Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

  1. #11
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    ՍԵՌ ԵՒ ՏԵՍԱԿ ԲԱՌԻ ՄԷՋ


    ,,,Ամէնքը գիտեն, որ ծիրանին, դեղձենին, սալորենին, բալենին, կեռասենին եւ այլն բոյսեր կամ ծառեր են, կայծքարը, որձաքարը, մարմարիոնը, բազալտը եւ այլն՝ քարեր, իշխանը, կողակը բախտակը եւ այլն՝ ձկներ: Առաջինները կազմում են բնութեան թագաւորութեան մէջ տեսակներ, իսկ բոյս, քար, ձուկ՝ սեռեր, այսինքն՝ բոլոր նոյն տեսակները ըմբռնող ընդհանուր անուանակոչութիւն:
    ,,,Մարդկային միտքը ընդունակ է ինչպէս նման իրերի միջեւ եղած նուրբ տարբերութիւնը նկատելու, նմանապէս եւ մասնաւոր տարբերութիւնները երեւակայութեամբ վերացնելու եւ բոլորին միացնող ընդհանուր բնորոշ յատկութիւնները գտնելու: Առաջին երեւոյթը կոչւում է մասնաւորացում, երկրորդը՝ ընդհանրացում. երկուսն էլ մարդկային խորաթափանց մտքի արտայայտութիւններն են:
    ,,,Հայ գիւղացին գիտէ զանազանել միեւնոյն ծիրանի բազմաթիւ տեսակները (դառնակորիզը, քաղցրակորիզը, աղջանաբաթ, խոսրովշահի, թաբարզա եւ այլն), կամ միեւնոյն խաղողի հարիւրաւոր տեսակներ (խարջի, ասկարի, թաւրիզենի, իծապտուկ, եզանդարի, քիշմիշի եւ այլն, եւ այլն):
    ,,,Թէեւ տարբեր բոյսեր են նրա համար շլորը, գավալուն, ալուչան, դամբուլը, կոկամը, ալիբուխարան եւ այլն, որոնք միեւնոյն սալորի տեսակներն են: Գիտունը ոչ միայն միացնում է այս բոլոր սալորների տեսակներն իբրեւ մի տեսակ, այլեւ ծիրանը, դեղձը եւ դեռ ուրիշ բոյսեր էլ համարում է մի ընտանիքից եւ ծիրանը կոչում է prunus arménian (հայկական սալոր), դեղձը՝ prunus persica (պարսկական սալոր) եւ այլն:
    ,,,Լեզուաբանութեան մէջ հարց է տրուած, թէ արդեօք նախնական մարդիկ իրերը իբրեւ տեսա՞կ ըմբռնեցին, թէ իբրեւ սեռ: Շատերը ասում են, թէ այսօր էլ վայրենի ժողովուրդները ճանաչում են միայն տեսակները եւ ոչ բնաւ՝ սեռ: Օրինակ, նրանք տալիս են բոյսի, քարի, ձկների, թռչունների զանազան տեսակներին առանձին-առանձին անուններ, բայց ընդհանուր սեռ ցոյց տուող բոյս, քար, ձուկ, թռչուն եւ այլ բառեր չունեն:
    ,,,Այսպէս պիտի լինէր նաեւ նախամարդոց լեզուն:
    ,,,Այս կարծիքն ինձ համար անճիշտ եւ տարօրիակ է թւում: Եւ այն օրինակները, որ բերուած են վերոյիշեալ լեզուներից, հաւաքիչների անծանօթ լինելու արդիւնք են: Օրինակ, հոտենդոտների նամա լեզուն, որ ամէնից աւելի վայրենի մի ժողովրդի լեզուն է, գիտէ heib «ծառ», uis «քար», anis «թռչուն», oub «ձուկ» եւ այլ ընդհանուր բառերը: Նոյնպէս նրա հարեւան herero լեզուն գիտէ omuti «ծառ», eue «քար», ondera «թռչուն», ehundyu «ձուկ» եւ այլն: Պէտք չէ իբրեւ օրինակ յիշել բասկերէնը, որ arbolia «ծառ», animale «անասուն», Loze «ծաղիկ» ընդհանորւ բառերը փոխ է առել սպաներէնից (Jespersen, Language, 210), որովհետեւ բասկերէնը ռոմանական շրջապատից չափազանց ազդուած մի լեզու է, եւ զարմանալի չէ, որ այդ բառերը, ինչպէս եւ շատ ուրիշ բառեր, փոխ է առել նրանցից: Ընդհանուր բառերի փոխառութիւնը նոյնիսկ այդ բառերի կարեւորութիւնն է ցոյց տալիս:
    ,,,,Միայն մասնաւոր բառեր ունենալու եւ ընդհանուր բառերից զուրկ լինելու գաղափարը ինքնին անըմբռնելի է: Ինչպիսի՜ զարհուրելի հարստութիւն պէտք է ունենայ այդպիսի մի լեզու, որ ճանաչէ բոլոր տեսակի քարերը, բոյսերը, թռչունները, ձկները, խոտերը եւ այլն: Մարդկային միտքը ինչքան ծանրաբեռնուած պիտի լինէր դրանով: Ընդհանուր բառը մի միջոց է մարդկային միտքը այս ծանրաբեռնութիւնից ազատելու:
    ,,,,Նոյն ենթադրութեան հակառակ է նաեւ իրերի բնական ընթացքը: Ենթադրենք մի րոպէ, որ մարդը ստեղծեց առանձին-առանձին անուններ բոլոր տեսակի առարկաների համար: Օրինակ, նա ճանաչում է բոլոր ծառերը առանձին եւ ծառ ընդհանուր գաղափարը չգիտէ: Իսկ ինչպէս պիտի անուանէ, երբ տեսնի ծառերի մի խումբ, որոնք բաղկացած են ոչ թէ մի տեսակից, այլ մի քանի տեսակներից: Աւելի եւս, ինչպէս պիտի անուանէ, երբ տեսնի մի կամ մի քանի ծառ հեռուից, որ չկարենայ որոշել, թէ կնձնի՞ են, թէ թզենի, բարդի՞, թէ կամ ուրիշ ծառ: Չէ՞ որ այս պարագային ստիպուած է ծառ ընդհանուր բառը տալու եւ եթէ չունի՝ ստեղծելու:
    ,,,,Միեւնոյն ժամանակ գիտենք, թէ ամէն լեզուի մէջ էլ եզ ու կով, աքլոր ու հաւ, խոյ ու մաքի, յովատակ ու զամբիկ եւ այլն, որոնք միեւնոյն անասունի արուն ու էգն են ներկայացնում, առանձին անուններով են կոչւում: Միեւնոյն ժամանակ կան նաեւ նրանց ընդհանուր անունները (տաւար, ոչխար, ձի եւ այլն):
    ,,,,Հայ գիւղացին զանազանում է մինչեւ անգամ հորթը, երինջը, մոզին, մին՝ ընդհանուր, մին՝ արական, միւսը՝ իգական:
    ,,,,Այս բոլորը կշռելով ու համեմատութեան դնելով իրար հետ՝ կարող ենք ասել թէ՝
    ,,,,1) Մարդիկ այն բոլոր առարկաների համար, որոնց հետ շատ մօտիկ յարաբերութիւն ունէին եւ նրանցից լայն չափերով օգտւում էին իրենց առօրեայ զանազան պէտքերի համար, հնարել են մասնաւոր, նոյնիսկ շատ մասնաւոր բառեր՝ տեսակ առ տեսակ, երբ հարկ է եղել:
    ,,,,2) Այն առարկաները, որոնց ընդհանրապէս միայն ծանօթ էին, կարիք չեն զգացել առանձին-առանձին որոշելու եւ անուանել են ընդհանուր անուններով:
    ,,,,3) Ընդհանուր անուններ յատկացրել են նոյնիսկ առաջին կարգի առարկաներին, երբ հարկ է եղել խօսել նրանց մասին ընդհանրապէս:
    ,,,,Լեզուի զարգացման ապագայ ընթացքում մասնաւոր տերմինները վերանում են, եւ ընդհանուրը տարածւում է:
    ,,,,Օրինակ՝ շատ լեզուների մէջ կայ «մարդ» էակի համար երկու բառ, մին՝ ընդհանուր, միւսը՝ մասնաւորապէս արուի համար: Այսպէս՝ հյ. այր եւ մարդ, գերմ. mann եւ mench, սնս. mánșua եւ virá, յուն. άnrhrōρoς եւ anēr, լիթ. žmů, vŷras, հսլ. člověkŭ եւ možĭ, գոթ. guma եւ wair, իռլ. duine եւ fer, լտ. homō եւ vir:
    ,,,,Ապագայում տեսնում ենք, որ այս զանազանութիւնը հետզհետէ վերանում է, եւ ընդհանուր ձեւը յաղթում է. այսպէս՝ հայերէն մարդ, անգլերէն man, ֆրանսերէն homme, իտալերէն uomo եւ այլն:
    ,,,,Ձի-ին հայերէնում ունէր իր զանազան մասնաւոր ձեւերը՝ յովատակ, նժոյգ, զամբիկ եւայլն:
    ,,,,Այսօր միայն մնում է ձի:
    ,,,,Հայերէնի համար իմ ուսուցիչը (Meillet) զարմանք էր յայտնում, որ գիտէ մօրեղբօրորդի, հօրեղբորորդի, հօրաքրոջորդի, մօրաքրոջորդի, բայց չգիտէ մի ընդհանուր բառ, ինչպէս ֆրանսերէն cousin: Բայց այս գաղափարները այնպէս տարբեր բաներ են իրարից, որ զարմանալի է ո՛չ թէ դրանց համար առանձին բառեր ունենալը, այլ միասին մի ընդհանուր անուն ունենալը: Այն ժամանակ մի ընդհանուր անուն պիտի ունենայինք նաեւ քոյր եւ եղբայր գաղափարների համար, մինչդեռ ամէն մի լեզուի մէջ էլ առանձին բառեր կան:
    ,,,,Ըստ Pilhofer (էջ 20 – 21) Աֆրիկեան kâte լեզուն, որ papua խմբին է պատկանում, չափազանց հարուստ է բառերով. բարդւում են անվերջ, ամէն տեսակ նոր առարկայի համար իսկոյն մի նոր բառ են շինում: Բոյսերի, մրջիւնների, ճանճերի, մողէսների եւ այլն զանազան տեսակների համար յատուկ-յատուկ բառեր կան: Բայց այս է զարմանալին, ասում է հեղինակը, որ մինչդեռ մասնաւոր գաղափարների համար առանձին բառեր կան, բայց ընդհանուր գաղափարների համար բառ չկայ: Օրինակ, չկայ ընդհանրապէս tragen «կրել, տանել» բառը, բայց կան՝
    ,,,,âsicke կռնակով (շալակած) տանել
    ,,,,amecke կրծքի վրայ տանել
    ,,,,upecke վզի շուրջը տանել
    ,,,,huhucke գլխի վրայ տանել
    ,,,,fitacke թեւի տակ դրած տանել
    ,,,,alecke, lupe ուսից կախած տանել
    ,,,,de տանցէ պարկով (Netzsack) (um die Stirn):

    ,,,Սրա հակառակ, միեւնոյն բառով են արտայայտում «ուտել, խմել, ծխել», նոյնպէս «մեռնել, ուժասպառ լինել, սաստիկ փափագել»: Գոյներից զանազանում են սպիտակ, սեւ, կարմիր, դեղին, իսկ կապոյտ, կանաչ, թուխ եւ այլն սեւի մէջ են:
    ,,,Դնում եմ այստեղ Jespersen-ի Language աշխատութիւնից (էջ 429 – 431) մի խումբ օրինակներ:
    ,,,Թասմանացիք ռետինի, wattle-ի եւ ուրիշ ծառերի ամէն մի զանազանութեան համար (variety) մի առանձին բառ ունեն, բայց «ծառ» իմաստի համար ընդհանուր բառ չունեն: Չունեն նաեւ որակ արտայայտող բառեր, ինչպէս՝ կարծր, կակուղ, տաք, ցուրտ, երկար, կարճ, կլոր եւ այլն:
    ,,,Մոհիկանները զանազան բաներ կտրելու համար տարբեր բառեր ունեն, բայց պարզապէս «կտրել» գաղափարի համար բառ չունեն:
    ,,,Զուլուները «կով» բառը չունեն, բայց գիտեն «կարմիր կով», «սպիտակ կով» եւ այլն:
    ,,,Bakaïri-ում (Կենտրոնական Բրազիլիա) ամէն մի թութակ իր մասնաւոր անունն ունի, բայց ընդհանուր թութակ բառը իսպառ անծանօթ է:
    ,,,Լիթվանացիք գոյների համար ընդհանուր անուն չունեն, բայց մասնաւոր բառեր շատ ունեն. ինչպէս՝ կայ առանձին «գորշ» բրդի եւ սագերի համար, մի ուրիշը՝ ձիերի համար, մի ուրիշը՝ տաւարի, մի ուրիշը՝ մարդու եւ որոշ անասնոց մազերի համար, այսպէս եւ միւս գոյները:
    ,,,Կան լեզուներ, որ «եղբայր» բառը չունեն, բայց գիտեն «երէց եղբայր» եւ «կրտսեր եղբայր»:
    ,,,Cherokee լեզւում «լուալ» բառը չկայ, բայց կան զանազան առարկաների համար զանազան բառեր, ինչպէս՝ kutuwo «լուացւում եմ», kulestula «գլուխս եմ լուանում», tsestula «մեկի գլուխն եմ լուանում», kukuswo «երեսս եմ լուանում», tsekuswo «մեկի երեսն եմ լուանում», takasula «ձեռքերս կամ ոտքերս եմ լուանում», takunkela «շորերս եմ լուանում», takutega «պնակներն եմ լուանում», tsejuwu «մի երեխայ եմ լուանում», kowela «միս եմ լուանում»: Մելանեզիայում ամէն մի առարկայի համար տարբեր թուանշան կայ, ինչպէս a boku niu «2 կոկոս», a buru «10 կոկոս», a koro «100 կոկոս», a selavo «1000 կոկոս», a uduudu «10 նաւակ», a bola «10 ձուկ» եւ այլն: Այսպէս պիտի լինէր նաեւ նախամարդոց լեզուն:
    ,,,Huron-ների լեզուով զանազան բառեր կան «ուտել» նշանակութեամբ մսի, հացի, ապուրի համար եւ այլն (Carnoy, La Science du mot):
    ,,,Այսպէս էր նաեւ Սուդանի մի քանի ժողովուրդների մէջ, բայց յետոյ «բրինձ ուտելու» բառը դարձաւ ընդհանուր գաղափար: Էսկիմոսները ամէն մի տեսակ ձուկ որսալու համար ունեն առանձին բառ: Մի քանի հնդկական բարբառներ 12 տարբեր բառ ունեն «տանել, կրել» նշանակութեամբ՝ նայելով թէ ինչպիսի բեռ են տանում: Չինարէնում «ջուր» նշանակութեամբ 12 բառ կայ, որոնք են՝

    ts’ien քիչ խոր ջուր
    chen խոր ջուր
    yuan անդունդի ջուր
    yang ընդարձակ ջուր
    fen եռացող ջուր
    pow ծփան ջուր
    mien մեծ ալիքներով հոսող ջուր
    wu պղտոր եւ ցած ջուր
    tchen վճիտ ջուր
    chang վարար ջուր
    lao ճամփի կողքի առուների ջուր
    tchu աղի ջուր



    «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի»
    «Համեմատութեամբ 562 լեզուների»
    Հրաչեայ Աճառեան
    ԵՐԵՒԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹԻՒՆ
    ԵՐԵՒԱՆ – 2005

    Ծանօթ. Տիգրիսի.-
    · Յունարէն մարդ եւ այր անունները գրքում հրատարակուել են խառն՝ լատինատառ եւ յունատառ: Կարծում եմ հրատարակչատանը պատահած խեղում է, կամ էլ Խմբագրական կազմին թերացումն է: Աճառեանը հիանալի գիտէր յունարէն, նրա առաջին սովորած լեզուներից է յունարէնը: Ցաւօք սրտի չգիտեմ, սակայն կարծում եմ պէտք է լինի անդրոս եւ աներ: Այլապէս՝ ի՞նչպէս կարդանք, անրհրոպո՞ս, անրհրորո՞ս: Յունական գիրը չունի այս գրանշանը R (r): Յունարէն ր գիրը այս է ρ. պ գիրը՝ π :
    · Ի՞նչ է նշանակում «տանցէ պարկով»: Մի՞թէ սա էլ վրիպում է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #12
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆԻՑ ԲԱՌ
    ,,
    ,,, Ֆրանսերէն mailechortմի խառնուրդ է ցինկի, պղնձի եւ նիկելի, որ նմանում է արծաթի, հնարել են Maillot եւ Chorier, որոնց անունով էլ melchior «մելքիոր», ասում են «մելխիոր», որ սխալ է:
    ,,Փիլիպպոս «առնի»
    ,,լովեն
    ,,սիլուետ
    ,,մանսարդ
    ,,Chevrean (կաշի)
    ,,Սովորական է զանազան արդիւնքներ անուանել արտադրողի անունով, ինչպէս՝ հորթ (հորթի միս), ոչխար (ոչխարի միս), թեյ (թեյից ընպելիք), ջրաներկ (ջրաներկով նկարած նկար):
    ,,Այս կարգին են պատկանում հեղինակների անունով կոչուող իրերը, ինչպէս՝ Mansarde (17-րդ դարում մի նշանաւոր ճարտարապետի անունով, որ առաջին անգամ շինեց այդ):
    ,,Guillotine (1789 թւից, երբ շատացան սպանութիւնները, չարչարանքը նուազ տաժանելի դարձնելու համար այս անունով մի բժիշկ հնարեց):
    ,,Pamphlet (ժողովածու գործոց Pamphilus-ի, որ միջին դարում շատ էին կարդում):
    ,,Balthazar «խնջոյք» (նման այն խնջոյքին, որ տուեց Բաբելոնի թագաւորը Բաղդասարին):
    ,,Macadam (ծեծած քարով խճուղի՝ հնարեց Mac-Adam շոտլանդացի գիտնականը):
    ,,Sandwich (բուտերբրոտ. կարագով քսուած հացի երկու շերտ, մէջտեղը դրած մի շերտ միս, երշիկ եւ այլն):
    ,,18-րդ դարում կար անգլերէն comte de Sandwich, որ այնքան խաղամոլ էր, որ չէր ուզում թողնել խաղասեղանը նոյնիսկ ճաշելու համար և բերել էր տալիս այդ ձեւով ուտելիք: Այժմ նմանութեամբ (հեգնանք) ֆրանսերէն sandwich են ասում այն մարդոց, որոնք մի յայտարարութիւն կրծքին եւ միւսը մէջքին կպցրած ման են գալիս փողոցում, մարդը ինքը դառնում է միս կամ երշիկ, յայտարարութիւնները հաց:
    ,,Grog (ջրով եւ շաքարով խառն ռոմ). անգլիացի ծովակալ Vernon, մականուանեալն Grogram, հրամայեց այսպէս մատուցել իրեն ռոմը, եւ անունը մնաց grog, բայց grogram բառն էլ մի տեսակ կոպիտ կտորեղէն է, որ ծագում է ֆրանս. gros grain «խոշորահատ» բառից:
    ,,Spencer (անթափանց կարճ վերարկու 19-րդ դարու սկիզբը Lord Spencer 1-ին անգամ մանտո քցեց):
    ,,Macfarlane («մի տեսակ անթեւ վերարկու. անգլիացի ֆաբրիկանտի անունով):
    ,,Guillemet «չակերտ» (ոմն Guillemet անուն մարդու, որ նուազական է Guillemet-ի եւ որ գործածեց առաջին անգամ այս նշանը):
    ,,Անունից կազմուած բառեր՝
    ,,շովինիզմ,
    ,,բոյկոտ,
    ,,mansarde,
    ,,silhouette,
    ,,guilletine,
    ,,chemise La Coste:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #13
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Աճառեանի «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի» գրքից...

    ՏԵՂԱՆՈՒՆԻՑ ԲԱՌ
    ,,
    ,,, Փարոս «նաւերիհամարուղեցոյց աշտարակ՝ ծովափի վրայ». ֆրանս. phare, ռուս. маяк: Փարոսը առաջին անգամ շինուել է Ալեքսանդրիա քաղաքի առաջ գտնուած փոքրիկ Pharos կղզում, որից էլ տարածուել է ամէն կողմ:
    ,,,Կիլիկիա – լտ. cilicium > ֆր. cilice «մի տեսակ կոշտ կերպաս՝ այծի մազից շինուած»:
    ,,,Սավան – Բաղդադի մօտ Սաբան գիւղի անունից:
    ,,,Սարտիլա (ձուկը) < ֆր. sardine < sarda, sardina < sardus վայրանունից:
    ,,,գալոշ. galosh, լտ. galica – ծագում է gaulois բառից.
    ,,, medica, μηδική «luzerne բոյսը» < Մարաստանից.
    ,,,pergamum միջնաբերդ < Pergamum քաղաքի անունից.
    ,,,pergamena «մագաղաթ» < Pergama-ի Եւմինէսի հնարածը համարուելով.
    ,,,լտ. sinopis մի տեսակ իւղաներկ < Սինոպ քաղաքից.
    ,,,bronze < Brundusium.
    ,,,cuivre < Κύπρος:
    ,,,
    ,,,Ամերիկայի անունով է մի տեսակ հասարակ կտոր, որ Պոլսում կոչւում է «ամերիկան բեզի» և (բուն ձեւն է արաբերէն bezz, որից թրք. bez, որ նշանակում է «շոր») ռամիկ ձեւով՝ ամելիքա: Կովկասում տարածուած է ամիրքանը, որ այժմ վերացել է, եւ ասւում է ռուսերէնով бязь.
    ,,,Ամէն մի մարդ իր մայրենի լեզուն մանկութեան շրջանից սկսած այնպէս լաւ սովորած է, որ նրա բոլոր բառերն ու ձեւերը թւում են ամենաբնական բանը: Երեւանում 70-ամեայ մի պառաւ թուրք կին ասաց ինձ մի օր. «Մեր թուրքերէնից աւելի ուղիղ լեզու չկայ, հացին «չօրեք» ենք ասում, ջրին «սու»: Միւս ազգերը ծուռ ու մուռ բաներ են ասում. օրինակ, ռուսները հացին «խլեբ» են ասում, հացը չօրեք է, սկի խլեբ կլինի՞, ջրին «վադա», «սու» չեն ասում, իսկի «վադա» կլինի՞»:
    ,,,Այս տգէտ կնոջ խօսքը իրական զգացողութեան ճիշտ արտայայութիւնն է: Մայրենի լեզուն բնական է մարդուն. նրա նոյնիսկ թերութիւնները, անկանոնութիւնները, բացառութիւնները, արտասանութեան դժուարութիւնները՝ այդ բոլորը վերանում, ջնջւում, հարթւում եւ հեշտին, բնական ու դիւրալուր են դառնում: Ընդհակառակը՝ ամէն մի շեղում կամ նորամուծութիւն, հին կանոնների խախտում, արտասանութեան փոփոխութիւն անընդունելի են: Սրա համար է, որ երբ մի նոր բառ ներմուծւում է լեզուի մէջ, ենթարկւում է գիտակից քննադատութեան, եթէ նա լեզուի նախկին սովորական կանոններին համապատասխան չէ: Վերջերս մեկը հնարեց մի բառ՝ տրամվայի «աստանովկա» իմաստի համար (կանգառ): Այս բառը ինքնին շատ կոկիկ, դիւրահնչիւն, ճիշտ կազմուած բառ է եւ նիւթին էլ շատ համապատասխան: Չնայած դրան, դժուարութեան հանդիպեց շատերի կողմից, որովհետեւ կանգառ «փուշ» բառի հետ համանուն էր:
    ,,,Սակայն մի ուրիշ բառ՝ համայց, որ ես հնարեցի հիւանդանոցում պառկած ժամանակս, ռուս. աբխօդ (բժիշկների ընդհանուր այցելութիւն հիւանդանոցի հիւանդներին) իմաստով, հաճոյքով ընդունուեց, որովհետեւ հայերէնի հին կանոններին բոլորովին համապատասխան էր եւ որեւէ նման բառի հետ համանուն չէր կազմում:
    ,,,Սրանից է բխում այն երեւոյթը, որ մենք ոչ մի քննադատութիւն չենք ենթարկում մի օտար բառ, որ սողոսկում է մեր լեզուի մէջ, եթէ նոյնիսկ անմիտ ու անշնորհք մի բառ լինի: Օրինակ, մենք հայերս, ռուսները, վրացիք եւ այլք, անայլայլ եւ անտարբեր սիրում ենք գործածել ռեստորան «ճաշարան» բառը, որ զուտ ֆրանսերէն է եւ ստուգաբանօրէն նշանակում է «կազդուրիչ»: Գինին կազդուրիչ է, այդ հասկանալի է, բայց ճաշարանը կոչել կազդուրիչ, մենք երբէք չպիտի զիջէինք, եթէ որեւէ մեկը հայերէնի մէջ համարձակէր մտցնել: Ֆրանսերէն բառը կարելի եղաւ մտցնել շնորհիւ այն բանի, որ մենք, ֆրանսերէն չիմանալով, չէինք կարող ստուգաբանել նոյն բառը եւ, հետեւաբար, քննադատութեան բովից անցկացնել:
    ,,,Այստեղ է ահա օտար բառերի ազատ փոխառութեան գաղտնիքներից մեկը եւ թերեւս՝ գլխաւորը:
    ,,,Ֆրանսերէն chirurgien «վիրաբոյժ», որ նաեւ ռուսերէն ձեւով գործածւում է եւ ռուսերէնից է անցել Կովկասի հայերին, բուն յունական ծագում ունի (Χειρουργια) եւ նշանակում է «ձեռագործ»: Ամէն տեսակ ձեռքի աշխատանք կոչւում է նոյն յունարէն բառով, նոյնիսկ՝ բանւորի աշխատանքը: Եթէ հայերէնով խիրուրգ-ը կոչէինք ձեռագործ, անշուշտ ծիծաղելի պիտի լինէր: Շատ աւելի հարմար է հայերէն վիրաբոյժ, որ նշանակում է թէ՛ «վէրքերը բուժող» եւ թէ՛ «վիրահատմամբ բուժող»:
    ,,,Դանդիռն «մթութիւն». այս բառը մի անգամ է գործածուած (Սոփերք, հտ. Գ., էջ 20), յիշուած ՆՀԲ եւ աւելի մանրամասն՝ Արմ. Բռ.: Իմաստը թէեւ վերի ձեւով նշանակուած էր, բայց անստոյգ կամ անապահով էր, Մանանդեանը, գտնելով Թեսնի հայ թարգմանութիւնը եւ հրատարակութեան տալով, գրքի վերջում դնում է նորագիւտ եւ անծանօթ բառերի մի շարք: Սրանց մէջ կան կողք-կողքի դանդիռն եւ մառախուն, հրատարակիչը ժամանակ չէ ունեցած մի անգամ փնտրելու ՆՀԲ-ում կամ Արմ. բռ.-ի մէջ դանդիռն բառը, որով թէ՛ այդ բառի իմաստը պիտի իմանար եւ թէ՛ մառախուն անծանօթ բառով պիտի ուղղէր մառախուղ: Վերջին բառով ստուգւում է առաջին բառի էլ իմաստը, որ եւ գործածել է Ե. Տեմիրճիպաշեան՝ «Դանդիռն գերեզմանաց, Նիրվանա»:
    Հրաչեայ Աճառեան


    Ծանօթ. Տիգրիսի.
    • Հրատարակած էր μησική, շփոթելով յունական σ (s) գիրը δ (d) գիրի հետ, որ է փոքրագիր դելտա (Δ,δ):
    • Պառաւ թուրք կինը Աճառեանին ասել է՝ «մեր թուրքերէնը», չի ասել՝ «մեր ադրբէջաներէնը», որ է ույդուրմասիոն (uydurmation) անունը այդ լեզուի արեւելեան տարբերակի:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 16.06.2010, 22:41
  2. Ղրիմի Հայոց Կոտորածը
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.08.2009, 21:47
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 17.12.2007, 13:30
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2007, 13:10
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.11.2007, 13:08

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •