ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԲԱՆՏԱՅԻՆ ԿԵԱՆՔԻՑ
Հայ արձակի սրբայիշատակ հսկային՝ Ակսել Բակունցի ծննդեան 110-ամեակին առիթով, Սիւնիքի մարզի «Սիւնեաց աշխարհ» թերթի Ակսել Բակունցի կեանքին, գործունէութեան, վաստակին ու յիշատակին նուիրուած 8 յունիս 2009 թուակիր բացառիկէն քաղելով՝ ստորեւ մեր ընթերցողներու ուշադրութեան կը յանձնենք մեծ նահատակին կեանքի վերջին օրերը միասին բաժնած Գուրգէն Մանուկեանի բանտային յուշերը, որ յուզիչ են ըստ ամենայնի եւ խորապէս ուսանելի՝ Ակսել Բակունց-Եղիշէ Չարենց հոգեգրաւ եղբայրութեան մասին ամբողջական գաղափար մը կազմելու տեսակէտէն։
1937 թ. փետրուարի 22-ին, մռայլ ու սարսռուն մի երեկոյ, ինձ համար միանգամեան անսպասելի, կանչուեցի Հայկական պետական անվտանգութեան կոմիտէ, ու ինձ կալանաւորեցին... Խուզարկուելուց յետոյ ինձ տարան ու հրեցին ներքնայարկի նկուղներից մէկը, կարծեմ նո. 21 կամերան, ուր գտնւում էր գրող Ակսել Բակունցը։ Դուռը զրնգալով իջաւ վրաս, եւ բանալին շառաչելով պտտուեց նրա մէջ ու վերջ...
Կամերայի լոյսն աղօտ էր, դեղնակարմիր, մեռելային ու ճնշող։ Զգացւում էր գաղջ բոյր, որին միախառնուած էր այնտեղ պառկածների արտաշնչած հեղձուցիչ օդը։ Մարդկանցից շատերը անտարբեր եղան իմ նկատմամբ, չնայած նոր էի մտել։ Նրանցից առաջինը, գունեղ վերմակի տակից (տնից ուղարկած) գլուխը վեր բարձրացնողն ու ինձ նայողը Ակսել Բակունցն էր. հինգ օր առաջ մենախցից էին նրան փոխադրել այդ կամերան, քանի որ նախնական քննութիւնն արդէն աւարտուած էր։ Բոլորն էլ բաւականաչափ գունատ էին եւ տկար։ Բակունցը մենախցում արդէն նստել էր, իր պատմելով, ինն ամիս։ Այստեղ նա համեմատաբար իրեն թեթեւ էր զգում, որ գտնւում է մարդկանց մէջ եւ հետեւաբար աշխարհում։
Նա մեղմ շշնջաց. «Մօտ արի, նստիր այստեղ, կողքիս»։ Խօսում էր նուաղած։ Նրա դէմքը գունատ էր, ինչպէս արեւ չտեսած բոյս, բայց աչքերը առկայծում էին։ Իմ շփոթուածութիւնը նկատելով ճիգով ժպտաց եւ այդ ժպիտի մելամաղձոտ մի ցոլք անցաւ նրա դէմքի վրայով ու դանդաղօրէն մարեց՝ անհետացող ծիածանի պէս։
Նրա գլուխը ծածկուած էր կիսաշիկաւուն, աւելի շատ թուխին տուող մազերով, իսկ յօնքերի մազերը թաւ էին, սովորականից երկար եւ մի քիչ թեքուած դէպի աչքերը։ Քիթը երկարաւուն էր ու ներդաշնակ դէմքին։ Նա նայում էր պրոֆիլային դիրքով, այսինքն փոքր-ինչ՝ թեք։ Աչքերը կապտաւուն էին, խոհական, խոշոր ու գողտրիկ, բայց նրա գունատ, մազակալած դէմքի վրայ հոգեկան տագնապից, զայրոյթից ու ջրագրգռութիւնից՝ խիստ էին փայլատակում։
Չնայած այդպէս, բայց դէմքին ունէր բնական խրոխտութիւն եւ նայողին կը թուար, որ այդ խրոխտութիւնը ներդաշնակում է նրա մարմնի ողջ կազմութեանը։ Նրա ժպիտը ծաղկում էր դանդաղօրէն, ամպի տակից սահող լուսնի նման ու նորից համրօրէն մարում, դէմքը մնում էր վշտահար, առանց ժպիտի։ Կամերայում իրար կողքի պառկածները հողի աշխատաւորներ էին, միայն մի ուսուցիչ կար՝ Ապարանի շրջանի Ղրխդաջիրման (Հնաբերդ) գիւղի ուսուցիչ Մամիկոնը։ Միւսներին յայտնի չէր, որ իրենց հետ տառապում է «Ալպիական մանուշակի» հեղինակը։ Այդ գիշերը ինձ երեք անգամ վեր ու վար տարան քննութեան համար։ Բակունցն ինձ նախապէս զգուշացրեց. «Գիտեմ, դու եւս անմեղ ես, բայց ուրիշ անմեղների անուն չտաս, իմացիր, որ շատերը այդ ճանապարհով անմեղ զոհեր են դարձել»։ Առաւօտեան կէս շերեփի չափ վարսակի կաշ ու 400-500 կրամ տարեկանի հաց տուեցին ամէն մէկիս, դա մեր օրուայ սնունդն էր։ Բեկուած էր սիրտս, ուտելը դուրս էր իմ ցանկութիւնից։ Այս անգամ բազմաթիւ աչքեր ինձ էին նայում, բայց ուտելիքը վիճակուեց Բակունցին, որը վերցրեց իմ պարզած ձեռքից։
Բակունցի նախնական քննութիւնն աւարտուած էր, սպասում էր... Նրա գործը պէտք է լսուէր Գերագոյն դատարանի յատուկ կոլեգիայում։ Շատերի գործը հեռակայ կարգով լուծւում էր Մոսկուայի եռեակով։ Իր պատմելով՝ նա մեղադրւում էր 11 հոգու հետ, որոնք իբրեւ թէ ունեցել են տեռորիստական խմբակ՝ Բերիայի եւ պետութեան միւս ղեկավարների դէմ տեռոր իրականացնելու նպատակով։ Որքան յիշում եմ՝ նա ասաց, որ իր վրայ դրուած է եղել մեղադրական չորս յօդուած, որոնցից ամէն մէկը նախատեսում է մահապատիժ, եւ երնէկ էր տալիս ինձ, որ իմ յօդուածը թեթեւ է, եւ ես կ՚ապրեմ...
- Բակունցը օրէցօր սպասում էր, որ շուտով իրեն կը կանչեն դատարան, եւ կ՚իրականացուի մահապատիժը։
Նա ինձ պատմում էր, որ դատարանը տառացիօրէն կատարում է անվտանգութեան կոմիտէի ղեկավարների նախապէս կազմած սանկցիան եւ անհնար է, որ դատարանը մէկնումէկի նկատմամբ շեղում կատարի, թէկուզ դատարանում գործի տուեալներով պարզուի, որ նա անմեղ է։ Բակունցը գիտէր, որ կարճ ժամանակից յետոյ կանչուելու է դատարան եւ դատական պրոցեսից յետոյ ինքը չի լինելու։ Բակունցի կամքի պողպատեայ սիւնը երերել էր նրա քննիչը, որ կիրառել էր դանդաղ ու աստիճանական սովով, ափսոս, մոռացել եմ նրա անունը, ինքը նրա անունը նողկանքով էր յիշում յատուկ դիտաւորութեամբ, որպէսզի նրանից խլէր մտածելու, զգալու, կարօտելու, սիրելու հոգեկան բարձր յատկութիւնները եւ ինչ ցանկանար գրէր նրա մասին, իբրեւ նրա սեփական ցուցմունք եւ ստորագրել տար։ Բակունցը ցաւով էր յիշում, որ իր ուղեղը ցամաքում է առանց կարդալու եւ գրելու։ Նրա մեծ տառապանքը գրելու հնարաւորութիւնից զրկուելն էր, այդ մասին միշտ յայտնում էր իր միտքը։ Եւ նա ինչեր պիտի գրէր իր յուզումնալից սրտով աշխատանքի, կեանքի եւ մարդու մասին։
Անգթօրէն նրան առաջարկուած մահը քրքջում էր նրա գլխի վերեւ, բայց նա չէր սարսում դրանից եւ քանզի ապրում էր, նրա մտքից երբեք չէր հեռանում այն ժամանակ Երեւանի ժողտան կառուցումը, Սեւան տանող երկաթգծի շինարարութիւնը, քաղաքի եւ գիւղերի բարեկարգումը ու անընդհատ տեղեկութիւններ էր պահանջում ինձնից, որ նոր էի «մուտք գործել» այդ վայրը։ Նա ապրում էր դառն ողբերգութիւն, երբ զգում էր, որ բանտերն ու նրանց յարմարեցուած շէնքերը օրէցօր լցւում են մարդկանցով, եւ նա խորհելով չէր կարող գտնել այդ ահաւոր աղէտի բուն պատճառները։ Երբեմն կսկիծով էր յիշում, թէ ինչ դժբախտութիւն է, երբ մարդուն մեղադրում են առանց իրական ապացոյցների, եւ ինչ դժբախտութիւն է, որ մեզ ո՛չ ուզում են ճանաչել, եւ ո՛չ էլ հասկանալ ու հաւատալ։ Կալանքից առաջ չգիտեմ Բակունցն ինչպիսին է եղել, բայց այդ ժամանակ շատ դիւրագրգիռ էր, վերին աստիճանի ջղագար։ Նա յաճախ դուռը ծեծում էր, երբ հսկիչը այդ ժամանակ դրան նեղանցքը բացում էր, նա պահանջում էր թարմ ջուր, բայց հսկիչը նրան հեգնանքով ասում էր. «Տեղդ նստիր, այստեղ քեզ համար սանատորիա չէ»... Այսպիսի պատասխաններից նա շատ էր տանջւում։
Մենք բոլորս օրուայ սնունդը ստանալուն պէս միանգամից էինք սպառում ու սպասում մինչեւ յաջորդ առաւօտ։ Բակունցը որոշեց օրուայ ստացած հացը թողնել յաջորդ օրը, որպէսզի ունենալով երկու բաժին, կարողանայ օրը երկու անգամ սնուել, սակայն չկարողացաւ նախատեսած ռեժիմը պահպանել, այդ նոյն օրը երկուսն էլ միասին գործածեց եւ յայտնեց, որ չի ցանկանում տարբերութիւն ստեղծել մեր եւ իր միջեւ։
Օրական երկու անգամ մեզ տանում էին զուգարան, բայց մի քանի րոպէով: Բակունցի տրամադրութիւնն այդ ժամանակ մի թեթեւ բարձրանում էր: Նա յափշտակուած մօտենում էր ջրի ծորակին, լուացւում, գլուխը թեքում ջրի ծորակի տակ ու լսում ջրի ձայնը: Շատ էր սիրում ջուրը եւ նրա ձայնը, չէ՞ որ բնութեան հազարերանգ երեւոյթներից, գեղեցկութիւններից միայն ջրի նուազ գլգլոցն էր մուտք գործել բանտ, որի համար նա անյագուրդ ականջ է դնում ջրի ձայնին: Նա անզուսպ կերպով կարօտում էր բնութիւնը: Զուգարանից վերադառնալիս պառկում էինք, տրամադիր չէինք կանգնելու, իսկ քայլելու տեղ չկար: Այդ պահին, ինչպէս յաճախ, նա երեւակայութեամբ թռչում էր դէպի բնութիւնը եւ երբեմն էլ բացականչում. ի՜նչ երանութիւն՝ շնչել արեւի ջրի, հողի, բոյսի, կանաչի բոյրը, տեսնել լեռների երկնասոյզ գագաթները, ամպերի հսկայ դեզերը՝ հորիզոնին գծի վրայ կուտակուած:
Նա անընդհատ ինչ-որ բանի մասին խորհրդածում էր, փիլիսոփայում եւ ամէն բան որ ասում էր, գեղեցիկ էր ու պատկերաւոր: Մի անգամ նա խօսեց մարդու աչքերի մասին, եւ մենք ունկնդրում էինք նրան. «Աչքերն է, որ տեսնում են երկնի կապոյտը, սպիտակ ու մռայլ ամպերը, արեւի շափաղը, աստղային կրակները, մարդկանց գեղեցիկ ու տգեղ դէմքերը, նժոյգների վարգը: Ինչեր ասես, որ չեն տեսնում մարդկային այդ փոքրիկ աչքերը, այդ աչերն է, որ տեսնում են արձանները գեղաքանդակ, վրձնային նախշերն իրենց խորհուրդներով, դերասանների խայտաճամուկ խաղերը՝ բեմահարթակներում... օ՜, աչքե՜ր, աչքե՜ր, հոգու պատուահաններ...»: Բակունցը շատ կենսասէր էր, ապրել ու տեսնել էր ուզում, բայց միաժամանակ չէր սարսում նրանց, ինչ որ գալու էր իր գլխին. Նա միայն տանջւում էր նրանից, որ աննպատակ, քմահաճ ու մութ գործերի զոհ է դառնում: Նա երբեք իրեն չցուցեց, որ գրող է ու կարեւոր գործեր է ստեղծել: Նա ափսոսում էր, որ անաւարտ են մնացել «Աբովեան» եւ «Կարմրաքար» վէպերը, բացի այդ, քանիցս ասում էր, որ նպատակ է ունեցել՝ վիպերգութեան վերածել թոնդրակեցոց շարժումը, այդ մասին դրուագներ էր պատմում մեզ: Ցանկացած դէպք նա պատմում էր սրտով, յուզիչ, դէպքերի մէջ դնում էր իմաստնութիւն, կեանքի թրթիռ: Պատմելիս երբեմն ժպտում էր, երբեմն՝ թախծում, ճակատը շոյում ու խաղում մազերի հետ:
Այդ օրերին նա ինձ հարցրեց, թէ իրենց մասին մամուլում ինչ է գրւում. ես պատմեցի...
Նա հետաքրքրուեց Չարենցով, ես ասացի, որ Չարենցի մասին թերթերում լռութիւն է: Նա խոր ախ քաշեց.
«Ես ցաւում եմ Չարենցի դեռ չգրուած պոէմների համար, իսկ նրա գրածները, թէկուզ փակուած լինեն դիւային սնտուկներում,- մի օր վեր կը բարձրանան պոէզիայի պառնասում»: Բակունցը սիրում էր Չարենցին անչափելիօրէն, մի տեսակ երկնային սիրով: Կախարդուած էր նրա պոէտական թափով, հոգու անսահման ուժով, մաքառումների ձիրքով:
- Չարենցը,- շարունակում է Բակունցը,- իր պոէզիայով ուրագան էր հնի հանդէպ եւ կառուցման կորով էր նորի համար:
Ես եւ ուսուցիչ Մամիկոնը շատ էինք հետաքրքրւում Բակունցի եւ Չարենցի մտերմութեամբ, եւ միշտ հակուած էինք, որ նա պատմի Չարենցի բնաւորութեան եւ նրա բանաստեղծական արուեստի մասին: Չարենցի անունը լսելիս նա լցւում էր խանդաղատանքով եւ սկսում էր երկար պատմութիւններ նրա մասին:
«Չարենցը պոռթկացող բնաւորութիւն ունէր,- ասում էր Բակունցը,- գիտէր խօսել զաւեշտներով, սուր եւ երբեմն էլ նուրբ հեգնանքը նրա խօսակցական ոճի բնորոշ առանձնայատկութիւններն էին: Նա ըմբոստ էր ու շիտակ: Մորմոքում եմ նրա համար, որ աքիլլեսեան սրի մի հարուածով նա ստացել է մահացու վէրք»: Յաճախ գրականութիւնից եւ յունական առասպելներից օրինակներ էր բերում որեւէ միտք իմաստալից արտայայտելու համար: Նրա կարծիքով Չարենցը ոչ միայն պոէտ է, այլ նաեւ գրականագէտ ու մեծագոյն գիտակ՝ համաշխարհային գրականութեան: Նա յաճախակի կրկնում էր, որ Չարենցը օժտուած է եղել կռահելու ձիրքով:
Ես սիրում եմ Չարենցի պոէզիան, որովհետեւ ներծծւում է ընթերցողի հոգու մէջ այնպէս, ինչպէս ջուրը՝ երաշտից խարկուած հողում: Չարենցի արժէքը դրանով չի սահմանափակւում,- շարունակում էր նա,- նրա մէջ շատ է զարգացած ներքին ուժը, որով նա յաղթահարում է ստեղծագործութեան ճանապարհին եղած բոլոր դժուարութիւնները, որպէսզի կեանքին հաւատարիմ մնալով՝ նրանից բարձր կանգնի: Չարենցը ունի պոէտական գերազանց ֆանտազիա: Նա անխոնջ հետախոյզ է, պոէզիայի կախարդ մոգ, նա շրջել է դանթեների եւ հոմերների բանաստեղծական պարտէզներում ու ծծել նրանց բոյրը: Բակունցը յաճախ կրկնում էր Չարենցի հետեւեալ երկտողը.
Լաւ եմ գրել, թէ վատ, սրտովդ իմացիր,
Չկայ ուրիշ քննադատ, քո սրտից բացի:
Մի օր Բակունցը քնից զարթնեց ու պատմեց իր տեսած երազը: «Զարմանալի երազ տեսայ, որ Չարենցը նստած մի կապոյտ նժոյգի վրայ, սլանում էր Աբովեան փողոցն ի վեր, ժողովրդի հսկայ ալիքը փութկոտութեամբ ճանապարհ էր բացում նրա առջեւ, վախից կծկւում էր սիրտս,- ասում է Բակունցը,- թէ հիմա ինչքան մարդ կարող է տրորել իր ձիու սմբակների տակ: Թէկու երազ, բայց կարօտս առայ Չարենցից: Չարենցի պոէզիան նման է իր նստած կապոյտ նժոյգին,- դարձեալ խօսում է Բակունցը,- որ ինչքան թողնի նրա սանձը, թէկուզ երկինք, էլի կը սլանար»:
Բակունցի պատմելով՝ Չարենցը շատ էր սիրում ձիակառք նստելը, սմբակների դոփիւնը, ձիերի համաչափ վարգը նրան հիացմունք էին պատճառում:
1937 թուին, կարծեմ, ապրիլ ամսի 3-ին էր, Բակունցին կանչեցին քննիչի մօտ: Վերադարձին շատ յուզուած էր ու մռայլ: Քննիչը նրան կարդացել էր իր կողմից կազմած մեղադրական եզրակացութիւնը եւ պահանջել էր ստորագրել մեղադրական եզրակացութեան տակ, որ իրեն յայտնուած է այդ մասին: Ամբողջ գիշերը նա չքնեց... Առաւօտեան չէր կարողանում վեր կենալ անկողնուց, դժուար էր նայել նրա դէմքին: Նրա շրթունքները սպիտակել էին, դէմքը գունատուել, դէմքի մկանները շարժւում էին, աչքերն էլ՝ առկայծում: Լուռ նայում էինք նրան: Նա շուռ եկաւ կողքի վրայ ու չէր ցանկանում խօսել: Մի քանի րոպէից յետոյ յենուեց արմունկի վրայ, յետոյ նստեց... Բոսորացաւ քիչ առաջ նրա նիհար ու գունատ դէմքը, եւ սկսեց ինքն իրեն խօսել. «Ես ներկայացրել եմ մի քանի տասնեակ էջ կազմող գրական երկեր, այդ էջերում են շաղ տրուած իմ սիրտն ու հոգին, իմ կարօտն ու տենչանքը, իմ անձնական տառապանքն ու յոյսը: Եւ ահա ես ու իմ երկերը, ահա երկու անմեղ զոհեր...»:
Երկար լռութիւնից յետոյ վեր կացաւ ու կանգնեց, ճակատը շոյեց արեւ չտեսած դալուկ ձեռքով ու արտաբերեց, կարծեմ, Պուշկինի հետեւեալ երկտողը՝
- Քթօ՞ քլիվեթի փրա նաս նիսիօթ:
Քթօ՞ նաս զապոթլիվը լիլէյըթ...
- (Ո՞վ է մեր մասին չարախօսում
Ով է մեզ հոգ տանում)
Որեւէ հարցի մասին խօսելիս, թւում էր, նա երազում էր, ընկնում էքստազի մէջ, մոռանում իր ապրած տառապանքները, իր վիճակը:
Նրա մէջ կար գրելու ծարաւ, կուտակուած մտքեր ու պատկերներ, բայց ոչ թուղթ կար, ո՛չ էլ՝ թանաք: Որեւէ բան գրում էր ծխախոտի փոքրիկ թղթիկների վրայ լուցկու այրուած ծայրով, որոնք պահպանելը հնարաւոր չէր, քանի որ այրուած լուցկու փոշին թղթի վրայից անէանում էր:
Բակունցը՝ պարզ ու գրականութեան մարդ, խորամանկ քննիչը նրան առել էր իր ճանկերի մէջ ու տրորել նրա անարատ ու անբասիր հոգին ու մարմինը:
ԳՈՒՐԳԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ
«Ազդակ»
Դու եօթնապատիկ անմեղ նահատակ,
Անհուն ու անեղծ այս երկնքի տակ
Որտեղ որոնեմ հանգրուանը քո,
Որ գամ, խոնարհուեմ մի ուշ երեկոյ,
Գրկեմ շիրիմը քու նուիրական
Եւ այն լուանամ ես ալպիական
Մանուշակների անարատ ցօղով,
Կորուստդ ողբամ ծիրանի փողով։
ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