Սվետլանա Ղարիբեանը 1993-ից մինչեւ հիմա ապրում է Արցախում` միեւնոյն բնակարանում, սակայն առանց երկմտելու նշում է իր իսկական տան հասցէն:
«Նոյնիսկ եթէ գիշերն էլ արթնացնեն, անգիր կ՚ասեմ հասցէս: Ինչպէ՞ս կարող էի այն մոռանալ: Բաքու, Պայիլովի թաղամաս, Պուխթինսքայա փողոց, 1 նրբանցք, տուն 8: Մենք ապրում էինք պապիկիս կառուցած սեփական տանը: Նա շինարար էր, եւ իր ձեռքերով կառուցած տունը մեծ պարտէզ ունէր, ինքնաշարժի տնակ, մեծ սենեակներ», պատմում է Սվետլանան:
Նա ստիպուած եղաւ լքել իր տունը ուղիղ 15 տարի առաջ սկսուած հակամարտութեան առաջին ալիքի ներքոյ. հայերի եւ թուրք-ադրբէջանցիների միջեւ սկսուած այս հակամարտութեան հետեւանքով էլ Արցախը յայտնուեց անորոշ դրութեան մէջ: Արցախն իրեն Ադրբէջանից անկախ յայտարարեց, ինչը, սակայն, այդպէս էլ միջազգային ճանաչում չստացաւ:
Արցախում առաջին հայ փախստականները յայտնուեցին 1988-ին՝ փախչելով Բաքուին մօտ գտնուող քաղաքում՝ Սումգայիթում սկսուած հակահայկական արարքներից: Արցախի հայերի անկախութեան պահանջներից զայրացած թուրքերը ցոյցերով էին արձագանգում դրան:
«Սումգայիթում բնակող մօրաքրոջս ծննդեան օրը փետրուարի 28-ին էր, եւ ողջ ընտանիքը երկու մեքենայով մեկնել էր այն նշելու: Սեղանն արդէն պատրաստ էր, երբ յանկարծ ձայներ լսեցինք: Աղմուկի պատճառն իմանալու համար գնացինք փողոցի հակառակ կողմում գտնուող այգին, որտեղ խորհրդային 15 հանրապետութիւնների զինանշաններն էին պահպանւում: Տեսանք զայրացած ամբոխը. մարդիկ քարացած դէմքերով գոռում էին. «Հայե՛ր, հեռացէ՛ք»: Այս խօսքերով նրանք պոկեցին հայկական զինանշանը` ոտնակոխ անելով ու փշրելով ամէն ինչ: Նրանք մեքենաներ էին շրջում, ոչնչացնում իրենց ճանապարհին պատահած ամէն ինչ: Կարծես երէկ լինէր այդ ամէնը. յիշում եմ՝ ինչպիսի ցնցում ապրեցի՝ հասկանալով, որ մեր կեանքը կարող էր վտանգուել միայն այն պատճառով, որ հայ ենք»:
Այս դէպքից յետոյ Սվետլանան վերադարձաւ հաշուապահի իր աշխատանքին՝ Բաքուի հիւանդանոցներից մէկում, բայց շատ շուտով բողոքի ցոյցերը նրա կեանքը տակնուվրայ արեցին: Հիւանդանոցի բժիշկներից մէկը` ազգութեամբ թուրք-ադրբէջանցի Ալիեւը, առաջարկել էր ամէն օր ուղեկցել կնոջը՝ այսպիսով որոշ ժամանակ ապահովելով նրա անվտանգութիւնը: Բայց, ի վերջոյ, նոյնիսկ սա չափազանց վտանգաւոր դարձաւ:
«Ճիշտն ասած՝ երբեք չեմ մտածել, որ ընդմիշտ պէտք է հեռանամ: Բայց ընտանիքում երեխաներ կային, իսկ Բաքւում ապրելն աւելի ու աւելի վտանգաւոր էր դառնում: Պայիլովը հայկական թաղամաս էր, ու թէեւ մեր հարեւանները 24 ժամեայ հերթապահութիւն էին սահմանել, միեւնոյն է՝ վախենում էինք աւերածութիւններից, զգում էինք վտանգը: Կարծում էի՝ որոշ ժամանակով եմ հեռանում, նոյնիսկ աշխատանքային փաստաթղթերս այնտեղ թողեցի, մտածում էի, որ վերադառնալու եմ», վերյիշում է Սվետլանան:
Բաքւում բնակող կէս միլիոն հայերի նման, նա եւս հեռացաւ իր հայրենի քաղաքից: Նրանցից շատերն ապաստանեցին Արցախի մայրաքաղաքում` Ստեփանակերտում: Սվետլանան 15 տարի շարունակ աշխատել է որպէս քաղաքապետարանի գլխաւոր հաշուապահ, իսկ այժմ աշխատում է փոքր գործի ոլորտում եւ մասնակցում փախստականների համար նախատեսուած բարեգործական աշխատանքներին:
«Յաճախ եմ յիշում Բաքուն: Կ՚ուզենայի տեսնել մեր տունը, տատիկիս ու պապիկիս գերեզմանները: Կը ցանկանայի նրանց աճիւնները տեղափոխել այստեղ», ասում է կինը:
«Ընկերներիցս մի քանիսին գտել եմ
www.odnoklassniki.ru կայքում: Նրանք մեր թաղամասի եւ այգու մի քանի լուսանկարներ էին արել, բայց մեր տունն այդպէս էլ չէին գտել: Բաքուն իսկապէս փոխուել է: Եթէ միայն թռչուն դառնայի ու կարողանայի գոնէ աչքի պոչով մէկ անգամ էլ տեսնել տունս», ասում է Սվետլանան: