կամ ՓՈՓ-ԱՍՏՂԻ ԿՅԱՆՔԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Այնքան հեռու անուն, գրեթե իմ կողմից չգնահատված, քանի-որ իր արմատներով ձուլված է մեր սովետական մշակութային պատկերացումներին, և դրանց հակոտնյան է եղել իր երգով, շարժուձևով, իր ազատության աստիճանով: Ապա վերջին տարիների բոլոր տեղեկությունները նրա պլաստիկ վիրահատությունների, ապրելակերպի, սկանդալային պատմությունների, անասելի հարստության, և այս ամենի հետ արդեն գրեթե ծայրաստիճան հակակրանք առաջացնող դեմքը...
Եվ ահա այս թշվառ արքան, միլիոնավոր մարդկանց կուռքը մահացավ, և դրանով նորից իր անձի վրա սևեռեց բոլորիս ուշադրությունը:
Զարմանում եմ, թե որքան ինձ հուզեց այդ մահը, և որքան խորհելու տեղիք տվեց...
Դասերը շատ են, սակայն քննարկենք մի-քանիսը...
Տեսնես, այդ հարստագույն մարդը երբ էր վերջին անգամ կուշտ հաց կերել. ըստ պաթանատոմների նրա մարմինը կմախքի էր վերածված, ստամոքսում սննդի հետք անգամ չկար, այլ միայն դեղահաբերի մեծ քանակ: Տեսնես, այսօր ասում էինք, այդ խեղճ մարդը տաք, թարմ "գրեչկայով" փլավ երբ էր կերել:
Այն, ինչ, ինչպես այսօր ասում էր Հեղինակը, բոլոր մարդիկ ստանում են բնական եղանակով, որպես բնության տված պարգև, հաճույքով և անվճար` զավակ ունենալու երջանկությունը, այդ մարդը ստացել էր մեծ ջանքով ու տքնանքով` յուրաքանչյուր երեխայի համար վճարելով երեք միլիոն դոլար իր իսկ կնոջը /վեց միլիոն երկուսի համար և շքեղ տուն մեկուկես միլիոն արժողությամբ/, որն այսօր սակայն արդեն հարցականի տակ է դնում Մայքլի հայրությունը: Երրորդ զավակը ընդհանրապես, կարծես, երեք ծնող ունի` մեկից ձվաբջիջը, մյուսից/գուցե նաև իրենից/` սպերմատոզոիդները, երրորդից` արգանդը` ամեն ինչ վարձով, ամեն ինչ` անսեր, անաստված, անբնական, ժամանակավոր ու պայմանական...: Խեղճ երեխաները հիմա անգամ չգիտեն, ով է նրանց մայրը, ով է իրենց խնամելու... սկսվում են ծանր դատական պրոցեսներ...
Այս սևամորթ արքան իր բոլոր շնորհները ստացել էր իր ցեղից, իր նախնիներից` նրանցով փայլել, գերել աշխարհը... և սակայն որոշել սպիտակամորթ դառնալ... թե ինչ գին է անհրաժեշտ վճարել մաշկի այդ կտորները "կպցնելու" և պահելու համար, կարծում եմ, պարզ է...
Եվ ապա... ծնվել է Եհովայի վկաների ընտանիքում... անցյալ տարի իսլամ է ընդունել... ինչ դժվար է հասկանալ` հոգու ինչ տվայտանքի արդյունք է, թե ամենայն ինչը փոխելու, ամեն ինչի դեմ ընդվզելու մարմա՞ջ...
Եվ ահա այս խեղծ, հիվանդ մարդուն ոտի են հանում և դրդում, հավանաբար, ստիպում, համերգային շրջագայություն սկսել`հիսուն համերգ... կես միլիոնի տոմս են վաճառում: Դժվար է պատկերացնել, թե ինչ ապրումների մեջ է այդ հոգին, չէ որ հոգի է, իսկ գուցե նաև ՀՈԳԻ...
Մահվանից չորս օր առաջ խոստովանում է, որ չի կարող... չի կարող..., ավելի շուտ կմեռնի, քան կհասնի այդ համերգներին...
ՄԵԾ ու ԹՇՎԱՌ հոգի, ՊԱՅԾԱՌ ու ԽԱՎԱՐ հոգի, միլլիոնների կուռք և բացառիկ մենակ հոգի, աշխարհի հարուստ և աշխարհի աղքատ հոգի...
Ամերիկյան ազատության զավակ, ազատության պոռթկում, հանճար և ամերիկյան հակաստվածության, անաստվածության զոհ...
Ամերիկյան բժշկության, մտածելակերպի զոհ` դեղերով սնվելու, բնությանը սեփական "ծրագրերը" պարտադրելու անզորության ապացույց...
Եվ այնուամենայնիվ մի զարմանալի ջերմ մարդկային զգացում և կարեկցանք հուզում է սիրտս:


Մեջբերել