Ո՞Ր ՆՈՒԱԳԱՐԱՆԸ ՆԿԱՏԻ ՈՒՆԷԻՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԸ`
ԳՐԵԼՈՎ «ԾԻՐԱՆԱՓՈՂ», «ԵՂԵԳԱՆ ՓՈՂ»
ԳԱՅԱՆԷ ԴԱՆԻԷԼԵԱՆ, Երաժիշտ-մշակութաբան
,,,,Մերօրեայ իրականութեան մէջ «դուդուկ=նայ» նուագարանը ստացել է նոր անուններ` ծիրանի փող, եղեգան փող, սրինգ: Մինչդեռ, վաղնջական ժամանակներից ի վեր, հայոց մեծերը, նոյն ինքըՙ մեծն Կոմիտասը, անգամ խորհրդային տարիների մտածողները, գրելով «եղեգան փող», «հովւական փող», «ծիրանի փող», «սրինգ»ՙ պատկերացրել են կոմիտասեան` հովւական փողի=սրնգի տեսակը:
,,,,Մասնագիտական, հանրագիտարանային բնոյթի աղբիւրից տեղեկանում ենք, որ ծիրանենուց հայը պատրաստել է հովւական փող=սրինգ, ուզբեկը` զուռնա, ադրբեջանցին` զուռնա, դուդուկ, դաղստանցին` զուռնա, դուդուկ, շուի եւ եռալար կսմիթային նվագարան` աչար-կումուզը` ծիրանենու մեկ ամբողջական կտորից: Ուզբեկներն, օրինակ, իրենց զուռնան կարող են կոչել` «ծիրանազուռնա» Իսկ ո՞ր նուագարանը նկատի ունեին հայոց մեծերը հայոց պատմամշակութային անցյալի ողջ ընթացքում, գրելով «եղեգան փող», «հովւական փող», «ծիրանի փող», «սրինգ»:
Կոմիտասեան հովւական սրնգային փողի տեսակի մասին մեր ժողովրդի շատ երեւելիներ են գրել, ինչպես օրինակ, 1915 թւականի զոհեր Ռուբեն Սեւակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, 1937 թւականի զոհեր Թոթովենցը, Չարենցը, աքսորի ճանապարհը բռնած Գուրգէն Մահարին, նաեւ` Նաիրի Զարեանը: Ի վերջո, «Ծիրանի փող» ստեղծագործութեան համար բանտարկուեց եւ սպանուեց Ակսել Բակունցը: Նա մանրամասնօրէն նկարագրել է ծիրանի փողը, որը ճիշտ եւ ճիշտ կոմիտասեան հովւական փողի=սրնգի նկարագրութիւնն է:
,,,,Մուշեղ Գալշոեանի հերոսը (Մելոն) գաղթի ճանապարհին կորցնում է իր ծիրանափողը: Ապա նորն է պատրաստում` կոմիտասեան-բակունցեան հովւական սրնգային փողի տեսակը, սովորականից աւելի երկար, սակայն առանց նուագանցքերի: Նա այլեւս երբէք չէր նվագելու, այլ փոխակերպելու էր իր հովւական փողը եւ օգտագործելու էր իբրեւ ծխամորճ: Իր «էրգրում» նա չէր ծխում: Եւ երբ ֆիդայիները` Աղբիւր Սերոբը, մյուսները, թաքնուելով սարերում, խնդրում էին բարձրանալ իրենց մօտ ու փող փչել, նրանք այդ նուագի տակ պարում էին հայոց հինաւուրց ռազմական պարը` «Յար խուշտա»-ն (=ԾԱՓՊԱՐԸ=ԾԱՓԽԱՂԸ): Բակունցյան հովւական «ծիրանի փողը» «կարմրաւուն սրինգն» էր: Այն հովիւների սովորական սրնգից քիչ ավելի երկար էր, որի նուագի տակ «Յար խուշտայից» երկիրն էր դղդղում: Նրանք պարում էին «հսկաների հին պարը»: Մուշեղ Գալշոեանի հերոսներից Նհոն, որը մարմնաւորում էր իր հօրեղբորը, իր սրնգից չէր բաժանւում: «Փողփուչ Նհոն, ծիրանի փողը ծնկներին մեկնած, հակուած ծխում է:- Փողփուչ Նհոն զրուցատեղի էր գալիս սրինգը ձեռքին, ամեն անգամ սրինգը ձեռքին ... նստում էր ճրագի տակ, ամէն անգամ նոյն տեղը, սրինգը մեկնում ծնկներին եւ լուռ ծխում»:
,,,,Սասնայ ազգագրութեանը նուիրուած աշխատութիւններում (Պետոյեան Վ.Ա., Կարապետեան Ե.Կ.) հովւական փողը` սրինգը, միակ նուագարանն էր, որով ժողովուրդը ուղեկցել է իր խմբապարը: Այնուհետեւ խորհրդային տարիներին այն փոխարինւում է զուռնայով, որի նուագն ու պարեղանակը հասնում են Կրեմլ:
*
**
,,,,Աւագ սերնդի ներկայացուցիչների վկայութեամբ` լինէր կնունք, ծնունդ, թէ հարսանիք. սրինգ էին հնչեցնում: Թաղման ժամանակ, երբ քահանան լռում էր, հնչում էր սրնգային փողը: Սասունից գաղթած կաքաւաձորցի սրնգահարի որդի Վաղինակ Մուրադեանի (1929-2004) բանաւոր վկայութեամբ, 1947 թ. Առուճի (նախկինում` Թալիշի) եկեղեցին վերականգնելու նպատակով, շրջակայ տարածքից գաղթականների աճիւնները տեղափոխելիս, հանգուցեալի մարմնի հետ` որպէս սրբազան մասունք, յայտնաբերվել է հովւական սրինգ=փող: Այն չէր քայքայուել, քանի որ պատրաստելիս կրով եւ ձէթով յատուկ մշակած է եղել: Իր նախնիներից ծերունի Վաղինակը լսել է, որ մշեցիների «ամենամեծ ուխտավայրըՙ Մարութայ սարն էր: Էնտեղ նուագում էին մենակ սրինգ, ուրիշ գործիք չկար, եւ քրդերը մասնակից էին մեր ուրախութեանը»: Սրնգային փողի ձայնին մարդիկ ենթարկւում էին, ինչպես Աւետարանին, իսկ քահանան ասում էր. «Փողփուչի թեւը դալար միշտ կմնայ»: Տղամարդկանց համար բաղձալի պահ էր «Յար խուշտան», «Վեր վերին», «Քոչարին»` սրնգի նվագի տակ, եւ սրինգը սրնգահարի ձեռքերում «հալչում էր»: Տղամարդիկ իրենց խրոխտ, բոցաշունչ պարն են պարել Էրզրումցի գաղթականի շառավիղ` սրնգահար Կարապետ Դավաեանի (1910-1966) հովւական փողի=բլուլ=սրինգի նվագի տակ, սրնգի նուագով անցկացրել երեկոները օդայում: Իսկ սրնգահար մշեցի Մգրոն, Աւան գյուղի հարեւանութեամբ, բարձունքներում սփռուած Խնուսիկ (նախկին` Ղոյթուռ) գիւղից իջնում էր Բիւրական` Կոմիտասի սրինգները պատրաստող վարպետ եւ սրնգահար բիւրականցի Չիլինգար-Գրիգորին էր յանձնում վերականգնելու իր հզօր շնչից ճաքած սրինգը, որի հնչիւնը մեկ-մեկ, ինչպէս հաղորդում են, «եկեղեցու զանգի էր նման»[-վում]: (Ո՞ւր են մեր սրնգահարները, ո՞ր հեռավոր երկրում ....)
,,,,Տարագիր (ծնունդով խարբերդցի) Համաստեղի «Հայաստանի լեռներու սրնգահարը» ստեղծագործութեան մեջ, հրաշքով Հայոց լեռները, «ոսկեսար Ալագեազը« հովւական փողի նուագի ազդմամբ տեղափոխում են հեռաւոր Ամերիկա` երկրի ժողովրդի հետ տարագրուած հոգիների հետ: «Վարպետ սրնգահարի»=«ղավալ բռնողի» հովւական նվագը կարող էր գետի հոսանքը կանգնեցնել, նրա նուագով ծառերը, թփերը լեզու էին առնում: «Սրնգի ձայնը գալիս է քարերից. ծառերից, նոյնիսկ միջատներից, երգը գալիս է ամէն կողմից»: Նուագի հնչյունը մտնում է մարմնի մեջ, առաւել ցանկալի դառնում, քան երկրի փառքը եւ բարիքները: Համաստեղի հերոսներից մեկը պիտի ասի. սա կամ երկնքից իջած երաժշտութիւն է, կամ` Հայաստանից:
,,,,Ծնունդով Երուսաղեմից Ժ. Ս. Յակոբեանի «Կոմիտաս` սրինգ երգարած» քերթուածում լսւում է. «Երգերի մէջ ծովի պէս հնչող ամբողջ Նաիրին»: Քուրդ գրող-ազգագրագէտ Ամինէ Ավդալը (1906, Կարսի մարզ - 1964, Երեւան) գրելու է Կոմիտասի մասին, որ վշտի եւ խնդութեան «մեծ սրնգահար»-ի երգը. «Ձայնն է կեանքի եւ յաւիտենութեան»: («Արեւ», Կահիրէ, 1959) :
,,,,Մխիթարյան հայրերից մեծանուն հայագէտ Ներսէս Ակինեանը անուանի ձեռագրագէտ հայր Յակոբոս Տաշեանի մասին գրում է. «Մեծ ու հոյակապ բանասէր Յակոբոս Տաշեանը կարճահասակ էր, բայց երբ կը նուագէր (իսկ նա ընտիր սրնգահար էր), կը թուար, թէ նրա կծկուած մարմինը բացւում ու երկարում էր»:
,,,,Միջնադարեան հայ մանրանկարիչը, պատկերելով փողահար= սրնգահար հրեշտակ կամ հովիւ, պատկերացրել է կոմիտասեան-բակունցեան հովւական փողի=սրնգի տեսակը, որի պատկերը տարբերւում է դուդուկի=նայի պատկերից: Միջնադարյան հեղինակները, մարգարէանալով «փող= սրինգ= բլուլ» նուագարանի մասին, նոյնպես տուել են այդ հոգեթափանց նուագարանի նկարագիրը` զերծ պահելով մեզ ամենայն շփոթմունքից: Յիշատակենք միայն պատմահայր Մովսէս Խորենացու անունը:
,,,,Նշենք, որ արդի հրատարակութիւններում. մասնագիտական, ակադեմիական, նուագարանագիտական, հանրագիտարանային բնոյթի աշխատութիւններում շնչական միափող նուագարանները, որոնք կնշուեն ստորեւ, բաժանվում են 3 ընտանիքի.
,,,,1. ՍՐՆԳԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ. օրինակ` հայկական ՍՐԻՆԳ=ԲԼՈՒԼ= ՓՈՂԸ: Այն երկու ծայրից բաց, պարզ փող է, սուլելու եղանակով օդը մղւում է փողից ներս եւ հնչիւնը ծնունդ է առնում կենդանի շնչի եւ փողի հպումից: «Փողը ձայնում է ամենաբարակ շնչով անգամ», գրում է Կոմիտասը:
,,,,2. ԲԵՐԱՆՈՑՈՎ, ՇՐԹՆԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ. օրինակ` ՇԵՓՈՐԸ: Այն ունի թասիկանման` ձագարաձեւ բերանոց, կցւում է փողին=իրանին, որպես յաւելադիր մաս, հնչիւնը առաջանում է թասիկանման բերանոցին սեղմված նվագողի շուրթերի տատանումից:
,,,,3. ԼԵԶՈՒԱԿԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔ. օրինակ` ԴՈՒԴՈՒԿԸ: Այն ունի լեզուակ, որը կցւում է փողին=իրանին, որպես յաւելադիր մաս: Այդ լեզուակը պատրաստւում է եղեգնակից, որի մասնակի ճեղքումով ստացվում են զոյգ եղեգնաթիթեղներ, եւ այդ եղեգնաթիթեղների տատանումից է առաջանում հնչիւնը, որը տարբեր է սրնգային փողի հնչիւնից:
,,,,Կոմիտասը լեզուակային նուագարանը եւ առանձնակի` «դուդուկը» կոչում է «նայ»: Արդեօ՞ք նա նկատի է ունեցել այն բուն հայկական «նայ» բառարմատը, որ նշանակում է «խոնաւ, թաց» (կատարողի խոնավ շնչից դուդուկ=նայի լեզուակը թրջւում է եւ լարուածքից ընկնում, ուստի այն փոխարինւում է մեկ ուրիշ լեզուակով), իսկ միգուցէ Կոմիտասը նկատի է ունեցել պարսկերէն-թուրքերեն «նայ»-ը, որ նշանակում է նաեւ «եղէգնակ», որից եւ պատրաստւում է «դուդուկ=նայ»-ի լեզուակը: Այս մասին մենք տուեալներ չունենք: Սակայն Կոմիտասը զոյգ լեզուակ ունեցող նուագարանները (մասնաւորաբար` դուդուկը, զուռնան) համարել է օտար ժողովրդական երաժշտական լեզուամտածողութեանը:
,,,,Նուագարանագիտական հանրագիտարանում զոյգ լեզուակ ունեցող դուդուկ-նայի տեսակի նուագարանների մասին հաղորդւում է, որ դրանք ստեղծուել են աւելի ուշ, եւ հնչերանգը, ձայնածաւալը` սահմանափակ են, որի հետեւանքով դրանք հետագայում դուրս մղուեցին եւ փոխարինուեցին «առավել զգայուն նուագարաններով»: Ձայնագիտութեան ոլորտում կատարուած ուսումնասիրութիւնները նոյնպես ցոյց են տալիս, որ մի ծայրից փակ նուագարանի դէպքում խամրում է իր հնչիւնային գունապնակի մի զգալի մասը:
,,,,Հայ նուագարանագիտութեան հիմնադիրներից Արամ Քոչարեանը լեզուակային դուդուկին տուեց նոր անուն` «գլանափող«, «սրինգ» բառը վերապահելով բացառապէս սրնգային ընտանիքին (ի դեպ, սրնգայիններից` «շուին» թուրքերէն կոչւում է «դուդուկ», ռուսերեն` «դուդկա», այն է` «սուլիչ», «շուի», իսկ «դուդուկչի» թուրքերեն նշանակում է շուիահար, շուի պատրաստող-վաճառող, սուլոց` սուլելով ազդանշան տալ): Համաձայն ակադեմիական մասնագիտական հրատարակութեան, դուդուկ = նայ = գլանափողը` «փակ շէնքի կատարման համար» է: «Գլանափողը զուրկ է օբերտոնային միջոցներից»,- գրում է Ա. Քոչարեանը եւ նշում, որ «դուդուկ= գլանափողով հնչող մեղեդիները «հեռու են այն հեքիաթայնութիւնից ու թովչութիւնից, որով օժտուած է հրաշագործ սրինգը: Սրինգն աւելի է ներգործում, երբ ունկնդրի միտքը պայծառ է»:
,,,,Սրնգային փողին, ինչպէս նշւում է նուագարանագիտական հանրագիտարանում, «քարէ դարից եւեթ վերագրուել է խորհրդաւորական (միստիկ) բնոյթ»:
,,,,Եւ այսպէս, ի՞նչ խորհուրդ ունի «եղեգան փող»-ը Մովսէս Խորենացու կողմից բերուող «Վահագնի ծնունդ»-ը նկարագրող դրուագում: Ակնյայտ է, որ «եղեգան փող»-ը երկու ծայրերից հավասարապէս բաց է երկնքի եւ երկրի, ծովի եւ օդի համար, նրանից եւ ծնունդ է առնում բոցեղէն էությունը: ,,,,Միջնադարեան մի աղբիւր հաղորդում է` վերհանելով մի դրուագ Սբ Սահակի եւ Սբ Մեսրոպի աշակերտներ «արեգակնակերպ Մովսէսի (Խորենացու) եւ Դաւթի» վերաբերեալ, որոնք վերադառնալով Հայոց աշխարհ, այն աւերված տեսնելով, լալիս էին, եւ չգտնուեց մեկը, որ կարողանար մխիթարել նրանց. «Ահա փողք հնչողականք,- գրում է հեղինակը,- եւ ոչ ոք էր որ հարկանէր ...»: Ուշագրաւ է, որ բառարանագիտական տուեալների համաձայն, հայոց բարբառներից մեծ մասում «փող» բառը նշանակում է` «խողովակ, փողոց, միջանցք, շնչափող», նաեւ` «սրինգ»: Միջնադարեան հայրաբանական գրականության էջերում սրինգի=փողի խորհրդական իմաստն է` մարգարէ, մարգարէանալ: Ուստի վերը նշուած հատուածը ընկալելի է թէ՛ ուղիղ եւ թէ՛ փոխաբերական իմաստով:
«Ծիրանի փայտ», «ծիրանափող» եզրերը` հասկացութիւնները ոչ վաղ անցեալ ունեն: Սակայն ակնյայտ է, որ հայոց մեծերը կեանքի բերելով «ծիրանափող» հասկացութիւնը, պատկերացրել են կոմիտասեան սրնգային փողի տեսակը:
,,,,Վերադառնալով «եղեգան փող»-ին, նշենք, որ Կոմիտասի նուագարանից` եղեգնեայ փողը, նոյնպես երկու ծայրից բաց, առանց լեզուակի փող=սրինգն է:
,,,,Նոյնանման մի եղեգնեայ սրնգային փող Սիրիայում, մի ճերմակահեր սիրիահայ` Սարգիսը, նուիրելով Նորայր Ժամհարեանին, խնդրում է թոռանը` իր գաղթական վանեցի պապից մնացած միակ յուշը` այն նուագարանը, որը մահանալիս նուիրել էր իրեն, վերադարձնել հայրենիք: Այժմ այն պահպանւում է Երեւանի պետական կոնսերվատորիայում:
,,,,Իսկ այսօր մենք արդեօ՞ք ի զորու ենք պաշտպանելու մեր նահատակ եկեղեցու եւ նահատակ Կոմիտասի ժառանգութիւնը, որը մինչ իր կեանքի վերջը (1935 թ.) իր վրայից չհանեց հայ հոգեւորականի սքեմը: Որեւիցէ կասկածից վեր է այն, որ իւրաքանչիւր ազգ ունի ընդամենը մեկ մայրենի լեզու, ուստի եւ այդ լեզուի համեմատ հնչիւն` թէ՛ խօսքի, թէ՛ երգի, թէ՛, հասկանալի է, նուագարանի, քանի որ այն ազդու միջոց է հնչիւնի որակը ձեւաւորելու հարցում: Համաձայն Կոմիտասի, հնչիւնը` «զարկերակը», ճշգրիտ հոգին է երգի: Նոյնական են ժողովրդի լեզուն եւ երգը, «այնպես որ իրարից բաժանելն անհնարին է», քանի որ, ինչպէս նշում է նա, խօսքը դանդաղեցնելով ստանում ենք երգ, երգը արագացնելով ստանում ենք խօսք: Ելնելով նշուած դրոյթից, որը նա խիստ կարեւորում է, կարելի է հասկանալ եւ հիմնաւորել Կոմիտասի հետեւեալ դրոյթը. «...Բոլոր ազգերն ալ` իբրեւ ազգային նուագարան` մէկ գործիք մը միայն կ՛ունենան ընդհանրապէս: Հայոց մէջ այդ ազգային նուագարանը փողն է, որ, պէտք է անգամ մըն ալ կրկնեմ, խորունկ ազդեցութիւն գործեց բոլոր համաժողովականներուն մէջ, իր պարզութեան մէջ պարփակուած վեհութեամբ»:
,,,,Այս տեսակէտը նա յայտնեց միջազգային գիտաժողովից (Փարիզ, 1914 թ.) վերադառնալուց յետոյ, ուր նա գրաւել էր բոլորի ուշադրութիւնը` չունենալով եւ ոչ մի ընդդիմախօս: Այնտեղ հաւաքուել էին համաշխարհային ճանաչում գտած անուանի գիտնականներ, երաժշտագէտներ, արուեստագէտներ: Նրանցից մի մասի համար հայ երաժշտութիւնը ոչ միայն նորութիւն էր, այլեւ` «ապշեցնող նորութիւն», լոյս, սակայն ոչ թէ կիզող արեգակի, այլ` երկնային:
,,,,Ուստի հարց է առաջանում` նուագարաններից ո՛րը կարող է դառնալ ժողովրդի հոգու իրական արտայայտիչը, ներընդունել, բովանդակել լեզուի եւ երգի հնչիւնի բոլոր նրբերանգները` ողջ գունապնակը: Պատահական չէ, որ Կոմիտասը բլուլ= ծիրանափող= սրինգ նուագարանով է կատարում հոգեւոր եւ ժողովրդական երգերը` ներկայացնելով առանձնայատկութիւնները հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտութեան, որոնք նա համարում է նույն արմատից, նոյն ակունքից բխող, շատ վաղուց` քոյր եւ եղբայր:
,,,,Կոմիտասի տեսակէտը յստակ է. նա գտնում է, որ ժողովրդի նուագարանը կարող է լինել եւ հանդիսանալ որպէս այդպիսին` սրնգային ընտանիքի նուագարանը, այն ընտանիքի, որն ունի ժողովրդի հոգու եւ սրտի չափ անհուն խորութիւն, անսահման բարձրութիւն եւ լայնութիւն: ,,,,Այսպիսով, Կոմիտասին յաջողվում է պատասխանել խնդրայարոյց եւ դժուարին հարցի, որը ուղղել է ուսումնասիրողի հայեացքը դէպի Շումեր, Հին Եգիպտոս, Հին Հնդկաստան, Եգէեան (Կրետէ-Միկենեան) Յունաստան:
,,,,Ուստի, կարծում ենք, եկել է ժամանակը` մեր հոգու թարգման նուագարանի` կոմիտասեան սրնգի վերաարժեւորման` խթանելով նրա ընթացքը, որպէս մեզանում անհետացող նուագարանի տեսակ, սրնգային մշակոյթին տալով այնպիսի զարգացում, որպիսին ստացավ դուդուկ=նայը մերօրեայ իրականութեան մեջ, որպէսզի Կոմիտասի յոբելեանը նշուի այսուհետեւ ոչ թէ դուդուկ=նայով, այլ` կոմիտասեան փողով=սրինգով, որպէսզի մշակոյթ-artexpo-ի գէթ մեկ տաղաւարում ցուցադրուի գէթ մեկ նմոյշ հինավուրց բուն հայկական` կոմիտասեան փողի տեսակի եւ հայը շփոթելու չլինի լեզուակային դուդուկ=գլանափող=նայը կոմիտասեան փողի= սրնգի= բլուլի= «ծիրանափողի»= «եղեգան փողի» հետ:
,,,,Ծանօթ Տիգրիսի.
ناي «Նայ» կոչւում է փողային մի նուագարան (սրնգային ընտանիքից), արաբական երաժշտութեան շրջապատում, որ եղէգից է պատրաստւում եւ երբեմն լինում է զոյգ:
