Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Աբիկ Աւագեան

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Աբիկ Աւագեան

    ԱԲԻԿ ԱՒԱԳԵԱՆ
    (1919 − 1983)
    ,,,
    ,,,Արձակագիր: Ծնած է 1919 Սեպտեմբեր 14-ին՝ Թեհրան: Յաճախած է տեղւոյն հայկական նախակրթարանը: Միջնակարգ կրթութիւնը ստացած է քաղաքի Ամերիկեան կոլեջը: Այնուհետեւ ընդունուած է Իրանի Ռազմաօդային Ուսումնարանը (1939): Մինչեւ 1941 թուականը կը ծառայէ իբրեւ օդաչու: 1946-ին կը ներգաղթէ Սովետական Հայաստան: 1957-ին՝ կ’աւարտէ Մոսկուայի գրողներու Միութեան առընթեր Գրական Բարձրագոյն Դասընթացքները: 1959-ին կը նշանակուի Հայաստանի Գրողներու Միութեան խորհրդական: Պարգեւատրուած է Պատուոյ Նշան շքանշանով:
    ,,,Վախճանած է 1983 Յունուար 25-ին՝ Երեւանի մէջ
    ,,,Աւագեանը գրած է միայն արձակ՝ պատմուածք, վիպակ, վէպ: Իր գործերը թարգմանուած են ռուսերէնի եւ այլ լեզուներու:
    ,,,Գլխաւոր գործերը եւ ժողովածոները.— Վաղը, Հարուած, Շիկացած Հող, Նազելի Դալարեան (վէպեր). պատմուածքներու ժողովածոներ՝ Բենդ Գիւղի Վերջին Մարդը, Հարաւային Տենդ, Եղել է Չի Եղել:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Աբիկ Աւագեան

    ԿԱՐՕՏ
    ,,,
    ,,,
    ,,,Մեր մոլորակի վրայ թերեւս Դեզֆուլից աւելի վատ քաղաք չկայ: Կարծես արար աշխարհ կեղտը բերել, կուտակել էին այնտեղ: Փողոցները նեղ էին ու ոլորապտոյտ. այդ փողոցներով գնում էին մարդիկ, որոնք նման էին անդրշիրիմեան ուրուականների:
    ,,,Երեք օրով ինձ ուղարկել էին այդ գիւղաքաղաքը: Անյայտացել էին ամերիկեան երկու «Ստուդեբեկկեր» զինւորական բեռնակառքեր. դրանք անյայտացել էին ոչ միայն բեռնուած կիտրոնի փոշու պահածոներով, մօտաւորապէս տասներկու հազար պահածոյ, բեռնակառքերն էլ էին անյայտացել, դրանց սեւամորթ վարորդն էլ:
    ,,,− Ես գիտեմ, որ այդ գործից գլուխ չէք հանի,− ասաց իմ գլխաւոր պետ, ամերիկեան բանակի գնդապետ Սնելկրովը,− ձեւակերպեցէք մի որեւէ գրութիւն եւ վերադարձէք: Մեր բանակայիններից ութ հոգի ունենք այնտեղ, դրանց պետը մայոր է, մայոր Գրինը:
    ,,,Գնդապետ Սնելկովը մի կում վիսքի խմեց եւ զայրացաւ.
    ,,,− Տեխասից, Հոնոլուլուից, ես ինչ գիտեմ էլի ո՞ր գրողի ծոցից մարդկանց պոկել են եւ բերել, նստեցրել են Դեզֆուլ,− ճչաց նա,− դրանք ոչ թէ երկու «Ստուդեբեկկեր», երկու հազար մարդ կուլ կը տան, վրայից ջին կը խմեն եւ կը կորցնեն հետքերը:
    ,,,Օգոստոս ամիսն էր: Կէսօրից յետոյ հասայ Դեզֆուլ: ինձ ոչ ոք չէր սպասում: Դուռն ինքը՝ մայոր Գրինը բաց արեց. ես նրան ցոյց տուեցի հրաման-գրութիւնը. բացատրեցի որ այդ անիծուած երկու բեռնակառքերի գործով եմ եկել:
    ,,,Ծիծաղեց մայոր Գրինը, ափով խփեց մէջքիս ու ներս տարաւ:
    ,,,Ընդարձակ սենեակ էր: Լայն պատուհաններին խսիրներ էին կախել: Դրանց վրայ սեւլիկ կատարածուն շարունակ ջուր էր ցանում, իբր թէ շոգը կոտրելու: Այդ ընդարձակ տարածութիւնը նրանց ե՛ւ գրասենեակն էր, ե՛ւ կաբարէն:
    ,,,−Ծանօթացէք հերոսներին:
    ,,,«Հերոսները» երեք հոգի էին, նրանք նստել էին ծղօտէ ճօճաթոռներին: Դատարկուած շշերին հաշիւ չկար: Ծանօթացանք: Յետմիջօրէի տապն ու խմիչքը նրանց դուրս էր բերել մարդկային կերպարանքից: Երիտասարդ մի սերժանտ փորձեց ինչ-որ բան ասել, մայորը նրան կանխեց.
