ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ
ԵՒ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ
Հայ միջնադարեան խոշորագոյն հոգեւոր գործիչներից եւ աստուածաբաններից մէկը՝ Ներսէս Լամբրոնացին Գրիգոր Նարեկացու ստեծագործութեան վերայայտնագործողներից եւ տարածողներից էր Կիլիկիայի հոգեւոր-մշակութային շրջանակներում, ինչից յետոյ այն ձեռք բերեց համահայկական հնչեղութիւն եւ համամշակութային ազդեցութիւն։ Խօսքն առաջին հերթին Ներսէս Լամբրոնացու գրած Գրիգոր Նարեկացու վարքի եւ նրա պատուիրած «Նարեկի» ընդօրինակութեան մասին է, որը հնագոյնն է պահպանուածների մէջ (1173 թ.)։
Ձեռագրի գրիչն ու ծաղկողը նշանաւոր մանրանկարիչ Գրիգոր Մլիճեցին (Սկեւռացին) է։
Ձեռագիրը հայ գրչութեան եւ մանրանկարչութեան եզակի կոթողներից է։ Նրանում տեղ է գտել նաեւ Ներսէս Լամբրոնացու հեղինակած՝ Գրիգոր Նարեկացու վարքը, որով ան սրբացուել եւ դասուել է հայ եկեղեցու սրբերի շարքը։
Մեծ եւ անմեկնելի է այս ձեռագրի խորհուրդը։ Վասպուրականի խոշոր արտագաղթից յետոյ (1021 թ.), ինչի հետեւանքով հայ հոգեւոր-մշակութային կեանքը խոր անկում ապրեց Վասպուրականի թագաւորութեան տարածքում, մոռացութեան էին մատնուած Նարեկեան դպրոցի մշակութային աւանդոյթը եւ նրա նշանաւոր ներկայացուցիչներից Խոսրով Անձեւացու, Անանիա Նարեկացու եւ Գրիգոր Նարեկացու գրական ժառանգութիւնը։ Այդ աւանդոյթը վերածնունդ ապրեց Կիլիկիայի հայկական պետականութեան եւ հոգեւոր կեանքի յառնումով՝ ձեռք բերելով համամշակութային հնչեղութիւն եւ հզօր ազդակ դառնալով Կիլիկիայի գրական-փիլիսոփայական դպրոցի ու ողջ հայ մշակոյթի աննախադէպ զարթօնքի եւ վերածննդի համար։
Հոգեւոր այդ շարժման մէջ մեծ էր ժամանակի խոշոր եկեղեցական գործիչների ու մատենագիրների՝ Գրիգոր Փոքր Վկայասէրի, Ներսէս Շնորհալու, Գրիգոր Տղայի, Ներսէս Լամբրոնացու դերը, որոնք գրական մի մեծ ընտանիքի ներկայացուցիչներ էին (նրանցից առաջին երեքը կաթողիկոսներն էին, իսկ Ներսէս Լամբրոնացին՝ Տարսոնի արքեպիսկոպոսը)։
Նարեկեան դպրոցի գրական ժառանգութեան եւ Գրիգոր Նարեկացու վերայայտնաբերման գործում իր բացառիկ դերն ունեցաւ նաեւ այս հնագոյն ձեռագիրը, հայ գրչութեան եւ մանրանկարչութեան այս եզակի կոթողը։ Ձեռագիրը հայ երկու հանճարների՝ Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Լամբրոնացու հոգեւոր-ստեղծագործական կապի առհաւատչեան է, որն իրար է աղերսում մշակութային երկու դպրոցներն ու դարաշրջանները։
Ներսէս Լամբրոնացուց յետոյ միանգամայն այլ ընթացք ստացաւ Գրիգոր Նարեկացու «Մատեանի» ընդօրինակման եւ տարածման գործը, մեծապէս աճեցին նրա ստեղծագործութեան ազդեցութեան ոլորտները։ Ներսէս Լամբրոնացին սկիզբ դրեց Գրիգոր Նարեկացու ստեղծագործութեան մեկնաբանութեան, վերլուծութեան աւանդոյթին, ըստ էութեան՝ նարեկացիագիտութեանը։
Իր աշխատանքներն այս ուղղութեամբ նա խորացրեց 1177 թուականին գրած իր առաջին ծաւալուն «Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոց պատարագին» երկում, ուր տեղ է գտել Գրիգոր Նարեկացու Սուրբ Հոգուն ուղղուած աղօթքի մեկնութիւնը1, որ «Մատեանի» ԼԳ. գլխի մասն է կազմում (Զ-Ը) եւ Լամբրոնացուն պատկանող վերոյիշեալ ձեռագրում «Աղաւթք որ նախքան պատարագն մատուցանի» ենթախորագիրն ունի։ Այս աւանդոյթը, որն, հաւանաբար, սկիզբ է առել Ներսէս Լամբրոնացուց, շարունակուել է յետագայում. մեզ հասած բոլոր ձեռագրերը պահպանել են այդ ենթախորագիրը։
Այս փաստը, ինչպէս նաեւ աղօթքի՝ պատարագի խորհրդի նշուած մեկնութեան մէջ ընդգրկուած լինելու հանգամանքը, վկայում են, որ այն, արդէն Ներսէս Լամբրոնացու օրօք, ներառուել էր պատարագի ծիսակարգի մէջ։
Այդ մեկնութեան մէջ նա բացում է իր մեծ նախորդի ստեղծագործութեան միստիկ խորքերը։ Սուրբ Հոգուն ուղղուած «երանելի» Գրիգոր Նարեկացու աղօթքի զօրութիւնը, ըստ մեկնութեան հեղինակի, կայանում է այնպէս, որ զգացմունքն ու խօսքն այստեղ գործում են ներդաշնակ. «Այսպէս կանխէ երանելիս առ Հոգին եւ այսու ըղձիւքս, եւ ոչ սոսկ բանիւքս հաւատայ վերահայեցողութիւն Հոգւոյն ի յանձն տանել»2։
Ըստ Լամբրոնացու՝ այս «բարձրագոյն հայցուածով» երանելին խնդրում է «միանալ ընդ Հոգին», «Աստուծոյ ընդ մարդկան խառնել»։ Այս աղերսով Սուրբ Հոգին իմաստութեամբ է լուսաւորում «ներքին մարդուն» եւ նրանում կիրառուած օրինակները «յոյժ համեմատելի են խորհրդի զօրութեան հետ»3։
* * *
Ներսէս Լամբրոնացու այս «Բնախօսութեան» տեսական համակարգը մեծապէս հարստանում է նաեւ նրա այլ մեկնութիւններում սփռուած վերլուծութիւններով եւ հոգեւոր արուեստների վերաբերեալ տեսական դրոյթներով։ Դրանց մէջ առանձնանում են սաղմոսների եւ Սողոմոնի երեք գրքերի՝ Առակաց, Ժողովողի եւ իմաստութեան մեկնութիւնները, յատկապէս Սաղմոսների մեկնութիւնը, որ մեծածաւալ, կոթողային մի երկ է, Գրիգոր Նարեկացու «Մատեանի» նման գրուած բազում միայնակեացների խնդրանքով։
Հոգեւոր առաքինութիւնների, բարոյական մաքրագործութեան աստիճանակարգութեան մէջ Լամբրոնացին ընդգծում է ներքին եւ արտաքին մարդու, նրանց կապի եւ հոգեւոր հաւասարակշռութեան գաղափարները, որ էական են Նարեկեան դպրոցի բարոյագիտական համակարգում եւ քրիստոնէական աստուածաբանութեան մէջ են թափանցել պլատոնեան փիլիսոփայական ակունքներից, առաջին անգամ ի յայտ գալով Պօղոս առաքեալի թղթերում4։ Ըստ այս տեսութեան, ներքին մարդը խորհրդանշում է մարդու ներքին հոգեւոր կեանքը, հոգեւոր ընթացքը, եւ այդ հոգեւոր կերտուածքով է մարդն Աստծոյ պատկերը, իսկ արտաքին մարդու գաղափարն իր մէջ է ներառում մարդու արտաքին կենցաղավարութիւնը, գործնական վարքը5։
Նարեկեան դպրոցի եւ յատկապէս Անանիա Նարեկացու ազդեցութեամբ է, մեր կարծիքով, պայմանաւորուած նաեւ նորպլատոնական բարոյագիտութեան ներթափանցումը Ներսէս Լամբրոնացու աստուածաբանութեան մէջ։ Խօսքը մարդու բանական տարերքի, խոհականութեան դերի ընդգծման մասին է, որ մարդուն տանում է հոգեկերտուածքի կատարելութեան, գործնական վարքի մաքրութեան, աստուածային իմաստութեան։ Մարդու հոգեւոր մասերից կարեւորագոյնի՝ բանականի միջոցով «բանական սուրբ խոկմամբ» կառավարելով հոգու միւս մասերին՝ ցանկականին եւ ցասմականին, մարդը հասնում է հոգեւոր արիութեան եւ ողջախոհութեան, աստուածային իմաստութեան եւ լուսաւոր ցնծութեան, մարդկային հոգին վերածելով սուրբ խորանի, ուր հանգչում է Աստուած, եւ որով մարդը պատկերն է Աստծոյ։
Հոգու պայծառացման, մարդու աստուածացման այս ճանապարհը նոյնութեամբ ուղենշուած է Անանիա Նարեկացու «Սակս բացայայտութեան թուոց» երկում, ուր նա յենուել է Պիւթագորասի, Պլատոնի, Փիլոն Ալեքսանդրացու, ինչպէս նաեւ նորպլատոնական իր ակունքների, առաւելապէս Դաւիթ Անյաղթի վրայ՝ մէջբերելով նրա փիլսոփայութեան սահմաններում ընդգրկուած պլատոնեան սահմանումները, որոնք ընդգծուած բարոյագիտական բնոյթ ունեն6։
Լամբրոնացու երկերում եւս ուղղակի յղումներ կան Պլատոնին, Արիստոտէլին, բազմաթիւ ու բազմազան են յղումները Դիոնիսիոս Արիսպագեցուն7։
Ներսէս Լամբրոնացին, Նարեկեան դպրոցի ներկայացուցիչների նման, այս երկերում եւս հոգեւոր կենցաղավարութեան, բարոյագիտութեան եւ հոգեւոր արուեստների իւրացման ոլորտում ընդգծում է անձնական փորձառութեան դերը, որը նրա տեսութեան մէջ նոր ձեւակերպումներով ու խորքերով է ի յայտ գալիս։ Ըստ նրա՝ աստուածաճանաչողութիւնը, աստուածիմացութիւնը, որ հոգեւոր մարդու գերխնդիրն է իր ողջ կեանքի ընթացքում, տեղի է ունենում Սուրբ Հոգու ներգործութեամբ եւ անձնական ջանքերի, անձնական փորձառութեան միջոցով8։
Իր այս մեկնութիւններում եւս Ներսէս Լամբրոնացին շօշափում է աղօթքի, աղօթասացութեան արուեստի խնդիրներ, որոնց հիմքում եւս ներքին մարդու հոգեւոր մաքրագործութեան, աղօթքի միջոցով հոգեւոր տարփանքի եւ յուզազեղծման հասնելու խնդիրներն են։
Լամբրոնացին իր մեկնութիւնը քննական տեսութիւն է անուանում։ Նա իր քննական տեսութեամբ փորձում է ոչ միայն ուսումնասիրել աղօթքի արուեստի գաղտնիքները, այլեւս թափանցել նրա հոգեւոր խորքերը։ Նա ընդարձակում է աղօթքի ժանրի խոհական-իմացական շրջանակները, վերածելով այն «իմացական հայեցողութեան», «մտաւոր խօսակցութեան»։ Այն վերածւում է հանապազ ներքին աղօթասացութեան, մտասութեան, «սրբազան խոկման», մենախօսութեան, որով հայեցողը «խօսակցութեան ճանապարհ է բացում առ Աստուած»9։
Անձնական փորձառութեան ընթացքում, երբ աղօթողը ձեռք է բերում ուրոյն գիտելիքներ եւ «աղօթքով է սկսում իր անձին վարդապետել», տեղի է ունենում մտքի, աղօթքի իւրատեսակ շրջապտոյտը Աստծոյ եւ մարդու միջեւ, որ ենթադրում է խօսքի վերառաքում առ Աստուած եւ իւրատեսակ վերադարձ՝ Սուրբ Հոգու ներգործութեան միջոցով։ Այս աստիճանական անցման, շրջապտոյտի մէջ է ներառւում նաեւ հրեշտակաց դասը, որը Սուրբ Հոգու միջոցով նոյնատիպ անընդհատ «շրջաբերութեան» մէջ է Աստծոյ հետ։ Հոգեւոր ճամբորդութեան, շրջագայութեան այս գաղափարը, որն անցնում է երկրային եւ երկնային նուիրապետութիւններով, փոխառնուած է Դիոնիսիոս Արիսպագեցուն վերագրուող երկերից, եւ իւրովի կիրառութիւն է գտել եւ վերաիմաստաւորուել աղօթքի, աղօթասացութեան ոլորտում։ Աղօթքը եւս մեկնաբանւում է իբրեւ անընդհատ հոգեւոր «շրջաբերութիւն», տուրեւառութիւն աղօթողի եւ Սուրբ Հոգու միջեւ՝ համանման հրեշտակների դասին, ըստ մարդկային բնութեան հնարաւորութիւնների եւ չափի10։
Տեղ-տեղ Սողոմոնի գրքերի եւ սաղմոսների մեկնութիւնները քննական տեսութիւնից բացի տալիս են դրանց գեղագիտական խորքային ընկալման, գեղարուեստական վերարտադրութեան օրինակներ, դառնալով բնագրերի իւրովի ընդարձակ յարասութիւններ կամ, առաւել ծաւալուելով, ձեռք են բերում ուրոյն գեղարուեստական արժէք, դառնում են ներանձնական աղօթքի, ներբողի կամ փառասացութեան օրինակներ։
Այսպիսով, Ներսէս Լամբրոնացին իր մեկնութիւններում անդրադառնում է բարոյագիտական, գեղագիտական, արուեստաբանական բազմաթիւ խնդիրների։ Նա ուղենշում է հոգեւոր առաքինութիւնների ձեռքբերման, ներքին մարդու պայծառացման, ըստ մարդկային կարողութիւնների աստուածանմանութեան հասնելու մի ճանապարհ՝ հարստացնելով Նարեկեան դպրոցի ներկայացուցիչների, ինչպէս նաեւ իր մեծ նախորդների՝ Ներսէս Շնորհալու եւ Գրիգոր Տղայի տեսական հայեացքներն այս ասպարէզում։ Իր երկերին, իր ձեւակերպմամբ, նա բարոյական «ուղղուածութիւն» է տալիս։ Աստծոյ արարչագործութիւնը, նրա հայեացողութիւնն, ըստ նրա, «հանճարի ճանապարհ է բացում դէպի բնութեան գեղեցկութեան Արարչապետն ու Ստեղծողը»11։ Իր մեկնութիւններում՝ «քննական տեսութեան» մէջ նա շօշափում է հոգեւոր արուեստների բազմաթիւ խնդիրներ, բացում նոր փիլիսոփայական, հոգեբանական, ստեղծաբանական խորքեր՝ նոր բանաձեւումներ ու նրբաւորումներ հաղորդելով նախորդների տեսական հայեացքներին ու հիմնարար գաղափարներին։ Հոգեւոր երգերի իր տեսութեան մէջ նա քննում է նաեւ սաղմոսների կառուցուածքի, տնատման, երաժշտութեան եւ երաժշտականութեան, բանաստեղծական չափի, ոտանաւորի նշանակութեան, սաղմոսների մեղեդու եւ ոտանաւորի համաչափութեան եւ ամբողջականութեան, «հոգեկան» ներգործութեան հարցեր, ընդ որում, նրա օգտագործած եզրաբանութիւնը, որի մէջ են վերը թուարկուածները, տեղ-տեղ զարմանալիօրէն ժամանակակից հնչողութիւն ունի։
Այս ամէնը թոյլ է տալիս նրա մեկնութիւններից վեր հանել հոգեւոր արուեստների մի ամբողջական տեսական համակարգ, որ նրա աստուածաբանութեան կարեւորագոյն մասերից է, ինչպէս նաեւ նրանց հիման վրայ ստեղծուած բանաստեղծական քերթուածների նմոյշներ»։
Այս ամէնով նա շարունակում է Խոսրով Անձեւացու, Անանիա Նարեկացու, Գրիգոր Նարեկացու գրական աւանդոյթը, որոնք եւս իրենց մեկնողական, խրատական երկերի մէջ տալիս են իրենց տեսական դրոյթներից բխող ստեղծագործական նմոյշների օրինակներ, որոնք տարանջատուած չեն եւ հանդէս են գալիս միեղէն կառոյցի մէջ։ Այս ամէնը յուշում է նաեւ, որ Ներսէս Լամբրոնացին ունեցել է իր տեսակի մէջ ուրոյն գեղարուեստական ժառանգութիւն, որ դեռեւս ի յայտ բերելու կարիք ունի։ Բայց եղած նիւթն արդէն այնքան հարուստ է, որ կարող է նորանոր մեկնաբանութիւնների եւ ուսումնասիրութիւնների աղբիւր դառնալ։
ՀՐԱՉԵԱՅ ԹԱՄՐԱԶԵԱՆ
(Հատուած)
1.- Տե՛ս Վենետիկ, Ս. Ղազար, 1874, էջ 195-197, 250-260։
2.- Նոյն տեղում։
3.- Նոյն տեղում, էջ 257-258։
4.- Տե՛ս Հռոմ Ա. 20։
5.- Այս մասին տե՛ս Հ.Հ. Թամրազեան, Գրիգոր Նարեկացին եւ նորպլատոնականութիւնը, Երեւան, «Նայիրի», 2004, էջ 42-50։
6.- Տե՛ս Անանիա Նարեկացի, Կեանքը եւ մատենագրութիւնը, էջ 74-75։
7.- Տե՛ս Ներսէս Լամբրոնացի, Իմաստասիրութիւն Սողոմոնի, Երեւան, ԵՊՀ հրատ., 2004, էջ 128-210, 226, 238 եւ այլն։
8.- Ներսէս Լամբրոնացի, Իմաստութիւն Սողոմոնի, էջ 24։
9.- Նոյն տեղում, էջ 184։
10.- Մատենադարան, ձեռ. N 2613, թերթ 141 ա։
11.- Նոյն տեղում, թերթ 138ա։