ԶԻՋՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ
Հայերից ոմանք բարկանում են, որովհետեւ զիջումներ անելու տրամադիր չեն այլ հայեր: Հարց են տալիս, թէ ինչպէ՛ս ենք գնում բանակցութեան, առանց զիջման պատրաստ լինելու, եւ թէ ազատագրուած Հայաստանը հետագայում զիջելու համար չէին գրաւուել:
Այսպէս ուղղամիտ կարող է լինել հայը: Ասում ենք դիւանագէտ չենք, սխալ չենք:
Զիջիլ < իջանել, իջնել, խոնարհիլ:
Ադրբէջանը, խոնարհութեան, համեստութեան, խաղաղասիրութեան, զիջման, իջեցնելու որեւէ նշոյլ ցոյց չտուաւ: Ուրեմն՝ ինչո՛ւ մերկանալ եւ զիջման մասին խօսել: Ընդհակառակը՝ պատերազմասէր յայտարարութիւնները այդ երկի պաշտօնէութեան, բաւարար պատճառ է, բանակցութիւնները սառեցնելու:
Խաղաղութիւն եւ բարգաւաճում հարեւանների հետ վաղուց կուզեմ, բայց ցանկութիւններն ու իրականութիւնները չեն համընկնում:
Որեւէ երաշխիք չկայ, որ զիջումից յետոյ նոյնը չի լինելու: Իջանելու համար առնուազն երկու երկիր պէտք է զինաթափուի: Այսօր նրանք ակռաները սրած սպասում են: Եթէ խաղաղութիւն ենք ուզում, կռուելու պատրաստ լինելը միշտ պէտք է ունենանք:
Ի՛նչ ասել է, Հայաստանը 20 տարի անկախ է, բայց նրա հարեւան երկիր Թուրքիան շրջափակել է նրան: Այդ նշանակում է, ինչպէս որ վկայում են այդ երկրի վերին աստիճանի պաշտօնեայք, որ նրանք, երկուսը, Ադրբէջանն ու Թուրքիան, մեկ են՝ հայաջնջութեան սեւ գործում:
Այդպիսք, առաջին անգամ պէտք է ապաշխարեն, ծնրադրեն, իջանեն, յետոյ բանակցութեան սեղան հրաւիրեն «զերո» խնդիր յարուցանելու:
Երբ նեղն են ընկնում, ու ճշմարտութիւնից ցաւում են, այդժամ սկսում են խօսել իրենց զօրութիւնից, թէ՝ իննսուն միլիոն են, Նատոյում երկրորդ մեծ բանակը ունեն, մեծ տնտեսութիւն ունեն եւայլն:
Ապագայից են սարսափում, հակառակ նրան, որ մեկ միլիոն քառակուսի քիլոմեթր տարածութեամբ երկիր են: Ընդամէնը մի 5-10 հազար քառակուսի քիլոմեթր տարածքի համար աշխարհը իրար խառնում են: Այստեղ տեսնում ենք թիւրքական ընչաքաղցութիւնն ու գրաւել-գողանալու հիւանդագին տենչանքը, եւ Հայաստանը խեղդելու իր դարաւոր սեւագործութեան շարունակումը:
Հայաստանը պէտք է վերանայ, որպէսզի գողի գողացածը, ցեղասպանածը մի անգամ եւս միջազգային բեմերում զրոյցի առարկայ չլինի՝ թէեւ գողացուած իրաւատէրը բարոյական եւ չնչին նիւթական հատուցումից աւելին դժուար թէ ստանայ: Դա էլ մերժում են:
Սխալ չէ կարծել՝ իշխանութիւնները, վարչակարգերը փոխւում են, սակայն պետութեան ընդհանուր ուղեգիծը մնում է նոյնը:
Հայերս տատանւում ենք, մերթ պապից աւելի պապականի եւ մերթ չգիտեմ ինչի միջեւ: Քաղաքականութեան շարունակականութիւն չկայ:
Կարծում եմ, Հայաստանի Հանրապետութեան իշխող վարչակարգը հիանալի առիթ ընծայեց գողերին, որպէսզի հայութեան առաջ իրենց ունեացած վատ դիմագիծը, գուցէ որոշ չափով, սիրունացնեն:
Եթէ բացէին սահմանը, ազգի մէջ խիստ երկպառակութիւն պիտի լինէր: Թուրքերը փրկեցին մեզ հայամիջեան յաւելեալ թշնամանքից: Բայց ոչ, մենք կը լինէինք բաւարար իմաստուն՝ հասկանալու պետութեան եւ ազգի շահերի առաջնահերթութիւնները: Երեւի թուրքերը տեսան, որ սահման բացելով ազգը՝ Սփիւռք եւ Հայաստան պառակտում ու խզում չի լինելու: Ես չեմ ասում, իրենք են շատ ասել, որ Հայաստանի Հանրապետութեան հետ բարիդրացիական յարաբերութեամբ կարելի է «ծայրայեղական» (իմա՝ պահանջատէր) հայերը անջատել Հայաստան պետութիւնից եւ արգելել Ցեղասպանութեան բանաձեւերի ընդունումը:
Ուրեմ կայ աւելի մեծ շահեր, քան բանաձեւերի եւ ցեղասպանութեան յիշատակումը:
Հայաստանից ամէն զիջում, մեղմացում, թուրք քաղաքագէտներից ընկալւում է որպէս թուլութիւն: Այդպէս են արտայայտւում վերլուծաբաններն ու քաղաքագէտները, որ՝ Հայաստանը անմարդաբնակ է, անգործ են մարդիկ, անհրաժեշտ պէտք է նրան սահմանի բացում, որպէսզի տնտեսական արիւնը գործէ նրա երակներում, ուրեմն պէտք է կարելի եղածին չափ զիջում պոկել նրանից: Այդպէս ասաց Ռեջեբը, lux ֆրանսերէն բառը գործածելով, թէ իրենք իրաւունք չունենք լինել անքան շռայլ (lux) եւ չպարտադրեն Հայաստանին զիջումներ Արցախի առնչութեամբ, քանի որ առաջարկը Հայաստանից է գալիս եւ նա պէտք ունի Թուրքիային:
Ուրեմն ինչո՛ւ բանալ սահման ու ապրեցնել փոքրիկ Հայաստանը:
Նախաձեռնող լինել, սակայն Հայկական իրաւունքների պաշտպանութեան շրջանակում:
Հայաստանը դատապարտուած է Թուրքիա եւ Ադրբէջան անուններով դրացիներ ունենալու: Բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելը-չհաստատելը հայութեան կամքով չի թելադրւում, այլ անցեալի դիրքաւորումների եւ ներկայի շահերի թելադրանքով, այնպէս որ հաւի նման երազում կորկոտ տեսանելով չենք կարող հայ-թուրք խաղաղութիւնը եւ բարեկամութիւնը տեսանել եւ իրականացումը ուզել:
Այստեղ հակաճառում են միամիտները, թէ ինք գնացել է Թուրքիա եւ յարգանքի է արժանացել: Այսպիսիների քաղաքագիտութիւնը սահմանափակւում է թուրքական քյաբաբի, հագուկապի, Միջերկրականի ծովափում լողանալու սահմաններում: Թող իրենց մարդասիրական գաղափարները պահեն մտքերումը: Մի քանի անգամ ասել եմ, այն, որ Թուրքիան անհատ հայերին յարգում ու պատւում է, իսկ կազմակերպուած հայութիւն չի հանդուրժում, որովհետեւ կազմակերպուած ու համախումբ հայը հայ մնալու ու շարունակուելու ընդունակութիւն ունի, իսկ անհատ հայը, անհաաբար մտածող հայը, եսակենտրոն ու մորթապաշտ քաղքենի հայը, մի օր կը ձուլուի, կուծանայ՝ մսասէր աշխարհում:
Թուրքը ճիշտ է մտածում ու գործում՝ թուրքական դիտանկիւնից: