Մէջբերում՝ Վալերի Միրզոյեանի «Ճարտասանութիւն» գրքից.


Շղթայակցում

Շղթայակցումը այն բանադարձումն է, երբ որեւէ բառ հնչերանգով առանձնացւում է եւ դառնում ելակէտ յաջորդ մտքի արտայայտման՝ այդ կերպ շղթայական կապ ստեղծելով:

Շղթայակցումի օրինակ Վարդան Մամիկոնեանի ճառից. «Երկիւղ՝ թերահաւատութեան է նշանակ, զթերահաւատութիւն մեք ի մէնջ մերժեցաք, ընդ նմին եւ երկիւղն փախիցէ ի մտաց եւ ի խորհրդոց մերոց»:

Զօրավարի միտքը տրամաբանօրէն կուռ է ու համոզիչ յատկապէս շղթայակցման շնորհիւ: Առաջին ասոյթի «թերահաւատութիւնը» բացուել է երկրորդ, իսկ «երկիւղը»՝ երրորդ ասոյթի մէջ: Կարելի է այլ կերպ ձեւակերպել (նոյն տրամաբանութիւնը տարբեր լեզուական կաղապարներով արտայայտել), սակայն դա հնարաւոր չէ ասել աւելի պատկերաւոր, աւելի աւարտուն, աւելի սլացիկ, ուստի եւ՝ աւելի ազդեցիկ, քան արդէն ասուել է:

Բանաստեղծական խօսքում այս հնարքը ապահովում է պատումի սահուն ծաւալումը, հնչեցմանը՝ հաղորդում երգեցիկութիւն, ինչպէս Յովհաննէս Թումանեանի «Չարի վերջը» հեքիաթում:


Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ...

Շղթայակցման օրինակ ժամանակակից հայ քնարերգութիւնից (Յասմիկ Յովհաննէսեան), որտեղ այդ հնարքով խորացել է դատողութեան խոհականութիւնը.


Շղթաները մեզ կապող ծաղիկներն են լինելու,
Ծաղիկները շղթայի անթառամ են դառնալու:


Մեր սրտերը բաբախող հեքիաթներ են հիւսելու,
Հեքիաթները մեր հիւսած երազանք են դառնալու:

Մեր աչքերը զարմացած նոր աշխարհ են գտնելու,
Այդ աշխարհը նոր գտած միայն մերն է դառնալու: