիռով, մեքենաներով ու նաւերով։

    Եւ եթէ երգ մըն ալ աւելնար, Հայաստանի այս եօթը երգերուն, ապա այդ երգը պիտի կոչուէր Երգ սպասման, երգ կարաւանի կամ երգ կատարուող երազի, որ ո՛չ թէ մարդ մը տեսած է եւ միայն մէ՛կ գիշեր, այլ ամբո՜ղջ ժողովուրդ մը, եւ այն ալ տարիներո՜վ ու դարերո՜վ…։

    …Դեռ պիտի վերադառնա՜ն բոլո՜ր պանդուխտ ու թափառական հայերը, արժանանա՜ն իրենց հայրենի տանն ու հողին, իրենց նո՜ր հայրենիքին.-
    Իմ նո՜ր, հայրենիք, հզօ՜ր հայրենիք
    Պիտի գովեն, այո՛, իրենց նոր ու հզօր հայրենիքը.-
    Այն երկի՜րը, որ դարեր շարունակ տառապել է պատերազմներից ու ասպատակութիւններից ու նո՜ր ՝ միայն զգում խաղաղ կեանքի ու աշխատանքի հմայքը։
    Քարաշատ այն երկի՜րը, որն իր ուսերից ընկած տառապանքի քարով երջանկութեան տո՜ւն է կառուցում։
    Այն երկի՜րը, որի հողը դարեր շարունակ ջրուել է դառն քրտինքով ու արեամբ եւ նոր է միայն տալիս մարդուն իր դարերով կուտակած քաղցրութիւնը։
    Եղէգան փողի հրից ու բոցից ծնուած այն երկի՜րը, որ դարեր շարունակ տապակւո՜ւմ իր չար կրակներից եւ նո՜ր է միայն ջերմանում հնոցների ու գործարանների բարի հուրերից։
    Իմաստուն մագաղաթների ու գրքերի այն երկի՜րը, որն իր երեսունվեց հնամեայ տառերով գրում է նոր կեանքի ու գալիքի լուսաւոր պատուիրանները։
    Եւ այն երկի՜րը, որի՝ սկզբում լեռների մէջ կորած, իսկ ապա օտար ափերում կռունկի պէս թեւածող երգերը այսօր հասնում են բոլոր ազգերին ու աշխարհներին…։

    Կցված նկարներ Կցված նկարներ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. ԳԷՈՐԳ ԷՄԻՆ

    ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԸ

    «Ձայն բարբառոյ յանապատի...»

    Ամէն հարց կեանքում
    Պատասխա՛ն ունի
    Բացի... մի՛ հարցից-
    Անիծեա՜լ հարցից՝
    Միա՜կ, եզակի՜ եւ անզուգակա՜ն.-

    Ո՞վ չգիտէ,
    Որ դարերից ի վեր
    «Հայոց հարցը» կա՛յ,
    Բայց լսե՞լ էք,
    Որ երբեւէ լինէր... «Հայոց պատասխա՜ն»

    Պատասխան չկա՜յ
    Պատասխան չկա՜յ...

    Հարցը՝ զրկուա՜ծը
    Ազնի՜ւ-արդա՛րն է միայն ունենում.
    Չար-անարդարը
    Հարցն ի՜նչ է անում.-
    Նա լոկ արդարի
    Հո՛ղն ու երկի՛րն է
    Հարցականի՛ ու հարցի տակ դնո՛ւմ.

    Նա հարցեր չունի՜-
    Նա ունի միայն
    Հարց տուողների բերանը փակող
    Եաթաղաննե՛ր ու զէնքե՛ր մարդասպան -
    Իբրեւ արդարի հարցին պատասխա՛ն...

    ... Կա՞յ մէկն աշխարհում,
    Որը չիմանայ «Հարցը Հայկական»
    Բայց լսե՞լ էք,
    Որ երբեւէ լինէր... «Հայոց պատասխա՜ն»

    Ոչ պարսկակա՛ն, ոչ թուրքակա՛ն,-
    Հայի հայկակա՛նն եմ ուզում,
    Ոչ տարագի՛ր, ոչ գաղթակա՛ն,-
    Հայ ազգը՝ իր տա՛նն եմ ուզում.
    Իմ վաղեմի՜, ազնի՛ւ հայցին
    Արդար դատաստա՛ն եմ ուզում,
    Յոգնե՜լ եմ ես «Հայոց հարցի՛ց»
    «Հայոց... պատասխա՛ն» եմ ուզում:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գևորգ Էմին. Խոսիր, Հայաստան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.12.2007, 18:30

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •