Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Լեւոն Խեչոյեան

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Լեւոն Խեչոյեան

    ԱՆԱՒԱՐՏ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՆ
    ԼԻԱՐԺԷՔ ԳՐԱԳԷՏԸ
    «Թագը ժողովուրդ է, ժողովուրդը՝ հող,
    հողը՝ թագաւոր։ Իսկ լաւ թագաւորը՝
    ժողովրդի արժանապատուութիւն»։
    Լ. ԽԵՉՈՅԵԱՆ
    Վերջին քսանամեակին փայլիլ սկսած եւ գրական շրջանակներուն լուսարձակները իրենց վրայ կեդրոնացուցած հայրենի երիտասարդ արձակագիրներու սերունդին մէջ, Լեւոն Խեչոյեան ո՛չ միայն ամէնէն շատ հոլովուած անուններէն մէկն է, այլեւ՝ է՛ն արժանաւոր եւ ամէնէն տաղանդաւոր դէմքը իր սերունդին։ Բառին ամբողջական առումով ինքնուրոյն եւ իրաւամբ եզակի գեղագէտ արձակագիր մը, որ գրականութեան անդաստանէն ներս մուտք գործեց հաստատ քայլերով եւ իր անձնադրոշմ ձայնով, որ ոսկիացաւ գիրք առ գիրք՝ միշտ բացուեցաւ ե՛ւ նոր աշխարհներու, ե՛ւ գեղարուեստական նորահնար լուծումներու։ Այդ իսկ պատճառով, Հրանտ Մաթեւոսեանի արդար հաստատումին ձայնակցելով՝ կ՚արժէ կրկնել. «Հայ ընթերցողի համար Լեւոն Խեչոյեանի յայտնութիւնը իրական պարգեւ է։ Կարդում եմ նրա գործն ու յաճախ երանի եմ տալիս նրան (...) Կեանքը գիտի եւ գիտի՝ գրականութիւնն ինչ է»։
    Կեանքն ու գրականութիւնը առաջին իսկ օրէն խորապէս ուսումնասիրած եւ իր գրական տոկուն կենսափորձով ճամբայ ելած Լեւոն Խեչոյեանի արձակը կը սկսի իր տոհմին արթմնի երազը էագրող «Խնկի ծառեր» անդրանիկ հատորով, որուն էջերէն ծլարձակող հողապաշտ երազատեսութիւնը շօշափելի, աւելի ճիշդ՝ ժամանակահունչ իրականութիւն դարձաւ պատերազմի եւ երջանկութեան կրակէ օղակներէն յաղթահասակ դուրս եկած գլխագիր մարդուն անպարտելիութիւնն ու հաւատքը փառերգող «Սեւ գիրք, ծանր լոյս» սքանչելի վէպով։ Արցախեան պատերազմի վիպականացումը, սակայն, ի տարբերութիւն պատերազմին ընթացքն ու իրերայաջորդ հանգրուանները պատկերող այլ հեղինակներու նկարագրական-պատմողական գործերուն, այստեղ կը զարգանայ իր անտրամաբանական տրամաբանութեամբ, զոր կարգաւորելու համար Լեւոն Խեչոյեան կը դիմէ ժլատ տեղեկութիւններով ժամանակին վերիվայրումները կշռութաւորող օրագրային գրելաոճով։ Պատերազմը չունի տրամաբանութիւն, իրադարձութիւններուն անսպասելի, յաճախ նոյնիսկ անկապ, կամ զիրար կրկնող դէպքերուն անսովոր տրամաբանութիւնն է պատերազմին անհեթեթ տրամաբանութիւնը, որ արտաքին ու ներքին կապերու խզումով ու խաչաձեւումով նաեւ կը քանդակէ մարդուն օտարման ողբերգութիւնը՝ հայոց պատմութեան էջերէն ժամանող դիցաբանական հերոսներու առասպելական կերպարներով եւ անոնց դիւցազնավէպը ընթերցող Լեւոն Խեչոյեանի նորովի մեկնութիւններով, ինչպէս, օրինակ՝ «Վահագնի համար ասուած խօսքը վիշապի դէմ կռուող հերոսի փառաբանում չէ, աշխարհից դուրս մնացած մարդու տխուր ճակատագրի հիմներգ է»։
