«ԳԾԱՆԿԱՐԻՑ ԱՍԵՍ ՆԵՐՔԻՆ ԼՈՅՍ Է ՅՈՐԴՈՒՄ»
Հ. Իգիթեան 1978, պատկերուած
իբրեւ Աբու Լալա Մահարի, գործ՝
Ռուդոլֆ Խաչատրեանի
Առհասարակ հայ մշակոյթի եւ մասնաւորաբար հայրենի կերպարուեստի բնագաւառին մէջ հսկայական ներդրում ունէր Հենրիկ Իգիթեան: Այս առումով մեծ եղաւ անոր կորուստը, մեծ նաեւ իր մահուան ցաւը յատկապէս երիտասարդ կերպարուեստագէտներու համար:
Ստորեւ կու տանք քանի մը նմուշ իր արուեստաբանական յօդուածներէն, որոնք ընդհանուր գաղափար մը կու տան նաեւ թէ՛ իր վերլուծական կարողականութեան եւ թէ՛ հետապնդած արուեստի ազգային գիծի մասին:
Ռուդոլֆ Խաչատրեանն ի սպառ մերժում է պատմողականութիւնը, որոնք յաճախ դառնում են հանդիսատես գրաւելու նեցուկ եւ ուղեկցող միջոց: Նման մօտեցումը պարտաւորեցնում է անսահման մաքրութիւն, պահանջում արիութիւն ու վարպետութիւն: Հրաժարումը կեղծ բացառիկութիւնից քչերին է տրուած: Իւրաքանչիւր գեղարուեստական տեսակէտ՝ նոր թէ հին, իրական է լոկ այն ժամանակ, երբ գտնում է ճշմարիտի նորանոր հաստատումներ: Այս դէպքում արուեստագէտը միշտ նորարար է:
Բնութեան վերարտադրման ողջ ճշգրտութեամբ հանդերձ, Ռուդոլֆ Խաչատրեանը ոչ միայն չի խուսափում «ճշգրտութիւն» եզրից, այլ ընդհակառակը, նախանձախնդիր, մինչեւ արտեւանունքները նկարելու աստիճան հաստատում է այն, քանի որ շատ հեռու է բնապաշտական ու լուսանկարչական վաւերացումից: Հնարաւոր է, որ նման պնդումը թուայ փոքր-ինչ «պարադոքսալ»:
Սակայն, բանն իրօք այդպէս է, քանի որ նկարչին յուզում են լոյսի, ստուերի խնդիրները, թանձր ու միաժամանակ հազիւ նշմարելի գծերի զուգորդումը: Արուեստագէտը չի դիմում գոյնի: Միգուցէ նա օժտուած էլ չէ գունանկարչի ձիրքով: Սակայն այստեղ բացը դարձել է առաւելութիւն. նրա գծանկարներում այնքան որոշակի դեր է կատարում երանգը, որ ասես զգում ես գոյնը: Ռուդոլֆ Խաչատրեանը տպաւորութիւններ չի որոնում եւ ամէնից շատ ձգտում է որակի: Նրա նկարները մէկը միւսից կատարեալ են ճշմարտութեամբ, մաքրութեամբ: Գծանկարից ասես ներքին լոյս է յորդում: Նկարչի համար հաւասարապէս հետաքրքիր ու նշանակալից են թէ՛ սոխը, թէ՛ կոճակը, թէ՛ մազաթելը, թէ՛ նկարուողի աչքերը, ամէնին նա վերաբերում է միեւնոյն սիրով եւ ուշադրութեամբ: Խաչատրեանի գծանկարչական երկերում ամենագլխաւորը շեշտն է: Դա հէնց այն գործօնն է, որ չի բաւականացնում շատ, նոյնիսկ լաւ, աւելի ճիշդ՝ գրագէտ գծանկարիչների: Շեշտի ճշգրտութիւնն ու դիպուկութիւնը, գծի զօրեղացումը կամ թուլացումը Ռուդոլֆ Խաչատրեանի նկարներին մի յատուկ նրբագեղութիւն են հաղորդում: Նրան յատուկ են առարկայ, գեղեցկութեան առարկայ ստեղծելու կարողութիւնը, մշտական ձգտումը՝ յաղթահարել անհասանելի արգելապատնեշը: Չէ՞ որ շատ նկարիչների շտապողականութեան ու «կտրիճութեան» տակ յաճախ պահուած է քանակական կուտակման ձգտումը, որն, աւաղ, միշտ չէ, որ յանգեցնում է որակի, մշտական արժէքի ստեղծման:
Բնութեան գաղտնիքը ակնթարթների անվերջանալիութեան, նրանց անսպառութեան մէջ է: Կարելի է գծաքաշով արագ ու արտայայտիչ նկար ստեղծել: Բայց աւելի բարդ խնդիր է, մաքրութիւնը պահպանելով, տեւական նկարասեանսների յուզական լարուածութեանը դիմանալը՝ առանց սրբիչի դիմելու: Քսան երեսուն «սեանս»ի ընթացքում ծագում են յատկապէս լարուած յուզական ակնթարթներ: Դրանց տոկոսային կուտակումը նկարչի ամենամեծ երազանքն է: Վերջին հաշուով, հէնց այդ կուտակման շնորհիւ է ծնւում կատարեալը արուեստում: Այստեղ բաւական չեն բնազդն ու արհեստը: Բանը «աստուածային» հաղորդակցումն է բնութեան հետ, օրգանական միաձուլումը նրան, երբ սեփական «ես»-ը չի համահարթւում, չի կորչում, այլ ընդհակառակը՝ հաստատում է նոր նիւթի ծնունդը, որն արդիւնք է մարդու բանականութեան, մի հանելուկ, որ պատկանելու է յաւիտենութեանը:



Մեջբերել