ԻՐԱՆՑԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆ.

«ԹՈՂ ԹՈՒՐՔԻԱՆ ՅԱՅՏԱՐԱՐԻ ՕՍՄԱՆԵԱՆ ՋԱՐԴԱՐԱՐ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸ...»




«Թեհրանէ էմրուզ» օրաթերթը իր այսօրուայ համարի երկրորդ էջում տպագրել է մի վերլուծական յօդուած, որը պատկանում է Թեհրանի պետական համալսարանի դասախօս դոկտ. Ահմադ Նաղիբզադէի գրչին եւ հետեւեալ խորագիրն է կրում. «Հայոց Ցեղասպանութիւնը. թուրքերը եւ պատմական մի օրինազանցութիւն»: Թարգմանելով յօդուածը՝ այն ներկայացնում ենք հատուածաբար. «...Թուրքերը, որոնք 1453 թուականին գրաւելով Կոստանդնուպոլիսը, վերջ տուեցին Արեւելեան Հռոմի իշխանութեանը, չգիտեն՝ իրենց համարեն Բիւզանդական կայսրութեան ժառանգո՞րդը, թէ՞ յաղթողը: Մի կողմից Արեւելեան Հռոմից մնացած պատմական կոթողները իրենցն են համարում եւ, միւս կողմից պաշտպանում օսմանցի թուրքերի միջոցով Անատոլիայի թրքացման քաղաքականութիւնը եւ այնպէս են շեշտաւորում իրենց թուրք լինելը, որ կարծես թէ յիշեալ տարածքի բնակիչները սկզբից թուրքեր են եղել: Դեռ չէր վերանորոգուել այդ ջլատումը (որը դեռեւս էլ չի նորոգուել), երբ մի այլ ջլատում փոխեց այդ երկրի պատմական ուղին, եւ դա Աթաթուրքի ազգայնական Թուրքիան եւ դրա աշխարհի քաղաքականութիւններն էին, որոնք տեւեցին 1919-ից մինչ 1923 թուական, որպէսզի վերջակէտ դնի օսմանցիների իշխանութեանը եւ կայսրութեան ներքին տարաբնոյթ երկրներին ձգելով՝ հիմքը դնի մի նոր երկրի՝ նոր սահմաններով, բոլոր ազգութիւններից զտուած ու թուրք ժողովրդով:
Այս երկիրը բոլորովին առնչակից չէր օսմանական յետադէմ կայսրութեանը եւ մտադիր էր իրեն ներկայացնել եւրոպական եւ քաղաքակիրթ մի երկիր: Եթէ այդ կայսրութիւնը ինչ-որ ձեւով եղել է յետադէմ, ինչ պատճառ է ունենալու, որ նոր Թուրքիայում ոեւէ մէկը ցանկանայ պաշտպանել նրա քաղաքականութիւնները: Ուրեմն՝, եթէ հնարաւոր լինի վերլուծել օսմանցիների անցեալը, ի՞նչ խնդիր կայ, որ Անկարայի ղեկավարները յայտնեն, թէ այդ կայսրութիւնը իր բոլոր ոճրագործութիւնների մէջ իրականացրել է նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը»:
... «Իսկապէս, այս օրինազանցութիւններն ինչպէ՞ս են բացատրւում: Ի՞նչ կը լինէր, եթէ Թուրքիայի ժամանակակից կառավարութիւնն ինքը նախաքայլ վերցնէր եւ մի նիստի ընթացքում յայտարարէր Օսմանեան ջարդարար կայսրութեան գործը՝ փոքրամասնութիւնների, յատկապէս ոչմուսուլման փոքրամասնութիւնների ոչնչացման եւ ի մասնաւորի հայերի կոտորածների կապակցութեամբ, որը կատարուեց հերթական կրկնութեամբ, որոնցից ամենակարեւորը 1915 թուականի ջարդերն էին... Սակայն քաղաքական աշխարհն առեղծուածներով լեցուն աշխարհ է, եւ ոչ ոք ճշմարտութիւնը չի խոստովանում: Իրականութիւնն այն է, որ աշխարհիկ թուրքերը, յատկապէս Քեմալ Աթաթուրքի կենդանութեան ժամանակ, նոյն քաղաքականութեանն էին հետեւում, ինչ Օսմանեան կայսրութեան ժամանակ գոյութիւն ունէր: Քեմալ փաշան սուլթան Մոհամմեդից ոչ պակաս խստապահանջ չէր եւ այլախոհների եւ ոչ թուրք մտաւորականների հանդէպ տասնապատիկ աւել անողոք ու բռնակալութեամբ էր վերաբերւում: Աւելի հետաքրքիրն այն է, որ ինքը՝ Քեմալ փաշան թուրք չէր, ուստի հարց է առաջանում, թէ ինչպէս մի ոչ թուրք իրեն թուրք ժողովրդի հայրն է անուանում: Ի հարկէ, նման զաւեշտական դէպքեր բոլոր երկրների պատմութեան ընթացքում եւս պատահում են: Ստալինը ռուս չէր եւ իր ազգակից վրացիների բռնի ռուսացման քաղաքականութիւնը նրանց պարտադրեց: Ուշագրաւ է, այս բոլոր օրինազանցութիւնների եւ հակասութիւնների կողքին, նիւթական հատուցման խնդիրն էլ փոքր հարց չէ...»:

«ԱԼԻՔ» օրաթերթ
«Ազդակ»