    ,,,− Հեյ Բոբ, վեր կացէք ու գնացէք մի փոքր հանգստանալու, թարմանալու, գիշերն ախր հիւրեր ունենք, գրողը տանի, այդպիսի մռութներո՞վ պիտի նրանց դիմաւորենք: Հայդէ, մարշ:
    ,,,Սերժանտը լեզուն պտտեցնելով ինչ-որ բան թոթովեց, որ ոչ ոք նրան չհասկացաւ: Յետոյ նրանք երեքը միմեանց թեւանցուկ արեցին ու օրօրուելով, երգելով գնացին:
    ,,,Մայոր Գրինը շատ աւելի զգաստ էր: Նա թղթերի մի դէզ դրեց սեղանին, ինձ հիւրասիրեց «Քոքա-քոլա»ով եւ ասաց.
    ,,,− Ահա, խնդրեմ, ծանօթացէք: Սրանք բոլորն այն տեղեկութիւններն են, որոնք մենք կարողացել ենք ձեռք բերել այդ (նա փողոցային հայհոյանք շպրտեց) երկու անյայտացած հրեշտակների մասին: Իսկ ես մի փոքր կը ննջեմ, ներեցէք:
    ,,,Ամբողջ մեկ ժամ ես աչքի անցկացրի այդ գրութիւններն ու ոչինչ չհասկացայ: Խառնաշփոթ պատմութիւն էր: Ծանօթացայ բոլոր տեղեկագրերին, ու այդ խճողուած, մեկը միւսին չհամընկնող, իրար հակասող գրութիւնների խորքում այնումենայնիւ զգացի որ տեղի է ունեցել խորամանկ ու մի մութ գործարք:
    ,,,Մեկ ժամ փնչելուց ու խռմփալուց յետոյ մայոր Գրինն արթնցաւ, նստեց հնամաշ գահաւորակին եւ բութ, ոչինչ չարտայայտող աչքերն ինձ յառեց: Ես ժպտացի: Թերեւս նոր յիշեց, որ գնդապետ Սնելկրովն ինչ-որ մարդ է ուղարկել՝ անյայտացած կառքերի գործով զբաղելու, որովհետեւ ինքն էլ ժպտաց:
    ,,,− Սատանան էլ գլուխ չի հանի այս գործից,− ասացի:
    ,,,− Թքած: Շոտլանդական վիսքի ունեմ, թաքցրել եմ մեր այս եօթը հրէշներից:
    ,,,Նա ինչ−որ խորշից հանեց փոշոտուած շիշը: Նստեցինք դէմ-դիմաց: Մի որոշ ժամանակ լուռ ծխեցինք:
    ,,,− Գնդապետ Սնելկրովը յանձնարարեց մի որեւէ գրութիւն ձեւակերպել,− ասացի,− դիմում եմ ձեր օգնութեանն ու խորհրդին, մայոր, ինչպէ՞ս ձեւակերպել: Սատանան տանի, ինձ համար միեւնոյնն է՝ երկու բեռնակառք է անյայտացել, թէ երկու ռմբակոծիչ:
    ,,,Մայոր Գրինը դէմքը թթուեցրեց եւ ինձ շատ անկեղծ ու շատ համոզիչ բան ասաց.
    ,,,− Գիտէ՞ք ինչ, սիրելիս, եթէ այդ կողոպուտի մէջ խառը լինէր նաեւ իմ մատը, հիմա ես ձեզ կը շողոքորթէի, կը հիւրասիրէի այնքան վիսքիով, որ դուք դրանով կը կարողանայիք լոգանք կատարել: Դժբախտաբար իմ մատը հեռու է եղել այդ գործից: Ինչո՞ւ եմ ասում «դժբախտաբար», որովհետեւ պատառը կարգին իւղալի է եղել, կիտրոնի փոշու տասներկու հազար պահածոյ...Պատկերացնո՞ւմ էք՝ ինչ գանձ է: Օտար մոլորակից չեմ իջել այստեղ, երբ յարմար առիթ է լինում, ես էլ, ինչպէս ասում են՝ պակաս չեմ գայթակղում: Եւ ոչ միայն ես... Ամիսը մեկ-երկու անգամ թարմանալու համար հարկ է լինում գնալ Թեհրան, այնտեղ կաբարէներ, չքնաղ պարսկուհիներ, առատ կերուխում, իսկ այդ բոլորի համար հարկաւոր է ա՜յ սա,− նա բթամատն ու ցուցամատը շփեց իրար,− հասկանո՞ւմ էք:
    ,,,Լա՜ւ էի հասկանում:
    ,,,− Վերադարձէք ձեր գնդապետ Սնելկրովի մօտ,− այնուհետեւ ասաց նա,− եւ զեկուցէք. այլեւս չխօսենք այդ գրողի տարած «ստուդեբեկկեր»-ների մասին: Ինձ արդէն ձանձրացրել է այդ գործը: Վերջապէս անհեթեթութիւն է հետապնդել մի կողոպուտ, որը ոչ միայն կերուել, այլ նաեւ մարսուել է: Անուշ լինի նրանց:
    ,,,Ինձ դուր եկաւ լաւ դիմագծերով այդ մարդու անկեղծութիւնն ու անմիջականութիւնը:
    ,,,− Դուք ազգութեամբ Պարսի՞կ էք,− անսպասելի հարցրեց:
    ,,,− Ոչ, ասացի:− Հայ եմ, քրիստոնեայ:
    ,,,Նա ծիծաղեց.
    ,,,− Ուրեմն հիմա երկրորդ Հայն էք այս գեհենում: Մի հայրենակից էլ ունէք աստեղ:
    ,,,− Չի կարող պատահել,− զարմացայ,− Դեզֆուլում Հա՞յ:
    ,,,− Այո, Դեզֆուլում: Չգիտենք՝ ի՛նչ է անունը, մենք նրան պարզապէս Փափ են կոչում: Փոքրիկ ճաշարան ունի՝ մի քանի սեղաններով, խմիչքների պահարանով, խոհանոցով, որտեղ խոհարարն ընտիր խորոված է պատրաստում, մի խօսքով՝ լաւագոյն ճաշարանն այս ճահճուտում: Այդ բոլորը լաւ է եւ հասկանալի: Տարօրինակն ահա թէ որտեղ է. նրա ճաշարանի դուռն ամէն օր բաց է, բայց միշտ չէ որ Փափը յաճախորդ է ընդունում: Երբ նա նստած է լինում դռան մօտ, թերթը ձեռքին, այդ նշանակում է, թէ՝ «Մարդ չենք ընդունում». «ինչո՞ւ, Փափ»,− հարցնում ենք, դժուարութեամբ իրար է գցում անգլերէն բառերը եւ չոր պատասխանում. «Տրամադրութիւն չկայ, ես հիմա մտածում եմ»: Մեկ անգամ մենք գնացինք նրա մօտ: Նստել էր ծղօտէ աթոռին ու թերթով հովհարում էր դէմքը: Ամբողջ օրը ձանձրոյթից մենք «տայս» էինք խաղացել, ես կարգին պլոկել էի մեր եօթնեակին ու, պարզ է, տարել էի այնտեղ հիւրասիրելու: Տեսնելով Փափին մուտքի մէջտեղում՝ հասկացայ որ նորից տրամադրութիւն չունի յաճախորդ ընդունելու, որովհետեւ մտածում է: Եւ չընդունեց: «Փափ,− դիմեցի նրան−, եկէք այսօր բացառութիւն արէք, մենք ձեզ կը վճարենք կրկնակի, ուզո՞ւմ էք՝ եռակի»: Ես գրպանիցս հանեցի ճմրթուած թղթադրամների մի ամբողջ կոյտ: Փափն օձից խայթուածի պէս ցատկեց տեղից ու ճչաց. «Թքաց, փողն ինձ համար նոյնն է, ինչ աղբը, շան լափը»: Մեր խումբը տխուր հեռացաւ, բայց ես վերադարձայ նրա մօտ: «Ներեցէք, Փափ, ասացի, որ ձեզ զայրացրի»: Նա ձեռքն արհամարհաբար թափահարեց. այդ նշանակում էր թէ՝ ոչինչ, գնացէք: Բայց ոտքս կախ գցեցի: Ես շատ եմ հետաքրքրուել այդ մարդու ներքնաշխարհով, շատ եմ ցանկացել, ինչպէս ասում են, պրպտել այդ գէր, տգեղ մարդու հոգին. «Փափ, հարցրի,− ներեցէք, դուք շէն շնորհքով քաղաքները թողել, եկել այս գրողի տարած հնոցում ճաշարան էք բաց արել ու յաճախորդ էլ չէք ընդունում, փող չէք սիրում, հապա ի՞նչ էք ուզում այս աշխարհից»: Փափն ինձ չկամութեամբ պատասխանեց. «Այն, ինչ ուզում եմ այս աշխարհից, դուք ինձ չէք կարող տալ»: Եւ ձեռքը նորից թափահարեց, այսինքն՝ գնացէք:
    ,,,Մայոր Գրինը ծծեց շոտլանդական վիսքին ու ժպտաց.
    ,,,− Ինձ այդպիսի մարդիկ դուր են գալիս: Ես ստոյգ չգիտեմ թէ նա ի՞նչ է ուզում այս աշխարհից, բայց չեմ կասկածում որ այն, ինչ ուզում է, իր համար բարձր է ճաշարանից էլ, փողից էլ, աշխարհից էլ:
    ,,,Արեւն սկսել էր իջնել, երբ ես հրաժեշտ տուեցի մայորին ու իջայ փողոց:
    ,,,Ասացի որ մեր մոլորակի վրայ թերեւս Դեզֆուլից աւելի վատ քաղաք չկայ: Արեւն այնտեղ ծծել, քամել էր ամէն մի կենդանութիւն ու թողել էր այնքան, որ միայն մահամերձների նման կարողանային շարժուել: Մի կենտրոնական փողոց ունէր քաղաքը, որը կոչւում էր «Շահփուր», մնացածը՝ կածանների նման օձագալար ճանապարհներ էին՝ զառիվեր ու զառիվայր: Հողէ տանիքներով գետնափոր տուներ՝ ծխից սեւացած լուսամուտներով: Շրջիկ վաճառողներ՝ գլխներին արմաւ լցրած հսկայ թապախներով: Խանձուած մարմիններով կիսամերկ կանայք, որոնք նորածիններին մէջքներին էին կապել ու կուժերով գնում էին՝ սատանան գիտէ թէ որտեղից ջուր բերելու: Հասարակաց դուռների մօտ նստել էին խունացած տանտիրուհիները եւ աչքները ճանապարհին՝ սպասում էին օտար քաղաքներից եկած յաճախորդներին: Ամբողջ քաղաքում թեյատներին հաշիւ չկար: Այնտեղ լուսաբացից մինչեւ ուշ գիշեր մարդիկ օփիում էին ծխումեւ ծուխը փռւում քաղաքի վրայ: Այդ թունաւոր ծխով էին վարակուած ոչ միայն երախաները, այլ նաեւ թռչունները, յատկապէս ագռաւները: Թեյատներում սովորաբար կեանքն սկսում էր աշխուժանալ երեկոները, երբ խաշխաշի դաշտերից գիւղացիները վերադառնում էին: Նրանց հետ դաշտերից ագռաւներն էլ էին վերադառնում: Մարդիկ նստոտում էին ծառերի ցանցառ ստուերներում եւ սկսում էին օփիում ծխել, իսկ պատերին շարւում էին ագռաւներն ու հարբում, թմրում այդ ծխից: Նրանք բոլորը կարծես հազար տարեկան լինէին, կամ աւելի շատ նման էին իրենց նախապապերի ուրուականներին:
    ,,,Իմ հայրենակցի ճաշարանը գտնւում էր Շահփուր կոչուող միակ կենտրոնական փողոցի վրայ: Ցուցանակը փակցուած էր մուտքի վերեւը եւ գրուած էր միայն հայերէն.
    «Գրիգոր Մանուկեանցի ճաշարան»
    եւ ներքեւում աւելի խոշոր տառերով աւելացուած.
    «Վանեցի»
    ,,,Այդ ուրախ ու տարօրինակ ցուցանակի տակ, ծղօտէ աթոռին նստել էր մի տխուր մարդ՝ տխուր գիրութեամբ, տխուր աչքերով ու տխուր ուսերով:
    ,,,Ես մօտեցայ այդ մարդուն եւ ասացի.
    ,,,− Բարեւ, հայրենակից:
    ,,,Վանեցի Գրիգոր Մանուկեանցը շեշտակի նայեց ինձ, ու ես նրա կկոցած աչքերի խորքում տեսայ մի լաւ, փաղաքշական ժպիտ:
    ,,,− Յաճախորդ ընդունո՞ւմ էք,− հարցրի:
    ,,,Նա բարձրացաւ, մուտքից վերցրեց աթոռը եւ ասաց.
    ,,,− Համեցիր:
    ,,,Մայոր Գրինն իրաւացի էր. Դեզֆուլի նման կեղտոտ, անպէտք գիւղաքաղաքում զարմանալի էր տեսնել այդպիսի մաքուր, անդորրաւէտ անկիւն:
    ,,,Մենք լուռ նստեցինք դէմ-դիմաց: Նա ինչ-որ մեկին կանչեց.
    ,,,− Հեյ, Ֆաթիհ:
    ,,,Եկաւ սպիտակ գոգնոցով մի թուխ կին. դա ճաշարանի միակ մատուցողն էր:
    ,,,− Ալիին ասա՝ թող խորոված պատրաստի, յետոյ մեզ գինի բեր, գնա՛ ներքեւից բեր, ի՜մը, կարմի՜րը:
    ,,,Պատին վրայ ընդամէնը մի նկար կար կախուած, խոշոր մի կտաւ, որի վրայ ինչ-որ անշնորհք մի նկարիչ փորձել էր իւղանկարել Սիփանայ սարը:
    ,,,Գրիգորը լուռ էր, ինձ չէր նայում, նայում էր ծխախոտի ծխին: Փորձեցի խօսակցութիւն սկսել եւ ասացի.
    ,,,− Ամերիկեան զինւորների գրասենեակում իմացայ որ այստեղ մի հայրենակից ունեմ:
    ,,,Եւ աւելացրի.
    ,,,− Շատ ուրախ եմ:
    ,,,Նրա աչքերը նորից ժպտացին:
    ,,,Մատուցող կինը մեզ սեւին տուող գինի մատուցեց, իսկական «Շահանի»՝ թանձր եւ ծորուն: Գրիգորը խմում էր կաւէ փարչով եւ լռում էր:
    ,,,Երկրորդ շշից յետոյ արեւից թխացած նրա դէմքն աւելի թխացաւ, եւ ժպիտը աչքերի խորքից կարծես սահեց, դանդաղօրէն իջաւ շրթունքներին:
    ,,,Ճաշարանի մօտ զինւորական մի բեռնատար կառք կանգնեց, ներս մտան մի սեւամորթ եւ երկու ամերիկացի զինւորներ: Զինւորներից մեկը ծիծաղելով հարցրեց.
    ,,,− Հելլո, Փա՛փ, այսօր յաճախորդ ընդունո՞ւմ էք:
    ,,,− Չե՛մ ընդունում,− թնդացրեց Գրիգորը,− տրամադրութիւն չկա՛յ, ես հիմա մտածո՜ւմ եմ:
    ,,,Ճայթեց երեք զինւորների ծիծաղը, եւ նրանք այդպէս ծիծաղելով էլ գնացին: Յետոյ ճաշարանատէրը մատուցողին կարգադրեց.
    ,,,− Ֆաթիհ, աթոռը դիր այնտեղ, թող մարդ ներս չմտնի:
    ,,,Խոհարարն ինքը բերեց խորովածը: Գրիգորը նրան առաջարկեց նստել, մատուցող կնոջը՝ Ֆաթիհին էլ առաջարկեց նստել մեզ հետ: Ինչ-որ անկիւնից դուրս եկաւ դարչնագոյն, կարճ ոտքերով մի շուն եւ յօրանջելով ու մարմինը քաշքշելով եկաւ ձգուեց տիրոջ ոտքերի մօտ:
    ,,,Ճաշարանատէրը զարմանալի կերպով լռում էր, եւ այդ լռութիւնն ընկճում էր ինձ: Վերջապէս ես հարցրի.
    ,,,− Հայրենակից, դու այսլայնարձակ երկրում հաստատուելու համար էլ տեղ չգտա՞ր:
    ,,,Գրիգորը շատ ուշ պատասխանեց. նա ասաց.
    ,,,− Վանից յետոյ, երիտասարդ, ինձ համար միեւնոյն է թէ որտեղ կը հասնեմ՝ Դեզֆուլ, Շիրազ, թէ Փարիզ, թքա՜ծ:
    ,,,Իմ կեանքի ճանապարհին ես շատ եմ հանդիպել իրենց հայրենիքից ու ծննդավայրից տեղահան եղած մարդկանց, շատ եմ լսել յաթաղանների, հրկիզուած գիւղերի, յոշոտուած երախաների, առեւանգուած հարսերի, գաղթի անվերջանալի ճանապարհի մասին: Այդ մարդիկ վերյիշում էին, պատմում էին, սրտում կուտակուած վիշտը բաժանում էին քեզ հետ ու մի փոքր թեթեւացած՝ թողնում գնում էին իրենց գործին: Իսկ վանեցի Գրիգոր Մանուկեանցը անխորտակելի փականքներ էր դրել ինչ-որ մի տեղ, կրծքում, որպէսզի իր լեռնացած վիշտը յանկարծ դուրս չյորդի այնտեղից:
    ,,,Մենք մինչեւ լուսաբաց նստեցինք. մեզ հետ նստեցին նաեւ մատուցող Ֆաթիհը, խոհարար Ալին ու շունը, որի անունն ափսոս հիմա չեմ յիշում:
    ,,,Ես շատ ուշ իմացայ որ այդ մարդը, այդ տարօրինակ վանեցին աշխարհում ապրում է միայն նրա համար, որ կարողանայ հաւատարիմ ճորտի կամ ստրուկի պէս հոգ տանել հոգու խորքում թաքցրած իր ահաւոր վշտին, զինուած պահակի նման հսկի, որ նա այնտեղից յանկարծ չփախչի:
    ,,,Մի քանի անգամ ես փորձեցի վեր կենալ, շնորհակալութիւն յայտնել ու հրաժեշտ տալ, բայց Գրիգորը, կարծես երազից սթափուած, իրար անցաւ եւ խնդրեց որ մի քիչ էլ մնամ:
    ,,,− Ֆաթիհ, մեզ գինի բեր, ներքեւից բեր, ի՛մը, կարմի՛րը...
    ,,,Եւ նորից քա՜ր, անվերջանալի լռութիւն:
    ,,,Սկսեցի զրուցել մատուցող կնոջ ու խոհարարի հետ: Նրանց արտասանած հատուկենտ խօսքերից իմացայ որ վաղուց է ինչ աշխատում են այստեղ, ճաշարանը բացուելու առաջին օրից:
    ,,,−Ես սահաբ Գրիգորի ստուերն եմ,− ասում էր խոհարարը,− եթէ նա գնայ աշխարհի ծայրը, ես էլ կը գնամ նրա ետեւից:
    ,,,Ֆաթիհը միայն գլխով էր անում, որը նշանակում էր՝ ե՛ս էլ:
    ,,,Մի քանի ժամ շարունակ նրանք այնտեղ մեզ հետ նստել էին, բայց ես միայն նոր հասկացայ նրանց եւ տեսայ, որ ճաշարանատէր վանեցի Գրիգոր Մանուկեանցի կարօտի լեռնացած վշտով նրա՛նք էլ են վարակուել: Նրանց երկուսի դէմքերին ու աչքերի խորքում թառել էր նոյն տխրութիւնը: Ես լաւ գիտեմ հարաւի բնիկներին, նրանք բնից դեռ չհեռացած թռչունների այն ճտերին են նման, որոնց համար աշխարհը միայն իրենց տեսադաշտի ընդգրկածն է. դրանից այն կողմ ամէն ինչ վերջանում է: Խոհարար Ալիի եւ մատուցող Ֆաթիհի համար էլ աշխարհը հենց այդ կեղտոտ Դեզֆուլն էր: Նրանք չէին թափանցել դրա խորխորատները, բայց ահա նրանք, թերեւս գաղտագողի, կողոպտել էին այդ մարդու վշտից մի կտոր, եւ այդ վիշտը նրանց ստուերի պէս իրար էր կցել: Ես չեմ կասկածում՝ տիրոջ ետեւից նրանք մինչեւ աշխարհի վերջը կը գնային:
    ,,,Կէսգիշերը վաղուց անցել գնացել էր, բայց հիմա ես արդէն բարձրանալու եւ հրաժեշտ տալու պահանջ չէի զգում: Ներքին ինչ-որ բան ինձ կապել էր այդ լուռ մարդկանց:
    ,,,Այդպէս էլ վանեցի Գրիգոր Մանուկեանցը ոչինչ չպատմեց իր ծննդավայրի ու արհաւիրքների մասին, չխօսեց յաթաղանների, ջարդի, դժնդակ գաղթի մասին, այդ բոլորը սակայն ես լսեցի ու տեսայ նրա կապարէ լռութեան մէջ, նրա կկոցած աչքերի խորքում, նրա դանդաղօրէն ցնցուող ուսերի վրայ, երբ գրպանից հանեց սփռոցի նման մեծ, նախշաւոր թաշկինակը, դէմքը ծածկեց դրանով ու գլուխը կռացաւ սեղանին:
    ,,,− Հայրենակի՛ց...− ասացի:
    ,,,Խոհարարն ու մատուցող կինն ինձ կանխեցին:
    ,,,− Սահա՛բ,− շշնջաց Ալին,− մի խանգարիր, նա հիմա պէտք է լաց լինի:
    ,,,Ֆաթիհը նորից գլխով արեց, որ նշանակում էր՝ այո՛, նա հիմա պէտք է լաց լինի:
    ,,,Ես ակամայից նայեցի նրանց երկուսին եւ տեսայ որ նրանք էլ են արտասւում, արտասւում են իրենց տիրոջ նման լուռ, առանց հեծկլտոցների: Կռացայ, շոյեցի տիրոջ ոտքերի մօտ ձգուած շան փչրոտ գլուխը, ոսկորի մի կտոր վերցրի ու մօտեցրի նրա դնչին, շունը հոտոտեց, բայց չկերաւ, նայեց ինձ եւ, Աստուա՜ծ իմ, այդ նոյն ծանօթ տխրութիւնը ես տեսայ նաեւ այնտեղ, այդ ծանրօրէն թարթւող աչքերի մէջ:
    ,,,Երբ Գրիգորը հանգստացաւ ու սեղանից բարձրացրեց գլուխը, մնացած բոլորն էլ հանգստացան:
    ,,,Դրսում մութն արդէն մոխրագունել էր: Պատուհանից երեւում էին հարաւային ծառերի տապից թուլացած լայն տերեւները: Սպասւում էր հնոցային մի օր եւս:
    ,,,Ես հրաժեշտ տուեցի իմ լա՜ւ, իմ տարօրինա՛կ հայրենակցին:
    ,,,− Մնայիր, երիտասա՛րդ,− խնդրեց Գրիգորը,− կը նստէինք, կը խմէինք, կը խօսէինք:
    ,,,Ես սիրով կը նստէի նրա դիմաց ու կը լսէի նրա լռութիւնը: Այդ՝ իմաստութեամբ լցուած մի խոր լռութիւն էր, որից ոչ ոք չէր ձանձրանայ. բայց պէտք է վերադառնայի. պարտականութիւններ... Անյայտացած երկու բեռնակառք... Կիտրոնի փոշու տասներկու հազար պահածոներ... Գնդապետ Սնելկրով եւ էլի հազար ու մի անհեթեթ բաներ, որոնք ոչ մի կապ չունէին վանեցի Գրիգոր Մանուկեանցի կրծքում լեռնացած կարօտի ու վշտի հետ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •