……………………………⌘
……………ԽՈՐՔԵՐՈՒՄ ԻՄ ԷՈՒԹԵԱՆ
…
Կաւից ծեփած մի խրճիթ ու փայտէ թախտ ահագին՝
Գաղթի ճամփէքը կտրած՝ զոլ-զոլ կարպետը վրան.
Մայրս գնում էր գործի, ես՝ համարեա ինքնիշխան
Խաղում էի՝ թողնուած տատիս բարի խնամքին:
…
Շուշատիկնիկ չունէի: Ասրաֆեանի փողոցում,
Ցուցափեղկի իր գահին նա բազմել էր անխռով.
Կապոյտ երազ էր ասես՝ կապո՜յտ, կապո՜յտ աչքերով,
Թագաւորի աղջի՜կն էր՝ տատիս պատմած հեքիաթում:
…
Շորից էր իմ տիկնիկը՝ ինձ նման թուխ մազերով,
Սեւ մատիտով երեսին աչք-ունք էի նկարել.
Վանից բերած բոխչայից տատս պասմա էր տուել,
Կարե՜լ էի, հագցրե՛լ շորեր հազար հաւեսով:
…
Տուն-տուն էինք մենք խաղում, խաղում կնունք ու հարսնիք,
Ես ու տիկնիկս մեկտեղ հի՜ւր ընդունում, հի՛ւր գնում.
Նստած խարխուլ մեր թախտին՝ թռչո՜ւմ էինք, սլանո՛ւմ
Ի՜նչ հեքիաթի հեռուներ, ի՜նչ աշխարհներ երջանիկ...
…
Սակայն մի օր, մի լաւ օր (օ՛, ցնծութի՜ւն անընտել)
Ընծայ բերին ինձ յանկարծ շուշատիկնիկ մի սիրուն.
Թագաւորի լո՜յս աղջիկ, ա՛խ, ո՜ւշ եկար դու մեր տուն,
Մանուկ չէ՜ի ես արդէն, ես շա՜տ էի մեծացել:
…
Իզո՜ւր, Իզո՜ւր շոյեցի նրա մազերը ոսկի,
Իզուր՝ սեղմած իմ կրծքին՝ հպարտ-հպարտ դուրս ելայ.
Չբաբախեց իմ սիրտը ջերմութիւնով հնօրեայ,
Նրա հարուստ պերճանքին ես անհաղորդ մնացի:
…
Այսպէս անցան տարիներ, պատանութիւնս անցաւ,
Կեանքը փռեց իմ ճամփին մետաքս ու վառ գարուններ.
Տեսայ շքեղ տարածուած կապո՜յտ-կապո՜յտ հեռուներ,
Տեսայ փայլ ու ճոխութիւն, տեսայ վայե՜լք մի անբաւ,–
…
Բայց իմ սրտում, իմ հոգում, խորքերում իմ էութեան
Մնաց մօտի՜կ, մնաց թա՜նկ հայի տիկնիկը իմ խեղճ,
Սեւ մազերով, սեւ աչքերով ու կարօ՜տը՝ աչքի մէջ,
Վանից բերած պասմայի անշուք շորերը վրան...
…
1955 թ.



Մեջբերել