ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ես կամ քո բոլոր հիւլէների մէջ,
Քո լոյսի շողում, քո խոտի շաղում,
Ողջ էութիւնս, հոգիս մինչեւ վերջ
Տարրալուծուած են քո լուսաբացում
Եւ մթնշաղում։
Իմ ծիծաղը կայ գինուդ մէջ կարմիր,
Ցաւս՝ սրինգիդ մեղմ հեկեկանքում,
Իմ հառաչանքն է լեռներիդ քամին
Ու խինդս, խինդս ջինջ աղբիւրներիդ
Կարկաչն է անքուն։
Դու ինձ տեսնես քո գեղջուկ որդու
Ու քո զինուորի տեսքով ամէնուր,
Ձմեռուայ բքում, ամառուայ տոթում,
Արաքսիդ ափին, Մանթաշիդ վրայ,
Քո ցուրտ սարերում։
Ես կամ քո բոլոր հիւլէների մէջ
Իմ ծնուած օրով, իմ ծնուած օրից,
Ինչ որ ունեմ՝ քոնն է մինչեւ վերջ,
Որ պտղունց-պտղունց ես քեզ եմ հիմա
Ետ տալիս նորից։
Ինձ լոկ թողել եմ վառ ու կենդանի
Քո տուած պարտքը՝ արիւնդ բոսոր,
Որ յեղելու եմ գրասեղանիդ
Եթէ, արդարեւ, քո կեանքի համար,
Պէտք լինի մի օր։
Ու մէկ էլ մի ձայն, որ ոսկեհմայ
Քո փառքը երգեմ բոլոր սէրերում,
Եւ այն էլ միայն սոխակի նման,
Որ գեղգեղում է կանաչ թփերից,
Բայց չի երեւում։



Մեջբերել