Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Լեզուատրամաբանական սխալներ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Լեզուատրամաբանական սխալներ

    Մէջբերում՝ Վալերի Միրզոյեանի «Ճարտասանութիւն» գրքից.

    Լեզուատրամաբանական սխալներ

    «հարազատութիւն ընդ իմաստաբանութեանց»


    (Մ. Սալլաթեանց)


    Ինչպէս առանձին բառերի, այնպէս էլ բառակապակցութիւնների գործածութեան ասպարէզում ճարտասանին վնասում են լեզուատրամաբանական բնոյթի սխալները: Դրանք առաւելապէս հետեւանք են բառակապակցութեան բաղադրիչների իմաստային համապատասխանութեան պահանջի այն խախտումների, որ ճարտասանն ակամայ է կատարում (կամովին՝ միտումնաւոր խախտումների պարագայում, գործ ունենք սոփեստական հնարքի հետ): Ճարտասանական խօսքի շարադրանքին (առասութեանը) ներկայացւող այդ կարեւոր պահանջը Միքայէլ Սալլաթեանցը ձեւակերպել է այսպէս՝ «հարազատութիւն ընդ իմաստաբանութեանց. այն է՝ զի արտաքին խօսքն պատկերացուսցէ եւ արտայայտեսցէ զներքին իմաստս»:

    Այնինչ՝ շատ ճառասացներ կամ իրենք են անտեսում տուեալ պահանջը, կամ անքննադատ կերպով կրկնում, իւրացնում են այլոց սխալները: Համոզուենք դրանում հետեւեալ օրինակները վերլուծելով:


    • Մերօրեայ ամենատարածուած սխալներից է «գինը՝ պայմանագրային» բառակապացութիւնը, որ հանդիպում է յատկապէս զանազան յայտարարութիւններում (այսինքն՝ բազմապատկման «բարենպաստ» հնարաւորութիւններ ունի): Իմաստը հասկանալի է՝ ուզում են ասել, թէ գինը նախապէս չի յայտնւում, անփոփոխելի չէ, հարկաւոր է պայմանաւորուել («խօսելու վրայ»՝ կասէին ժողովրդախօսակցական ոճով հաղորդակցւողները) եւ այլն: Ուրեմն՝ հայերէն այդպէս էլ ասենք. «գինը՝ ըստ պայմանաւորուածութեան», «գինը՝ պայմանական» եւ այլն: Իսկ այս պարզ իմաստն ստացել է աղարտական ձեւակերպում, քանի որ անտեսուել է ռուսերէն համապատասխան բառի բազմիմաստութեան հանգամանքը («договорная» նշանակում է ոչ միայն «պայմանագրային», այլեւ «պայմանաւորուածութեամբ»):
    • Ոչ միայն առտնին, այլեւ պաշտօնական խօսքում եւ նոյնիսկ բառարաններում հանդիպում են «էժան գներ», «թանկ գներ», «գներն էժանացել են», «սակագների թանկացում» եւ նմանօրինակ արտայայտութիւններ: Մինչդեռ գինը կարող է լինել ցածր կամ բարձր, իսկ «էժան» բառն ինքնին նշանակում է «ցածր գին», ուստի եւ՝ «էժանացել» նշանակում է գինն իջեցնել: Սխալ բառակապակցութիւն է գոյանում, քանի որ բաղադրիչների իմաստային ոլորտները մասամբ համընկնում են, ծնում կրկնաբանութիւն (լեզուատրամաբանական այդ կարգի սխալներին ստորեւ կանդրադառնանք), մթագնում բառակապակցութեան ամբողջական իմաստը:
    • Իմաստով միմիանց անյարիր երկու բառ է միացրել այն քաղաքական գործիչը, ով յորդորում է ընտրողներին, թէ «աջակցէք մեզ՝ վերականգնելու այսօրուայ անարդարութիւնը»: Բայց չէ՞ որ վերականգնում են արդարութիւնը (իսկ անարդարութիւնը, ընդհակառակը, կապակցւում է «վերացնել» բայական լրացման հետ), եւ ճարտասանը հենց դա էլ ուզել է ասել, սակայն խախտելով բաղադրիչների իմաստային համապատասխանութեան պահանջը՝ իր ցանկացածին հակադիր միտք է ձեւակերպել:
    • «Անհնարինը՝ ակնյայտ» բառակապակցութիւնը հայաստանցի լրագրողների նախասիրած վերնագրերից է. չկայ մի շաբաթ, որ դա չզարդարի որեւէ յօդուած: Կա՞յ արդեօք իմաստային որեւէ հարազատութիւն այս երկու բառերի միջեւ, որ կողք կողքի են դրուել: Այս բառակապակցութիւնը գործածողը ինչո՞ւ չի նկատում, որ չի կարող լինել, այն էլ ակնյայտ լինել այն բանը, որն առհասարակ չի կարող լինել՝ ան-հնար-ին է: Պատճառը վերստին համապատասխան ռուսերէն բառակապակցութեան (յայտնի հեռուստահաղորդաշարի անուանման՝ «очевидное невероятное» արտայայտութեան սխալ պատճէնումն է: Ճիշտ ձեւն է՝ «Անհաւանականը՝ (կամ՝ անհաւատալին) ակնյայտ», քանի որ անհաւանականը, այնումենայնիւ, անհնարին չէ: Հայերէն մտածելիս խօսողը կամ գրողը նման սխալ թերեւս չէր անի, բայց կուրօրէն պատճէնելիս այդօրինակ անհեթեթ բառակապակցութիւնը, անհաւանականից, իրօք դարձել է միանգամայն ակնյայտ:
    • «Ուզում եմ երեւանցիներին շնորհաւորել այս օրով». Եթէ այս բանն ասող նախարարին փորձենք բացատրել, որ ինքը ռուսերէն լեզուակաղապար է գործածում, նա անկեղծօրէն կը զարմանայ: Իրօք, սխալ բառակապակցութիւններն այնքան են տարածուել, որ արդէն սխալն է ընկալւում որպէս ճիշտ, իսկ ճիշտը՝ սխալ: Բերուած արտայայտութիւնը հայերէնով պիտի լինէր՝ «ուզում եմ շնորհաւորել երեւանցիներին՝ այս օրուայ առթիւ»:
    Մէկ լեզուական համակարգին բնորոշ բառակապակցութիւնների անյաջող տեղափոխումը (իսկ յաջող, պատշաճ տեղափոխումը ոճական տպաւորիչ հնար է՝ «բանաշրջում») մէկ այլ համակարգ անխուսափելիօրէն յանգեցնում է լեզուատրամաբանական խաթարումների:

    Եւ մեր ազգակիցներից շատերը փաստօրէն շարունակում են ռուսերէն խօսել, երբ գործածում են հետեւեալ կաղապարները՝

    · յանձնաժողովներում օրինագծերը նայւում են (ճիշտն է՝ «քննարկւում են»),

    · նա ծանօթ է գործարար շրջաններում (գործարար շրջաններին),

    · թեկնածուն անհրաժեշտ թուով ձայներ չհաւաքեց (չստացաւ),

    · զգում է, որ մենամարտը կորցրել է (տանուլ է տուել),

    · համերգը տեղափոխուել է մէկ շաբաթով (յետաձգուել է),

    · ինչպիսի՞ միջոցներ էք առաջարկում կաշառակերութիւնը վերացնելու համար (ի՞նչ միջոցներ),

    · որոշեցի ձեռքս վրաս բարձրացնել (ինքնասպան լինել),

    · ձեր դատին եմ դնում (յանձնում),

    · Բերէք ձեզ պատմեմ (եկէք ձեզ պատմեմ),

    · Ձգում են իրենց պատժաչափը (կրում են),

    · Ձեզ ինչպէ՞ս դուր եկաւ այս պատմութիւնը (ձեզ դուր եկա՞ւ),

    · Աշխատանք տանել (աշխատանք կատարել),

    · Ներկայանալի արտաքին (պատկառելի, պատկառազդու),

    · Ֆրանսիական գրող (ֆրանսիացի գրող),

    · Ինչպէ՞ս է ձեզ մօտ ստացւում (ինչպէ՞ս է ձեզ յաջողւում),

    · Մոլորութեան մէջ մտցնել (մոլորութեան մէջ գցել),

    · Չեմ ուզում կրկնուել (չեմ ուզում կրկնել),

    · Հարցերից հարցը (հարցերի հարցը),

    · Մօտակայ նիստը (առաջիկայ նիստը),

    · Առաջին տիկին (տիկնանց տիկին),

    · Դուստրային ձեռնարկութիւն (դուստր ձեռնարկութիւն),

    · Ինչպէ՞ս է անունդ (ի՞նչ է անունդ),

    · Ինչպէ՞ս էք գտնում (ի՞նչ էք կարծում),

    Նոյն կերպ՝ այսօր հայ մարդը գրեթէ չի զգում, որ ինքը յոգնակի ձեւ է գործածում հայերէնին բնորոշ եզակիի փոխարէն՝


    • «ակնոցներ է հագնում» (փոխանակ՝ ակնոց դնելու),
    • «փողեր» հաշւում (փող հաշուելու փոխարէն),
    • «մտավախութիւններ» ունենում (մտավախութեան փոխարէն),
    • Մասնակցում Ազգային ժողովի «ընտրութիւններին» (փոխանակ՝ ընտրութեանը) եւ նոյնիսկ «նախագահական» եւ «կաթողիկոսական ընտրութիւններին»:
    Հայախօս հայ մարդը՝

    - իր բռնած գործը դնում է «բարձր հիմքերի վրայ» (փոխանակ՝ ամուր հիմքերի),

    - գործիքի վրայ է նուագում (գործիք նուագելու փոխարէն),

    - տուժում է վթարի արդիւնքում (այլ ոչ թէ՝ վթարի հետեւանքով),

    - տիրապետում որոշակի ինֆորմացիայի (որոշակի տեղեկութիւններ ունենալու փոխարէն),

    - իր ասպարէզում «առաջատար դեր գրաւում» (փոխանակ՝ կատարելու դեր, կամ գրաւելու տեղ),

    - խորհրդակցութիւնների ժամանակ նա կարող է «գալ որոշակի որոշման» (փոխանակ որոշակի եզրակացութեան յանգելու կամ վճիռ, որոշում կայացնելու),

    - իր սէրն արտայայտում է «երկու-երեք խօսքով» («բառի» փոխարէն):



    Բառակապակցութիւնների գործածութեան առնչւող տրամաբանական սխալներից է առարկային (երեւոյթին) անհիմն կերպով անձնական յատկանիշներ վերագրելը:

    Օրինակ՝ տարածուած սխալ է «իրաւացի է ձեր ասածը» արտայայտութիւնը: Ճիշտ ձեւն է «իրաւացի էք» (կամ՝ «արդարացի է ձեր ասածը»), քանի որ իրաւացի կարող է լինել անձը (ենթական), այլ ոչ թէ առարկան: Այստեղ սխալն ինքնին անձնաւորումը չէ, որն արդիւնաւետ ճարտասանական հնար է՝ դարձոյթի տեսակ, երբ անշունչ առարկան օժտւում է մարդկային յատկանիշներով, եւ խօսքը դրանով դառնում է աւելի պատկերաւոր ու արտայայտիչ (ասենք՝ «բնութիւնը զայրացել է», «անտառը սպասում է», «Սեւանը կանչում է» եւ այլն):

    Սխալը անհամատեղելի իմաստների արհեստական կապակցումն է, որը միայն ու միայն աղաւաղում է ճարտասանի ասելիքը եւ թուլացնում համոզկերութիւնը: Դրանցից են նաեւ՝

    * գնալ վաստակաւոր հանգստի (պիտի լինի՝ վաստակած հանգստի),

    * այդ քանդակներից ոմանք մինչեւ օրս պահպանուել են (որոշ կամ մի քանի քանդակ),

    * միջադէպի հետեւութիւնները (հետեւանքները),

    * բարձր վճառւող աշխատանք (բարձր վարձատրւող աշխատանք),

    * յանցագործ անփութութիւն (յանցաւոր անփութութիւն),

    * ընդդիմադիր փաստարկ (հակառակ փաստարկ, հակափաստարկ):
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Լեզուատրամաբանական սխալներ

    Սխալը սխալ է, երբ միտումնաւոր չի արւում, այսինքն՝ ոչ այն դէպքում, երբ ճարտասանը գիտակցաբար գործադրում է անսովոր բառակապակցութիւն յանուն խօսքի պատկերաւորութեան, յուզականութեան ուժեղացման:

    Արդ՝ դժուար է ենթադրել, թէ «արժանապատիւ ապագայ» բառակապակցութիւնը լոյս աշխարհ բերողները միտք են ունեցել ոճականօրէն նոր բան ասելու: Պարզապէս դրսեւորուել է դրա հեղինակների ոչ հայեցի կրթութիւնը: Ռուսերէնում «արժանիք» (достоинство) բառը համատեղելի է թէ՛ անձանց եւ թէ՛ առարկաների հետ, այնպէս որ՝ ռուսը կարող է քննարկել առարկայի (երեւոյթի) այս կամ այն արժանիքը: Հայ մարդու համար «արժանապատիւ» ածականը միայն ու միայն զուգորդւում է անձի (եւ անձանց հանրոյթի) հետ, ուստի՝ ներդաշնակօրէն համատեղւում է անձնային յատկանիշ նշող բառակապակցութիւններում՝ «արժանապատիւ արարք», «արժանապատիւ կեցուածք», «արժանապատիւ պատասխան» եւ այլն: Այնպէս որ՝ բերուած խոտելի բառակապակցութեան ճիշտ ձեւը կլինի «արժանավայել ապագայ»-ն, որտեղ լրացումը վերաբերում է արդէն ոչ թէ ապագային, իբրեւ երեւոյթի, այլ այդ ապագային ձգտող հանրոյթին: Չի կարող լինել, ասենք՝ «արժանապատիւ հագուստ», քանի որ այդ կերպ արժանիքը կվերագրուի հագուստին, մինչդեռ կարող է լինել «արժանավայել հագուստ», քանի որ լրացումն արդէն վերաբերում է հագուստը հագնողին:

    Քանի որ բառակապակցութիւնը բաղկացած է երկու եւ աւելի բառերից. ապա այստեղ գոյանում է մի նոր տեսակի սխալ, որը հազուադէպ է առանձին բառերի գործածութեան ժամանակ: Դա կրկնաբանութիւնն է, երբ լրացումը կրկնում է լրացեալ բառային իմաստը՝ ոչինչ աւելացնելով, այլ ստեղծելով անհարկի յաւելադրութիւն, ոճական անպատշաճութիւն, թուլացնելով խօսքի ամբողջական տպաւորութիւնը:

    Պատահական չէ, որ առասութեանը ներկայացւող պահանջներից մեկը Մ. Սալլաթեանցը հենց այդպէս է ձեւակերպել՝ «այնչափ միայն բառք ի մէջ բերցին, որչափ հարկաւոր են առ լիուլի բացայայտելոյ զգաղափարս եւ զիմաստս, ոստ որոյ հարկ է արտաքսել զանալի կրկնաբանութիւնս»:

    Ժամանակակից հրապարակային խօսքի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ այդ՝ իսկապէս անհամ ու տաղտկալի կրկնաբանութիւնների արտաքսման խնդիրը ոչ միայն չի վերացել, այլեւ շատ աւելի է բարդացել: Ապացոյցը՝ դրանց երկար շղթան (ամբողջական նախադասութիւնները չենք մէջբերում՝ շարադրանքը չծանրաբեռնելու նպատակով)՝ «հին հնոտի», «գիւղացիական տնտեսութեամբ զբաղւող տնտեսութիւններ», «ուժեղ ներուժ», «քուէարկութիւնը վերաքուէարկել», «փորձեցին փորձ անել», «ծառահատուել են բազմաթիւ ծառեր», «շիկահեր վարսեր», «ժողովուրդը իրաւամբ իրաւունք ունի», «սերտ կապերի մերձեցում», «երկկողմանի երկխօսութիւն», «ակնյայտ բացայայտում», «շատ կարեւորագոյն խնդիր», «ժամանակը երկար կտեւի», «ապագայ անելիքը», «պատահական դիպուած», «բանաւոր լսել», «միառժամանակ առաջ»:

    Քողարկուած կրկնաբանութեան տեսակ է ենթակայի կրկնումը դերանունի ձեւով. «Այս պահին ամենաառաջային ծրագիրը՝ դա արցախեան հիմնախնդիրն է»: «Ճգնաժամի ծրագիրը՝ դա փրկութեան ծրագիր է»: «Ինձ համար ամենակարեւորը՝ դաինքնակատարելագործումն է»: «Հարբեցողութիւնը դա հիւանդութի՞ւն է, թէ՞ ուղղակի վատ սովորոյթ է»: «Խորհրդարանը դա քաղաքական մարմին է»: «Սկզբունքային լինելը դա բնաւորութեան հարց է»:

    Այս լեզուակաղապարը՝ նախադասութեան ենթակայի անմիջաբար կրկնութիւնը «դա» ցուցական դերանունի տեսքով, որը դարձեալ ենթակայի դեր է կատարում, բնորոշ է ռուսերէնին, սովորաբար լինում է անջատման գծով (дeфис). օրինակ՝ վերջին նախադասութիւնը («Принцириальность – это вопрос характера): Հայերէնում բնաւ կարիք չկայ այդօրինակ կրկնութեան, այնպէս որ շտկենք՝ «Այս պահին ամենաառաջնայինը (միգուցէ պարզապէս՝ առաջնայինը) Արցախի հիմնախնդիրն է» («հարցն» ու «խնդիրը» հոմանիշներ են, ուստի տուեալ խօսքաշարում դրանց համատեղ գործածութիւնը հիմնաւորուած չէ, իսկ «արցախեան» ածականն էլ մեկ այլ ռուսաբանութիւն է): Նմանապէս՝ բոլոր օրինակներում էլ դիւրին կարող ենք ազատուել աւելորդ «դա»-ից: Առհասարակ՝ տարօրինակն այն է, որ ցուցական դերանունները (դա, սա, նա, այդ, այս, այն, այդքան, այնքան եւ այլն) գործածւում են յատկապէս կրկնութիւնից խուսափելու նպատակով: «Դա»-ն, մասնաւորապէս, թոյլ է տալիս խուսափելու կրկնութիւնից, երբ հարկաւոր է լինում նշել մեր կամ զրուցակիցի հենց նոր ասածը («Այդ գիրքը չեմ ուզում վերցնել, դա կարդացել եմ»), ինչպէս նաեւ դիմացինին մօտ գտնւող իրը (մեզ մօտ գտնւողի համար «սա», իսկ երկուսիցս էլ հեռու գտնւողի համար համար՝ «այն»)՝ «Դա» փոխանցէք ինձ, խնդրում եմ»:

    Դերանունի անհարկի կրկնութեան մի արտառոց օրինակ մամուլից. «ում եւ ում միջեւ է գնում երկխօսութիւնը»: Այս նախադասութեան մէջ երկու դերանուններից մեկը նոյնպէս աւելորդ է, եւ ճիշտ ձեւն է՝ «ում միջեւ է երկխօսութիւնը»:

    Կրկնաբանութեան սխալներ են գոյանում թուականների գործածութեան ընթացքում: Դրանցից է դասական թուականի համատեղումը «համար» բառի հետ, երբ ասւում է՝ «համար առաջին», «համար երկրորդ» եւ այլն, մինչդեռ ճիշտ ձեւն է «համար մեկ» կամ պարզապէս՝ «առաջին»: Այնպէս որ՝ չի կարելի ասել, թէ «նորոգուել է Մարալիկի համար առաջինդպրոցի մասնաշէնքը» («Հ1 հ/ը, «Հայլուր», 2.05.2005, հաղորդավարի խօսքից»):

    Շատ է ասւում «կրկին անգամ», «նորից եմ կրկնում», «մեկ անգամ էլ եմ կրկնում», այնինչ «կրկին» արդէն նշանակում է եւս մեկ անգամ, ուրեմն՝ ճիշտ ձեւերն են՝ «մեկ անգամ էլ», «կրկին», «դարձեալ», «նորից», «վերստին» եւ այլն:

    Իսկ «երկու անգամ աւելի շատ» կապակցութեան մէջ աւելորդ է «աւելի» բաղադրիչը, քանի որ «երկու անգամ... շատ» բառակապակցութիւնն արդէն աւելին լինելու հանգամանքն է արտայայտում:

    Թուականների գործածութեանն առնչւող կրկնաբանութեան տեսակ է «թիւ» բառի անհարկի յաւելումը, ինչպէս ասենք՝ «թւով 12 ներկայացուցիչ» արտայայտութեան մէջ, քանի որ «12»-ը ինքնին թիւ է նշում:

    Կրկնաբանութեան սխալ է «ամիս» եւ «օր» բառերի գործածութիւնը այն բառակապակցութիւններում, որտեղ ինքնին հասկանալի է ամսուայ կամ օրուայ նշանակութիւնը՝ «յուլիս ամիս», «դեկտեմբեր ամիս», «ուրբաթ օրը», «երկուշաբթի օրը» եւ այլն: Նոյն կերպ սխալ է «գոյն» բառի գործածութիւնը արդէն իսկ գոյն նշող գոյականների կողքին՝ «կանաչ գոյն», «դեղին գոյն» եւ այլն:

    Իր հիմքում տրամաբանական սխալի հետեւանք է ստոյգ թուականի հետ մօտաւորութիւն նշող լրացումների անպատեհ գործածումը՝


    • «միջոցառմանը մասնակցեց շուրջ252 բեռնատար»,
    • «զոհուել է մօտ18 զինւոր»,
    • «նկարւել է շուրջ 16 ֆիլմում»,
    • «հրատարակել է մօտ22 գիրք»,
    • «ստորագրուելու են շուրջ 12 նախագծեր»:
    Աւարտելով վերլուծութիւնը՝ նշենք կրկնաբանութեան եւս մի տեսակ՝ մակաբոյծ բառակապակցութիւնների առկայութիւնը ճարտասանի խօսքում: Ինչպէս առանձին բառերի գործածութեան պարագայում, այստեղ նոյնպէս անիմաստ միջարկութիւնները ծանրացնում են խօսքը եւ թուլացնում դրա ներազդեցութիւնը:

    Ահաւասիկ՝ կարդում ենք հայ լեզուաբանի մի աշխատութեան մէջ. «Մայրենիի դպրոցական (ինչ-որ տեղ՝ անգամ նախադպրոցական) ծրագրերը... » եւ այլն: Ի՞նչ գործ ունի «ինչ որ տեղ» բառակապակցութիւնը, ի՞նչ լրացուցիչ իմաստ է հաղորդում ասուածին, մանաւանդ եթէ կայ «անգամ» վերաբերականը:

    Մակաբոյծ բառերն ու բառակապակցութիւնները բաւական տարածուած են. ամեն ոք ուշադիր լսելով դիմացինին՝ կարող է յայտնաբերել անհարկի գործածուող «ուրեմն»-եր, «այսպէս ասած»-ներ, «ըստ էութեան»-ներ, «ասենք»-ներ, «խօսքի օրինակ»-ներ, «անկեղծ ասած»-ներ եւ այլն: Նոյնքան վնասակար են այն լեզուակաղապարները, որ մենք յաճախ անմտօրէն գործածում ենք՝ ընդօրինակելով սխալ խօսողներին: Դրանցից է, օրինակ՝ «ի դէպ ասենք, որ... » կառոյցը. դրանում միանգամայն աւելորդ են վերջին երկու բառերը:

    Նկատենք, որ բուն այդ երկուքը՝ նոյնիմաստ կամ մերձիմաստ բառերի անհարկի գործածութիւնը նաեւ վկայութիւնն է խօսողի բառապաշարի աղքատութեան: Ի հարկ է, երբեմն մի եւ նոյն բառի կամ արտայայտութեան կրկնութիւնը ընդամենը խօսակցական խոտելի սովորութիւն է, երբեմն էլ առնչւում է խօսողի մասնագիտական զբաղմունքին (ուսուցիչ, դասախօս):
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •