ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Նոյեմբերի 11-ին Վառնայում, Բուլղարիայի ազգային հեռուստատեսութեան մուտքի մօտ, ինքնահրկիզման դիմեց Բուլղարիայի տղամարդկանց կուսակցութեան ղեկավար Ռոզեն Մարկովը` պահանջելով դադարեցնել նշուած հեռուստաալիքով թուրքերէն լուրերի հեռարձակումները: Մարկովի արարքը միջազգային մամուլի, տարբեր լրատուական գործակալութիւնների, թերթերի, հեռուստաալիքների (այդ թւում նաեւ՝ հայկական հեռուստաեթերի) ուշադրութեանն արժանացաւ: Այս գործողութիւնը եւս մէկ անգամ օրակարգ բերեց բուլղարաթուրքերի հիմնախնդիրը. համայնք, որը եզակի եւ աննախադէպ յաջողութիւնների հասաւ եւ խորհրդային դարաշրջանում որոշակիօրէն մեկուսացուած լինելով՝ «վերակառուցման» ժամանակահատուածում արագ աշխուժացաւ, իսկ սկսած 1990թ.՝ ամուր եւ հաստատուն տեղ զբաղեցրեց Բուլղարիայի քաղաքական կառավարման համակարգում: Այս ընթացքում, 2002-2009թթ., բուլղարաթուրքերի հիմնած Իրաւունքների եւ ազատութիւնների շարժում (ԻԱՇ) կուսակցութիւնը 7 տարի շարունակ տեղ զբաղեցրեց երկրի կոալիցիոն կառավարութեան կազմում: Բուլգարաթուրքերի թիւը մօտ 8 միլիոն բնակչութեամբ Պուլկարիայում շուրջ 800 հազարի չափ է: Չնայած 10 տոկոսանոց ցուցանիշին՝ բուլղարաթուրքերի կուսակցութիւնը 240 աթոռ ունեցող բուլղարական խորհրդարանում զբաղեցնում է միջինը 30-38 տեղ՝ կախուած ընտրութիւնների արդիւնքից: Այսինքն համամասնօրէն օրէնսդիր պալատում թուրքական ներկայութիւնն աւելի մեծ է, քան՝ երկրի տարածքում: Թուրքական կողմի այս աննախադէպ յաջողութիւնն ունի երկու հիմնական պատճառ. նախ՝ երկրի թուրք բնակչութեան ձայները մէկտեղւում են մէկ կուսակցութեան ուղղութեամբ, մինչդեռ բուն բուլղարացիների կամ միւս ազգային խմբերի քուէները կիսւում են երկրում առկայ տասնեակ այլ կուսակցութիւնների միջեւ, ինչի արդիւնքում թուրքական կուսակցութեան համար ապահովւում է համեմատաբար բարձր ցուցանիշ: Երկրորդ պատճառը թուրքական պետութեան կուլիսային հովանաւորչութիւնն է: Մասնաւորապէս, 2005-ի յուլիսին խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում հանրակառքերով Թուրքիայից Բուլղարիա են փոխադրուել երկքաղաքացիութիւն ունեցող թուրքեր, որոնք իրենց տեղամասերում մասնակցել են ընտրութիւններին՝ այդպիսով սեփական ընտրատարածքներով ձգտելով ապահովել ԻԱՇ թեկնածուի յաղթանակը: Անկարան նման փորձի դիմեց նաեւ 2009-ի յուլիսի 5-ի խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում, սակայն երբ Թուրքիայից դէպի Բուլղարիա մեկնող հանրակառքի շարասիւնը մօտեցաւ «Կապիտան Անդրեվո» սահմանադրանը, նրանց դիմաւորեցին շուրջ 200-ի չափ բուլղար ցուցարարներ: Բուլղարիայի ազգայնական «Ատակա»ի կուսակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած միջոցառման ընթացքում հանրահաւաքի մասնակիցները բողոքի ձայն էին բարձրացնում բուլղարական խորհրդարանական ընտրութիւններին Անկարայի արդէն «աւանդոյթ» դարձող միջամտութիւնների առիթով: Ցուցարարները կրում էին «թուրքեր, վերադարձէք Անատոլիա», «թուրքեր, դուրս», «մեզ ենիչերիներ պէտք չեն» եւ այլ կարգախօսներ: Երբ «Ատակայի» համակիրները փորձել են շշեր եւ այլ պարագաներ նետել «թուրքական դեսանտի» ուղղութեամբ, միջամտել են իրաւապահները, եւ տեղի է ունեցել բախում: «Ատակա»ի ղեկավար Վոլեն Սիտերովը յայտարարեց, որ «թուրքական պետութիւնը հովանաւորում է Բուլղարիայի քաղաքացի թուրքերի առաքումը Թուրքիայից Բուլղարիա»: Այս միջադէպերի օրինակներով կարելի է հանրագումարի բերել Բուլղարիայում թուրքական համայնքի հետ կապուած վերջին տարիների զարգացումները. մինչ թուրքական կողմի հասարակական-քաղաքական աշխուժութիւնը շարունակւում է, աստիճանաբար աւելի որոշակի է դառնում ներքին դիմադրութիւնը: Հակընդդէմ շարժման քաղաքականապէս ամենաաշխուժ ուժը վերը նշուած «Ատական» է: Կուսակցութեան անուանումը, որ բուլղարերէնում, ինչպէս նաեւ ռուսերէնում արտայայտում է միեւնոյն իմաստը՝ «գրոհ», ունի ընդգծուած հակաթուրքական ուղղուածութիւն, կուսակցութեան անուան խորհուրդն է՝ «գրոհ թուրքական ներխուժման դէմ»: Խորհրդարանական ընտրութիւններում «Ատական» միջինը երկու տասնեակի չափ աթոռներ է շահում՝ ընթանալով 3-րդ կամ 4-րդ հորիզոնականում: Խորհրդարանական ընտրութիւններին «Ատական» մասնակցեց մի շարք սուր արտայայտուած հակաթուրքական կարգախօսներով, որոնցից մէկն էր ,թուրքիան Եւրոմիութիւնում տեղ չունի» կարգախօսը: «եթէ մենք պարզապէս նստենք եւ չգործենք այնպէս, ինչպէս վայել է բուլղարացի հայրենասէրներին, ապա մի օր նրանք, անկասկած, կը գրաւեն մեր երկիրը», ընտրութիւնների ընթացքում յայտարարել է Վոլեն Սիտերովը:
Բուլղարաթուրքերի աշխուժութեան եւ երկրի ներսում ձեւաւորուող դիմադրութեան վկայութիւն է նաեւ հետեւեալ ցուցանիշը. Ռոյթըրզ գործակալութեան տեղեկացմամբ, վերջին 19 տարիներին Բուլղարիայում կառուցուել է 323 մզկիթ, որոնց մի մասի համար միջոցները գոյացել են թուրք անհատներից կամ տարբեր կառոյցներից ստացուած նուիրատուութիւնների հաշուին: Ընդհանուր առմամբ, Բուլղարիայում մզկիթների թիւը մօտենում է 2000-ի: Միաժամանակ, վերջին տարիներին յաճախակի են դարձել յարձակումները մզկիթների վրայ. վերջին 3 տարիներին Բուլղարիայի թուրքական մզկիթների դէմ հարիւրի չափ յարձակումներ են եղել: 2008թ. արգելուել էր երկրի համալսարաններում մահմեդական գլխաշոր կապել: «Ռոյթըրզ» գործակալութիւնը մէջբերում է թուրք հասարակական գործիչ Մուստաֆա Յումերի խօսքն այն մասին, թէ «երկրի թուրքական համայնքի շրջանակներում աճում է անհանգստութիւնը», իր բնորոշմամբ, «ծայրայեղ աջակողմեան կուսակցութիւնների գործունէութեան վերաբերեալ»:
Նշենք, որ Բուլղարիայում թուրքական կուսակցութեան գործունէութիւնը եւ դիմադրութեան շարժումը որոշակի աղերսներ ունի նաեւ Հայոց ցեղասպանութիւնը Բուլղարիայում ճանաչելու հիմնախնդրի հետ: Բուլղարական օրէնսդիրն արդէն երկու անգամ առաջադրել եւ քուէարկութեամբ մերժել է Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող որոշում՝ 2006թ. մայիսին եւ 2008թ. յունուարին: Սա, ըստ էութեան, բացառիկ դէպք է, երբ հայկական օրինագիծը մերժւում է: Վերջին շուրջ 10 տարիների ընթացքում չի եղել դէպք, որ Մեծ եղեռնը դատապարտող փաստաթուղթն առաջադրուի օրակարգում եւ տապալուի քուէարկութեան արդիւնքներով: Մեծ եղեռնի խորհրդարանական ճանաչման նախաձեռնողը «Ատակա» կուսակցութիւնն է: Միաժամանակ, երբ 2007թ. ապրիլի 25-ին Բուլղարիայի «Սիմէոն Երկրորդ ազգային շարժում» կուսակցութիւնից խորհրդարան անցած Ռուբէն Գրիգորեանն առաջարկեց մէկ րոպէ լռութեամբ յարգել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը, թուրքական կուսակցութեան բոլոր անդամները ցուցադրաբար լքեցին խորհրդարանի դահլիճը: Ի դէպ, այդ տարիներին, թուրքական կուսակցութիւնը նաեւ քաղաքական կոալիսիոնի կազմում էր Ընկերվարական կուսակցութեան եւ «Սիմէոն Երկրորդ ազգային շարժման» հետ միասին: Կատարուածի առիթով «Ատակայի» ղեկավար Վոլեն Սիտերովը յայտարարեց. «Իշխող մեծամասնութեան մէջ կայ կուսակցութիւն, որը պաշտպանում է Թուրքիայի շահերը: Այդ կուսակցութեան ներկայացուցիչները չեն յարգում մէկուկէս միլիոն հայերի յիշատակը»: Իսկ Բուլղարիայի ազգային միութիւն կուսակցութիւնից պատգամաւոր Բոյքօ Վաթեվը յայտարարեց, որ ժամանակն է, որպէսզի Բուլղարիան ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ ցեղասպանութիւն որակի 1903թ. բուլղարական Իլինտեն բնակավայրում եւ շրջակայքում օսմանեան բանակի կողմից իրականացուած բուլղարացիների զանգուածային ջարդերը:
Ամփոփելով Բուլղարիայում թուրքական քաղաքական աշխուժութեան թեման՝ կարելի է եզրակացնել, որ երկրում կը շարունակուեն հասարակական-քաղաքական տարբեր միջոցառումները, որոնց նպատակը կը լինի սաստել թուրքական կուսակցութեան ակտիւութիւնը եւ չափաւորել Անկարայից` բուլղարաթուրքերին հեռակառավարելու փորձերը, ինչն, անշուշտ կ՚ընթանայ թուրքական կողմի աճող տագնապների եւ բողոքների պայմաններում: Չի բացառւում նաեւ, որ թուրքական համայնքի գործիչները դիմեն Եւրոխորհրդարան կամ միջազգային դատական ատեաններ՝ սեփական շահերի պաշտպանութեան հարցերով: Այս գործընթացում իր տեղը կ՚ունենայ նաեւ Հայկական հարցը: Բուլղարիայի հայ համայնքի եւ սատարող կուսակցութիւնների, յատկապէս «Ատակայի» համատեղ ջանքերով վերջին 3 տարիներին սկսուել է տեղական մակարդակներով Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը: Արդէն իսկ Մեծ եղեռնը ճանաչուել է 10-ի չափ բուլղարական քաղաքների կողմից՝ Վառնայ, Ստարայ Զագորայ, Ռուսէ, Պաթաք, Սիլիստրայ, Վիտին, Պոլովդիվ եւ այլն:
ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
«Ազդակ»
Ծանօթ. Տիգրիսի.-
Բուլղարաթուրքերը ճանաչւում են նաեւ պոմակ (pomak) անունով:



Մեջբերել