ԲԱՌԵՐԻ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

...«Մահուան ողբերում» զգացւում են հին եգիպտացու կարօտը, կեանքում, աշխարհում ապրելու, իրերը տեսնելու եւ զգալու նրա բուռն ցանկութիւնները, դժգոհութիւնը անդրշիրիմեան գոյութիւնից։ Այս վիճակն ուժեղ է արտայայտուած «Երգ հանգուցեալ արքայ Անթեֆի տանից» բանաստեղծութեան մէջ, որտեղ հեղինակը կասկած է յայտնում անդրշիրիմեան կեանքի մասին եւ խորհուրդ է տալիս միւսներին հետեւել սրտի ցանկութիւններին, վայելել կեանքի հաճոյքները, կեանքը չծանրաբեռնել ի զուր հոգսերով։ «Ողբ սիրեցեալի համար» ստեղծագործութեան մէջ աւելի են զարգանում այս տրամադրութիւնները։ Բայց ամէն դէպքում հին եգիպտացին աշխատում է սթափ ու ամբողջական հայեացք ունենալ մարդկային կեանքի նկատմամբ, կեանքը եւ մահը դիտել նրանց միասնութեան մէջ։ «Գովք մահուան» բանաստեղծութեան մէջ բանաստեղծը ձգտում է արդարացնել մահը եւ ցոյց տալ նրա առաւելութիւնները կեանքի նկատմամբ՝ ելնելով անմահութեան եւ բարոյականութեան իր պատկերացումներից։ Այստեղ զգացւում է հեղինակի խոր դժգոհութիւնը աշխարհից եւ կեանքից, իսկ դա հասկանալի է դարձնում նրա հռետորական հարցը՝
Ինչո՞ւ են նրանք ջնջում փառքը անդրշիրիմեան աշխարհի,
երանելի, արդար աշխարհի, ուր վախը տեղ չունի,
աշխարհը հանգստի, ուր ապրողները զզւում են վէճերից,
ուր չկայ թշնամութիւնն ու վախը մերձաւորի։
...Մռայլ, անյուսալի տրամադրութիւնները առանձնապէս ուժեղ են արտայայտուած՝ «Հիասթափուածի վէճը իր հոգու հետ» հանրայայտ ստեղծագործութեան մէջ։ Այդ խորհրդաւոր եւ շատ կողմերով դեռ չբացայայտուած ստեղծագործութիւնը ներկայացնում է մարդու մի կերպար, որը խոր հիասթափութիւն է ապրել կեանքում՝ տեսնելով բարքերի անկումը, երբ «Երկիրը տրուած է հոգով շեղուածներին»։ Բանաստեղծութիւնն ստեղծուել է մօտաւորապէս մ.թ.ա. XX դարում, երբ կենտրոնական իշխանութեան թուլացման պատճառով երկրում տիրում էին քաոսն ու անիշխանութիւնը։ Այդ ամէնից ազատուելու համար «հիասթափուածը» ուզում է մեռնել, քանի որ տուեալ իրադրութիւնում մահը նրան թւում է «ազատում տանջանքի շղթաներից»։ Նա զզուած է ոչ թէ կեանքից ընդհանրապէս, այլ կեանքի այն վիճակից, որի ականատեսն է ինքը։
...Նոր թագաւորութիւնից սկսած, անհատական ինքնագիտակցութեան խորացման շնորհիւ, Հին Եգիպտոսում ստեղծւում է լիրիկական բանաստեղծութիւնը՝ հին եգիպտական պոեզիայի ամենագեղեցիկ եւ ամենակենսունակ ժանրը։
...Մ.թ.ա. XIV դարում հին եգիպտական քանդակագործութիւնը հասնում է մարդկային ձեւերի ներդաշնակութեանը, նրա գեղեցկութեան ընկալմանն ու վերարտադրութեանը։ Օրինակ՝ Էքնաթոնի եւ նրա կնոջ՝ Նեֆերնեֆրուիթեն Նեֆերթիթիի քանդակները, որոնք աչքի են ընկնում իրենց արտակարգ նրբութեամբ, գեղեցկութեամբ ու բանաստեղծականութեամբ։ Պոեզիայում դա նկատւում է աւելի պարզորոշ XIV-XI դդ., ինչպէս նաեւ աւելի ուշ շրջանում, մինչեւ հռոմէական նուաճումները. լիրիկան հասնում է իր զարգացման բարձրագոյն աստիճանին, դառնում եգիպտական պոետների-գրագիրների ամենասիրած ժանրը։ Սիրային բանաստեղծութիւնները թէեւ քանակով մեծ չեն (մօտ 50), բայց առանց այդ բանաստեղծութիւնների հնարաւոր չէ պատկերացնել հին եգիպտական պոեզիայի ամբողջական գծագիրը։ Այդ բանաստեղծութիւնները սիրային լիրիկայի հնագոյն օրինակներն են պատմութեան մէջ, եթէ չհաշուենք Միջագետքի շումերական եւ հին-բաբելոնական նմանօրինակ տեքստերը, բայց որոնք չունեն այն ինքնուրոյնութիւնը եւ, այսպէս ասած, ժանրային կանոնաւորուած սահմանները, որ յատուկ են հին եգիպտական սիրային լիրիկային։
...Հին եգիպտացին «կարծես յոգնելով կարեւոր մտահոգութիւններից» ժամանակ է գտնում արտատպելու իր անձնական ներքին աշխարհը, խորանալու իր ինտիմ զգացմունքների մէջ եւ, մի պահ նահանջելով յաւերժական գաղափարների խստութիւնից, տրւում երկրային «անխոհեմ» ու վաղանցիկ խաղերին: Բայց, ի վերջոյ, պարզւում է, որ այդ անխոհեմ ու վաղանցիկ խաղերը իրենց մէջ ոչ պակաս յաւերժութիւն են պարունակում, քան միւս յաւերժական թեմաներն ու գաղափարները: Մօտ 35 դար առաջ Նեղոսի ափին ապրած պոէտների սիրային անկեղծ ու բուռն խոստովանութիւնները հազարամեակների ընթացքում չեն վերածուել պատմութեան, մինչեւ այժմ էլ պահպանում են կեանքի իրենց ուժգին բաբախիւնը:
Օ՜, իմ Եղբայր, քո կամքը
արդէն կռահել եմ,
սիրտը մի հոգս ունի -
սիրուել սիրեցեալից:
Եւ կամ՝
Սէրը իմ հոգսն է,
Իմ գործն է - սպասել,
սէրը - նա է միայն
սրտիս մէջ արձագանգում:
...«Եղբայր» եւ «Քոյր» բառերը, որոնք տուեալ դէպքում հանդիսանում են «սիրեցեալ» կամ «սիրելի» բառերի հոմանիշներ, արտակարգ ջերմութիւն, նուրբ ու մտերիմ նրբերանգներ են հաղորդում հին եգիպտացիների սիրային բանաստեղծութիւններին, միաժամանակ ցոյց տալիս զգացմունքների ազնուութիւնն ու վեհութիւնը: Այդ բառերն իրենց այդ նշանակութեամբ յաճախ են գործածուել սիրային լիրիկայում, ընդհուպ մինչեւ մեր օրերը (յիշենք Վ. Տէրեանին, Ե. Չարենցին, որոնք սիրած կնոջը յաճախ դիմում էին իբրեւ «քրոջ»): Հին Եգիպտոսում է առաջացել նաեւ, այսպէս կոչուած, սիրային լիրիկայի այն ժանրը, որտեղ նկարագրւում է սիրած աղջկայ տան փակ դռների մօտ կանգնած տղայի հոգեկան տառապանքը (կարող ենք յիշել հին յունական եւ հռոմէական բանաստեղծներին, Նահապետ Քուչակին, որի պոէզիայում դա շատ իւրայատուկ դրսեւորում է ստացել):
...Հին եգիպտացի բանաստեղծները սիրային բանաստեղծութիւնները հիմնականում կառուցում են դիալոգների միջոցով, դիալոգներ, որոնք իրականում «Եղբօր» եւ «Քրոջ» մենախօսութիւններ են, ուր բացայայտւում էին նրանց բուռն զգացմունքները՝ իրենց անկեղծ զգայականութեամբ հանդերձ: ...«Կանացի» պոէզիան, ուր սիրոյ ուժգին խոստովանութիւնները շարադրւում են կնոջ անունից, առաջացել է Հին Եգիպտոսում եւ դարձել հին եգիպտական սիրային լիրիկայի կենտրոնը: ...Բացառուած չէ Աստուածաշնչի յայտնի «Երգ երգոց»ի ներքին առնչութիւնը հին եգիպտական սիրային լիրիկայի հետ:
(Հատուած)