Նախագահ Սերժ Սարգսեանի Լոնդոնեան ճառից յետոյ Ադրբէջան կոչուածի արտգործնախ-ից պատասխան է տրուել: Առաջին նախադասութիւնը կարդացի, թէ՝ «Ադրբէջանը չի կարող 15-20 տարի եւս սպասել»: Մնացեալը չտեսայ՝ անկապութեան պատճառով:
Ինչի՞ն չի կարող սպասել: Հայերը կոտորելո՞ւն, բնիկ հայկական տարածքը հայաթափելո՞ւն: Մի սպասէք յարգարժան հարեւաներ: Արի՛ք բարեկամանանք, ու կտեսնենք թէ որքան փուճ է աշխարհի բանը՝ սա իմն է, սա քոնն է: Հող շատ ունէք, բնական հարստութիւն՝ շատ-շատ. ձեր ժողովրդին կարող էք կերակրել, հանգիստ ապրեցնել, երկրին զարգացում պարգեւել: Միայն թէ իմանայիք՝ թէ որքա՜ն աշխարհը ընդհանրապէս, եւ տարածաշրջանը մասնաւորապէս, աւելի ապրելիք տեղ կլինէր, եթէ հրաժարէիք ձեր պանթուրանական ցնորքներից ու գաղափարներից:
Նախագահի ելոյթը շատ-շատ հաւանեցի: Լաւ է՝ որ Մասիս լեռան սարին հանգրուանած Նոյի տապանի մասին չհնչեց: Թագուհին խորհրդանիշ է, այդ պատճառով, թւում է, նրա անունը տառադարձուել է «աստուածաշնչեան» քարացած, դասական հնչիւնաբանութեան կարգով: Եղիսաբեթ: Թէ Դշխուն լինէր՝ ի՛նչ:
Բայց Տիկին Կարոլայն-Քերոլայնի անունը տառադարձւում է, այնպէս, որ արտասանում են անգլերը, կամ անգլիացիները, մարդիկ:
Ես, Տիկին Կարոլինի պատուին յոտնկայս կսպասեմ ժամերով...: Նա ամենադժուարին տարիներին սիրտ տուեց՝ տարածքում ժողովրդավարութեան եւ արդարութեան լոյսի ջահակիրներին պարտադրուած պատերազմում:
Հայ-ֆրանսիական զինուորական համաձայնագիրը վրդովեցրել է Զրադաշտ Ալիզադէին, որ յայտնի է իր չափաւորական դիրքորոշումներով: Հայերից մի՛ վախեցիր Զարդուշտ: Վախեցի՛ր քո ազգի վայրագ բնաւորութիւնից, վախեցիր՝ նուաճելու, տիրելու, արիւն հեղելու ազգակիցներիդ բնոյթից, որ լաւ բան չի խոստանում քեզ, քո ազգին եւ ամէնայն մարդկանց:
Հայաստանեան քաղաքականութեան ձայնը լսւում է մեկ Դէր Զօրից, մեկ Լոնդոնից ու Մոսկովից, Թեհրանից, Վաշինգտոնից ու Կոստանդնուպոլսից: Թւում է աշխոյժ, համարձակ ու գործօն մասնակցութիւն կայ ամենուրէք: Թւում է գերտէրութիւնները ուշադիր են Հայաստանի ու Հայ ժողովրդի հանդէպ: Կրկնեմ՝ թւում է: Յուսամք այդպէս է:
Մենք մարդ ենք. մարդը բանական ու ասուն կենդանի է: Մարդը ունի յիշողութիւն: Յիշողութիւնն օգնում է (ոչ միշտ) չընկնելու նոյն ծուղակը, չգործելու նոյն սխալը:
Օրինակ՝ մեր յիշողութիւնը օգնում է մեզ՝ յիշելու, որ այս եւրոպացի ու տարբեր տեղացի մեր դաշնակիցները քացի են տուել ի մեզ, բազմաթիւ անգամ եւ իրերայաջորդ առիթներով: Այդ քացիներից մենք գլխիվայր ընկել ենք: Դա եղել է ամէն անգամ, երբ իրար հետ համաձայն չեն եղել, իրենք, եւրոպացիք, եւ երբ թուրքը խոստացել է նրանց զիջումներ, հայերին խորտակելու ու պանթուրանական ծրագիրների իրականացման ուղում մի քայլ եւս առնելու համար:
"Ասպետական Սեւ Սատանայ"անուանեց հայը, ֆրանսիային, երբ տակաւին մի քանի տարի առաջ «դաշնակից» էր ու օգնում էր նրան, Տէր Զօրից ու արաբական անապատներից մի կերպ ազատելով՝ գրաւելու նախկին «Օսմանեան» երկրները:
Եւրոպական քաղաքականութիւնը նման է հանրային կնոջ, որ մի օր աստ, ու մի օր անտ է օթեւանում: Բայց նա անհամեմատելի ազնիւ ու բարոյական է եւրոպական քաղաքականութիւնից, վասնզի նրա դէմքը բացայայտ է, մենք ճանաչում են նրան, ու ի հարկին գնահատում՝ նրա բարձրարուեստ ու անթաքոյց ինքորոշումը:
Ամէն դէպքում, Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսի հետ փոխօգնութեան ռազմական համաձայնագիր ունենալու փաստը ինքնին ուրախանալի է: Բայց մենք չպէտք է հանգիստ զգանք ու տրուենք ծուլութեան ամպի քուլաներին՝ օրօրուելով ծաւի, պայծառ եթերում:
Պատմութիւնը մեզ յուշում է, որ թշնամին գիտէ սպասել, երկար, ինչպէս բորենու վոհմակը համբերատար սպասում է ծառի վրայ թառած եւ իր ազատութիւնն ու կեանքը վաստակած յովազին: Այդ սպասողական վիճակը ոմանց կարող է թուալ խաղաղութիւն:
Ծովերից այն կողմ բարեամներ ունենալը լաւ է: Աւելի լաւ է բլուրներից այն կողմ բարեկամ ունենալը: Երբ չկար քրիստոնէութիւն ու մահմեդականութիւն, Հայաստանը սթափեց ու ինքնահաստատուեց շնորհիւ իր եւ Հարաւ արեւելեան հարեւանի հետ միջեւ գոյացած համաձայնութեան: Հայ-իրանական առաջին դաշինքն էր դա: Մեզ աւելի է հետաքրքրում երբեմնի Սարմատիայի, իմա՝ Ռուսաստանի դիրքորոշումը: Եւ եթէ մենք այսօր ունենք Արցախ, դա ռուսների չեզոքութեան շնորհիւ է:Գուցէ բառի ընտրութիւնը թերի է, սակայն բոլորս գիտենք, նոյնիսկ քաղաքականութիւնից բան չհասկացողս, որ եթէ ռուսները ուզեն, կարող են Հայաստանին պարտադրել օրհասական զիջումներ: Ուրեմն՝ պայմանների ու ժամանակի հրամայականն է, որ հայերս պարտադրուած ենք պարտադրել մեր երկու հարեւաններին, Ռուսիային ու Իրանին ՝ եթէ ոչ հայամէտութիւն, ապա գոնէ անկողմնակալութիւն:
Մեր պարսիկ համշահրիները, կամ համաշխարհացիները, յոյժ գիտեն թուրանականութեան մասին: Նրանց բարձրաստիճան քաղաքագէտների ու դիւանագէտների յիշողութիւնից ջնջուած պէտք չէ լինի այն, որ ինքզինք Պահլաւի համարողը Շահը Թուրքիային զիջեց Նախիջեւանի հետ սահանագիծ՝ տալով նրան այն, որ չունէր, սահման՝ Ադրբէջանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի հետ [Հաւանաբար Արեւմուտքի հակասովետական ուժերի թելադրանքով]:
Անշուշտ՝ Թուրքիան չէր կարող միջամտել Սովետ Միութեան ներքին գործերին, բայց յոյս ունէր, որ մի օր դա անելու հնարաւորութիւն կունենայ: Եւ այդ եղաւ, երբ նոյն հակասովետական Արեւմուտքի ջանքով, կամ մասնակցութեամբ, Սովետ Միութիւնը անցեալ կատարեալ եղաւ:Յովազն ընկաւ վայր. նրան շալակող ճիւղը կոտրուեց: Նախիջեւանըհիմա, փաստօրէն, արտաքին աշխարհի հետ յարաբերում է շնորհիւ Թուրքիայի եւ Իրանի:
Իրանը քաջ գիտակցում է, իսկ եթէ չի գիտակցում՝ պէտք է գիտակցի, որ կեղծանուն Ադրբէջանն ու Թուրքիան աշխատելու են մի օր թուրքացնել Բուն Ադրբէջանի, այն է՝ Ատրպատականի թուրքալեզու ժողովրդին, ովքեր աւելի շատ Իրանցի են զգում, քան թուրք: Կեղծանուն Ադրբէջանի թուրքականութիւնը նպաստում է Իրանի չեզոքութեանը՝ Արցախի կապակցութեամբ: Մինչ եթէ Բաքուի վարիչները լինէին այլ, գուցէ Իրանը լինէր այլ՝ հանդէպ Հայաստանի ու Արցախի:
Ուզում են խառնել Իրանը՝ պատրուակելով ուրանը: Հռոմէական արժէքների կրող հոլիվուդեան Արեւմուտքը, իր ժողովրդավարութիւնը չի կարող կիրառելի անել Իրանեան բարձրավանդակում: Դա չկարողացաւ անել Ալեքսանդրը՝ Մակեդոնացին: Չինաստանի չկիրառեց սովետական կոմունիզմը, ու յաջողեցաւ տնտեսական զարգացման մէջ: Իրանը կարող է ունենալ ի՛ր ժողովրդավարութիւնը, որ բխում է իր ազգային ու պետական շահերից: Թերեւս արժէ յիշել հայ եւ ադրբէջանցի (պարսիկ ատրպատականցի եւ թուրքախօս ատրպատականցի) յեղափոխականների փորձը՝ Իրանեան ժողովրդավարութեան եւ սահմանադրական կարգի հաստատման գործում, որ վերջ տուեց Շահի միապետութեան: Մինչեւ այսօր այդ կարգն է գործում եւ այդ օրերի պայքարի ժողովրդավարական պտուղն է վայելում Իրանը, որ ունի Զրադաշտական, Մովսիսական, Հայ եւ Ասորի պատգամաւորներ՝ Իրանի Ազգային ժողովում:
Իրանեան Սահմանադրութիւնը չծնեց այնպիսի մի վարչակարգ, ինչպիսին ծնեց Օսմանեան Սահմանադրութիւնը: Իրանում ի յայտ չեկաւ Իթթիհադ եւ Թերաքքի: Իրանեան սահմանադրութեամբ Հայկական Ցեղասպանութիւն չսեւագործուեց Իրանում, մինչ Օսմանեան սահմանադրութեամբ, անուղղակիօրէն, սեւագործուեց Հայկական Ցեղասպանութիւն: Սրանից մեկնելով հասկանում ենք, որ բնիկ իրանցին այլամերժ չէ, ինչքան միւսը, որ մինչ այսօր դժուարանում է ընդունել իր զինակից սուննի Քուրդը՝ նրա լեզուն, նրա ազգային զարթօնքը, նրա ինքնաճանաչումը եւ այդ ճանաչումով ճանաչուել ուզելը: Իրանի աշխարհագրութեան մաս է կազմում Քուրդեստան նահանգը, եւ այդպէս է առանց քրդական քաղաքական պահանջքի: Մինչ Թուրքիայում, մինչեւ այսօր, 301-եան ոճիրի համազօր ոճիր է Քիւրդիստան անունով կոչելը՝ Թուրքիայի արեւելեան նահանգները: Իհարկէ՝ «Թուրքերը փափկանկատօրէն խնայում են մեզ» ասելը սուր երգիծանքի փայլատակում կլինի:
Իրանը հետաքրքիր երկիր է: Մուսուլմանական, սակայն ջրի պէս հոսում է գինին Շիրազում. Մահմեդական, սակայն կինը ցոյց է տալիս իր մազի փունջը տիւ-ցերեկով. Իսլամական, սակայն մազդէզական կրակը բոցավառւում է Սասանեան սրբավայրերում՝ հիմա: Այսպիսի բան չի կարող լինել Թալիբների Քաբուլում, կամ Վահաբիների երկրում (ասենք):
Կարո՞ղ էք պատկերացնել, թէ որքա՜ն անտանելի կլինի Հայաստանի Հանրապետութեան շրջափակումը, եթէ Իրանը իսկապէս անկառավարելի երկիր դառնայ, Սիոնական շրջանակների ձեռնհասութեամբ:
Հայաստանի Հանրապետութեան քաղաքական բարձրաստիճան այրերի շրջագայութիւնը, իհարկէ, չի կարելի վերագրել մերոնց բացառիկութեանը: Դրան նպաստում է Էրդողանի, ու նրա նմանների հակասիոնական վարքագծով: Մարդիկ՝ ովքեր քաղաքական դրամագլուխ են կուտակել, տարիների ընթացքում, գլխաշորորոշումային լոզունգներով ու դիրքորոշումներով: Այնուհանդերձ, սրանց հակադրուելով՝ ճիշտ չի լինի հակառակ ճամբարի մանկլաւիկը դառնալ:
Հայաստանում բոլորը հաշտ պէտք է լինեն՝ Արեւելքը, Արեւմուտքը եւ կողմնացուցային բոլոր ուժերը: Որեւէ գերտէրութիւն չպէտք է Հայաստանը իր խաղում շախմատի զինուոր դարձնի: Դա կլինի Հայաստանի վերջը:
Ի վերջոյ, բոլորը պէտք է հասկանան, որ պանթուրանիզմը իսկական վտանգ է ներկայացնում, իր տարբեր գունային ենթամասերով, ո՛չ միայն Իրանին եւ Ռուսիային, այլեւ «հակաահաբեկչական» պայքար մղող Արեւմուտքին:
Հայաստանը հակաթուրանական պայքարի առաջատարն է՝ միաւորելով աշխարհը:
Այս առթիւ յոյժ կարեւոր է բարեկամանալ եւ ուժեղ կապեր հաստատել բուն թուրքական երկրների հետ, օրինակ՝ Ղազախստանի, որի հետ Հայաստանի Հանրապետութիւնը դաշնակից է ՀԱՊԿ-ում: Շատ կարեւոր է Իսլամական երկրների հետ հասկացութեան գալը, գործակցելը: Եգիպտոսի եւ Սիրիայի նման երկրների հետ Հայաստանը օրինակելի յարաբերութեան մէջ է:
Ուրեմն՝ ինչու ոմանք, հայախօսներ, փորձում էին համոզել մեզ, որ Հայաստանը աշխարհին հակադրւում է, եւ չունի բարեկամ, եւայլն: Փաստօրէն, Հայաստանը այն հազուագիւտ երկրներից է, որը լաւ յարաբերութիւն ունի թէ՛ Արեւելքի եւ հա՛մ Արեւմուտքի հետ: Բացառութիւն են՝ Թուրքիա, Ադրբէջան, ՈՐՈՆՔ ՀԱԿԱԴՐՒՈՒՄ ԵՆ Հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետութեանը, քանի որ նստած են նրանց տանը, ու տանտէրը յիշում է՝ յիշողութեան կորուստ չունի, քանզի նրան անընդհատ յիշեցնում են՝ շրջափակելով, սպառնալով, կացնահարելով, հայհոյելով, խաչքար ջարդելով: