Մէջբերում` Վալերի Միրզոյեանի «Ճարտասանութիւն» գրքից.
«Ինչո՞ւ ոմանք շատ բառեր կը գործածեն»
(Դ. Վարուժան)
Դանիէլ Վարուժանը իր հարցին ինքն էլ պատասխանում է. «Վասնզի կը դժուարանան իրենց գաղափարը յայտնելու եւ կ’ստիպուին անոր շուրջը թափառիլ» [Յորդորներ սկսնակներուն, էջ 205]: Ճարտասանը նոյնպէս, եթէ ստոյգ բառը չի գտնում, հարկադրուած է թափառելու՝ նկարագրելու իր միտքը այլ բառերով (սա՝ լաւագոյն դէպքում, երբ յաջողւում է չիմացածը իմացածով փոխարինել), արդէն ասուածն անհարկի կրկնելու, խօսքը ձգձգելու, տեղապտոյտ տալու:
Որքա՜ն աւելորդ բառ է ասւում, ուրեմն եւ՝ ասելիքի տպաւորութիւնը փճանում ու ներազդեցութեան ուժը թուլանում այն պատճառով, որ խօսողը խախտում է պարզ, սակայն անբեկանելի մի կանոն՝ ճիշտ բառը՝ ճիշտ տեղում:
Բառընտրութեան հանգամանքը, որքան էլ տարօրինակ թուայ, աւելի կարեւոր է ընդհանուր առմամբ կիրթ, գրագէտ խօսողի համար, քան թէ՝ անկիրթ: Անյաջող բառը, գռեհկաբանութիւնը, սխալ արտասանութիւնը, նաեւ՝ ինքնին չեզոք, սակայն միալար կրկնութեամբ մակաբոյծ դարձած բառը կիրթ խօսքի պարագայում առաւել աչքի են զարնում. չէ՞ որ նոր հագուստի վրայի բիծն աւելի շուտ է նկատւում, քան հնի: Ճիշտ այդպէս է, երբ փոքրիշատէ սահուն խօսքի մէջ լսւում են՝ «ուրեմս», «ուրեմ» («ուրեմն»-ի փոխարէն), «այսինք» («այսինքն»-ի փոխարէն), «հըլը», «պըտի», «խի», «այսպէս ասած» (եւ դրա ժողովրդախօսակցական համարժէքը՝ «ոնց ասած»), «խօսքի», «օրինակի համար», «հասկանո՞ւմ ես», «բանը» եւ այլ բառեր ու արտայայտութիւններ, «ըըը» ձայնարկութիւնը կամ դրա ռուսերէն «նու» համարժէքը: Որպէս կանոն, «ըստ էութեան» բառակապակցութիւնը այնքան յաճախ է գործածւում, որ գրեթէ երբէք չի լինում ըստ էութեան: Նոյնը վերաբերում է «ասեմ որ»մակաբոյծ արտայայտութեանը. բովանդակ խօսքի ընթացքումթերեւս թոյլատրելի է մեկ-երկու անգամ (թէեւ՝ միանգամայն աւելորդ է ասել, թէ ասելու ես այն, ինչ արդէն ասում ես), մինչդեռ յաճախադէպ գործածութիւնը միայն ու միայն վնասում է ճարտասանին: Երբ խօսողն անվերջ կրկնում է՝ «անկեղծ ասած», ակամայ սկսում ես կասկածել նրա անկեղծութեանը:
Մակաբոյծ բառերով ու արտայայտութիւններով, աւելորդաբանութեամբ, կրկնութիւններով, շեղումներով ճարտասանը փորձում է լցնել իր խօսքի այն դադարները, որ առաջանում են միտքը ձեւակերպելու, գաղափարն արտայայտելու դժուարութիւններից, ճիշտ բառը ճիշտ տեղում եւ ճիշտ պահին գործածելու անկարողութիւնից: Այդ կերպ խօսելը շատերի համար վերածւում է յոռի սովորութեան, եւ փորձուած ունկնդիրներին իսկոյն մատնում է խօսողի ճարտասանական հմտութիւնների պակասը:
Այնպէս որ՝ ամէն մի ճարտասան պարտաւոր է եւ լիովին կարող է (իհարկէ, ոչ առանց դժուարութեան) ազատուել անտեղի բառագործածութիւնից, դրանով իսկ՝ զտել ու կատարելագործել իր բառապաշարը, հնարաւորինս նուազեցնել բառագործածութեան սխալներից գոյացող թիւրիմացութիւնները: Աւելորդ չէ ճշտելը, որ յիշեալ պահանջը վերաբերում է յատկապէս անհարկի բառագործածութեանը, ճարտասանի ճոխաբանական խնդիրների լուծմանը խոչընդոտող աւելորդաբանութիւններին, այլ ոչ՝ հոգեբանօրէն միանգամայն արդարացուած եղանակաւորող բառերի գործածութեանը, զգացմունքային այլեւայլ դրսեւորումներին, տրամաբանօրէն պատճառաբանուած կրկնութիւններին, յաւելադրութիւններին, լոկ արտաքուստ անտեղի թուացող ճարտասանական հնարքներին:
Ճարտասանի բառագործածութեանն առնչուող հիմնական սխալները, որոնք խօսքային հաղորդակցման ընթացքում բազմատեսակ թիւրըմբռնումներ են յարուցում, կարելի է դիտարկել չորս մակարդակով (բառի գոյութեան եւ գործառութեան չորս իրողութիւններին համապատասխան)՝ հնչիւնական, շարահիւսական, ոճական եւ տրամաբանական:
Առաջինը՝ սխալ արտասանութիւնն է, որով աղաւաղւում է տուեալ բառի հնչիւնային ձեւը եւ աղճատւում բառի նշանակած երեւոյթի համարժէք ըմբռնումը կամ առհասարակ իմաստազրկւում բառը, կորցնում նոյնիսկ բառի կեցութեան գլխաւոր յատկանիշը՝ որպէս ինքնուրոյն գործածւող եւ ընկալւող նուազագոյն իմաստակիր հնչիւնախումբ:
Շարահիւսական սխալ է կատարւում, երբ խախտւում են բառերի կապակցման, բառաբարդման, խօսքամասային յարաբերութիւնների կարգաւորման, ինչպէս նաեւ նախադասութեան կազմում բառի գործառութեան՝ խնդրառութեան, համաձայնեցման, ստորոգումի եւ միւս քերականական օրինաչափութիւնները, եւ գործածւող բառը վերստին համարժէքօրէն չի ընկալւում:
Նոյնը վերաբերում է ոճական բնոյթի սխալներին, երբ ճարտասանի արտասանած այս կամ այն բառը չի համապատասխանում ընդհանուր ոճին, այլ կերպ ասած՝ բառը ճիշտ տեղում չի յայտնւում եւ դարձեալ լիիմաստ կերպով չի ընկալւում:
Վերջապէս՝ բառագործածութեան տրամաբանական սխալն այն է, որ խօսողն ինքն է թիւր ըմբռնում իր գործածած բառի իմաստը:
Ճոխաբանութեան տեսանկիւնով՝ հնչիւնական (արտասանական) սխալները մեծ բարդութիւն չեն ներկայացնում, քանի որ ունկնդիրները սովորաբար (ճարտասանի հետ միեւնոյն լեզուական հանրութեան պատկանելու շնորհիւ) գլխի են ընկնում, թէ աղճատուած հնչիւնապատկերը ինչ բառ է ներկայացնում:
Խօսքաշարը, խօսողի անձը եւ նպատակադրումը, արտալեզուական մի շարք հանգամանք օգնում են ունկնդիրներին հասկանալու ոչ միայն ճարտասանի ամբողջական ասելիքը, այլեւ առանձին աղաւաղուած բառեր: Մասնաւորապէս՝ «շնաւորում եմ» ասողը ընդամէնը նկատի ունի «շնորհաւորելը»:
- Օրինակ՝ երբ կառավարութեան անդաﬓ արտասանում է «կավարթիւն», ունկնդիրները հասկանում են, որ խօսքը կառավարութեան մասին է:
- Երբ լսւում է, թէ «հասարակութիւնը շատ քաղաքանացուած է», «մեր գրողները շատ քաղաքանացուած են», առանց դժուարութեան հասկանալի է, որ խօսքը ոչ թէ մի նոր հիւանդութեան մասին է, այլ քաղաքականացուած լինելու:
- Ունկնդիրները լիովին հասկանում են այն պատգամաւորին, ով արդիւնաբերութեան հոգսերից խօսելիս շարունակ արտասանում է «արդնաբերական քաղաք», «արդնաբերական զարգացում» եւ այլն:
- Երբ մեկ այլ պատգամաւոր կրկնում է, թէ «հիւանդանոցը գտնւում է ֆինանսական ծանդր վիճակում», բոլորը նրան հասկանում են (սակայն քանի՞սն են մտածում հայոց լեզուի ծանր վիճակի մասին):
Նմանապէս՝ աղաւաղումների շարանը՝ որտեւ (որովհետեւ), յարկէ (իհարկէ), նախագա (նախագահ), իշքամ (ինչքան), աշք (աչք), եփոր (երբ որ), կըլնի (կլինի), համպատասխան (համապատասխան), գնհատել (գնահատել), լռիւ (լրիւ), գործնէութիւն (գործունէութիւն), առհամարհել (արհամարհել), յաղթհարել (յաղթահարել), մածեմածիկա (մաթեմատիկա), հույրասիրել (հիւրասիրել), հարուր (հարիւր), խորդարան (խորհրդարան), եկրորդ (երկրորդ):
Բառագործածութեան արտասանական սխալները թէպետ անհատական արտաբերութեան դրսեւորումներ են, սակայն բնաւ էլ ոչ պատահական, այլ առնչւում են հնչիւնափոխութեան որոշակի օրինաչափութիւններին (առնմանութիւն, համաբանութիւն, ամփոփում, արտակարգ հնչիւնափոխութիւն եւ այլն): Այստեղ կարեւորն այն հանգամանքի արձանագրումն է, որ, հնչիւնական աղաւաղումներով հանդերձ, հաղորդակցուողները միմիանց, իրօք, կարողանում են հասկանալ: Չմոռանանք, սակայն, որ ճարտասանը ոչ միայն հասկանալի լինելու, այլեւ համոզելու խնդիր ունի, այնինչ աղաւաղուած բառագործածութիւնը ոչ մի կերպ չի նպաստում ճարտասանի խօսքի համոզկերութեանը: Անգամ բնական (բնախօսական) արտասանական թերութիւնը հիմք է դառնում ճարտասանին զաւեշտաբար ընկալելու, էլ ուր մնաց ակնյայտօրէն նրա անկրթութիւնը բացայայտող սխալը:
Լսարանն անգթօրէն որսում է սխալները, անխուսափելիօրէն գնահատում է դրանք՝ ի վնաս խօսողի հեղինակութեան եւ նրա խօսքի ներազդեցութեան ուժի:
Մի՞թէ իսկապէս զաւեշտ չէ այն լեզուաբան տիկնոջ ելոյթը, որը, խօսելով հայերէնի աղաւաղումների մասին (եւ չմոռանալով ամէն մի ելոյթի ընթացքում պահանջել «ականջալուր լինել» իր խօսքին), գրեթէ բոլոր բառերի «ր» ձայնորդը «ռ» է հնչեցնում: Ոչ միայն զաւեշտական է ու հեղինակազրկող, այլեւ վնասակար (սխալ արտասանութեան տարածման առումով) հեռուստահաղորդավարի ամէնօրեայ այն արտայայտութիւնը, թէ տեսնենք ինչպէս են ձայները «բախշուել» (փոխանակ՝ «բաշխուել»):
Աւելի հեղինակազրկող են, բնականաբար, բառագործածութեան տրամաբանական սխալները:
* Ահաւասիկ՝ Ազգային ժողովի պատգամաւորը ցասումնալից խօսում է քաղաքական հակառակորդների մասին, թէ նրանց ժողովուրդը գուցէ ների, «եթէ մեկ օր առաջ քաւութիւն խնդրեն, մեղանչեն ժողովուրդի առաջ»:
Պարզ է, որ ուզում է ասել՝ զղջան, թողութիւն խնդրեն, ապաշխարեն, այնինչ սխալ գործածելով «մեղանչել» բառը (մեղք, յանցանք գործել ստոյգ իմաստով)՝ ցանկացածի հակառակն է ասել: Ի դէպ, եւս մեկ նուրբ սխալ կայ. «օր առաջ» բառակապակցութիւնը նշանակում է «որքան վաղ, այնքան լաւ», մինչդեռ թուականի անհարկի զուգակցմամբ արդէն կորցրել է դարձուածքային բնոյթը եւ աւելի շատ ընկալւում է ուղղակի ձեւով՝ որպէս հենց «մեկ օր առաջ», այսինքն՝ նախորդ օրը, նախօրեակին:
* «Իսկ ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, շարժումից ես հեռացել եմ շատ վաղ, չեմ ընդունել նրանց որոշ քայլեր, որոշ տեսակէտներ եւ քննադատել եմ դրանք: Ինձ վշտացնում է ՀՀՇ-ի յետիշխանական գործունէութիւնը: Որովհետեւ այնպիսի տպաւորութիւն ունեմ, թէ ՀՀՇ լիդերները հետեւութիւն չարեցին իրենց սխալներից եւ անգամ յանցաւոր քայլերից: Նրանք չմեղանչեցին. ինչը շատ անհրաժեշտ էր, քանի որ կնպաստեր հետագայ զարգացումներին. ինձ մօտ այն տպաւորութիւնն էր, թէ ՀՀՇ-ն անվէրջ խօսում է ռեւանշից եւ սպասում հարմար պահի, որպէսզի նորից կոնկրետ քայլեր անի իշխանութիւնը վերադարձնելու նպատակով» («Իրաւունք», 9-15.07. 2004):
ՀՀՇ-ին ռեւանշիզմի համար մեղադրանք ներկայացնող ակադեմիկոսը իր խոտոր հայերէնով... ռեւանշիզմի կոչ է անում: Իսկապէս, նա յորդորում է ՀՀՇ-ականներին մեղանչելու, այսինքն՝ ... մեղք գործելու: Մտքինը պարզ է. նախկին իշխանութեան ներկայացուցիչները պէտք է ապաշխարեն, քաւութիւն խնդրեն, մեղայ գան եւ այլն: Բայց՝ գործածում է «մեղանչել»-ը, որի բառարանային իմաստն է՝ «1. Մեղք (յանցանք) գործել: 2. Մեղաւոր (անիրաւ) լինել մեկի կամ մի բանի դէմ: 3. Անտեսել, անտես առնել, ոտնահարել, հաշուի չառնել»: Հեղինակն ասում է. «Նրանք չմեղանչեցին»: Վերոբերեալ բացատրութիւնների լոյսով՝ ՀՀՇ-ականները մեղք, յանցանք չեն գործել, մեղաւոր չեն որեւէ մեկի առջեւ: Սակայն հիմնական մտքից եւ մնացած շարադրանքից բխում է, որ ՀՀՇ-ականները, այնումենայնիւ, մեղանչել են: Ակամայ յարակարծութիւն (պարադոքս) է գոյացել. «մեղանչել» հանգուցային բառը սխալ է գործածուել, ուստի եւ՝ մենք յայտնուել ենք արատաւոր շրջանի մէջ: Մի կողմից՝ «նրանք չմեղանչեցին», ուրեմն եւ՝ թողութիւն հայցելու կարիք չկայ, միւս կողմից՝ յորդոր է արւում «մեղանչել», քանի որ նախկինում չեն մեղանչել:
* Հեռուստահաղորդումը վարող օրիորդը սիրալիր ժպտում է պատկառազդու զրուցակցին եւ քնքշօրէն ասում, թէ բարոն Այսինչեան, «շատ վերամբարձ բաներից խօսեցիք»:
Միտքն այն է, թէ վեհ, բարձր թեմաներ են շօշափել, սակայն հաճոյախօսութեան փոխարէն ակամայ կշտամբանք է արուել, քանի որ «վերամբարձ» բառի ճանաչուած ըմբռնումն այլ է՝ «փքուն», «ճոռոմ», «վերացական»:
* Մարզական մեկնաբանը, փորձելով կանխագուշակել հայ մարզիկների հնարաւոր յաղթանակը, ենթադրութիւն է յայտնում, թէ նրանցից յատկապէս ով հնարաւորութիւն ունի «ոսկին գրպանելու». հաստատ մտադիր չէր ասել «գողանալու», այնինչ փաստօրէն ակամայ ակնարկում է ոսկէ մեդալը գողանալու հեռանկարի մասին:
* «Նարե'կ, դուք նախանձախնդիր չէ՞ք, չէ՞ք նախանձում ձեր խմբի անդամներին» («Հ1» հ/ը, 2.06.2004):
Հաղորդավարի այս հարցադրմանն ի պատասխան հաղորդման հիւրը հանգամանօրէն խօսում է իրենց երաժշտական խմբում իշխող համերաշխութեան, փոխօգնութեան ոգուց, հարց տուող օրիորդն էլ գլխով հաւանութեան նշան է անում ու մեղմօրէն ժպտում: Թէպետ այս երկխօսութիւնը հայերէն է, սակայն զրուցակիցներն ակնյայտօրէն չգիտեն «նախանձախնդիր» բառի իմաստը: Մեղաւորը հաղորդավարն էր, որ իր տարօրինակ ձեւակերպմամբ (նախանձելու խնդիր) շփոթեցրեց դիմացինին: Նարեկը նախանձախնդի՞ր է, թէ՞ ոչ՝ մենք այդպէս էլ չիմացանք, քանի որ նրա ոչ այնքան գիտուն զրուցակիցը ստիպեց Նարեկին հիմնաւորելու իր եւ խմբի միւս անդամների մէջ նախանձի՝ ուրիշի յաջողութիւններից ծագող այդ չար զգացումի բացակայութիւնը: Արդ՝ ցանկանք, որ Նարեկն ու ընկերները, ինչպէս նաեւ «Հ1»-ի հաղորդավարներն ու լրագրողները լինեն նախանձախնդիր իրենց մասնագիտութեան մէջ, այսինքն՝ իրենց գործի ջերմեռանդ պաշտպան, նուիրեալ, կողմնակից:
* «Իսկ կոմպլիմենտար քաղաքականութիւն նշանակում է երկու լարի վրայ խաղալ, երկու լարի վրայ խաղացողն ընկնելու է լարից եւ դառնալու է ծաղրածու» («Իրաւունք», 3-9.09.2004):
Սա ԱԺ նախկին պատգամաւորի խօսքն է, որի վերջին հատուածը «Իրաւունք» շաբաթաթերթը նոյնիսկ առաջին էջի վերնամասում է վերատպել: Առաւել եւս տարօրինակ պիտի լինի դա առաջին էջը աչքէ անցկացնողի համար, այդ ինչո՞ւ ենք լարից ընկնելով դառնում... ծաղրածու: Ակնյայտ է, որ խօսողն ուզում է ասել, թէ այդ կործանարար քաղաքականութիւնը հայաստանեան իշխանութեանը դարձնելու է ծաղրուծանակի առարկայ: Իհարկէ, զուտ բառարանային իմաստով «ծաղրածուն» նաեւ ուրիշների ծաղրի առարկան կարող է լինել: Այդուհանդերձ, այդ բառի առաւել տարածուած նշանակութիւնը զբաղմունքն է՝ ծաղրածուն կատակերգակ դերասանն է: Ծաղրածու-դերասանը լարից (միտումնաւոր) ընկնում է մեզ ծիծաղեցնելու համար, մեզանից ամէն մեկն էլ, բնաւ չլինելով արհեստավարժ, կարող է որեւէ զուարճալի արարք կատարել նոյն նպատակով, մինչդեռ ապաշնորհ իշխանաւորները հազար անգամ էլ լարից ընկնեն՝ անգամ միջին կարողութեան ծաղրածու չեն դառնայ, այլ ծաղրուծանակի՝ ծաղրի ու ծանակման առարկայ:
* «Մենք մեր թիրախը դարձրել ենք հակակոռուպցիոն պայքարը» («Արմենիա» հ/ը, «Իրականում» հաղորդաշար, 20.11.2004, ԱԺ պատգամաւոր Ա. Ռուստամեանի հարցազրոյցից):
«Թիրախ» (գրաբարում՝ նաեւ «թիւրախ») բառը արդի հայերէնի բացատրական բառարաններում ունի հետեւեալ նշանակութիւնները՝ «հրաձգութեան նշանակէտ», «կրակային հարուածի օբյեկտ», «քննադատութեան առարկայ»: Մէջբերուած խօսքից, հետեւաբար, պիտի հասկանանք երկու բան: Կա'մ Դաշնակցութիւնը նշանառութեան տակ է առել շահածախուածութեան (կոռուպցիայի) երեւոյթի դէմ պայքարը, այլ կերպ ասած՝ ինքը կողմ է բուն այդ երեւոյթին՝ շահածախուածութեանը եւ այդ պատճառով էլ դէմ՝ դրա դէմ պայքարողներին: Կա'մ էլ դաշնակցականները քննադատում են այդ պայքարն ու պայքարողներին, քանի որ համարում են նմանօրինակ պայքարը անսկզբունքային, անհետեւողական, շիտակ պայքարի նմանակում եւ այլն: Այդ դէպքում, իսկապէս, ՀՅԴ-ն արդարացիօրէն նշաւակում է (ստոյգ հայերէնով՝ թիրախ է դարձրել) այս կոալիցիոն անիմաստ աղմուկ-աղաղակը: Իսկ եթէ ասուեր այն, ինչ կար խօսողի մտքին, այն է՝ «Մենք մեր թիրախը դարձրել ենք կոռուպցիան», ապա կարելի էր յուսալ, որ ՀՅԴ-ն իրեն բնորոշ մարտունակութեամբ շահածախուածութեան երեւոյթի հախիցը կգայ: Մնանք լեզուատրամաբանական ճշգրտմանը սպասող: Պայքարում ենք երեւոյթի՞ դէմ, թէ՞ պայքարի դէմ: Առաւել պարզ ասած՝ ձեր պայքարը հրդեհի դէ՞մ է, թէ՞ հրշէջների:
* «Օգոստոսի 18-ին նրան յուղարկաւորեցին մօր կողքին» («TV-մոլ», թ. 3, 2005, էջ 5):
Էլվիս Փրեսլիի մասին թարգմանական այս նիւթը (ի դէպ, պատշաճ կլիներ նաեւ բնագրի աղբիւրը յիշատակել) հրապարակելիս թերթի խմբագրութիւնը միտք չի ունեցել, անտարակոյս, ընդլայնելու «յուղարկաւորութիւն» բառի իմաստը: Թարգմանիչ-հեղինակների մտքում եղել է «թաղումը», սակայն «յուղարկաւորումն» աւելի պատկերաւոր է թուացել, ու դա էլ գերադասել են: Այնինչ «յուղարկաւորելը», թէպետ առնչւում է այդ տխուր արարողութեանը, սակայն ճիշտ չի արտայայտում ասոյթի միտքը: Աւելի անկեղծ ու շիտակ ասենք՝ խմբագրութիւնում չգիտեն իրենց գործածած բառի իմաստը: Դրա հետեւանքն այն է, որ հայերէն իմացող ընթերցողների համար բառիմացութեան այդ սխալը վերածուել է կատակերգա-ողբերգական զաւեշտի. ընկալուﬓ այն է, որ Էլվիսին եւ մօրը նոյն պահին են յուղարկաւորել, միեւնոյն ժամանակ (թէպետ մայրը վաղուց էր մահացել): Պակաս ﬖասակար չէ սխալը հայերէն վատ իմացող ընթերցողների համար, քանի որ նրանք, հաւատ ընծայելով այդքան շքեղ հրատարակուող պարբերականին, կարծելու են, թէ «յուղարկաւորելը» «թաղել» բառի հոմանիշն է: Մինչդեռ՝ ցանկացած բառարանում կարող ենք կարդալ, որ «յուղարկաւորել» (յուղարկաւորել, բառացի՝ ճանապարհ դնել, ուղի դնել՝ յուղի արկանել) նշանակում է հանգուցեալին տանել գերեզմանոց: Համապատասխանաբար՝ «յուղարկաւորութիւնը» այդ արարողութիւնն է, այսինքն՝ թաղման հանդէսը, սգերթը, մինչեւ գերեզմանոց տանելը, բայց ոչ նաեւ ննջեցեալին հողին յանձնելը: Այսպիսով՝ «Օգոստոսի 18-ին նրան թաղեցին մօր կողքին»:
◊ «Լաւ, քանի որ դուք, ինչպէս ասում են, արդէն անցել էք հրի, ջրի եւ պղնձեայ փողերի միջով, այսինքն՝ բաւականաչափ փորձ ունէք, ինքներդ չէ՞ք պատրաստւում այդպիսի դասագիրք հեղինակել...» («Կանչ», 13.10.2004, էջ 5, թղթակցի խօսքից):
Պատասխանելով հարցին՝ զրուցակիցն ընդամէնը յայտնում է թէ, իսկապէս, արդէն պատրաստել է նման դասագիրք: Այդպէս էլ պարզ չէ. նա արդեօք անցե՞լ է... պղնձեայ փողերի միջով: Ի հարկ է, առ երեւոյթ՝ թղթակիցն ինքն է բացատրում, թէ իր այդ ամբողջ արտայայտութիւնը («անցնել հրի, ջրի եւ պղնձեայ փողերի միջով») նշանակում է բաւականաչափ փորձ ունենալ: Բայց մի՞թէ «բաւականաչափ փորձ ունենալ» նշանակում է անցած լինել հրի, ջրի եւ պղնձեայ փողերի միջով. օրինակ՝ մի քանի հարցազրոյց վերցնողը իրաւունք ունի՞ նման բան հաստատագրելու ինքն իր մասին: Նախ՝ սեփական ասելիքը պատկերաւոր դարձնելու համար թղթակիցը գործածել է ռուսերէնից պատճէնուած դարձուածքային արտայայտութիւն («пройти сквозь огонь и воду и медные трубы»), սակայն, միեւնոյն ժամանակ, թուլացրել է խօսքի պատկերաւորութիւնը, յուզաարտայայտչականութիւնը, քանի որ անմիջապէս էլ բացատրել է դրա իմաստը: Նոյնն է՝ թէ մենք զրուցակցին ասենք՝ «Գլխի ընկա՞ր, այսինքն՝ հասկացա՞ր», «Աչքդ լոյս, այսինքն՝ շնորհաւոր», «Մեծ էշը ախոռում ենք թողել, այսինքն՝ մոռացել ենք» եւ այլն: Մենք այդպէս չենք վարւում, քանի որ, առաջին՝ ինքներս գիտենք մեր գործածած դարձուածքների իմաստը եւ, երկրորդ՝ գիտենք նաեւ, որ դրանց իմաստը լաւ յայտնի է մեր զրուցակցին: Բերուած օրինակում, սակայն, թղթակիցը բնաւ չգիտէ գործածած արտայայտութեան ստոյգ իմաստը, եւ մանաւանդ՝ զուր է կասկածի տակ առել դիմացինի իմացութիւնը (թղթակիցը պարտաւոր է իմանալ, որ հարցազրոյցի է հրաւիրել դարձուածքների եւ ասացուածքների հմուտ գիտակ, հայ-ռուսերէն դարձուածաբանական պատկերազարդ բառարանի հեղինակի): Իսկ եթէ «այսինքն» շաղկապի բացատրական դերն ուղղուած է թերթի ընթերցողին, ապա նա «արջի ծառայութիւն» է մատուցել (միգուցէ յաւելե՞նք «այսինքն՝ վնաս է տուել»): Ռուսաբանութեանը (ակամայ) տուրք տալու փոխարէն հարկաւոր էր բացել «Ռուս-հայերէն դարձուածաբանական բառարանը» եւ ընտրել դարձուածքի՝ տուեալ խօսքաշարին պատշաճ համարժէքները:
Այսպիսով՝ շտկենք՝ «Լաւ, քանի Դուք դասագրքաստեղծման մեծ փորձ ունէք, չէ՞ք պատրաստւում այդպիսի դասագիրք հեղինակել...»: Պարզ ու անպաճոյճ: Եթէ շատ ենք ուզում պատկերաւոր հնչի, ապա՝ «Լաւ, քանի Դուք դասագրքաստեղծման բովով էք անցել, չէ՞ք պատրաստւում այդպիսի դասագիրք հեղինակել...»: Առաւել պատկերաւոր «Լաւ, քանի որ, ինչպէս ասում են՝ Ձեր մազերն այս գործում են սպիտակել, չէ՞ք պատրաստւում այդպիսի դասագիրք հեղինակել...»:
Յաւարտ՝ պարզենք բուն այդ արտայայտութեան փոխաբանական իմաստը: «Հուրը» եւ «ջուրը» կեանքի փորձութիւններն են՝ պատերազմի արհաւիրքը («հուր») եւ ճանապարհորդութեանց փորձութիւնները («ջուր», քանի որ ակնարկութիւն է պարունակում փոթորիկների, նաւաբեկութիւնների, այլ փորձանքների մասին): Իսկ մարդուն բաժին ընկնող միւս փորձութիւնը իշխանութիւնն ու փառքն են, եւ այդ չարաբաստիկ «պղնձեայ փողերը» ակնարկում են իշխանական դիրքին ու փառաբանութեանը («ծնծղաներին») կուլ գնալու վտանգը: Եւ երբ ասում ենք, թէ այսինչը անցել է դրանք, ապա նշանակում է, որ տեսել է այդ ամէնը, անցել է կեանքի բովով:
◊ «Բացի այդ, Էլվիսն ունէր յատուկ պատճառներ, որպէսզի փորձեր «յատակին պառկել»» («TV-մոլ», թ. 3, 2005, էջ 5):
Անորակ թարգմանութեան ծնունդ այս անճոռնի շարահիւսութիւնը դիւրին չէ շտկելը: Իսկ շտկելու համար փորձենք գուշակել բնագրի իմաստը. խօսքն այն մասին է, որ Էլվիսը հիմք ունէր զգուշանալու եւ թաքնուելու: Եթէ չենք ցանկանում այդպէս էլ պարզ ու անպաճոյճ ասել, թէ «Էլվիսը թաքնուելու պատճառ ունէր» եւ ձգտում ենք բնագրի դարձուածքային արտայայտութիւնը (ըստ ամէնայնի՝ դա ռուսերէն «лечь на дно» դարձուածքն է) նոյն կերպ թարգմանել, ապա պէտք է որոնենք հայերէն համարժէքը: Յիշենք «Բկլիկ-ձկնիկ»-ին տրուող խորհուրդը՝ «Իջիր ջրի յատակը՝ մինչեւ անցնի վտանգը»: Ուրեմն՝ վերջնական շտկումն է՝ «Բացի դա՝ Էլվիսը «յատակն իջնելու» իր պատճառներն ունէր»:
◊ «...Իրենք հրաւէրքն ուղարկել են ժամանակին եւ նախնական համաձայնութիւն ստացել» («Հայկական ժամանակ», 10,02,2004): «Եւրախորհրդի հրաւէրքով Ստրասբուրգում ընթացող վեհաժողովում աշխատանքներին մասնակցեց նաեւ քաղաքագէտ Վարդան Պօղոսեանը...» («Իրաւունք», թ. 51, 2-8 յուլիսի 2004թ.):
«Հրաւէր» եւ «հրաւէրք» հասկացութիւնների նոյնական գործածութեան առնչուող խառնաշփոթը վերջին շրջանի բանաւոր եւ գրաւոր խօսքում բաւական տարածում է գտել: Մինչդեռ դրանք, թէպետ մերձիմաստ են եւ զուտ բառարանային նշանակութեամբ՝ անգամ փոխարկելի, սակայն տարբեր բան են նշանակում: Համենայն դէպս՝ «հրաւէրք»-ը հնարաւոր չէ ո'չ ուղարկել, ո'չ էլ ստանալ: «Հրաւէրք»-ը բուն միջոցառումն է՝ հանդէսը, հարսանիքը, հանդիպումը, ցերեկոյթը, երեկոյթը, ճաշկերոյթը, հացկերոյթը, ընդունելութիւնը, մեծարանքը, խնջոյքը, տօնախմբութիւնը, անուանակոչութիւնը եւ այլն: «Հրաւէր»-ը տուեալ միջոցառմանը ներկայ լինելու վերաբերեալ ծանուցումն է, առաջարկը, խնդրանքը, յորդորը, կոչը, տեղեկացումը: Թէ որքան է խորացել խառնաշփոթը՝ ցայտուն է հետեւեալ օրինակից. ի պատասխան հեռուստահաղորդավարի շնորհակալութեան «հրաւէրն» ընդունելու եւ հաղորդմանը մասնակցելու համար, նրա հիւրը՝ բանասիրութեանը դոկտոր, պրոֆեսոր լեզուաբանն ասում է. «Շնորհակալութիւն հրաւէրքի համար» («Հ2» հ/ը, «Սեկտոր-PRO», 2.04.2005):
Այսպիսով՝ մենք հրաւիրում ենք միմիանց մասնակցելու այս կամ այն հրաւէրքին: Ուստի եւ՝ այդ նպատակով ուղարկում ենք հրաւէր (նոյնն է՝ հրաւիրատոմս, հրաւիրաթուղթ, հրաւիրագիր): Ուղարկողը (հրաւիրողը) հրաւիրակն է, ստացողը՝ հրաւիրեալը: Վերջինս, ծանօթանալով հրաւիրական խօսքին, այս կամ այն կերպ արձագանգում է հրաւիրականչին, մասնակցում կամ չի մասնակցում հրաւէրքին: Բառարանից վերցուած այս բառերի մեծ մասը առհասարակ դուրս է մնացել գործածութիւնից (եւ շատ ի զուր), սակայն գոնէ քննարկուած երկու բառը այսուհետեւ ճիշտ գործածենք՝ ամէն մեկը իր տեղում:



Մեջբերել