    Աշխարհէն ներս ու դուրս մնացած մարդուն ներքին բարդ յարաբերութիւններուն հակադրութիւնները, այսինքն՝ հոգեբանակ բազմահանգոյց ու նոյնիսկ դժուարամեկնելի փարատոքսները բազմիմաստ գիրի վերածող Լեւոն Խեչոյեանի խտացեալ գրելաոճը կու գայ հաստատելու, որ ի դէմս այս տաղանդաւոր արձակագիրին՝ մենք գործ ունինք դժուարահաճ գրագէտի այնպիսի՛ ներկայացուցիչի մը հետ, որուն համար անաւարտ ձեռագիրն է իր գրողական ծրագիրին մայր նպատակը, յարատեւ եւ գիրքէ-գիրք երկարող էաբանական, ներհայեցողական ու նոյնիսկ գրողական որոնումը՝ միահորիզոն ու ծանօթ լուծումներու փոխարէն։ Մնաց որ «Թուացեալ ամբողջական ժամանակներ»ուն «անիրական իրականութիւնը» հնարաւոր միակ իրականութեան վերածող անաւարտ ձեռագիրին կապակցութեամբ հեղինակին կատարած մէկէ աւելի յղումները ունին ուղենշային բովանդակութիւն ու իմաստ։
    Այսպէս,
    «Այնուամենայնիւ, շատ հնարաւոր է, որ նրա խելագարութիւնը ճշմարտութիւնից անդին է, ինչը մենք որոնում ենք» շեշտագրումը, կամ վէպի վերջին նամակը, որ յայտնատեսական զրոյց մըն է տակաւին չծնած որդիին հետ, չծնած յաջորդ գիրքը լռելեայն յուշող երկիմաստ փոխաբերութիւն մըն է՝ այսօրը գալիքին մէջ յայտնագործելու անվախճան որոնման հրաւէր իբրեւ։ Այլաբանական ու կառուցային այս բարդ, բազմահանգոյց, բազմաշերտ ու բազմիմաստ գրողական արուեստը «Սեւ գիրք, ծանր բզեզ» վէպը կ՚օղակէ անոր յաջորդած «Երրորդ որդին» պատմուածաշարն ու «Արշակ արքայ, Դրաստամատ ներքինի» վէպը ի մի խմբած հատորին, որ այլաբանութեան, սահմանազանց տեսիլին, պատկերին կախարդական հմայքին, կեանքի ուժեղ բնազդի եւ մարդն ու բնութիւնը անբաժանելի միութեան վերածող իր յայտնատեսական զօրութեան շնորհիւ կը մագնիսէ ընթերցողը՝ ըմբոշխնելու համար ո՛չ միայն վայրին ու ժամանակին կենսաթրթիռ հրճուանքը, այլեւ՝ Լեւոն Խեչոյեան անուն քաջ արձակագիրին նորահունչ, վարակիչ, անաւարտ եւ շարունակելի գրականութիւնը։

    Ս. ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Լեւոն Խեչոյեան


    Հայ ընթերցողի համար Լեւոն Խեչոյեանի յայտնութիւնը իրական պարգեւ է։ Կարդում եմ նրա գործն ու յաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճուանքով որպէս գիւտ էի անելու, իր համար սովորական իրողութիւննե են։ Կեանքը գիտի եւ գիտի՝ գրականութիւնն ինչ է։ Մեր դժուար, ինչ-որ տեղ նոյնիսկ հակագրական պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է։ Լաւ արձակագիր է գալիս, աշխատում է, իր հացը գրականութեամբ է վաստակում, քաջ տղայ է, մարմինը նոյնպէս պինդ, եւ ես վստահ եմ, որ այսօր եւ վաղը մեր գրականութիւնը նրանով է շարունակուելու։ Նշանակում է՝ մեր մշակոյթի վերջը չի եւ հակառակը՝ գրականութիւնը մի լաւ ժամանակի առաջին օրերն է ապրում։
    Հրանտ Մաթեւոսեան



    ՍԵՒ ԳԻՐՔ, ԾԱՆՐ ԲԶԷԶ

    ... Մկների ահից թախտը քաշել էինք սենեակի կենտրոնը, մոմը չէինք վառել։ Նա առաջին անգամ պիտի տեսնէր ինձ։ Մոմը դեռ վառած չէր, բայց թախտի վրայ տեսաւ իմ ճերմակ մերկութիւնը։ Հասկցայ՝ չնայած մութ է, բայց նա տեսնում է ինձ։ Շորերը հանելիս ճօճւում էր կողքից կողք, ինչպէս նաւի վրայ, կամ, ասենք, բեռնատարի թափքին ոտքից ոտք են ընկնում՝ հաւասառակշռութիւնը պահելու համար։ Հաստատ ինձ տեսնում էր, որովհետեւ գուլպայի մէկը հանեց, միւսը ոտքին մնաց ու հաւասարակշռութիւնն էլ չէր կարողանում պահել, զարմանալի բան էր, դեռ մոմը չէինք վառել, բայց ես էլ իրեն էի տեսնում. նրանից հեռաւոր ափերի, հնչիւններն էին թռչում, գուցէ այդ ձայներով էի տեսնում, թէ ինչպէս շտապելուց չէր կարողանում արձակել վերնաշապիկը։ Գլխի ընկաւ, քաշեց, եւ կտկտոցով մթան մէջ թափուեցին բոլոր կոճակները, խփեց որսը տեսած վագրի նման ու ինձանից արիւն հանեց։ Ոչ կանանց սովորութեան օրն էր, ոչ էլ ես էի անմաքրասէր։ Ամէն օր մաշկը քերծելու չափ լողանալու սովորութիւնն ինձ մօտ այն ժամանակներից է մնացել։ Իմ կոնքերին նրա արիւնոտ ձեռների հետքերն էին դաջուել։ Ասենք ինչպէս է արջը կամ վագրը թաթերը դնում եղնիկի կամ երինջի գաւակին։ Թող այն տպաւորութիւնն էլ չլինի, թէ իբր կոյս էի։ Ոչ, մինչեւ նրան հանդիպելը, ինձ արդէն մի քանի տղամարդիկ տեսել էին։

    Արիւն հանելը, ինձ թւում է, հող փորելու, որս անելու, բռնաբարելու եւ մեռցնելու ձգտումներին է պատկանում։
    Այդ առաջին անգամն ինձ իմացաւ շատ արագ տղամարդավարի։ Քրտինքի կաթիլները արթնացել էին ողնաշարիս պարունակների մէջ՝ նրա մատների տակ։ Ինչպէս կրակի վրայ հակառակ երեսին դրուած սունկն է ջուրը տալիս, կոնքերիցս բուռ-բուռ քրտինք էր հոսում...»։
    Ելենը ծխախոտը յանգեցրեց, նոյն պահին ուրիշը վառեց։
    Անտառի մութ զանգուածից հեռացող գնացքի անիւների հարուածներն է երկաթագծին։
    «... Որդիս, չգիտեմ՝ մայրն այսպէս կը խօսի՞ իր զաւակի հետ։ Աշխարհում արգելք դնողները, անէծք իմացողները եւ օրէնքների գիտակները շատ են։ Նրանք կ՚ասեն՝ ոչ մի կին էլ իր որդու հետ այդ լեզուով չի զրուցում, իսկ ես չեմ սիրում այս կեանքի պեպենոտ դէմքերով գերազանցիկներին։
    Սակայն իմ նամակը անկողնու գործն իմանալու մասին չէ։
    Յիշում եմ՝ մի գրող տիկին ընթերցել էլ նրա պատմավէպը ու կարդացածն այդպէս էլ՝ որպէս փաստ էր ընկալել, թէ ինչպէս է արքան թագուհու հետ կառքի յատակին պառկում, մինչեւ որ թագուհու մէջքը փորից փափուկ է դարձնում։ Ոգեւորուած կանգնեցրել էր նրան օպերային թատրոնի շէնքից դուրս գալու պահին, աստիճանների վրայ, ասել էր. «Օնան, երանի երեսուն տարի առաջ պատահէինք, եւ դու մենութեան մէջ ինձ բացատրէիր կառքում կատարուածը՝ թագաւորի եւ թագուհու գաղտնիքի մասին»։
    Չեմ սիրում այս կեանքի պեպենոտ դէմքերով գերազանցիկներին։
    Եւրոպան միտք ասաց պետութիւնների տարածքային ամբողջութեան մասին։
    Կովկասում դուռ բացուեց նաւթային ընկերութիւնների համար։
    Պատահում էր, որ, համոզելով սողոսկած տունը մի քանի ժամով էին տրամադրում, եւ տարբեր սենեակներում մեր ընկերներից, դարձեալ փողոցից եկած, զոյգեր էին լինում։ Չնայած մի ամիս առաջ էի նկատել՝ նախադասութեան մէջ որոշ բառեր մոռանում եմ, սկսել եմ հոտերը չզգալ, կանգառ՝ արգելակման պէս, բայց այդ օրը բոլորը վախեցան, որովհետեւ մորթուողի նման ամենավերջին ուժով աղաղակեցի, հարեւան շէնքի բնակարաններում էլ լոյսեր վառուեցին։ Օնանը վախեցել էր, թէ այն էլ այդ պահին, մութի մէջ ինչ եմ տեսել, որ կոճակի պէս կլորացած աչքերով նայում եմ նրան եւ սարսափած գոռում։ Յաջորդ օրը մեր միւս ընկերները բարոյագիտական կարգախօսներով ասում էին իմ՝ բժշկութեան կարիքաւոր լինելու մասին, ասում էին. «Այդ ի՞նչ ուժգնութեան կիրք պիտի լինի...։ Ամօթ չէ՞ անասունին յատուկ այդպիսի հիւանդութիւնը ջրի երես հանելը»։
    Նաեւ մատնանշում էին Օնանի՝ ուրիշ կնոջ հետ ամուսնացած լինելը։ Չեմ սիրում այս կեանքի գերազանցիկներին։
    Քննադատներն էլ խածնում էին նրան, թէ ինչո՞ւ է «թռչել, կպչել» բառերը առանց չ-ի գրում։ Ճիշդ է, կարող էր ոչ միայն վերոյիշեալ, այլ նաեւ շատ ուրիշ նմանաձեւ բառեր օգտագործել, էլ չեմ ասում խօսակցական լեզուի բազմաքանակ սխալների մասին, բայց նա նախադասութեան քերականական, բառի ուղղագրական կառուցուածքը գիշերուայ մթի մէջ մի հնչեղութեամբ էր լսում, ցերեկուայ լոյսի մէջ՝ մէկ այլ։ Նրա համար առարկան գիշերը մի էութիւն ունէր, ցերեկը՝ մէկ այլ։ Այդ պատճառով էլ վերաբերմունքը բառի նկատմամբ միանշանակ չէր, բառը կենդանի էր նրա ներսում։ Երբ բառը շնչում է, ուրեմն ոճն է շնչում։
    Խօսքս նրա առեղծուածի մասին է, որն ինձ, երբեմն թւում է անըմբռնելի, առանց կենսագրական դէպքերի, պարզեցուած փաստագրումներով մի կեանք։ Այդ ամբողջի մէջ զգացմունքների էլ չեն գերակշռել, որ, հակադրելով տրամաբանութեանը, հնարաւոր լինի ենթրակել վերլուծութիւնների։ Նա մարդ էր մեռցրել, եւ նրա պատճառով մարդ էլ էր մահացել...
    Ասենք տագնապը լաբիրինթոսում՝ հոծ փակի մէջ, տագնապի գոյժը, արձագանգն ու անդրադարձը կը քննուի՞...
    Առաջին անգամ ինձ իմացաւ շատ արագ՝ տղամարդավարի։ Դրանից շատ աւելի ուշ էր, որ իմ՝ աւելի ու աւելի յաճախակի պայթող, բուռն աղաղակները վախեցնում էին նրան։

    Յետոյ քրտինքի կաթիլներն արթնացան ողնաշարիս փոսիկների մէջ՝ նրա մատների տակ։ Ինչպէս կրակի վրայ հակառակ երեսին դրուած սունկն է ջուրը տալիս, այդպէս՝ կոնքերիցս բուռ-բուռ քրտինք էր թափւում։ Մեզ մաքրած անձեռոցիկներն իրար ետեւից նետում էին մթան մէջ, յատակին։ Իսկ այն ժամանակ սովի պատճառով բնակարանները լցուած մկները պատերը ծակծկել էին մաղի պէս, հոսում, գնում ու գալիս էին ծովի ալիքների նման, սպիտակ անձեռոցիկները՝ որպէս նամակները, ոտքերի հետ քարշ էին տալիս, պտտում էին մութ սենեակի, հարեւան բնակարանների, շէնքի ու մայրաքաղաքի փողոցների, աղբատարների մէջ։
    Մեղրահոտը, մութ ջրերի վրայ՝ ճերմակ լիալուսինը։
    Նա բարձրացաւ ու մեր սերմնահոտը առաւ, ասաց. «Գուցէ ուրիշ ժամանակ անտանելի լինէր»։
    Սենեակի մէջտեղում, ձեռքերն աջ, ձախ տարածուած, հոսող ու ալեկոծուող մկների մէջ անշարժ կանգնած էր՝ ժամանակի ընթացքից դուրս։ Հայեացքը բացակայ՝ օդն էր ծանր նրա ստուերով։
    Բուրմունքից նրա մէջ արթնացել էր հեռուն, հողագնդի մարդու հեռուն, իր սերմից ոչ թէ որդին, այլ վերածնւում էր ինքը՝ դարերի հեռւում թողած իր սկզբի հիւլէն։

    Երբ խօսեց, նրա մէջ դրսեւորուեց ձգտումը դէպի նախաստեղծ ժամանակի մէջ թողած անդրաշխարհային գերագոյն սկզբնաղբիւրը։ Նրան որսացել էր ամենահին պատժապարտութիւնը։ Ասաց՝ Ելեն, Ելեն,
    Երկնէր երկիր, երկնէր երկիր,
    Երկնէր եւ ծովն ծիրանի.
    Երկն ի ծովուն ունէր
    Եւ զկարմրիկն եղեգնիկ։
    Հարցրեց. «Ելեն, լսո՞ւմ ես Աստուծոյ տաճարի պատի տակ անտէր մնացած միայնակ քրմի երգը»։
    «Որդիս, իրօք, այդ երգը լսել էր։ Դրա համար էլ ես կարողացայ միայն «Օնա՜ն» բացականչել։ Նորից է խօսում. «Ծովից հեռու եղեգնիկն է բոցավառւում։ Դարեր շարունակ մարդը գիշերային թիթեռի նման նետւում է այդ հրի մէջ, որն ամբողջովին տնքացող ցաւ է, ինչպէս թնդանօթի արկից պատռուող հողը, զինուորը՝ մարմնի միջով անցնող գնդակը ճաշակած, եւ կինը՝ օրգազմի պահին, նրանք բոլորն էլ միանման են գոռում...
    - Գոռում է, գոռում է...
    Այդպէս ենք գոռում, որովհետեւ հողագնդի հոգեվարքը կառչում է կարմիր եղեգնիկի փողից... Փոքր Մհերի քարանձաւ մտնելը կնոջ արգանդի մասին՝ սաղմի պաշտպանուած լինելու երբեմնի յիշողութիւնն է, հողագունդը ոտքերի տակ պատռուող միայնակ մարդու ուղեղում արթնացած, արգանդը վերադառնալու կարօտը...
    Եւրոպան եւ Արեւմուտքը հնարաւորութիւն տուեցին մահմետական աշխարհին՝ ազդեցութեան գօտիներ ունենալ Անդրկովկասում։
    Նրա մտքերը, հողագնդի, բոցավառուող եղեգնիկի ու մարդու մասին, միանգամից ըմբռնելի չէին։ Երբեմն քոնն էին, երբեմն թռչում էին շատ հեռւում, ինչպէս ճշմարտութեան արտասովորութիւնն է լինում։ Իսկ դէմքին՝ պայծառատեսութեան եզակի պահի մէջ, իբրեւ դիւային ծագման նշան, դեռ մնում էին օտարացած աչքերը։ Գնացել էր հինաւուրց, արարչագործ մեղքի ճանապարհը։ Սերմի բուրմունքը տարել էր դէպի իր նախաստեղծ հիւլէն, որի գոյութիւնը ապրելու ժամանակի մէջ չէ, դրսում՝ արտաքին աշխարհում է հոսում։ Այնտեղ հասնողը կը թափանցի ինքն իր մէջ։ Նրա հիւլէն դարձեալ սաղմի մէջ էր։ Իր ծագման սկզբնաղբիւրը, ինչին ձգտում էր, այդ արճճագոյն սպիտակ լոյսը ժամանակից դուրսն էր, անժամանակը։ Ամբողջ տիեզերքում՝ մի տեղ պիտի՞ որ գոյութիւն ունենայ ժամանակից անդինը։
    Դէմքին, իբրեւ դիւային ծագման հետք, դարձեալ մնում էին օտարոտի աչքերը։ Պատմում էր, թէ ինչպէս լեռներում՝ շիկացած ժայռերի մէջ, երբ օդը տաք էր, քնաբեր ու երազկոտ, հանդիպեց այն մէկին, որին մեռցրեց։ Նա չէր հասցրել զէնքը լիցքաւորել. նշանառութեան տակ վերցուած գլուխը ափերի մէջ էր առել, այդ պահին արձակած զրահահար գնդակն անցել էր ծոծրակի միջով...
    Այդ օրն առաջին անգամ լսեցի, թէ կանաչ աչքերով զինուորը եկել է երբեմն գիշերները բարձրանում է մահճակալը պառկում է ծնկներին։
    Ասաց. «Առաջին անգամ որ եկաւ, կտաւի չափ էր, յետոյ՝ ուլի, հիմա մեծացել, կարմիր բիբերով խոշոր շատ չափ էր դարձել ու էլի աճում է...»։
    Իր ցնցումը, հպուելով չէ, աչքերով էլ չէ, ինչ-որ բնազդով տեսաւ, ինքն էլ ցնցուեց, ասաց. «Վախեցար, ինչո՞ւ»։ Չկարողացայ պատասխանել։ Սովորութիւն ունեմ ներս գնալ, փակուել ինքս իմ մէջ։ Ինքն էլ միանգամից միայնակ մնաց, արդէն վերադարձել էր արճճագոյն լոյսի միջից։ Այլեւս չկարողացաւ խօսել, որովհետեւ ինձ բացելն էլ այդքան հեշտ չէ։ Իսկ նրա մեկնակութիւնը խեղայեղութեան պէս մի բան էր դառնում։ Դարձեալ պառկեց ինձ հետ եւ տարաւ ինձ։
    Իմ աղաղակը՝ աւելի ու աւելի հազուադէպ, բայց յանկարծակի, սարսափազդու։ Կրծքից, ճակատից հոսող առատ քրտինքը, սրբիչով մաքրելու պէս, չորացնում էր մէջքիս վրայ։ Հասկցայ, որ ծանրացել է, իրենով պատռւում է հողը եւ Փոքր Մհերի նման, պաշտպանուած լինելու, քարանձաւն է մտնում։ Արգանդը նրան վերադարձնում էր պատմական ընթացքից դուրս՝ երբեմնի սաղմնային յիշողութիւնը։ Հիմա այնտեղ հանդիպել էր ՁԱՅՆԻՆ, ՁԱՅՆԸ գուրգուրող այն խաւար արճճագոյն լոյսն է, որը նորից ինքն է, բայց անհնարին է ելքը իր հիւլէից, սակայն սիրոյ անյոյս ճանապարհով՝ յաւերժական վերադարձի այդ ուղին, ինչ-որ բանի յոյս փայփայել էր՝ ՁԱՅՆՆ էր։
    Նա այդպէս փոխանցեց ինձ իր մթնագնումը կամ պայծառատեսութիւնը։ Բայց դա ցանկութիւն չէր՝ յաղթել իմ դիմադրութիւնը եւ տիրանալ իմ բանականութեանը։ Ճիշդ է, նա նպատակամղուած անհատ է, բայց իրենով հմայելու գաղտնիքը, ինձ թւում է, արտասովոր լինելու մէջ է, որը երբեմն նկատւում է, երբեմն էլ հնարաւոր չէ որսալ։ Յամառ է, միանգամից մէկից աւելի լինելով՝ շփոթեցնող, յուզող՝ իր ամբողջ էութեամբ եւ տիրական ձայնի շեշտով, անգամ նրա մահացու մեղքերն էին գայթակղեցնող։
    Արտասովորի առեղծուածը վերակենդանացնում է ինձ։ Նրա խորհրդին մերձենալ, կը նշանակի յաղթել երկուսիս էլ։ Ուզում եմ ճչալ ու աղաղակով դուրս թափել կուտակուած թախիծը։ Տեսնո՞ւմ ես, որդիս, թեթեւաբարոյ մի կնոջ նման գրում եմ քեզ քո սկզբի մասին։ Այս ամէնը, ինչի մասին գրեցի, կարող է թուալ, թէ ոչ մի կապ չունի նրա հետ։ Իրականում ես համոզուած եմ, որ խօսել եմ միայն նրա մասին, անընդհատ նրա գործերն էի քննում։ Գուցէեւ նրա կեանքն այս հողագնդի վրայ ապրողի խոստովանութիւն է, որովհետեւ նրա գրածներն են այդպիսին... Խելագարի պատմութիւն է այս նամակը, խօսքերս ցաքուցրիւ են, ոչ մի միտք յստակ ու վերջնական չի ձեւակերպւում, դրանից աւելի եմ շփոթւում։ Նկատած կը լինես՝ նոյնիսկ հակասում եմ ինքս ինձ։
    Այս անիծեալ հիւանդութիւնը։
    Բերանումս ծխախոտի անտանելի դառնահամն է ու չորութիւնը։ Մարմնիս ու արեանս մէջ տոթ է, ստամոքսս գալարւում, կծկուել է, փսխել եմ ուզում...
    Խաղաղութեան հասնելու ուղին միմեանց մէջ չէ, բայց հնարաւոր է, որ ճանապարհն այնտեղով անցնի...
    Այնուամենայնիւ, շատ հնարաւոր է, որ նրա խելագարութիւնը ճշմարտութիւնից անդին է, ինչը մենք որոնում ենք...
    Հիմա չեմ ուզում մտածել այդ մասին...»։

    ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԵԱՆ
    (Հատուած)
    «Ազդակ»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •