ՀԱՅ ՕՐՀՆԵՐԳՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՆԱՒՈՐՈՒՄԸ
,,,Ընդհանուր գծերով նշենք առհասարակ հայ օրհներգութեան ժանրային առանձնայատկութիւններն ու տարատեսակները։
Օրհներգը բանաստեղծութեան ու երաժշտութեան անքակտելի միասնութիւն է, սերտ փոխկապակցութիւն, որտեղ գեղարուեստի երկու հնագոյն ճիւղերը ներհիւսւում, լրացնում ու պայմանաւորում են միմեանց։ Ըստ Ն. Թահմիզեանի, «հայ պրոֆեսիոնալ երգարուեստի օրինաչափ զարգացումը, զուտ երաժշտական տեսակէտից, պայմանաւորուած է եղել՝ երգելու համար որպէս հիմք վերցուած գրական խօսքի նկատմամբ հանդէս բերուող վերաբերմունքի աստիճանական ու հետեւողական խորացմամբ»(1)։ Նոյն պահանջով ու տրամաբանութեամբ աստիճանական զարգացում է ապրել նաեւ գրական խօսքը, ուստի եւ գոյութիւն չունի օրհներգի մէջ երաժշտութեան կամ գրական տեքստի առաջնայնութեան խնդիր։ Երկուսն էլ հաւասարապէս միտուած են եղել խօսելու լսարանի հոգու եւ մտքի հետ... Այսպիսով, օրհներգը թէ՛ գրական եւ թէ՛ երաժշտական ժանր է, աւելի ճիշդ՝ երաժշտա-բանաստեղծական ժանր։
,,,Միջնադարեան շատ ու շատ ժանրերի նման օրհներգը ուղղակիօրէն չի յարում գեղարուեստին։ Այն պաշտօնական-ծիսական երգ-բանաստեղծութիւն է՝ իր առաջնային արարողական գործառոյթով, ինչը ենթադրում է խօսքարուեստի ու երաժշտարուեստի տարրերի օգտագործում՝ պաշտամունքին ի նպաստ։ Այսինքն, այստեղ գեղարուեստը միջոց է, արարողութիւնը՝ նպատակ։ Ուրիշ բան, որ այդ ժանրում ստեղծուել են բարձր գեղարուեստական գործեր, որոնք յատկապէս այսօր ընկալւում են որպէս զուտ արուեստի ստեղծագործութիւններ։ Այդպէս է անգամ երաժշտութեան ու խօսքի տարանջատման պարագայում։ Ինչպէս գրում է Մ. Աբեղեանը. «լաւագոյն հոգեւոր երգերի ընթերցումն էլ, նոյնիսկ այժմ, ազդում է, թէպէտ եւ դրանց գոյն ու թռիչք տուողը եղանակն էր»(2)։
,,,Օրհներգին յատուկ է որոշակի թեմատիկ ընդգրկում, ինչը ներառում է եկեղեցական տօներին այս կամ այն կերպ առնչուող գաղափարներ, խորհուրդներ, օրհներգող հաւատացեալի (անձի կամ համայնքի) յուզական հոգեվիճակներ, աստուածաշնչեան կամ սրբախօսական սիւժեների նկարագրութիւններ, համաքրիստոնէական եւ ազգային սրբութիւնների փառաբանութիւններ։ Այս առումով Գ. Յակոբեանը օրհներգերը (շարականները) բաժանել է երեք հիմնական խմբի. «առաջին՝ Քրիստոսի մարդեղութեան հետ կապուած շարականներ, որոնք կազմում են մեր Շարակնոցի կէսից աւելին։ Երկրորդ՝ Տիրամօր տօներին նուիրուած տարբեր շարականներ, որոնց բոլորի թիւը հասնում է մօտ հարիւրի։ Վերջապէս, ազգային եւ համաքրիստոնէական հոգեւոր հայրերին, հաւատացեալ թագաւորներին, հայրենիքի զինուորներին եւ հաւատի համար նահատակուած անհատ սրբերին վերաբերող շարականներ»(3)։
,,,Նշուած թեմատիկան պայմանաւորուած է օրհներգերի որոշակի նպատակադրութեամբ, որ է քրիստոնէական ուսմունքի տարածումը եւ բարեպաշտութեան հաստատումն ու զօրացումը։ Ըստ այդմ, օրհներգը, ինչպէս ասել է Մ. Աբեղեանը «դիդակտիկական-ուսուցողական բանաստեղծութիւն է», որը «յաճախ միաժամանակ ծառայել է ժողովրդին նաեւ դաւանաբանական ուսում տալու»՝ մեծապէս ազդուելով մեկնութիւններից(4)։ Այստեղ արդէն որոշակի են ծագումնաբանօրէն աղերսուող օրհներգերի ու քարոզների ժանրային ու գործառութային մերձութիւնը, նրանց համանման դաւանաբանական ու մեկնաբանական բնոյթը։
Տարբերակւում են նաեւ երկու մեծ խմբի՝ պատմողական (սիւժետային) եւ աղօթքային (ստատիկ) օրհներգեր։ Առաջին խմբին պատկանող երգերը «վերարծարծում ու զարգացնում են աստուածաշնչային-վարքագրական որեւէ դրուագ՝ աշխոյժ, դինամիկ, սիւժետային, երբեմն դրամատիկական տարրերով յագեցուած, ուրիշի ուղիղ խօսք պարունակող պատումով(5)։
Երկրորդ խմբին պատկանող աղօթքային օրհներգերը բովանդակում են հաւատացեալի՝ սրբութեանն ուղղուած դիմումը՝ իր այլազան դրսեւորումներով: Յատկապէս այս կարգի օրհներգերի կոմպոզիցիային բնորոշ են պաշտող սուբյեկտի եւ պաշտուող օբյեկտի առկայութիւնն ու առնչակցութիւնը: Աղօթքային օրհներգն էլ, ըստ օրհներգողի դիմումի, կարող ենք բաժանել երկու ենթախմբի՝ ապաշխարական-աղերսական եւ փառաբանական-օրհնաբանական:
Ձեւային մակարդակում Մ. Աբեղեանն օրհներգի հիմնական յատկանիշներից համարել «միակերպութիւնը», որը պայմանաւորուած է արծածուող նիւթի միատեսակութեամբ ու գերիշխող գաղափարաբանութեամբ: «Այս միատեսակ նիւթը բնականօրէն միատեսակ ձեւով էլ պիտի արտայայտուէր, որովհետեւ դժուար է նոյն եւ նման բաների մասին նորանոր ձեւերով երգել, նոյիսկ եթէ բանաստեղծները տարբեր են: Հասկանալի է, որ նրանք այդ բազմաթիւ երգերի մէջ նոյն նիւթն ու գաղափարներն անվերջ կերպով պիտի հեղեղէին»(6):
,,,Օրհներգերի միակերպութիւնը պայմանաւորուած է նաեւ այնու, որ դրանք սերուելով սաղմոսներից ու օրհնութիւններից, ունեն այդ սուրբգրային տեքստերից բխած եւ կարծրատիպերի վերածուած համանման արտայայտութիւններ ու պատկերներ: Անշուշտ խոշոր օրհներգուների գործերը շահեկանօրէն առանձնանում են՝ յաճախ ճեղքելով այդ կարծատիպերը...
,,,Օրհներգին ի սկզբանէ բնորոշ են տնային կառուցուածքը եւ կրկնակը (դարձ): Սկզբնական կցուրդ-երգերը, բնականաբար, եղել են խօսքային կազմութեամբ առաւել փոքրածաւալ, պատկերաւորման ու արտայայտչական սահմանափակ միջոցներով, անկանոն տներով եւ ազատ տաղաչափութեամբ: ,,,Այնուհետեւ ճոխանալով՝ նրանք իւրացրել են բանաստեղծական տարբեր չափեր, ակրոստիքոս, հանգաւորում...
,,,Մենք նշեցինք օրհներգի՝ իբրեւ գրական ժանրի, հիմնական յատկանիշներն ու տարատեսակները: ,,,Դրանք, անշուշտ, ունեն իրենց իւրայատկութիւնները նաեւ իբրեւ երաժշտաան ժանր եւ ըստ ձայնեղանակների էլ դասաւորուած են Ձայնքաղ Շարականներում: Մինչդեռ իբրեւ ծիսական- արարողակարգային երգեր, օրհներգերն, ինչպէս ասացինք, արդէն 5-րդ դարում սկսել են խմբաւորուել կարգերի մէջ, որոնցից իւրաքանչիւրը նուիրուած է եկեղեցական մէկ տօնի (Շարակնոցում կան նաեւ կարգերից դուրս գտնուող առանձին երգեր կամ երգաշարքեր): Կարգերն ընդգրկում են ուրոյն կազմութեամբ ութ երգատեսակներ: Անշուշտ, կարգերից շատերում առկայ են միայն դրանցից մի քանիսը:
,,,Անհրաժեշտ է նշել նաեւ մի կարեւոր հանգամանք: Ստեղծուած լինելով հանդերձ եկեղեցական արարողակարգի համար, օրհներգերն ինքնաբաւ գործառոյթով զուտ ծիսական երգեր չեն եղել եւ փակուած չեն մնացել եկեղեցու կամարների տակ: Նրանք ոչ միայն սերուել են ազգային ակունքներից, այլեւ իւրովի անդրադարձրել ժամանակի ազգային կեանքը, հայ մարդու հոգին ու մտածողութիւնը: Ուստի եւ նրանք լայնօրէն տարածուել են թէ՛ ձեռագրական աշխարհում, եթէ՛ ժողովրդի մէջ, մաս կազմել «հասարակաց աղօթքի», իրենց գեղարուեստական ու գաղափարական մեծ ներուժով մասնակցել են ժողովրդի կեանքին, ազգապահպանման, կրօնական ու դաւանաբանական ոգորումներին: Նրանք նաեւ մեծապէս նպաստել են սերունդների բարոյական դաստիարակութեան, հոգեւոր ու մտաւոր կրթութեան գործին: Ինչպէս գրում է Ա. Մադոյեանը. «շարականները, հարիւրաւոր տարիների ընթացքում, բացի գեղագիտական ճաշակից, բարու գեղեցիկի սերմեր են ցանել հայ հոգիներում, դաստիարակել հայրենիքի եւ նախնիների հանդէպ սիրոյ, նուիրուածութեան ու պարտքի զգացում»(7):
,,,Այսպիսով, հայ օրհներգութիւնը ներկայացնում է հայ միջնադարեան երաժշտութեան ու գրականութեան մի չափազանց հարուստ բաժինը եւ, որպէս այդպիսին, մեծ ու բարերար ազդեցութիւն է ունեցել հետագայ ողջ հայ երաժշտա-բանաստեղծական արուեստի վրայ:
ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆԵԱՆ
(Հատուած)
1.- «Հայ ժողովրդի պատմութիւն», հտ. Բ., էջ 620։
2.- Մ. Աբեղեան, «Երկեր» հտ. Գ., էջ 561։
3.- Գ. Յակոբեան, Նշուած աշխատ., էջ 371։
4.- Մ. Աբեղեան, «Երկեր», հտ, Գ. էջ 542, 549, 553։
5.- «Հայ միջնադարեան գրականութեան ժանրեր», էջ 115։ Ա. Աբգարեանը թէ՛ պատմողական եւ թէ՛ աղօթքային խմբերում առանձնացրել է դրանց «դիայոգիկ» ենթախմբերը։
6.- Մ. Աբեղեան, «Երկեր», հտ. Գ. էջ 543։
7.- «Շարական». աշխարհաբառի վերածեցին Արշակ Մադոյեանը, Գէորգ Մադոյեանը, Երեւան, 2001, էջ 11։