ԹԱԼԻՇՆԵՐՆ ԱԴՐԲԷՋԱՆՈՒՄ*


Թալիշներն իրանական հնագոյն ժողովուրդներից են, որոնք բնակւում են Ադրբէջանի հարաւարեւելեան՝ Իրանին սահմանամերձ կասպիական շրջաններում (Լենքորան, Լերիկ, Մասալին, Աստարին, Յարդմիլին), նաեւ՝ Բաքւում եւ յարակից շրջաններում, ինչպէս նաեւ Իրանի հիւսիսարեւմտեան շրջաններում: Ադրբէջանի թալիշները իսլամական շիա դաւանանքի հետեւորդ են, իսկ Իրանի թալիշները սիւննի դաւանանքին, նաեւ սուֆիական նակշբանդի ուղղութեան հետեւորդներ:

Թալիշների հետ կապուած կնճռոտ հարցերից մէկն այդ ժողովրդի թուաքանակի մասին տարաբնոյթ տուեալներն են։ Համաձայն 1999թ. Ադրբէջանում անցկացուած մարդահամարի՝ նրանց թիւը 76 800 է, սակայն կան նաեւ այլ տուեալներ, որոնք ժողովրդագրական բարձր ցուցանիշ ունեցող թալիշների իրական թիւը համարում են 200 000-ից 500 000-ը։ Նոյն խնդիրը բնորոշ է Իրանի թալիշներին, որտեղ, ըստ պաշտօնական տուեալների, բնակում են 112000, իսկ ոչ պաշտօնական տուեալներով՝ ընդհուպ մինչեւ կէս միլիոն թալիշներ։

ԺԹ. դարում ռուս-պարսկական պատերազմների եւ դրանց արդիւնքում կնքուած Գիւլիստանի (1813թ.) եւ Թուրքմենչայի (1828թ.) պայմանագրերով վերջ դրուեց թալիշական խանութեան գոյութեանը, եւ թալիշաբնակ հիւսիսային շրջաններն անցան Ռուսաստանի վերահսկողութեանը: Ի. դարում թալիշներն ինքնավար պետական միաւորում ստեղծելու երկու անյաջող փորձ կատարեցին: Առաջինը 1919-ին էր, երբ թալիշներն ապստամբեցին մուսաւաթական Ադրբէջանի դէմ եւ հռչակեցին Խորհրդային Մուղանի Հանրապետութիւնը, որը երեք ամսուայ կեանք ունեցաւ: Ադրբէջանի խորհրդայնացումից յետոյ թալիշաբնակ հիւսիսային շրջանները յայտնուեցին Խորհրդային Ադրբէջանի կազմում՝ վերջնականօրէն բաժանելով Իրանի եւ Ադրբէջանի թալիշներին***:

Ընդհուպ մինչեւ 1930-ականների վերջերը Ադրբէջանում թալիշների ազգային իրաւունքները որոշակիօրէն պաշտպանւում էին. նրանք սեփական լեզուով կրթութիւն ստանալու հնարաւորութիւն ունէին: Սակայն այդ շրջանից ի վեր Ադրբէջանում ցեղային փոքրամասնութիւնների նկատմամբ կիրառուող խտրականութիւնների պատճառով թալիշներն աստիճանաբար սկսեցին ձուլուել: Ոչ թրքական տարրի, այդ թւում՝ թալիշների նկատմամբ կիրառուող կոշտ քաղաքականութեան արդիւնքում թալիշերէնը սկսեց աստիճանաբար դուրս մղուել՝ յօգուտ ադրբէջաներէնի**: Վտանգուեց նաեւ թալիշական ինքնութեան գաղափարը:
Թալիշական ազգային զարթօնքի հարցում մեծ նշանակութիւն ունեցաւ 1993թ. յունիսին թալիշ մի խումբ ազգային գործիչներից Ադրբէջանի կազմում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետութեան հռչակումը, որը նոյնպէս շատ կարճ կեանք ունեցաւ՝ գոյատեւելով մինչեւ Օգոստոս ամիսը: Կեդրոնական իշխանութեան կողմից թալիշական յուզումները դաժանօրէն ճնշուեցին, բազմաթիւ գործիչներ, այդ թւում՝ շարժման ղեկավարները, յայտնուեցին բանտերում եւ ընդյատակում, շատերը տարագրուեցին: Իշխանութիւնների ձեռնարկած քայլերը նաեւ հոգեբանական նշանակութիւն ունեցան թալիշական շրջաններում ստեղծելով վախի մթնոլորտ։
Թալիշական ցեղի եւ թալիշական ազգային խնդիրների գոյութեան փաստն Ադրբէջանում այլեւս փակուղի մտաւ:

Տասնամեակների ընթացքում իրականացուած հետեւողական քայլերի արդիւնքում թալիշական շրջանակներում ուսուցման եւ հաղորդակցութեան հիմնական լեզուն դարձաւ ադրբէջաներէնը: Թալիշերէնը պահպանեց իր նշանակութիւնը հիմնականում առանձին գիւղական շրջաններում՝ որպէս ընտանեկան շփման միջոց:
Յատկանշական է, որ Ադրբէջանում թալիշերէնով հրատարակութիւններ գրեթէ չկան, հազուադէպ դարձած թալիշական մամուլը եւ գրականութիւնը հիմնականում հրատարակւում են ադրբէջաներէնով: Գոյութիւն ունի թալիշերէնով հեռարձակուող 15 վայրկեան տեւողութեամբ ռադիոյի ծրագիր:
Միեւնոյն ժամանակ, թալիշների թրքացման գործընթացը զուգորդուեց Ադրբէջանի նոր պատմութեան համար ոչ ցանկալի հնագոյն թալիշական տեղանունների անուանափոխութեամբ կամ թրքացմամբ։ Պատահական չէ, որ Ադրբէջանի պատմութեան դասագրքերում թալիշների մասին չի խօսւում, նրանք, ընդհանուր առմամբ, դիտարկւում են որպէս Լենքորանի բնակիչներ կամ Լենքորանի մշակոյթի կրողներ։
Թալիշների նկատմամբ խտրականութեան մէկ այլ ապացոյց է այն փաստը, որ թալիշաբնակ շրջաններում պաշտօնավարում են ոչ թէ թալիշներ, այլ տարբեր շրջաններից, յատկապէս Նախիջեւանից ժամանած մարդիկ։ Զուգահեռաբար, թալիշական ազգային շրջաններում տեղի է ունենում ադրբէջանցիների եւ քրդերի վերաբնակեցում, իսկ առկայ ընկերային-տնտեսական ահագնացող դժուարութիւնների պայմաններում թալիշ երիտասարդների մի զգալի մասը ստիպուած է արտագաղթել։ Առկայ միտումները տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու եւ թալիշական խնդրից վերջնականօրէն ձերբազատուելու յստակ նպատակ են հետապնդում։

Ադրբէջանի յատուկ ծառայութիւնների համոզմամբ՝ թալիշական ազգային շարժումն իր հիմքում անջատողական է****, միտուած Ադրբէջանից եւ Իրանից անջատուած տարածքների վրայ անկախ թալիշական պետութեան ստեղծմանը։ Մինչդեռ իրականում թալիշ գործիչների մեծ մասը հակուած է խօսել ոչ թէ անկախութեան կամ ինքնավարութեան, այլ Ադրբէջանի հասարակական-քաղաքական կեանքում թալիշների համարկման, Բաքուի կողմից նրանց՝ որպէս առանձին ցեղ ճանաչելու մասին։ Թալիշները ցանկանում են ունենալ հաւասար իրաւունքներ, կրթութիւն ստանալ մայրենի լեզուով, չհետապնդուել ազգային պատկանելութեան համար: Այդ տեսանկիւնից հետաքրքիր դիտարկում է արել վտարանդիութեան մէջ գտնուող թալիշ ազգային գործիչ Ալիքրամ Հումատովը (Ali Akram Hummatov), որը 2009-ին այցելել էր Ռուսաստան։ Ռուս լրագրող Յանա Ամելինայի հետ զրոյցի ժամանակ նա առաջ էր քաշել թալիշների ինքնակազմակերպուելու եւ ինքնավարութիւնը վերականգնելու անհրաժեշտութիւնը: Ա. Հումատովի համոզմամբ՝ միայն Ադրբէջանի երբեւէ ժողովրդավարացումը (ինչը հազիւ թէ հաւանական է) կարող է օգնել թալիշներին՝ վերականգնելու իրենց ազգային իրաւունքները:

Առանձին տեսակէտների համաձայն՝ չնայած վարչակարգի դիմակայութեանը, թալիշական ազգային շարժումն իր մէջ ինքնակազմակերպուելու ուժ երբեւէ կը գտնի, անշուշտ, եթէ դա այլեւս ժամանակավրէպ չլինի։ Չնայած ժամանակ առ ժամանակ ընդյատակում գտնուող թալիշական ազգային շարժման անդամները յայտարարութիւններ են անում, սակայն դրանք, հասկանալի պատճառներով, որոշակիօրէն կաշկանդուած են։ Այդ իմաստով՝ թալիշական օրակարգերը բաւական կենսունակ են արտերկրում (ինչը նկատի է առնում հիմնականում Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսիան, եւրոպական որոշ երկրներ), որտեղ գործում են թալիշական կազմակերպութիւններ։ Դրանք առաջ են քաշում թալիշական ազգային իրաւունքների վերականգնումը տարբեր ձեւաչափերում' հիմնականում Ադրբէջանի կազմում։ Յատկանշական է, որ թէ՛ սփիւռքում եւ թէ՛ Ադրբէջանում բնակող թալիշների շրջանում տիրապետող են հիմնականում երկու կողմնորոշումներ՝ ռուսամէտութիւնն ու իրանամէտութիւնը։ Կան նաեւ բացառապէս սեփական ժողովրդի ուժերին ապաւինող շրջանակներ, իսկ մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցում Արեւմուտքի աջակցութեան ակնկալիքներն այլեւս սպառել են իրենց։ Ամէն պարագայում, թալիշական սփիւռքը միակ ասպարէզն է ազգային զարթօնքի համար։

Առանձին հետազօտողներ նշում են, որ Ադրբէջանի ազգային փոքրամասնութիւնների շրջանում նկատւում են նաեւ իսլամական վերածննդի շարժումներ: Ինչ վերաբերում է թալիշական շրջաններին, ապա դրանք գրեթէ զերծ են Իրանի կրօնական ազդեցութիւնից, իսլամական արմատական գաղափարախօսութիւններից, չնայած իսլամի նկատմամբ կայ հետաքրքրութեան աճ։ Տեղի հոգեւորականները ենթարկւում են Ալլահշիւքիւր Փաշազադէին, չնայած իրենց կրօնական կեդրոնը համարում են Իրանը։
Յատկանշական է, որ Ադրբէջանի իշխանութիւնների մօտեցումները թալիշական խնդիրների նկատմամբ ժամանակի ընթացքում նորանոր՝ նաեւ անսպասելի դրսեւորումներ են ձեռք բերում: Ասուածի ապացոյցն է 2007թ. փետրուարին թալիշ երկու յայտնի մտաւորականների բանտարկութիւնը՝ Իրանի օգտին լրտեսութիւն անելու մեղադրանքով: Նրանցից մէկը Թալիշական մշակութային կեդրոնի տնօրէն, «Թոլիշի սեդօ» (Թալիշների ձայն)***** թերթի խմբագիր, թալիշագէտ Նովրուզալի Մամեդովն էր (մահացաւ բանտի մէջ, օգոստոս 18-ին), միւսը՝ նոյն կեդրոնի քարտուղար, արեւելագէտ-իրանագէտ Էլման Գուլիեւը։ Պետութեանը դաւաճանելու մեղադրանքով Ն. Մամեդովն ազատազրկուել էր տասը, իսկ Է. Գուլիեւը' վեց տարով: Հետաքրքիր է, որ վերջիններս մշտապէս աչքի են ընկել իշխանութեան նկատմամբ հաւատարիմ վերաբերմունքով:
Թալիշ մտաւորականների ձերբակալութիւնն Ադրբէջանում անարձագանգ չմնաց։ Փաստը դատապարտող յայտարարութիւն տարածեցին Բաքուի խաղաղութեան եւ ժողովրդավարութեան հիմնարկը, առանձին իրաւապաշտպան կառոյցներ, ովքեր Ն. Մամեդովին ճանաչեցին իբրեւ քաղաքական բանտարկեալ։ 2007-ին Միացեալ Նահանգների կողմից Իրանի վրայ հնարաւոր յարձակման մասին շրջանառուող լուրերը թոյլ տուեցին առանձին վերլուծաբանների, այդ թւում՝ Ն. Մամեդովի իրաւապաշտպան Հիլալ Մամեդովին պնդել, որ նման քայլով Ադրբէջանի իշխանութիւնները ձգտում են ի ցոյց դնել Միացեալ Նահանգներին, որ սեփական երկրում չէզոքացնում են իրանական հետաքրքրութիւնները պաշտպանող ուժերին։

Մամեդովի համոզմամբ՝ դրանով Ադրբէջանի յատուկ ծառայութիւնները աշխատանք են տանում, որպէսզի ազգային փոքրամասնութիւնները չպայքարեն իրենց իրաւունքների համար: Թալիշական խնդիրներն Ադրբէջանում շօշափում են նաեւ ուժային տարբեր կեդրոնների հետաքրքրութիւնները, առաջին հերթին՝ Իրանի եւ Ռուսաստանի։ Իրանը Թալիշստանը, իսկ աւելի ճիշդ, Իրանից ժամանակին անջատուած հիւսիսային Թալիշստանը, դիտարկում է որպէս իրանական աշխարհի բաղկացուցիչ։ Պատահական չէ, որ Ադրբէջանի անկախացումից ի վեր Թեհրանը թալիշական շրջաններում իրականացրել է գործօն քարոզչութիւն՝ իր քաղաքական եւ կրօնական ազդեցութիւնը տարածելու համար: Միեւնոյն ժամանակ Իրանը մշտապէս զգուշանում է սեփական երկրում թալիշական գործօնի աշխուժացումից:

Թէ՛ թալիշներին եւ թէ՛ Ադրբէջանի ազգային այլ փոքրամասնութիւններին առնչուող խնդիրները կարեւոր գործօն են Ռուսաստանի համար՝ Ադրբէջանի վրայ ճնշումներ բանեցնելու տեսանկիւնից։ Յատկանշական է, որ Ռուսաստանում են ապաստան գտել եւ գտնում թալիշական ազգային շարժման բազմաթիւ գործիչներ, այստեղ կան թալիշ աշխատանքային գաղթականներ, եւ վերջապէս՝ թալիշական սփիւռք։
Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն ըստ էութեան դարձել է թալիշական շարժման մտաւորական եւ տեղեկատուական հովանոցը, այն հրապարակայնօրէն չի արձագանգում թալիշական խնդիրներին: Այս հանգամանքը շատ ցաւագին է ընդունւում թալիշներից, որոնց կարծիքով, Ռուսաստանը պատմականօրէն պատասխանատուութիւն ունի թալիշական խնդիրների նկատմամբ: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա վերջինս ներկայ փուլում յատուկ հետաքրքրութիւն չի ցուցաբերում իրանական ծագում ունեցող թալիշներին աջակցելու համար:

Թալիշական շարժման հեռանկարները մշուշոտ են: Տեսականօրէն, թալիշական ազգային շարժումը, դաշնակիցներ եւ անհրաժեշտ միջոցները ձեռք բերելու պարագայում, կարող է աշխուժանալ: Թալիշ առանձին գործիչներ հեռանկարում չեն բացառում նաեւ զինուած պայքարի հնարաւորութիւնը:
Ազգային փոքրամասնութիւնների խնդիրներն Ադրբէջանի ամենացաւոտ եւ երկիրը խոցելի դարձնող հարցերից են, որոնք շարունակում են գոյութիւն ունենալ՝ ժամանակ առ ժամանակ ընդունելով դրսեւորման նորանոր ձեւեր: Միեւնոյն ժամանակ թալիշների օրինակը մէկ անգամ եւս ի ցոյց է դնում, որ ազգային փոքրամասնութիւններն Ադրբէջանում հեռանկար չունեն։

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ
«Ազդակ»
Ծանօթ. Տիգրիսի.ـــ
* «Ադրբէջան» անունը այդ երկրին ծաւալաշտական հեռակայ նպատակով է տրուել: Իսկական Ադրբէջանը՝ կամ պատմական Ատրպատականը, Իրանում է:
** «Ադրբէջաներէն» եզրը ոչ գիտական է, քանզի բնիկ ադրբէջանցիների լեզուն մարերէնն է՝ մեդերէնը, որ մեռած լեզու է: Աճառեանը գործածում է «արեւելեան թուրքերէն» եզրը:
*** Ըստ էութեան, նորաթուխ «ադրբէջանցիները», կամ ադրբէջանական թուրքերը, մշակութապէս շատ բան են պարտական տարածքի հնագոյն ժողովուրդներին՝ գուցէ մազքութների յետնորդ թաթերին եւ կասպերի յետնորդ թալիշներին: Ամէն ինչ անելու են այդ ժողովուրդները ձուլելու համար, որպէսզի նրանց մշակոյթներն էլ, ի վերջոյ, որպէս «ադրբէջանական» ճանաչուեն:
**** «Անջատողական» եզրը, այս պարագայում տեղին չէ: Ճիշտ կլինէր ասել՝ ազատագրական:
***** «Թոլիշի սեդո» լրատուամիջոցի անուան երկրորդ բաղադրիչը՝ սեդո, արաբերէն «սադա» բառի աղաւաղուած ձեւն է: Սադա՝ արձագանգ, echo: