Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Դռան թակոցը

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Դռան թակոցը

    ՅՈՒՇԱԳՐՈՒԹԵՆԷՆ ԱՆԴԻՆ


    Եթէ մէկ բառով ուզենք բնութագրել իր խորագիրին տակ «Ճամբորդութիւն Հայոց ցեղասպանութեան խաւարի միջով» բացատրողական նախադասութիւնը կրող Մարգարիտ Աճեմեան-Ահներթի «Դռան թակոցը» հատորը՝ անկասկած պիտի դիմենք յուշագրութիւն սահմանումին։ 2009-ի վերջերուն, Երեւանի մէջ, Մարինէ Բազաեւայի թարգմանութեամբ եւ հայրենի հմուտ արուեստաբան ու մտաւորական Լեւոն Լաճիկեանի խմբագրութեամբ եւ յառաջաբանով լոյս տեսած վերոնշեալ գիրքը, սակայն, պարզ ու դասական յուշագրութիւն մը չէ, այլ՝ անցեալ դարասկիզբի ահաւորութիւնը պատկերող վկայաբերին յուշերը յուշագրողին դարավերջի արձագանգներով եւ մեկնաբանութիւններով կատարելագործող յուշագրավէպ, որուն պատմիչն ու քնարական հերոսուհին Հայասպանութեան արհաւիրքէն ճողոպրած ծերունազարդ Եսթեր Միներաճեանը ըլլալով հանդերձ՝ անոր տէր զօրեան ոդիսականը հոգեկան անլռելի բռնկումներով ու նոյնքան սրտայոյզ արձագանգներով ամբողջացնող երկրորդ գլխաւոր հերոսը իր մեծ մօր դժոխային կենսափորձը գրականացնող նոյնինքն «գրագիր» թոռնուհին՝ Մարգարիտ Աճեմեան-Ահներթն է։ Պարզ ըսած՝ պատմական փշաքաղիչ իրողութիւններով եւ համամարդկային մեկնաբանութիւններով ընթերցողը ներգրաւող այս յուշագրավէպը երկձայն վկայութիւն մըն է, որուն դիպաշարը (սիւժէն) կառուցուած է երկու կարմիր գիծերու զուգահեռ զարգացման սկզբունքով եւ փոխն ի փոխ զիրար ամբողջացնող, միաձուլուող եւ զոյգ ձայները մէկ ձայնի վերածող գրական հնարքներով։ Ներդաշնակ եւ իրարմէ անբաժանելի յաջորդականութիւն մը, որուն շնորհիւ պատմիչ մեծ մայրը եւ պատմագրող թոռնուհին կը վերածուին մէկ ու ընդհանրական տիպարի, եթէ նոյնիսկ հատորին հեղինակուհին խոստովանի. «Պատմիչը նա էր. ես գրագիրն էի։ Իւրաքանչիւր գրագիր իր հետքն է թողնում գրածի մէջ։ Սա մեր պատմութիւնն է՝ գրուած միասին» (ընդգծումը մերն է - Ս.Կ.)։

    «Դռան թակոցը» Նիւ Եորք ծնած արուեստաբան, երկար տարիներ հեռատեսիլային փաստագրական ժապաւէններու արտադրութեամբ զբաղած, Նիւ Եորքի Մեթրոփոլիթէն եւ Ֆիլատելֆիայի արուեստի թանգարաններու դասախօս Մարգարիտ Ահներթի առաջին գիրքն է, որ նաեւ վկայագրութիւնն է 1900-ին Պատմական Հայաստանի Ամասիա քաղաքը ծնած իր մեծ մօր՝ Եսթեր Միներաճեանի մռայլ յուշերուն եւ Մեծ Եղեռնի պատճառած անոր անլուր եւ մշտաբորբոք տառապանքներուն։ Գիրքը անգլերէնով լոյս տեսած է 2007-ին, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ՝ հեղինակին ապահովելով «Մարդասիրական մրցանակ» եւ արժանանալով «ԱՄՆ գիրքի նորութիւններ»ու «Լաւագոյն գիրք» կոչումին։ 2008-ին, Նիւ Եորքի Գիրքի տօնավաճառին «Դռան թակոցը» նաեւ տեղ գրաւած է մրցանակակիր գիրքերու պատուոյ ցանկին մէջ՝ իբրեւ «Լաւագոյն պատմական յուշագրութիւն»։

    Այս տեղեկութիւնները արձանագրելէ ետք կ՚արժէ աւելցնել, որ 17 իրերայաջորդ օղակներէ բաղկացող այս յուշագրավէպը (197 էջ) «պայմանականօրէն կարելի է 3 մասի բաժնել», ինչպէս դիտել կու տայ հատորին խմբագիրը՝ իր «Դեռահաս հայու տառապանքների պատմութիւնը» խորագրեալ կարճ, բայց բովանդակալից յառաջաբանին մէջ։ Առաջին՝ նախաեղեռնեան շրջան, երկրորդ՝ գաղթն ու հայ գաղթականներուն դժոխային ճակատագիրը, երրորդ՝ ճողոպրած Եսթեր Միներաճեան-Ահարոնեան-Աճեմեանի երկարատեւ կեանքի յետագայ տարիները, որոնք իրենց վերջակէտին կը հասնին հերոսուհիին մահով՝ 7 փետրուար 1999։

    Այսինքն՝ 99-ամեայ կենդանի նահատակի մը վերիվայրումներով հարուստ կենսագրավէպը, որ կը սկսի հայրենի բնաշխարհի մանկութեան տարիներու (1900-1915) հովուերգական նկարագրութեամբ, կ՚անցնի տարագրութեան ու կորուստներու արիւնոտ ճանապարհէն եւ կ՚աւարտի յուզառատ եւ սահմռկեցուցիչ յուշերու, այլ խօսքով՝ ամէնօրեայ ահասարսուռ ապրումներու եւ հարցադրումներու տեղատարափով՝ հայոց նորագոյն պատմութեան մթին ծալքերուն, անլռելի իրողութիւններուն եւ գալիքի հեռանկարներուն բացուելու «գրագիր» թոռնուհիին մերօրեայ մտահոգութիւններով ու խոհերով լիացած։ Դուք ըսէք՝ անցեալի, ներկայի եւ նոյնիսկ ապագայի անթերի ու ամբողջական հիւսուածք մը, այլ խօսքով՝ տաք ու գրաւիչ հաւաքական գոյանկար մը, որ իր հեղինակին քիչ մը հռետորական շեշտով լեզու կ՚առնէ եւ հարց կու տայ. «Եթէ այս ցեղասպանութիւն չէր, ապա ի՞նչ էր»։

    Հարցադրում մը՝ որ կու գայ օտար ընթերցողին, բայց յատկապէս թուրքին ու հայրենի պետական այրերուն ուշադրութեան յանձնելու Եսթերներո՛ւն ճշմարտութիւնը, թէ՝ Հայասպանութեան արհաւիրքէն ճողոպրած սերունդը մահէն վրէժ լուծեց վերապրելով, հայկեան աւանդն ու իրենց արիւնը փոխանցելով նորահաս սերունդներուն, նաեւ՝ պայքարելու եւ յաղթանակելու ցեղին ոգին, որովհետեւ վերահաս մահուան սպառնալիքներէն եւ թուրքին սարքած դժոխքէն անոնք միշտ փրկեցին հայու անմեռ Յոյսն ու Հաւատքը եւ անոնցմով հոգեզինեցին իրենց պահանջատէր ժառանգորդները։

    Մէկ շունչով ու մեծ հետաքրքրասիրութեամբ կարդացուող «Դռան թակոցը», որուն սահմռկեցուցիչ տեսարանները ընթերցողին աչքերուն առջեւէն կ՚անցնին արագընթաց շարժանկարի մը մագնիսացնող գրաւչութեամբ, շնորհիւ իր աշխոյժ դիպաշարին, պարզ ու պատկերաւոր ոճին, գեղարուեստական ուշագրաւ դրսեւորումներուն եւ մանաւանդ համամարդկային վարակիչ շունչին ու զօրութեան՝ իր կարգին արդէն մեծ մայր դարձած հեղինակուհիին այս հատորը կը բարձրացնեն գեղարուեստական յաջող ու փնտռուած ստեղծումի մը բարձր ոլորտներուն։

    Մեր կարգին, յար եւ նման Լեւոն Լաճիկեանի, մենք եւս պիտի ուզէինք հաւատալ ու սպասել, որ «Դռան թակոցը» կը թարգմանուի նաեւ թրքերէնի՝ «պատմելով ողջ ճշմարտութիւնը մէկդարեայ վաղեմութեան այդ նախճիրի մասին։ Այդ կերպ թուրք երիտասարդութիւնը ոչ թէ թուրք, հայ կամ այլազգի պատմաբանների ու գիտնականների, այլ բուն ականատեսների ու վերապրողների շուրթերից կ՚իմանայ այդ «մութ ժամանակների» իրական պատմութիւնը։
    «Նաեւ, այս ճանապարհով ընթանալու դէպքում, հնարաւոր կը լինի կանխել մարդկութեան համար ամօթալի նման ոճրագործութիւնները»։
    Յուսանք եւ սպասենք։
    Ս. ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Philosopher (08.02.2010)

  3. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դռան թակոցը

    ԴՐԱՆ ԹԱԿՈՑԸ


    ԵՍԹԵՐ. 1915 թ. յունիս
    Այն առաւօտ, երբ մենք պատրաստւում էինք մեկնելու, զինուորներ՝ զափթիեներ, եկան եւ սկսեցին թակել մեր դուռը։ Երիտասարդ թուրք զինուորը, թուրքական բանակի հեղինակութեան, ուժի եւ ահաբեկման երանգները ձայնի մէջ, հրամայեց անմիջապէս հեռանալ։
    - Ով մնաց, կը գնդակահարուի,- ասաց նա,- շարժուէ՛ք, արագացրէ՛ք, յա՛լլա, յա՛լլա։
    Երկու ուրիշ զինուորներ, ձեռքերին մեծ հրացաններ բռնած, կանգնել էին նրա ետեւում։ Ես ետ-ետ գնացի եւ յենուեցի ներսի պատին։ Վարդուհին, ուսերն ուղղելով, ասաց.
    - Ինչպէ՞ս կարող ենք այդքան արագ գնալ. մենք պիտի պատրաստուենք։
    - Դա իմ գործը չէ,- նկատեց զինուորը,- հաւաքէ՛ք որոշ իրեր եւ հեռացէ՛ք։
    Երեք զինուորներն էլ ինձանից մեծ չէին երեւում։ Հասունութեան աղուամազը նոր էր սկսել յայտնուել նրանց դէմքերին։ Նրանք պարզապէս տղեկներ էին, որ իրենց իսկ բոյի զէնք էին կրում։ Տղաներից մէկն իր բարակ ձեռքը դրել էր փայլուն փայտէ խզակոթին։ Միւս ձեռքով նա շփում էր փողաբերանի անփայլ մոխրագոյն մետաղը։ Այդ պահին, չգիտես ինչու, ուզեցի պատկերացնել, թէ ինչ յաճախ է նա փայլեցնում կոթն՝ այն այդքան շողշողուն պահելու համար։
    Ես աւելի ուշադիր նայեցի նրանց դէմքերին։ Ինչո՞ւ էին նրանք այդքան նման իմ դասընկերներին։ Նրանք կարո՞ղ էին կրակել ինձ վրայ։ Արդեօ՞ք կը կրակեն։ Ես փորձում էի հասկանալ, թէ ինչո՞ւ է տեղի ունենում այս սարսափելի բանը։ Առաւելագոյնը, սակայն, որ կարողացայ մտածել, այն էր, որ մենք չափից շատ սպասեցինք։ Մենք պէտք է գնացած լինէինք, մինչ իրենք կը գային։ Մենք պէտք է լսէինք Յարութիւնին։
    «Աքսոր» բառն ամէն ոք քաղաքում շշուկով էր արտասանում։ Ի՞նչ էր դա նշանակում։ Ինչպէ՞ս դա կը լինի։ Մտածելու ժամանակ չկար. հայրիկի գնալուց յետոյ մենք պիտի ինքնուրոյն դառնայինք։
    Վարդուհին արագ բրեզենտ կապեց մեր բաց սայլի վրայ, որը լցուած էր սննդով եւ վերմակներով։ Այն քաշելու համար նա մի եզ կապեց, եւ մենք դուրս եկանք՝ միանալով Ամասիան լքող սայլերի քարաւանին։ Շտապելու պատճառով ես մոռացայ դռան ետեւում կախուած իմ դարչնագոյն բրդեայ վերարկուն։ Գիտէի, որ այլեւս երբեք չեմ տեսնի այն։
    Ընդամէնը կէս ժամ էինք դուրս եկել քաղաքից, երբ քրդերի մի հեծելախումբ գրոհեց սարերից եւ յարձակուեց քարաւանի առջեւից ընթացող առաջին խմբի վրայ։ Զափթիեները սկսեցին քրթմնջալ։ Խմբից ինչ-որ մէկն ասաց, որ նրանք մեզ քրդերից պաշտպանելու համար էին այնտեղ։ Դա սուտ էր, որովհետեւ նոյն զինուորները գրոհեցին մեզ վրայ քրդերի հետ միասին։ Օդում՝ գլխավերեւում թափահարելով իրենց կեռ սրերը, սուր ճչալով եւ հայհոյանքներ տեղալով՝ նրանք ձիերն ուղիղ քշեցին դանդաղ շարժուող մարդկանց վրայ։
    Սահելով ես ընկայ գետին։ Մարդիկ ճչում էին։ Նրանցից մի մասը տրորուեց սայլերի անիւների տակ, միւսների մարմիններն արիւնահոսում էին։ Մի ձի ոտնակոխ արեց կողքիս կնոջը, եւ ես լսեցի նրա ոսկրերի փշրուելու կրճտոցը։ Դա նման էր տատիկիս՝ ընկոյզ կոտրելու ձայնին. միայն աւելի ուժեղ։ Մէկ ուրիշ տղամարդ լռուել էր կոտրուած սայլի անիւի տակ՝ բռնելով մի կնոջ ձեռքից, իսկ գլուխը չկար։ Նրանք, ովքեր չէին սպաննուել առաջին գրոհի ժամանակ, թալանւում էին ու ծեծի ենթարկւում։
    Այնուհետեւ զինուորներն ընկան աղջիկների ետեւից։ Սկզբում տարան ամենագեղեցիկներին։ Տեսայ, թէ ինչպէս զինուորները մի քանի աղջկայ մազերից բարձրացրին, գցեցին իրենց ձիերի մէջքերին եւ ապա ձիավարեցին։
    - Աստուա՜ծ իմ,- բղաւում էր տատս։ Նա հրելով գցեց ինձ սայլի մէջ եւ դէմքս քերծեց սուր քարով, իսկ ծալքերի մէջ տրորեց հում սխտոր ու ցեխ։ Տատս գրպանում միշտ սխտոր էր պահում՝ չար աչքը հեռու պահելու համար։
    Այնուհետեւ բաւարարուած ձայնով նա ասաց.
    - Ահա, հիմա սա կը թարախակալի եւ կը ցաւեցնի, ու դու անճոռնի տեսք կը ստանաս։ Շո՛ւտ արա, հագի՛ր լայն շորերը, եւ միգուցէ զինուորները քեզ չուզենան։ Գլուխդ իջեցրած պահի՛ր եւ սո՛ւս մնա։
    Գրոհից յետոյ շատ լուռ էր։ Մենք դանդաղ շարժւում էինք մնացած խմբի հետ։ Մեր վրայ կախուած ծանր լռութիւնը թանձր մառախուղ էր յիշեցնում։ Առաւօտ կանուխ դէմքս քոր եկաւ, սպիտակ թարախ յայտնուեց։ Ես արագ վերցրեցի Վարդուհու ձեռքի փոքր հայելին։ Ո՞վ էր ինձ ապշած նայող այս էակը։ Ես զզուանքով շուռ եկայ դէմքիս տեսքից։ Այն նոյն դէմքի, որ շատերի կարծիքով գեղեցիկ էր։ Ես նմանուել էի հրէշի։ Ոչ ոք վրաս չէր նայում։ Տատս գոհ էր իր ձեռքի աշխատանքից։
    Մեր խումբը դանդաղ առաջ էր շարժւում։ Տատիկս եւ Վարդուհին սայլակում էին։ Ես եւ Արսէնը ոտքով քայլում էինք կողքից։ Գիշերն ընկնելուն պէս քարաւանը կանգ առաւ։ Ամասիան մնաց մեր ետեւում։ Ես խորը քուն մտայ։ Քնիս մէջ լսում էի մանկան լաց եւ կանանց ճչոցներ։ Գլուխս շրջեցի դէպի ամպերում երեւացող վառվռուն լոյսը. «Կարող է դա արդէն արեւածագն է»։ Ես շուռ եկայ տատիկիս կողմը եւ շշնջացի.

    - Առաւօ՞տ է։

    - Ո՛չ, Եսթե՛ր, արեւածագ չէ. Ամասիայի տներն են այրւում։

    Ծուխը եւ թռչող ու մարմրող ածուխները լցրել էին օդը, ինչպէս կայծոռիկներն ամառային գիշերը։ Ես կռացայ ու աղօթեցի։ Արդեօ՞ք սա այն յաջողութիւնն էր, որին ես ամէն տարի սպասում էի՝ Սուրբ Ծնունդին մետաղադրամ գտնելիս չորեգիս մէջ։ Այն ենթադրում էր մէկ տարուայ յաջողութեան եւ երջանիկ ժամանակների երաշխիք։ Միայն թէ՝ ոչ այս։

    Նոյն առաւօտ, երեք ժամ գնալուց յետոյ, զինուորները կրկին գրոհեցին դանդաղ շարժուող քարաւանի վրայ։ Այս անգամ վերցրին մեր սայլն ու պաշարները։ Մենք քայլում էինք մարդկանց հոծ զանգուածի մէջտեղով, որովհետեւ եզրերով գնացողներին ձաղկում էին եւ տրորում զինուորների ձիերով։ Երբ ես դուրս էի մնում, տատիկս անընդհատ հրում էր ինձ դէպի կենտրոն։ Արսէնը պինդ բռնուել էր ձեռքիցս, իսկ Վարդուհին փորձում էր ետ չմնալ։ Այսպէս, մենք քայլեցինք երեք օր ու գիշեր։ Մեր կերածը միայն մի քանի չորեգներ էին, որ տատիկս պահել էր իր գրպաններում։ Նա բաժանել էր դրանք երեք մասի՝ Վարդուհու, Արսէնի եւ ինձ համար. իրեն չէր պահել։

    Մեր խմբում հարիւրին մօտ մարդ կար։ Մեզանից առաջ ուրիշ խումբ էր՝ քիչ աւելի մեծ, իսկ մեր ետեւում երրորդ խումբը՝ համարեա նոյն չափի։ Ոմանք փսփսում էին, որ մեր ճանապարհորդութեան վերջնակէտը Տէր Զօր անապատի մահուան ճամբարն է, ուր հասնում էին ուժեղները, իսկ մեծ մասը մահանում էր ճանապարհին։ Առաջին անգամ ես մտածեցի. «Կը հասնե՞նք մենք Տէր Զօր, թէ՞ կը յայտնուենք մահացածների մէջ»։

    Տօթ յունիս էր, եւ մեր ունեցած քիչ ջուրը գոլորշիանում էր շոգի պատճառով։ Ես շարունակում էի ամուր բռնել ջրի փոքր սափորը, որը փրկել էր մեր սայլից, բայց այն գրեթէ դատարկ էր։ Յաջորդ գիշեր մենք օթեւանեցինք ջրհորի մօտ։ Թուրք զինուորները մինչեւ բերան լցրին իրենց տափաշշերն ու ջրի սափորները։ Երբ աւարտեցին, գոռացին ամբոխին.

    - Ով բռնուեց ջուր վերցնելիս, կը գնդակահարուի։

    Մենք նստեցինք իրար մօտ՝ մարմիններով կողք-կողքի։ Ոչ ոք չմօտեցաւ ջրհորին։ Ուշ գիշերով ջրհորի կողմից մենք լսեցինք մի կնոջ ճիչ։ Ոչ ոք չշարժուեց։ Առաւօտեան մենք տեսանք երիտասարդ հարսի մարմին, որին գիտէինք Ամասիայից։ Նրա կապտասեւ մատներից ջրի սափոր էր կախուած։ Մէկն ասաց, որ նրան շատ հարուածներ էին հասցրել։ Ես տեսայ նրա պատռուած որովայնը եւ չծնուած մանկիկին՝ ցեխի մէջ, մօր գլխի մօտ՝ թրին ցցուած։ Երբ մենք անցնում էինք կողքով, Վարդուհին դէմքս հրեց իր կրծքերի մէջ, որպէսզի ես չտեսնեմ։ Բայց ես արդէն ամէն ինչ պարզ տեսել էի։

    Յաջորդ օրուայ կէսին մենք անցնում էինք ճանապարհի եզրին փորած խորը փոսի մօտով, որը լցուած էր ահել եւ ջահել մարդկանց մերկ մարմիններով։ Ես ձգուեցի ինչքան կարող էի՝ մահացածների մէջ հօրս տեսնելու համար։ Այնքան շատ փշրուած կերպարանքներ կային՝ գլուխները ոտքերի տակ, դէպի երկինք պարզած ձեռքերով, բաց բերաններով եւ անթարթ աչքերով։ Ճիշդ է, ոչ մի ձայն չէր լսւում, սակայն այնպիսի ճնշում էի զգում ականջներիս, կարծես ձայներ լսէի։ «Երեւի ցնորուել եմ,- մտածեցի ես,- ինչպէ՞ս կարելի է լսել լռութիւնը»։

    - Շարժուէ՛ք, առաջ շարժուէ՛ք,- բղաւում էին զափթիեները։

    Արսէնը կախ ընկաւ ձեռքիցս եւ լացեց։ Լսում էի՝ ինչպէս էր տատիկս նորից ու նորից կրկնում էր «Հայր մեր»ը։ Վարդուհին քայլելիս երկու ձեռքերով պահում էր իր փորը, նա յղի էր։ Մենք հինգ օր ոչինչ չէինք կերել, երբ հանդիպեցինք ոսկրերից կախ ընկած ինչ-որ նիհար կանանց։ Հետաքրքիր էր. քանի՞ օրից մենք նոյն տեսքը կ՚ունենանք։ Մի նորածին ծծում էր մահացած մօր կուրծքը, մինչ ուրիշ կանայք պատառոտում էին ճանապարհին մնացած դիակների մարմինները։ Արսէնը ուժեղ ձեռքս քաշեց։

    - Խնդրո՜ւմ եմ, խնդրո՜ւմ եմ, խոստացի՛ր, որ բացի քեզանից ոչ ոքի չես թողնի ուտել մարմինս։

    - Արսէ՛ն, խենթութիւններ դուրս մի՛ տուր։ Ոչ ոք չի պատրաստւում ուտել մարմինդ։

    - Ո՛չ, ո՛չ, պիտի հիմա խոստանաս,- ասում էր նա։

    - Լա՛ւ, լա՛ւ, խոստանում եմ։

    Մենք կանգ առանք ճանապարհի կողքին հանգստանալու, երբ Քեամալ բեյը՝ զափթիեների խմբի ղեկավարը, հրամայեց իր մարդկանց։

    - Յարձակուէ՛ք, յարձակուէ՛ք։

    Մէկն ասաց, որ նա զայրացած էր իր ընտրեալ մի գեղեցիկ հայ աղջկայ վրայ, որը կտրել էր երակները՝ տղամարդուն յանձնուելու փոխարէն։ Սայլերը շուռ տուեցին։ Օդը լցուեց կրակոցների ձայնով։ Կողքիս մարդիկ վիրաւոր էին։ Մի քանիսը փորձեցին փախչել, բայց նրանց հասան զինուորների ձիերը։ Նրանք շրջապատեցին մեզ. կարծես մենք անասունների նախիր լինէինք։

    Փախչելու ոչ մի հնարաւորութիւն չկար։ Երկար ժամանակ մենք լուռ պառկեցինք՝ առանց շարժուելու ու խօսելու։ Մեր շուրջը պառկած էին մեռելներ եւ կիսամեռելներ։ Յարձակումից յետոյ զինուորները ետ գնացին դէպի խմբի վերջը։ Մենք բարձրանում էինք դանդաղօրէն, իրար գլխի հաւաքում մեր մնացած ունեցուածքը եւ կրկին շարունակում երթը։ Ունէինք մի վերմակ, մի էմալապատ գաւաթ եւ մի քիչ չորացրած ծիրան ու նուշ, որոնք տատիկը վերցրել էր մի դիակի վրայից։ Դէ, ինձ թուաց, թէ դա դիակ էր։ Տատս անցնում էր ճանապարհի եզրին ընկած մարմնի կողքով։ Նա հրեց այն եւ տեսաւ ձեռնափայտով տղամարդու։ Շարժում չկար։ Մտածելով, որ տղամարդն անշունչ է՝ նա գրպաններից հանեց չոր դեղձեր եւ նուշ։ Դա առաջին զգալի ուտելիքն էր, որ ես ունեցայ հինգ օրերի ընթացքում։ Ջուր չունէինք։ Ես վերմակը կապել էի ուսերիցս եւ տանում էի Արսէնին։ Վարդուհին ու տատիկը դանդաղ քայլում էին մեր կողքից։
    Յանկարծ ուսերիս վրայ զգացի ձեռքերի ծանրութիւն։ Մի կեղտոտ ծերուկ, մինչեւ կուրծքն աճած մօրուքով, բռնեց ուսերիցս եւ ասաց.

    - Ե՛կ ինձ հետ, յիմա՛ր աղջիկ։ Դու այլ ելք չունես, քեզ կը սպաննեն։ Իսկ ես կարող եմ քեզ փրկել։

    - Ո՜չ,- ճչացի ես,- հեռացի՛ր ինձանից։

    Ապա հրմրուելով խրուեցի ամբոխի մէջ՝ ինձ հետ ձեռքից քաշելով Արսէնին։ Ծերունին հետեւեց մի ուրիշ երիտասարդ աղջկայ. ես նրանց այլեւս չտեսայ։

    Գետինը չոր էր եւ ճաքճքած։ Յաջորդ օրն արեւածագից քիչ անց սեւ ամպեր անցան մեր վրայով՝ ցերեկը վերածելով գիշերուայ։ Ուժգին քամին հաւաքեց մեր ոտքերի տակի փխրուն հողը՝ մեր դէմքերին շպրտելով աւազ եւ տերեւներ։ Ես ձեռքերով ծածկեցի դէմքս, սակայն մանր աւազը գտաւ իր ճանապարհը դէպի աչքերս ու բերանս։ Այն տաք էր եւ խոնաւ։ Ես չէի կարողանում շնչել։ Քիթս լցուել էր կպչուն ցեխոտ աւազով։ Կայծակը փայլատակեց եւ մօտակայքում հարուածեց գետնին։ Երբ դա կրկին երեւաց, ինձ թուաց, թէ իմ կողքին եղածներից մի քանիսին այն գետին տապալեց, քանի որ հէնց նոյն վայրկեանին լսուեցին նրանց ճիչերը։

    Այնուհետեւ անձրեւ եկաւ։ Ջրի ծանրութիւնն ինձ հրեց գետնին։ Մի քանի հոգի փորձեցին յարմարուել մեր վերմակի տակ։ Գրեթէ տասնհինգ կամ աւելի մարմին էր ծածկուել այդ վերմակով՝ ձեռք, գլուխ, մարմնի կէս, մատ։ Ամէն ոք մի ծածկ էր որոնում ռմբակոծող անձրեւից։
    Այնուհետեւ ջրի հեղեղ յորդեց կողքի բլուրից՝ իր հետ բերելով փոքր քարերի, աւազի, ցեխի եւ ամէն տեսակ մարդկային կեղտի խառնուրդ։ Ամենավատ վիճակում փոքր երեխաներն էին։ Մի քանիսը պլստացին մայրերի ձեռքերից եւ անհետացան հաստ ցեխի մէջ։ Կայծակը, որոտը եւ ռմբակոծող անձրեւը կարծես խելացնորութեան հասցրին զինուորներին։ Նրանք մեզ նախկինից աւելի ուժեղ գրոհեցին։ Ես փորձում էի լցնել իմ փոքր բաժակը անձրեւաջրով, որ թափւում էր վերմակի անկիւնից։ Միայն մի քանի կաթիլ հաւաքեցի։


    ՄԱՐԳԱՐԻՏ ԱՃԵՄԵԱՆ-ԱՀՆԵՐԹ
    (Հատուած)
    (Շար. 1)
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դռան թակոցը

    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դռան թակոցը

    ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ


    Մենք բռնուել էինք իրարից՝ վախենալով շարժուել։ Ես Արսէնին էի փնտռում։ Նա չկար։
    - Արսէ՛ն, Արսէ՛ն, որտե՞ղ ես,- բղաւում էի ես:
    Լռութիւն էր: Յետոյ ձախ կողմում լսեցի ինչ-որ թնկթնկոց:
    - Արսէ՛ն, դո՞ւ ես:
    Ոչ, նա չէր: Նրան տարել էին գիշերուայ ընթացքում: Ես ընդհանրապէս չզգացի, թէ ինչպէս նա թողեց իր փոքրիկ ձեռքը:
    - Մեղաւորը ես եմ: Ես աւելի ամուր պէտք է պահած լինէի նրա ձեռքը,- ասացի ես տատիկիս:
    Բայց նա չէր լսում ինձ: Վարդուհին ու նա արտասւում էին եւ Աստուծուն աղօթում, որ փրկի մեզ:
    Հիմա մենք երեքով էինք:
    Թուրք զինուորների ղեկավարը ժամանակ առ ժամանակ կռանում էր ձիուց, բռնում մի երեխայի ձեռքից եւ օդում պտտեցնելով՝ ջարդուփշուր անում երեխային՝ ողջ ուժով շպրտելով նրան գետնին:
    Նա բարձրաձայն գոռում էր.
    - Չմտածէ՛ք, որ ես սպաննեցի անմեղ երեխայի: Նոյնիսկ այս նորածինները յանցագործ են, քանի որ նրան կրում են վրիժառութեան սերմերը: Երեխաներին նոյնպէս սպաննէ՛ք:
    Ես լսեցի՝ ինչպէս զինուորներն ասացին.
    - Երեխաներին էլ սպաննէ՛ք, բոլորին սպաննէ՛ք:
    Ես ձեռքերով փակեցի ականջներս, թէեւ դեռ լսում էի նրանց: Դիմացը՝ որոշ տարածութեան վրայ, ես տեսայ լերան ստորոտից բարձրացող ծուխ:
    - Տատի՛կ, նայի՛ր, քաղա՜ք է: Մենք կը փրկուենք,- ասացի ես:
    Տատս բարձրացրեց աչքերը դէպի երկինք եւ գլուխը դանդաղ տարուբերեց:
    - Դա ընդամէնը մեր առջեւի խումբն է, բալե՛ս: Ծուխը, որ տեսնում ես, տաք արեւից առաջացած խոնաւ վրանների գոլորշին է: Ընդամէնը գոլորշի, բալե՛ս, պարզապէս գոլորշի:
    Մի քանի մեթր այն կողմ ես տեսայ սատկած ձիու միս ուտող կանանց: Չնայած մի քանի օր բան չէի կերել, քաղց չէի զգում: Մտածեցի. «Արսէնը մեռա՞ծ է: Կարո՞ղ է ինչ-որ մէկը նրա միսն է ուտո՞ւմ»:
    Ոչ ոք ժամանակ չունէր ողբալու մահացածներին: Ողջ մնացածները քայլում էին առաջ՝ յուսալով խուսափել յաջորդ յարձակումից: Տատս աւելի ու աւելի դանդաղ էր քայլում: Զինուորներն իրենց մտրակները չրխկացնում էին մեր մէջքերին, որպէսզի ստիպեն աւելի արագ քայլել: Տատս ընկաւ: Ես արագ բռնեցի նրան: Մէջքիս վրայ տարայ, մինչեւ որ նա կրկին ընկաւ:
    - Շարունակէ՛ք առանց ինձ,- շշնջաց նա,- ես ծեր եմ, ես չեմ դիմանայ, բայց դուք պէտք է ապրէք:
    Այնուհետեւ նա ձեռքը տարաւ եւ վզից քաշեց մի փոքր սեւացած երկաթեայ խաչ: Նա խցկեց այն ձեռքիս մէջ եւ ասաց.
    - Պահի՛ր այն, Եսթե՛ր, եւ աղօթի՛ր, որ Աստուած օգնի քեզ:
    Ես կրկին ձեռքերս պարզեցի դէպի նա, բայց մի ձիաւոր յայտնուեց մեր միջեւ՝ առաջ հրելով ինձ մնացածների հետ: Տատիկս մնաց ետեւում: Ես շուռ եկայ նրան փնտռելու եւ տեսայ գլխին իջնող հրացանի կոթը: Օդում արեան ցայտուկ երեւաց:
    Ես բղաւեցի.
    - Տատի՜կ, տատի՜կ,- սակայն գիտէի, որ նա ինձ այլեւս երբեք չի լսելու: Ո՞ր Աստուածը կարող էր թոյլ տալ նման բան: Փոքր խաչն այրւում էր ձեռքերիս մէջ: Սպանութիւնների ընթացքում կանայք ճչալով վազում էին այսուայնկողմ: Նրանք առաջ էին վազում մահացածներից հեռանալու համար:
    Մնացինք երկուսով:
    Ես նայեցի Վարդուհուն: Նրա մազերը ճերմակել էին: Այդ ե՞րբ եղաւ: Մազերը կարո՞ղ էին ճերմակել մի քանի օրում: Ես է՞լ կը ճերմակեմ: Նրա զգեստը պատառոտուած էր, իսկ ձեռքերը՝ քերծուած. դրանցից արիւն էր հոսում: Նա կը մահանայ՝ թողնելով ինձ մենակ: Վարդուհուց բացի ոչինչ չունէի: Նա չէր կարող մահանալ: Ես մտածում էի այն խեղճ մարդկանց մասին, որոնք մեզ նման պատրաստւում էին լքել իրենց հայրենի ոստանները: Միայն թէ հնարաւոր լինէր զգուշացնել նրանց: Սակայն նրանք, միգուցէ, չհաւատային, ինչպէս եւ մենք:
    Յաջորդ գիշեր Վարդուհին ծնեց իր երեխային: Ես շփում էի նրա որովայնը, մինչ նա գալարւում էր եւ տառապում ցաւից: Մինչ այդ ես երբեք չէի տեսել երեխայի ծնունդ: Միայն տատմերերն ու մեծահասակ կանայք էին հասկանում նման բաներից: Ինձ միշտ դուրս էին հանում սենեակից: Տեսայ՝ ինչպէս ինչ-որ անծանօթ կանայք Վարդուհուն բռնել էին ուսերից:
    - Ներքեւ իջեցրո՛ւ նրան, թէ չէ զինուորները կը տեսնեն մեզ,- ասաց մէկը:
    Թաքնուելով ծառի ետեւում՝ ճիչերը քողարկելու համար, ձեռքերը բերանին՝ Վարդուհին ծննդաբերեց: Դա այնքան արագ տեղի ունեցաւ, որ ես զարմացայ, թէ ինչպէս փորի վրայի իմ շոյած կէտը յանկարծ տափակեց, եւ նրա տակից փափուկ հողի վրայ դանդաղ դուրս սահեց մի մանուկ՝ հէնց կեղտոտ ցեխի վրայ:
    - Տղա՛յ է, Եսթե՛ր, տղա՛յ է,- ասաց Վարդուհին:
    Արագօրէն երկու կին եւս հասան օգնութեան: Նրանք լորձոտ ընկերքը թաղեցին առաւել մեծ հոգատարութեամբ, քան վարուել էին ճանապարհին մահացածների հետ: Ընկերք թաղելը մի սովորութիւն է, որից կանայք երբեք, նոյնիսկ մահուան այս երթի ժամանակ, չեն հրաժարուի: Հազիւ կարողանալով ուշքի գալ ծննդաբերութեան ցաւից՝ Վարդուհին գրկեց մի նորածնին եւ միւսներիս նման քայլեց վեց ժամ: Մենք մի քիչ մոլախոտ ու խլածաղիկ հաւաքեցինք եւ մի կնոջ տուած ջրի փոքր ամանի մէջ արգանակ եփեցինք Վարդուհու համար: Մանկիկն անընդհատ լալիս էր: Վարդուհու ցամաքած կրծքերում կաթ չկար:
    Դեռ յոյսով լի՝ ես ասացի.
    - Միգուցէ մենք հասնենք հայրիկին, ու նա մեզ համար ուտելիք եւ ջուր ունենայ պահած:
    Վարդուհին տխուր նայեց ինձ:
    Յաջորդ օրը մէկ այլ ծեր, կիսով չափ խեղուած տղամարդ, հրմրուելով ամբոխի միջով, մօտեցաւ եւ Վարդուհուն հրեց դէպի ճանապարհի եզրը: Նա ինձ մատնանշեց՝ Վարդուհու ականջին շշնջալիս: Մի քանի րոպէ անց Վարդուհին չորեքթաթ մօտեցաւ ինձ եւ ասաց.
    - Նա հոգ կը տանի մեր մասին, եթէ դու իրենը լինես: Խնդրո՜ւմ եմ, գնա՛ նրա հետ: Քո ծառան կը լինեմ:
    - Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող: Դո՛ւ գնա նրա հետ, եւ ես կը լինեմ քո ծառան:
    Նա կարծես չհասկացաւ ասածս ու կրկին սկսեց աղաչել ինձ: Աչքիս ծայրով տեսայ՝ ինչպէս է ծերուկն ինձ մօտենում: Ես շրջուեցի եւ վազեցի: Գետինը փախաւ ոտքերիս տակից, եւ ես սղղացի դիք բլուրի վրայից: Գլորուեցի քարերի եւ կոտրած ապակու վրայով: Սղղալիս դրանք կտրեցին ծնկներս եւ ձեռքերս: Պառկած մնացի յատակին՝ խորը կտրուած արիւնահոսող ծնկներով: Կանգնել չէի կարող: Ինչ-որ մէկը, ում ես չտեսայ, ինձ բարձրացրեց բլուրի վրայ եւ դրեց աւանակի մէջքին:
    - Ի հարկէ, նա ուզում է փրկուել՝ զոհաբերելով այս խեղճ երեխային:
    Ինչո՞ւ նա պիտի մտահոգուի. չէ՞ որ ընդամէնը նրա խորթ մայրն է,- շշնջում էր մի կին մի քանի քայլ հեռու:
    Այդ կինը սխալւում էր: Վարդուհին իր վերջին մի քանի մետաղադրամներն էր տուել աւանակի տիրոջը, որ ես կարողանամ հեծած գնալ: Նա երեխային գրկած՝ քայլում էր կողքից:
    Հեծած ես գնացի մի քանի ժամ: Ոտքերիս ցաւը թափանցեց նաեւ մէջքս: Գլուխս տաք էր եւ քրտնած. ես ընկայ:
    Ինչ-որ մէկը բղաւեց.
    - Նայէ՛ք, նայէ՛ք, նա ընկաւ աւանակից:
    Մի քանի հոգի շրջուեցին, բութ հայեացքով նայեցին, ապա քարշ տալով ոտքերը՝ հեռացան: Ոչ ոք ո՛չ ուժ եւ ո՛չ ցանկութիւն ունէր օգնելու: Վարդուհին երեխային դրեց քարին եւ ինձ նորից բարձրացրեց աւանակի վրայ: Դէմքս կարծես վառւում էր կրակից, իսկ ես շնչասպառ էի լինում:
    - Նա ջերմութիւնից այրւում է,- լսուեց մի ձայն:
    Ոտքերս այտուցուած էին եւ պատուած դեղին, կեղեւապատ փրփուրով:
    Երբ ես կրկին ընկայ, մի զինուոր հրեց Վարդուհուն մի կողմ։
    - Թո՛ղ նրան, միեւնոյն է, շուտով կը մահանայ։
    Ես պառկած էի ճամբեզրին՝ ճամբարի մօտ, որտեղ քրտերի մի խումբ սպասում էր անցնող քարաւանների։ Նայում էի, թէ ինչպէս են նրանք թալանում մահացածներին կամ գրեթէ մահացածներին։ Մի ծեր կին սողալով մօտեցաւ եւ թուրքերէն շշնջաց, որ հայ է։
    - Նրանք չգիտեն, որ ես հայ եմ,- ասաց նա,- ոչ մի բառ չարտասանե՛ս։
    Նա պատմեց, որ ուտելիք է պատրաստում քրտերի համար եւ կարգի բերում նրանց վրանները։ Նա աւելացրեց, որ անունը Սիրանուշ է, բայց քրտերը նրան թուրքական անուն են տուել՝ Քարդեսօղլու։
    Վարդուհին ծլկելով բազմութիւնից՝ գտաւ ինձ այդ կնոջ հետ։
    Նա աղաչեց.
    - Խնդրո՜ւմ եմ, երբ այս երեխան մահանայ, հանի՛ր նրա ներքնաշորին ամրացուած թաշկինակը։ Դրա մէջ դու կը գտնես ոսկէ մատանի եւ շղթայ։ Վերցրո՛ւ դրանք եւ, երբ վերադառնաս Ամասիա, բե՛ր քո հետ՝ իբրեւ նրա մահուան ապացոյց։
    Ես լսեցի՝ ինչպէս այդ կինն ասաց.
    - Ես շատերին եմ տեսել տիֆով։ Սա եւս երկար չի ապրի։
    Վարդուհին կռացաւ եւ համբուրեց ճակատս։ Վեր նայեց երկնքին եւ շշնջաց.
    - Աստուա՛ծ, աղջկաս ազատի՛ր։
    Ես տեսայ, թէ ինչպէս նա անյայտացաւ քայլող փախստականների ամբոխում։
    Ես մենակ էի։ Մարմինս պատուած էր ոջիլներով եւ խոնաւացած թարախոտ վէրքերով։ Սիրանուշն ինձ քարշ տուեց ներքեւ՝ մօտակայ գետի ափ։
    - Ահա՛, վերցրո՛ւ այս բաժակը եւ պաղ ջուր լցրու մարմնիդ վրայ։ Դա կարող է իջեցնել ջերմութիւնդ։
    Գնալուց առաջ նա ասաց.
    - Ես քեզ թան ու հաց կը բերեմ, երբ անվտանգ լինի։
    Ամբողջ օրը կիզիչ արեւի տակ ես ցօղում էի մարմինս ջրով, որպէսզի իջեցնեմ ջերմութիւնս եւ լուանամ վէրքերս։ Գետում՝ ջրի մակերեսով շարժուող շատ մարմիններ տեսայ։ Կային ձեռքեր, ոտքեր եւ ջախջախուած մարմինների այլ մասեր։ Մի քանիսը խճճուել էին ջրի մակերեսով շարժուող թփերի մէջ։ Ես աղօթում էին Աստծուն, որ ինձ էլ վերցնի։
    Գլուխս յենեցի կոտրուած սայլակի անուաճաղին։ Գիշերը Սիրանուշն ինձ քաշեց դէպի վրանների կողմը, բայց ոչ դրանց մէջ։ Նա վախենում էր, որ եթէ քրտերը նկատեն ինձ, կը սպաննեն։ Նա ինձ կերակրեց իրենց ափսէների թերմացքից։ Սակայն յաջորդ օրը ես ապրեցի ջրով բացած մածնի շնորհիւ։
    Գիշերը բարակ վերմակի տակ, որը Սիրանուշն էր տուել, ես սեւեռուն հայեացքով նայում էի մուգ կապոյտ երկնքին՝ լցուած հազարաւոր սպիտակ կէտերով։ Ի՜նչ պարզ եւ պայծառ էին աստղերը մթութեան խորքի վրայ։ Լուսնի քնքուշ լոյսը թափանցում էր թփերի միջից։ Յիշեցի իմ երջանիկ օրերը մեր այգում. նոյն լուսինն էր նայում ինձ վրայ թէ՛ այն ժամանակ, թէ՛ հիմա։ Կ՚ուզենայի իմանալ, թէ արդեօ՞ք լուսինը կարող է մտածել։ Եթէ այո, ապա ինչի՞ մասին է նա մտածում այժմ։ Քիչ ժամանակ էր անցել, սակայն իմ աշխարհը շուռ էր եկել գլխիվայր։ Ի՞նչ էր իրականում կատարւում։ Երբեւէ կը լինի՞, որ նորից արթնանամ, եւ հայրիկս ձեռքս բռնած՝ տանի դպրոց։
    Սիրանուշն ամէն օր կրկնում էր նոյն գործը։ Նա ինձ բերում էր լրացուցիչ մածուն թարախոտ վէրքերս մշակելու համար, ինչպէս նաեւ թան եւ չոր հաց, որպէսզի ուտեմ եւ ողջ մնամ։ Ցաւն այնքան ուժեղ էր, որ ես անընդհատ աղօթում էի, որ Աստուած տանի իր մօտ։
    Մի առաւօտ Սիրանուշը կռացաւ եւ շշնջաց ականջիս.
    - «Seni oldureyim mi? (Սպաննե՞մ քեզ)։
    - Ինչո՞ւ ես այդ խելացնոր հարցը տալիս։ Այո՛։ Այո՛, շո՛ւտ արա,- պատասխանեցի ես։
    - Ո՛չ, բալիկս, Աստուած կը տանի քեզ, երբ գայ քո ժամանակը։ Ես չէ, որ պէտք է դա անեմ։
    «Ինչ յիմա՜ր կին է,- մտածեցի ես,- ինչո՞ւ է հարց տալիս, եթէ չպիտի անի»։
    Մի առաւօտ ես խորը քնած էի, երբ ինչ-որ քրտեր անցան եւ մտածելով, որ մեռած եմ, հանեցին շորերս ու գցեցին մեռած մարմիններով լի սայլը։ Ես պառկած էի այնտեղ՝ անշարժ, նեխուող մարմինների կոյտի տակ։ Աչքերս մի փոքր բացեցի եւ տեսայ բաց զանգ։ Արեան զանգուածի միջից նոյնիսկ, տեսայ ուղեղի հատուածները։ Այն պարզ էր եւ կանոնաւոր։ Չզարմացայ, երբ տեսայ կապոյտ եւ կարմիր գոյներ այդ շիլաշփոթի մէջ, որովհետեւ դեռ դպրոցում տեսել էի գանգի նկարներ։ Թւում էր, թէ գրեթէ առանձնացուած գլուխը պատկանում է Արսէնի հասակի մի երիտասարդ տղայի։ Նրա աչքերը բաց էին, իսկ բերանը՝ լայն բացած։ Ես գիտէի՞ նրան։ Հնարաւո՞ր է, որ նա ողջ լինէր ճեղքած գլխով։ Յանկարծ մի այլ մարմին գցեցին վրաս, եւ ես աւելի խորը սղղացի դէպի լպրծուն մսի փոսը։ Չէի շարժւում։ Վախենում էի, որ նրանք կը յայտնաբերեն, որ ես մեռած չեմ, եւ կը սպաննեն։ Բայց մի՞թէ դա չէր ուզածս։ Ես լուռ էի։ Գլուխս անշարժ պահել էի նեխած, փոքր փոսի մէջ։
    Ձիերը ետ-ետ գնացին դէպի դիք զառիթափի եզրը, եւ սայլի ետեւի պատը բացուեց։ Ես գլորուեցի մնացած մարմինների հետ եւ սղղացի քարափի ծերպի վրայով։ Ժայռից ցցուած ծառի ճիւղը կասեցրեց իմ ընթացքը դէպի ներքեւում հոսող գետը։
    - Նայէ՛ք, մէկը լռուել է այն ծառի վրայ,- ասաց սայլապանը։
    - Մի՛ անհանգստացիր, քամին շատ շուտ կը հրի քածին։ Ես քաղցած եմ, գնանք,- ասաց նրա օգնականը։
    Ես անշարժ պառկած էի։ Ոչ շատ հեռու տեսայ Քիրգոզ կամրջի մեծ, սեւ, շրջանակաձեւ կամարները։ Սայլը շարժուեց։ Աւելի ուշ իմացայ, որ երբ սայլապաններն անցել են ճամբարով, Սիրանուշը հարցրել էր իմ տեսքով աղջկայ մասին։
    - Օ՜, այո, նա մեռած է,- պատասխանել են նրանք,- մենք նրան բեռնաթափել ենք գետավերեւում՝ մարմինների վերջին կոյտի հետ։
    Երբ արդէն ապահով էր, Սիրանուշը փնտռեց ինձ եւ գտաւ ժայռի վրայ՝ ծառի ճիւղից կախուած։ Զարմացած, որ մեռած եմ, նա ինձ վար իջեցրեց։
    Չգիտեմ, թէ ինչո՞ւ էր նա եկել իմ ետեւից եւ նորից փրկել կեանքս։ Այդ մասին նա ինձ ոչինչ չասաց։
    - Թո՛ղ մեռնեմ։ Հրի՛ր ինձ ժայռից։ Ինչո՞ւ եմ մնացել։ Չեմ ուզում ապրել։ Դու կամեցար սպաննել ինձ։ Այժմ, ասում եմ, թող գնամ։ Թող այս գետն իմ գերեզմանը լինի։
    Սիրանուշը կռացաւ եւ շշնջաց ականջիս.
    - «Buda geçer»։
    Ես նրան գրեթէ չէի լսում։
    - Ի՞նչ, ի՞նչ։
    Նա կրկին շշնջաց.
    - Եսթե՛ր, Buda geçer (սա էլ կ՚անցնի)։
    Ես փակեցի աչքերս։ Երեք շաբաթ էր անցել Ամասիան թողնելուց յետոյ. այն ինձ երեք տարի թուաց։

    ՄԱՐԳԱՐԻՏ ԱՃԵՄԵԱՆ-ԱՀՆԵՐԹ
    (Շար.2 եւ վերջ)
    «Ազդակ»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •