ՀՀ երաժշտական դաշտը
«Ապրու՞մ է այն գործը, որի համար ես մեռայ»
Կոմիտաս` Փարիզի հոգեբուժարան
Արուեստագիտութեան թեկնածու, դոցենտ Մհեր Նավոյեանն ասում է, որ որեւէ ժողովրդի երաժշտական մշակոյթ, նրա հոգեւոր կենսագրութեան կարեւոր բաղադրիչներից մեկն է, այսինքն` ծնւում է ժողովրդի հետ միասին եւ ապրում է ժողովրդի հետ: Հայ ժողովրդի ծագման ժամանակաշրջանը այն ժամանակաշրջանն է, երբ ծագել է հայ երաժշտութիւնը եւ` հակառակը:
«Ի՞նչ երաժշտութիւն էք սիրում» հարցը տուեցինք մօտ 50 երիտասարդի` ԵՊՀ շրջակայքում: Հարցուածներից միայն 2-ը պատասխանեցին` ազգագրական: Հիմնական պատասխաններն էին` արտասահմանեան, պոպ, ռոք, ռուսական, հայկական էստրադա, ռաբիզ, դասական, ամէն ինչ եւ այլն: Յիշեցնեմ, որ նման պատասխաններ մենք ստացանք գերազանցապէս Հայաստանի մայր ԲՈՒՀ-ի ուսանողներից:
Սակայն 40 տարեկանին մօտ մարդկանց շրջանում հարցման ընթացքում պարզեցինք, որ նրանց գերակշիռ մասը հակուած է ազգային երաժշտութեանը, միեւնոյն ժամանակ նրանք բողոքում էին հեռուստա-ռադիոեթերում դրանց բացակայութիւնից:
ՀՀ ռադիոոլորտի մասնակի ուսումնասիրման արդիւնքում պարզեցինք, որ մօտ մեկ տասնեակի հասնող հայկական ռադիոկայաններից միայն «Իմպուլս» 106.5 ռադիոկայանում է ազգային երաժշտութիւնը գերադասւում այլ ոճերից: Միւս ռադիոկայաններում պատկերը կտրուկ փոխւում է: «Իմպուլս» ռադիոկայանում կան նաեւ ազգագրական երաժշտութեանը նուիրուած հաղորդաշարեր, որոնք բացակայում են այլ ռադիոկայանների, նոյնիսկ` Հանրային ռադիոյի եթերից:
Ամեն օր, երկու ժամ ազգային երաժշտութիւն եթեր է հեռարձակում «Ռադիո Հայ»-ը, մասամբ` Հանրային ռադիոն, ՎԵՄ-ը եւ վերջ: Հայկական այլ ռադիոկայաններից լաւագոյն դէպքում հնչում է հայկական էստրադա, որը ես կը նախընտրէի անուանել հայերէն էստրադա, որովհետեւ այստեղ բացի աղճատուած հայերէնից, որեւէ այլ հայկական տարր չկայ:
Նոյն վիճակն է տիրում նաեւ հեռուստաեթերում: Սակայն այն, որ ազգային երաժշտութեան նկատմամբ կայ պահանջարկ, ապացուցում է Հանրային հեռուստաընկերութեան «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարը, որտեղ երգեր պատուիրում են ունկնդիրները, եւ որի երգացանկում հիմնականում ազգային երգեր են:
Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում ազգային երաժշտութեան նկատմամբ մեր եթերային դաշտի նման վերաբերմունքը, որը մեր կարծիքով պայմանաւոր է զուտ առեւտրային նպատակներով:
Ժողովրդական երաժշտութիւնից կտրուելը բերում է նրան, որ տուեալ ազգի ներկայացուցիչը կտրւում է այդ ազգի հետ նոյնականացումից, այսինքն` մեծանում է նրա ձուլման, ուծացման հաւանականութիւնը եւ նոյնիսկ բերում է ձուլման:
«Այն, ինչ կոչւում է ազգային ինքնագիտակցութիւն, քանի դեռ այն կայ եւ քանի դեռ ժողովուրդն ինքն իրեն տարբերում է այլ ժողովուրդներից,- ասում է Մ. Նավոյեանը,- այնքան ժամանակ ժողովրդական երաժշտութիւնը կայ, իսկ այն պահից, երբ ժողովուրդը սկսում է խառնուել այլ ժողովուրդներին, իր չափորոշիչները սկսում է խառնել այլ ժողովուրդներին, այդ պահից փոխւում է նաեւ նրա երաժշտութիւնը»:
Ազգերի միջեւ տարբերութիւնը նրանց անդամներն առաջին հերթին զգում են մշակութային տարբերութեամբ, եւ այդ մշակութային տարբերութիւնն էլ հիմնական արգելակման համակարգն է, որը խոչընդհոտում է ձուլմանը:
«Որեւէ ժողովրդի ինքնաճանաչումը, ինքնանոյնականացումը, պարտադիր հոգեւոր-մշակութային գործընթաց է,- շարունակում է Մ. Նավոյեանը:- Այսինքն` մենք այլ ժողովուրդներից տարբերւում ենք առաջին հերթին մեր մշակութային կուտակուածքով: Խառնէք այդ կուտակուածքը ուրիշին, փչացրեք այն, եւ դուք տարբերակուելու հնարաւորութիւն չէք ունենայ, դուք կը շփոթուէք, կը լուծուէք ուրիշների մէջ: Տեղի կունենայ ազգային կառուցուածքի լղոզուածք»:
Դավիթ Ջամալեանը Հայաստանի երաժշտական ոլորտի ամենալուրջ խնդիրներից է համարում «ռաբիզ» կոչուած երաժշտական ոճի լայն ժողովրդականութիւնը: «Այստեղ վտանգը այն է, որ հայկական երգի անուան տակ մատուցւում է թուրքական երաժշտութիւն` հայերէն բառերով: Սա մեր ինքնագիտակցութեանը, ինքնութեանը հասցւող շատ լուրջ հարուած է: Փաստօրէն հայ երիտասարդը թուրքական երաժշտութիւնը համարում է հայկական, միայն այն բանի համար, որ բառերը հայերէն են: Սա մշակութային տարածումի մի շատ հետաքրքիր դրսեւորում է: Այստեղ մենք առընչւում ենք հոգեբանական պատերազմի դրսեւորումներից մեկին, երբ մշակոյթը հանդիսանում է հոգեբանական ազդեցութեան միջոց եւ գործիք»:
Անուանի հոգեբան Ալբերտ Նալչաջեանը նշում է, որ ժամանակակից ցածրորակ «պոպ արուեստը», զանազան այլ օտար ներխուժումները կարող են բերել նրան, որ ազգը կարող է փոխուել, նրա ինքնապաշտպանական ուժերը կարող են թուլանալ: «Վճռական պահերին մենք, հնարաւոր է` այն եռանդը չկարողանանք ցուցաբերել, որոնք պէտք են յաղթանակի հասնելու համար»:
Հաշուի առնելով ազգային երաժշտութեան նման հսկայական նշանակութիւնը` անհրաժեշտ է, որ ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը որդեգրի յստակ քաղաքականութիւն` ազգային երաժշտութեան քարոզման ուղղութեամբ: Արդէն որոշ քայլեր արւում են, մասնավորապէս 2008թ-ին ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը դրամաշնորհ էր յայտարարել ազգագրական երաժշտութեանը նուիրված լաւագոյն ռադիոհաղորդման համար: Ցավօք, ծրագիրը կարճաժամկէտ էր:
Սակայն կարեւոր է, որ նման միջոցառումները լինեն պարբերական եւ ընդգրկեն յատկապէս հանրային հեռուստա-ռադիոոլորտը: Հանրային հեռուստատեսութիւնում, որը ունի հայութեան շրջանում ամենամեծ սփռումը, չկայ ոչ մի հաղորդաշար, որը պարբերաբար հնչեցնի ազգային երաժշտութիւն, իսկ ադրբեջանական կամ թուրքական հեռուստաեթերներում մշտապէս հնչում է իրենց «ազգային» երաժշտութիւնը:
Այս պարագայում անհրաժեշտ է, որ մշակոյթի նախարարութիւնը օրէնք ընդունի, ըստ որի` բոլոր հեռուստաընկերութիւններին եւ ռադիոընկերութիւններին պարտադրուի երաժշտական եթերի մի մասը յատկացնել ազգային երաժշտութեանը, որովհետեւ այլ կերպ ազգային երաժշտութիւնը, ժամանակակից ԶԼՄ-ների առեւտրայնացման պայմաններում, հանրային ոլորտից կարող է անհետանալ, ինչի հետեւանքների մասին վերը նշուեց:
Ռազմահայրենասիրական երգարուեստ
«Հռոմը գնում է դեպի կործանման, որովհետեւ երգիչները դադարել են դաստիարակելուց եւ միայն զուարճացնում են»:
Լուկիավոս` յոյն պատմաբան (մթ. 120-180)
Ինքնապաշտպանական ուժերի զգօնութեան, հայրենասիրական դաստիարակութեան, բանակի ոգու բարձրացման համար նոյնպէս կարեւոր են երգերը: Իսկ ի՞նչ երգեր են այսօր երգւում բանակի համար:
Հեռու չգնալով`ստորեւ կներկայացնենք ՀՀ ԶՈՒ կազմաւորման 16-րդ տարեդարձին նուիրուած համերգը, որը կազմակերպել էր « Շարմ հոլդինգը»` 2008թ.-ի յունուարի 28-ին: Համերգն անցավ «16-Հայկական Բանակ» խորագրով (Ի դեպ` 16 տարեկան է ՀՀ ԶՈՒ-ն, իսկ Հայկական Բանակը` առնուազն մի քանի հազար տարեկան է):
Մի կողմ թողնելով դատողութիւնները, թե որքանով էին ազգային այնտեղ հնչած երգերը, նրանց որ մասն էր վերցուած ռազմահայրենասիրական երգերի մեր մեծ ժառանգութիւնից (ազգային, ռազմահայրենասիրական երգեր ընդհանրապես չկային)` շեշտը կդնենք միայն երգերի հաղորդած իմաստային տեքստերի բովանդակութեան վրայ, քանի որ յայտնի է, որ հաճելի երաժշտութեան ուղեկցութեամբ հաղորդվող երգի տեքստն ազդում է մեզ վրայ` ենթագիտակցական մակարդակում:
Պետք է նկատել, որ համերգի ընթացքում կային մի շարք երգեր, որտեղ բանակում ծառայելուց աւելի շատ, կարեւորւում էր ծառայութիւնից վերադարձը եւ բանակում ծառայելը ներկայացվում էր որպէս մի պարտականութիւն, որին մի կերպ պէտք է դիմանալ:
Օրինակ` «Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու եւ ապրեմ այստեղ, իմ երկրում ուժեղ: Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու, իմ խղճի դիմաց պարտքս կատարած» («Ծառայելու եմ ես», երաժշտութիւն` Արմեն Մարտիրոսեանի, խօսք` Աւետ Բարսեղեանի, կատարողներ` Տիկո, Գոռ, Նարեկ Բավեյեան: Մէջբերումը կրկներգից էր):
Մեկ այլ տեղ` «Մի նամակ, մի համբոյր, մի տխրիր դու ի զուր, սիրելիս սպասիր կգամ ու քո զինուորը կդառնամ»: («Մի նամակ», հեղինակ` Մարինէ Թագակչեան, կատարող` Արամէ: Մէջբերումը կրկներգից էր):
Աւելի պարզ տեսնելու համար ռազմահայրենասիրական ժանրի նահանջը ժամանակակից հայկական երգարուեստի ոլորտում, ստորեւ մէջբերում ենք մօտ հարիւր տարի առաջ ժողովրդի կողմից ստեղծուած` «Ձայն տուր, ով Ֆեդայ» երգից:
Ձայն տուր, ով ֆեդայ, ինչո՞ւ ես տրտում,
Լուռ ու մունջ նստած, երկար մտածում,
Աւա~ղ, երկար մտածում:
Տխուր, երկար մտածում:
Շարժեցէ'ք տղերք սուրեր շողողուն,
Թափեցէ'ք կրակ թշնամեաց գլխուն,
Գազան թշնամեաց գլխուն,
Դաժան թշնամեաց գլխուն:
Եւ այլն…
Այստեղ նպատակը յստակ է` պէտք է կռուել, պէտք է ոչնչացնել թշնամուն, իսկ վերը նշուած ժամանակակից երգերում կարծես թե գլխաւոր նպատակը բանակից վերադառնալն է, բացի այդ` չկայ ոչ մի խօսք թշնամու մասին:
Հակառակորդին յստակ մատնանշելու նմանատիպ օրինակներ մենք տեսնում ենք նաեւ այլ ազգերի ռազմահայրենասիրական երգարվեստում:
Ռազմահայրենասիրական երգը իւրաքանչիւր ազգի ռազմական աւանդոյթների կարեւորագոյն տարրն է եւ կարող է ազդել մարդկանց վրայ` ենթագիտակցական մակարդակում: Ռազմահայրենասիրական երգով մարդիկ պէտք է գնան կռուելու, մեռնելու յանուն Հայրենիքի, իսկ «Մի նամակ», «Ես շուտով տուն կգամ», «Կեցցէ արձակուրդներ» եւ նմանատիպ երգերով հաստատ չեն գնայ պատերազմի: Դրանք խորհրդային շրջանի հայրենասիրական երգերի աւանդոյթների շարունակողներն են, իսկ այդ շրջանի նման երգերն աւելի միջազգային էին եւ չէին կարող արտայայտել առանձին ազգերի աւանդոյթները: Բացի այդ, կարելի՞ է արդեօք թոյլ տալ, որ բանակի տօնին նուիրուած համերգին չկատարուեն մեր լաւագոյն աւանդական ռազմահայրենասիրական երգերը, որոնցում կան հայկական ռազմական աւանդոյթները եւ որոնցով հայերը դարերով կռիւ են գնացել:
Ընդհանրապէս, ժամանակակից հայրենասիրական երգերում եւ մասնավորապէս «Հայկական բանակ-16» տօնական համերգացանկում գերազանցում են տխուր, թախծոտ տօնայնութիւն ունեցող երգերը, ինչը նոյնպէս չի կարող անհետեւանք մնալ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրայ բացասական ազդեցութեան առումով:
Օրինակ` «Հայկական բանակ-16»-ում հնչած 15 երգերից միայն մեկ երգ էր («Տեր աստուած, ուժ տուր մեզ», հեղինակ` Վաչէ Ավեյեան, կատարող` Արման Յովհաննիսեան), որը յստակ ոգեւորող զգացմունքներ էր առաջացնում, մնացած 14-ը մելամաղձոտ տրամադրութիւն էին հաղորդում:
Թախծոտ երաժշտութեան հետ կապուած եւս մեկ դիտարկում` հայկական տարբեր հեռուստաալիքների «հիթ շքերթներին» մօտ մեկ ամիս (2008թ. յունիս-յուլիս) հետեւելու ընթացքում պարզուեց, որ բացարձակ մեծամասնութիւնում` 70-80 տոկոս, գերակշռող են տխուր երգերը:
Եթե այս ամենին գումարենք այն, որ հայ հանրութեան մի մեծ զանգուած էլ գերադասում է պակիստանա-թիւրքական ծագում ունեցող «ռաբիզ» երաժշտական ոճը, որում նոյնպէս գերազանցապէս «թախծոտ» երգեր են, ապա պարզ է դառնում, թէ ինչու է Հայաստանը զբաղեցնում 96-րդ տեղն 97 երկրներում անցկացուած հարցումների արդիւնքում, որի նպատակն էր պարզել, թէ որքանով են իրենց երջանիկ համարում այդ երկրների բնակիչները:
Ինչպէս տեսանք, երաժշտութիւնն այն գործիքն է, որի միջոցով կարելի է ազդել հանրութեան բարոյական նկարագրի, ազգային ոգու, հայրենասիրական զգացումների վրայ: Այդ պատճառով, պետական լուրջ մօտեցումը նման հարցերին խիստ կարեւոր է: Սակայն հոգեբանական ազդեցութեան այլ ոլորտների նման` այստեղ էլ մեզանում բարձիթողութիւն է տիրում, մինչդեռ շատ հոգեբանական, հայրենասիրական-դաստիարակչական խնդիրներ կարելի է լուծել հե՛նց երաժշտութեան միջոցով: