Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Սերգեյ Գորոդեցկի

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Սերգեյ Գորոդեցկի

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ ԿԱՄ «ԱՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԴՐԱԽՏ, ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ ՎԱՆ»



    Հայաստան ասելիս այտերս այրւում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալւում են,
    Չգիտեմ ինչո՞ւ է այդպէս:
    . . . . . . . . . . .
    Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
    Հայաստան ասելիս՝ էլ մահը ո՞ւմ շունն է...
    Կը մնամ, կը լինեմ այսպէս:

    ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ

    Յիշելու ենք...
    Յիշելու ենք անցած-գնացած ժամանակները, որոնց մասին կարծես թէ ամէն բան գիտենք, բայց իրականի մէջ մեր իմացածը, այսինքն այն, ինչ տարիներ ու տասնամեակներ ներշնչել են մեզ, թերի ճշմարտութիւնն է: Իսկ ճշմարտութիւնը թերի կամ կիսատ չի լինում: Ճշմարտութիւն կա՛մ կայ, կա՛մ չկայ...
    Ճշմարտութիւնը մեզ հասցնում են վկաները:
    Մեր մօտիկ անցեալի իրադարձութիւնների իմաստը ըմբռնելու համար կարեւոր, շատ կարեւոր են նաեւ Սերգեյ Գորոդեցկիի վկայութիւնները:
    Ռուս բանաստեղծը… Որ անցեալ՝ 20-րդ դարասկզբին յայտնի էր իբրեւ ռուսական քերթութեան երեւելի ներկայացուցիչ: Իր գրականութեամբ նա «իրաւունք էր ձեռք բերել դատուելու այն օրէնքներով, որոնք քչերի համար են սահմանուած», գրել է Վալերի Բրիւսովը:
    Ռուսական քերթողական արուեստի մի հետաքրքիր հոսանքի ներկայացուցիչն էր Գորոդեցկին: Ակմեիզմ կոչուող այդ հոսանքին էին պատկանում նաեւ Նիկոլայ Կումիլեովը, որին 1921 թուականին գնդակահարեցին բոլշեւիկները եւ նրա այդ գնդակահարութեամբ սկսուեց մտաւորականութեան ջարդը յեղափոխական Ռուսաստանում։ Կումիլեովի կինը` Աննա Ախմատովան նոյնպէս այդ հոսանքի ներկայացուցիչն էր։ Նա ողջ մնաց, ամբողջ կեանքի ընթացքին հալածուեց բոլշեւիկեան իշխանութիւնների կողմից, եւ այսօր ռուս գրականութեան հպարտութիւնն է… Նոյն այդ խմբի մէջ էր Օսիփ Մանդելշտամը, որի ստեղծագործութեան մէջ առանձնակի տեղ ունի Հայաստանին նուիրուած բանաստեղծութիւնների շարքը, եւ որին գնդակահարեցին 1938 թուականին...
    Սերգեյ Գորոդեցկին, որ ծնուել է 1884 թուականին, ապրեց 83 տարի: Նա փրկուեց աքսորից ու գնդակահարուելուց, բայց նրան էլ սպաննում էին բարոյապէս:
    Նա իր կապերը չէր խզում հայերից եւ մխիթարութիւն էր գտնում անցած-գնացած ժամանակների յուշերի մէջ:
    Ահաւասիկ հատուածներ՝ երեք նամակներից, որոնք մեզ կը տեղափոխեն հեռաւոր ժամանակներ եւ հեռաւոր մի երկիր, որ այլեւս չի կոչւում Հայաստան: Այդ երկիրը Հայաստան չեն անուանում ոչ միայն նրա այսօրուայ տէրերը, այլեւ մենք՝ հայերս, որ պահանջատիրութիւն ենք խաղում, բայց համաձայնել ենք մեզ նուաճած երկու կայսրութիւնների հետ, թէ մեր հայրերի երկիրը եղել է, կայ եւ պէտք է լինի սոսկ մի փշուրը միայն, իսկ մեր պատմութեան արշալոյսը բացուել է 1920 թուականին։ Եւ մեր այս կեցուածքով, որ ոչ այնքան ժողովրդի մեղքն է, որքան նրա առաջնորդների… քրիստոնեայի համար բոլորովին անպարկեշտ մեր այս կեցուածքով, մոռացութեան ենք տուել իրական եւ բուն Հայաստանը, մոռացութեան ենք տուել այդ երկրի
    հողի մէջ ամփոփուած մեր պապերի ու նախահայրերի աճիւնները: Մոռացել ենք կամ ընդհանրապէս մեզ չեն սովորեցրել, թէ մարդու հայրենիքը հէնց իր հայրերի երկիրն է։ Եւ ոչ երբեք՝ վարչակարգը, որտեղ ապրում է, առաւել եւս՝ իշխանութիւնը, որ ժամանակաւոր երեւոյթ իր իշխանաւորներով հանդերձ։

    1943 դեկտեմբեր 23-ին Սերգեյ Գորոդեցկին գրում է.
    «Ես յաճախ յիշում եմ Հայաստանը... Պատերազմից մէկ ամիս առաջ Հայաստանին եմ նուիրել բանաստեղծութիւններ, որ հիմա ուղարկում եմ: Բացի այդ, չէ՞ որ ունէի 1918 թուականին գրած «Հայաստանի հրեշտակը» գիրքը... որտեղ տասներկու բանաստեղծութիւն կայ»:
    Միւս նամակի մէջ նոյն հասցէատիրոջը, որ Յովհաննէս Թումանեանի դուստր Նուարդն է, Սերգեյ Գորոդեցկին բարեւներ է յղում «այն երեխաների երեխաներին, որոնք փրկուելով Վանի կրակներից»՝ տեղափոխուել են ռուսաց Հայաստան:
    Երրորդ նամակը հասցէագրուած է զինուորական Բորիս Էթինհոֆին, որին Սերգեյ Գորոդեցկին ծանօթացել էր Առաջին աշխարհամարտի տարիներին, Հայաստանի Վան քաղաքի մէջ:
    «Տասնվեց թուականի աշնանն էր... Դու յիշո՞ւմ ես Շամիրամի պարտէզները, ուր մագլցեցինք անդունդն ի վեր, որպէսզի շօշափենք Արգիշտի Երկրորդի սեպագրերը: Այնտեղ ինձ ու քեզ ամէն վայրկեան մահ էր սպառնում: Զօրավար Վորոնցովը քարոզում էր «Հայաստանն առանց հայերի» տեսութիւնը: Իսկ մենք, ես եւ դու, որ հայ որբերին տառացիօրէն կրակի տակից էինք փրկում, նրա հետ հակադրութեան մէջ էինք: Եւ մենք հրապարակաւ համախոհներ էինք: Նման հանդիպումները մարդկանց ընդմիշտ կապում են իրարու»:

    Այս երեք դրուագները արդէն իսկ աղերսում են փորփրել պատմութիւնը, գոնէ մտովի մօտենալ անցած գնացած, բայց ոչ այնքան հեռաւոր ժամանակներին. այն օրերին, երբ Սերգեյ Գորոդեցկին մեկնեց Թիֆլիս՝ որպէս «Ռուսսքոյէ Սլովօ», այսինքն` «Ռուսական Խօսք» լրագրի թղթակից: Այս մասին Գորոդեցկին պատմում է.
    «Իմ առաջին ուղեւորութիւնների ընթացքին նկատել էի, որ Թիֆլիսի բնակչութիւնը բաժանուած էր երեք մասի: Վրացիներին պատկանում էին շուկաներն ու դուքանները, իշխանական ու ազնուական վերջին բոյները, որ դարասկզբին աղքատացել էին:
    «Կոլովինսքի պողոտայի շքեղ նորակառոյցները՝ խոշոր խանութները եւ շուկայի լաւագոյն կրպակներն էլ պատկանում էին հայերին: Հայկական դրամագլուխն էր, որ Թիֆլիսը դարձրել էր դրամատիրական քաղաք:
    «Իրեն մեկուսացուած էր պահում բնակչութեան ռուսական խումբը: Ռուսները արհամարհանքով էին վերաբերում տեղաբնակներին... Իմ առաջին երկու այցելութիւնների ժամանակ այսպիսին էր Թիֆլիսը, որ երրորդ այցելութեանս՝ 1916-ին, դարձել էր անճանաչելի: Քաղաքը անցել էր գործարար մարդկանց ձեռքը»:

    Հէնց այդ օրերին էլ, պատահական մի դիպուածով, Գորոդեցկին ծանօթացաւ Յովհաննէս Թումանեանին, որ նրան յայտնեց, թէ ինչպէս «Ահից ու մահից հալածուած, բայց ապրելու ցանկութիւնը չկորցրած ժողովուրդը ստիպուած փախչում է իր բուն հայրենիքից»:
    «Մի քանի օր հանգստանալուց յետոյ,- պատմում է ռուս բանաստեղծը,- գնացի Քաղաքների միութեան թիֆլիսեան բաժանմունք՝ փաստաթղթերս ձեւակերպելու: Ինձ յանձնարարեցին մեկնել Վան՝ տեղի նահանգապետի տնօրինութեան տակ: Երբ դուրս ելայ միջանցք, բոլորովին մոլորուեցի իրերի կոյտերի եւ անծանօթ մարդկանց ամբոխի մէջ: Այս իրարանցումի մէջ տեսայ բարձրահասակ, բարեկազմ մէկին, որ պնդում էր, թէ առաջին հերթին բեռներ ուղարկեն Վան:
    - Էնտեղ դեռ մարդիկ կան...- ինձ հասաւ նրա ձայնը:
    - Ո՞վ է այդ մարդը, - հարցրեցի ես:
    - Յովհաննէս Թումանեանն է... Մեր բանաստեղծը,- պատասխանեցին ինձ: Ես մօտեցայ նրան.
    - Ես Վան եմ գնում: Բանաստեղծ եմ: Սերգեյ Գորոդեցկին:
    - Էնտեղ ի՞նչ էք անելու: Ասացի, որ զինուորական թղթակից եմ:
    - Փրկէք երեխեքին,- ասաց Թումանեանը:- Որբացած երեխեքը աւերակների մէջ են ապրում, ցրուած են սարերով ու կիրճերով... Նրանց համար ուզում ենք որբանոց կազմակերպել...
    Յետոյ նա տուն հրաւիրեց ինձ:
    Նոյն երեկոյեան նրա հիւրն էի: Մինչ կինն ու դուստրերը սեղան էին գցում, Թումանեանը ինձ առաջնորդեց իր աշխատասենեակ եւ մեր մէջ հետաքրքիր մի զրոյց սկսուեց, որի աւարտին ասաց.
    - Դուք բանաստեղծ էք... Գնում էք մեր տնաւեր հայրենիք... Այդ մասին գրեցէք... Ռուսաստանին Հայաստանը հարկաւոր է առանց հայերի...
    1916 թուականի ապրիլի սկիզբն էր... Այդ երեկոյ Թումանեանին հրաժեշտ տուեցի ցնցուած, բայց նաեւ՝ թեւաւորուած: Ես հիմա արդէն գիտէի, թէ ո՛ւր եւ ինչո՛ւ եմ գնալու:
    Մի քանի օր յետոյ, մեկնելու նախապատրաստութիւններ տեսնելիս, յղացայ մի բանաստեղծութիւն եւ անմիջապէս տարայ Թումանեանին»:
    Բանաստեղծութիւնը վերնագրուած էր «Հայաստանին» եւ փաստօրէն դրանով սկսուեց այն շարքը, որ «Հայաստանի հրեշտակը» վերնագրով լոյս տեսաւ երկու տարի անց՝ 1918 թուականին.

    Ինչպէս անյայտ կնոջ դէմ՝ խորհրդաւոր ու անբիծ,
    Քո դէմ կանգնել եմ բախտի սարսուռով մի առանձին,
    Եւ վախենում է պոկուել առաջին բառն իմ շուրթից,
    Եւ աչքերս են շուարում թախանձանքով առաջին:

    Քեզ ճանաչել, հասկանալ ու գրկել եմ ուզում ես,
    Ուզում եմ, որ իրար դէմ բացուեն դռները ոսկի,
    Ո՜վ Հայաստան, արիւնով, կրակով են տանջում քեզ,
    Ես ուզում եմ սիրել քեզ ու խորհուրդը քո խօսքի:

    Իմ գլուխն եմ խոնարհում քո հինաւուրց փառքի դէմ,
    Համբուրում եմ ես սրտանց գեղեցկութիւնը քո հին:
    Տարօրինակ է որ քեզ մինչեւ հիմա չգիտեմ,
    Ալմաստ-երկիր, քար-երկիր, երազ-երկիր դու անգին,

    Ես դէպի քեզ եմ թռչում, պարզած թեւերն իմ ազատ,
    Ահա վառւում են իմ դէմ քո թագերը գեղեցիկ -
    Ադամանդէ, ալմաստէ քո սարերը սրբազան:
    Ու ես թռչում եմ դէպի գագաթները նրանց ձիգ:

    Քեզ ճանաչել, հասկանալ ու գրկել եմ ուզում ես,
    Սրտով լսել եմ ուզում համբաւը քո յարութեան,
    Ո՜վ Հայաստան, արիւնով, կրակով են տանջում քեզ,
    Ճակատագրի հողմի դէմ՝ անպարտելի յաւիտեան(*)...

    Ուղեւորութիւնը դէպի ռուս-թուրքական ռազմական գործողութիւնների թատերաբեմ՝ պայմանաւորուած էր նրանով, որ, ինչպէս ինքն է խոստովանում, Գորոդեցկին գժտուել էր մտերիմ բարեկամների՝ բանաստեղծ Վալերի Բրիւսովի, որ խորհրդապաշտութեան հիմնադիրն էր ռուս գրականութեան մէջ, բանաստեղծ Վեաչեսլաւ Իվանովի` խորհրդապաշտութեան տեսաբանի եւ բանաստեղծ Ալեքսանդր Պլոքի հետ, որ էլ լինելով խորհրդապաշտական բանաստեղծութեան ներկայացուցիչը՝ մի քանի տարի անց «Տասներկուսը» պոէմի մէջ բացայայտելու էր բոլշեւիկեան պետական յեղաշրջումի ամբողջ ողբերգութիւնը...
    Բայց ի՞նչն էր եղել այդ խզումի պատճառը...
    Բանն այն է, որ Գորոդեցկին ռուս-թուրքական պատերազմը համարում էր ռուսների կենաց ու պատուի պատերազմ: Թէեւ նրան յայտնի էր նաեւ այն գաղտնի հրամանը, որ տրուել էր 1916 թուականին` ռուսական բանակը Վանից նահանջելու մասին: Նրան յայտնի էր նաեւ, որ թէ՛ Ռուսաստանը եւ թէ՛ Թուրքիան գօտեմարտում են ոչ թէ յանուն հայերի, այլ հայերի հինաւուրց երկրի տարածքի համար: Առանց այդ տարածքի վրայ բնակող ժողովրդի: Տարածք, որ ռուսների համար յարմար միջանցք է դէպի տաք ջրեր, այսինքն Միջերկրական ծով դուրս գալու համար: Իսկ թուրքերը առանց հայի այդ տարածքը ունենալով՝ մէկ ընդ միշտ եւ պատմականօրէն լուծում էին իրենց համար կարեւոր խնդիրը՝ վերջնականապէս տէր դառնալ թուրքահայաստանին եւ, աւելին, նաեւ ռուսահայաստանին, հնարաւորութիւն ստանալով մտնել Կովկաս, այնուհետեւ իրենց պատմական հայրենիք՝ Թուրան:... Գորոդեցկիի մեկնումի առիթով հայ մտաւորականները հրաժեշտի սեղան բացեցին: Ինքը՝ Գորոդեցկին յիշում է Դերենիկ Դեմիրճեանին, Գարեգին վարդապետին, անշուշտ` հիւրընկալող Թումանեանին: Շատ կարեւոր մէկ մանրամասն. ռուս բանաստեղծի բաւականին հպանցիկ վկայութեամբ, Գարեգին վարդապետը նուիրուել էր բոլոր հայկական շրջաններից հին ձեռագրերը հաւաքելու եւ փրկելու գործին: Այնուհանդերձ, այդ երեկոյ ամէնից աւելի տպաւորուածը Թումանեանի մի կարճ խօսքն էր եղել. «Փրկեցէ՛ք երեխեքին»:
    Գորոդեցկիի դէպի Վան ուղեւորութիւնը բանաստեղծի համար բացառիկ յայտնագործութիւնների մի շարան էր: Նա յայտնագործում էր հնամենի մի աշխարհ եւ հազարամեակների մշուշոտ խորքերից եկած մի ժողովուրդի: Յայտնագործում էր վաղնջական մի քաղաքակրթութիւն: Հայերի՛ քաղաքակրթութիւնը, որ սկզբնաւորուել ու զարգացել էր Բարձր Հայքի կամ Հայկական լեռնաշխարհի մէջ, եւ որն էլ, սակայն, շուտով, շա՛տ շուտով պէտք է վերանար աշխարհագրական քարտեզներից եւ կոչուէր ընդամէնը... Անատոլիա:
    Վերանալու էր, քանի որ վերանում էր ամբողջ մի ժողովուրդ:
    ... Իրիկնադէմին էր, երբ Գորոդեցկին մօտեցաւ Վանայ լճի ափին ընկած առաջին գիւղին` Փանզային: Նրա դիմաց ելան փախստականներով լեցուն երկու սայլեր, որոնք խրուել էին ցեխի մէջ, եւ եզները չէին կարողանում քաշել հանել: Լաթերով պատած այդ սայլերը նման էին տների: Հէնց այդպիսի սայլերով բազմաթիւ հայ ընտանիքներ, որոնց տնաւեր էր դարձրել թուրքական յաթաղանը, գնում էին մերթ դէպի հիւսիս` Ռուսաստան, մերթ վերադառնում էին յետ, դէպի հարաւ... Եւ այդ երթն ու դարձը պայմանաւորուած էր ռուսական բանակի այսպէս կոչուող «մարտավարական տեղաշարժերով»: Այդ «մարտավարական տեղաշարժերը» ոչ թէ տարօրինակ էին, ինչպէս կարող է թուալ ոեւէ ռազմագէտի, այլ նպատակ ունէին ներխուժելուց եւ ռուսական բանակի նկատմամբ հայերի դրսեւորած խանդավառ վերաբերմունքից յետոյ, նրան անտէր-անօգնական թողնել թուրքական մսագործների դիմաց։ «Հայաստանն առանց հայերի» կարգախօսն այս կերպ էր իրականացուելու։

    ԿԱՐԷՆ Ա. ՍԻՄՈՆԵԱՆ
    (Շար. 1)
    «Ազդակ»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Black Orchid (26.06.2009)

  3. #2
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Սերգեյ Գորոդեցկի

    |Շնորհակալ եմ Տիգրիսին` այս գրությունը տեղադրելու համար: Այն ինձ հիշեցրեց մեր կյանքի մի պահ, որ կապված է ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու անվան հետ: Առողջագետիս հետ Աշտարակում էինք` Գիտավանում, այդ օրը ձեռքիս էր մի գիրք Սերգեյ Գորոդեցկու մասին - արդեն չեմ հիշում գրքի խորագիրը... Բայց լավ եմ հիշում այն զգացումը, գնահատանքի ու եղբայրության այն արցունքը, որ ծփում էր մեջս... Այս բանաստեղծը եղավ մեր սրտի հավատավոր ընթերցողներից մեկը... Այդ օրերին գրում էի "Ուշացած գարուն" բանաստեղծական շարքը, և ծնվեց Սերգեյ Գորոդեցկուն նվիրված բանաստեղծությունը: Ահա այն - և խոնարհումս` բանաստեղծի անմարելի հիշատակին:
    .
    Ռուս բանաստեղծ
    Սերգեյ Գորոդեցկու հիշատակին

    Մի օր մենք թողեցինք և հայրենիք, և տուն,
    Մեր դաշտերը հղի, մեր լճերը ագաթ,
    Եվ մեր քարավանը` լքյալ մի սրբություն
    Ուղևորվեց երկինք կամ անապատ:

    Եվ ի'նչ մնաց այնտեղ` ինչպես այսօր հիշեմ,
    Որ չմթնի հավետ վիրավոր սիրտը իմ, –
    Տներ ու այգիներ ու երգասաց ջրեր,
    Եվ խեղճացած շներ հավատարիմ:

    Պտղավորվե՞ց արդյոք հայոց խնձորենին,
    Եվ ծանրացա՞ն բերքով բյուր այգիները մեր.
    Միթե հասու չեղան, որ մենք այնտեղ չէինք, –
    Օ~, միամիտ ծառե~ր, անձնապաստան ծառե~ր:

    Թե ինչ եղավ հետո և ինչպես է հիմա,
    Երբ գարունն է բացվել հայրենական անհուն, –
    Թառամեցի՞ն արդյոք լքված սիրո նման,
    Թե՞ խշշում են արդեն մի նոր տիրոջ անուն:


    Ինձ մի լուր ուղարկեք նորեկ այս գարնան հետ.
    Ո՞վ է ձեզ շշնջում փաղաքշական բառեր, –
    Թե չգիտե~ք լեզու, թե մեզ չե~ք կարոտել, –
    Օ~, միամիտ ծառեր, օ~, դավաճան ծառեր:

    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  4. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (27.06.2009), Tigris (29.06.2009)

  5. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Սերգեյ Գորոդեցկի-շար. 2

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ ԿԱՄ «ԱՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԴՐԱԽՏ, ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ ՎԱՆ»



    ... Վերջապէս երեւաց Վան քաղաքը: «Գետակների եւ հրաբուխների երկիրը» ուղեգրութիւնների մէջ Սերգեյ Գորոդեցկին գրում է.
    «Վանը գերեզման է: Վանը անծայրածիր գերեզմանոց է: Մեռեալների քաղաք, որ երբեւէ ունեցել է հարիւր հազարից աւելի ազգաբնակչութիւն: Բայց նրանցից մնացել է սոսկ յիշողութիւնը... Ընդամէնը երեք-չորս հազար փախստական...
    «Այս հինաւուրց ու քաղաքակիրթ շէնը ունեցել է այգիներ, պալատներ, բաղնիքներ, տասնեակ հազարաւոր յարմարաւէտ ու գեղեցիկ տներ: Հիմա այդ ամէնից մնացել են միայն հողակոյտեր... Ոչ թէ աւերակներ, այլ՝ հողակոյտեր: Հում աղիւսով կառուցած տները
    քանդուելիս պարզապէս փոշիացել են...
    «Օդը յագեցած է խանձահոտով:
    «Մէկ էլ շրջապատը լցուեց քաղցած շան ոռնոցով: Յետոյ... յետոյ բզկտուած ու վայրենացած մի կատու... Եւ դարձեալ փլատակներ, մոխրակոյտեր, ածխացած պատեր` անվերջ ու անխնայ...
    «Քայլում եմ երկար մի փողոցով, որ ինձ դուրս է բերում գլխաւոր հրապարակ... Այստեղ մի քանի տներ կային, որոնք վերակառուցուած էին: Յետոյ` աննշան մի քանի խանութ: Նոյնիսկ մի սրճարան էլ կար, որտեղ նստած էին երկու-երեք յաճախորդ` ցնցոտիաւոր, ամէն բան տեսած մարդիկ, որոնք, սակայն, ձեւացնում էին, թէ կեանքը շարունակւում է:
    «Յիրաւի, կեանքը շարունակւում է, միայն թէ՝ խորհրդանիշօրէն: Այս անշուք խանութները, սրճարանը եւ շուկան երբեմնի կեանքի ու կենցաղի խորհրդանիշերն են միայն, ճիշդ այնպէս, ինչպէս մահուան խորհրդանիշերն են կուշտուկուռ, գիրացած ագռաւները...
    «Ահաւասիկ գլխաւոր փողոցը: Այդ փողոցից մնացել են միայն առուն եւ բարտիները: Իսկ բարտիների յետեւ` հրկիզուած տներից մնացած կմախքներն են: Եւ կմախքների այդ շարքը ասես ո՛չ ծայր ունի ու ո՛չ էլ սահման:
    «Ամէնից սահմռկեցուցիչը պատահաբար իմ դիմաց ելած մի սենեակ էր... Սենեակ, որ չգիտես ինչպէս էր պահպանուել աւերուած տներից մէկի մէջ: Սենեակի մէջ հրաշքով էին մնացել ընկուզենուց փորագրուած եւ սատափով դրուագուած կահոյքը, ֆրանսական հնամենի սպասքը, հնագոյն գրքերը, պղնձէ ամանեղէնը... Ընդ որում, դժուար չէ կռահել, որ այդ ամէնը չի պատկանել հարուստ մի տանտիրոջ: Պարզապէս, այսպիսին են եղել վանեցիները. սիրել են գեղեցիկը, ընտիրը, անհրաժեշտը: Եւ գեղեցիկ ապրելու համար ոչինչ չեն խնայել: Բայց մի՞թէ իրերն էին կարեւորը... Չէ՜... Իրերը կարելի է նորէն պատրաստել: Նորէն կարելի է կառուցել հրաշք մի քաղաք: Կարելի է ծաղկեցնել մոխրացած պարտէզներն ու կանաչ այգիները... Բայց ո՞վ պէտք է անէր այդ ամէնը, երբ մարդ չէր մնացել...
    «… Ես ուզում եմ ընթերցողին ստիպել սիրելու Վանը եւ զգալու Վանի հնութիւնների կուսական ամբողջ հմայքն ու զօրութիւնը:
    «Նախ պէտք է ասեմ, որ Վանի հնութիւնները ճարտարապետական յուշարձաններն են: Ճարտարապետութիւնը: Բայց ա՛յն հեռաւոր ժամանակների ճարտարապետութիւնը, երբ մարդու արուեստը բնութեան ստեղծագործութեան շարունակութիւնն էր:
    «... Մարդկութիւնը վերջերս է միայն կարողանում խորամուխ լինել հնագոյն յուշարձանների էութեան մէջ: Բայց Պոմպեյը Վանի համեմատութեամբ մանկական մի խաղալիք է: Վիթխարի Կոլոսէումն անգամ, որի մէջ մի ամբողջ քաղաք էր տեղաւորուած միջին դարերին, զիջում է Վանի կառոյցներին, եթէ պահպանուած բեկորներից դատելով՝ փորձենք դրանք պատկերացնել այն տեսքով, ինչպիսին եղել են: Նոյնիսկ Ֆորումը` աշխարհի ամէնից խոշոր հաւաքատեղին, կարող է խամրել Վանի ժայռաքաղաքների տարերային պարզութեան դիմաց:
    «Ուրեմն, գտնուած է մօտաւոր բառը` բնորոշելու համար Վանը.
    «Քաղաքաժայռ:
    «... Լանջերին աստիճաններ ունեցող ժայռի մէջ փորուած է վիթխարի մէկ սրահ, եւ ստորգետնեայ սանդուղքը, որ կարելի է յաղթահարել նաեւ ձի հեծած, հասնում է ժայռի կատարին, այստեղից էլ բացւում է Վարագայ սարի հրաշք տեսարանը:
    «Վարագայ վանքը ազգային սրբութիւն է: Կրկնակի սրբութիւն նաեւ, քանի որ այստեղ երկար տարիներ վանահայր է եղել Մկրտիչ Խրիմեանը` Հայոց Հայրիկը, որի գործն ու դասերը բացառիկ արժէք են հայի ազատագրութեան դեռեւս չաւարտուած պայքարի համար:
    «… Առաջին անգամ պատահաբար եմ յայտնուել այս կողմերում։
    «Գնում էինք Մշոյ հանդ, յետոյ որոշեցինք վեր բարձրանալ: Ոլորաններից մէկի յետեւ, մուգ կարմիր լեռնակատարի հենքի վրայ յանկարծ յայտնուեցին տաճարի սրածայր գմբեթները: Մի՞թէ Վարագն է: Ես վաղուց էի պատրաստւում Վարագ գնալ եւ չգիտէի, թէ այսքան մօտ է... Վանքն ինձ ապշեցրեց իր խոշորութեամբ: Ընդամէնը՝ երեք կամար... Իսկ կամարներից ոչ շատ բարձր` գմբէթներն են: Տաճար մտնելուն պէս առաջինը, ինչ նկատեցի, մէջտեղ ընկած զանգն էր: Մօտեցայ այդ զանգին: Զգուշօրէն շարժեցի լեզուակը՝ թեթեւակի հարուածելով ճաք տուած պղնձին: Լռութիւնն ալեկոծուեց լալագին, աղիողորմ հառաչանքից: Ես փշաքաղուեցի: Չգիտեմ, թէ ինչքան էի մնացել իմ այդ երջանիկ ընդարմացումի մէջ, երբ յանկարծ մի հայեացք զգացի վրաս: Շրջուեցի եւ տեսայ հիւծուած մի ծերունու: Նա անշարժ կանգնել էր պատի մօտ եւ ակնդէտ նայում էր ինձ: Կռահեցի, որ զանգի ձայնի վրայ է եկել... Յետոյ իմացայ, որ այդ ծերունին Վարագայ վանքի պահակն է: Վանքի միակ ողջ մնացած բնակիչը: Նա չէր հեռացել սպանդի նոյնիսկ ամենաահաւոր օրերին, քանի որ ծնուել էր եւ պէտք է մեռնէր այստեղ...
    «Յիրաւի... Այն աշխարհում դրախտ, այս աշխարհում` Վան...»։
    Նոյեմբերի մի օր էլ ռուսական բանակը ստացաւ նահանջելու հերթական մի հրաման: Եւ Սերգեյ Գորոդեցկին, բնական է, նահանջող բանակի հետ հեռացաւ հնագոյն հայկական քաղաքակրթութեան օրրանից, որ «լուսաւոր ու մարդասիրական» քսաներորդ դարի մէջ դարձել էր աւերակների երկիր, դարձել էր լքուած ամայութիւն... Ճանապարհին բանաստեղծը, իր իսկ խոստովանութեամբ, մէկ մխիթարութիւն ունէր միայն: Նա իր հետ տանում էր որբացած հայ մանուկներին, որոնք տեղաւորուած էին վեց սայլերի մէջ:
    Լեռնանցքներում գիշերելիս, երեխաները իրար սեղմուած ու ծածկոցներով փաթաթուած` քնում էին վրանների շուրջ, ուղղակի գետնին:
    «Մօտենում էի այս կամ այն մանուկին,- յիշում է Գորոդեցկին,- տեսնում էի կիսաբաց բերան, ձեռքին էլ հացի մի չորուկ... Ժպտում էի քնած երեխային եւ մի քանի վայրկեան ազատւում իմ բոլոր տառապանքներից...
    «Աստուած տայ` բարեյաջող տեղ հասնեն... Հո այսպէս չի՞ շարունակուելու... Մի օր պէ՛տք է որ վերջանան դժբախտ ժողովուրդի պատմական փորձութիւնները, պէ՛տք է ցամաքեն արեան գետերը, պէ՛տք է դէպի կապոյտ երկինք ձգուի խաղաղ օջախների ծուխը... Յիրաւի, աշխարհի ոսկի յուշատախտակների վրայ, որոնք արդէն երեւում են պատերազմի բոցերի մէջ, որպէս մարտիրոսուած ժողովուրդ արձանագրուելու է Հայի անունը»:
    1918 թուականի յունուարին Յովհաննէս Թումանեանը մի «Բաց նամակ» ուղարկեց Սերգեյ Գորոդեցկիին։
    Այդ նամակով մեզ համար բացայայտւում են յուսախաբ եւ մոլորուած բանաստեղծի տարակուսանքները.
    «Կովկասի եւ ընդհանրապէս Մերձաւոր Արեւելքի նուաճման ժամանակ ռուս լաւագոյն մարդիկ այն միտքն էին յայտնում, որ Ռուսաստանը կոչուած է այդ երկրներում ստեղծել քաղաքացիական ազատ կեանք, արդար իրաւակարգ եւ լինել կուլտուրայի եւ լուսաւորութեան կրողը»։
    «Ի՞նչ էք կարծում, այդ բոլորը միայն դատարկ ֆրազնե՞ր էին, եւ մենք, որ մինչեւ այժմ հաւատում էինք, սխալուե՞լ ենք»։
    Իմ համոզմամբ «Բաց նամակ»ի մէջ հէնց այս տողերն են արտայայտում Յովհաննէս Թումանեանի իրատեսութիւնը այն սոսկալի, այն ոճրագործ, այն տմարդի անցուդարձի նկատմամբ, որ սկսուել ու շարունակւում էր եւ դեռ կէս տասնամեակ էլ շարունակուելու էր հայ իրականութեան մէջ։ Ես համոզուած եմ, որ բանաստեղծը անպայման խորքից էր հասկանում, թէ ի՛նչ է կատարւում եւ նոյնիսկ զանց առնելով որդու` Համլիկի սպանութիւնը բոլշեւիկների ձեռքով (Համլիկ Թումանեանը Ռապինտրանաթ Թակորի թարգմանիչն էր, մտաւորական արժէք ներկայացնող անհատականութիւն. բայց ցարական սպայ Նիկոլայ Կումիլեովին գնդակահարող բոլշեւիկը ինչո՞ւ պէտք է խնայէր Էսէռական հայ մտաւորականին), ուրեմն, զանց առնելով կամ աւելի ճիշդ իր մէջ խեղդելով գնդակահարուած անմեղ որդու մահուան ցաւը, այնուհանդերձ, փորձում էր գոնէ միայն հռետորական հարցադրումներով արտայայտել սոսկալի կանխազգացումը։
    Անտարակո՛յս, կանխազգացումը։ Քանի որ կարճ ժամանակ էր հարկաւոր, որպէսզի յաչս համոզուէր, եւ ապա յաջորդ տասնամեակների ընթացքին մեր հայրերը եւ մենք էլ համոզուէինք, թէ բիւզանդական կայսրապաշտութեամբ տոգորուած եւ հերթական դիմակով քողարկուած ուղղափառ Ռուսաստանը ո՛չ միայն սեփական ժողովրդի, այլեւ իրեն փրկչական դեր վերապահելով` միւս ժողովուրդների համար եւս չի հանդուրժում ազատ կեանք, արդար իրաւակարգ եւ կուլտուրա ու լուսաւորութիւն։ Ռուսաստանը նաեւ այսօր չի հանդուրժում քաղաքակրթութեան արժէքները՝ շարունակելով իր ընթացքը սեփական (բայց ո՞ր սեփական) ուղիով. նրա յայտարարած ժողովրդավարութիւնը նոյնպէս իր յօրինածն է եւ կոչւում է սուվերեն դեմոկրատիա, այսինքն՝ գերագոյն իշխանութեան կողմից թոյլ տրուած ժողովրդավարութիւն, որն էլ կատարեալ անհեթեթութիւն է։ Ինչ վերաբերում է կուլտուրային եւ լուսաւորութեանը, ապա ինչպէս ինքը` Ռուսաստանը, նոյնպէս եւ նրանից անկախացած ժողովուրդները անցնող հարիւրամեակի ընթացքին ոչ թէ պահպանեցին իրենց մշակոյթը եւ ապրեցին իբրեւ լուսաւորեալ ազգեր, այլ տրուեցին ինքնախաբէութեան։ Լուսաւոր միտքը, որ այնուհանդերձ երբեմն ակնթարթօրէն շողում էր աշխարհում միակ ճշմարիտն յայտարարուած թանձր խաւարամտութեան մէջ, արուեստի ու մշակոյթի բացառիկ պոռթկումները, որ բռնաբարուած ազատութեան եւ համակենտրոնացման ճամբարների՝ կուլակային իրաւակարգի մշակոյթով ապրող հասարակութեան օրինաչափութիւնը հաստատող բացառութիւններն էին, բնաւ էլ չեն եղել «ուրախ ու երջանիկ կեանքի» ծնունդներ։ Եւ ոչ էլ, ի դէպ, ազգաբնակչութեան թուային աճն է եղել ոճրագործ իշխանութիւնների շնորհիւ, ինչպէս անցեալ 90-ականներին խորհրդային իրականութեան նուաճումն էին համարում բոլշեւիկեան Հայաստանի եւ հայրենասիրական սփիւռքի գաղափարական գործիչները։
    Բայց ինքնախաբէութիւնը այսօր էլ հաճելի մի թմբիրի մէջ է նետում լոյսին չդիմացող հասարակութեանը։ Պատմութիւնը վերստին վերադառնում է ի վերուստ թոյլատրուած շրջանակի մէջ եւ պատմական իրականութեանը փոխարինելու են գալիս առասպելներն ու աւանդապատումները։
    Երբեմնի կայսրութեան ամբողջ տարածքով մէկ։
    Եւ երբ որեւէ մի ժողովուրդ փորձում է ձերբազատուել կայսրութեան պատմութիւնից եւ դառնալ իր ազգային պատմութեանը, ապա սուվերեն դեմոկրատիան որոտ ու շանթեր է արձակում չորս բոլոր։
    Ի հարկէ. ես չեմ կարող հանդուրժել սեփական պատմութիւնը փոխանակելու կամ խմբագրելու պատրաստակամութիւնը, որպիսին այսօր էլ ունեն խորհրդահայ պատմաբանները: Առաւել եւս, երբ փորձում են այդ անպարկեշտ գործողութիւնը կիրառել հայրերի Երկրի նկատմամբ, որ արդէն ոչ միայն սոսկ իմ պատմութիւնը, այլեւ ուղղակի կամ փոխաբերական իմաստով ոտքիս տակի Հողն է այս աշխարհում հաստատուն կանգնելու համար։ Եւ երբ պետական հայրենասէրն ու պաշտօնական մտաւորականը տասնամեակներ առաջ հային փորձում էր համոզել, թէ կարելի է Վանի փոխարէն Երեւանով ապրել, արդէն իսկ յայտնի էր, որ Հայրենիքը նոյնացւում է գոյութիւն ունեցող համակարգին, աւելի՛ն, նոյնացւում է իշխանութիւններին, առաւել եւս նոյնացւում է իրաւակարգին, որ ոչ մի եզր չէր կարող ունենալ ո՛չ իրաւունքի եւ ո՛չ էլ որեւէ քաղաքակիրթ կարգի հետ:
    Յիշենք աւերուած Հայաստանը, Վանն ու Մարութայ սարը, Մշոյ դաշտն ու Սիփանը, յիշենք ու նորից յիշենք մեր նախնիների Երկիրը, հայրերի Երկիրը, ճշմարիտ եւ բուն հայրենիքը, որ անհնար է փոխարինել որեւէ բանով... Առաւել եւս անհնար է հաշտուել այն յորդորի հետ, թէ մենք՝ հայերի շառաւիղներս, վրէժ ենք առնելու մեր ապրելով եւ յատկապէս վրէժ ենք լուծելու Վանը փոխելով «մեր Երեւանով»… Հապա մեր զոհե՞րը… Կանայք, երեխաները, ծերունիները եւ անզէն երիտասարդնե՞րը, որոնց` հողի կարօտ մնացած ոսկորները ֆոսֆորային փայլով մինչեւ օրս աստղացան երկնքի հրաշքի տակ շողում են անապատային ցուրտ գիշերներին…
    «Հողային պահանջ չունենալու»՝ Մոլոթովի քաղաքական յայտարարութիւնը ստացել է գրական-գեղարուեստական խաբուսիկ գունազարդում։ Եւ դարձել է հպարտութեամբ ընթերցուող եւ, ուրեմն, չափաբերական խօսքի երգա-երանգով մարդուն մոլորութեան տանող հրաշալի միջոց։ Հայը արդէն քանի՛ սերունդ կարդում է կարգախօսային բանաստեղծի այդ տողերը, երբեք չմտածելով, թէ որքա՜ն դիւրին է գունազարդուած պարտուողականութեամբ լուանալ սերունդների ուղեղները։
    Մեր մոլորակի վրայ անհնար է գտնել գոնէ մէկ ժողովուրդ, որի վրէժխնդրութիւնը բաւարարուած լինի ընդամէնը… ապրելով։ «Իմ ամբողջ գերդաստանը մորթեցին, ինձ էլ իմ տնից քշեցին, բայց ես լուծեցի իմ վրէժը, քանի որ չհասցրեցին ինձ էլ մորթել»։ Փորձենք նաեւ մոլորակի վրայ գտնել իր հայրենիքը սիրող, այն է` հայրենասէր մի գրողի, որ այսպիսի թոյնով ընդարմացումի մէջ պահէր մի ամբողջ ժողովրդի։ Չենք գտնի։ Քանի որ նման փոխանակումի առաջարկ անելու համար առնուազն պէտք է լինել հոսանքն ի վար ընթանալով` ազգային ու ընտանեկան արժէքները շարունակ ուրացող եւ յետոյ միշտ պատեհապաշտօրէն մեղայ եկող եւ առաքինութիւնից փարսախներով հեռու կանգնած մէկը։
    Յիրաւի. Սերգեյ Գորոդեցկիի բանաստեղծութիւնների շարքը, որ գրուած է 1916 թուականին, ըստ էութեան իւրօրինակ պատասխան էին լինելու բոլոր այն «հայրենասիրական» շահատակութիւններին, որպիսիք կատարուեցին Հայի հոգեւոր կեանքում, լինէր այդ Սփիւռքի կամ Հայաստանի մէջ...

    ԱՅԳԻ
    Գարնան այգի, ծաղկած այգի,
    Սարսափում եմ ես,
    Թեքել ճամբաս եւ գալ այցի,
    Եւ հիւր լինել քեզ:

    Համբուրել են, սիրել իրար...
    Ու չկան արդէն:
    Սպիտակ են հագել դարձեալ
    Ծառերը այստեղ:

    Ես ի՞նչ անեմ: Ես չեմ կարող
    Ուժերով հատած
    Կեանքի կոչել նրանց, ովքեր
    Գնացին անդարձ:

    Ինչպէ՞ս հանեմ հին ջրհորից
    Մօրն ու աղջկան,
    Որ իրենց տանն օտար սրի
    Սեւ բերանն ընկան:

    Ձորի խորքից չեն գալու տուն
    Հայրը եւ տղան:
    Էլ ի՞նչ գարնան ուրախութիւն,
    Խնջոյք է մահուան:

    Ձեզ չեմ տեսել, մարդիկ տանջուած,
    Բայց սիրում եմ ձեզ:
    Եւ քայլում եմ յուսահատուած
    Եւ երգում եմ ես:

    Ո՛չ աղօթքը լինելութեան...
    Եռա՛, իմ արիւն,
    Ահեղ կռուի ու հատուցման
    Երգն է ինձ այրում:

    Բայց այդ երգի բոցի միջից,
    Շրթերով մաքուր,
    Շշնջում եմ.- Կենդանացէ՛ք,
    Իմ եղբայր, իմ քոյր...

    Ճիւղ եմ առնում ես գագաթից,
    Ճիւղ մի ձիւնոտուած,
    Համբուրում եմ ծաղկունքն անբիծ...
    Ծաղկունքը նրանց:


    ԱՐՃԱԿ
    Բարդիներն օր-օրի վրայ
    Ծաղկում են պայծառ աւելի:
    Ա՜խ, Հայոց երկիր հնօրեայ,
    Արիւնոտ հովիտ ցաւերի:

    Գալիս է գարունը կրկին,
    Որտե՞ղ էք, մանուկ ու մայրեր:
    Վճիտ է երեսը լճի:
    Որտե՞ղ էք, որտե՞ղ էք, հայեր:

    Վիշտ ունի լիճը իր սրտում,
    Դաշտերում ոսկորներ այնքա՜ն:
    Մնում է ցորենը արտում,
    Ցելերը ցանողներ չկան:

    Այնտեղ, ուր օրրանն էր շքեղ
    Գեղջկական բախտաւոր կեանքի,
    Ոռնում են շները անտէր,
    Շուրջ բոլոր գլխատուած վանքի:

    Գլխատուած վանքի շուրջ բոլոր
    Շիրիմներ, շիրիմներ քանդուած...
    Քարերի վրայ վիրաւոր՝
    Լալիս են բառերը տանջուած:

    Կանչում է կկուն այգու մէջ,
    Թռչում է, ողբում է, կոծում:
    Կըռռում են ագռաւներն անվերջ,
    Կըռռում ու ոսկոր են կտցում:

    Երկու կին նստել մի քարի
    Եւ ինչ-որ բան են մրմնջում...
    Թռչում է մրսած մի քամի
    Եւ սով ու սարսափ է շնչում:

    Կանգնել է Սիփանը հեռւում,
    Առել է ամպերը վրան,
    Այրուեց ու մարեց մարտերում
    Հրաբուխը՝ հզօր, հսկան:

    Պարզել է երկիրը Հայոց
    Արիւնոտ սիրտը երկնքին,
    Բայց խուլ է երկինքն էլ, անբոց,
    Մռայլ է, միգամած, մթին...

    Սերգեյ Գորոդեցկին չմնաց սոսկ կողմնակի մի դիտող։ Ի հարկէ, նա անմիջական մասնակցութիւնն ունեցաւ Յովհաննէս Թումանեանի պատուիրանը կատարելու գործում` թուրքական գեհենից հայ որբերին փրկելով։ Բայց նաեւ մխրճուեց հայկական հազարամեայ մշակոյթի մէջ։ Ոչ ոք նրան չմատուցեց մեր մշակոյթը, առաւել եւս չյորդորեց, թէ մեր մշակոյթը նոյնպէս իր բացառիկ արժէքն ունի քաղաքակրթութեան պատմութեան մէջ։ Ազգային որեւէ մշակոյթ արտահանութեան համար չէ։ Մշակոյթը իրեն իսկ ստեղծող ժողովրդի ներկայ եւ գալիք սերունդների համար է։ Մշակոյթը այն ճամբան է, որ իւրացնելով ու անցնելով, մարդը ճանաչում է իր տեսակին, ճանաչում է ինքն իրեն, գտնում է իր արմատները, որոնց գոյութեամբ միայն հնարաւոր է եղել, այսօր էլ միայն հնարաւոր է, եւ ապագային էլ միայն հնարաւոր է լինելու ունենալ հոգեւոր, բարոյական եւ կենսականօրէն անհրաժեշտ սնունդը ժամանակների անակնկալների մէջ չմոլորուելու համար։
    Ընդհանրապէս, ինձ շատ են տպաւորել Սերգեյ Գորոդեցկիի ակնարկները, որոնցից մէկը վերնագրուած է «Սեբաստացի գեղջուկը»։ Ի հարկէ, խօսքը Դանիէլ Վարուժանի մասին է։
    Մեր գրականագիտական միտքը երբեք չի հասել կամ, թերեւս, թոյլ չեն տուել, որ հասնի Վարուժանի քերթողական արուեստի ճշմարիտ արժէքը բացայայտելուն։ Աւելի՛ն. ճապուկ գաղափարաբանները խորհրդային իրականութեան տասնամեակների ընթացքին, Դանիէլ Վարուժանին, եւ ոչ միայն նրան, այլեւ 1915-ի մտաւորական զոհերի փոքրիկ բոյլը դարձրեցին սովորական, նոյնիսկ շատ էժանագին մի խորհրդանիշ։
    Իսկ երբ որեւէ արժէք ընկալւում է իբրեւ սոսկ խորհրդանիշ, ապա նրա խորքը թափանցելն ու պեղելն էլ դառնում է աւելորդ մի գլխացաւանք։ Յատկապէս որ, գնալով, մեր իսկ աչքի առաջ, արագօրէն նուազում են գրի եւ գրքի արժէքը գիտցող մեր հայրենակիցները։
    «Սեբաստացի գեղջուկը» վերնագրած իր ակնարկով Սերգեյ Գորոդեցկին յանձին Դանիէլ Վարուժանի տեսնում է ազգային ազատագրութեան նուիրական ջատագովի եւ ոչ թէ իբրեւ հնազանդօրէն մորթուած անօգնական մի զոհի, որ դեռ նաեւ խորհրդանշելու էր Ցեղասպանութեան աղէտը։

    ԿԱՐԷՆ Ա. ՍԻՄՈՆԵԱՆ
    (*) Սերգեյ Գորոդեցկիի մէջբերուած բանաստեղծութիւնները թարգմանել է Համո Սահեանը։
    (Շար. 2)
    «Ազդակ»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Սերգեյ Գորոդեցկի- Շար. 3 եւ վերջ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ ԿԱՄ «ԱՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԴՐԱԽՏ, ԱՅՍ ԱՇԽՐԱՀՈՒՄ՝ ՎԱՆ»



    «Դանիէլ Վարուժանի բանաստեղծութիւնը մեծ դեր է խաղացել հայ ժողովուրդի ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՕՆՔի գործում: Նրա «Ցեղին սիրտը» առաջին ժողովածուն աղօթագիրք է Թուրքահայաստանի ամէն մի ազատամարտիկի համար, աղօթագիրք է այն իրականութեան մէջ, որտեղ գոյութիւն ունենալու իրաւունքը թաթախուած է արեան մէջ՝ Եւրոպայի բարեմաղթութեամբ:
    Նրա երգերը բազում հերոսներ արարեցին, նրա խօսքը վերածուեց գործի: Հէնց միայն այդքանն էլ բաւական էր, որ Վարուժանի անունը թանկ ու հարազատ դառնար ամէն մի հայի:
    Բայց նրա բանաստեղծութեան մէջ ազգային նիւթից ելնող աւելի մեծ մի բան կայ, որ բանաստեղծին փառք է ապահովում նաեւ ապագային եւ դուրս է բերում նրան հայրենի երկրի սահմաններից:
    Խօսքն այն համամարդկային լարուածութեան, խորհրդաւորութեան այն սարսուռի մասին է, որ բացայայտուեց նրա երկրորդ` «Հեթանոս երգեր», այնուհետեւ դեռեւս ամբոջութեամբ չհրապարակուած «Հացին երգը» գրքերի մէջ:
    Այստեղ, յիրաւի, մտորելու շատ բան կայ: Սեբաստացի գեղջուկ մի այր, որ ապրել ու մեծացել է կենցաղային անբարենպաստ պայմանների մէջ, ստեղծել է բանաստեղծական մի նուրբ արուեստ, որի նիւթը սերտօրէն մերձանում է եւրոպական ամենալուսաւոր յայտնութիւններին:
    ... Փորձենք, ուրեմն, թափանցել Վարուժանի «Գուշակը» բանաստեղծութեան խորքը: Այստեղ սեբաստացի գեղջուկը որ, թւում է, կարող էր տեսնել միայն իր հերկի սեւ ակօսները, որոնց մէջ ամէն տարի ցորեն է ցանում, այդ գեղջուկն այստեղ դառնում է իսկական Իքարուս: Երկրային երեք ճանապարհներից նա ընտրում է երկինք տանողը: Բանաստեղծի անձնազոհ սխրանքի
    գիտակցութեան մէջ նա հասնում է մտքի այնպիսի մի բարձունքի, որի վրայ գտնւում է, օրինակ, իմաստուն բանաստեղծների մէջ ամենաիմաստունը՝ Վեաչեսլաւ Իվանովը:

    ԳՈՒՇԱԿԸ
    Ձեռքս բռնեց գուշակն եւ իր
    Քարայրին քով ինծի ըսաւ.-
    «Ափիդ մէջ կայ երեք կնճիռ,-
    Երեք ճամփայ առջեւդ ելաւ:

    Մին ցամաքէն քեզ կը տանի
    Լուսնի լոյսով մինչեւ անտառ՝
    Ուր կը պարէ կոյս մ՚հոլանի...
    Ցուպըդ կոտրէ՛ ու մի՛ երթար:

    Միւսը ծովէն է ակօսուէր.
    Քեզ կը տանի կղզին դալար`
    Ուր կը վազեն ոսկի գետեր...
    Ղեկըդ փշրէ՛ ու մի՛ երթար:

    Երրորդ` ճամբան է երկինքին,
    Պարզէ՜ թռիչքներըդ սեփական,
    Մինչեւ աստղերը սիրտըդ այրեն`
    Շարունակէ՛ դուն այդ ճամբան»:

    Ահաւասիկ մէկ ուրիշ բանաստեղծութիւն, որտեղ Վարուժանը զարմանալիօրէն ներդաշնակ է Մեթեռլինքին:

    ԴԱՐՁ
    Ես հեռաւոր տընակ մ՚ունիմ
    Շինուած լիճին ափն ամայի:
    Դուռը բաց է.- հոն մտերիմ
    Ճրագս է վառ ու կը նայի:

    Անկէ մեռել մ՚հանեցին դուրս.-
    Աքսորեցին հոգիս անկէ:
    Այժըմ շեմին վըրայ կատուս
    Աղիողորմ կը մլաւէ:

    Օր մը նորէն դառնամ գուցէ,
    Մարա՜ծ գտնեմ ճրագս յաւէտ.
    Դողդոջ ձեռքս դուռը գոցէ.-
    Ու լամ լացող կատուիս հետ:

    Ամբողջ բնապատկերը, կենցաղային ամբողջ պատկերն արուած է գիւղական հիւթեղութեամբ... Բայց որտեղի՞ց է գալիս բանաստեղծական բուն հնչերանգը, նրա ներքին ձայնը, որ լի է անորսալի խորհրդաւորութեամբ եւ անձուկութեամբ: Մի՞թէ այն չի յիշեցնում Մեթեռլինքի յայտնութիւնը, որ նոյնպէս կարողանում էր առաւել բացայայտ առօրէականի մէջ ի յայտ բերել մի այլ կեցութեան սարսռեցնող խօսքը:
    ... Բայց այսքանով չի սպառւում Վարուժանի ընդհանրութիւնը եւրոպական մտքի հետ: Նա մի հրաշալի փոքրիկ հեքիաթ ունի` «Առաջին մեղքը»:
    Ճերմակ աղջիկն ամէն օր լեռնալանջերին կապոյտ աչքերով իր ուլն է արածեցնում:
    Ծաղիկները չեն թօշնում նրա կրծքի վրայ ու մազերի մէջ, եւ տարփատենչ սիրում է նրան լուսնկան:
    Բայց մի իրիկուն աղջիկը հովտից ձայն է լսում` լեռների Ոգու, սիրոյ աստուծոյ ձայնը:
    Նա աղջկան կանչում է վար, դէպի հովիտ, աղբիւրի մօտ եւ խնդրում է, որ նա ուլն իրեն զոհ մատուցի:
    Արու Ոգին ասում է.

    «Հասած տեղն իմ համբոյրիս
    Կ՚անցնի սարսուռն, որ բաղձանքն է ծնունդին.
    Իմ գրկիս մէջ շուշաններ վա'րդ կը դառնան:
    Եւ կոյսերն ալ` Թագուհի:
    Ես քու զոհիդ արիւնէն
    Դաշտերն ամբողջ ծաղիկներով կը լեցնեմ,
    Եւ ուլիդ տեղ թիթեռնիկներ կ’
    արածես.
    Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր»...

    Եւ հմայուած աղջիկը իջնում է հովիտ, եւ երգելով զոհաբերում է ուլը, եւ փոխւում է աշխարհը, եւ լուսինն իջնում, հեռանում է լեռներից...

    Բայց իր զոհեն նոր ծաղիկներ չբուսան,
    Եւ ինք չեղաւ թիթեռներու հովուուհի.
    Պղտորեցաւ աղբիւրն ուլին արիւնէն`
    Ուր ջուրին հետ պիտի ան ա՛լ չկրնար
    Խմել աստղերը ցոլացիկ երկնքին...
    Լուսինն իջաւ լեռնեն վար,
    Եւ ինք մութին մէջ, սարսռուն,
    Բոբիկ ոտքով մեռա՜ծ ուլին քով կանգնած`
    Լացա՜ւ, լացա՜ւ եւ արիւնլուայ ձեռքերով
    Իր թաց աչքերը շփեց,
    Մինչ գլխուն վրայ կը թօշնէին յասմիկներն,
    Հրապուրուած կոյսն իր անոյշ
    Մեղքը լացաւ:

    Ըստ արտայայտութեան ձեւի, այս բանաստեղծութիւնը հովուերգութիւն է, ըստ բովանդակութեան` ողբերգութիւն...
    Այն, ինչ երազում էին լաւագոյն սիմբոլիստները` խորհրդապաշտականները, իբրեւ ժամանակակից բանաստեղծութեան բարձրագոյն նուաճում, իրականացրեց սեբաստացի գեղջուկը:
    Բանաստեղծութեան խորհրդանիշերը լեցուն են բաբախող կեանքով: Եւ այստեղ ժողովրդականը, ազգայինը ձուլուած է համամարդկայինի հետ:
    Ահաւասիկ, թէ որպիսի խորը բերկրանք է պարգեւում Վարուժանը իր ընթերցողին: Եւ այս բերկրանքը նեղ ընթերցողական չէ՝ կարդացիր, հաճոյք ստացար ու` վերջ:
    Ո՛չ, խօսքն աւելի մէծ երեւոյթի մասին է... հայ ժողովուրդի մեծ ապագայի մասին»:

    Այսպէս է աւարտում իր խօսքը Դանիէլ Վարուժանի մասին Սերգեյ Գորոդեցկին: Եւ այս առիթով ինձ մնում է միայն արձանագրել մի շատ կարեւոր հանգամանք: Թուականը: Բանն այն
    է, որ «հայ ժողովուրդի մեծ ապագայի մասին» իր համոզումը Գորոդեցկին հաւաստել է ո՛չ թէ 1920-ից յետոյ, այլ՝ 1919 թուականին: Եւ հաւաստել է այն իրականութեան հիման վրայ, որ գոյութիւն ունէր տառապեալ ժողովուրդի համար. ժողովուրդ, որ սակայն զբաղուած էր ո՛չ թէ պարապ խոստումներ շռայլելով եւ արտակարգ մի եռանդով կողոպուտի ելած՝ իբր պետականութիւն կառուցելու վերացական մի գործով, այլ արնածոր վէրքերը ապաքինելու հետ միաժամանակ, հիմնում էր հիւանդանոց ու բացում էր համալսարան, հրաւիրում էր հոգեւոր մշակոյթի ցրուած գործիչներին` ճարտարապետից մինչեւ նկարիչ եւ ճարտարագէտից մինչեւ երաժիշտ... Տիրութիւն էր անում իր սահմաններին, վերականգնում էր ազգային լեզուի` հայերէնի` հազարամեակների խորքից եկող, բայց վերջին հարիւրամեակում արագօրէն կորուստի մատնուած արժէքը…
    Սերգեյ Գորոդեցկին ծանր է ապրել այն արիւն-աւերը, այն մղձաւանջը, որ դարասկզբին փլուեց հայ ժողովուրդի գլխին: Այդ ապրումները բնական են բանաստեղծի եւ իւրաքանչիւր ազնիւ մարդու համար։
    Եւ նոյնքան էլ բնական է, որ Սերգեյ Գորոդեցկին երեւոյթներն ու իրադարձութիւնները, եթէ նոյնիսկ դրանք ողբերգական էին, դիտարկում եւ գնահատում էր իբրեւ ի՛ր հայրենիքի քաղաքացի։ Նա դառնանում էր մեծապետական Ռուսաստանի «Հայաստանն առանց հայի» կարգախօսը յիշելիս, քանի որ այն որեւէ եզր չունէր եւ չէր էլ կարող ունենալ քաղաքակրթութեան արժէքների հետ եւ պարզապէս իմպերիալիստական` կայսերապաշտական ծրագրի հանրամատչելի ձեւակերպումն էր։
    Այնպէս որ, ռուս մարդու եւ ռուսական տէրութեան վերաբերմունքները Հայաստանի ու Հայի նկատմամբ բոլորովին տարբեր էին իրարից։
    1954 թուականին նա մի նամակ էր գրել Բորիս Էթինհոֆին, որին ծանօթացել էր Վան եղած ժամանակ։ Բորիս Էթինհոֆը ռուս-թուրքական պատերազմի թատերաբեմ էր եկել իբրեւ Քաղաքների միութեան աշխատանքի վերահսկիչ եւ բոլշեւիկեան քարոզչութեան գաղտնի գործունէութիւն էր ծաւալել ռուս զինուորների շրջանում։
    Այդ նամակը իր ոճով եւ ուղարկուելիք հասցէների առումով ինչ-որ չափով առեղծուածային գրութեան տպաւորութիւն է թողնում։
    «Մեկնելով Վան, Թուրքահայաստան, շրջելով այդ կաւէ աւերակների աշխարհի մէջ, որոնց ամէն մի փոշեհատիկը ներծծուած է բազմաչարչար հայ ժողովուրդի արիւնով, ես ուզում էի ցամաքային ճանապարհով գնալ Ցարգրադը գրաւելու, որովհետեւ գերմանական «Կեպեն» եւ «Պրեսլաու» զրահանաւերը արդէն սրբապղծում էին հնուց ի վեր ռուսական Սեւ ծովի ալիքները: Եւ դու ինձ դեռ հարցնում էիր, թէ ո՞ւմ համար եմ ուզում գրաւել Ցարգրադը:
    ... Տասնվեց թուականի աշնանն էր։
    Չեմ սխալուի, եթէ ասեմ, որ առաջինն էիր, ով բացայայտեց իմ դիմաց այն անդունդը, որի եզրին կանգնած էր ռուս մտաւորականութեան մի մասը, որ ընդունակ չէր եղել ըմբռնելու բոլշեւիզմի պատմական վեհութիւնը... Եւ երբ մէկ տարի անց Ուրմիայի մէջ, որտեղ շնագայլերի ոռնոցի տակ լսեցինք փետրուարեան յեղափոխութեան լուրը, դու, իմ առաջ դնելով «Ո՞ւմ հետ ես» հարցը, որ Մաքսիմ Գորկին դրել էր ռուս մտաւորականութեան առաջ, գծեցիր իմ ծաղրանկարը եւ հարցրեցիր, թէ արդեօք կը տպագրե՞մ այդ ծաղրանկարը իմ իսկ խմբագրած ամսագրի մէջ: Եւ ես քեզ գործնականօրէն պատասխանեցի՝ իմ ծաղրանկարը տպագրելով իմ ամսագրի մէջ: Ահաւասիկ, այսպէս է արտայայտւում կուսակցութեան բարեկամութիւնը անկուսակցականների հետ:
    ... Յիշո՞ւմ ես վլադիկավկազցի Մահոմեդին: Համոզուած եմ, որ նա լիարիւն բոլշեւիկ էր եւ չէր կարողանում հասկանալ, թէ ինչո՛ւ իր փոքրիկ հայրենիքի նկատմամբ սէրը իրեն խանգարում է բոլշեւիկ լինել...»։

    Ռուսաստանում Ցարգրադ էին անուանում Կոստանդնուպոլիսը` Բիւզանդիայի Կոստանդին կայսեր քաղաքը, որի նկատմամբ ժամանակին բացայայտ էր ռուսական կայսրութեան յաւակնութիւնները, իսկ արդէն մեր օրերին` արդէն քողարկուած։ «Բիւզանդական արմատներ»ի մասին խօսքն ու զրոյցը այսօր էլ շարունակում են իմպերիայի ջատագովները։
    Նամակից կատարուած այս հակիրճ մէջբերումը մի շարք յանգամանքներ է բացայայտում, որոնցից են՝
    - Ցարգրադը գրաւելու՝ զինուորական բանաստեղծի խոստովանութիւնը, որ բացայայտում է հեղինակի ազգայնական ոգին,
    - նամակի հեղինակի ցուցադրական վերաբերմունքը զինուորների շրջանում կատարուող բոլշեւիկեան քարոզչութեան նկատմամբ,
    - նամակի հեղինակի ռուս մտաւորականների նկատմամբ,
    - ինչպէս նաեւ՝ Մաքսիմ Կորքու հանրայայտ «Ո՞ւմ հետ էք, մտաւորականներ» հարցի նկատմամբ նամակի հեղինակի վերաբերմունքը,
    - համայնավարների եւ անկուսակցականների (կամ, ինչպէս հետագային սկսեցին հոլովել`
    բլոկի) բարեկամութեան հաւաստիացումը գործնականօրէն։
    Եւ վերջապէս՝
    - այն համոզումը, թէ հայրենիքի նկատմամբ ունեցած սէրը՝ հայրենասիրութիւնը չի կարող խանգարել համայնավար լինելուն։ Սա, ի հարկէ, ազգայնական ոգին արդարացնելու կամ ընդունելի համարելու մի փորձ է։
    Նամակը աւարտել է այսպէս.
    «Իւրաքանչիւր խորհրդային մարդու կեանքի իւրաքանչիւր րոպէն թանկ է յաւիտանականութեան համար, որտեղ շուտով պէտք է գտնուի բոլոր երկրների մարդկանց երջանկութիւնը։
    ... Այս միտքը իմ գլխում էր, երբ գրում էի քո այս քնարական դիմանկարը։
    Համոզուած եմ, որ այն համապատասխանում է իրականութեանը։
    Ուղարկում եմ զոյգ հասցէով. Կուսակցութեանը եւ քեզ»։

    Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ ինքն իրեն եւ Բորիս Էթինհոֆին վկայող նամակը Համայնավար կուսակցութեան եւ ԿԳԲ-ի ականջի համար էր։ Վերաբերմունքի բոլոր դրսեւորումները նոյնպէս ուղղուած էին նոյն հասցէատէրերին։ Սերգեյ Գորոդեցկին փաստօրէն ապահովագրում էր ոչ միայն իր բարեկամին, այլեւ՝ ինքն իրեն։ Ինքնապաշտպանութեան որպիսի՜ միջոցներ են յօրինուել այդ տարիներին…
    … Երկու տարի անց Աւետիք Իսահակեանի վախճանի առիթով ուղարկուած հեռագրի մէջ նա յատկապէս նշել էր.
    «Անմահ է հայ ժողովրդի բարեկամութիւնը ռուս ժողովրդի հետ, եւ հրաշալի է այդ բարեկամութիւնը երգող երգիչների սխրանքը»։

    Իսկ ո՞ւր մնաց Հայաստանի հրեշտակը։ Ահաւասիկ.

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ
    Ես տեսայ նրա թռիչքն անձկալի
    Ամէնից դժբախտ աշխարհի վրայ:
    Մի թեւի ստուերն Արարատ սարի,
    Մի թեւինը` հէգ Սիփանի վրայ:

    Նրա ներքեւում - ամպի նման տօթ,
    Ամպի նման խիտ, գալիս հաւաքւում,
    Հովիտներն ի վար` ծուխն է ալիքւում,- Աւերակների ծուխը դառնահոտ:

    Նրա ներքեւում - լեռնալանջերին
    Եւ բացատների լռութեան մէջ խոր
    Հայերի ճարմակ ոսկորներն էին
    Շողշողում որպէս մարգարտահիւս գորգ:

    Եւ ինչ-որ մի տեղ կածանով վայրի
    Քարշ էին գալիս զարկուած ու զրկուած`
    Խոցուած, խոշտանգուած, խեղճ հողի` վերջին Ժառանգորդները` ամէնքից լքուած:

    Եւ Հրեշտակը ցասկոտ էր այնպէ՜ս,
    Եւ հայեացքի մէջ ամպրոպներ կային,
    Եւ բոցկլտում էր սիրտը հրի պէս
    Եւ լոյս էր անում մթնած աշխարհին:

    Բռնել դիւցազնի իր ձեռքերի մէջ
    Եւ ծածանում էր ծիածանը վառ:
    Շողում էր ճակատն ու խօսքերըի թեժ
    Ջրվէժն էր թափւում շրթունքներն ի վար:

    - Ոտքի ե՛լ, երկիր, մոխիրներից տաք
    Եւ համախմբիր ցրուած ու անտուն
    Քո որդիներին... Դարձրու կուռ բանակ:
    Ես քեզ մի նորոգ կեանք եմ աւետում:

    Կ՚անցնի գիշերը խուլ, խաւարաթեւ,
    Եւ կփշրուեն շղթաները սեւ:
    Աղթամարն ու Վանն` անցած օրերից
    Կը վերադառնան քո գիրկը նորից...

    Բայց…
    Մարդու բարեկամութիւնը Մարդու հետ՝ ես հասկանում եմ։
    Հասկանալի է նաեւ Մարդու նուիրուածութիւնը աղէտեալներին ու թշուառութեան մէջ
    յայտնուածների նկատմամբ։ Մենք այդպիսի անհատականութիւնների հանդիպել ենք յատկապէս 20-րդ դարասկզբին, երբ արիւնոտ խրախճանք էին անում Ոճրագործները։
    Նորից կրկնեմ` բայց ինչպէ՞ս կարող ենք հաւատալ կամ պատկերացնել բարեկամութիւն երկու վերացական հասկացողութիւնների միջեւ, ինչպէ՞ս կարող են բարեկամութիւն անել երկու ժողովուրդ, որոնցից մէկը նուաճուած է, իսկ միւսը նուաճուածի հաշուին ընդարձակել է կայսրութեան սահմանները։ Ինչպէ՞ս կարող է բարեկամական զգացումներ ծնուել ոչ միայն ժողովրդի, այլեւ որոշակի անհատի մէջ մի տէրութեան նկատմամբ, որ «Հայաստանն առանց հայի» կարգախօսը դարձրել է խիզախ մարտակոչ։
    Փոքր-ինչ սթափ հայեացքով նայենք իրականութեանը։ Գուցէ ժամանակն է, որ մարդկային յարաբերութեան որակը չվերագրենք բազմութեան, քանի որ բազմութիւնը, տէրութիւնը, կայսրութիւնը առաջնորդւում է միայն իր շահերով… Իսկ մենք…
    Իսկ մենք՝ հայերս, ծալել մի կողմ ենք դրել մեր ազգային Շահը եւ շարունակում ենք հպարտանալ մեր խոնարհ հպատակութեամբ եւ, աւելի՛ն, մեր ստրկամիտ կեցուածքով…
    Ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկին կարող է լինել մեր մէջ արժանապատուութիւն եւ ինքնասիրութիւն դաստիարակող կուրուն, որպէսզի մենք եւս առաջնորդուենք ազգային Շահով եւ անձնական բարեկամութիւնը այլազգի մեր ընկերների հետ չշփոթենք պետական
    յարաբերութիւններով, որոնք զարգանում են դիւանագիտական շրջանակների մէջ եւ երբեք չեն կարող դիտուել իբրեւ ժողովուրդների բարեկամութիւն։
    Այն պարզ պատճառով, որ ժողովուրդների միջեւ բարեկամութիւն երբեք չի եղել եւ չի կարող լինել։
    Սա է Ճշմարտութիւնը։
    Եւ, ինչպէս սովորեցնում է մարդկութեան ամենաիմաստուն Գիրքը, եթէ ճանաչենք այս «ճշմարտութիւնը, ապա ճշմարտութիւնն էլ կ’ազատի մեզ»։
    ԿԱՐԷՆ Ա. ՍԻՄՈՆԵԱՆ
    (Շար. 3 եւ վերջ)
    Փարիզ

    Սերգեյ Գորոդեցկի

    Յովհաննէս Թումանեան եւ
    Սերգեյ Գորոդեցկի

    Սերգեյ Յեսենին եւ
    Սերգեյ Գորոդեցկի

    Նիկոլայ Կումիլեով եւ
    Սերգեյ Գորոդեցկի

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •