Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի (Համեմատութեամբ 562 լեզուների - իմաստաբանութիւն, բառաքննութիւն, շարահիւսութիւն)» գրքից մէջբերումներ
    Արմատների կորուստը
    Ամեն լեզուի մէջ էլ, ուր հին գրականութիւն կայ, նկատելի է, որ արմատների քանակը հնում աւելի է, քան նորում: Ուրիշ խօսքով, հին գրականութեան մէջ կան արմատներ, որոնք նոր լեզւում այլեւս գործածական չեն: Օրինակ, առնենք հայերէնը: Ըստ իմ Հայոց լեզուի պատմութեան մէջ, հտ. Բ, էջ 600, կատարուած վիճակագրութեան, հայ լեզուի արմատների քանակն է 11000, որոնցից, օրինակ, հին հայ գրականութիւնից յայտնի է պսեմն «վարդի փուշ» բառը, որ մի անգամ գործածուած է Ոսկեբերանի մօտ, մի անգամ էլ՝ Վաստակոց գրքում (ԺԲ դար): Այժմ այդ բառը գոյութիւն չունի ոչ մի բարբառում. մեր գրական հայերէնն էլ չի գործածում: Գտնուել է միայն մի խելօք անձ, որ Մասիս ամսաթերթում 90-ական թուերին հրատարակել է 3 տնից բաղկացած մի ոտանաւոր, որի առաջին տունը վերջանում է վսեմը բառով, երկրորդը՝ նսեմը, երրորդը՝ պսեմը: Բանաստեղծը գրել է անշուշտ այս ոտանաւորը, ցոյց տալու համար բոլորին, թէ գիտէ այդ պսեմ բառը, որ, ի հարկ է, Առձեռն բառարանումն է տեսել: Բայց գիտենք, որ մեր բարբառներում կան շատ արմատ բառեր, որոնք հին գրականութիւնից յայտնի չեն: Սկզբունքով ընդունելով, որ լեզուները նոր արմատներ չեն շինում, ուստի ստիպուած ենք ընդունել, թէ բոլոր այդ նոր արմատները նոր չեն, այլ կային նաեւ հին ժամանակ եւ պատահաբար միայն չեն մտել գրականութեան մէջ: Այս բանը կարելի է ապացուցել նրանով, որ այդ արմատների մի մասը արդէն կարելի է մեկնել իբրեւ հնդեւրոպական ծագումից (տե՛ս Հայոց լեզուի պատմութիւն, Ա, էջ 23-100):

    Դժբախտաբար դեռ չէ կազմուած «Հայ բարբառների Արմատական բառարանը», որով պիտի իմանայինք մի կողմից հայ բարբառներում գոյութիւն ունեցող բոլոր արմատները (եւ նրանց քանակը), միւս կողմից՝ նրանց ծագման համար բոլոր հնարաւոր ենթադրութիւնները:

    Ինչ էլ որ լինի, քանի որ հնդեւրոպական արմատների թիւը ըստ Walde-Pokorny բառարանի 2223 է (տե՛ս Հայոց լեզուի պատմութիւն, Ա, էջ 33), եւ նրանցից միայն 909 հատը պահուած է հայերէնում, ուստի կարող ենք ասել, թէ հնդեւրոպական արմատների կէսից աւելին կորած է հայերէնում:

    Նման կամ գրեթէ նման երեւոյթ պիտի գտնենք նաեւ ուրիշ լեզուներում:

    Եզրակացութիւն. Նոր արմատներ չեն ծնւում, բայց հները մեռնում են, ուստի, միշտ պակասում են: Մեր ասածը կարելի է հաստատել գործնականապէս մի շատ հասարակ օրինակով:

    Ամենքիս յայտնի եւ շատ սովորական հովիւ բառը ըստ Müller-ի եւ Bugge-ի ծագում է հնխ. ovipā «հովիւ» բառից, որ կազմուած է ovi «ոչխար» եւ pā «արածել» բառերից: Այս երկու արմատներն էլ գոյութիւն չունեն հայերէնում. ուստի հնդեւրոպական այդ կրկին արմատները մեռել են հայերէնում, թէեւ նրանց մի բարդ ձեւը մնացել է:

    Հերու (անցեալ տարի) = սանսկրիտ parut, յունարէն περύτί, կազմուած է հնխ. per «անցեալ» եւ ut «տարի» բառերից. այս երկու արմատներն էլ կորած են հայերէնում, իսկ ուրիշ լեզուների մէջ հազիւ իրենց հետքը պահած:

    Հարց է, թէ հին արմատներից որո՞նք են կորչում, եւ նրանց փոխարէն ի՞նչ է գործածւում:

    Առաջին հարցի պատասխանը շատ պարզ է. կորչում են հոմանիշ արմատներից նրանք, որոնք այլեւս աւելորդ են դարձել:

    Օրինակ՝ գրաբար ունենք՝ հաց, նկան, նկանակ, գրտակ, պղակունդ եւ այլն. բացի առաջինից բոլորը աւելորդ են դարձել եւ ջնջուած են: Քիչ առաջ յիշուած պսեմ բառը ջնջուած է, եւ մնում է հոմանիշ փուշ բառը, իսկ իր միւս հոմանիշը՝ տատասկ, բանաստեղծական արտայայտութիւն է: Ոչխար եւ օդիք հոմանիշ են. առաջինը մնում է, երկրորդը անգործածական է դարձել եւ մեռել է: Քիչ մարդ կայ, որ իմանայ հոր «մեկի աղջկայ ամուսինը» բառի գոյութիւնը, որ հին մատենագրութեան մէջ էլ միայն երկու անգամ է գործածուած (Փիլ., էջ 187), եւ որի ծագումն էլ ոչ ոք գիտի: Այդ անսովոր բառը ջնջուած է լեզուից, փոխանակուելով իր սովորական հոմանիշ փեսայ բառով: Օժիտ բառը ունի 4 հոմանիշ ձեւեր, որոնք են՝ պաշտատական, պռոյգ, տուայր, մահր. չորսն էլ կորած են, եւ մնում է միայն առաջինը՝ օժիտ:

    Անդունդ բառը կազմուած է ան- բացասականով, դունդ= լատիներէն tundus «յատակ» բառից եւ նշանակում է բուն «անյատակ». դունդ արմատը կորած է:

    Գրաբարի մէջ կան մի խումբ պակասաւոր բայեր. ինչպէս՝ գոմ, գոս, գոյ...բամ, բաս, բայ... եւ այլն: Նման պակասաւոր բայեր կան նաեւ ուրիշ լեզուների մէջ: Աշխարհաբարում այդ պակասաւոր բայերը ջնջուած են, հազիւ իրենց հետքերն են պահում: Բայց այս բոլորը ցոյց են տալիս, թէ արմատները ու բառերը ամբողջովին կարող են ջնջուել:

    Ախաւեղագէս բառը, որ նշանակում է «սիւնագլուխ», անշուշտ արմատ չէ, որովհետեւ այսքան երկար արմատ չի կարող լինել, համարւում է բարդ բառ. կազմուած ախաւեղ «սիւն» + գէս «խոյակ» բառերից. երկուսն էլ կորած են մեր լեզուից:

    Երկրորդ հարցի պատասխանը բխում է առաջինից. հոմանիշներից մեկը, յաղթելով միւսներին, բռնում է նրանց տեղը: Այս նորեկը կարող է լինել մի ուրիշ լեզուից փոխառութիւն, ինչպէս ոչխար (վրաց լեզուից): Հայերէն ամիսների անունները բոլորը վտարուած են, եւ նրանց տեղ եկել են լատին ձեւերը՝ իբր նոր արմատ:

    Շատ բարբառներում ջնջուած է ներ ազգականական բառը, եւ նրա տեղ կազմուած է տագերակին, որ բարդուած է տագր + կին բառերից:

    Վերջապէս նախկին կորած արմատների տեղ կարող են յաջորդել նորանոր բարդ եւ ածանց բառեր, այսինքն՝ մի ուրիշ հին արմատից կամ արմատներից կազմուած բառեր: Օրինակ՝ գիւղացու համար ամենասովորական կոգի բառը ջնջուել է, եւ նրա տեղ համատարած տիրում է կարագ բառը (պարսկերէնից):

    Ջնջուած է ուրջու բառը, որ, ըստ իս, կազմուած է հնագոյն հայերէն *ուր «որդի» բառից, որ ապա կորել է, եւ այդ ուրջու բառի տեղ նոր բարդութեամբ կազմուած են որդեգիր, հոգեորդի, հոգեզաւակ կամ նոյնիսկ՝ խորթ որդի ձեւերը:

    Սուտ արմատներ շինուելու մասին արդէն խօսել ենք. տե՛ս վերը սուրճ, խռիկ տալ, գչիր եւ այլն:

    Հայերէնի մէջ ունենք բազմաթիւ բառեր, որոնք մեր իմացումով պարսկերէնից փոխառեալ պէտք է լինեն. այսպէս՝ աշտանակ, աշտարակ, ամբաստան եւ այլ հարիւրաւոր բառեր: Եթէ պահլաւական գրականութիւնը ճոխութեամբ մեր ձեռքը հասած լիներ, կարող էինք վստահօրէն ասել, թէ այդ բառերի մեծ մասը պիտի գտնէինք պահլաւերէնում: Բայց պահլաւերէն գրականութիւնը հենց պարսիկների ձեռքով այրուած լինելով՝ մենք չենք կարող այդ ասել կամ անել:

    Բայց եթէ պահլաւ գրականութիւնը ոչնչացուած է, կենդանի է միշտ պարսկերէն լեզուն՝ իր բազմաթիւ բարբառներով եւ ցեղակից անկախ լեզուներով (աֆղաներէն, բելուջերէն, քրդերէն, օսերէն եւ այլն): Ինչո՞ւ այդ մեր որոնած բառերը սրանց մէջ էլ չկան: Նշանակում է՝ նրանց համազօր բառերը, եթէ պահլաւերէն գրականութեան մէջ գտնուած լինէին էլ, պարսկերէնից եւ նրա ցեղակից այլ լեզուներից ջնջուել էին:

    Ահա մի մեծ թիւ բառերի եւ արմատների ընդհանուր կորուստ իրանեան լեզուների մէջ:

    Բառերի մրցում
    Միեւնոյն ժամանակ լեզուի մէջ երեւան են գալիս մի քանի բառեր նոր իմաստի համար, եւ որովհետեւ լեզուն աւելորդ ծանրաբեռնութիւն չի սիրում, նրանցից մեկին միայն նախընտրութիւն է տալիս, միւսները կորչում են: Այս վիճակը կոչւում է բառերի մրցում:
    Բառերի մրցում առաջանում է հոմանիշների միջեւ, նշանակութեանց, բարձրացման, ստորացման, պատկերաւորութեան, սաստկութեան պատճառով եւ այլն:
    Օրինակ հուր եւ կրակ. այժմ յաղթել է կրակ-ը:

    Բառերի իմաստը [եւս], յաճախ գործածութեամբ, սովորական եւ անհրապոյր է դառնում. նա նման է մի դրամի, որ ձեռքից ձեռք գործածութեամբ լորձւում է (Dauzat, La philosophie du language, 89): Ժողովուրդը սիրում է ունենալ այնպիսի բառեր, որոնք մի նոր, կենդանի, ուժեղ եւ ազդու պատկեր տային իրեն: Այս պատճառով տկարացած ու թուլացած հների տեղ շարունակ նոր պատկերներ է ստեղծւում:

    Օրինակ, լատիներէն caput «գլուխ» եղաւ յետոյ testa «պտուկ», որից իտալերէն testor, ֆրանսերէն tête: Ֆրանսերէնի մէջ tête բառը, պտուկի նշանակութիւնը իսպառ կորցնելով, եղած է պարզապէս «գլուխ», ուստի ժողովուրդը հնարել է նոր պատկերներ եւ կոչում է boule «գնդակ», poire «տանձ», fiole «սրուակ», citron «լիմոն»: Այսպէս՝ ժողովուրդը չի սիրում բուն գիտական բառերը, որոնք ոչինչ են ասում իր սրտին եւ հնարում է նրանց համար այլ բառեր, ինչպէս՝ ballon, փխ. aérostat, dépêche, փխ. télégramme*: Լրագրական լեզուն յատկապէս բռնուած է այս մարմաջով եւ սիրում է դնել այրող վերնագրեր ընթերցողների ուշքը սեւեռելու համար: Այս կարգին են պատկանում այրող հարց, ծառանալ, ապրումներ եւ այլն:

    Ապագայում պատկերը, շարունակ գործածուելով, կորցնում է իր պատկերի հանգամանքը: Եթէ այսպէս է, ուրեմն եւ կան լեզուի մէջ բառեր, որոնց եթէ հին ծագումը իմանայինք, պիտի տեսնէինք, որ մի պատկեր է: Բայց այս գաղափարը պէտք չէ չարաշահել եւ աշխատել ամեն բան պատկերներով մեկնել: Երբեմն էլ մի բառ կարող է բնաւ պատկեր չլինել, այլ իրական բացատրութիւն, բայց անցնելով մի ուրիշ գործածութեան՝ դառնալ պատկեր:

    Օրինակ, arriver «հասնել» նաւային բառ է եւ նշանակում է «եզերքին մօտենալ». անցնելով ընդհանուր գործածութեան, դարձել է պատկեր: Ֆրանս. niais նախապէս նշանակում էր «բոյնից դուրս եկած (թռչուն)», յետոյ՝ «անճարակ թռչուն», հիմա նշանակում է միայն մարդոց համար՝ «պարզամիտ»:

    Իր գործածած բառերին ուժգնութիւն տալու տենչը երբեմն հասցնում է չափազանցութեան. փոխանակ ասելու՝ «Քանիցս անգամ ասի քեզ», ասում ենք՝ «Հազար անգամ... » եւ այլն:

    Սաստկութեան ձեւերից մեկն է որոշ բառերի գործածութիւնը, ինչպէս՝ il est terriblement beau, գերմաներէն furchtbar schön «սարսափելի գեղեցիկ է». ֆրանսերէն nous sommes au complet ասելու փոխարէն՝ nous sommes au grand complet:

    *Այս տեսակէտից նկատելի են գերադրական ածականները. առաջ գործ էինք ածում շատ, յոյժ, խիստ, յետոյ եղաւ չափազանց, հիմայ չափազանց բառը տկար է զգացւում, եւ ասում ենք սարսափելի գեղեցիկ, սոսկալի գեղեցիկ են: Այս բառերից իւրաքանչիւրը ինքնին վերցրած շատ նորանոր արտայայտութիւն է, եւ այդպէս էլ զգում էինք սկզբում, բայց սովորական դարձան, իրենց ոյժը կորցրին, եւ այն ժամանակ մտածեցին մի բոլորովին նորը ստեղծել:


    Աճառեան Հրաչեայ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Հեղինակ (08.07.2009)

  3. #2
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    Հ. Աճառյանի աշխատանքներին շփվելը ծնում է Մեծ Աշխատավորին շփվելու սրբազնության զգացումը: Կարողանայինք մեր ամենօրյա գործերի մեջ դույզն իսկ չափով նմանվելու այս Աշխատավորին - Նրա ազնիվ բարեխղճությունը հիշեցնում է աստվածների աշխատանքը: Եվ ամոթի շառագույնը պետք է ծածկի մեր ճակատը, երբ հիշենք, թե որքան մոտավոր, թերագիտակ, անխորասույզ մտքով ենք անում մեր գործերը...
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  4. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Tigris (08.07.2009)

  5. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    Ոսկի խօսքեր, յարգելի Հեղինակ, որ նկարագրում է ընդհանրութիւնը:
    Ներսից թելադրուած կոչում պէտք է ունենալ:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 08.07.2009, 23:10:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    ԲԱՌԵՐԻ ՋՆՋՈՒՄԸ [ՄԱՀԸ]
    Ամեն մի բառ, որ գոյութիւն է ունեցել որեւէ լեզուի այսինչ շրջանում, պարտական չէ իր գոյութիւնը յաւիտեան շարունակելու: Զանազան պատճառներ գալիս են չեզոքացնելու նրա գործածութիւնը կամ իսպառ հեռացնելու ասպարէզից (բառերի մահը):

    Այս պատճառներից թուենք աւելի սովորականները.

    1) Մի որեւէ առարկայի ջնջումը, կամ գործածութիւնից ընկնելով եւ կամ մի ուրիշով փոխանակուելով, պատճառ է դառնում, որ ջնջուի նաեւ նրա անունը. այսպէս է նաեւ սովորութիւններ, նախապաշարմունք, հին գիտութիւն եւ այլն: Հայութեան ամեն մի անկիւնում ծանօթ եւ սովորական է լաւաշ հացի հետ եւ լաւաշ բառը: Բայց Բալուի հայերէնը չգիտէ այդ բառը, որովհետեւ լաւաշը փոխանակուած է փափուկ հացով: Կռապաշտութեան ժամանակի բառերը հիմայ չկան, հին աստղաբաշխների բառը հիմայ չգիտենք: Միայն դրանցից ոմանք, խուսափելով եւ իմաստի փոփոխութեամբ, մնում են դեռ:

    2) Հոմանիշների գոյութիւնը պատճառ է դառնում աւելորդ ձեւը ջնջելու: Սրա հետեւանքով է, որ մի օտար բառ փոխառնուելով մի լեզուի մէջ՝ պատճառ է դառնում բնիկ բառի ջնջման:

    Օրինակ՝ անկարելի բան է, որ հին հայերը չունենային կարմիր, սեւ, սպիտակ գոյները նշանակող բառեր. բայց այդ բառերը ջնջուել վերացել են, որովհետեւ նրանց տեղ եկել են պարսկերէնից փոխառեալ կարմիր, սեւ, սպիտակ բառերը:

    3) Ձայնական օրէնքների միջոցով երբեմն առաջանում են նոյնանուն բառեր, որոնք շփոթութիւն են առաջացնում իմաստի կողմից. այդ բառերից մեկը ջնջւում է:

    Օրինակ՝ Հարաւային Ֆրանսիայի մի բարբառում լատիներէն gallum «աքլոր» բառը վերածուել է gat, միեւնոյն ժամանակ *gattim «կատու» բառն էլ դարձել էր gate, այնպէս որ այս երկու տարբեր կենդանիները միեւնոյն անունն էին ստացել: Շփոթութիւնից խուսափելու համար ջնջեցին gat «աքլոր» բառը եւ տեղը դրին տարբեր բացատրութիւններ (Meillet, La méthode comp., էջ 69):

    Խտրութիւն չի դրւում* բառերի արժանիքի, կարեւորութեան, ծագման, հարազատութեան եւ նման յատկութիւնների մէջ, եւ ջնջւում բառը, երբ գալիս են այլ հանգամանք եւ առաջացնում բառի կորուստը:

    Այսպէս դուստր բառը, հնդեւրոպական նախալեզուի սքանչելի մնացորդներից մեկը, հայ լեզուի հարստութիւններից մեկե ջնջուել է մեր բոլոր բարբառների մէջ եւ մնում է միմիայն հայութիւնից եւ հայ երկրից շատ հեռու ապրող մի բարբառում: Միայն Սուչաւայի* բարբառն է, որ գործածում է այս բառը դ‘ուստրը կամ դ‘րուստ ձեւերով եւ այն էլ սեռականը դ‘ըրըստեր, նոյնիսկ դը‘ստեր հին ձեւով: Մնացեալ բոլոր հայ բարբառներում գործածում են աղջիկ բառը, որ աղիճ կամ աղիջ բառի փաղաքշականն է: Ամենեւին ուշադրութիւն չենք դարձնում այն հանգամանքի վրայ, որ սրանով մասնաւորը եւ ընդհանուրը խառնուեցին իրար, եւ, օրինակ, հօրեղբօրս աղջիկը կամ մի աղջիկ տեսայ ազատօրէն գործածում ենք, ճիշտ ինչպէս ասում ենք կինս եւ մի ինչ-որ կին: Գերմաներէնը զանազանում է tochter եւ mädschen, weib եւ frau, անգլերէնը՝ daughter եւ girl, wife եւ woman, ռուսերէնը՝ дочь եւ девушка, жена եւ женщина: Այս բոլորը նրանից է, որ պարսկերէն zan հաւասարապէս թէ՛ կին է եւ թէ ամուսին, duxtar` թէ՛ դուստր է եւ թէ աղջիկ: Այսպէս նաեւ լատիներէնը, որի հետեւանքով էլ ֆրանս. fille թէ աղջիկ է եւ թէ դուստր, femme` թէ կին է եւ թէ ամուսին:

    Սրա նման է հայերէն դրացի բառը, որ ծագելով դուռն արմատից, հարազատ հնդեւրոպական բառ է: Բայց այս բառը հարազատ երկրում ջնջուել է՝ փոխանակուելով պարսկերէն հարեւան բառով, իսկ պահուած է հեռաւոր Պոլսում կամ Նոր Նախիջեւանում:

    Հեռաւոր գաղութները պահել են առնել եւ գնել բայերը իրենց իսկական նշանակութեամբ, իսկ մայր երկրի մայրաքաղաքի (Երեւանի) բարբառը ջնջել է: Այսպէս՝ Պոլիս, Նոր Նախիջեւան եւ այլն ասում են առնել, իսկ Երեւանը՝ վերցնել, որ, օրինակ, Պոլսում նշանակում է «վեր բարձրացնել» կամ նաեւ «վերացնել, մէջտեղից հանել, ջնջել»: Առնել բայը Երեւանում նշանակում է «գնել» եւ իր բուն իմաստով պահուած է միայն առանձին ոճերում: Նոր Նախիջեւանը... գիտէ գնել «դրամով առնել» բայը, իսկ Երեւանը չգիտէ եւ ասում է առնել: Սրա պատճառն է թուրքերէնը, որ չունի «գնել» իմաստով բառ եւ ասում է satәn almaq «ծախու առնել», կամ պարզապէս՝ almaq, իսկ արեւելեան թուրքերէնը almaq բառի տեղ գործ է ածում aparmaq, որ է «վերցնել»:


    ***

    Գիւղի կեանքը, վերածուելով քաղաքի կեանքի եւ հետեւաբար՝ զրկուելով գիւղատնտեսական ու երկրագործական զանազան գործիքից, կորցնում է եւ նրանց անունները. քաղաքացին չգիտէ հորիկը, սամին, սամեթելը, մանկեռը եւ այլն: Նոյնպէս գիւղացին գիտէ եւ ճանաչում է զանազան խոտեր, բոյսեր, թռչուններ, աստղեր, քարեր, հողի տեսակներ եւ այլն, որոնք իրեն

    Ծանօթ. Տիգրիսի.
    -Սամի, լուծի երկու ծակերից անցուած կրկին փայտերը, որոնք եզան վզի երկու կողմերից իջնելով՝ վզի տակ կապով միանում են:


    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    [Տեղաշարժեր բառապաշարում]
    Մի նոր առարկայի ստեղծագործութիւնը ստիպում է կամ մի նոր բառ հնարել եւ կամ մի որեւէ հին բառի վրայ մի նոր իմաստ աւելացնել: Օրինակ՝ պաղպաղակ հին լեզուի մէջ նշանակում էր «բիւրեղ». նոր լեզուի մէջ աւելացրին ծանօթ սառցրած քաղցրեղէնի նշանակութիւնը. օդապարիկ նշանակում էր «օդի մէջ սաւառնող (թռչուն)», այժմ աւելացաւ «ballon» իմաստը:

    Երբ մի առարկայ ջնջւում է, նրա հետ էլ ջնջւում է բառը:

    Օրինակ՝ կապարճ, կապարճակիր, վաղակաւոր, հարցուկ:

    Երբ մի առարկայ հետզհետէ զարգանում է ձեւով կամ կազմութեամբ, բառը հետը պահւում է, բայց իմաստը փոխւում (օրինակ, ֆրանսերէն fusil հրահան քարն էր, որ հիմա ամեն տեսակի հրացան է նշանակում:

    Ֆրանսերէն plume, ռուսերէն перо բուն նշանակում են «փետուր», եւ որովհետեւ հին ժամանակ փետուրը գործ էր ածւում նաեւ իբրեւ գրիչ, ուստի նշանակում է «գրիչ»:

    Հիմա այլեւս գրիչը փետուրից չէ, բայց այդ բառերը շարունակում են իրենց գոյութիւնը: Նոյնպէս պարսկերէն, թրքերէն, արաբերէն qalam «գրիչ» բուն նշանակում է «եղեգ», որովհետեւ արեւելքի մէջ գրիչը եղեգ էր. հիմա շատ տեղ մետաղեայ գրիչն է գործածւում, բայց բառը պահւում է:

    Առեւտրի մէջ մտած զանազան ապրանքներ կոչւում են իրենց ծագած երկրի անունով. Ինչպէս՝ ֆրանսերէն pêche եւ ռուսերէն персик «դեղձ» բուն նշանակում են «Պարսկաստան», ֆրանս. Baïonnete «սուին» ծագում է Bayonne գաւառի անունից, calicot «կտաւ» ծագում է Հնդկաց Կալկաթա քաղաքի անունից, cravate ծագում է Խորվաթիայից, այսպէս Cհampagne, Cachemire, damas` «մի տեսակ գործուածք կամ դագոյն» (Դամասկոս քաղաքի անունից), Bordeau` 1. «գինու տեսակ, 2. այդ գինու նման թունդ կարմիր գոյն» (Ֆրանսիայի Բորդո քաղաքի անունից), հայոց մէջ՝ Մանուսա (Մանիսա քաղաքի անունից), Բաղդադի «գլխին կապոյտ թաշկինակ» (Բաղդադ քաղաքի անունից), Եւդոկիայում աղը կամ աղամանը կոչւում է «սեբաստացի», որովհետեւ աղը այդտեղից է գալիս:

    Երբեմն բառը կրում է իր հեղինակի անունը. ինչպէս՝ guillotine «կախաղան» Guillotine անձի անունով, mansarde «տանիքի սենեակ», որ կրում է Ֆրանսիացի ճարտարապետ Mansard-ի անունը, eustache «կոշտ դանակ՝ փայտեայ կոթով»՝ նշանաւոր ֆրանսիացի դանակ շինող Eustache Dubais-ի անունով: Կրունկի մի տեսակը կոչւում է Պոլիս լուքեն, որ է Louise XV թագաւորի անունով:

    Երբեմն մեկի անունը մի պատահական հանգամանքով կցւում է մի առարկայի: Այսպէս ընդհանուր քննիչ Etienne de Silhouette-ի, որ այն ժամանակ շատ սիրուած էր, անունը դարձաւ silhouette «ուրուագիծ», «պատկեր», եւ եթէ այս մասին ժամանակակից վկայութիւն չլինէր, ոչինչ կարելի էր գուշակել: Անգլիացի Boycott զօրապետի անունը 1880 թուին դարձաւ հասարակ անուն (բոյկոտ անել):

    Այս կարգի բառերը յօրինելու համար հանգամանքներ երբեմն այնպէս մասնակի են լինում, որ բառը սահմանափակուած է լինում մի քաղաքում կամ գիւղում, մինչեւ իսկ՝ մի ընտանիքում: Ինչպէս՝

    Սեբաստիայի «աղ, աղաման» յատուկ է միայն Եւդոկիոյ: Թիւնի «ապուշ» ծանօթ է միայն արցախեցոց, որ, անշուշտ, մի նշանաւոր տիպի անուն է: Պոլսի Սամաթիա թաղում որոշ շրջանի մէջ կար Փիլիպոս բառը «մեծ առնի» իմաստով՝ անշուշտ համանուն մի անձի անունից: Իսրայէլ Պոլսում նշանակում էր «ցնցոտիներ հագած մարդ», Բագու՝ մեր տան մէջ, գործածական էր խոսրով բառը «ապուշ» իմաստով. օրինակ՝ խոսրով-խոսրով մի՛ խօսիր. Սա շատ խոսրովի է «շատ տխմար է» եւ այլն: Այս կարգի բառերի մի քիչ աւելի հասարակական տիպն են որոշ մասնագէտների գործածած բառերը, որ միայն իրենք գիտեն:

    Ընկերային ըմբռնումները, պատշաճութեան օրէնքները եւ քաղաքավարութիւնը, ինչպէս տեսանք, նշանակութիւն ունեն բառերի գործածութեան մէջ: Ոմանք դատապարտւում են անգործութեան, եւ այն ժամանակ լեզուն ստեղծում է նոր բառեր:

    Օրինակ՝ վարտիք բառը ժողովրդի մէջ տգեղ էր արտասանել, ուստի կազմուեց «շապկընկեր», «ոտաշոր», որոնք քաղաքավարական ձեւեր են:

    Ժամանակ անցնելով՝ նոյն քաղաքավարական բառը դառնում է սովորական, այնպէս որ երբ բուն նշանակութիւնը անբաժան կերպով կպչում է բառին, նա էլ ջնջւում է, եւ փնտրւում է նոր ձեւ: Այսպէս՝ վարտիք-ից յետոյ, անշուշտ, հնարուած է փոխան, որ նշանակում էր բուն «փոխարէն, փոխանակ կամ փոխելիք շոր»: Շատ քաղաքավար, շատ անմեղ մի բացատրութիւն էր, բայց շատ գործածութեամբ նա դարձաւ սովորական եւ հիմա անցած է անպարկեշտ բառերի շարքը, ուստի ջնջուել է եւ տեղը դրուել «շապկընկեր, ոտաշոր»: Մի փոքրիկ քննութիւն ցոյց է տալիս, որ այս կարգի բառերը մօտաւորապէս քառորդ դար կեանք ունեն: Պոլսի բարբառում հնապէս գործածական էր տաճկերէն հալէ, որ է արաբերէն xalā«դատարկ, պարապ». սրանից bayt-ul-xalā «արտաքնոց» (բուն նշանակում է՝ դատարկ տուն), յետոյ վենեֆ բառը «արտաքնոց» նշանակութեամբ. բառը յետոյ անպարկեշտ դարձաւ, եւ նրա տեղ դրուեց մի նոր՝ քաղաքավարական բացատրութիւն՝ հասարակ: Այս բառը գործ էր ածում տատս խօսակցութեան մէջ: Բնականաբար իր կազմութեամբ շատ անմեղ բառ էր, բայց յետոյ դարձաւ անպարկեշտ: Այն ժամանակ հնարուեց հարկաւոր, իբրեւ պատկեշտ բառ, հակառակ հասարակ բառին: Իմ փոքրութեանս սովորական էր գործարան բառը: 1895 թուին հեռացայ Պոլսից եւ երբ 1910 թուին նորից այցելեցի, տեսայ, որ գործարան բառն էլ վերացել, եւ նրա տեղ, իբր պատշաճական բացատրութիւն, դրուել էր պէտքարան: Այսպէս ուրեմն, մօտ մեկ դարու ընթացքում իրար են յաջորդել 4 բառ (հասարակ, հարկաւոր, գործարան, պէտքարան):


    Աճառեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    Բառերի կորուստը
    Շատ բառեր կորան գրաբարից աշխարհաբար անցնելու ընթացքում: Դրանց մեծագոյն մասը կարելի էր կոչել աւելորդ. օրինակ՝ բազմահազար ածականների առատութիւնը, մանաւանդ նրանք, որ ճամարտակ հեղինակների շինած շինծու բառերն էին: Այսպէս Քռթենաւորի յօրինած բառերից... (Բնագրում օրինակների տեղը բաց է թողնուած): Աւելորդ կարելի էր կոչել նաեւ բազմաթիւ համանիշ բառերի առատութիւնը, եթէ մանաւանդ նրանք մասնաւոր իմաստով տարբերացուած չէին, եւ կամ եթէ էին, մեզ համար այդ տարբերութիւնը անծանօթ էր: Այսպէս՝ ագի, ձետ, տտուն, որոնք տեղի տուին մի միակ պոչ բառի մէջ: Այդ խմբի հոմանիշներից պահպուել է միայն դմակ, որ մեր տնտեսութեան համար շատ կարեւոր մի բան է ներկայացնում:

    Երբեմն այս կարգի բառերի կորուստը մեզ դժուար դրութեան մէջ է գցում: Օրինակ՝ գրաբարը ունէր տի (տիք) բառը, որով հասկացւում էր մարդու տարիքը: Այժմ մենք չունենք այդպիսի բառ եւ գիտենք միայն տարիք եւ հասակ: Առաջինը միայն մեկի ապրած տարիքն է, իսկ երկրորդը, իսկ երկրորդը տարտամ իմաստ ունի. թէ՛ նշանակում է մեկի ապրած տարիքը եւ թէ հասակի բարձրութիւնը: Ասում ենք, օրինակ, 20 տարեկան հասակում:

    Ծանօթ երգը ասում է՝
    Հասակս քսան տարեկան եւ այլն:

    Միւս կողմից ասում ենք՝ բարձրահասակ «բարձր, հասակը բարձր», մեծահասակ «տարիքը շատ», կարճահասակ «հասակը ցած», փոքրահասակ «տարիքը քիչ», իսկ միջահասակ նշանակում է միայն «միջակ հասակով, ոչ բարձր ոչ ցած». չի նշանակում «միջին տարիքի», որի համար առանձին բառ չունինք:

    Ահա այս անպատեհութեան պատճառով է, որ ժողովուրդը փոխ է առել թրք. բոյ (boy) բառը՝ «բարձրութիւն» իմաստով եւ նրանից էլ ազատօրէն կազմում է մարդաբոյ, բոյով բառերը:

    Գրաբարը գիտէ նաեւ տիւ բառը, որ ցերեկուայ 12 ժամն էր նշանակում, եւ նրա դէմ կար օր բառը, որ ամբողջ 24 ժամն էր նշանակում, այն է՝ «տիւ եւ գիշեր»:

    Այժմ բոլորովին ջնջուած է այս տիւ բառը: Հների համար գուցէ այնքան էլ կարեւոր չլիներ այս բառի գոյութիւնը, որովհետեւ գիշերային կեանք չկար: Բայց այժմ, երբ նոյնիսկ գիշերային ճամբորդութիւններ ենք կատարում հազարաւոր կիլոմետրների վրայ, տիւ եւ օր բառերի գոյութիւնը անհրաժեշտ է, եւ մենք ստիպուած դիմում ենք ռուսերէնին, որից փոխ ենք առել շատ հարմարաւոր կարճ եւ նշանակալից սուտկա բառը (24 ժամուայ իմաստով): Այժմ էլ խանգարում է օր բառը, որ թէ 24 ժամուայ ընթացքն է նշանակում եւ թէ միայն 12 ժամուայ շրջանը:

    Բառերի ջնջման պատճառներից մեկն էլ համանունն է: Օրինակ, հաւ նշանակում է թէ՛ պապ՝ հօր հայրը կամ մօր հայրը եւ թէ թռչուն: Անշուշտ ծիծաղ էր առաջանում, երբ մեկը հարցնում էր. «հաւը նե՞րսն է». այս պատճառով հաւ «պապ» բառը ջնջուեց, եւ նրա տեղ փոխ առնուեց յունարէնից պապ բառը:

    Հին հայերէն ագանիմ բայը ունէր երկու իմաստ՝ «շորերը հագնել» եւ «գիշերը մի տեղ օթեւանել». այս երկուսի շփոթութեան առաջքն առնելու համար էր, ահա՛, որ առաջինը ստացաւ հ նախաձայնը, բայց, այնումենայնիւ, այս փրկիչ միջոցն էլ չօգնեց, եւ «օթեւանել» իմաստը ջնջուեց:

    Բառերի ջնջման պատճառներից մեկն էլ euphémisme-ն էր, որ է պարկեշտաբանութիւն: Գիտենք, որ անպարկեշտ բառերը հանւում են լեզուից կամ առնուազն վերապահւում են մասնաւոր գործածութեան, բայց ուր որ հնարաւոր է, անպարկեշտ մի բառի նմանութիւն ցոյց տուող բառերն էլ երբեմն հանւում են լեզուից՝ փոխանակելով մի ուրիշ բառով: Այսպէս Նոր Նախիջեւանում կշռել բառը ջնջուած է՝ չշփոթելու համար շռել բայի հետ, եւ տեղը դրուած է քաշել: Նոյնպէս ասում են փոքր եւ չեն ասում պզտի, պզտիկ, խուսափելու համար համանուն ռուսերէն մի բառից:


    Հրաչեայ Աճառեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    Ծածկալեզուներ
    Անգլերէնում

    M-gibberish- աւելացնում են m ձայնը.

    going out today > goming mout tomday

    S-gibberish- աւելացնելով s ձայնը.

    going out today > gosings outs todays.

    marrowskying կամ hospital Greek – բառի նախաձայները փոխանակելով.

    renty of hlain < plenty of rain

    flutterby < butterfly

    Դանիա

    du er et lille asen > dupu erper etpet lilpillepe apasenpen durbe erbe erbe lirbelerbe arbeserbe

    Գերմանիա

    Ներմուծելով p կամ աւելացնելով erbse

    այլ ձեւ՝ vater>vabateber

    Հոլանդիա

    de schoone Mei > depé schoopoonepé Meipéi

    Ֆրանսիա

    javanais- je vais bien je-de-que vais-dai-gai-bien-den-gen

    Նոր Զելանդիա Maori-ները

    au ki riera > te-a te-u te-ki te-re te-i te-ra

    (Jespersen, Language, էջ 150):

    Կան եւրոպացոց մէջ բազմատեսակ ծածկալեզուներ, օրինակ՝ աշակերտական, զօրանոցի, կարուհիների, լուացարարուհիների, հանքահանների, նաւաստիների, չարագործների... Անգլիայում կայ դերձակների լեզու, կաթսայագործների լեզու եւ այլն, որոնցից ոմանք հին արհեստի գաղտնիքից են:

    Այս լեզուները կազմուած են՝

    1) Մայրենի լեզուի բառերից՝ փոխուած իմաստով:

    2) Օտար փոխառութիւններից:

    3) Մայրենի լեզուի բառ՝ նոր մասնիկով փոփոխուած վերջից,

    ինչպէս՝ ֆր. épicier > épismar, parisien > parigot,

    գերմ. kaufmann > kofmich

    ֆր. auvergnat > auverpin,

    4) loucher béme լեզուի մէջ boucher ձեւով, նախադասը տանել վերջը, մասնիկը՝ սկիզբը:

    5) javanais լեզւում բառի մէջտեղը մի նոր վանկ (ar, oc, al, em), բայց մնաց av, va, որի համար էլ կոչւում է javanais: Խօսում են դպրոցներում, կայ Ֆրանսիա, Գերմանիա եւ սլավոնների մօտ:

    6) Penjab-ում կայ գողերի լեզու, որ բառը կեղծելու համար մէջտեղը դնում է ma: Ե դարում Իռլանդիայում մի քերականագէտ հնարեց մի ծածկալեզու, որ յետոյ փոփոխուելով՝ առաջ բերաւ մի լեզու, որ կոչւում է «բանաստեղծների լեզու» եւ Իռլանդիայի դպրոցներում գոյութիւն ունէր:

    Ծածկալեզուների հետ պէտք է յիշել Ս. Հոգուց ներշնչուած խենթերի մարգարէական լեզուն, կամ այն ջղային հիւանդի աղջկայ (որ քննել է Fournoy), որ խօսում էր Հրատի էակների լեզուն եւ այլ մասեր: Այս բոլորը մեծերի լեզուից կեղծուած բաներ են:

    [Ծածկալեզուն] կոչում են ճնճղուկի լեզու, ագռաւի լեզու, կռկերէն՝ բոլորն էլ թռչունների անուններ, ինչպէս ունենք նաեւ աղաւնագիրը (ծածկագիր), որ յետոյ դարձել է Աղուանից գիր (տե'ս իմ Հայոց Գիրը, էջ 478): Աղուանք եւ աղաւնի բառերի շփոթութեան համար ամենազուարճալի օրինակն է Աղուանից կաթողիկոսը, որ Միքայէլ Լեքը ֆրանսիացի պատմիչի մօտ դարձել է Columbarum (Աղուանեաց). տե'ս Չամչեան Գ., 885:

    Այնպիսի երկրներում, ուր բնակւում են զանազան ազգի ժողովուրդներ, մեկը միւսի ազգի անունը տալու ժամանակ զգուշութեան համար դիմում է մի որեւէ ծածուկ բառի: Այսպէս՝ Պոլսում հայերը ֆրանսիացիներին կոչում են տիտոն, անգլիացիներին՝ տաքարիւն, յոյներին եւ ռուսներին՝ ձուկ ուտող: Տիտոն բառը ֆրանսերէն dis donc «ասա՛ ուրեմն» ձեւից է. այս ձեւով դիմում են ընկերները իրար կանչելու համար, ինչպէս ռուսները՝ слшай: Տաքարիւն-ը անգլիացիների համար ոչ թէ ծաղրական ձեւ է հակառակ իմաստով, այլ որովհետեւ նրանք ունեն շատ շոգենաւ: Ձուկ ուտող կոչւում են յոյները նրա համար, որ մեծ պասին ձուկ են ուտում: Պոլսում Մուհամմեդի անունը տալու համար ծածկալեզուով ասում են կունդ (ակնարկելով գլխի խոշոր փաթթոցը), մզկիթը կոչւում է վճարանք: Նկատենք, որ պարսկերէն նամազ անել «աղօթել» ասելու փոխարէն ասում են namaz guzar dan«նամազ վճարել»: Զինուորը Պոլսում առաջ կոչւում էր փատւոր «որ ձեռքին փայտ ունի»: Արցախեցիք ծածկալեզւում թուրքերին կանչում են ծանի. այս բառը առաջանում է կածան բառից, որ նշանակում է նեղ ճանապարհ, նաեւ՝ թուրքերի գլխի գագաթից մինչեւ ճակատը ածիլած նեղ անցքը, որից էլ կրճատուել է ծանի ձեւը: Կովկասում ռուսներին սոխ են կոչում, նրա համար, որ նրանց եկեղեցիների գմբեթը բիւզանդական ոճով սոխաձեւ է: Այսպիսի մի ծածկալեզուից առաջացած պէտք է համարել քրդերէն ֆլա, որ նշանակում է հայ, բայց բուն իմաստն է երկրագործ, ըստ որում հայերը ընդհանրապէս երկրագործ են եղել: Տեառն պիտոյ (էշ) գործածւում է Պարտիզակում. աղբիւրն է՝

    Երթայք դուք ի գեղն... գտանիցէք յաւանակ կապեալ... լուծէք զնա... եւ եթէ ոք հարցանիցէ զձեզ թէ ընդէ՞ր լուծանէք, այսպէս ասասջիք ցնա թէ Տեառն իւրում պիտոյ է... Ասեն տեարքն նոա ցնոսա, Զի՞ լուծանէք զյաւանակդ: Եւ նոքա ասեն, Տեառն իւրում պիտոյ է: (Ղկ., յթ, 30-35):
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...


    ՄԱՍՆԱՒՈՐ ԵՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ




    Նշանակութեան փոփոխութիւնը կարող է լինել արդիւնք մասնաւոր մի պարագայի եւ կամ ընդհանուր մի վիճակի, օրինակ՝ լտ. moneta եւ pecunia բառերը երկուսն էլ ստացել են «ցրում» նշանակութիւնը: Առաջինը Juno moneta աստուածուհու անունից է: Յանոնը Արամազդի քոյրն ու կինն էր, որը մի անգամ յայտարարեց հռոմայեցիներին, թէ երկրաշարժ պիտի լինի: Հռոմայեցիք տուին նրան moneta «ծանուցող, յայտարարող» տիտղոսը (լտ. moneo «յայտարարել, յիշեցնել, ծանուցանել» բայից), եւ նրա տաճարն էլ կոչուեց moneta: Յետոյ այս տաճարում սկսեցին դրամ կտրել, որով moneta բառը ստացաւ «դրամահատութիւն» եւ յետոյ՝ «դրամ» նշանակութիւնը: Սրանից առաջացան իտալերէն moneta, ռուսերէն монета (մանեթ), սպաներէն moneda, ֆրանսերէն monnaie, անգլերէն money, գերմաներէն münze «դրամ» բառերը:

    Իսկ pecunia-ն հնխ. բառից է, որ նշանակում էր «արջառ, տաւար»: Արջառը, լինելով հարստութեան գլխաւոր նիւթը եւ վաճառականութեան առարկան, ստացաւ յետոյ «ապրանք, դրամ» իմաստը, եւ այս վիճակը շարունակում է լատիներէնը:

    Առաջինը մի մասնաւոր դիպուածի արդիւնք է, երկրորդը՝ մի տնտեսական երեւոյթ. առաջինի բացատրութիւնը կտայ մեզ բառի պատմութիւնը, երկրորդինը՝ գաղափարի պատմութիւնը (Wundt, Völkerps, I մաս, էջ 431):

    Կարող է նաեւ բոլորովին կորչել առաջին նշանակութիւնը: Այսպիսով բառի ու նրա երկրորդ նշանակութեան միջեւ ոչ մի կապ չի ﬓում. ինչպէս՝ երէց նշանակում էր՝ 1. տարիքով մեծը, 2. քահանայ: Ըստ որում, հին ժամանակ տարիքոտ անձանց էին ընտրում քահանայ: Հիմա ոչ երէց «մեծ» նշանակութիւնն է մնացել ժողովրդի մէջ, եւ ոչ էլ մեծերին քահանայ ընտրելու սովորոյթը, բայց մնում է երէց «քահանայ» նշանակութիւնը եւ թերեւս աւելի հաստատուն կերպով, քան թէ երէց նշանակէր նաեւ «մեծ»:

    Այսպիսի ձեւափոխութեան օրինակներ են՝ volume գրքի «հատոր» (առաջ գլանի պէս ոլորելուց). անգլ. book «գիրք» (առաջ hêtre ծառի փայտի կտոր էր). papier «թուղթ» («աղալ». եղէգն էր papyrus). gazette «լրագիր» (հիմայ վենետիկեան sou-ի չեն ծախում). banque «դրամատուն» (հիմայ շուկայում մի հասարակ սեղան չէ). banqueroute «սնանկ» (էլ սեղան չեն կոտրում, այլ շատ ուրիշ պատիժ են տալիս). candidat «թեկնածու» (այլեւս սպիտակ չեն համարում). cuivre «պղինձ» (էլ Կիպրոս կղզուց չի գալիս). mousseline «կտորը» (այլեւս Մուսուլից չի գալիս), լուսնոտ «դիւահար» (այլեւս չեն համարում «լուսնի արդիւնք») (Whithney, La vie-du Lang. Էջ 65):

    Այսպիսի դէպքում մեկը, որ չի քննում կամ միջոց չունի քննելու նշանակութեան ծագումը, անշուշտ պիտի կարծէ, թէ այդ նշանակութիւնը բառի հիմնական իմաստն է, եւ չպիտի էլ կասկածի նրա մասին:
    Հրաչեայ Աճառեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  11. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    ԲԱԶՄԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՄԱՆՈՒՆՈՒԹԻՒՆ

    ....Polysémie ասելով հասկանում ենք մի բառի մի քանի տարբեր նշանակութիւններ ունենալը. այս երեւոյթը չպէտք է շփոթել համանունութեան (homonymie) հետ: Երկուսի տարբերութիւնն այն է, որ polysémie նոյն բառն է, որ իմաստի զարգացմամբ հասել է այս աստիճանին, իսկ համանունները բոլորովին տարբեր բառեր են, բոլորովին տարբեր իմաստներով, որոնք իրար հետ ամենեւին կապ չունեն եւ միայն ձայնական օրէնքների պատճառով հասել են նոյն ձեւին: Առաջինը պատկանում է իմաստագիտութեանը, երկրորդը՝ զուտ ձայնաբանական է: Այսպէս՝ երբ ֆրանսերէն սէն ձայնը տասը տարբեր գրչութիւն ունի, տասը տարբեր նշանակութիւն եւ ներկայացնում տասը անկախ բառ, homonymic է, իսկ երբ operation բառը նշանակում է
    .... ...1) աստիճան՝ վիրաբուժական գործողութիւն,
    .... ...2) աստիճան՝ ելեւմտական գործողութիւն,
    .... ...3) աստիճան՝ զինուորական գործողութիւն, սա polysémie է:
    ....Բառարանը լիքն է այսպիսի օրինակներով:
    ....Երբ տեղի, կլիմայի կամ հանգամանքների փոփոխութեամբ որեւէ բան փոխւում է, նրա անունը մնում է յաճախ անփոփոխ, բայց ստանում է նոր նշանակութիւն: Այսպէս՝ Հաճըն դավօյ, որ տաւար բառն է, նշանակում է «այծի եւ ոչխարի հօտ»: Տաւարի նախիրը Կիլիկեան լեռների վրայ այլեւս գոյութիւն չունենալով՝ նրա տեղ անցել է ոչխարի եւ այծի հօտը:
    ....Ըստ այսմ՝ մեր այսօրուայ ամենասովորական բառերը, ինչպէս՝ հաց, շապիկ, կօշիկ, ձուածեղ եւ այլն եւ այլն, կարող էին բաւական տարբեր բաներ նշանակել, քան ինչ որ այժմ հասկանում ենք:
    ....Ֆրանսերէն boulevard (հին bollewerk՝ հոլանդերէնից անցած) նշանակում էր նախ քաղաքի շուրջը շինուած մարտկոցների վրայ հողալից հարթ տեղերը: Աւելի ուշ, երբ այդ մարտկոցները ջնջուեցին եւ վերածուեցին լայն ճանապարհների եւ հասարակական վայրերի, բառը մնաց նոյնը, բայց ստացաւ ճեմելիք, ծառուղի նշանակութիւնը:
    .... Polysémie-ի համար շատ հետաքրքրական օրինակ է ֆրանսերէն bureau, որի նշանակութիւնները շղթայաշար՝
    . ......1) bure կոչուած բրդէ հասարակ կտոր (ծածկում են սեղանը),
    .... ...2) սեղան, որ նոյն սփռոցով ծածկուած է,
    .... ...3) գրելու յատուկ որեւէ սեղան,
    .... ...4) սենեակ, ուր գտնւում է այդ սեղանը,
    .... ...5) այդ սենեակում կատարուած գործերը,
    .... ...6) անձինք, որ զբաղւում են այդ գործերով,
    .... ...7) վարչական բաժանումը:
    ...Նշանակութիւնների աճումը կարող է կատարուել զանազան ուղղութիւններով: Մի որեւէ երկրորդական իամստ կարող է դառնալ կենտրոն, եւ այստեղից կսկսեն ծնունդ առնել նորանոր իմաստներ.
    ... ... օրինակ՝ bordeau
    ...Լատիներէն materia դարձաւ maderia և նշանակում է՝ 1. շինութեան փայտ, 2. կղզին, ուր շատ կար անտառ՝ շինանիւթով հարուստ, կոչուեց Մադեյրա (Madeira), 3. գինին:
    ¬
    ¬¬
    ...Գերմանացի պարոնը, նստած իր բազկաթոռում, լրագիր է ընթերցում: Ներս է մտնում սափրիչը եւ բարեւելով պարոնին, ասում է.
    ...Morgen – (բարի լոյս):
    ... ... ... ... ...Պարոնը պատասխանում է.
    ...Morgen – (Աստծու բարին):
    ... ... ... ... ...Սափրիչը հանում է իր ածելին եւ մօտենում է պարոնին սափրելու: Պարոնը բթամատը յետ շարժելով՝ ասում է.
    ...Morgen – (վաղը):
    ... ... ... ... ...Սափրիչը հարցնում է.– (վա՞ղը):
    ...Morgen – Պարոնը պատասխանում է.– (վաղը):
    ... ... ... ... ...Սափրիչը հաւաքելով իրերը գնում է դէպի դուռը եւ խոնարհ ողջոյնով ասում է.
    ...Morgen – (մնաք բարով):
    ... ... ... ... ...Պարոնը պատասխանում է.
    ...Morgen – (Երթաք բարով):
    ...Այս անեկդոտի մէջ morgen բառը գործածուած է 6 անգամ, 5 տարբեր իմաստով:
    ù
    ...Բազմիմաստութեան հետ չպէտք է շփոթել համանուն բառերը: Տարբեր իմաստով զանազան բառեր կարող են նոյն ձեւին հասնել, բայց ձեւի նոյնութիւնը ծագման նոյնութիւն չի նշանակում: Այսպէս՝ հայերէն սան «իր մեծացրած աշակերտը» եւ սան «կաթսայ» իրարից տարբեր ծագում ունեն, հետեւաբար առանձին բառեր են, ուստի չենք կարող սան-ը բազմիմաստ մի բառ համարել: Նոյնպէս Սուէդիայի բարբառով բիւք նշանակում է «1. համբոյր, 2. պահք, 3. սոխի զոխ»: Բայց սա ոչ թէ բազմիմաստ բառ է, այլ այդ երեք տարբեր իմաստները տարբեր ծագմամբ տարբեր բառեր են: Այսպէս՝ «համբոյր» իմաստով առաջանում է պագ բառից, «պահք» իմաստով առաջանում է պահք > պաք բառից, «սոխի զոխ» իմաստով առաջանում է պոկ բառից:

    ...Polysémie-ից տարբերացում: Բազմիմաստութիւնը պատճառ է դառնում, երբեմն, երկդիմութիւնից խուսափելու համար զանազան իմաստներից մեկը պահելու եւ միւսի համար տարբեր ձեւ հնարելու: Այսպէս՝ լեղի նշանակում է իբր գոյական «լեղապարկի հիւթ» եւ իբր ածական՝ «դառն»: Այս երկուսը իրարից զանազանելու համար շատ բարբառներ լեղի ձեւը պահում են միայն երկրորդ իմաստով, իսկ առաջին իմաստի համար հնարել են լեղուցք ձեւը:
    «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի»
    Հրաչեայ Աճառեան

    Ծանօթ. Տիգրիսի
    ԶՈԽ «բոյսի մէջտեղի հաստ ծիլ». օրինակ՝ «Զհազարդ սակս բազմաթերթութեան եւ յոգնաբեղուն մանրագոյն մասնկաց, որ ի ներքոյ թերթից տերեւոյն ստորակայեալ ընձիւղեալ զոխիցն, որ ի նմա պատշաճեալ հուպ ի միմեանս յարամանեալ»: («Արմատական»)
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  12. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    ԻՄԱՍՏԻ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

    ,,,Ինչպէս որ ձայնական փոփոխութիւնները ունեն իրենց ժամանակը եւ մանաւանդ՝ յաջորդական կարգը, նմանապէս իմաստի փոփոխութիւնները:
    ,,,Ֆրանսերէն Bordeau բառը քաղաքի անուն է. նա կոչւում է այսպէս, որովհետեւ շինուած է ջրի ափին (ֆր. bord ափ, ափեր և eau ջուր, սեռ. d’eau ջրի): Այս բառի երկրորդ եւ երրորդ նշանակութիւններն են «գինու մի տեսակ, որ պատրաստւում է այդ քաղաքում» և «թունդ կարմիր գոյն»: Այս երեքից առաջինը իրօք էլ նախաւորն է եւ հիմնականը, առանց որի միւս երկուսը չպիտի լինէին. բայց միւս երկուսից էլ առաջինը (գինին) աւելի առաջ է, քան թունդ կարմիրը: Բորդոյի գինին, ունենալով թունդ կարմիր գոյն, ստացել է երրորդ հերթին այս իմաստը: Եթէ մի օր հնարուի ինչ-որ մի սպեղանի, որ թունդ կարմիր գոյն ունենայ կամ բորդոյի գոյնով պատրաստուի, եւ հնարողը այն սպեղանին կոչէ բորդո, այդ կլինի չորրորդ իմաստը՝ ըստ հերթի:

    ,,,Թուղթբառը երկու իմաստ ունի հայերէնում. 1) այն նիւթը, որի վրայ գրում ենք, 2) գիր, գրութիւն, նամակ:
    ,,,Իմաստաբանօրէն ո՞րն է սրանցից նախնականը:
    ,,,Բոլոր բառարաններն էլ առաջին իմաստը դնում են նիւթը, որից հանում են «գրուածք, գրութիւն, նամակ» իմաստը: Այսպէս են Հայկազեանը, Առձեռնը եւ Արմատականը: Սակայն ճիշտ չէ այս:
    ,,,Թուղթ բառը երկրորդ իմաստով գործածուած է մեր մէջ հենց Ե դարից՝ «Պաւղոսի առաքելոյ առ Կորնթացիս թուղթ առաջին եւ թուղթ երկրորդ»: Իսկ առաջին իմաստով գտնում ենք նախ Վրք., հց., ժը.՝ «Եղբարքն որ գիտէին գործել թուղթ» (Ժբ դար):
    ,,,Թուղթը հնարուած էր չինացիների մօտ շատ վաղ ժամանակ: Ն. Ք. 123 թուին Գայ Լուն՝ նախարար երկրագործութեան, յանձնարարեց թղթի շինարարութիւնը Չինաստանում: Շատ աւելի ուշ՝ 8-րդ դարում միայն, սկսեց տարածուել Արեւմտեան աշխարհում հետեւեալ ձեւով:
    ,,,751 թուին, չինացիք արշաւեցին Սամարղանդի վրայ, որ պատկանում էր արաբներին: Արաբները դուրս եկան նրանց դէմ, չինացոց դուրս քշեցին եւ բռնեցին նրանցից գերիներ: Գերիների մէջ կային թուղթ շինող վարպետներ, որոնց արաբները օգտագործեցին Սամարղանդում թղթի գործարան բանալու համար: 794 թուին մի գործարան էլ Բաղդադում բացուեց, որից յետոյ թղթի գործածութիւնը տարածուեց ամբողջ Արաբական Խալիֆայութեան մէջ: 9-րդ դարից հասել են մեզ բազմաթիւ արաբերէն ձեռագրեր՝ գրուած թղթի վրայ: ԺԱ դարի վերջում թղթի գործածութիւնը հասնում է Պոլիս եւ տարածւում է 13-րդ դարի կէսից սկսած, աւելի ուշ անցնում է Իսպանիա, Սիկիլիա, Անգլիա եւ 17-րդ դարումն էլ՝ Ամերիկա:
    ,,,Եթէ ոչ 9-րդ, գոնէ 10-րդ դարում թղթի գործածութիւնը մտած պիտի լինի Հայաստան, որովհետեւ արդէն 976 թուին ունենք թղթէ մի ձեռագիր, որ պահւում է մեր Մատենադարանում (№ 2679):
    ,,,Այս բոլոր ասուածներից երեւում է, որ Ե դարում Հայաստանում և առհասարակ Արեւելքում թուղթ չկար դեռ, եւ հետեւաբար թուղթ բառի առաջին և նախնական իմաստը ոչ թէ թուղթ նիւթն է, այլ «գրութիւն, գրուածք»:
    ,,,Քննութիւնից երեւաց նաեւ, որ իմաստի ժամանակը որոշելու համար ընդհանուր դատողութիւնները քիչ են, եւ հարկաւոր է նաեւ դիմել պատմութեանը:
    «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի»
    Հրաչեայ Աճառեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 16.06.2010, 22:41
  2. Ղրիմի Հայոց Կոտորածը
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.08.2009, 21:47
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 17.12.2007, 13:30
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2007, 13:10
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.11.2007, 13:08

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •