ՊԱՏԳԱՄ
Այս երկրագունդը պահ է տրուել քեզ,
Որպէս քո կեանքի գանձ ամենամե՜ծ,
Պահպանի՛ր նրան աչքի լոյսի պէս,
Չլինի յանկարծ փոշի՛ դարձընե՛ս...
ԴՈՒ ԵՒ ՆԱ
Դեռ եռում է արիւնը քո,
Դու դեռ ունես աւիւն ու սէր,
Քո յիսունը անցել է լուռ,
Բայց ուզում ես մէկին սիրել։
Յաճախ նրա մօտ ես լինում,
Նուրբ ձայնի համ, ժպիտի գոյն,
Մի գաւաթ սուրճ՝ տաք, անշաքար,
Եւ գինեհամ ալ նռան հիւթ...
Եւ ջերմ զրոյց արուեստի շուրջ,
Իսկ գիշերը հոսում է լուռ,
Իրական շունչ, պահեր անուրջ,
- Ծարաւ եմ ես, մի բաժակ ջո՜ւր...
Յետոյ գիշերն անցնում կէսից,
Զրոյցը նոր հուն է մտնում,
Տրոփիւնս դէնից-դէսից
Հազիւհազ է իրեն գտնում...
- Ուշ է արդէն, գնամ պիտի...
- Բարի գիշեր, տեսնուենք շուտով...
Մութ փողոցը միայն գիտի
Ոտնաձայնի խորհուրդը ծո՜վ...
3.10.2008
ՔԵԶ
Ներշնչանքի պէս մի բան ես այսօր
Եւ ցնորքի պէս մօտիկ ու հեռո՜ւ,
Երազանքի պէս քաղցր ու մեղմօրօր,
Կախարդանքի պէս հմայո՜ւմ-վառո՜ւմ...
Շոյանքի նման ջերմանուշ ես դու,
Շողանքի նման լուսեղէնութի՜ւն,
Հմայքի պէս ես ինձ միշտ կախարդում,
Տենչալի ես դու՝ իմ գինեգոյն թո՜յն...
Իմ սրտում, հոգում, իմ մտքում ես դու,
Իմ երգերի մէջ տրոփում ամէն օր,
Քեզ շնչում եմ ես ու քեզնից այրւո՜ւմ,
Ներշնչանքի պէս մի բան ես այսօր...
6.05.2008
ՋՈՒԹԱԿ
Մի շող է կաթել ջութակի վրայ,
Հարբել է, ասես, ջութակն այդ շողից,
Լարերը մէկ-մէկ հնչում են հիմա,
Հեծում են մեղմիւ այդ շողի դողից։
Լարերի երգից ելնում է յանկարծ,
Կոմիտասը մեծ՝ իբրեւ մարգարէ,
Ջութակահարը լարերից հարբած՝
Կոմիտասւում է-նուագներ քարէ՜...
Լարերը գիտեն աղեղի լեզուն, Ջութակահարի Ոգուն են գիտակ,
Նրանք ուզում են նուագներ նազուն,
Մթում թախծում է տխուր մի ջութակ...
ՉԱՐԵՆՑ- ԵՐԿՈՒ ԿԵԱՆՔ
ԿԱՄ ԲԱԽՏ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ
Զարմանալի է քո կեանքը երկու,
Զարմանալի ես եւ այս ինչքան դու,
Երկրային կեանքդ ապրեցիր... անբա՜խտ-
Բախտի գագաթին ելար... ետմահո՛ւ
9.11.2007
ՇՐԹՈՒՆՔՍ
Ճաքել է վշտից շրթունքը իմ կախ,
Յիշատակ թողել անջինջ մի սպի,
Թողել է մի գիծ՝ խոր վշտաշաղախ,
Որ մինչ գերեզման ես տանեմ պիտի...
Գիծն այս մի յուշ է շրթունքիս թառած,
Վերից վար հոսող մի ճամբայ անվերջ,
Ասես վիշտն ինքն է հասցրել հարուած,
Որ վշտի համը միշտ զգամ իմ մէջ...
29.7.2008
ՅՈԳՆՈՒԹԻՒՆ
Յոգնել եմ արդէն այս առաւօտից։
Անհուր կէսօրից, երեկոյից այս,
Անթրթիռ, անյոյզ գրուած տողերից
Եւ այն գիշերից, որ չունի երազ...
Օտարութիւնից յոգնել եմ արդէն,
Անձուկ մի կեանք է իմ շուրջը վխտում,
Թիթեռի նման, որ շատ է թեթեւ՝
Գայի՜-թեւէի՜ Նայիրի դրախում...
Հայրենի երկի՛ր, դու՝ կեանք ու երանգ,
Դու՝ սարեանական լոյսի առաւօտ,
Դու՝ չարենցածին երգերի նուագ,
Արեւոտ կէսօր, երեկոյ ծանօ՜թ...
Յոգնել եմ արդէն այս յոգնութիւնից,
Լինէ՜ր թարմանուշ առաւօտ գերող,
Վառող մի կէսօր, գիշեր աստղալից
Ու հայրենի շո՜ղ ու հայրենի հո՜ղ...
7.06.2008
ԵՐԱԶԱՆՔ
Շատ եմ հայեացքս երկնքին գամել,
Տենչալով փոքրիկ մի կտոր կապոյտ,
Ա՜խ, իմ աչքերից արցունք է քամել
Տիեզերքն ինքը՝ լուսեղէն ու մո՜ւթ...
26.07.2008
ԱԼՄԻՆ